ՍՈՒՐԲ ՇՈՒՇԱՆԻԿԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Վարքագրական այս յուշարձանը նկատելի չափով առանձնանում է հայոց միջնադարեան սրբախօսական միւս երկերից, ինչը պայմանաւորուած է նախ Շուշանիկի՝ ս. Վարդան Մամիկոնեանի դուստր եւ Գուգարաց բդեշխ Աշուշայի հարս լինելու պարագայով։ Շուշանիկի կենաց ու նահատակութեան պատմութիւնը, փաստօրէն, Վարդանանց պատերազմը եւ շուրջ երեք տասնամեակ անց Վահանանց ելոյթի միջակայքում մեզանում տեղի ունեցած քաղաքական անցուդարձերի գրական-պատմական անդրադարձն է՝ Եղիշէի վէպի շարունակութիւնը՝ վարքագրութեան կանոնականութեան պահանջած օրէնքներով շարադրուած։ 

Առանձնացումի յաջորդ պարագան կապուած է յուշարձանի գրութեան ժամանակի, հեղինակային պատկանելութեան եւ խմբագրական բազմաշերտ մշակումների հետ։ Ս. Վարդանի դուստրը կամաւոր նահատակութիւն է ստանձնում հաւատուրաց ամուսնուց ազատուելու եւ Մամիկոնեան տան նուիրական աւանդներին հարազատ մնալու դրդումով։ Փարպեցու տեղեկութեամբ դաւադիր Վազգէնը մահուան է դատապարտուել Պերոզ արքայի 25-րդ տարում (457+25=482 թ. Այս իրողութիւնը անծանօթ է Վկայաբանութեան բնագրին, հետեւաբար այն գրուել-խմբագրուել է մինչ այդ։ Գիտենք, որ Վազգէնը Տիզբոն է գնացել եւ կրօնափոխ եղել Պերոզի 8-րդ տարում (467 թ. ), որին հետեւել է Շուշանիկի բանտարգելութեան վեց տարին, իսկ եօթերորդ տարուայ մուտքին սրբուհին կնքել է իր մահկանացուն (իմա՛ 475 Քաղոց ամսի 17-ին)։ Ուրեմն, Վկայաբանութիւնը գրուած պիտի լինի 475-482 թթ. միջեւ ընկած եօթ տարիների միջոցին։ Հետեւաբար Կորիւնի երկից յետոյ Շուշանիկի Վկայաբանութիւնը բաւական ստոյգ թուագրուող Ե դ. երկրորդ յուշարձանն է։ 

475-482 թթ. գրուած նախնական այդ Վկայաբանութիւնը հիմք է ծառայել հայկական երկու ընդարձակ անանուն խմբագրութիւնների եւ Անդրէաս կրօնաւորի . Շուշանիկի խոստովանահօր) ու Յակոբ երէցի (նոյն դերակատարումով՝ ըստ վրացական պատումի) գրական մշակումների համար։ Նրանց յարասումով Ահարոն Վանանդեցին Ժ դ. առաջին տասնամեակներին կազմել է նորամշակ մէկ այլ խմբագրութիւն, որին ծանօթ են եղել Ուխտանէսն ու Գրիգոր Խլաթեցին։ 

Հայկական ընդարձակ տարբերակից է սերում յայսմաւուրքային համառօտ խմբագրութիւնը, որը պահպանուել է նաեւ վաղ միջնադարում վրացերէն կատարուած թարգմանութեամբ։ Այլեւս պարզ է՝ խմբագրութիւնների ու տարբերակների բազմաստիճանակութեամբ եւս Սուրբ Շուշանիկի Վկայաբանութիւնը առանձնայատուկ խնդիրներ յարուցող յուշարձան է։ Մոռանալու չէ, թէ Շուշանիկը Հայոց եւ Վրաց եկեղեցիների միասնութեան շրջանում ճանաչուած սրբուհի է, որի պաշտամունքը Է դ. եկեղեցական բաժանումից յետոյ պիտի ազգայնացուէր տեղական պահանջմունքին համապատասխան, ուստի հայկական մշակումները շեշտադրում են Մամիկոնեան տոհմականութիւնը, նահատակութեամբ մէկ նոր Հռիփսիմէ ներկայանալը, հայրենաբաղձ կեցուածքը, իսկ վրացերէնը գերադասում է պատմականացման տանող դրուագների ու ազգագրական նկարագիր հաղորդող մանրամասների կշռոյթը։ Եւ, այնուամենայնիւ, հիմք ունենք եզրակացնելու, թէ հայկական տարբերակը նախնական ներկայանալու բաւական կռուաններ ունի. խօսքը միայն վրացերէն ընդարձակ բնագրում առկայ հայկաբանութիւններին չի վերաբերում։ Քննութիւնից պարզւում է, որ «Ցուրտաւայ եկեղեցւոյ հայալեզու իշխանութիւնը» իրեն պարտաւորուած պիտի զգար պահպանել Շուշանիկի վկայարանում կատարուող հայալեզու ժամասացութիւնը, որ Կիւրոն կաթողիկոսի պահանջով Է դ. արշալոյսին դարձել էր երկլեզու՝ հայերէն եւ վրացերէն։ Ս. Շուշանիկի յիշատակի օրը սահմանուած էր մինչ այդ, եւ ընթերցուելիքն էլ, բնականաբար, պիտի լինէր հայերէն։

Սուրբ Շուշանիկի Վկայաբանութեան հայերէն բնագրի անդրանիկ հրապարակումն ու քննութիւնը կատարել է վաստակաշատ հ. Ղ. Ալիշանը, ապա նաեւ Կ. Կեկելիձէն, Պ. Պետերսը, Ի. Աբուլաձէն եւ ուրիշներ։ Վկայաբանութեան բոլոր խմբագրութիւններն ու տարբերակները համատեղուած ու քննութեամբ ներկայացուած են Սուրբ Շուշանիկի Վկայաբանութիւնը գրքում։ 

Պարոյր Մուրադեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Լիակատար մատենագիտութիւնը տե՛ս Պ. Մ. Մուրադեան, Սուրբ Շուշանիկի վկայաբանութիւնը, Բնագրեր եւ հետազօտութիւն, Երեւան, 1996, էջ 209-216։ 

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՒ ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

A   ՄՄ ձեռ. թիւ 941, ժամանակ՝ 1689 թ.

B Ֆրանսիայի Ազգային գրադարանի (Փարիզ) հայերէն ձեռ. թիւ 178, ժամանակ՝ ԺԲ դար

C Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքի մատենադարանի ձեռ. թիւ , ժամանակ՝ 1418 թ.