Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ասորիների կրօնը
       Վանի վիլայէթի ասորիների մեծագոյն մասը հաւատարիմ է մնացել իւր ազգային եկեղեցուն եւ միայն մի աննշան մասն է ընդունել կաթոլիկութիւն եւ բողոքականութիւն։
       Ասորիներն իրենց ազգային եկեղեցին կոչում են արեւելեան, իսկ օտարները՝ նեստորական։
       Աւանդութեան ասելով սրանք քրիստոնէութիւն ընդունել են Պետրոս առաքեալի աշակերտ Մար-Ադայից եւ Մար-Մարից։ Պետրոս (Սիմոն ) առաքեալը, որ նախ Անտիոքի պատրիարք է եղել եւ Սիրիայում քրիստոնէութիւն քարոզել, այս ասորիների մէջ այն աստիճանի մեծ ազդեցութիւն է ունեցել, որ սկզբից մինչեւ այժմ այս եկեղեցու գլուխ պատրիարքը կրում է մար շիմոն, այսինքն տէր, սուրբ Սիմոն կոչումը։
       Հինգերորդ դարում ասորիներին ընդունել են Կոստանդնուպոլսի պատրիարք Նեստորի վարդապետութիւնը, այս պատճառով էլ այժմ սրանց կոչում են նեստորական։ Շուտով այս եկեղեցու մէջ եւս պառակտումն է ընկել Եւտիքիոսի վարդապետութեան շնորհիւ , որի քարոզիչ Յակոբ Բարադայի անունով կազմուել է Յակոբեան եկեղեցին։
       VIII դարում Ս. Մարոնը Սիրիայի Լիւանում քարոզել է միաբնութականների վարդապետութիւնը, որի անունով եւ՛ նրա հետեւողները կոչւում են մարոնականներ։
       Միջին դարերում կաթոլիկ եկեղեցին չորս դար շարունակ աշխատել է միացնել ասորիներին կաթոլիկ եկեղեցու հետ, սակայն միայն 1445 թ. Սիրիայի մարոնականները միաբանել են, ընդունելով կաթոլիկութեան գլխաւոր դաւանանքները, սակայն պահել են սիրիական լեզուն եւ ծէսերը, իսկ 1636 թ. Կղէմէս XII պապի ժամանակ վերակոչուել Լիվանի կաթոլիկներ։
       Նոյնպիսի յաջողութեամբ կաթոլիկ եկեղեցին գործել է նաեւ Միջագետքի նեստորականների մէջ, որոնք XVI դարի կիսից անջատուել են իրենց ազգային եկեղեցուց եւ կազմել քաղդէական կաթոլիկ եկեղեցին։
       Յակոբեանների մէջ կաթոլիկութիւնը չի կարողացել մուտք գործել մինչեւ XIX դարը, սակայն սրա երեսնական թուականներին կազմուել սիրիական-կաթոլիկ եկեղեցին։
       Մօտաւորապէս նոյն միջոցին սկսուել է քարոզուել նեստորականների եւ յակոբեանների մէջ բողոքականութիւնը, իսկ նոյն XIX դարի վերջին Պարսկաստանի նեստորականների մէջ մեծ յաջողութեամբ հիմնուեց ռուս-պրավասլաւ եկեղեցին։
       Պէտք է նկատել ընդհանրապէս՝ որ այս, տարբեր կրօններին պատկանող ասորիները կիսակիրթ լինելով , ո՛չ միայն չեն միանում միմեանց հետ ազգային գաղափարով, այլ եւ միմեանց սաստիկ ատում են եւ օտար համարում։