Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱՐԵԿԱՅ ՎԱՆՔ.
       Տեղադրութիւն. - Նարեկայ վանքը գտնւում է համանուն գիւղում, որ տարածւում է Վանայ լճի հարաւային ափից հազիւ 4 կիլոմետր հեռու, Ռշտունեաց գաւառում։ Վանքը շինուած է գիւղի գրեթէ կենտրոնում բարձրացող փոքրիկ բլրակի վրայ։
       Պատմական տեսութիւն. - Թէպէտ երկար պրպտեցի մատենագիրները եւ ձեռագրների յիշատակարանները, սակայն Նարեկայ վանքի հիմնարկութեան եւ զարգացման վերաբերեալ ստոյգ եւ մանրամասն տեղեկութիւններ չկարողացայ գտնել։
       Ժ. դարում Բիւզանդական կայսրութեան մէջ եղած հայ կրօնաւորները հալածուելով Ռոմանոս կայսրից, որ աշխատում էր դաւանութեամբ միացնել նրանց բիւզանդական եկեղեցու հետ , փախել են Հայաստան եւ այստեղ վերանորոգել ու շինել բաւականաչափ վանքեր։ Այսպէս ե՛ւ «յայսմ ժամանակիս, ասում է Ասողիկը , շինեցաւ Նարեկ ի Ռշտունեաց գաւառին նոյն կարգաւորութեամբ, բազմազարդ պաշտօնապայծառ երգեցողովք եւ գրական գիտողօք»։
       Վանքը կոչել է Նարեկ հաւանականօրէն այն գիւղի անունով, որ մինչեւ այժմ էլ պահել է իւր այդ կոչումը. եկեղեցիներից մինը, որ ըստ երեւութին առաջինն է շինուած, նուիրուած է ս. Սանդխտի անուան, ինչպէս հաստատւում է ԺԶ. դարի մի ձեռագրի յիշատակարանից , միւսը ս. Աստուածածնի։ Աւանդաբար պատմւում է, թէ ս. Սանդխտի անուան նուիրուած եկեղեցու հարաւային խորանում եղած գերեզմանում ամփոփուած են ս. Սանդխտի նշխարները, սակայն գրաւոր վկայութիւններ պակասում են։
       Նոյնպէս աւանդաբար ցոյց է տրւում Անանիա Նարեկացու գերեզմանը ժամատան հարաւ-արեւելեան կողմում. Անանիա Նարեկացին եղել է այս վանքի թերեւս առաջին վանահայրը, մի «մտավարժ փիլիսոփայ», «այր անուանի եւ գիտնական », որ ամբաստանուելով թոնրակեցիների աղանդի համեմատութեան մէջ՝ գրել է «Գիր խոստովանութեան որ յաղագս սուտ կարծեացն որ ի վերայ նորա»։
       Անանիայի հետ այս միեւնոյն վանքում ապրել է նաեւ Պետրոս վարդապետը, որ Ս. Գրքի մեկնութիւն ունի գրած ։
       Սակայն Նարեկայ վանքի պարծանքը եւ նրան հռչակ տուողն ու նուիրական ուխտատեղի դարձնողը անզուգական բանաստեղծ ս. Գրիգոր Նարեկացին է, «հրեշտակն ի մարմնի », որի սուրբ նշխարները հանգչում են այստեղ եւ որի ճգնարանը, ուր «սրտի խորքերից խօսելով Աստծու հետ » նա պարգեւել է հոգեպարար «Նարեկը », հեռու չէ վանքից։ Այստեղ է թաղուած նաեւ նրա եղբայր Յովհաննէսը, որ որոշ չափով գործակից է եղել նրան այս աղօթագիրքը յօրինելիս։
       Այս լուսատու աստղերից յետոյ խաւարը պատել է Նարեկայ վանքին, ուստի եւ ոչինչ յայտնի չէ, միայն 1787 թուին Բարսեղ վարդապետը շինել է սրա ժամատունը կամ դարպասը՝ եւ 1812 թուին Աղթամարի Յարութիւն կաթուղիկոսը կառուցել է եկեղեցու գմբէթը, վանեցի մեծատուն Յակոբ ապա Ղարասէֆէրեանի ձեռնտւութեամբ։
       1896 թուի Տաճկահայոց կոտորածների ժամանակ Գաւաշի բռնապետ քիւրդ Գուլի-խան բէկը յարձակուել է Նարեկի վանքի վրայ, սպանել վանահայր Եղիշէ վարդապետին իւր տասներկու մարդկանց հետ, թալանել վանքը, ինչպէս եւ գիւղը՝ կոտորելով 130 հոգի։ Յաջորդ տարին այստեղ բացուել է Ջանշեանի որբանոցը, որ միայն մի քանի տարի է գոյութիւն ունեցել։ Այժմ այստեղ բացուած է տարրական դպրոց։
       Աղթամարի Խաչատուր կաթողիկոսի ջանքերով այս վանքը ենթարկուած է Աղթամարի կաթողիկոսութեան, եւ այսօր զրկուած վանահայրից՝ ծառայում է իբր գիւղական եկեղեցի։
       Եկեղեցու Նկարագրութիւնը- Նարեկայ վանքը շինուած է Նարեկի ուխտատեղու քառաժայռից բերուած թիլ-քարից, պարըսպապատ է եւ բաղկացած Ս. Սանդխտի եւ Ս. Աստուածածնի տաճարներից եւ ս. Գրիգոր Նարեկացու մատուռից, մի ժամատնից եւ մի զանգակատնից։
      

 

Ս. Սանդխտի եկեղեցին արտաքուստ քառանկիւնի է եւ միանգամայն պարզ, միայն հիւսիսային պատի մէջ ունի մի ներսանկուած։ Ներքուստ եկեղեցին խաչաձեւ է եւ ունի չորս խորան, որոնցից երկուսը, արեւմտեանները, փոխարկուած են 2 մետր խորութեան կամարակապ խորշերի, շնորհիւ երկական որմնասիւների։ Խաչաձեւ մասում բոլորում են պայտաձեւ կամարներ, որոնց վրայ բարձրանում են ութանկիւնի գմբէթը, բրգաձեւ կաթողիկէով։
       Հարաւային խորանում գտնւում է ս. Սանդխտի Սանատրուկ թագաւորի դստեր, գերեզմանը։ Հիւսիսային խորանից մի դուռ է բացւում մի քառանկիւնի, հասարակ շինութեան մէջ, որ իբր գաւիթ է ծառայում սրան եւ ս. Սանդխտի եկեղեցու արեւելեան պատին կից շինուած փոքրիկ, գմբէթազարդ մատրան, որ կառուցուած է ս. Գրիգոր Նարեկացու գերեզմանի վրայ։
       Ս. Սանդխտի եկեղեցու հարաւային պատին կից է Ս. Աստուածածնի եկեղեցին, որ նոյն երկարութեան է, միայն աւելի նեղ։ Սա անսիւն է, խորաններ չունի, միայն արեւմտեան կողմում ունի երկու կամարակապ խորշ, որ յառաջացել են երկու որմնասիւների շնորհիւ։ Այս խորշերի եւ կոզակի որմնասիւների վրայ բոլորում են պայտաձեւ կամարներ, որոնց վրայ բարձրանում է ութանկիւնի գմբէթը, բրգաձեւ կաթուղիկէով։
       Այս եկեղեցու կոզակը կամարակապ է եւ ունի մի նեղ պատուհան։
       Թէ այս եւ թէ սուրբ Սանդխտի եկեղեցին ունին երեքական փոքրիկ պատուհաններ, իսկ գմբէթների վրայ չորսական լուսամուտ։
       Ս. Սանդխտի եւ Ս. Աստուածածնի եկեղեցիների առջեւ շինուած է մի ընդարձակ ժամատուն, որից մի մի դուռ բացւում է այս եկեղեցիների մէջ։ Ժամատունը քառանկիւնի, հասարակ շէնք է, 11 մետր երկարութեան եւ նոյնքան լայնութեան։ Չորս քառանկիւնի ամբողջական եւ ութ կիսանկիւների վրայ բոլորում են պայտաձեւ կամարներ, որոնց վրայ հանգչում է կամարակապ ձեղունը։ Վեց փոքրիկ լուսամուտներ աղօտ լոյս են սփռում։ Այս ժամատան մէջ խաչկալ է կապուած եւ այստեղ է կատարւում ժամասացութիւնը։ Այս խաչկալի առջեւ թաղուած է Գրիգոր Նարեկացու եղբայր Յովհաննէս վարդապետը, իսկ հարաւ-արեւելեան անկիւնում՝ Անանիա Նարեկացին։       Ժամատան առջեւ սրբատաշ քարից վերջին ժամանակներս շինուած է մի զանգակատուն, որ այժմ կիսաւէր դրութեան մէջ է գտնւում։
       Թէ ս. Սանդխտի եւ թէ Յովհաննէս եւ Անանիա Նարեկացիների տապանաքարերը հասարակ քարեր են, առանց տապանագրի, նոյն վիճակին է եղել նաեւ ս. Գրիգոր Նարեկացու գերեզմանը, սակայն միայն 1867 թուին կանգնեցրած է նրա վրայ մի մարմարոնեայ խաչքար, որի վրայ քանդուած է ս. Գրիգորի տեսիլը՝ Աստուածածին՝ Քրիստոս գրկում եւ Նարեկացին նորա առջեւ չոքած։
       Տապանաքարի վրայ գրուած է.
       Քերովբէն Նարեկայ հրեշտակ ի մարմնի
       Սքանչելի հռետոր սուրբ Նարեկացի.
       Որոյ կենդանի հրաշագործ կմաղք
       Կայ աստ ամփոփեալ ի սոյն տապանի։
       Ի ներկայ տարւոյս վանահայր կարգի
       Նարեկայ վանուց Յովսէփ րաբունի։
       Տապանաքարիւս պատուէ զայս շիրիմ,
       Ի փառս պարծանաց սրբոյն Գրիգորի։ Յամի Տռն 1867.
       Մարտի 3 օրից։
      
       Ժամատան կամ դարպասի վրայ։
       Թվ. ՌՄԼԶ (=1787) Տ. Բարսեղ վարդապետ որ շինեաց զդարպասս։
      
       Զանգակատան դրան ճակատին.
       Չքնաղ գումբէթս քաղցրագունդ
       Կերտեալ նորոգ հաստատուն,
       Եւ գէտ նորին Յարութիւն.
       Մտօք բարի եւ արթուն,
       Բնիկ յերկրէն Տարօնուն,
       Ծառայ սրբոյ Ամլորդուն,
       Թվ. ՌՄԿԱ (= 1812)։
      
       Նարեկայ ուխտատեղին - Նարեկայ վանքից դէպի արեւմտահիւսիս, մոտ 2 կիլոմետր հեռու, մի լերան ուղղահայեաց լանջին կրային նստոյցքից յառաջացած մի ընդարձակ ժայռի մէջ կան բաւականաչափ բնական եւ արհեստական քարայրեր, որոնց մէջ կան բազմազան եւ հրաշագեղ շիթաքարեր, եւ որոնցկազմած խոռոչների մէջ բուն են դրել բազմաթիւ թռչուններ։
       Այս քարայրներից մինի մէջ ճգնել է ս. Գրիգոր Նարեկացին եւ ասել իւր «ի խորոց սրտի » խօսքերը։ Այս քարայրը գտնւում է ժայռի ամենաբարձր կէտում, որի առջեւ բացւում է մի սքանչելի տեսարան - կապուտակ լճի մէջ ցցւում են Առ տէր եւ Աղթամար կղզիները, փոքր ինչ արեւելահիւսիս բարձրանում է Արտոս լեառը, ուղիղ հանդէպը տարածւում է Վան քաղաքը, իսկ փոքր ինչ արեւլահարաւ Վարագայ լեառը իւր Աստղկան բերդ եւ Գալիլիա գագաթներով, որոնք ամեն առաւօտ փողփողում են արշալուսի երփներանգ լուսով։ Քարայրից փոքր ինչ հեռու, նրա հարաւային կողմում քարաժայռի բարձունքից մի ջրվէժ է ժայթքում, փոքր ինչ խանգարելու քարայրերում տիրող անհուն անդորրութիւնը։ Այս քարայրերը դասաւորուած են միմեանց վերեւ, կազմելով երեք յարկ։ Ստորին յարկը միանգամայն մատչելի է, մէջին յարկը բարձրանալու համար պէտք է անցնել չափազանց նեղ կածաններով, իսկ երրորդ յարկը բարձրանալու համար անհրաժեշտ է կօշիկները հանել եւ մեծ զգուշութեամբ մագլցել քարէ արդէն մաշուած սանդուղի վրայով։
      

 

Սակայն եւ այնպէս՝ շատ քչերին է յաջողւում բարձրանալ երրորդ յարկը։ Ստորին յարկի քարայրերն առանձնապէս ուշագրաւ չեն։ Երկրորդ յարկը բարձրանալիս՝ պատահում ենք նախ մի սրահի, որ մոտ 3 մետր երկարութիւն, 2 մետր լայնութիւն եւ 1 1-2 մետր բարձրութիւն ունի։ Այստեղից մի դռնաձեւ անցք բացւում է մի ուրիշ, 2 մետրաչափ քառակուսի քարայրի մէջ։ Սրա արեւմտեան կողմում գտնւում է մի կամարակապ փորուածք, որ 11/2 մետր բարձրութիւն, նոյն քան լայնութիւն ու մի մետր խորութիւն ունի։ Մի քիչ հեռու, կէս մետրաչափ բարձրութեան մի բեմաձեւ տեղ կայ, որի մէջ երկու մետր խորութեան մի փոս կայ, երեւի իբր ջրամբար շինուած, այժմ ջերմ ունեցողները գալիս են այստեղ ուխտ եւ եօթն անգամ ցատկում սրա մէջ, յուսալով բժշկութիւն գտնել։
       Այս քարայրի հարաւային պատի մէջ փորուած մի դռնով կարելի է անցնել մի ուրիշ քարայր, որ 2 մետր երկարութիւն է 11/2 մետր լայնութիւն ունի։ Սրա արեւմտեան պատի մէջ եւս խորանաձեւ մի փորուածք կայ, մի մետր բարձրութեան, նոյնքան խորութեան եւ 0, 70 մետր լայնութեան։ Իսկ սրա առջեւ մի թոնրաձեւ փորուածք՝ դղպի արեւելք դարձրած սնուածքով։
       Այս միջին յարկից հինգ աստիճանի մի քարէ սանդխտով կարելի է բարձրանալ վերին, երրորդ յարկի առաջին սրահը, որ 3 մետր երկարութիւն, 2 մետր լայնութիւն եւ 11/2 մետր բարձրութիւն ունի։ Այս սրահը դէպի արեւելք մի մեծ եւ մի փոքր բացուածք ունի, յատակի վրայ կան երկու քառանկիւնի ծակ, որ բացւում են միջին յարկի երկրորդ սրահի մէջ։ Մի անկիւնում կայ թոնրաձեւ մի փորուածք, իսկ պատերի մէջ խորշեր։ Հիւսիսային պատի մէջ փորուած մի դուռ բացւում է մի ուրիշ քարայրի մէջ, որ երկու մետր երկարութիւն ունի, 11/2 մետր լայնութիւն եւ երեք մետր բարձրութիւն, կամարաձեւ ձեղունով։ Արեւելեան կողմը կայ կիսաբոլոր մի կոզակ, մի մետր բարձրութեան բեմով։ Ըստ երեւոյթին սա այս քարայրերում բնակուողների ընդհանուր աղօթատեղին է եղել։ Կոզակի մօտ կայ մի բացուածք դէպի արեւելք, որտեղից առատ լոյս է թափանցում։
       Այս գլխաւոր այրի հիւսիսային պատի մէջ բացուած դռնից կարելի է մտնել մի փոքրիկ այր, որ հազիւ 11/2 մետր երկարութիւն եւ մի մետր լայնութիւն ունենայ, սրա արեւելեան կողմը գտնւում է մի վէմաքար, իսկ յատակի վրայ փոսիկներ։ Աւանդաբար պատմւում է, թէ սա է ս. Գրիգոր Նարեկացու աղօթատեղին, եւ այդ փոսիկները յառաջացած են նրա անթիւ ծունրադրութիւններից։ Այս քարայրն այժմ հայ ժողովրդեան համար մի նուիրական սրբավայր է համարւում եւ այստեղ եկող ուխտաւորներն իրենց հանդերձների կտորներից խրում են սրա խորշերի մէջ, յուսալով այսպիսով ս. Նարեկացու բարեխօսութեամբ այդ կտորների հետ բեւեռել այդտեղ իրենց ցաւերն ու հիւանդութիւնները։
       Նարեկայ աղօթատեղու հարաւ-արեւելեան կողմում, բլրակի գագաթին կան մի հինաւուրց ամրոցի հիմնապատեր, որ այժմ կոչւում են Արտրի բերդ։