Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ամուսնութիւն եւ հարսանիքի սովորութիւններ.
       Հասակ. - Առհասարակ ասորիներն ամուսնանում են տղաները՝ 15-20, իսկ աղջիկները՝ 12-14 տարեկան հասակում։
       Խնամութեան աստիճան. - Եկեղեցական օրէնքներով ամուսնացող զոյգից պահանջւում է, որ միմեանցից հեռու լինեն խնամութեան 4 եւ ազգակցութեան 7 աստիճան։ Շեղումները հազուադէպ չեն։
       Ամուսնութիւն ըստ ազգութեան. - Ասորիներն ուրիշ քրիստոնեայ ազգերի հետ խնամանում են, իսկ մահմեդականների հետ՝ ոչ։ Այժմեան մարշըմոնի հօրեղբայրը ամուսնացած է բաղիշեցի մի հայուհու հետ։ Հայուհիների հետ ամուսնանալիս՝ կրօնափոխութեան վերաբերեալ ո՛չ մի ծիսակատարութիւն չեն կատարում, որովհետեւ հայոց եկեղեցին շատ մօտ են համարում իրենց եկեղեցուն, մինչդեռ բողոքականի կամ կաթոլիկի հետ ամուսնանալիս՝ հարսնացուին խոստովանեցնում են, իրենց ծէսով հաղորդութիւն տալս եւ խոստումն առնում, որ նեստորական է դառնալու։
       Օրօրոցախազ. - Հայերի նման, սրանք եւս սովորութիւն ունեն փոքրահասակներին եւ նոյն իսկ մանուկներին նշանելու, խոստումն տալով, որ երբ մեծանան՝ պսակուեն։ Հազիւ է պատահում, որ այսպիսի խոստումը դրժվեն։
       Ամուսնալուծութիւն. - Ընդհանրապէս շատ հազիւ է պատահում ամուսնալուծիւն, եւ այն էլ գլխաւորապէս երբ կնոջ անհաւատարմութիւնը միանգամայն յայտնի է լինում։ Ամուսնալուծութեան թոյլտւութիւնը վերապահուած է միայն մարշըմոնին։ Կնոջ ամլութեան դէպքում պատահում է, որ ամուսինը յայտնի կերպով ապօրինի կին է պահում։ Թէեւ ժողովրդական կարծիքը այդ դէպքում այնքան էլ չի մեղադրում, սակայն եկեղեցին հրաժարւում է այդպիսիներին սրբութիւն տալ եւ եկեղեցական ծէսով թաղել։ Ապօրինի երեխաներին մկրտում են։
       Հարսնացուի ընտրութիւն. - Ընդհանրապէս թէ՛ տղի եւ թէ մանաւանդ աղջկայ կամքը զուգակցի ընտրութեան վերաբերմամբ կա՛մ բոլորովին չեն հարցնում եւ կամ ճնշումն են գործում։ Ընտրութիւնը կատարում են ծնողները եւ եթէ սրանց բռնութիւնից ստիպուած աղջիկը փախչում է իւր սիրած երիտասարդի հետ, սրանք յարձակւում են նրանց վրայ եւ եթէ կարողանում են, սպանում են թէ՛ աղջկան եւ թէ՛ մանաւանդ փախցնող երիտասարդին։ Եթէ չեն յաջողացնում, մի առժամանակ խռով են մնում, զրկում աղջկան որեւէ բան ստանալու յոյսից ու վերջ ի վերջոյ հաշտւում։
       Աղջիկտես. - Ասորի աղջիկները բաւական ազատ կեանք են վարում, եւ աշխատելով թէ՛ դաշտում եւ թէ մօտակայ լեռներում փայտ եւ խոտ կրելով, յարմարութիւն ունեն թէ՛ երիտասարդների եւ թէ սրանց ծնողների հետ տեսնուելու. սակայն եթէ մի կին ցանկանում է աւելի մօտիկից տեսնել մի աղջկայ, մի պատրուակով գնում է նրա տունը եւ առանց քաշուելու քննում ու զննում աղջկան՝ նրա մօր եւ ազգականների ներկայութեամբ, որոնք շատ լաւ հասկանում են սրա գալու նպատակը։ Երբ հաւանում է աղջկան ուղղակի ուզում է, իսկ թէ ոչ՝ հեռանում է։ Եթէ աղջկայ ծնողները մտադիր են լինում յարգելու առաջարկը՝ հիւրասիրում են այդ եկած կնոջը, իսկ եթէ ոչ, սառն են վարւում։
       Նշանտրէս (Նիշանկա) . - Հարսնացուի ընտրութիւնից յետոյ երիտասարդի ծնողները մի կողմնակի մարդու միջոցով հարցնում են աղջկայ ծնողներին, թէ եթէ ուզեն՝ չե՞ն մերժիլ, եւ երբ դրական պատասխան են ստանում, հրաւիրում են իրենց մօտ քահանային, քաւորին եւ մի քանի պատուաւոր բարեկամների՝ նշանտրէք գնալու։ Քահանան, եկեղեցական կարգի համեմատ, հարցնում է երիտասարդին, թէ համաձա՞յն է նշանադրուել այն ինչ աղջկայ հետ եւ երբ առնում է համաձայնութիւնը՝ առանց նրան, նրա հօր եւ տղամարդ բարեկամների հետ գնում է աղջկայ տունը։ Յաճախ երիտասարդի տնից նախապէս ուղարկւում է գինի, միս եւ կամ այլ ուտելեղէն աղջկայ տունը՝ նշանդրէքի երեկոյին ընթրիք տալու։ Ուտել-խմելուց յետ՝ քահանան դառնում է դէպի աղջկայ հայրը եւ ասում. Շնորհակալ ենք, դուք մեզ լաւ հիւրասիրեցիք, ուտեցրիք, խմացրիք , սակայն ինչո՞ւ չէք հարցնում, թէ ինչի՞ ենք եկել։
       - Բարի, հազար բարի էք եկել, պատասխանում է աղջկայ հայրը. հարեւան, բարեկամներ ենք, միշտ էլ պէտք է գնանք գանք, աւելացնում է, ցոյց տալու՝ թէ չգիտէ սրանց գալու պատճառը։
       Քահանան յայտնում է, որ եկել են խնդրելու նրա աղջկայ ձեռքը։
       - Աղջիկը իմս չէ, մօրն է, պատասխանում է հայրը, նա է սնուցել եւ մեծացրել նրան, նրանից ուզեցէք։
       Եւ երբ նրան են դիմում, սա էլ ասում է, թէ աղջիկը իրենը չէ, իւր տեգրինն է. սա էլ ցոյց է տալիս մի ուրիշի վրայ, մինչեւ որ ամենահեռու բարեկամները կրկին ցոյց են տալիս աղջկայ հօրը, ասելով. Հայրը գիտէ, մենք այստեղ եկել ենք ուտել խմելու եւ շնորհաւորելու, ում ուզում է, թող տայ։
       Այս անգամ արդէն հայրը տալիս է իւր համաձայնութիւնը. եւ քահանան ձեւականապէս հարցնելով աղջկայ համաձայնութիւնը՝ օրհնում է մի մատանի եւ կամ մի ուրիշ ընծայ եւ տալիս աղջկան։
       Կտրուածք (Խըլլէ). - Նշանադրութիւնից մի քանի որ կամ շաբաթ յետոյ երիտասարդի հայրը մի քանի տղամարդ-ազգականների հետ գնում է հարսնացուի տունը, ուր հրաւիրուած են լինում նաեւ իրենց մի քանի ազգականներ։ Մատուցւում է ճաշ, որից յետոյ սկսւում է մի սակարգութիւն ամուսնացողների հայրերի միջեւ, որոշելու թէ ինչ պիտի վճարէ երիտասարդի հայրը՝ աղջկայ հօրը՝ նրա աղջիկը առնելու համար։ Սակարկութիւնը տեւում է բաւական երկար, որին եւ միջամտում են երկու կողմի ազգականները։ Վերջ ի վերջոյ որոշւում է, որ տղայի հայրը տայ 3 ոչխար, մի եզ, մի ոսկի, զանազան ընծաներ եւ 25 պիաստր էլ հարսնացուի մօրը՝ իբր նրա տուած կաթի գին (զուզէ տխալվա դիեմմա)։
       Փայ (Խըլլաթ). - Նշանադրութիւնից մինչեւ պսակը արգելւում է երիտասարդին բացայայտ կերպով իւր նշանածի մօտ գնալ, այլ միմիայն ծածկաբար։ Նշանաւոր տօներին փոխանակ երիտասարդը գնալու հարսնացուի մօտ, երիտասարդի տնից հարսնացուին եւ վերջինիս տանից երիտասարդին նուէրներ են ուղարկւում, գլխաւորապէս ուտելիք, երբեմն էլ զանազան զարդեր կամ հագնելիք հարսնացուի համար։
       Հարսանիքից մի քանի օր առաջ փեսայացուի տանից տանում են հարսնացուի տունը խոստացուած կտրուածքը։
       Յետոյ թէ՛ փեսացուին եւ թէ հարսնացուին իրենց ընկերները տանում են լողացնում, յաճախ փեսացուին լողացնելիս հրաւիրում են դաւուլ-զուռնա։ Նախ քան լողացնելը՝ կանչում են նաեւ սափրիչին, որ սափրէ փեսացուի մօրուսը եւ խուզէ նրա գլուխը։ Այս միջոցին նուէրներ չեն տրւում սափրիչին, ինչպէս այդ ընդունուած է հայերի մէջ։ Ապա ընտրւում է ազապ-պաշի, կամ հարսանիքի գլխաւոր, գորշա տխլոլա, այսպէս. ամէն մի հրաւիրուած երիտասարդ նուէր է տալիս եւ ամենամեծ նուիրատուն դառնում է գլխաւոր. սրան է յանձնում այս բոլոր նուէրները, որպէսզի սա ծախսէ հարսանիքի ընթացքում, նուէրներ տայ հաւ, ոչխար, ցորեն եւ այլն նորապսակների առջեւ բերողներին։ Պէտք է ասել, որ ինչպէս հայերի եւ քրդերի, այնպէս եւ ասորիների մէջ սաստիկ տարածուած է այն սովորութիւնը, որ ո՛չ միայն հարսանիքի, այլ եւ՛ նոյնիսկ սովորական ճանապարհորդութեան ժամանակ, պատուաւոր մարդկանց առջեւ են բերում ցորենի խուրձ, գառ, ոչխար, եզ՝ իբր նուէր եւ սպասում վարձատրութեան։
       Պսակ. - Հետեւեալ օրը, առաւօտեան հաւաքւում են թէ՛ փեսացուի եւ թէ հարսնացուի տունը նրանց երկու սեռի բարեկամները։
       Փեսացուի ընկերները դաւուլ-զուռնի առաջնորդութեամբ տանում են փեսացուի պատրաստած հարսնացուի հարսանեկան հանդերձները՝ հարսնացուի տունը, ուր վերջինիս ընկերուհիները երգեր ասելով հագցնում, զարդարում են հարսնացուին։ Փեսայացուի ազգականներից մի տղամարդ, մի ընծայ տալով, կապում է հարսնացուի գօտին։ Ապա սրա երեսի շալը ուղարկում են եկեղեցի, որ քահանան օրհնէ, եւ բերում ձգում են հարսնացուի երեսին։
       Փեսայացուի ընկերները վերադառնալով հարսնացուի տնից, հագցնում են փեսայացուի շորերը եւ դաւուլ-զուռնի առաջնորդութեամբ, հրացաններ պարպելով տանում փեսայացուին եկեղեցի, ուր նրան քաւորի հետ թողնելով, գնում են հարսնացուին բերելու։ Այստեղ քաւորկինը (ղառութա ) բռնում է հարսնացուի աջ ձեռից, փեսաքուրերը (խատ խեթընա ) կռներից եւ 3 անգամ շրջելով օջախի շուրջը՝ հանում են տնից ու ուղեւորւում դէպի եկեղեցի։
       Հարսին կանգնեցնում են փեսայի աջ կողմը, իսկ քաւորին՝ ձախ, իսկ պսակի աւարտին՝ հարսին բերում են փեսի ձախ կողմը, որովհետեւ Աստուած Ադամի ձախ կողքից ոսկոր առաւ եւ ստեղծեց կնոջը։
       Այստեղ քահանան, աղօթքներ կարդալուց յետ, մի ուրար ձգում է խեսացուի վիզը եւ խաչաձեւ կապում, ի նշան որ հարսնացուն ձգուեց նրա վիզը եւ ամրապէս կապուեց նրա հետ՝ ապա մի խաչ եւ մի մատանի ձգելով սրբութեան բաժակի գինու մէջ՝ ճաշակում է հարս ու փեսին, խաչը հանում դնում փեսի գլխի փուշու մէջ, իսկ մատանին մտցնում աղջկայ աջ ճկոյթը։ Քաւորը ձեռին բռնած է լինում ջաբլանան (այգի ). - Սա խաչաձեւ դրուած փայտերի երկու ձող է, մի քառանկիւնի շրջանակի մէջ ամրացած, եւ ամբողջովին պատած մրգերով, մանաւանդ խնձորներով։
       Պսակի խորհուրդը կատարելուց յետ՝ դուրս են գալիս եկեղեցուց, որի դռան առջեւ ընկոյզ, քիշմիշ եւ մանր դրամ են թափում հարս ու փեսի գլխներին։ Ապա հրացաններ արձակելով, պարելով, երգելով գալիս են դէպի փեսի տունը. մի բարեկամի տան դռնից անցնելիս՝ կտուրից չամիչ, ընկոյզ, նուխուդ են ածում հարս ու փեսի գլխին եւ կամ տուն են հրաւիրում եւ սրճով կամ շարբաթով հիւրասիրում։
       Երբ հասնում են փեսի տան դռանը, սկսում են պարել. այս միջոցին փեսան եւ քաւորը բարձրանում են տան կտուրը, նրան հետեւում են զինուած մակարները։ Հարսը մօտենում է դռանը՝ բայց ներս չի ուզում մտնել, այս միջոցին ազապները հրացան են արձակում եւ փեսան առնելով մի խնձոր քաւորի բռնած այգուց (ջաբլանանից ), խփում է հարսին, միեւնոյն ժամանակ փեսի մայրը ընդառաջ է ելնում, մի ընծայ տալիս եւ համբուրելով՝ ներս տանում։ Հարսնեւորները միմեանց հրհրելով աշխատում են վերցնել փեսի ձգած խնձորը, որովհետեւ այդ սուրբ է համարւում։
       Յաճախ մի ամանով իւղ են առաջ բերում, որի մէջ հարսը իւր մատը թաթախելով քսում է դռան որմնակալ քարին, որպէսզի իւր մուտքը բարեբեր, իւղալի լինի։
       Սենեակում հարս ու թագաւորի համար առանձին-առանձին տեղեր են պատրաստուած լինում . - պատին գորգ խփած եւ գետնին ներքնակ ձգած եւ քահանային օրհնել տուած։ Այս տեղերից մինի վրայ նստում է թագաւորը քաւորի հետ, միւսի վրայ հարսը՝ քաւորկնոջ եւ փեսաքուրերի հետ։
       Հենց որ հարսը գալիս նստում է, իսկոյն մինը մի արու երեխայ բերում դնում է սրա գիրկը, որպէսզի սրա առջինեկ որդին արու լինի։
       Այնուհետեւ երեք օր շարունակ տեղի է ունենում կեր ու խում եւ պար։ Գրեթէ բոլոր հարսնեւորները առաւօտ, երեկոյ կերակուրներ եւ խմորեղէններ առած գալիս եի թագաւոր տունը եւ այստեղ այս բերածները միասին ուտում, խմում եւ պարում։
       Թագաւորը իւր ազապներով հազարաւոր կատակներ է անում եւ ուրախացնում հարսնեւորներին։ Այսպեէ ընտրւում են գզիրներ, որոնք բռնում բերում են թագաւորի մօտ հարսնեւոր երիտասարդներին եւ ամբաստանումմի որեւէ յանցանքի, գողութեան մէջ։ Թագուորը իբր թագաւոր, մեալիք, տուգանքի է ենթարկում եւ գզիրները ստիպելով առնում են, բերում դնում ընդհանուրի սեղանին, որովհետեւ տուգանքը միշտ հաւ, գինի կամ որեւէ ուտելիք է լինում։
       Հարսանիքի վերջին օրը, որ սովորաբար չորրորդ, բայց երբեմն էլ եօթներորդ օրն է լինում, հարսնեւորները իրենց տներից գաթա են բերում թագաւորի տունը այսպէս. գաթաները դարսում են մի սինու մէջ, շուրջը մոմեր վառում եւ մի երիտասարդի գլխին դրած բերում, պար գալիս եւ հանդիսաւոր կերպով յանձնում տնտեսին։ Մատուցւում է ճոխ ճաշ, որի ժամանակ բաժանւում է նաեւ այս բերուած գաթաները։
       Ճաշից յետոյ տեղի է ունենում ջաբլանայի (այգի վաճառումը։ Քաւորը եւ կամ մի ուրիշ ազդեցիկ մարդ յայտարարում է, թէ թագաւորը թախտից ընկել է, եւ այս պատճառով նրա այգին ծախւում է, ո՞վ է ուզում առնել։
       Սկսւում է սակարկութիւն, մինը առաջարկում է մի մեճիտ, միւսը՝ երկու, երրորդը մի որեւէ ընծայ եւ այլն։ Այս բոլոր առաջարկած գումարներն ու ընծաներն էլ անմիջապէս հաւաքում են, այգին տալիս ամենաշատ նուէր տուողին, որը եւ բաժանում է այգու խնձորները հարսնեւորներին։
       Այս նուէրները, որ համապատասխանում են հայկական հարսանիքների սաչուին, երբեմն փոխարինում են ամբողջ հարսանիքի ծախսը։
       Այգին ծախելու հետեւեալ օրը նորապսակները առագաստ են մտնում եւ բամբասասէր կանայք գալիս են թէ հիւրասիրուելու եւ թէ կուսութեան սաւանը տեսնելու։