Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Եւ որպէս ի վերդ ի թղթոջ մահտեսի Գրիգորեանցն և մահտեսի Փիլիպպոսին ասացաւ վասն Կարմիր վանից առաջնորդ Յակոբ վարդապետին, թէ եկեալ էր ի խնդրել վասն վանիցն զկոնդակ ժողովարարութեան, ետ նմա սրբազանն զԿոնդակ Ընդհանրական ժողովարարութեան՝ սակս աւերման վանիցն, և տուգանատուութեանցն, և անկանելոյն ի ներքոյ պարտուց, և այժմոյս ամայի իսկ մնալոյն: Զի որպէս ի փետրվարի ԺԷ ասացաւ, մինչ աւերեցեալ էր ի շարժմանէ պարիսպն և կաթուղիկէն, յետ այնորիկ կամեցեալ էին ի ձեռն Միւսալիմին և շեխացն Կարնոյ՝ շինել զպարիսպն, և նոքա մանաւանդ թէ՝ Միւսալիմ Ֆայատ օղլի Խալիլ փաշայն, հրամայեալ էին անյապաղ շինել՝ որ և շինեալ էին, թողլով զկաթուղիկէն, զի յարքունուստ ֆարման բերեալ շինեսցեն: Եւ յետ աւուրց, Կարսայ Ալի փաշայն հրամանաւ թագաւորին անդ գնացեալ նստաւ փաշայ. (որ և յետոյ սարասկեար եղև ): Իբրև իմացեալ զշինումն պարսպի վանից չափազանց տուգանս էր առեալ: Ապա տեսեալ նոցա՝ թէ այլ ո՛չ կարեն նստիլ ի վանսն, քարամբք խցեալ էին զդրունս պարսպին, և ինքեանք գնացեալ նստեալ էին ի հին գիւղն: Զի ո՛չ միայն փաշայն, այլ՝ և այլ գլխաւորք և բռունք օրըստօրէ զրպարտելով զնոսա վասն այնր, առեալ էին բազմիցս, և առնուին դեռ ևս զբազում տուգանք ի նոցունց: Վասնորոյ՝ զվանքն ամայի թողեալ՝ գնացեալ էին անտի ի բաց, և հազիւ ապա զերծեալք ի վտանգէն: Ուստի՝ զայսոսիկ ի կարճոյ գրեաց սրբազան վեհն ի կոնդակոջն, յորդորելով զամենեսին ի յառատ տուրս ի շինումն վանիցն: Թուղթ ևս առ Պօլսոյ պատրիարք Զաքարիա վարդապետն և առ իշխանսն գրեաց, վասն սորա յատկապէս յանձնարարութիւնս, որպէս զի՝ ի խմանս ունիցին, առատ տրօք օգնեսցեն, և ջանասցեն վասն վերստին շինութեան վանիցն: Որպէս զի՝ թէ վասն կաթուղիկէն շինմանն չկարիցեն զֆարման հանել, գոնէ՝ վասն պարսպին հանեսցեն . զի մի՛ այլևս լիցի խօսօղ և տուգանս առնօղ, զի կարիցեն միաբանքն վստահ լինիլ այնու, բանալ զդուռն վանիցն, և համարձակ և աներկիւղ նստել անդ, և շէն պահել: Եւ յորդորումն բազում առ այս, իմանալ յինքենէ իսկ զորպիսութիւնսն, և յամենայն կողմանէ խնամ տանիլ: Ել և Յակոբ վարդապետն ընդ Եսայուն և թղթաշինին, որք Դ թղթով ի վերոյ յիշ՛եցան: Թուղթ ևս ի Կարս առ Գէորգն գրեցաւ, բաց յայնմանէ որ ի ձեռն թղթաշինին, միամտութիւն վասն հասանելոյ առ մեզ դրամոյն՝ զոր յամսոյս ԺԷ թուանկչիքն մեր գնացին ի բերել՝ և բերին: (որպէս և ի վերդ ի թղթոջ մահտեսի Փիլիպպոսին և մահտեսի Առաքելին ևս ասացաւ ): Եւ որպէս ասացաւ յամսոյս ԻԴ, որովհետև Կարսայ փաշայի մարդիկն եկեալ էին աստ առնուլ զբրինձ, և սա զյանձնարարութիւնս էր գրեալ վասն նոցա առ սրբազան վեհն առ ի հոգ տանել տալ այնմ, առնուլ տալ և յղել: Բայց այժմ վասն սաստկութեան ձմռան, տինկքն պաղեցեալք էին, և շատ բրինձ ո՛չ գոյր ծեծեալ. եղեալն ևս էր հասարակ, և ո՛չ լաւ, մանաւանդ՝ սակաւ գտանիւր, և այն ևս յայլ և այլ տեղիս, զորս մեր մարդիկքն մեր բեռնակրօքն աստի և անտի ժողովեալ աստ բերէին: Մանաւանդ թէ՝ առնօղքն ևս եկեալ էին շատք ի Կարնոյ՝ ուղտիւք, և յամենայն գեօղս նստեալք՝ ժողովէին և առնուին: Ուստի սակաւ գտանեցեալն ևս թանկացուցեալ էին շատ առնօղքն: Վասնորոյ՝ ծանոյց սմա ամենայն, զի ծանիցեն թէ՝ սակաւ գտանի, և մեք ժողովեմք տաժանմամբ: Զի և հարցանողացն ասասցէ զսոյնս: Եւ որպէս ի յայն թղթոջն որ ընդ ֆռանկին, յայս թղթոջս ևս գրեաց առ սա յանձնարարութիւնս վասն Կարմիր վանից առաջնորդ Յակոբ վարդապետին՝ (որ ի վերդ յիշեցաւ ) շահել ըստ արժանւոյն, և ընդ հաւատարիմ գնացողաց ուղևորել: Ելին ի միասին Յակոբ վարդապետն, թղթաշէն Բէյսօնն և Եսային Թիֆլիզեցի, զորոց ելմանէն ասացաւ ևս Դ թղթով ի վերոյ ի յունվար ԻԹ: Եւ զայս թուղթս Թիֆլիզեցի Եսայուն տուաք, տանիլ տալ Գէորգին: