Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Զգեստ եւ զարդ
       Ասորիների զգեստներն ու զարդերը հայկականից կամ քրդականից շաի չի տարբերւում։
       Տղամարդիկ հագնում են շապիկ, վարտիկ, շալուար, իշլիկ եւ գեառիկ։ Սրանցից միմիայն գեառիկն է, որ տարբերւում է հայերի զգեստներից։ Գեառիկը շատ նման է քեզախիկին , միայն բոլորովին թեւեր չունի եւ պատրաստւում է թաղիքից, եւ քեզախիկի պէս բրդոտ չէ։ Հարուստների գեառիկի մէջքը եւ կուրծքը երբեմն պատած է լինում կլապիտոնի ասեղնագործ նշխերով։
       Գեառիկ հագնում են նաեւ քրդերը եւ հայերը՝ միայն Հաքեարի շրջանում։
       Այս կողմերի ասորիներին առանձնայատուկ է թաղիքից պատրաստած սպիտակ, կոնաձեւ, բարձր գլխարկը, որ միանգամայն յիշեցնում է Ասորեստանի բարձրաքանդակների մէջ քանդակուած գլխարկները եւ որը նախատիպ կարող է համարուիլ հայկական վեղարին։
       Առանձնայատուկ է նաեւ այն, որ բոլոր աշիրէթ, տոհմ, կազմող ասորիները, թէ՛ երիտասարդները եւ թէ հասակաւորները, կրում են փոքրիկ, ծուռ դաշոյն, խրելով իրենց գօտու մէջ, երախակալը դէպի ձախ ձեռքը դարձրած եւ ոչ դէպի աջ՝ ինչպէս ընդունուած է հայերի եւ քրդերի մէջ։
       Ասորիները մասնաւորապէս, եւ այս քարքարոտ եւ ժայռոտ երկրի բոլոր բնակիչներն ընդհանրապէս, ոտներին գուլպայի վրայից հագնում են ռաշիկ, որ պատրաստում են հէնց իրենք, բրդից։ Այս ագանելիքի առաւելութիւնը նրանումն է կայանում, որ չափազանց փափուկ լինելով, քարքարոտ տեղերում նեղութիւն չի պատճառում եւ ժայռերի վրայից չի սահում։ Սա միանգամայն նման է հայկական տրեխին։
       Այս կողմերի ասորիների մի առանձնայատկութիւնն էլ այն է, որ տղամարդիկ էլ գլխի մազերը չեն կտրում եւ երկու կամ երեք հիւս արած կախ են ձգում։ Մօրուս միայն քահանաներն ու ծերունիներն են թողնում։
       Տօներին սիրում են գունաւոր փետուրներով եւ ծաղիկներով զարդարել իրենց գլխարկները։ Նոյնը անում են եւ՛ կանայք, խրելով փետուրներն ու ծաղիկները իրենց գլխի փաթաթանների մէջ։
       Կանայք հագնում են զբուն, որ միանգամայն նման է հայկական զբունին եւ վերայից յունական կուրտկա, կլապիտոններով զարդարուած։ Չքաւոր կանայք կուրտկայի փոխարէն հագնում են գեառիկ, որ նման է տղամարդկանց գեառիկին։
       Գլխներին աղջիկները դնում են ֆաս, շուրջը կապում եազմա, եւ ճակատը զարդարում դրամներով։ Քոչանիսում կրթուած աղջիկները, ինչպէս օրինակ մարշըմոնի քոյրը եւ ուրիշները, միայն ֆաս են ծածկում։
       Կանայք միայն եազմա են կապում, իսկ ոմանք, մոկացի հայերի նման, մարգարիտներով զարդարուած կոտ են ծածկում։ Բերանը շորով ծածկելու սովորութիւնը սրանց մէջ չկայ։
       Թէ աղջիկները եւ թէ կանայք գլխի մազերը մանր հիւսեր են անում եւ մէջքի վրայ ձգում։
       Պէտք է նկատել, որ Քոչանիսի ասորի կանայք արդէն թողել են իրենց տեղական շորերը եւ դրանց փոխարէն դայրա են հագնում, գլխներին եազմա կապում, իսկ աղջիկները միմիայն ֆաս ծածկում։
       Հոգեւորականութիւնը քահանայից սկսած մինչեւ մարշըմոնը իւր զգեստի տարազով չի տարբերւում աշխարհականից, երբեմն միայն եպիսկոպոսներն ու մարշըմոնը երկար ֆարաջի նման վերարկու են հագնում։ Նոյն իսկ եկեղեցում սովորական ժամասացութեան ժամանակ ո՛չ միայն քահանաները այլ եւ մետրապօլիտը եւ մարշըմոնը շուրջառ չեն առնում իրենց վրայ , միայն պատարագին պատարագիչը եւ սարկաւագը զգեստաւորւում են։ Սարկաւագը հագնում է մի սպիտակ շապիկ, որը իջնում է մինչեւ ոտները, պատարագիչ քահանան նոյնպիսի մի շապիկ, մէջքին կապում է մի գօտի, երկու ուսերին ձգում է մի ուրար եւ ծայրերը ամրացնում գօտում. ապա մի սպիտակ շուրջառ առնում է վերան։ Պատարագիչ կուսակրօնը, սկսած վարդապետից մինչեւ մետրապօլիտը, նոյն ձեւով եւ զգեստաւորւում, միայն սրանք, որպէս առանձնաշնորհումն, գլխներին կապում են սպիտակ շոր։ Վերջին ժամանակներս մարշըմոնը անգլիական միսիօնարների ազդեցութեան ենթարկուելով՝ ընդունել է նրանցից իբր նուէր մի թագ, մի ոսկէթել շուրջառ եւ մինչեւ ոտներն իջնող ուրար։ Երբ ես Դեր վանքումն էի, մետրապօլիտը սաստիկ բողոքում էր այս նորամուծութեան դէմ. նրա ասելով մարշըմոնն էլ պէտք է զգեստաւորուի այնպէս պարզ՝ ինչպէս ինքը։