Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թաղումն
       Ասորիների մէջ երմ մի հիւանդ մարդ հոգին աւանդում է, շրջապատողներից սրտոտները նրա աչքերը փակում են, ձեռները խաչում, ոտները ուղղում։ Եթէ աչքերը բաց են մնում, ասում են, թէ մի պանդուխտ բարեկամի կարօտ է քաշում։
       Ննջեցեալի անմիջապէս դարձնում են դէպի արեւելք եւ ոտների մոտ խունկ ծխում մի կաւէ ամանով։ Իսկոյն հրաւիրում են բարեկամներն ու քահանան։ Վերջինս աղօթքներ կարդալով, փայտէ մի խաչ է շինում եւ ձգում անշուշտ նոր բերած ջրով լի կաթսայի մէջ եւ կարգադրում տաքացնել։ Ապա ժամկոչը եւ կամ մի ծերունի, եթէ իհարկէ ննջեցեալը տղամարդ է, եւ կամ մի պառաւ կին, եթէ կին է, լողացնում է ննջեցեալին այսպէս, նախ լողացնողը թաթախում է իւր աջ մատը կաթսայի օրհնած ջրի մէջ եւ ննջեցեալի ճակատին խաչ քաշում, ապա սկսում աջ ձեռքը եւ ամբողջ աջ կողմը։ լուանալ տաք ջրով եւ սապոնով, եւ յետոյ ձախ ձեռքը եւ ձախ կողմը։ Աւելացած ջրից մի քիչ լցնում են մի թասի մէջ եւ մնացածն անշուշտ թափում։ Յետոյ այդ թասի մէջ ձգում են կաթսայի միջի փայտէ խաչը, մօտը դնում մի ճրագ եւ սրանց վրայ կորզում ջրի կաթսան, մի կողմը փոքր ինչ բարձրացրած, որպէսզի ճրագը կարողանայ վառուել երեք որ շարունակ։ Սրանից յետոյ կտաւից շապիկ-վարդիկ են կարում , հագցնում ննջեցեալին ու պատնքում, եւ նոյն կտորով ոտներից, մէջքից եւ կռներից կապում։ Երեսը առայժմ բաց են թողնում եւ մի կապկապում եւ ննջեցեալը ջեջիմի մէջ փաթաթելով դնում այս ձողերի մէջ։ Հարուստներն երբեմն դագաղ են շինել տալիս։
       Կարճ միջոցից յետոյ գալիս են քահանան եւ երկու սեռի բարեկամներ, կատարւում է թաղման կարգը, բարեկամները վերցնում են ննջեցեալին՝ ձողերի ծայրերից, երեք անգամ բարձրացնում եւ դնում գետնին, եւ ապա տանում դէպի գերեզմանատուն։ Ննջեցեալի դրուած տեղում անմիջապէս մի ճրագ են դնում, որ երեք օր շարունակ վառ է մնում։ Առջեւից գնում է քահանան տիրացուի հետ, իսկ սրա յետեւից չորս տղամարդիկ տանում են ննջեցեալին, ձողերի ծայրերը իրենց ուսերին դրած։
       Հարուստները թաղման միջոցին ննջեցեալի առջեւից տանում են նրա ձին, ուղիղ թամքած եւ ոչ թէ հայերի պէս՝ հակառակ կողմից, միայն վերան ձգում են սեւ կամ գունաւոր երկար շոր։
       Ոմանք էլ ննջեցեալի թուրը եւ հրացանը իրենց վրայ հակառակ կողմից կապելով, գնում են ննջեցեալի դագաղի առջեւից։
       Երբ յուղարկաւորութիւնը հասնում է որոշ տեղ, ննջեցեալին դնում են գետին, եւ կանայք, որ ուղեկցում են, շրջապատում են նրան, լալիս ու ողբեր ասում երգելով։ Յաճախ աշխատում են կանանց արգելել լաց լինելու, ասելով, որ նրանց արցունքը կըթռչէ ննջեցեալի միւս աշխարհում ունեցած տեղը եւ դրանով կ՚անհանգստացնեն նրան։ Յետոյ կանայք վերադառնում են ննջեցեալի տունը, իսկ տղամարդիկ դարձեալ երեք անգամ վերցնում են դագաղը, վայր դնում եւ ապա տանում գերեզմանատուն։ Թաղման կարգը կատարելիս քահանան մի քիչ հող է առնում բուռը, բոլոր յուղարկաւորողներն էլ հետեւում են նրան։ Քահանան օրհնում է հողը եւ ձգում գերեզմանի մէջ, ուր արդէն իջեցրած են լինում ննջեցեալին՝ հանելով ջեջիմի միջից։ Մինչեւ թաղման կարգի աւարտը այս ջեջիմը բռնում են գերեզմանի վրայ, եւ յետոյ տանում տուն, լուանում եւ կրկին բանեցնում։
       Թաղման կարգը աւարտելուց յետոյ յուղարկաւորողները մի քանի մխիթարական խօսքեր ուղղելով ննջեցեալի մօտիկներին՝ վերադառնում են եւ գալիս մի գետի կամ աղբիւրի մօտ, քահանան աղօթքներ է կարդում այս գետի կամ ղաբիւրի, եւ կամ, եթէ գետ կամ աղբիւր չկայ, յատկապէս բերուած ջրի վրայ, եւ յետոյ բոլորը լուացւում են եւ ապա գնում՝ եթէ ննջեցեալը հարուստ է եղել՝ եկեղեցի, ուր սկսում են պատարագ մատուցանել, իսկ եթէ աղքատ՝ ուղղակի սգատուն։ Այս երկու դէպքումն էլ յուղարկաւորողներին ճաշ են տալիս, մատուցանելով գլխաւորապէս մօտիկ բարեկամների տներից ուղարկուած կերակրները։ Ճաշից յետոյ քահանան օրհնում է սեղանը եւ հոգեհանգիստ կատարում, որից յետոյ մխիթարական խօսքեր ասելով տնեցիներին՝ ցրւում են։
       Թաղման երրորդ օրը կանայք վերցնում են ննջեցեալին լողացնելիս գործածած կաւէ թասը իւր ջրով ու խաչով եւ գնում են գերեզմանատուն, ուր գալիս է նաեւ քահանան, օրհնում գերեզմանը, ջուրը խաչաձեւ լցնում գերեզմանի վրայ, փայտէ խաչը տնկում ննջեցեալի գլխի կողմը, եւ թասը կոտրում։ Ապա բոլորը գալիս են եկեղեցի, ուր եւ սկսում են պատարագ մատուցանել։ Սրա աւարտին սգատնից բերում են եկեղեցու դուռը մեծ կաթսաներով մսեղէն կերակուր եւ մի մի կտոր միս դնելով երկական հացերի մէջ՝ բաժանում ժամաւորներին։
       Թաղման իններորդ օրը դարձեալ գնում են գերեզմանատուն, օրհնել տալիս եւ ապա գալիս եկեղեցի, պատարագ մատուցանում, որից յետոյ բոլոր ժամաւորներին հրաւիրում են սգատուն՝ հոգեհացի։
       Երբ բոլոր հրաւիրեալները ցրւում են, մնում են քաւորը, քաւորկինը եւ միքանի շատ մոտիկ ազգականներ։ Քաւորի մի որեւէ նուէր է տալիս սգաւորներին եւ սափրիչին կանչելով տղամարդկանց մօրուսները սափրել տալս, իսկ քաւորկինը ջուր է տաքացնում, եւ կանանց գլուխները լուանում։
       Ննջեցեալի շորերից հները նուիրում են ննջեցեալին լողացնողին եւ գերեզման փորողներին, իսկ նորերը՝ քահանային։
       Տարելիցին կրկին պատարագ են մատուցանել տալիս եւ հոգեհացի հրաւիրով հիւրասիրում գրեթէ ամբողջ գիւղը՝ մորթելով 5-10 ոչխար եւ կամ -2 եզ։
       Գերեզման - Գերեզմանատները գտնւում են գիւղերի մոտ, ճանապարհների կողքին։ Իւրաքանչիւր գերդաստանի գերեզմանները խմբուած են լինում միմեանց մոտ։ Գերեզմանները փորում են սովորաբար մի մետր խորութեան իսկ կանանցն փոքր ինչ աւելի խորը , որովհետեւ «մահը նրանցից է յառաջ եկել, Եւան է խաբել Ադամին եւ մահուան պատճառ դարձել »։ Գերեզմանի խորքում շուրջանակի կէս մետրաչափ սալեր են շարում եւ երբ ննջեցեալին իջեցնում են գերեզման երեսը սալ քարերով ծածկում են, ծակերը ցեխով կալնում եւ ապա հողով լցնում։ Գերեզմանի թմրի վրայ էլ խաչաձեւ դնում են դագաղի փոխարէն գործածուած շորերը, որ այսպէս երեք օր մնալուց յետոյ տանում են գործ ածում։ Գերեզմանահատին վարձատրում են միայն մի կամ միքանի անգամ ճաշի հրաւիրելով։ Հարուստների գերեզմանների վրայ քառանկիւնի , մօտ մի մետր բարձրութեան, տնականման շէնք են շինում, որի մի կողմը կիսաբոլոր, մեծ բացուածք ունի, ինչպէս նրանց երեսբաց կոչուած սենեակը, եւ սրա մէջ մի փոքրիկ խորշ կայ, ուր խունկ են ծխում եւ մոմ վառում։