ՍԱՀԱԿ ՈՒՂԿԱՑԻ

Սահակ Բ կաթողիկոսին ձեռագրերում վերագրւում է ինչպէս հինգ, այնպէս էլ եօթ եւ տասը տարուայ գահակալութիւն: Ըստ այդմ՝ նա աթոռակալած է համարւում 534-539 թթ. (Մ. Օրմանեան) կամ 528-538 թթ. (հ. Պ. Անանեան): Նրա անունով Գիրք Թղթոցում պահպանուած է Սահակայ Հայոց կաթողիկոսի եւ մեծի թարգմանչի ընդդէմ երկաբնակաց Նեստորականաց երկը, որը, սակայն, գրուած է Թ դ. Սահակ Մռուտ վարդապետի կողմից: Կարնոյ ժողովի կանոնները գրականութեան մէջ երբեմն վերագրւում են Սահակ Գ Ձորոփորեցուն (677-703 թթ.): Սակայն անհրաժեշտ է նշել, որ կանոններում չկայ որեւէ հանգամանք, որը թոյլ կը տար դրանք համարել Է դ. աւարտի կամ Ը դ. սկզբի գործ: Մասնաւորապէս՝ բացակայում են այդ դարում սովորական քննարկումները միակամութեան (մոնոթելիզմի) թեմաներով, որոնք յատկապէս առօրէական դարձան Բիւզանդիայում Յուստինիանոս Բ կայսեր տիրապետութեան տարիներին (685-695, 706-711 թթ.): Կարնոյ (Թէոդոսուպօլսի) ժողովի արձանագրութեան նախաբանում կայ հետեւեալ՝ թուագրում ենթադրող վկայութիւնը. «… որ ժողովեցան յամենայն քաղաքաց եւ յաշխարհաց Յունաց եւ ի Հոռոմոց եւ ի մեծն Հռովմայ, հրամանաւ մեծի թագաւորին Յուստինեայ, որ նախանձայոյզ եղեալ աւրինացն Աստուծոյ եւ սրբոց առաքելոցն քարոզութեան, ժողով հրամայեաց լինել ի միջասահմանս աշխարհին Հայոց, Վրաց եւ Աղուանից: Որ ժողովեցան բազում եպիսկոպոսք յամենայն քաղաքաց հանդերձ կաթողիկոսաւն Հայոց Սահակաւ: … Եւ ժողովեցան բազում եպիսկոպոսք Վրաց եւ Աղուանից ի քաղաքին Թէոդոսուպաւղիս եւ միաւորեցան ի հաւատս սրբոց առաքելոցն եւ ի կանոնս սուրբ ժողովոյն…»: Է դ. վերջում դժուար է ենթադրել ոչ միայն Հայոց եւ Յունաց համատեղ ժողովը Արաբական խալիֆայութեան եւ Բիւզանդական կայսրութեան սահմանագիծ Կարինում, այլեւ յատկապէս՝ Վրաց եպիսկոպոսների մասնակցութիւնը այդպիսի ժողովին: Ժամանակագրական բոլոր տարբերակներում Սահակ Ուղկացու (կամ Հարքացու) աթոռակալութիւնն ընկնում է Յուստինիանոս Ա կայսեր օրերում (527-565 թթ.):