Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՅՏԱԳԻՐ ՆՈՐԻԿԻ

ՆՈՐԻԿԻ   ԾՆՈՒՆԴԸ

Հակառակ սովին

հակառակ ջարդին ու պատերազմին

հակառակ պետական փլանատրման

օր մըն ալ

Երկրի բնակչութիւնը պիտի յորդի

պիտի յորդի դէպի անջրպետ

ու երբ որ յորդի

յորդի  անջրպետ 
հակառակ պետական փլանաւորման 
հակառակ ջարդին ու պատերազմին 
հակառակ սովին

Նորիկ պիտի ծնի

ԱՊԱՀՈՎ

Հեռու

               երկրի խառնիճաղանճէն

ուր ամէն հաշիւ

               կը լղրճի

տարակոյսի հաշիշով

                         Նորիկ

կորերն  ի  վեր  ճշգրտօրէն  ճշդուած

կը ճախրէ

անսայթաք

կը ճախրէ

ապահով -

Հեռու

ՕՏԱՐ

Մեզմէ մէկը հոն

Երբ անեզրութեան դուռը կը

զարնէ մեր ողբերն այնքան կը պզտիկնան հոս

որ չ’արժեր երգել

ԾԻՐ

ծիր ծիր

կը շրջի Նորիկ

մենք

- մենք ալ -

կը քալենք քովն ի վեր

մեր հին թիլերը

գաղտնօրէն

սեղմած մեր կուրծքին

ԱՆԾԱՆՕԹ

- PALIMPSEST֊

Եթէ այս 
Ներամփոփ 
Երգերը լռեն

(ու պիտի լռեն) 
Եթէ մոռցուին

(պիտի մոռցուին

ու մեր ձայները

պիտի թափին դուրս

- դէպի անջրպետ -) 
Պիտի արձագանգեն

(պիտի արձագանգեն) 
հազարաձայն - ետ -

բայց վերադարձին 
պիտի մեզ չճանչնան

 

ՊՏՈՅՏ

Գիշեր  մըն  ալ  Նորիկ 
երբ  ման  գայ  ծիր  կաթինն  ի  վեր  կայծկլտուն  պիտի  Երկիրը  նշմարէ  հեռուէն

Եւ  անոր  կիսաշող  լոյսին  տակ  աղօտ

պիտի  չըմբռնէ  թէ  քերթող  մըն  է  ապրեր  ատենօք  -ապրեր  փոխանակ  աստղերուն  նայելու

նայեր  ինքն  իր  մէջ

ԼՈՅՍԻ   ԽԱՂ

Արբանեակներու եռուզեռին քով

մշտնջենական 
Երթեւեկին քով մոլորակներու

պաղ ու անայլայլ

միգամածներ կան -
անոնք կը կքին իրենց դարաւոր

իմաստութեան տակ 
ու կը փշրուին անձայն անշշուկ -

Նորիկ անոնք կան կը կարծէ հեռուանց

                  -  կ՚երթայ  որ  չկան

 

ԱՌԱՆՁՆՈՒԹԻՒՆ

Ուղղաձիգ 
հետեւաբար  մէկը  միւսին  զուգահեռ

լուսայեռ

երկու  գիծ 
կ՚երկարին  դէպի  անհուն 
որպէսզի  հոն  -  հեռուն

շատ  հեռուն  -
կարօտէ  մը  վերջ  անսկիզբ  անվերջ

վերջապէս  հասնին

դպչին  իրարու

մինչդեռ Նորիկ 
իր ծիրին վրայ հորիզոնական

կը ճախրէ անփոյթ 
մէկ ուղղաձիգէն միւս ուղղաձիգին 
ու կը զարմանայ թէ ինչու անոնք

կա գան անհունէն

կ՚երկարին անհուն

ՁԵՐԲԱԶԱՏ

Մարդ մարդու 
յարաբերութիւնն երբ դադրի 
- երբ մարդու եւ մարդու միջեւ

               մտնէ մեքենան

                         Նորիկ 
իր  բոլոր  բարդոյթները  կը  փաթթէ

հրթիռի  մը  վրայ  սէգ

կ՚արձակէ  դէպի  երկինք 
դէպի  մխիթարութիւն

ՎԵՐԱԴԱՐՁ

Պարապ  էր  ափը  երբ  սեղմեց  ամուր

     -  աւելի  ամուր  -սեղմեց  - 
Երբ  տակաւ  կ՚անջատուէր  Երկրէն

Հեղ  մ’ալ  բացաւ  որ  ափին  մէջը  ի՞նչ  -
Ցորենի  հասկ  մը  -  տակաւին  կանանչ 

               կարծես  նորածիլ

ԾՈՒԼՈՒԹԻՒՆ

Երբ - մեր տեղ -

յայտագրուած երիզներ կը խորհին

մեզի համար

Փիչոն փիսիկը

որ մեքենայ գործածել չի գիտեր

պիտի խորհի

մեր  ծոյլ ուղեղներէն աւելի լաւ

աւելի շատ

ու հարիւր հնարք պիտի հնարէ 
ինքնապաշտպանութեան համար 
մեքենային դէմ

ԳՈՌ

Նորիկ մարդու ձայն ուզեց իմանալ 
կոճակը դարձուց 
- խօսակից չկար

ինքնիրեն խօսիլ փորձեց - չկրցաւ -
բառերը իմաստ փոխեր էին նախ 
ու յետոյ  մեռեր

Նորիկ նոր բառեր շինեց ըստ իրեն

կոխեց կոճակին -

իր ձայնը այդքան գոռ է - չէր գիտեր

ՆՈՐԻԿԻՆ ԿԻՆԸ

Նորիկին կինը աննիւթ ճառագայթ 
Խուրձ ըլլալ - անշեղ սլանալու է

Նորիկին կինը սլաք անսխալ

Չափ ըլլալ - անթարթ յայտագրելու է

Նորիկին կինը ռումբի կաղապար

Հիւլէ  փշրելու

Նէօթրօն տաշելու 
Մագնիսական իր դաշտին մէջ ծփուն 
Ոյժ ըլլալ - քիչ քիչ ճարճատելու է

Նորիկին կինը սաղմի պահարան

             Իգանալու  է

ՍԵՐԵՆԱՏԻ  ՊէՍ

Անջրպետին  մէջ 
Նորիկ  աստղեր  տեսաւ  երկարած  պարապին

Եղբայրօրէն 
Եղբայրութեան  համար

մտերմօրէն

               մտերմութեան  համար

Նորիկ  անցաւ  զգոյշ  անոնց  առջեւէն

ու  գնաց  պոչի  մտաւ 
աչքերը  երկարած  դէպի  անջրպետ

-  մոռցած  թէ  ինչու  -

ՆՈՐԻԿ   ՄԵՌԱՒ

Թէ մինչեւ ար պէտք է որ քալէր

Նորիկ գիտէր 
Սակայն քայլ մըն ալ աւելի անդին

նետեց ու մեռաւ

Ոչ ինք ոչ ալ մենք 
Այնտեղ հասնելու պատրաստ չէինք դեռ

ՀՈՂԻ   ՄԱՍԻՆ

Հող չէր եւ թէ հող պիտի չդառնար

Ան պիտի հալէր անջրպետին մէջ 
Պիտի իր լոյսը կաթէր մեր վրայ 
Արեւուն շողին հետ ընդելուզուած

Հող չէր եւ թէ հող պիտի չդառնար