Վասպուրական. Ազգագրութիւն. - Ա. Վան. Տոսպ Եւ Հայոց-Ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲՆԱԿԱՐԱՆԸ ԵՒ ՆՐԱ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ

       Ընդհանրապէս Վան քաղաքի եւ մանաւանդ գիւղերի թէ՛ հայ եւ թէ այլազգի բնակիչների տները միատեսակ են եւ միանգամայն ողորմելի։ Քաղաքում վերջին ժամանակներս շինուել են փոքր ի շատէ յարմարաւոր տներ, սակայն սրանք էլ ճարտարապետական տեսակէտից շատ փոքր արժէք ունեն։ Տեղական կլիմայական պայմանները եւ վառելափայտի չափազանց թանգութիւնն ստիպել են մանաւանդ գիւղացիներին կիսագետնափոր, ցածր տներ շինել, եւ խոհանոցն ու սենեակը, գոմն ու հիւրատունը միացնել, որպէսզի խոհանոցի կրակով եւ անասունների ջերմութեամբ տաքանան։ Տնտեսական նեղ դրութիւնն ու քաղաքակրթութեան ստորութիւնը գեղարուեստի եւ ճարտարապետութեան պահանջները միանգամայն անտես են առել։ Երկրի անապահով դրութիւնը, հարկային սիստեմի անկանոնութիւնը ստիպել են մարդկանց աշխատել թագցնելու իրենց հարստութիւնը եւ ոչ մի բանով ցոյց չտալ, որ իրենց վիճակը միւսներից լաւ է, որպէսզի նախ ազատ մնան գողերի եւ աւազակների յարձակումներից. երկրորդ՝ միւսներից աւելի հարկի չենթարկուեն եւ երրորդ՝ ստիպուած չլինեն իրենց տանն ընդունելու բազմաթիւ պաշտօնեաների, որոնք ճանապարհորդելիս՝ հիւրանոցներ չլինելու պատճառով՝ իջնում են գիւղի ամենալաւ տները եւ ոչ միայն բնակարանից օգտւում, այլ եւ պահանջում հիւրասիրել իրենց՝ առանց մի որեւէ վարձատրութեան։

       Այս պատճառների վրայ պիտի աւելացնել նաեւ այն հանգամանքը, որ թուրքերի «աչքը չէր վերցնում », որ գեաւուրը ո՛չ միայն մասնաւոր, այլ եւ հասարակական գեղեցիկ շէնքեր կառուցանէ, ապացոյց ասածիս այն դէպքը, որ Վանի ս. Պօղոս Պետրոս եկեղեցու բակի դարպասը մի քիչ շքեղ շինելու համար տուգանքի են ենթարկուել։

       Գիւղական տներ. Գիւղական տները մեծ մասամբ կիսագետնափոր են, եւ բաւական ցածր։ Պատերը շինւում են կամ անտաշ քարերից, եւ կամ, որ շատ ընդհանրացած է՝ ցեխից։ Պատուհաններ չկան, այլ միայն հերթիկներ՝ կտուրների վրայ։ Տները ծածկւում են պատերի եւ սիւների վրայ յենած գերաններով, որոնց վրայ շարում են մարդակներ, վերան ածում ճիլ կամ եղեգն, եւ ապա ծածկում հողով եւ յարդախառն ծեփով։ Կտուրները տափարակ են, միայն հերթիկների շուրջը բոլորաձեւ դուրս ցցուած։ Եւ որովհետեւ տները միմեանց կից են, առանց մի որեւէ յատակագծի շինուած, այս պատճառով եւ յաճախ սրանց կտուրները փոխարինում են փողոցների եւ կամ մինի կտուրը միւսի համար իբր բակ է ծառայում։ Այս շրջանի տներն իրենց բաղկացուցիչ մասերով շատ նման են Ռուսահայոց Ախալցխայի, Ախալքալաքի եւ Աղէքսանդրապօլի հայ գիւղացիների տներին, որովհետեւ վերջիններս էլ Կարնոյ գաղթականներ են, իսկ Կարնոյ վիլայէթը Վանի վիլայէթից շատ բանով չի տարբերւում։

       Տները բաղկացած են հետեւեալ մասերից, Ա. Սրահ, Բ. Կատտուն, Գ. Մառան, Դ. Ճակախ կամ Գոմ, Ե . Դարմնոց։

       Ա. Սրահը տան առջեւ տարածուող բակի այն մասն է, որ կտուրով ծածկուած է, միայն առաջը բաց է, այս պատճառով եւ տեղական բարբառով «երեսբաց » է կոչւում։ Այստեղ են անցկացնում գարնանն ու ամրանը տան անդամներից շատերը. նոյն իսկ գիշերներն էլ այդտեղ են քնում։ Երբեմն այս երեսբացը գետնի մակերեւոյթից փոքր ինչ բարձր է լինում , եւ նոյն իսկ, որ շատ հազուադէպ է, ճաղերով պատած։

       Տան-տուն. Սա մի քառանկիւնի սենեակ է, որի կտուրը չորս սիւների վրայ յանկելով կոնաձեւ բարձրանում է եւ մէջ տեղում մի հերթիկ բաց անում։ Այս հերթիկի հանդէպ, յատակի մէջ թաղուած է մի մեծ թոնիր, ուր սովորաբար հաց են թխում, մի փոքրիկ թոնիր էլ մի քիչ հեռու է թաղուած, որը վառում են ձեռաց մի բան պատրաստելիս։ Այս երկու թոնիրներն էլ վառելիս ծուխը բռնում է ամբողջ սենեակը, մանաւանդ երբ դուրսը քամի է լինում, այս պատճառով եւ թէ առաստաղը եւ թէ պատերը բոլորովին սեւացած են։

       Օդա կամ Սաքու - Փայախի մի անկիւնում, գլխաւորապէս դրան մօտ, յարմարեցրած մի սենեակ է, որ փայախից անջատւում է ո՛չ թէ պատով, այլ միայն մի վանդակով։ Երբեմն այս վանդակն էլ չի լինում։ Օդայի պատի մէջ շինուած է լինում մի բուխարիկ եւ սրա երկու կողմը, բուխարիկին ուղղահայեաց ձգւում են երկու դարաբա, մօտ կէս մետր բարձրութեան թախթեր , որոնց երկարութիւնը հաւասարւում է օդայի երկարութեան, իսկ լայնութիւնը հասնում է մինչեւ մի մետրի։ Հարուստ տներում այս դարաբաների մօտ, սրանց բարձրութեան եւ երկարութեան, միայն կրկնակի լայնութեան կապւում են մի մի թաղթ եւս, ուր նստելուց զատ՝ քնում են ամուսնացած զոյգերը։

       Բուխարիկի երկու կողմը լինում է մի մի պահարան, վերեւում երբեմն փոքրիկ թարէկներ։ Բուխարիկի հանդէպ, կտրան վրայ, լինում է մի պատուհան։
       Թախթերի վրայ սովորաբար խսիր, եւ երբեմն նաեւ թաղիք է քցուած լինում, իսկ երբ մի հիւր է գալիս՝ մի ներքնակ, երբեմն նաեւ մի գորգ են սփռում եւ մի բարձ դնում, որ հիւրը կրթնի։ Ամենապատուաւոր տեղը համարւում է բուխարիկի երկու կողքը։

       Թէեւ բուխարիկը վառում են քաքորով, սակայն սա աւելի ծխախոտը վառելու , սուրճի, թէյի համար ջուր տաքացնելու համար է լինում, օդան տաքանում է փակախի անասունների ջերմութիւնից։

       Փակախ կամ փայախ եւ գոմ. Սովորաբար իւրաքանչիւր տան մէջ մի փակախ եւ մի գոմ է լինում, հարուստ տներում պատահում են նաեւ 2-3 փակախ միմեանց մէջ կամ միմեանց կողքի շինուած։ Ամենատաք փակախը յատկացրուած է լինում գոմէշներին։

       Փակախները հասարակ շէնքեր են, մի կամ երկու հերթիկով։ Յատակը յաճախ սալայատակած է լինում եւ երկարութեամբ քարէ մսուրք կապուած։ Սովորաբար կենդանիները երկու կարգ են կապւում, երեսները միմեանց հակառակ կողմ դարձուած։

       Ոչխարների պահպանութեան յատկացրած փակախը, ուր մսուրք չի լինում, կոչւում է գոմ։

       Մառան . - Մառանը միշտ կից է լինում տան-տանը եւ նրա հետ միացած միակ դռնով։ Սա մի փոքրիկ սենեակ է, հարթ կտրով եւ մի փոքրիկ հերթիկով։ Սրա մի անկիւնում դրուած է լինում ալիւրի փայտէ կամ կաւէ շտեմարանը։ Ընդհանրապէս այստեղ է պահւում տան բոլոր բարիքները՝ իւղը, պանիրը, գինին, զանազան բռնուածքներ, մրգեր եւ այլն, եւ սրա բանալին սկեսրոջ կամ մեծ հարսի ձեռին է լինում,

       Յարդանոց . - Սովորաբար շինւում է կալի մօտ, որպէսզի հեշտ լինի յարդը կալից այդտեղ լցնել։ Սա հարթ կտրով եւ մի հերթիկով մի ծածկ է, ընդհանրապէս ցեխից կառուցած պատերով։

       Տների մօտ կան խացի խոր՝ հորեր ցորեն կամ գարի պահելու։ Սրանք 2-3 մետր խորութեան եւ 1-1/2 մետր տրամագծով քարաշէն, ծայրից կտրուած կոնուսի ձեւով հորեր են, կէս մետրաչափ տրամագիծ ունեցող բերանով, որ ծածկւում է մի սալքարով։ Ցորենը կամ գարին լցնելուց յետ՝ երեսին խոտ են դնում, յարդ լցնում մինչեւ բերան, եւ ապա սալով ու հողով ծածկում։

       Քաղաքի տները. - Վան քաղաքի բնիկները գրեթէ բոլորն էլ սեպհական տներ ունեն, եւ որովհետեւ եկուորներն էլ շատ սակաւաթիւ են, ուստի եւ վարձով տրուող բնակարաններ քիչ կան եւ եղածն էլ չափազանց արժան են։ Երկու յարկից բաղկացած տունը տարեկան 100-150 ր. հազիւ է վարձ բերում։

       Այգեստանի գրեթէ բոլոր տներն իրենց առջեւ ընդարձակ այգիներ ունեն, մինչդեռ Քաղաքամիջինից շատ քչերը զարդարուած են փոքրիկ պարտէզներով։ 

       Տները կառուցուած են հում աղիւսից, իսկ հիմնապատերը՝ քարերից, որպէսզի խոնաւութիւն չանցնի։

       Աղիւսը շինում են այսպէս. հողակոյտի վրայ ջուր ածելով կոխկրտում են, դարձնում կաւ, յետոյ ձեռով վերցնում լցնում են գետնին դրուած փայտէ կաղապարի մէջ, երեսը հարթում եւ կաղապարը հանում։ 10-15 օրուայ ընթացքում արեւի ազդեցութեամբ աղիւսը բոլորովին չորանում է եւ այնպէս մարապինդ դառնում, որ նրանով շինուած տները երկու հարիւր տարուց աւելի են դիմանում։ Միեւնոյն կաղապարով միաժամանակ կտրում են մէկ եւ կէս աղիւս, մինը քառակուսի 30 սանտ. մեծութեան , իսկ միւսը սրա կիսի չափ։ Քառակուսի երկական աղիւսով շարում են տների ներքին յարկերը, իսկ մէկ ու կիսկանով՝ երկրորդ յարկերը։ 

       Հիմքերն Այգեստանում հազիւ մի մետր խորութեան են փորում, իսկ Քաղաքամիջում առնուազը 2 մետր, որովհետեւ դարերի ընթացքում այստեղ տներ շինուելով եւ քանդուելով մի մետրից աւելի հաստութեան նոր խաւ է կազմուել։

       Հնումը քաղաքի տները գիւղական տների պէս են եղել. հէնց այժմ էլ աղքատ դասակարգի տները նոյն կերպարանքն են կրում, իսկ հարուստ դասակարգինը բաղկացած են երկու յարկից, որոնցից առաջինը միանգամայն նման է գիւղական տան, ունենալով սրահ, տան-տուն, մառան եւ փակախ, իսկ վերին յարկը կազմուած է մի քեօշկից եւ երկու, չորս, կամ աւելի սենեակներից։ Առաջին յարկը տարբերւում է գիւղական տներից միայն նորանով , որ հերթիկների փոխարէն լուսամուտներ ունի, սակայն սրանք էլ չափազանց փոքր, հազիւ կէս մետր բարձրութեան եւ 20 սանտիմետր լայնութեան։ Շատ տների մէջ տան-տունը դարձեալ պահպանել է իւր հերթիկը կտրի վրայ, եթէ միայն երկրորդ յարկի սենեակները սրա վրայ չեն ընկնել։ 

       Ճակախի միջի օդան քաղաքում վերացել է, սրա փոխարէն աղքատ դասակարգի տներում մի սենեակ է լինում, ուր սովորաբար նստում են տղամարդիկ, ճաշում, քնում։ Կանայք գլխաւորապէս տան-տնումն են անցկացնում։

       Մաղաքի տների ներքին յարկում անհրաժեշտօրէն լինում է նաեւ Ցանոց, ուր գրւում է տան վառելիքը՝ փայտ, ածուխ, քաքոր, ցան, գազ, ցախ, պտըտուր (ոչխարի կղկղանք ) եւ այլն։ Գիւղական տներում այս աչքը գրեթէ չկայ, որովհետեւ գիւղացիները իերնց միակ վառելիք քաքորը դարսում են իրենց բակերում բըրգաձեւ մէջն էլ դատարկ տարածութիւն են թողնում, ուր ածում են ցան։ Քաքորների այս բրգաձեւ կոյտերը տեղական բարբառով ամբրոց են կոչւում։ 

       Հարուստների տներում լինում է նաեւ մաղազա՝ սրահի մէջ, գետնի տակ մի փոքրիկ քարաշէն նկուղ, ուր գլխաւորապէս պահում են կարասներով գինիներ, տառեխ, պանիր, եւ առհասարակ այնպիսի մթերքներ, որոնք սաստիկ շոգից կամ ցրտից փչանում են։ Խաղողի այգիներ ունեցողների տներում լինում է նաեւ շիրախանա՝ հնձան, մի ընդարձակ, քարաշէն աւազանով եւ գետնում թաղուած կարասներով։ Այստեղ են պատրաստում գինիները։

       Վերին յարկը ընդհանրապէս բաղկանում է մի ընդարձակ նրբանցքից, որ երեսաց է կոչւում եւ երկու սենեակներից։ Երեսրացը միշտ շինւում է ներքին սրահի վրայ, որտեղից բարձրանում էն փայտէ սանդուխտներով։ Յաձախ երեսբացը իւր մի ծայրում քեօշկ է ունենում, այսինքն փողոցի վրայ մի պատշգամբ, որ երեք պատուհաններով եւ երկու գեղեցիկ ռոզասներով ծածկուած է լինում։ Մի մետրաչափ եւս դուրս ցցուած լինելով, կողքերից եւս միմի պատուհան է ունենում, ծածկը եռանկիւնաձեւ է, գեղեցիկ քիւերով եզրափակուած։

       Այս քեօշկերը առաւելապէս դէպի հարաւ ուղղուած լինելով, ամառը հով, իսկ ձմեռը արեւդէմ են լինում, ուստի եւ տնեցիները մեծ մասամբ այստեղ են անցկացնում, այստեղ ճաշում ու ընթրում։

       Այս երեսբացի երկու կողմում լինում են մի մեծ, եւ մի փոքր սենեակ, որոնցից մինը կարող է համարուել դահլիճ, միւսը ննջարան, թէպէտ եւ դահլիճն էլ գիշերները ծառայում է իբր ննջարան։ Այս սենեակների պատերը, բացի այն, որ ներքին յարկի պատերի հետ պատած են լինում յարդախառն կաւով , ներքուստ սպիտակեցնւում են գաճի շաղախով։ Պաստառի գործածութիւնը դեռ եւս սկսուած չէ։ Տների կտուրները տափարակ են, ծածկելու համար նախ ձգում են գերաններ միմեանցից մոտ 3-4 մետր հեռաւորութեամբ, ապասրանց վրայ շարում մարդակներ, որ երբեմն տախտակներ, բայց յաճախ ծառի հաստ ճիւղեր են լինում, սրանց փռում են ճիլ կամ եղեգի տապակներից հիւսուած խսիր յետոյ մի կարգ էլ գաղ են փռում, որպէս զի մկները չկարողանան այնտեղ բնակութիւն հաստատել, եւ ապա մի քանի մատ հաստութեան հասարակ կաւով ծածկելով ծեփում են յարդախառն կաւէ ցեխով։ Ամեն տարի ձեան հալհըլոցը դեռ չսկսուած կտուրների ձիւնը մաքրել են տալիս, ապա թէ ոչ տունը կը կաթի։ Նաեւ կտուրների հողը փոքր ինչ ամրապնդելու համար գլանաձեւ քարէ ոլորսով կամ կլորսով պնդացնում են։ Գարնանը գրեթէ բոլոր կտուրները ծածկւում են կանանչով։

       Սենեակների յատակն ու առաստաղը տախտակով պատում են, յատակը սովորաբար առանց ներկելու թողնում, որովհետեւ ծածկում են գորգերով, իսկ առաստաղը բարակ, փայտէ ձողիկներով զանազան տեսակ նշխում են (տես 2-5 նկարները ) երբեմն նաեւ ներկում։

       Վերին յարկի սենեակները բաւական մեծ մեծ պատուհաններ ունեն, ապակիներով ծածկուած, մինչդեռ ներքին յարկի փոքրիկ պատուհանները կամ բոլորովին բաց են եւ կամ ձիթած թըղթով պատած։

       Հին տների դահլիճի դռան հանդէպ պատի մէջ տեղում լինում է գեղեցիկ քանդակներով պատած մի բուխարի, իսկ դռան երկու կողմում մի-մի բոլորաձեւ ներսանկուած, գեղեցիկ քանդակներով եզրափակուած, ուր սովորաբար դնում են գլգլակ (նարգիլէ)։

       Հարուստների եւ մանաւանդ թուրքերի տների երկրորդ յարկում, մեր նկարագրած սենեակներին կից, սակայն ոչ թէ փողոցի, այլ յետեւի պարտիզի կողմում լինում են գրեթէ նոյնպիսի մի երեսբաց եւ երկու սենեակ, կանանց յատկացրած, հարեմ։ Այսպիսի թըրքական տների լուսամուտները պատած են փայտէ ցանցով, որպէսզի կանայք չկարողանան դուրս նայել, եւ գայթակղութեան առիթ տալ մուսուլման անցորդին։

       Այգեստանի տների անհրաժեշտ մասը կազմում են նաեւ այգիները, որոնց միջին տարածութիւնն անցնում է 2500 ք. մետրից։ Այգիները պատած են ցեխի պատով եւ սովորաբար բաղկանում են երկու մասից՝ ափնի եւ թիւփ։

       Ափնի կոչւում է այն մասը, որ ծածկուած է պտղատու ծառերով , այն է՝ տանձենի, խնձորենի, ծիրանի, սալորենի, դեղձի, ընկուզենի, թթենի, կեռասենի եւ այլն, իսկ թիւփ կոչւում է խաղողի որթերով պատած մասը։

       Շատ տների այգիներում կամ բակերում լինում են ջրհորներ, նաեւ աղբիւրներ , որ հանում է քանքան խփելով։ Այս արհեստը Վանում շատ յառաջացած է, եւ ըստ երեւոյթին շատ հին, նոյն իսկ խալղական է, որովհետւ կան չափազանց հին քանքաններ։

       Կահաւորութիւն - Մի կէս դար առաջ տան կահաւորութիւնը միայն փռուած է եղել, այսինքն բարձ ներքնակ, գորգ, փսիաթ, ընդհանրապէս փռուող բաներ, փայտէ կարասիք չեն եղել, այժմ այս սարքը մնացել է միայն աղքատ դասակարգի մէջ, իսկ հարուստ դասակարգը փայտէ կահ-կարասիներ է սկսել գործածել։ Միջին դասակարգի մոտ երկու սարքն էլ միախառնուած գոյութիւն ունին։

       Փռուածքը հետեւեալ կերպով է լինում, յատակին որ ծածկուած չէ լինում տախտակով, քցում են խըսիր, սրա վրայ փսիաթ կամ գորգ, պատերին կից փռում են ներքնակներ, որոնք կամ այնպէս բաց են մնում եւ կամ մի ուրիշ, նեղ եւ երկար գորգով ծածկւում, ներքնակների կողքից, պատերին յենած շարում են երկար թիկնաբարձեր, որոնք յաճախ խոտով են լցուած լինում։ Բարձերի վրայ էլ մի երկար, սպիտակ կտոր են քաշում, որ ծածկում է միայն կէսը։ Այս ներքնակների վրայ են նստում ծալապատիկ կամ չոքած։ Մի փոքրիկ, կլոր եւ առանց թիկունքի աթոռակ էլ գրուած է լինում մի անկիւնում։ Սա գործ են ածում գլխաւորապէս ճաշի ժամանակ, գնելով նրա վրայ մի մեծ, պղնձէ սկուտեղ, որ փոխարինում է ճաշի սեղանին։ 

       Այժմեան կահաւորութիւնը - Սենեակի տախտակով պատած յատակը ծածկւում է գորգերով, գլխաւոր պատի մէջ տեղում գրւում է մի փայտէ, վոլտերեան բազկաթոռ, երկու կողքին կիսաբոլոր փայտէ թախթեր, սադր, որոնք ծածկուած են յատուկ պատրաստուած ներքնակներով, եւ պատած գունաւոր կամ սպիտակ կտորով, որ ծոփերով եզրափակուած իջնում է մինչեւ յատակը, եւ ամբողջովին ծածկում փայտէ թախթը։ Այս ներքնակների վրայ, պատերին կից, շարւում են երկար թիկնաբարձեր։ Թախթերի կիսաբոլոր շրջանակի մէջ, բազկաթոռի առջեւ դրւում է մի կլոր սեղան։ Միւս պատերին կից ձգւում են փայտէ երկար բազմոցներ՝ կանապէ, մի քանի աթոռներ, փոքրիկ, կլոր սեղաններ դրւում են այս ու այն անկիւններում։ 

       Ննջարանում կայ պատի մէջ կամ պատին կից շինուած ծալքատեղ, պահարան, երկու կամ մի փեղկով, ուր ցերեկը դարսում են անկողինները։ Մահճակալներ չկան, քնում են գետնին կամ կապէների վրայ։ Զգեստեղէնը պահում են սնդուկների մէջ, որոնցից նշանաւոր է սալվի սնդուկը՝ շինուած սալվի փայտից, որ ախորժելի հոտ ունի եւ կարծր լինելով չի թոյլ տալիս իւր մէջ ցեցերին բուն դնելու։

       Յատուկ լուացարաններ եւս չկան. մի պղնձէ կոնք, եւ մի սափոր տան փոքրերի կամ հարսի ձեռքով շրջան են կատարում ամեն առաւօտ եւ ճաշի ժամանակ։ Կոնքը ինքնատիպ է. լայն շրջանակ ունեցող մը կարճ գլանաձեւ ամանի վերայ դրուած է մի ծակ ծակ խուփ, որ բրգաձեւ բարձրանալով վերջանում է մի կլոր փոսիկով։ Այս փոսիկի մէջ դնում են սապոն, իսկ լուացուելիս ջուրը ծակերի միջից թափւում է գլանաձեւ ամանի մէջ։ Սափորները գլանաձեւ փորով, երկար վզով, գեղեցիկ կանթով եւ կեռ խողովակով պղնձէ ամաններ են, յաճախ նշխերով պատած։ 

       Լուսաւորութիւն. - Մի կէս դար առաջ ո՛չ միայն գիւղերում, այլեւ քաղաքում լուսաւորութեան համար միայն կթաւատի ձէթ էին գործածում, իսկ այժմ քաղաքում եւ մասամբ գիւղերում նաւթ են վառում, միայն չափազանց խնայողութեամբ, որովհետեւ բաւական թանգ է, ‎ֆունտը 10 կոպէկ։ Սա Բագուի նաւթն է, որ ստացւում է Տրապիզոնից։ Քաղաքի աղքատ դասակարգը եւ գիւղացիները դեռ շարունկում են ձէթ եւ կամ սեւ նաւթ գործածել կաւէ կամ թիթեղից շինուած, առանց ապակու, ճրագներով։ Գործածական լուցկին իտալական մոմէ լուցկիներն են, որ թանգ արժենալով, չեն կարողացել վերջնականապէս դուրս քշել գործածութիւնից նախապատմական կայծքարն ու կայծհանը։

       Կայն նաեւ տեղական ճարպի մոմ, որ գլխաւորապէս աղքատ քաղաքացիներն են գործածում։ Ուշագրաւ է մի հին, կաւէ մոմակալ, որ գտնուած է Վանում, սակայն սա շատ հաւանական է, որ գործածուած է կա՛մ եկեղեցում, եւ կամ հարստի տանը։ (նկ. 8)

       Ուշագրաւ է նաեւ մի հին ձիթեճրագ, որ նոյնպէս գտնուած է Վանում, եւ որի նմանը կայ նաեւ Նոր-Բայազէտում, հաւանականօրէն Հին-Բայազէտից բերուած։ Վերջինս այժմ գտնւում է Հայոց Ազգագրական ընկերութեան թանգարանում։ Սա երկաթէ եռոտանի, մի մետրաչափ ձող է, որի ծայրին ամրացրած է երկու ձիթաճրագ, իւրաքանչիւրը չորս պատրոյկով վառուող, այսպիսի երկու երեք ճրագներ էլ միացած են ձողի կողքերին, որոնց տակ, իբր զարդ՝ երկաթէ թռչնակներ են շինուած։ ( նկ. 9)

       Վառելիք. - Գիւղերում իբր վառելիք գործ են ածում քաքոր, ցան, պտտուր, ցախ եւ գազ։ Քաքորը պատրաստում են այսպէս. անասունների աղբը լցնում են տան առջեւ մօտաւորապէս 10 սանտիմետր հաստութեամբ եւ շարունակ վերայից ման գալով բաւական պնդացնում են եւ յետոյ բահով քառանկիւնի ձեւով կտրատում, 25-30 սանտիմետր մեծութեան եւ մի քիչ էլ արեւի տակ չորացնելուց յետ՝ բրգաձեւ շարում։ Եթէ թրիքը քիչ քանակութեամբ է լինում, ձեռքով փոքր ինչ շաղախում են, 15-20 սանտիմետր տրամագծով բոլորակներ շինում եւ խփում այս ու այն պատին, որ արեւի ջերմութեամբ չորանայ։ Այսպիսի քաքորները ցան են կոչւում։ Շատ զզուելի է տեսնել, թէ ինչպէս խեղճ կանայք առաւօտները վաղ ձեռքերով հաւաքում են անասունների աղբը եւ եթէ քիչ է լինում՝ ցան պատրաստում, իսկ եթէ փոքր ինչ աւելի՝ բոբիկ ոտներով կոխկրտում են, եւ ապա քառակուսի, փայտէ կաղապարի մէջ ածելով, աղիւսների պէս շարում են տան առջեւ, որ սոսկալի գարշահոտութիւն արձակելով չորանայ։ Գիւղերում 100 հատ քաքորը արժէ 7-10 ղ. (50 կ . -80 կ . Գիւղերում փայտ բոլորովին չեն գործածում, այլ միայն ցախ՝ չորացած ճիւղեր, այն էլ միայն այն նպատակով, որ սրանց բոցով քաքորը կպչի։ Սակայն այս ցախը եւս այնքան հեշտութեամբ չի վառւում, որովհետեւ յաճախ թաց է լինում, ուստի եւ գործ են ածում գազ կոչուած փուշը (Spina Hirci)։ Ընդհանրապէս գիւղերում, ուր նաւթի գործածութիւնը չափազանց խնայողութեամբ է կատարւում, կրակ անելը բաւական դժուար է, ուստի եւ գրեթէ միշտ թոնրի մէջ կրակ են պահում, որպէս զի նրանից անմիջապէս կպցնեն։ Այս պատճառով, վառած թոնիրը հանգչելիս մի կիսավառ քաքոր մոխրով ծածկում են, որը մեծ դանդաղութեամբ վառուելով գրեթէ մի ամբողջ օր վառ է մնում։ Թոնիրը կրկին վառելիս երկաթէ մի երկար ձողով, որ անթրոց է կոչւում, բաց են անում այս մոխրաթաղ կրակը, վերան մի երկու ցախ եւ քակորներ դնում ու այսպիսով հեշտութեամբ վառում։ Այս մոխրաթաղ քաքորը անթեղ է կոչւում։

       Ածուխ գիւղերում գրեթէ բոլորովին չի գտնւում։

       Գիւղերում բնակարանը տաքացնելու նպատակով չեն վառում, նրանք ապաստանում են ախոռներում, կենդանիների ջերմութեամբ տաքանալու եւ կամ, երբ հաց թխելու , կամ կերակուր եփելու նպատակով վառուած թոնիրը հանգչում է՝ քիւրսի են դնում, այսինքն թոնրի բերնին դնում են մի քիւրսի, (քառակուսի, չորս ոտնանի ցածր սեղան ) վերան ձգում տնփիկ (ցնցոտի ) եւ բրդի մի լհէ‎ֆ (վերմակ Տաքանալ ցանկացողները կախ են անում ոտները թոնրի մէջ եւ լհէֆով ծածկում իրենց կողքերը։ Ոտները տաքանում են, իսկ մէջքը, մանաւանդ երբ դէպի դուռն է ուղղուած լինում, մրսում է։

       Հերթիկից, որ միշտ բաց է լինում, ցուրտ, մաքուր օդը շարունակ ներս է թափանցում եւ փոքրիկ տարածութեան մէջ մեծ բազմութեամբ հաւաքուած լիուլի թթուածին մատակարարում։

       Ծանում վառում են կա՛մ քաքոր եւ կամ փայտ ու ծառի արմատներ։ Վառարանների մեծագոյն մասը թիթեղեայ հասարակ վառարաններ են։ Կան նաեւ մանկալներ։

       Դռները մեծ մասամբ մի փեղկանի են , իսկ վերջին ժամանակներս շինուածներն երկփեղկանի։ Դարպասներն ամրակուռ, հաստ, միափեղկ եւ երկփեղկ դռներ են, վերեւի մասում քսան սանտիմետր բացուածքով, որ պատած է երկաթէ վանդակով. սա ծառայում է թէ որպէս լուսամուտ եւ թէ, կարեւոր դէպքում , իբր դիտարան։ Դարպասի վրայ կախուած է երկաթէ ձկիկ, սովորաբար մի երկաթէ մուրճ, որ յանկում է մի, նոյնպէս երկաթէ, սալի վրայ։ Երբ ուզում են իմացնել դուռը բացանելու՝ բարձրացնում են մուրճը եւ խփում սալին . - բարձր, անախորժ թխկոցներ են բարձրանում։ Երբեմն այս ճկիկները ներկայացնում են մարդկային ձեռք՝ մի գնդակ բռնած։

       Հին տների դռների յետեւ կան սողնակ . - 10 սանտիմետր հաստութեան քառանկիւնի մօտ 1 եւ կէս մետր երկարութեան մի փայտ է, որ անց է կացրած դրան կողքի մի պատի մէջ։ Երբ կամենում են դուռը փակել՝ այս սողնակը քաշում են եւ ծայրը անցկացնում միւս պատում յատուկ պատրաստուած ծակի մէջ, այսպիսով այս սողնակը առիշեղ պատերով դուռը՝ թոյլ չի տալիս բացուելու։ Այժմ սրա փոխարէն երկաթէ չըխկ, փականք . են շինում, որի մի ծայրն ամրացած է դրանդիի վրայ, եւ կախ է ընկած. երբ ուզում են փակել՝ միւս ծայրը, որ կարթաձեւ է կամ ծակ ունի եւ վերան մի կարթ, ձգում են միւս կողմի դրանդիի օղակի մէջ։