Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՆԳԵՐ

ՏԱՂ

Փոքր բաներով 
Երջանկութեան մեծ տաղեր իմանալ

Մութ ճամբաներով 
Լապտեր մը տեսնել ու երջանկանալ

Մանր յանգերով 
Կեանք մ՚ամբողջ ապրիլ երգել ու պարել

Հսկա՞յ զանգերով 
Միայն կը կարծեն ժպիտ նկարել

Մինչդեռ ես ու դուն 
Որ չենք կորուսեր պարզութիւնն անյուշ

Նախնական մարդուն 
-Գիտենք աստղերուն տակ նստած - անոյշ

Փոքր բաներով 
Երջանկութեան մեծ տաղեր իմանալ

Մութ ճամբաներով 
Լապտեր մը տեսնել ու երջանկանալ

ԼԱՊՏԵՐՆԵՐՈՒ   ՊԱԼԼԱՏԸ

Մութ գիշերներու մէջ, լոյսի նըշան՝

Լապտերներ  կ՚օժտեն  երկինքն  անբընակ,

Իրենց  ճոխութեամբ պերճանքով  լըման,

Կը  շինեն  շողի  խուրձ  մը  բոլորակ։

Առկախ  երկաթեայ  ձողէ  մ՚ոսկեման,

Ապակեայ փոշոտ  կոներ՝  իրենց  թագ,

Մառախուղի  շերտ  մ՚իրենց  պատմուճան՝

Ահա՛ կը  մարին վառին  շարունակ։

Երգելէն կ’անցնի հովն ամէն վայրկեան,

Թեւին  տակն՝  ուրիշ  լոյսերէ  նամակ,

Վե՛րը գմբէթին  հազար  աստղեր  կան, -

Խայտաբղէտ  անհուն  մը  լուսաքանդակ,

Հազար  լապտերի  աշխարհ  հրաշազան, -

Լապտերներ՝  չքնաղ  ու  կաթնասպիտակ,

Մանըր  լապտերներ՝  գեղով  մ՚աննըման,

Ահա՛ կը  մարին վառին  շարունակ։

Դեռ կ՚առկայծի այդ լոյս-լեռնաշղթան,

Երբ  խօլ  ցնծատօն  մ՚այտերուն  լաւակն՝

Ըլլան  գիշերներ ուր  մե՜ծ  լուսընկան,

Փառայեղ  մուտքովը  երկնավըտակ,

Դանդաղ՝  կ՚ընթանայ  իր  փառքի  ճամբան,

Քայլ  քայլ  հիացում  սփռելէն  համակ,

Ու  զենիթին՝  իր  ցոլքերն  օրհնաբան

Ահա՛ կը  մարին վառին  շարունակ։

E N V O I

Մենք կ՚ապրինք մեր կեանքը ճըրագ ճըրագ,

Աստղ  աստղ՝  հոս  ու  հոն  նետուած  ցի՜ր  ու  ցան,

Օտար՝  իրարու՝   լքուած միայնակ,

Երբեմն՝  երբ  անցնի  հովն  եղբայրութեան,

Սէր-լուսընկային  աչքերն  անուշակ

Ահա՛ կը  մարին վառի՜ն  գոհունակ։

ԵՐԳ ՃՐԱԳՆԵՐՈՒ   ՎՐԱՅ

Կէս-մութ  - ճըրագներ մէկ մէկ կը վառին
Գիշերանց վառող լոյսեր յաղթական
Գիշեր. - ադամանդ կ՚իյնայ քաղաքին
Ո՜ մէկ մէկ վառող լոյսեր գիշերուան։

Ու բարակ ըստուեր մը թողած մայթին՝ 
Միայնակ մարդիկ ման կու գան խոհուն
(Չորս դիէն՜ մըռայլ երգեր կը կաթին)
Կը նային տարտամ մութ փողոցներուն։

Վերըստին խոկալ կը  սկսին հեռուն 
Նոր նոր ճըրագներ մէկ մէկ կ՚աւելնան
Առանձին մարդիկ կան փողոցներուն
Կը կարդան լուտանք՝ զազիր մենութեան։

Կէս-մութ. - ճըրագներ մէկ  մէկ  կը վառին 
Հըպարտ վեր ցցուած պատըշգամներուն. -
Կան, որոնք կարօտն  ունին  ճըրագին
Որ ցոլք կը թափէ տան մ՚անդամներուն։

Ո՜   մէկ մէկ վառոդ լոյսեր գիշերուան

ՄԵՌԵԱԼ  ՊԱՐ

Դեղին  լուսին  մը  դեղնած՝  դեղին  լուսնի  մը  նըման
Կան  դամբաններ  լուռ  ու  մունջ՝  դամբաններու  լռութեամբ
Չորս  դին  միջոցն  ընդարձակ  միջոցներուն  անսահման
Քարերէն  վեր  կը  ցցուին  ցից  ցից  քարեր  -  Ամպեր՝  ամպ... ։

Արի՛, -  երազն  Է՝  կ՚անցնի  կարկաչներով  մանկունակ, -
Ի՜նչ  գեղեցիկ  Է  զարթնուլ  պահ  մը նիրհել  վերստին
է՜ երբ  արթուն  կը  դիտես որ  հեշտ  քայլեր՝  թըխորակ 
Անոյշ  աղջիկն՝  իր  գաղտնի  ժամադրութեան  կը  տանին։

Յետոյ...  լուսի՛նը  կրկին՝  դեղին  լուսնի  մը  նըման
Ու  դամբաններ  լուռ  ու  մունջ՝  դամբաններու  լըռութեամբ
Չորս  դին  միջոցն  ընդարձակ  միջոցներուն  անսահման
ՔարերԷն  վեր  ալ  ցցուած՝  ցից  ցից  քարեր. -  Ամպեր՝  ամպ... ։

ՌՕՆՏՕ   ԳԱՐՆԱՆ   ՎՐԱՅ

Կաքաւ  կաքաւ  կաքաւիկ 
Լայնշի  լուսնակ  լար  մահիկ 
Պարող  պարիկ  պարով  պար 
Զեփիւռ  բարբառ  լոյս  բարբառ 
Ցօղ  ցօղ  այգուն  խոնաւիկ 
Շող  շող  արփին  խամաճիկ 
Բարունակէ  բարունակ 
Երազ  տաղ  տաղ  մանկունակ 
Շորիկ  շորիկ  խատուտիկ 
Շոգ  շոգ  երկինք  կապուտիկ 
Մազիդ  շիւղ  շիւղ  մանուշակ 
Աղուոր  աղջիկ  անուշակ 
Մարգին  մարմանդ  պար  արտին 
Գառին  եզան  պարարտին 
Շող  շող  արփին  խամաճիկ 
Կաքաւ  կաքաւ  կաքաւիկ

ՍԻՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Սեւ  հագնիմ 
Ամպ  հագնիմ  անձրեւ  հագնիմ 
Ցաւը  սրտիկս  է  այրեր 
Աշնան  չոր  տերեւ  հագնիմ

Հուր  ժողվեմ 
Իմ  սիրածէս  լուր  ժողվեմ 
Հուրը  գողնան  ու  երթան 
Ես  նստիմ  փրփուր  ժողվեմ

Լուռ  քալեմ 
Ցաւը  սրտիս  ծուռ  քալեմ 
Երբ  հանդիպիմ  սիրածիս 
Ալ  հարց  չտամ  ուր  քալեմ

Լոյս  իյնայ 
Աչքերուն  թող  յոյս  իյնայ 
Այդ  աչքերովն  երբ  նայի 
Նայուածքը  հոգւոյս  իյնայ

 

Հով ըլլամ 
Հովուն  պէս գինով ըլլամ

Սիրտս  զարնէ  խենդի  պէս 
Երբ  սիրածիս  քով  ըլլամ

Տօն  ըլլայ  Իմ

սիրածս  հոն  ըլլայ 
Ծաղիկը  շուտ  կը  թոռմի 
Սիրածս  կոկոն  ըլլայ

   Գինի տամ 
Մարդ չտեսնէ գաղտնի տամ 
Վարդ այտերը կարմրնան 
Համբուրեմ երանի տամ

Տուն  մտնեմ

Տան  սեմէն  ժպտուն  մտնեմ 
Գըլուխս  դնեմ  ուսին 
Ու  երջանիկ  քուն  մտնեմ

 

Երազիս 
Աստղ  մը  գայ  նստի  սազիս 
Ես  այդ  սազով  տաղ  ըսեմ 
Աստղերը  թող  լսեն  զիս

 

          Եար  ըսեմ

Սիրածիս  գոհար  ըսեմ 
Թէ  մեռնիմ  լայ  ետեւէս 
Ողջննամ  մի  լար  ըսեմ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ
ՊԵՏՐՈՍ   ԴՈՒՐԵԱՆԻ   ՈՒ   ԿԵԱՆՔԻ   ՄԱՍԻՆ

Լուսին  գիշերով  Կը  դեգերինք  կծկուած  մեր  պատեաններուն  մէջ  Երազները  թեւ  կ՚առնեն - խոյս կու տան պատեանէն դուրս - կը

գունատին 
Ներսը տրտունջք մը կը մնայ մեզի

            Արիւնած ափերով 
Կը մագլցինք կեանքն ի վեր 
Միշտ տխուր հրաժեշտ մը գլանիկի պէս կախուած մեր շրթներէն 
Մնաս բարով մը՝ տակաւին չապրուած  սէրերուն

Ու հարց կու տանք - ինչու լացիր, ինչու կու լանք

 

ԵԻԳԻՏ   ՎԱՐՊԵՏ   ՄԵԾ   ԿՈՄԻՏԱՍ

Քեզ տաղ ասեմ - դու տաղերու 
Դու բաղերու դու շաղերու 
Սիրտս այրող այդ խաղերու 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Քեզմով խօսէր մեր քամանջան 
Քեզմով պարէր հարսն ու տղան 
Քեզմով ծաղկէր բաղն ու բաղջան 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Երգեմ քեզմով գովքը երգի 
Քեզմով հիւսեմ փառքը բերքի 
Դուն ականջ տուր իմ այս վէրքի 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Սրտիս կապեր փետուր կռունկի 
Աստանդական եկեր ծունկի 
Վիշտ կը ծխեմ փոխան խունկի 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Պար կը պարեմ պար չի լինիր 
Եար կը սիրեմ եար չի լինիր 
Կարօտս ասեմ բառ չի լինիր 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Ես եմ Զահրատ Իսթանպուլցի 
Ազգատակով Ղարաբաղցի 
Տխուր էի դարտս լացի 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

ՆԺԱՐ

Որ կըշիռներ ունիս մահու չափ անարդար յայտնութեամբ
Անբովանդակ արգահատանքն ունիս հըպարտ օրհասին 
Որ կը բերկրիս եթէ օրհնէնքն ու գովասանքը կասին
Ըստգըտանքիդ անագորոյն յուդայաշունչ մատնութեամբ

Արբշիռ կանչի աղաղակի առհաւական ողբերէն 
Անութներուդ կերատ կերատ հազիւ դոյզն ինչ քիրտն արիւն 
Կը թաւալիս կը ծաւալիս հնգանկիւնէ հնգանկիւն 
Մինչեւ որ գոյ տարածութեան ոսկի համարը բերեն

Որ լաչակիդ անհըպելի փաղաքշանքով թանձրիմաստ 
Նենգութեան լոյծ պարիսպներուն վերեւ կ՚իջնես ինքնակալ
Պարփակելու երկրաւորին ըստուերանիստ ծաղրն ու սաստ

Երբ սըլացքներ կան հընարին ամեն չափէ գերիվեր 
Կ’արժէ՞  կ՚ըսես  եւկղիդէսեան  ճշգրըտութեան  վրայ  խոկալ 
Ահագնօրէն  ենթադրական  անջրպետէն  մըթաստուեր