Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱԽԱՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

ՆԱԽԱԲԱՆ

Սիրելի ընթերցողներ

Այս բոլորը ձեզի համար կը գրեմ

Իսկ ես

Թէ ինչեր կը փսփսամ

Տասնըվեց

Տարեկան

Սիրականիս ականջն ի վար

Պիտի չգիտնաք - պիտի չգիտնաք

ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏ

Ճամբայ բացէք - կտրիճս կու գայ - հէյ

Կիկոն է - տօնական զգեստ է հագեր -

Մահիկ ասեղ

Ասուպ դերձան է առեր

ամենօրեայ լաթերուն

երազ երազ կարկտան 
լուսին  կոճակ Է կարեր

Բոլորը մէկ արեւներով արդուկեր

Տիկիններ - Օրիորդներ - Պարոններ 
Ճամբայ բացէք - կտրիճս կու գայ - հէյ

ՆԱԽԱՏՕՆԱԿ

-  Մինչդեռ հոգիս կը վերածնի իւրաքանչիւր սիրոյ հետ

Որքան տխուր է գիտնալ

              թէ սէրերն ալ

թէ սէրերն ալ կը մոխրանան ակամայ

Որքան դժուար է գիտնալ

ու - չսիրել - չսիրել -

- Մինչդեռ հոգիս կը վերածնի իւրաքանչիւր սիրոյ հետ -

ՆԱԽԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ

Պատին վրայ մահազդներ կան փակցուած 
Մէկը կու գայ -  մեռնողներուն  կը նայի

               Իր անունը կը փնտռէ

ՆԱԽԱՅԱՐՁԱԿ

Իրաւ է թէ ակնթարթի մը չափ իսկ

տարբերութիւն չկար - բայց

Իմ մենութեան պահերուս 
Ես կը սիրեմ դեռ խորհիլ

Թէ այդ գիշեր երբ շատոնց 
Մարեր էին լոյսերը մեծ քաղաքին

Նախ դո՞ւն էիր թէ նախ ես

Իր շրթները անուշօրէն երկարող -

Իրաւ է թէ ակնթարթի մը չափ իսկ

տարբերութիւն չկար բայց -

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԻՒՆ

Գնաց շիշ մը յուսախաբութիւն բերաւ
Լեցուց գաւաթ գաւաթ - բաժնեց 
Խմեցին իրարու կենաց

ու մեռան

ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄ

Ըսենք որ ճամբան ծիրանի գօտիին հանդիպեցաք 
Տակէ՞ն պիտի անցնիք թէ ցատքէք վրայէն 
Թէ ոչ ամենայն քաղաքավարութեամբ 
Պիտի խոնարհիք ու բարեւէք

Ձեր բարեւը ըսենք որ չառաւ 
Ի՞նչ պիտի ընէք -

-   Կամ լուսինն ի վեր պիտի յօրանջէք չորս անգամ

-   Կամ երթաք նոճիի մը տակ միզէք

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Բառեր կ’որսամ

ու բառերը տեղն ու տեղօք կը շարեմ

Գոյականներ կ’որսամ - ածականներ կ՚որսամ 
ածականները գոյականները  կ’ուտեն

Ես իմ կայտառ բայերս կ’ափսոսամ 
- կը մնան առանց ենթակայի

Եթէ գոյականներ ունիք աւելորդ 
Բերէք - լաւ գինով կ’առնեմ

ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄ

-  Պիտի  -  ըսաւ  -  պիտի  -  երգեց  -  պիտի  -  բուսաւ  լեզուին  վրայ 
Ժամանակը  հնձեց  բոլոր  պիտիներն  արմատէն 
Ինչպէս  եղաւ  -  մէկ  հատը  մոռցաւ

Գիտեմ  -  այդ  մէկ  հատը  պիտի  ուռճանար 
Եւ  նունուֆար  մը  պիտի  բանար  ամէն  լեզուի  վրայ

               անթառամ  -  չքնաղ  -  մշտալոյս

ՎԵՐՋԱԲԱՆ

Լուսամուտէն  Սատանան  ներս  կը  նայի 
եւ  հրեշտակներ  կը  պարեն  սենեակին  մէջ 
Մինչ  Տէր  ել  Տիկին  Այսինչ  Այնինչեան

               դռնէն կը մտնեն

Ազնիւ Տիկինը կը հանէ վերարկուն 
ու կամաց կամաց կը հանուի յուլօրէն 
Ազնիւ Պարոնին եւ Սատանային

               բերնին  ջուրերը  կը վազեն

Բարի հրեշտակներ - զուր կը ցատկռտէք -

Արդէն Սատանան 
Պարոն Այնինչեանին փորիկն է մտեր

Տէր եւ Տիկին Այսինչ Այնինչեան

               Գիշեր բարի ձեզ