Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վրացի Բաբաբէկն՝ որ էր իշխօղ Բամբկաձորու, զկնի ոմն մի մեր ազգէ պահէր առ ինքն. զի կինն յառնէն զզուեալ, գնացեալ նստեալ էր ի տան նորա, և նա առ ինքն ընկալեալ զնա, իբրև զհարճ պահէր: Զոր չկամելով Արքային Հերակլայ՝ մանաւանդ որդւոյ նորին Գեօրկին Միրզային, հարկէին զնա թողուլ՝ և զմեծազգի կին առնուլ ի Վրաց, քանզի և կինն մեռեալ էր: Իսկ նա յամառռալ չթողոյր: Եւ այր նորին անճարակ մնացեալ, բողոքեաց առ սրբազան վեհն : Եւ սրբազանն հրամայեաց նմա առնուլ զայլ կին. զի դիցուկ ասէ թէ՝ նա ուրացեալ կորեաւ: Եւ այն էառ զայլ կին: Իսկ այժմ, (յետ անցանելոյ քանեաց ամաց, յորս արքայն և որդին իւր զԲաբաբէկն արկեալ էին յաչաց իբրու՝ այսր աղագաւ ), տարեալ զնա որդի Արքային ի Թիֆլիզ, կամէր տալ նմա ա՛յլ կին, և մարդ յղեալ անտի, զկինն զայն հրամայեալ էր հանել ի տանէ նորին, և բերել առ սրբազան վեհն: Եւ զթուղթ ևս էր գրեալ առ սրբազան վեհն, զի զոր ինչ կամիցի, այնպէս հրամայեսցէ վասն կնոջն ըստ մեր օրինաց: Զորս և բերին իսկ: Վասնորոյ զթուղթ գրեաց առ նա սրբազան վեհն, այսինքն՝ առ որդի Արքային Գեօրկին Միրզայն, յոյժ շնորհակալ լինելով և օրհնելով զնա այսր աղագաւ: Զոր ընդ բերողացն կնոջն յղեցաք ի յապրիլ ԻԴ: