Վասն որ ի Սուրբ Երուսաղէմ եկեղեցւոյ շինուածք…

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ԱՌԱՋԱԲԱՆ

       Ը. դարի սկզբի անանուն հեղինակի «Վասն որ ի սուրբն Երուսաղէմ եկեղեցւոյ շինուածք՝ թուով եւ հիմնադրելով » վերտառութեամբ գրութիւնը պահպանուել է միայն Ժ. դարի վերջի պատմիչ Մովսէս Դասխուրանցու (ուշ ձեռագրերում եւ գրականութեան մէջ կոչուած նաեւ Կաղանկատուացի ) Պատմութիւն Աղուանից երկում (գիրք Բ, գլուխ ԾԱ ): Դա մի փոքրածաւալ երկ է Երուսաղէմ քաղաքի ու նրա շրջակայքի սուրբ վայրերից գլխաւորների մասին: Բովանդակութեան քննութիւնից երեւում է, որ երկն, ըստ ամենայնի, ամբողջական է, թէպէտ հնարաւոր չէ մինչեւ վերջ պարզել նրա ստեղծման հանգամանքները։ Պարզ է միայն, որ Մովսէս Դասխուրանցին այն յայտնաբերել է Աղուանից կաթողիկոսարանում իր ձեռքի տակ գտնուած մի ժողովածոյում, որում հաւաքուած էին զանազան նիւթեր, ինչպէս որ այլ դէպքերում ունենք միջնադարեան տարբեր հոգեւոր կենտրոններում ստեղծուած տոհմամատեան-ժողովածոներում՝ քեօթուկներում :

       Մենք ունենք վաղ միջնադարեան եւս մի գրութիւն, որտեղ բաւական հանգամանալից ներկայացուած են Երուսաղէմի վանքերն ու եկեղեցիները, ճիշտ է՝ միայն հայկական: Դա Անաստաս վարդապետ Յերապոլսեցու կազմած «Վասն վանորէից Հայոց, որ ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ» փոքրածաւալ երկն է, որի մի տարբերակից քաղուածաբար օգտու ել է նաեւ Մովսէս Դասխուրանցին՝ շարադրելով իր Պատմութիւն Աղուանիցի Բ. գրքի յաջորդ (վերջին) գլուխը (ԾԲ): Հնարաւոր է ենթադրել, որ Ժ. դարի վերջի պատմիչի օգտագործած ժողովածոյում եւս վերջինս եւ մեր Անանունի գրուածքը գտնուել են կողք կողքի։ Այդ դէպքում, գուցէ, տեղին է նաեւ ընդունել այն վարկածը, թէ այդ երկուսը միեւնոյն ծագումն ունեն՝ եթէ ոչ հեղինակի, ապա գոնէ ստեղծման հանգամանքների իմաստով։

       Ըստ այդմ, թէ՛ Անաստաս վարդապետի, թէ՛ Անանունի ցուցակների գրառումն աւելի հաւանական է կապել 703 թ. իրագործուած Սահակ Ձորոփորեցի կաթողիկոսի (677/8-703 թթ. դէպի Ասորիք ուղեւորութեան նախապատրաստական աշխատանքների հետ, երբ կազմակերպիչները գիտակ վարդապետներին խնդրել են ինչ-ինչ տեղեկանք-ուղեցոյցներ կազմել մեկնողների համար։ Եւ այդպիսով կարելի է դրանք թուագրել 700-ական թթ. սկզբներով: Նշուած աշխատանքների մասին առաւել մանրամասն պատմող Ղեւոնդ վարդապետի եւ Շապուհ Բագրատունու տեղեկութիւններից երեւում է, որ Դամասկոսում արաբ խալիփային այցելելուց յետոյ ծերունազարդ կաթողիկոսի խմբի ուղեւորութիւնը նախատեսուած էր հասցնել մինչեւ Երուսաղէմ, թէպէտ վեհափառի վաղաժամ մահուան պատճառով դա յաջողուեց անել միայն նրա ուղեկիցներից ոմանց։

       Շապուհ Բագրատունու անունով յայտնի Պատմութեան մի պահպանուած կտորում այս ուղեւորութեան առիթով յիշատակւում է Վահան Կամսարական (պահպանուած միակ ձեռագրում՝ Կամեսական ) իշխանի անունը, որը դժուար չէ ենթադրաբար զուգադրել Անաստաս վարդապետի գրութեան պատուիրատու Համազասպ Կամսարականի (ըստ առանձին պահպանուած տարբերակի ) եւ Վահան Մամիկոնեանի (ըստ Մովսէս Դասխուրանցու Բ. ծբ գլխի վերնագրում պահպանուած տարբերակի ) անունների հետ։ Թէպէտ հնարաւոր է նաեւ առաւել մեծ հաւանականութեամբ ենթադրել, որ Սահակ Ձորոփորեցու ուղեւորութեանը մասնակցել են ե՛ւ Կամսարական, ե՛ւ Մամիկոնեան իշխանները։ Ընդ որում, նրանցից իւրաքանչիւրի մօտ կարող էր լինել Անաստաս Յերապոլսեցի վարդապետի երկի (կամ կազմած փաթեթի ) սեփական եւ անուանական օրինակը. այս դէպքում կարող ենք ենթադրել, որ եթէ «Վասն վանորէից Հայոց, որ ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ » երկի՝ մեզ հասած ընդարձակ տարբերակը յանգում է իրօք Համազասպ Կամսարականի «պատուիրած » օրինակին, ապա Մովսէս Դասխուրանցու օգտագործած բնագիրը յանգում է իրօք Վահան Մամիկոնեանի «պատուիրածին»։

       Անանունի փոքրածաւալ երկն, ըստ Հ. Ն. Ակինեանի եւ միւս հետազօտողների՝ հաւաստի եւ աղբիւրագիտական որոշակի արժէք ներկայացնող տեղեկութիւններ է շարադրում Սուրբ երկրի մասին։

       Պատմութիւն Աղուանից-ի գրչագրերի երկու խմբերի (a ձեռագիր եւ bclrv ձեռագրեր՝ bl եւ crv ենթախմբերով ) օգտագործմամբ կազմուած Անանունի գրութեան քննական բնագիրը մեծ հաւանականութեամբ պատկերացում է տալիս նրա ութերորդդարեան վիճակի մասին։ Ստորեւ ներկայացուած բնագրի տողատակերում հաշուի չեն առնուած Մովսէս Դասխուրանցու Պատմութիւն Աղուանից-ի երկու տասնեակից աւելի մնացեալ գրչագրերի տարընթերցումները, քանի որ դրանք հաստատապէս արտագրուել են վերը նշուած վեց ձեռագրերից որեւէ մէկից եւ չեն կարող օգտակար համարուել հեղինակի ինքնագրի վերականգնման հարցում։ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան մատենադարանի թիւ 1485 ձեռագրի (v) ընթերցումները, ցաւօք, չենք կարողացել համեմատել տեխնիկական պատճառներով: Բնագրի տողատման եւ կէտադրման խնդրում էապէս օգտուել ենք Պատմութիւն Աղուանից-ի համեմատական հրատարակութեան հեղինակ Վարագ Առաքելեանի կատարած աշխատանքից։

       ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

        1. Ն. Ադոնց, Քննութիւն Մովսէս Կաղանկատուացու, աշխատասիրել, ծանօթագրել եւ ներածութիւնը գրել է Պ. Յովհաննիսեանը, Վաղարշապատ-Ս. Էջմիածին, 2005
       2. Հ. Ն. Ակինեան, Մովսէս Դասխուրանցի (կոչուած Կաղանկատուացի ) եւ իր Պատմութիւն Աղուանից , Վիեննա, 1970
       3. Մ. եպս. Աղաւնունի, Միաբանք եւ այցելուք հայ Երուսաղէմի , Երուսաղէմ, 1929
       4. Մ. եպս. Աղաւնունի , Հայկական հին վանքեր եւ եկեղեցիներ Սուրբ Երկրին մէջ. Ուսումնասիրութիւններ , Երուսաղէմ, 1931
       5. Անաստաս վարդապետ Յերապոլսեցի, Վասն վանորէից, որ ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ, առաջաբանը եւ քննական բնագիրը Պ. Չոբանեանի, - «Մատենագիրք Հայոց », Ե. հատոր, Է. դար, Անթիլիաս, 2005, էջ 1271-1279
       6. Կ. Ղահրամանեան, Մովսէս Կաղանկատուացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի » երկի աղբիւրները, Երեւան, 1974
       7. Ղեւոնդ վարդապետ, Պատմաբանութիւն, առաջաբանը եւ քննական բնագիրը Գ. Տէր-Վարդանեանի, - «Մատենագիրք Հայոց », Զ հատոր, Ը. դար, Անթիլիաս, 2007, էջ 709-851
       8. Ա. Շ. Մնացականեան, Աղուանից աշխարհի գրականութեան հարցերի շուրջը, Երեւան, 1966
       9. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը եւ ներածութիւնը Վ. Առաքելեանի , Երեւան, 1983
       10. Ա. Յակոբեան, Մովսէս Կաղանկատուացու «Աղուանից պատմութեան » ձեռագրերը, - «Բանբեր Մատենադարանի », թիւ 15, Երեւան, 1986
       11. Ա. Յակոբեան, Աղուանից իշխանների ժամանակագրութիւնը Է. դարի վերջին - Ը. դարի սկզբին, - «Հանդէս ամսօրեայ », ՃԺԸ. տարի , Վիեննա-Երեւան, 2004
       12. Պատմութիւն Շապհոյ Բագրատունւոյ, ի լոյս ածին Գ. Տէր-Մկրտչեան եւ Մեսրոպ եպիսկոպոս , Վաղարշապատ, 1921
       13. Պ. Ա. Չոբանեան, Անաստաս վարդապետի կազմած Երուսաղէմի հայկական վանքերի Ցուցակի ժամանակի հարցի շուրջ, - «Պատմա-բանասիրական հանդէս », Երեւան, 2001, թիւ 1
       14. Հ. Ս. Սւազեան, Մովսէս Կաղանկատուացու «Աղուանից պատմութեան » աղբիւրները, - «Պատմա-բանասիրական հանդէս », Երեւան, 1972, թիւ 2
       15. Ը. Ը. ԸՍՏտˇվ. ԸսոՈվՌˇ-ԸսցՈվՍ Չ չՐպՍՏ-սՈՑՌվրՍՌւ Ռ ՊՐպՉվպՈՐՎˇվրՍՌւ ՌրՑՏփվՌՍՈւ . ժՐպՉՈվ, 1987
       16. The History of the Caucasian Albanians by Movsռs Dasxuranci . Translated by C. J. F. Dowsett. London, 1961
       17. A. K. Sanjian. Anastas Vardapet’s List of Armenian Monasteries in sevent-century Jerusalem. A critical Examination. - ìLe Musռonî, LXXXII, 3-4, Bruxelles, 1969
      
       ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ

       a - ՄՄ ձեռ. թիւ 1531, ժամանակը՝ 1289 թ.
       b - ՄՄ ձեռ. թիւ 1725, ժամանակը՝ 1675 թ.
       c - ՄՄ ձեռ. թիւ 2561, ժամանակը՝ 1664 թ.
       l - Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի Ս. Պետերբուրգի բաժանմունքի գրադարանի հայերէն ձեռագրերի հաւաքածոյ, թիւ C 59, ժամանակը՝ 1678 թ.
       r - Բրիտանական թանգարանի թիւ Or 5261, ժամանակը՝ ԺԷ դ.