Տարեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բարսեղ եւ Հովհաննես Արճիշեցիները XVI դարի առաջին կեսի հեղինակներ են, որոնք ժամանակակից են եղել այդ շրջանում տեղի ունեցող պարսկա-օսմանական կռիվներին եւ իրենց ապրածը, տեսածն ու լսածը գրի են առել սրտաշարժ նկարագրություններով։ Ալիշանն ըստ երեւույթին ձեռքի տակ չունենալով վերջիններիս աշխատությունները, միայն հիշում է նրանց անունները, որոնք «... վեշտասաներորդ դարու սկիզբէն ի Շահ-Իսմայէլէ սկսեալ պարսից նոր թագաւորաց գործերը եւ օսմանեաց հետ ըրած կռիւները գրած ենե։ Իսկ Խաչիկ վ. Դադյանի ձեռագրերի ցուցակում հիշվում է Բարսեղ Արճիշեցու տարեգրությունը, որը գտնվելիս է եղել Փիրղալեմյանի անտիպ աշխատություններից մեկի մեջ։

Բարսեղ Արճիշեցու առաջարկվող աշխատությունը, որը տարեգրություն չէ բառիս նեղ իմաստով, այլ չորս տարվա ասպատակությունների բավական մանրամասն պատմություն, սկսվում է 1501 թ. Սեֆյան դինաստիայի հիմնադիր շահ Իսմայիլի եւ Ակ-Կոյունլու թուրքմենական ցեղի վերջին ներկայացուցիչներից մեկի՝ Ալվանդի (Էլվենդ) կռիվների հիշատակությամբ։ Այնուհետեւ նկարագրվում է հետագա մի քանի տարիների ընթացքում Վասպուրականում, Տուրուբերանում եւ այլ վայրերում տեղի ունեցած կռիվների, ավերումների, թալանի, կամայականությունների, սպանությունների մի սրտաճմլիկ պատմություն, որը վերջանում է 1504 թ. Տարոնի քրդերի Արճեշ կատարած արշավանքի եւ այլ տեղեկությունների վկայությամբ։

Սակայն տարեգրության վերջին եզրը թողնում է բնագրի թերի լինելու տպավորություն։ Այդ տպավորությունը ստացել է նաեւ Փիրղալեմյանը, որը տարեգրության ընդօրինակությունը վերջացնելուց հետո գրում է. «Ուրիշ թուղթ չկայր եւս թուի թէ թերի մնաց բանս Բարսեղ քահանայ տարեգրին Արճիշեցւոյե։

Բարսեղ Արճիշեցու տեղեկությունները, մասամբ որպես ականատեսի վկայություններ, հավաստի են եւ շատ արժեքավոր։ Փակագծերի մեջ առած բնագրի ուղղումները կամ լրացումները պատկանում են Փիրղալեմյանին։