Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Տեսէք քոյր, եղբայր եւ մայր,
զի այսօր սուգ եղեր ինձի,
Այնչափ բորբոք կայ սրտիս,
մինչ ի մահս ոչ շիջանի:

Էրէկ ես ուրախ էի,
միթէ տէր էի աշխարհիս,
Այսօր հանց տրտում պատեց,
որ մեռեալ տեսի զիմ որդիս:

Րոտեալ եմ մեղօք իլի,
առաւել քան զծօվն աւազի,
Վասն բազմութեան մեղացս`
զիմ որդոյս մեռելն տեսի:

Ա՛յ իմ վարդագոյն որդի,
փայլէիր իբրեւ հայելի,
Այսօր դեղնագոյն եղար,
մի՞թէ ցաւդ է խիստ աւելի:

Սրտիդ միջի խոցն ասա,
ճար անեմ, որ խիստ չաւելի,
Վախեմ թէ ձեռացս ելնես,
զիս թողուս մենակ, անորդի:

Տես զիմ արտասուս աչիցս,
որ չկայ քեզ նման որդի,
Ես այլ կու գամ հետ քեզի
կու մտնում ի գերեզմանի:

Ո՛վ արեւ նման որդի,
լուսափայլ որպէս զօհալի,
Ամէն լոյս առաւօտու
ծագէիր ի մէջ աշխարհի:

Հիւանդ որ զքեզ տեսայ,
խենթացայ ի մէջ ամէնի,
Երբ որ զքեզ այդպէս տեսայ,
թալկացայ, զխելքս թռուցի:

Ա՛յ իմ իմաստուն որդի,
դու նման ես Սողոմոնի,
Այսօր խելքունքդ է գացէր,
չեմ գիտեր վասն ինչ պատճառի:

Ծովածուփ աչերդ քո,
սրատես իբրեւ զաղաւնի,
Այսօր հանցեղ մթացեր,
որ բնաւ իսկի չի հայիր:

Ա՛յ իմ մէկ հատիկ որդի,
դուն էիր ինձ յիշատակի,
Որդեա՛կ, չի մնացիր ինձի,
զիս թողիր անյիշատակի:

Տարակոյսն զիս պատեց,
թէ որ ո՞ւմն ասեմ ես որդի,
Այլոց ոչ ասեմ որդի,
կամ ո՞վ տայ զիւր որդին ինձի:

Ո՞ւր գտնեմ նման քեզի,
որ չկայ քեզ նման իսկի,
Դու ես իմ հոգոյս հոգին,
ես քեզ կաթամբ սնուցի:

՚Ւ ա~յ է այսօր իմ անձինս,
որ մեռաւ սիրական որդիս,
Ես այլ կու մեռնիմ այժմոյս,
չեմ կենար յայս սուտ աշխարհիս:

Րամից դրացեաց միջի
պակսեցաւ իմ նազլու որդիս,
Երբ որ ես դռնակս բանամ,
ո՞ւմ ասեմ, թէ եկ իմ որդի:

Իմ դռնակս ո՛չ բանամ,
այլ չելնեմ յարեւ աշխարհի,
Իմ տունս ինձ զնտան լինի,
ես ի մէջ որպէս զգերի:

Էրբ զիմ նորատունկ այգին
քակտեցին ՚ւ արին խոպանի,
Փլուցին հոգոյս տնակն
ու առին զիմ հոգոյս հոգին:

Էրգս մաղթանօք հայցեմ,
Մարիամ սուրբ Աստուածածին,
Զիմ որդեակս քեզ յանձին,
զի դու մայր ես Աստուած Որդոյն: