Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Տղաբերք եւ կնունք.
       Ամուլ կանայք ուխտ են անում, որ եթէ զաւակ ունենան՝ քահանայական կոչման նուիրեն, իսկ եթէ աղջիկ՝ նրա գլխագինը, որ ստանալու են ամուսնացնելիս՝ եկեղեցու նուիրեն։
       Հէնց որ երեխան ծնւում է, անմիջապէս լողացնում են սառն ջրի մէջ եւ յետոյ ամբողջ մարմնին բարակ աղ ցանում եւ խանձարուրում, ի յիշատակ այն սովորութեան, որ յիշում է Եզեկիէլ մարգարէն (XVI. 4). Դու երբէք չեղար լուացուած ջրով՝ մաքրուելու համար, երբեք չ՚աղուեցար աղով, ո՛չ խանձարուրած։
       Արու երեխայի ծնունդը սրանց մէջ եւս աւելի մեծ ուրախութիւն է պատճառում ծնողներին, քան աղջկանը։ Սրանց մէջ եւս տղայի ծննդեան ժամանակ տան փոքրերը աչքի-լուս են վազում մօտիկ ազգականներին եւ նուէրներ ստանում։
       Մկրտութիւն. - Սովորաբար մկրտութեան խորհուրդը կատարում են երեխայի ծննդից եօթ օր յետոյ։ Մկրտութեան նախընթաց երեկոյին, առանց որեւէ նուէր ուղարկելու, այդ մասին իմացնում են քաւորին (ղարիվա Առաւօտեան քաւորը, որ ասորիների մէջ էլ տոհմական է լինում, գալիս է ծննդկանի տունը, բերելով իւր հետ, եթէ իհարկէ հարուստ է, մի ոչխար իբր նուէր։ Ապա վերցնում է երեխային, տալիս իւր կնոջ գիրկը եւ նրա հետ գնում եկեղեցի։ Այստեղ, եթէ հարուստ է, մի քահանայի խնդրում է պատարագ մատուցանել, իսկ մի ուրիշի՝ կնքել երեխային, իսկ եթէ աղքատ է, մի քահանայ մկրտում է երեխային եկեղեցու խորանում, ուր գտնւում է մկրտութեան աւազանը։ Մկրտութիւնից յետոյ քաւորը եւ կամ նրա կինը գրկում է երեխային եւ առանց քահանայի, եւ նոյն իսկ մոմերի, վերադառնում են տուն եւ երեխային տալիս նրա մօրը, որը առանց մի որեւէ ծիսակատարութեան վերցնում, դնում է իւր կողքին, կամ օրօրոցը։ Սրանից յետոյ ներկայ եղողներին հիւրասիրում են ճաշով։
       Ահա՛ ասորական մի քանի անուններ.
      
       Ահրոն=Ահարոն.
       Իրամիա=Երեմիա.
       Իշմայիլ = Իզմայիլ.
       Հաբէլ=Աբէլ.
       Եակու կամ Եակուբ=Յակոբ.
       Իսաու=Յեսու.
       Իւհաննան=Յովհաննէս.
       Գէվարգիս=Գէորգ.
       Բառսիլիուս=Բարսեղ.
       Իստէփանուս=Ստեփաննոս.
       Պատրուս=Պետրոս.
       Պօլուս=Պօղոս.
      
       Կան մի քանի զուտ ազգային անուններ՝
       Վարտա=Վարդ.
       Խոշարա=Յարութիւն.
       Դինխա=Արեւածագ.
      
       Կանանց անուններ՝
       Խավա=Եւա.
       Ռաբկա=Ռեբէկա.
       Խաննա=Աննա.
       Իլիշբա=Եղիսաբէթ.
       Շամիրազ=Շամիրամ.
       Վէրդի=(Վարդուհի).
       Նիգար (= Գեղեցկուհի)
       Շաքար=շաքար.
       Կիրանու=բուստ.
      
       Սովորաբար միմեանց հօր անունով են կոչում՝
       Բրա դը Գիվարգիս=Գէորգի տղան.
       Բրատա դը Գիվարգիս=Գէորգի աղջիկը։
      
       Մեռոնհանէք. - Մկրտած մանկանը եօթ օր շարունակ թողնում են մկրտութեան շորերի մէջ, ութերորդ օրը քաւորկինը գալիս է եւ մի մաքուր ամանի մէջ լուանում մանկան այն տեղերը, ուր մեռօն է քսուած, եւ այս ջուրը լցնում են կա՛մ գետը կամ մի մաքուր տեղ։ Ապա լողացնում է մանկանը եւ նոր շորերով խանձարուրում։
       Ծննդկանը, եթէ արու զաւակ է ունեցել, քառասուն, իսկ եթէ աղջիկ, վաթսուն օր «քառասունք է պահում », այսինքն տնից դուրս չի գալիս, առագաստ չի մտնում, առանձին ճաշում եւ ձեռքը ո՛չ մի իրի չի դիպցնում, որովհետեւ մաքուր չի համարւում։ Այս ժամանակամիջոցը լրանալուց յետոյ՝ ծննդկանը լողանում է, լողացնում մանկանը եւ տանում նրան եկեղեցի, մի որեւէ նուէր՝ շալ, խունկ, ձէթ, դրամ, առնելով իւր հետ, որ տալիս է քահանային։ Վերջինս աղօթքներ է կարդում թէ նրա եւ թէ մանկան վրայ։
       Երբ երեխան ոտ է ելնում, հատիկ (բըսխը ) են պատրաստում ընկոյզից, կաղինից եւ քիշմիշից ու լցնում մանկան գլխին։