Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Քաղաքական եւ հասարակական կազմակերպութիւն
       Վասպուրականի ասորիները բաժանւում են երկու մեծ խմբի, ազատ լեռնականներ եւ ռայա-ստրուկներ։ Առաջիններն ապրում են Հաքեարի լեռնային մասում, իսկ երկրորդները նոյն շրջանի դաշտային եւ մասամբ Վանի շրջանում։ Առաջինները պահպանել են իրենց անկախութիւնը, եւ ազգային , ինքնուրոյն կազմակերպութիւնը, իսկ երկրորդները զրկուած իրենց ինքնուրոյն կազմակերպութիւնից, ստրկացած են բէկերի ձեռքում եւ կամ միանգամայն ենթարկուած տաճկական իշխանութեան։
       Լեռնականները կազմում են քաղաքական եւ կրօնական տեսակէտից մի միութիւն, ունենալով իրենց ներկայացուցիչը յանձին մարշըմոնի, որ համարւում է սրանց թէ՛ կրօնական եւ թէ քաղաքական պետը, ենթարկուած տաճկաց սուլթանի գերիշխանութեան։ Ասորական այս միութիւնը դեռ մինչեւ այժմ էլ գրեթէ անկախ, ներքին, ինքնուրոյն կազմակերպութիւն ունի՝ ստորաբաժանուելով մի քանի տոհմի, որոնք կառավարւում են իրենց տոհմային մելիքներով եւ ղեկավարւում տոհմային սովորութիւններով։ Տոհմերն էլ ստորաբաժանւում են օջախների կամ կաբիլաների, որոնցից իւրաքանչիւրը բաղկացած է մի քանի ազգակից գերդաստաններից, որոնցից աւագագոյնը եւ կամ հզօրը վարում է տանուտիրոջ պաշտօնը։
       Իբրեւ միութիւն ասորիներն ունեն մի ընդհանուր տերրիտորիա՝ Քոչանէս, Մեծ ու Փոքր Թիար, Թխում, Բազ, Ջիլու եւ Ըշտազ, ուր բացի իրենցից հազիւ 5% քրդեր են բնակւում, որոնք, սակայն, մեծապէս ազդուած են սրանցից, գիտեն սրանց լեզուն, եւ ենթարկւում են ասորի մելիքներին։
       Բացի ընդհանուր տերրիտորիայից , սրանք պահպանել են իրենց լեզուն, ազգային եկեղեցին, ազգային որոշ սովորութիւններ եւ տրադիցիաներ։ Միութեան գլուխ համարւում է մարշըմոնը, որ թէ՛ կրօնական եւ թէ քաղաքական պետ է համարւում։ Սա՛ է լուծում կրօնական հարցերը, տնօրինում եկեղեցական գործերը, որոշում ամուսնական խնդիրները, կատարում եպիսկոպոսների ձեռնադրութիւն եւ աստիճաններ տալիս։ Սա՛ է հաւաքում տաճիկ կառավարութեան հասանելիք հարկերն ու յանձնում նրան, մի որեւէ ազգային ապստամբութեան կամ ինքնապաշտպանութեան միջոցին, ինչպիսին եղել է Բադիր-խան-բէյի ժամանակ, սա՛ է ասորի կամաւորների գլուխ անցնում եւ ղեկավարում կռիւները, բանակցում եւ դաշն կապում։ Սա՛ է հաստատում ասորի մելիքներին եւ նրանց պաշտօնանկ անում, դատում քրէական յանցանքները։
       Առաջին մարշըմոն եղել է Մար Մարին, որին յաջորդել են Աբրէէս, Աբրահամ, Յակոբ եւ ուրիշներ՝ ընտրութեամբ , XV դարում այս աթոռը վերապահուել է Մոմմա տոհմին եւ մինչեւ 1889 թիւը մարշըմոններ ընտրուել են այս տոհմի Հորմէս գերդաստանից, իսկ այնուհետեւ մինչեւ այժմ՝ այդ գերդաստան ընդհատման պատճառով՝ Շահմիր գերդաստանից։ Սովորաբար մարշըմոնի եղբօրորդիներից ընտրելագոյնը ընտրւում է վարելու հօրեղբօր գերագոյն պաշտօնը։
       Այս մարշըմոնների առաջին աթոռը հաստատուել է Կտեզիֆօնում (Բաղդադից հարաւ, Տիգրիսի վրայ ), ապա Մուսուլում՝ յատկապէս Ալկոշ գիւղում (Մուսուլից հիւսիս արեւելք ) եւ XVII դարի երկրորդ կիսից Հաքեարի սանջակի Ջուլամերկի կազայի Քոչաննէս գիւղում։
       Մարշըմոնից յետոյ առաջին տեղը գրաւում է սէյմանա դըմարշիմօն (մարշըմոնի տեղակալ ), որ միտրապօլիտի տիտղոսն է կրում եւ բնակւում է Գեաւառի Նէօչիա գիւղի մօտի Դեր վանքում։ Սրանք եւս ընտրւում են միեւնոյն Մար Խնանիշու (Քրիստոսի փառք ) գերդաստանից միշտ եղբօր որդին յաջորդելով իւր հօրեղբորը։ Մետրապօլիսը համարւում է մարշըմոնի տեղակալը եւ նրա երկարատեւ հիւանդութեան եւ կամ թեմից բացակայած միջոցում փոխարինում է նրան։ Նա մեծ դեր է խաղում մարչըմոնի ընտրութեան եւ մանաւանդ օծման ժամանակ, նա է բազմեցնում ընտրեալին մարշըմոնի գահը, օծում է եւ տալով հայրապետական գաւազան օղջունում է նրան եկեղեցու եւ հօտի կողմից։ Այսպիսով մետրապօլիտը, ասորիների բացատրութեամբ, դառնում է մարշըմոնի համար այն, ինչ որ Յովհաննէս Կարապետը Յիսուս Քրիստոսի ։
       Մետրապօլիտին ենթարկւում են եպիսկոպոսները, որոնց ժողովուրդը կոչում է աբունա (մեր հայր ), որոնք կուսակրօն են։ Սրանք եւս ընտրւում են նշանաւոր գերդաստաններից եւ յաճախ սերնդական են։ Ամբողջ Տաճկաստանում կան միայն չորս եպիսկոպոս։
       Եպիսկոպոսներին ենթարկւում են քահանաները (կաշա ), որոնք ամուսնացած են լինում եւ սերունդէ սերունդ յաջորդում։ Սրանք ընտրւում են համայնքից եւ ձեռնադրւում եպիսկոպոսից։
       Հոգեւորականութեան պահպանութեան համար տղամարդիկ մէկ եւ կանայք կէս ղուրուշ տուրք եւ տասանորդ (մուասսէրէ ) են վճարում բոլոր ցանքսերից՝ հացահատիկներից եւ բանջարեղէնից։
       Բարձրագոյն հոգեւորականութեան պահպանութեան համար հաւաքւում է րիշվէյտէ տարեկան տուրք, որ տեղական հոգեւորականութեան տրուող տուրքին հաւասար է, նրան է պատկանում նաեւ ոճրագործերի վրայ դրուած տուգանքները։ Երբ մարշըմոնն այցելութեան է ելնում իւր հօտին՝ ամեն գիւղ պարտաւոր է թէ խաչհամբոյր եւ թէ գառ, ոչխար նուէր տալ։
       Լեռնական կիսանկախ ասորիները բաժանւում են հետեւեալ եօթ աշիրէթների կամ տոհմերի՝ Վերին Թիարի, Ներքին Թիարի, Թխումի, Թալի, Բազի, Ջիլուի . Զարանի, բ. Զէէրի ) եւ Դէզի. Իւրաքանչիւր տոհմ կենտրոնացած է մի որոշ երկրի վրայ, որ կրում է տոհմի անունը, կամում է մի քանի գիւղ, ունի ընդհանուր արօտատեղի, ձմերանոց, անտառ, եւ վարելահող, վերջինս արդէն ընդհանուր սեպհականութիւնիցանցել է մասնաւոր սեպհականութեան։ Իւրաքանչիւր սերունդ ունի ինքնուրոյն, անկախ կառավարութիւն իւր ներքին գործերի վերաբերմամբ, իւր զօրապետ-դատաւոր՝ մելիքը, իւր եկեղեցին ու քահանաները։
       Իւրաքանչիւր տոհմ իբր նուիրական սրբութիւն համարում է իւր հիմնադիր նախահոր գերեզմանը, նրանով երդւում եւ յաճախ իւր հասարակական ժողովներ նրա շուրջը գումարում։
       Իւրաքանչիւր տոհմ ունի իւր առանձին գերեզմանատունը, ուր բերւում, թաղւում են նոյն տոհմի եւ այն անդամները, որոնք օտարութեան մէջ են մեռնում։
       Իւրաքանչիւր տոհմի մելիքը ընտրւում է մի որոշ հին եւ զօրեղ գերդաստանի անդամներից։ Իսկապէս այս ընտրութիւնը կատարւում է միայն ձեւապէս, մելիքի մահուան պատճառով հաւաքուած ամբոխը իւր հաւանութիւնն է տալիս սովորաբար մելիքի աւագ որդուն, երբեմն էլ եղբօրը եւ սա մի ընծայով ներկայանում է մարշըմոնին եւ նրանից մի խալաթ ստանալով հաստատւում մելիքական պաշտօնի մէջ։
       Մելիքը կարգ է պահում երկրի մէջ, կամաւորների գլուխն անցած պաշտպանում է իւր տոհմը շրջակայ ասորի միւս տոհմերի եւ քրդերի յարձակումներից եւ կամ ինքը յաձակումներ գործում, ստանում է տանուտէրերից նրանց հաւաքած հարկերը եւ տանում յանձնում մարշըմոնին, վարում քաղաքացիական դատերը, իսկ քրէականների վերաբերմամբ դիմում մարշըմոնին։
       Տոհմերը բաժանւում են սերունդների կամ օջախների եւ կամ կաբիլաների։ Այս Վերին Թիարի տոհմը բաժանուած է հինգ սերնդի՝ Բենիմաթա Լաքիփա, Ռունթա Ղալայաթա եւ Բիալաթա։ Աերքին Թիարը 6 սերնդի՝ Բինեմաթա (Լիզան գիւղում Լագիպտոս (Աշութա գիւղում Սալարաք, Բիրաուլէ, Մինանիշ եւ Զաւիթա համանում գիւղերում։
       Իւրաքանչիւր սերունդ համարում է իրեն միեւնոյն նախահօրից սերած, տիրապետում է միեւնոյն հողաբաժնին , ունի ընդհանուր գերեզմանատուն եւ ներքին գործերը վարում է հասարակական կամ ծերերի ժողովներով, որին նախագահում է տանուտէրը։
       Սովորաբար տանուտէրը ընտրւում է նշանաւոր, հին եւ զօրեղ գերդաստանից եւ հաստատւում նոյն տոհմի, մելիքից, որից միանգամայն կախուած է մնում։ Սա է գանձում հարկերը եւ յանձնում մելիքին, սա է հաւաքում կամաւորներ եւ առաջնորդում մելիքի մոտ՝ կռուի գնալու, սա է վարում դատերը, ծանր յանցքների համար դիմելով մէլիքին։