Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԼՈՒՍԱՊՏՈՒՂ Ս. ՍԱՀԱԿԻ ՎԱՆՔ.
       Այս վանքը գտնւում է համանուն գիւղում եւ ճարտարապետական տեսակէտից ոչ մի արժէք չի ներկայացնում, որովհետեւ շատ հասարակ շէնք է, անտաշ քարից շինուած, բաղկացած մի անսիւն, թաղակապ տաճարից եւ մի գաւթից։ Տաճարի մէջ, հարաւային կողմում, գտնւում է Ս. Սահակի գերեզմանը , իսկ սրա աչքը պահւում է այստեղ՝ իբր մասունք։ Վանքը ըստ երեւութին շատ հին է, իսկ գաւիթը շինուած է 1608 թուին Գասպար եպիսկոպոսի ձեռքով, ինչպէս երեւում է արձանագրութիւնից։
       Ս. Սահակի վանքը ունեցել է 100 չափ վարելահող, մի ջրաղաց եւ մի այգի։ Սկզբում այս վանքը կապալով է տրուած եղել մի քահանայի, որի գերդաստանը հետզհետէ մեծանալով կազմել է 10 ընտանիք եւ օգտուելով Աղթամարայ կաթողիկոսութեան անփութութիւնից՝ սեպհականացրել ամբողջ հողը ու մի փոքրիկ գիւղ կազմել։ Այժմ Աղթամարի կաթողիկոսարանը այս վանքից ո՛չ մի եկամուտ չի ստանում։
       Արձանագրութիւն . - Ս. Սահակի վանքի գաւթի քարերից մինի վրայ.
       Ի թուականութեան Հայոց ՌԾԷ (=1608). ի յերեկոց ժմնկի… շինեցաւ ժամատունս եւ խցերս սր. խչկալս ձեռօք մհտսի Գասպ. եպիսկոպոսին յիշատակ իւր եւ ծնողաց իւրոց յիշեցելոցն ի Քս։