Վասպուրական. Ազգագրութիւն. - Ա. Վան. Տոսպ Եւ Հայոց-Ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

       Հասակ - Սովորաբար երիտասարդը 18-25 եւ աղջիկը 16-22տարեկան հասակումն է ամուսնանում, սրանից աւելի բարձրը՝ մանաւանդ աղջկայ վերաբերմամբ՝ անցած, դախացած, է համարւում։ Երիտասարդին զգուշանում են մատաղահաս աղջիկ տալու, աղջկանն էլ իրանից փոքրահասակ երիտասարդ դժուարանում է առնել։ Առհասարակ աշխատում են, որ երիտասարդն աղջկանից հասակաւոր լինի, եւ այն էլ ոչ աւելի քան 5-10 տարի։ Տարիքաւոր աղջիկը կամ երիտասարդը յաճախ ամուսնանում է այրու հետ։

       Խնամութեան աստիճաններ - Թէպէտ եկեղեցական կանոնադրութեամբ պահանջւում է, որ ամուսնացող զոյգը իրերուց ազգակցութեան եօթ եւ խնամութեան հինգ աստիճանով հեռու լինեն, սակայն պատահում է, որ շատ աւելի մոտիկ են լինում եւ այսպիսի դէպքերում կարողանում են կամ կաշառելով պսակի թոյլտւութիւն ստանալ, կամ բողոքականութիւն ընդունել եւ կամ, որ շատ հազուադէպ է, մահմեդական դառնալ, ինչպէս օր. մսան տարի առաջ Ադօմաղենց ցեղից հօրեղբօր որդու եւ հօրեղբօր աղջըկայ միջեւ տեղի է ունեցել։ Աւելի խիզախները կաշառում են մի քահանայի եւ պսակի խորհուրդը կատարել տալիս թոնրի վրայ։ 

       Ամուսնացողները ըստ ազգութեան - Օտարազգիների հետ ամուսնութիւն շատ հազուադէպ է եւ միշտ ահագին դժուարութիւնների հետ կապուած, որովհետեւ կախուած է կրօնափոխութեան խնդրի հետ։ Ո՛չ հայը եւ ոչ էլ թուրքը թոյլ չի տալիս, որ իրենցից մինը կրօնափոխ լինի, կամ նա ժառանգները ուրիշ կրօնի պատկանին՝ ինչ է նա պիտի ամուսնանայ մի օտարազգու հետ։ Դեռ էլի պատահում են դէպքեր, որ հայ աղջիկները բռնութեամբ փախցնում են թուրքերն ու քրդերը եւ ամուսնանում նրանց հետ՝ ստիպելով հաւատափոխ լինել, սակայն թուրք խուժանը սաստիկ խըստութեամբ է վերաբերւում դէպի այն թրքուհին, որ կը համարձակի սիրել մի հայի, այսպէս ինքս պատահեցի մի հայ վանեցու, որ մեկնում էր արտասահման, յուսալով ազատուել մահուան սպառնալիքից, քանի որ մի թրքուհի սիրահարուել էր իւր վրայ։

       Հազիւ է պատահում նաեւ, որ լուսաւորչական հայը ամուսնանր կաթոլիկ կամ բողոքական հայի հետ, եւ այս դէպքում գրեթէ միշտ երիտասարդի եկեղեցումն է կատարւում պսակը, սակայն կաթոլիկ եւ բողոքական միսիօնարակն միաբանութիւններն իրենց դպրոցների հաւատակից որբ սանուհիներին ստիպում են ամուսնանալ միայն այն երիտասարդի հետ՝ որ իբրեւ ապացոյց իւր սիրոյն՝ կը զռհէ նաեւ իւր կրօնը։ Սակայն լինում են դէպքեր, որ երիտասարդները դրժում են իրենց խոստումը եւ իրենց զաւակներին մկրտում են լուսաւորչական եկեղեցում։

       Ամուսնացողներ ըստ տեղի դասակարգի - Վանեցիները գերադասում են ամուսնանալ իրենց ծննդավայրի բնակիչների հետ, ուստի եւ երկար պանդխութիւնից յետ վերդառնում են ծնընդավայրը, ամուսնանում, մի առժամանակ մնում եւ ապա կրկին պանդխտութեան ցուպը ձեռներն առնում։

       Վանեցի աղջիկը եւս շատ չի ախորժում ամուսնանալ մի օտար երկրացի հայի հետ, որ «կատուի նման իւր ձագերը բերանն առած » երկրից երկիր պիտի անցնի։

       Քաղաքացին չի առնում գիւղացի աղջիկ՝ արհամարհելով նրան, գիւղացին չի ուզում քաղաքացի աղջիկ, պատճառաբանելով, թէ նրա քիթը բարձր է, գիւղացու դռնից ներս չի մտնիլ։ Սակայն քաղաքացին ուրիշ քաղաքացու, գիւղացին ուրիշ գիւղացու հետ խնամութիւն անում է։

       Դասակարգային խտրութիւնն էլ բաւական մեծ արգելք է ամուսնական միութիւնների. շատ հազիւ է պատահում, որ հարստի տղան աղքատի աղջիկ ուզէ, եւ կամ գզիրի որդին տանուտէրի փեսան դառնայ։ Տեղական առածն ասում է.

       Արե կնտի քե խնամի,
       Որ պոչ քո պոչին հմանի,
       Մ‏՚էրթայ կնտնի քե խնամի
       Որ Մասիսայ սար հմանի։

       Պէտք է որոշ արատներ եւ կամ մեծ առաւելութիւններ ունենան իրենց դասակարգից դուրս գալու համար։

       Սովորաբար կոյսը կոյսի եւ այրին այրու հետ է ամուսնանում է միայն այն դէպքում, երբ որոշ արատներ՝ հասակի մեծութիւն, աղքատութիւն, ֆիզիքական պակասութիւն խանգարում են կոյսի հետ ամուսնանալու։ 

       Օրորոցախազ . - Այս սովորութիւնը հնումը եղել է Վան քաղաքում, եւ այժմ էլ պատահում է գիւղերում . - Երկու գերդաստաններ, որ միմեանց սէր, յարգանք են տածում, ցանկանալով իրենց սէրը բարեկամական կապով շաղկապել, ուխտում են իրենց զաւակներին միմեանց տալ, եւ այս նպատակով էլ նրանց օրօրոցների վրայ խազ են քաշում, իբրեւ նշան նշանադրութեան։ Երբեմն պատահում է, որ այս ուխտը անում են դեռ երեխաները չծնուած։ Այսպէս նշանադրուած երեխաները միմեանց հետ խաղալով մեծանում են եւ արբունքի հասած միջոցին ամուսնանում, եթէ որ մի երրորդը սրանցից մինի սիրտը չի գրաւում եւ խորտակում սրանց երջանկութիւնը։

       Ամուսնութեան զանազան դէպքեր . - Պատահում են դէպքեր, որ նշանուած տղան վախճանուած միջոցին, նրա եղբայրն է ամուսնանում սրա հարսնացուի հետ, եւ կամ հարսնացուն մեռած դէպքում, սրա քոյրն է փոխարինում նրան, եւ այս՝ գլխաւորապէս այն պատճառով, որ արուած ծախսերը իզուր չկորչեն։

       Եղբօր այրու հետ գաղտնի կենակցութիւնը այս կողմերումն էլ երբեմն տեղի է ունենում։

       Պատահում է, որ տան ծառան եւ կամ խանութի գործակատարը դառնում են տան փեսայ եւ այս շնորհիւ այն հանգամանքի, որ վերջինս գաղտնի կերպով կարողանում է գրաւել տան աղջկայ սիրտը եւ նոյն իսկ՝ յարաբերութիւն է ունենում, յուսալով այս միջոցով ստիպել իւր տիրոջը՝ իրեն փեսայացնելու։ 

       Ամուսնալուծութիւն- Ամուսնալուծութեան դէպքեր չափազանց հազուադէպ են. որչափ եւ ծանր լինի ամուսնական լուծը, այնուամենայնիւ կրում են, թոյլ տալով իրենից ապօրինի կենակցութիւն։ Ժողովրդի հայեացքը դէպի ապօրինի կենակցութիւնը չափազանց խիստ է, միայն մի դէպքում բաւական մեղմանում է, երբ յառաջանում է օրինաւոր կնոջ ամլութիւնից։ Նոյն իսկ ինքը, օրինաւոր կինը, հաշտւում է իւր ճակատագրի հետ, երբ իւր ամուսինը յաճախ միեւնոյն յարկի տակ պահում է մի ուրիշ կին եւս՝ ժառանգ ունենալու յուսով։ 

       Ոտք կապել - Վանեցի երիտասարդները պանդխտութեան պատրաստուելիս՝ սրանց ծնողներն աշխատում են սրանց նշանել, որպէս զի այսպիսով դրանց ոտքը կապած լինեն իրենց ծննդավայրի հետ, կամ բոլորովին չպանդխեն եւ կամ պանդըխտութեան գնացած միջոցին էլ շուտով վերադառնան։

       Այսպէս ոտքը կապուած պանդուխտների վրայ ծանրանում է նաեւ այն հոգսը, որ պարտաւոր են տարեկան 4-5 ոսկի (40-50ր ) էլ իրենց նշանածի հօրն ուղարկել նշանածի վրայ ծախսելու, նրա ապրուստը հոգալու։

       Հարսնացուի ընտրութիւնը - Հնումը երիտասարդի ծնողներն էին ընտրում հարսնացուն, եւ պսակում էին առանց տղայի կամքը հարցնելու։ Եղել են շատ դէպքեր, որ տղան հարսնացուի երեսը տեսել է միայն առագաստի գիշերը։ Այժմ էլ գրեթէ նոյն վիճակի մէջ է մի քանի գիւղերում, իսկ քաղաքում եւ սրա շրջակայ գիւղերում երիտասարդներն ու աղջիկներն սկսել են միմեանց հետ տեսնելու, «սէր կապել » եւ իրենց ձայնը լսելի դարձնել իրենց ծնողների առաջ, երբ վերջիններս ամուսնութեան խնդիրը կըցանկանան յարուցանել։ 

       Ընդհանրապէս հաւատում են, որ ամուսնու ընտրութիւնը ճակատագրական է, որ նախապէս Նախախնամութիւնից որոշուած է, թէ որ աղջիկը որ տղի «ղսմաթն » է, հետեւապէս եւ կարիք չկայ մանրակրկիտ լինելու, շատ չարչարուելու, եթէ ղսմաթ է, ինքն իրեն կը յաջողուի, իսկ եթէ ղսմաթ չէ, ամէն ջանք ապարդիւն կանցնի։ Իբրեւ ապացոյց իրենց այս համոզման, պատմում են, թէ մի նախրորդ ստիպում է իւր մօրը գնալ թագաւորի աղջիկը իւր համար ուզել։ Մայրը գնում է եւ փոխանակ ուզելու, գանգատւում է իւր որդուց , թէ ինչպէս խելքը կորցրել է եւ իրան ստիպում է գալ թագաւորի աղջիկը ուզել։ Եւ երբ վերադառնում է տուն, պատմում է որդուն, որ իրեն անպատուելով դուրս արին թագաւորի պալատից, երբ իւր այդ խիզախ առաջարկը լսեցին։ Նախրորդը մի ուրիշ պառաւ է գտնում եւ նրան ուղարկում խնամխօս։ Սա գալիս նստում է թագուհու մոտ եւ մինչեւ երեկոյ խօսում զանազան նիւթերի մասին եւ նոյն իսկ վատաբանում, ծաղրում նախորդին։ Երեկոյեան թագուհին եւ այս պառաւը միասին գնում են բնական կարիքը կատարելու, այս տեղ, այսպէս պըպըզած միջոցին պառաւն ասում է. «Թագուհի, ապրած կենայ, միտքս մի բան ընկաւ, էն նախրորդ քո աղջիկ կուզի, Աստծու մօտ թահաւոր ու նախրորդ հաւասար ի, ես կասեմ թէ պալքի կսմաթ ի, որ թագաւորի աղջիկ նախրորդի տղին հետ իրիկ կնիկ էլնեն »։ Թագուհին այդպէս պըպըզած միջոցին էտ խօսքին կանմիշ կէլնի եւ խօսք կուտայ։ Պառաւ իւր թումպան քաշերէն կը վազի մօտ նախրորդի լաճ աւետիս կուտայ։ 

       Հարսնացուի ընտրութեան խնդրում երիտասարդից շատ աւլի մեծ դեր խաղում էին ազգական եւ դրկից պառաւ կանայք, որոնք շրջապետոլվ տղայի մօրը՝ գովաբանում են իրենց թեւարկած աղջկան հազար ու մի գովքով . - Շատ աղէկ աղջիկ ի, շատ էլ անկալատ ի (անարատ ), զուլալայ երես, սիւրահի (օղիի բարձր շիշ ) պաժ (ծամ ), պիօշ (առատ ) ծամեր, աչք ունքն մարդ կը տանի խելաց. ըսկում (այնպէս ) էլ խնազանդ ի, որ էրկանք աղաս վէր գլխուն՝ ծէն (ձայն ) չի խանէ, կիշեր ցէրեկ քուն դադարում չունի՝ րպուհ (բու ) ասես, հըմէն խունար ձեռիցը կուգայ, պռուկ մը ունի կասես շաքրով շաղատուկ ի, խէր մէրն էլ խօ կասես շաքարի պէս ին. մարդամուտ, բարեկամասէր , աստուածավախ։

       Այս պառաւների միջամտութիւնը ահագին ազդեցութիւն է ունենում, ուստի եւ տեղական առածը ասում է. Երբ տիւռ (դուռ ) դրկեց կամենայ, կաղ, կոր (կոյր ) կը հարսնանայ։

       Աղջիկ տալու խնդրումն էլ ազգական եւ դրկից կանանց, մանաւանդ քեռեկնկայ, քեռու (մօրեղբայր ) կարծիքները ծանրակշիռ են։

       Աղջիկտես . - Հնումը բացայայտ կերպով, իսկ այժմ մի որեւէ պատրուակով երիտասարդի մայրը մի քանի ազգական կանանց հետ գնում է այն աղջկայ տունը, որին կամենում է հարսնացնել, յատկապէս նրան զննելու եւ քննելու։ Աղջկայ մայրը հասկանալով գալու բուն նպատակը, անմիջապէս զարդարում է իւր աղջկան, մազերը գեղեցիկ հիւսում, աչքերը սեւ դեղդիրով (ծարերով ) ներկում, մազխիլով երեսի մազերը քաշում, կարծր շալով շփում երեսը եւ կամ բարկ թոնրի վրայ գլուխը կախած մի քանի րոպէ պահում, որպէսզի երեսը կարմրի, բերանը լաւ լուանալուց յետոյ համեմաւոր նիւթեր, օր. մեխակ, ծամել տալիս, որ բերանից անուշ հոտ բուրէ եւ ապա առաջ է տանում։ Շուարած եւ յուզուած աղջիկը չոքում է եկած կանանց առաջ, համբուրում նրանց ձեռքերը, դնում իւր գլխին եւ ապա կրկին համբուրում։ Կանայք էլ սրա այրտերն են համբուրում եւ յառած դիտում, զննում նրան։ Տղայի մայրը սովորաբար մի փունջ ծաղիկ էր ընծայում նրան՝ եթէ գարուն էր, կամ մի նուռն՝ եթէ ձմեռ։ Հնումը աղջկատես եկած կանայք առանց նեղուելու՝ սկսում էին յայտնի կերպով զննել, քննել աղջկան, քայլել էին տալիս, ձեռները վերեւ բարձրացնում, մի շիւղ էին ցոյց տալիս, որ վերցնի, շատ ցածր ձայնով բան էին խնդրում, որ կատարի, ասեղ ու թել էին տալիս որ թելի։ Երբեմն նոյն իսկ բաց էին անում կուրծքը, ոտները նայում։ Վերջ ի վերջոյ եթէ հաւանում էին, տղայի մայրը մի շարոց ոսկի ձգում էր հարսնացուի վիզը եւ կամ մի արծաթէ կամ ոսկէ մատանի դնում նրա աջ ճկոյթը , նախապէս առնելով նրա ծնողաց համաձայնութիւնը։ Անմիջապէս հարսնացուն իւր ձեռով օղի էր բաշխում, որ բարեմաղթութիւններով խմում էին, ապա հիւրասիրում էին ճաշով, եթէ նոյն իսկ ճաշի ժամանակ էլ չլինէր։

       Իսկ եթէ աղջիկտես եկողները աղջկան չէին հաւանում, առանց միորեւէ բան ուտելու կամ խմելու՝ հեռանում էին։

       Նշանօրհնէք - Աղջկատեսից մի քանի օր կամ շաբաթ յետոյ նշանադրուած տղայի եւ աղջկայ ծխատէր քահանաները մի մի վկայի հետ առնելով սրանց համաձայնութիւնը միմեանց հետ ամուսնանալու՝ գնում են առաջնորդարան եւ այս մասին յայտնում կրօնական ժողովին։ Այստեղ քննում են նշանադրուողների ազգակցական կամ խնամիական աստիճանները եւ եթէ չհասութիւն չեն նկատում, արձանագրում են մի առանձին մատեանի մէջ։ Փեսացուի ծխատէր քահանան տալիս է կրօնական ժողովի նախագահին - առաջնորդին - սովորաբար մի արծաթէ տուփի մէջ դրած եւ մետաքսէ թաշկինակով փաթաթուած մատանի, որ ստացած է լինում փեսայացուի ծնողներից։ Առաջնորդը օրհնում է այս մատանին եւ յանձնում հարսնացուի քահանային, որ տանում տալիս է հարսնացուի ծնողներին։

       Այս ծիսակատրութեամբ աղջկայ ու տղի նշանադրութիւնը կատարուած է համարւում եւ շատ հազիւ է պատահում, որ մինը խուսափէր ամուսնանալուց, առանց չափազանց յարգելի պատճառներ ունենալու։ 

       Պէտք է նկատել նաեւ որ եթէ տղայի կողմից ետ կանգնեն եւ չկամենան պսակուել՝ հարսնացուին տրուած ընծաները եւ նշանի մատանին յետ չեն տրուիլ, իսկ եթէ աղջկայ կողմից լինի այս դրժումը՝ յետ կը տրուեն։ 

       Նշանդրէս - Նշանօրհնէքից յետոյ երբեմն քղաքացւոց մէջ նշանդրեսի հրաւէր էլ է կատարում։ Փեսացուի հայրը իւր երկու սեռի ազգականների ու բարեկամների հետ գնում է հարսնացուի տունը, տանելով իւր հետ հարսնացուի համար ընծաներ՝ ժամացոյց, ապարանջան , մանեակ եւ այլն։

       Հանդիսաւոր ընդունելութիւնից յետոյ՝ քաւոր խնդրանօք հարսնացուն զարդարուած ւ քողով ծածկուած մի հարսի առաջնորդութեամբ առաջ է գալիս եւ համբուրում խնամի հրաւիրեալների ձեռքերը եւ ապա, բարեւ բռնած կամ ձեռքը սրտին դրած կայնում։ Խնամին տալիս է բերած նուէրները , քողը վերցնում երեսից եւ խնդրում հրաւիրեալներին մի մի բաժակ օղի հրամցնել, որից յետոյ կրկին քողարկւում է եւ փեսայացուի հետ նստում մի բարձի վրայ։ Այդ երեկոյի խօսակցութեան գլխաւոր առարկան հարս ու փեսայի բարեմասնութիւններն են կազմում, հարսնացուի բարեկամները հազարաւոր գովքեր են թափում հարսնացուի մասին, շեշտելով, որ նա ա՛յն աստիճան հնազանդ է, որ «երկանքի քարն աղաս գլխին՝ ձէն չի խանէ »։ Փեսայի բարեկամներն էլ փեսային են գովում շեշտելով նրա ճարպկութիւնը առեւտրի մէջ, պատմելով նրա քրդերին խաբելու հնարագիտութիւնները։

       Շուտով մատուցւում է ընթրիք, նախ տղամարդիկ եւ ապա կանայք առանձին ընթրում են եւ ցրւում։ 

       Նշանդրեսից յետոյ փեսացուն իրաւունք է ստանում ժամանակ առ ժամանակ այցելել իր հարսնացուին, մինչդեռ հնումը այս խստիւ արգելուած էր. նշանաւոր տօներին նա ընծաներ է տալիս հարսնացուին, որ մնացորդ է այն սովորութեան, որ հնումը փեսայացուի տնից փայ կամ բաժին էր ուղարկւում հարսնացուի տունը։

       Նշանադրուած մնում են 2-6 ամիս, երբեմն եւ մի տարի։ Հարսանիքները տեղի են ունենում գլխաւորապէս աշնանը եւ ձմրանը, մանաւանդ բարեկենդանին։

       Կտրուածք. - Գիւղերում փեսայացուի կողմից մի գումար է տրւում հարսնացուի ծնողներին՝ օժիտ պատրաստելու նպատակով։ Այս գումարի քանակը որոշելու համար փեսայացուի հայրը մի քանի բարեկամ տղամարդկանց հետ գնում է հարսնացուի տունը, որ ճաշով հիւրասիրուելուց յետոյ երկար սակարկում է եւ վերջի վերջոյ որոշում են 4-25 ոսկի (30-160 ր . ) եւ մի քանի նուէրներ տալ հարսնացուի ծնողներին ու բարեկամներին։

       Մաղաքում առաջները հարսանիքից ութ օր առաջ փեսայացուի հայրը մի նամակով յայտնում էր հարսնացուի հօրը հարսանիքի օրը։ Այս նամակի մէջ ուշագրաւ են հետեւեալ բառերը. «Աստուած ձեզ ամօթով չանի, դուք ալ մեզ ամօթով չանէք մեր տոստ, դիւշմանի առջեւ »։ Այս խօսքերի իմաստն այն է, թէ հարսնացուի օժիտն այնպէս պատրաստէք, որ մեր բարեկամները չտխրեն եւ թշնամիները չուրախանան։

       Այն օրը հրաւիրագրեր են գրւում նաեւ քաւորին, մի գլուխ շաքարի հետ, չորեքշաբթի օրը հրաւիրում են բարեկամ կանանց իսկ շաբաթ օրը՝ տղամարդկանց։ Հնումը փոխանակ հրաւիրագրի, մի մարդ էր ուղարկւում, որ մի փունջ ծաղիկ կամ մի խնձոր եւ կամ մի նուռ տալով բերանացի հրաւիրում էր, ինքն էլ մի որեւէ նւոէր ստանում հրաւիրեալից։

       Տաշտադրէս . - Այս սովորութիւնը Վանում գրեթէ դադարել է, եւ միայն գիւղերումն է տեղի ունենում։ Հարսանիքի չորեքշաբթի օրը, փեսացուի մայրը հրաւիրում է իւր ազգական կանանց եւ սրանց ներկայութեամբ մաղել տալիս հարսանիքի հացի ալիւրը։ Տաշտը դրւում է տան մէջ տեղը, շուրջը վառւում են մոմեր, հրաւիրուած նուագածուներն սկսում են նուազել, եւ հացթուխը մազը ձեռին պարում է տաշտի շուրջը եւ ապա սկսում ալիւր մաղել, ասելով. «Շնորհ լցէք »- Նախ փեսացուի մայրը եւ ապա հրաւիրեալ կանայք մի քանի ղուրուշ են ձգում մազի մէջ՝ իբր նուէր։ Հացթուխը վերցնում է եւ հազար ու մի բարեմաղթութիւններով սկսում մաղել, իսկ տղաներն ու աղջիկներ տաշտի շուրջը պար բռնած պարում են։ Հրաւիրեալ կանայք հիւրասիրուելուց յետոյ ցրւում են, իսկ միքանի մօտիկներ մնում են օգնելու։

       Հարսանիքի նախորդ օրը փեսայացուի տնից ուղարկւում է հարսնացուի տունը «թապախը » իբրեւ վերջնական նշան հարսանիքի հրաւէրի։ Թապախը պատրաստում է այսպէս. մի մեծ մատուցարանի մէջ շարում են գունաւոր թղթերով եւ մետաքսէ թելերով փաթաթուած շաքարեղէններ, կամիր խնձորներ, նըռներ, լիմոններ, ծաղիկներ, մի գլուխ շաքար եւ ծածկում մի նուրբ շալով։ Մօտիկ անցեալում թապախի հետ ուղարկում էին նաեւ երկու մետրանոց մի հաստ ծաղկեզարդ կերոն, որ վառում էին հարսանեկան երթի միջոցին եւ վերջը նուիրում եկեղեցուն։ Շատ հին ժամանակները սովորութիւն է եղել, որ քաւորը ձեռին մի թուր է ունեցել, եւ երբ թագաւորը մի որեւէ շէմքից կամեցել է անցնել, սա թրի ծայրը խրել է կամարակալ փայտին , որպէսզի թագաւորը այս թրի տակով անցնի եւ ազատ լինի չարքերի ազդեցութիւնից։ Երբ տաճիկներն արգիլել են հայերին իրենց մոտ զէնք պահել, հարսանիքների միջոցին սկսել են մի որեւէ թուրք զինուորից վարձով վերցնել, եւ որովհետեւ թուրը մահմեդականի լինելով պիղծ է համարուել, նախ օրհնել են եւ ապա գործածել։ Ծերունիների ասելով մեզանից կէս դար առաջ Վանի մեծամեծներից մինի, Ախիճան Ղարասե‎ֆիրեանի, կարգադրութեամբ այս թուրի փոխարէն սկսել են մեծ կերոն գործածել, ուստի եւ այժմ էլ այդ կերոնը թրի մոմ է կոչւում, այս կերոնի գործածութիւնն էլ վերացել է։ Գիւղերում տեղ տեղ մնացել է թրի գործածութիւնը։

       Ազպանստում . - Պսակի նախորդ օրը հրաւիրւում են փեսայացուի երիտասարդ ընկերները, որոնք փոքր ինչ խմելուց յետ, աճուրդի են դնում «ազապպաշու փէտը », որի գնողը դառնում է ազապպաշի։ «Ազապպաշու փէտը » մի ձեռնափայտ է, թիթեղի կտորներով զարդարուած եւ գլխի մօտ մոմակալներ շինուած, ուր մեղրամոմեր փակցնելով ազապպաշին ձեռն է առնում։ Ազապպաշին համարւում է հարսնեւոր ամուրի երիտասարդների պետը, եւ հարսանեկան գնացքի առաջնորդը եւ հիւրասիրութեան վերահսկիչը. բոլոր ծառաները նրան են հպատակւում եւ ուտել խմելու վերաբերմամբ եղած պահանջները հարսնեւորների կողմից նրան են ուղղում։ Աճուրդը կատարւում է այսպէս, քահանան, եթէ ներկայ է, եւ կամ քաւորը վերցնում է ազապպաշու փէտը եւ ձայն տալիս, ով է ուզում առնել։ Մինը վերցնում է եւ գետին խփելով բղաւում. Տուի Շահբալի մի պոզիկ (գաւ ) գինի, բէշբարմաղայ մի լիտր ժաժիկ, բուղունով (կանանչով ) մի չափ սոխ։ Մի ուրիշն առնում է նրա ձեռիցփայտը, աւելի ուժով խփում գետնին եւ բղաւում։ Տուի երկու գաւ գինի եւ այլն։ Այսպէս պատւում է այդ փայտը հարուածներ ուտելով՝ մինչեւ որ քահանան մի պահպանիչով յանձնում է ամենից աւելի առատ նուէր տուողին։ Սա վերցնում է փայտը կեցցէների եւ ծափահարութեան աղմուկի մէջ եւ բոլորովին լռեցնում՝ ստիպելով համբուրել այդ փայտը՝ մի նշան հպատակութեան։ Փայտի աճուրդի պատճառով խոստացուած ուտելիքն ու խմելիքը տրւում է ազապներին, որոնք պսակից յետոյ կրկին հաւաքուելով քէ‎ֆ են անում։ Երբեմն ազապպաշուց երաշխաւոր էլ էին պահանջում, որ խստացածները տայ։

       Հինադրէս - Հնումը Վան քաղաքի մէջ, իսկ այժմ միայն գիւղերում, այն էլ ոչ բոլոր, կատարւում է հինադրէսի հանդէսը։ Ազպանստումի երեկոյեան փեսայի տանից սովորաբար փեսայի քրոջ կամ մի հարսի գլխին դրած հինան դիւֆ ու զուռնի առաջնորդութեամբ ազապները տանում են հարսնացուի տունը։ Հինան շաղախուած, մի ափսէի մէջ է լցուած լինում եւ դրուած մի մեծ մատուցարանի վրայ, որի եզրերին փակցրած են վառուած մոմեր։ Հինայի ափսէի շուրջը ածուած է լինում զանազան շաքարեղէններ եւ մրգեր։ 

       Հարսնացուի տանը հինաբերողը հինայի մատուցարանը գլխին դրած պար է գալիս, եւ ապա հինան տալիս տնեցիներին՝ նախապէս մի նուէր ստանալով, Անմիջապէս առաջ են բերում հարսնացուին, գլխին երկու հաց դնում խաչաձեւ ու բղաւում։ «Աստուած շատ հաց տայ » եւ ապա հարսնացուի ձեռներին հինայ դընում։ Բոլոր կանայք եւս , բացի սգուորներն ու պառաւածները, հինայ էին դնում։

       Փեսացուի տանը եւս փեսացուն իւր ձեռնեը, հինայ էր դնում։ Ազապպաշին էլ իւր փայտի ծայրն էր հինայոտում։

       Փեսային սափրելու ծէսը - Պսակի օրը, երբ հարսնեւորները սկսում են հաւաքուել, հրաւիրում է սափրիչը՝ փեսացուին հանդիսաւոր կերպով սափրելու։ Փեսայացուն համբուրում է իւր ծնողների եւ քաւորի ձեռքը եւ նստում սենեակի կենդրոնում, շրջապատուած երկսեռ հարսնեւորներով. նուագախումբը սկսում է նըւագել. սափրիչը առատութեամբ քսում է սապոն մորուսին եւ բարձր ձայնով ասում. «Օրն էն օրն էլնի, որ մեր թագաւորն ծերանայ էսպէս ճերմակամորուս էլնի »։- Ամէն, ամէն, ձայնում են հարսնեւորները։ - Սափրիչը նորից ձայն է տալիս։ «Թագաւորի հէր ումէր, ածելին չի կտրեր, սրել կուզէ »։ Թագաւորի ծնողները դրամական նուէր են տալիս։ Գիւղերում սափրիչը, մանաւանդ հնումը մորուսը եւ գլոխը սափրելիս ածուների նման տեղ տեղ մազերը թողնում էր եւ ապա «ծախում » այսինքն հարսնեւորներից նուէրներ առնելով ածելում, այժմ ածելում է եւ ապա իւր հայելին հարսնեւորների առջեւ պըտըտեցնելով նուէրներ խնդրում։ Հարսնեւորները 1-2 -5 ղուրուշ դրամ են դնում հայելու վրայ։ Այս միջոցին գիւղերում քաւորը ծաղիկներով զարդարուած մի խնձոր մետաքսէ կարմիր թաշկինակով բռնում է եւ տալիս թագաւորին, որը մեծ մասամբ բերնին դրած պահում է հարսանիքի ամբողջ ընթացքում եւ միայն էգբարեւի ժամանակ քահանային տալիս։ Մօտիկ ազգականներից ոմանք էլ գուլպա կամ ֆէս են նուիրում թագաւորին։

       Երբ սափրիչը աւարտում է սափրելը, հարսնեւորները ասում են. «Աստուած շնորհաւոր անէ, մէկ էլ չտեսնես էս օրեր » այսինքն կրկին չամուսնանաս։ Ծնողները եւ մոտիկ ազգականներ մօտենում են եւ համբուրում են փեսայացուին։

       Հալաւօրհնէք - Սափրուելու ծիսից յետոյ քահանան օրհնում է թագաւորի շորերը եւ տալիս ազապպաշուն, որ տանի թագաւորին հագցնէ։ Ազապպաշին ազապների հետ առանձնանում են մի ուրիշ սենեակ եւ սկսում թագաւորին հագցնել։ Ամեն մի շոր հագցնելիս՝ երեք անգամ պտտեցնում են թագաւորի գլխով եւ բղաւում. «Բարով վայելէ թագաւոր »։ Հանդիսականները կրկնում են. «Հազար բարով վայելէ »։ Այս միջոցին թագաւորի մայրը պար է գալիս, իսկ ազապները երգում են.

       Մեր թագաւոր զարդարեցին,
       Զարով զարբաւներ հագուցին
       Հայոց նշան էր,
       Տէր պահապան էր,
       Սուրբ Կարապետ արեւն օրհնէր,
       Տէր մարդասէր թող պահպանէր։
       Մեր թագաւորն զարդարեցին,
       Հայոց օրէնք օրէնք էր,
       Մեռելյարոյցն արեւն օրհնէր,
       Տէր պահապան էր։
       Մեր թագաւորն էր խաչ,
       Խաչն ի ծոց խաչ ու մաչ,
       Ջղէն էր կարմիր, հայ կարմիր,
       Արեւն էր կարմիր, հայ կարմիր։
       Պսակն էր կարմիր, նարօտն էր կանաչ,
       Ջիւբէն էր կարմիր, արեւն էր կանաչ,
       Արեւ վառ մընէր մեր թագաւորին,
       Աստուած պահպանէր մինչի օրն վերջին։
       Գօտիկն էր կարմիր, կարէն էր կարմիր,
       Սօլերն էր սըրմայ, արեւն էր կարմիր,
       Կարմիր հայ կարմիր թագուհուն բարեւ,
       Թագուհուն արեւ, ամենին բարեւ։

       Թագաւորի շորերը հագցնելիս ազապներն աշխատում են թագաւորի կօշիկը կամ մի ուրիշ հագնելիք գողանալ, որպէսզի ազապպաշին ամօթահար՝ իր հսկման մէջ թերանալու վերաբերմամբ, ստիպուի մի նուէր տալ եւ առնել։

       Հանդերձ հագցնելու ամբողջ ընթացքում կնքահօր կողմից եկած երկու երեխաները ձեռներին թրի մոմերը բռնած կանգնում են թագաւորի երկու կողմը։

       Խարսիխուր . - Թագաւորի հանդերձը հագցնելուց յետոյ հարսնեւորներից առաւելապէս մօտիկներն ու պատուաւորները սովորաբար կառքերով եւ ձիով, ոմանք էլ հետի թագուորի ու նրա հօր հետ գնում են հարսնետուն։ Առաջին, պատուաւոր կառքում նստում են թագուորի հայրն ու քաւորը, իսկ երկրորդում, որ յաճախ ծաղիկներով եւ թարմ ուռենիներով զարդարուած է լինում, թագուորն ու ազապպաշին։ Հնումը սովորութիւն է եղել, որ թագուորը գնացել է ուղղակի եկեղեցի, իսկ հարսնեւորներից միքանիսը թագուորի հօր հետ գնացել են հարսնացուի տունը եւ հարսնացուին բերել եկեղեցի։ Եղել են դէպքեր, որ հարսնացուին բերել են քաւորի տունը եւ առաւօտ վաղ, դեռ արեւը չծագած պսակել։

       Հարսնացուի տանը եկած հարսնեւորներից տղամարդիկ նստում են առանձին, կանայք առանձին, իրենց մէջ ունենալով հարսնացուն։ Այստեղ եւս քահանան օրհնած է լինում հարսնացուի շորերը։ Նրա ընկերուհիները երգեր երգելով հագցրած, կապցրած են լինում նրան։ Գալիս է քաւորկինը, վերցնում նրա գլխի քողը եւ իւր բերած քողը ձգում, նախապէս երեք անգամ գլխի շուրջը պտտեցնելով, հարսնառ եկած կանայք հիւրասիրւում են սուրճով, շարպաթով, խմորեղէններով, եւ մրգեղէնով։ Սուրճ եւ օղի են բաշխում նաեւ տղամարդկանց, ի վերջոյ ազապպաշին, կնքահօր հրամանով, իւր օգնականի հետ գալիս է կանանց բաժինը եւ շտապեցնում եկեղեցի գնալու։ Անմիջապէս հարսնքոյրը , - մի պառաւ կամ միջահասակ կին, որ որոշ երախտիք ունի հարսնացուի վրայ , - վառում է փեսայացուի տանից բերուած երկու մետրանոց կերոնը եւ գալիս կանգնում հարսնացուի կողքին։ Ազապպաշին իւր օգնականով գալիս բռնում են հարսի կռներից։ Մօտենում է մայրը եւ հայրը, համբուրում եւ օրհնում։ Այս միջոցին մօտենում է քաւորը եւ կամենում է հարսնացուին տանել, սակայն հարսնքուրը ձեռքը դնելով նրա, հարսնացուի գլխին չի թոյլ տալիս։ Քաւորը մի կամ միքանի մէճիտ է դնում հարսնացուի գլխին, սակայն հարսնքուրը վերցնելով հանդերձ թոյլ չի տալիս, մինչեւ որ երկրորդ եւ նոյն իսկ երրորդ անգամ մի մի բան չի աւելացնում։ Երբ հարսնքուրը քաշում է ձեռքը՝ քաւորկինը քիշմիշ կամ շաքարեղէն է լցնում հարսի գլխին ։ Քաւորն առաջնորդում է հարսնացուին տղամարդկանց սենեակը եւ կանգնեցնում փեսայացուի աջ կողքին։ Մօտենում է քահանան, ձեռք ձեռքի տալիս թագուհուն ու թագուորին եւ այնտեղ կատարում պսակի խորհուրդի մի մասը։ Այս միջոցին տեղի են ունենում ճառախօսութիւններ, երգ։ Ազապների խումբը երգում է հետեւեալ երգը.

       Թագւոր, ինչ բերեմ քե նըման,
       Քիոյ կանաչ արեւու նման.
       Մեր վարդինիսն որ բացուէր՝
       Բացուէր քիոյ արեւուդ նըման։
       Թագւոր, ինչ բերեմ քիոյ նըման,
       Քիոյ կանաչ արեւու նըման։
       Սարի սուսուն որ բացուէր,
       Բացուէր քիոյ արեւուդ նըման։
       Թագւոր ինչ բերեմ քե նման,
       Քիոյ կանաչ արեւու նման,
       Աղբերանց արուն որ բացուէր,
       Բացուէր քիոյ արեւուդ նըման։
       Թագւոր, ինչ բերեմ քե նման,
       Քիոյ կանաչ արեուդ նըման,
       Վարդ մանուշակ որ բացուէր,
       Բացուէր քիոյ արեւու նըման։
       Թագւոր, ինչ բերեմ քե նըման,
       Քիոյ կանաչ արեւդ աննըման,
       Շուշան ծաղիկ որ բացուէր,
       Բացուէր արեւուդ նըման։
       Թագւոր, ինչ բերեմ քե նըման,
       Քիոյ կանաչ արեւուդ նըման,
       Պալասան ծաղիկն որ բացուէր՝
       Բացուէր քիոյ արեւդ աննըման։

       Ի վերջոյ նստում են կառքեր եւ կամ հետի ուղեւորւում են դէպի թագուորի եկեղեցին։ Այստեղ թագուորին խոստովանեցնում ն են, խրատներ տալիս ամուսնական կեանքի վերաբերմամբ։ Իսկ հարսին ութ օր առաջ են խոստովանեցրած լինում եւ մի բաժակ գինի խմեցնում երկու ամոլներին։ Այժմ գիւղերում, ինչպէս եւ՛ հնումը քաղաքում, թագուհու ու թագաւորի գլխներին մի ուրար են ձգում, ի նշան միութեան։

       Պսակի խորհուրդը կատարելիս նորափեսան իւր բռում պահած շաքարի կտորը դնում է նորահարսի բուռը, որպէսզի «իրենց սէրը միշտ քաղցր լինի»։

       Պսակը աւարտելուց յետ՝ հարսնեւոր տղամարդիկ մօտենում են թագաւորին ու թագուհուն եւ շնորհաւորում, թագաւորի կրծքից կախուած խաչն ու նրա ճակատը համբուրելով եւ կամ ըստ նոր սովորութեան նրա ձեռքը թոթուելով։ Ապա թագաւորն ու թագուհին առանձին առանձին առաջնորդւում են դէպի եկեղեցու դուռը, ուր հասած միջոցին թագաւորը դառնում է դէպի սեղանը եւ երեք անգամ խոնարհում, եւ այս միջոցին բոլոր հարսնեւորները բղաւում են. «Աստուած ամանաթ (աւանդ)»։

       Դուրս գալով եկեղեցուց կառք են նստում եւ ուղեւորւում դէպի թագաւորի տունը, միայն ուրիշ ճանապարհով։ Հնումը թագաւորն ու թագուհին ձիեր էին նստում, եւ թագուհին իւր գաւակին ունենում էր իւր հարսնեղբայրը։ Այժմ գիւղերումն են ձի նստում, միայն թագուհին թագաւորի գաւակը։ Սրանց առաջնորդում է դաւուլ զուռնան, շրջապատուած ահագին հանդիսատեսներով։ Հնումը որոշ տեղ հասնելիս, օր. Յանկիւսներում պսակուողը՝ դարի գլուխը, կանգնում էին, թագաւորը ձիու գլուխը դէպի եկեղեցին էր դարձնում եւ մի բուռ մանր դրամ շաղ տալիս հարսնեւորների վրայ։

       Թագուորի բարեկամների տների առջեւից անցնելիս բարեկամները կանգնեցնում են այս գնացքը եւ հիւրասիրում թագաւորին ու հարսնեւորներին խմիչքներով ու մրգեղէնով։

       Երբ հասնում են թագաւորի տան փողոցի դռանը, թագաւորի ու թագուհու առջեւ զոհում են մի ոչխար կամ գոնէ մի հաւ, գլուխը դնելով դռան շէմքի վրայ։ Սրա արիւնից խաչաձեւ քսում են դռան կամարակալ քարի եւ շէմքի վրայ։ Թագաւորը կոխելով այս արիւնը՝ մտնում է ներս, նրան հետեւում է թագուհին, նախ աջ ոտը դնելով շէմքից ներս, որպէսզի բարեբախտ լինի իւր մուտքը։ Այս միջոցին ազապները սկսում են երգելով դուրս կանչել թագաւորի մօրը, որ ըստ սովորութեան չի գնում ո՛չ հարսնացուի տունը եւ ոչ եկեղեցի։ Ահա այս երգը։

       Էկէք բարեւ, հա՜յ էկէք բարեւ,
       Մեր շնորհաւոր թագաւորին.
       Թագաւորին շատ արեւ,
       Ուր թագուհուն շատ բարեւ։
       Թագւորի մէր տիւս արի,
       Քե նուշ ամպար ենք բերէ,
       Վարդ ու ծաղիկ ենք բերէ,
       Մեխակ, շուշան ենք բերէ։
       Թագւորի մէր տիւս արի,
       Տախտ աւելող ենք բերէ,
       Թոնիր վառող ենք բերէ,
       Կովեր կթող ենք բերէ։
       Թագւորի մէր տիւս արի,
       Քեզ տեղ իսկող ենք բերէ,
       Կեր խում արող ենք բերէ,
       Քեզ զարդարող ենք բերէ, ։
       Թագւորի մէր տիւս արէ,
       Քեզ ինչ եւ ինչ ենք բերէ.
       Քեզ գեօլի կազ ենք բերէ,
       Լեզուն տաս գազ ենք բերէ։
       Թագւորի մէր տիւս արէ,
       Քո գլոխ դըմփող ենք բերէ,
       Շիրիկ շիրվոր ենք բերէ,
       Խեռ ու խեռնակ ենք բերէ։
       Թագւորի մէր պար արէ,
       Սարի կաքաւ ենք բերէ,
       Սարի մարալ ենք բերէ։
       Ջուխտակ ջէյրան ենք բերէ։

       Թագաւորի մայրը գլխին դրած կամ ձեռին բռնած մոմերով զարդարուած մի ափսէ, լի շաքարեղէններով ու գաթաներով, դուրս է գալիս եւ պարելով ընդ առաջ գնում թագաւորին ու թագուհուն եւ համբուրելով նրանց՝ առաջնորդում հարսնացուի սենեակը։ Այս միջոցին քահանան «Արեգական արդարութեան » շարականն ասելով առաջ է ընկնում։

       Երբ հարս ու թագւոր ուզում են անցնել սենեակի շէմքով, սրանց ստների տակ երկու ափսէ են դնում, որը թագաւորը կոտրատելով ներս է մտնում, որպէսզի չարի գլուխն էլ այդպէս կոտորուի։ Գիւղերում մի մեծ կաւէ պնակ են խփում գետին կոտրում՝ բղաւելով.

       Կոտրի քեասէն.
       Ապրի փեսէն։

       Հարս ու փեսան մտնում են կանանց սենեակը, հարսն այդտեղ է մնում, իսկ փեսան դուրս գալիս տղամարդկանց սենեակը։ Գիւղերում հարս ու փեսան նստում են յատուկ իրենց համար կապած թախթի վրայ։ 

       Մի քիչ յետոյ ընթրիք են տալիս նախ տղամարդկանց եւ ապա կանանց։ Թագաւորը, առանց թագուհու, ծառայում է տղամարդկանց սեղանին։

       Հնումը սովորութիւն է եղել, որ քահանան օրհնել է գինու առաջին բաժակը եւ մատուցել սեղանի առաջին պատուաւոր մարդուն, որից յետոյ սեղանակիցներն իրաւունք են ստացել գինի խմելու։ Եթէ սեղանին երկու կամ աւելի համազօր պատուաւոր մարդիկ են եղել, քահանան, որ ստիպուած է եղել մինին առաջնութիւն տալ, ենթարկուել է կշտամբանքի միւսների կողմից։ Եղել են դէպքեր, որ միւս պատուաւոր հիւրերն իրենց համախոհներով վեր են կացել սեղանից եւ բաժակներով ռմբակոծել քահանային եւ նրանից առաջնութիւն ստացած հիւրին։ Այս տգեղ երեւոյթը տեսնելով՝ առաջնորդներից մինը կարգադրել է, որ առաջին օրհնուած բաժակը տրուի եւ գինու կարասն ածուի, որպէսզի այս օրհնուած գինին բոլոր հրաւիրեալներին էլ բաշխուի։ 

       Այժմ սովորութիւն է մտել սեղանապետ, թամադա, ընտրելու, որը առաջին բաժակը առաջարկում է խմել թագաւորի ու թագուհու, ապա երկու խնամիների, յետոյ քաւորի կենացը։ Այս երեք պարտադիր բաժակներից յետոյ, որ տեղի է ունենում երկար բարեմաղթութիւններով, խմւում է սեղանակիցների կենացը առանձին առանձին կամ խումբ խումբ։ Նոյն իսկ քաղաքում դանակի եւ պատառաքաղի գործածութիւնը դեռ եւս ընդհանրացած չէ, եւ կերակուրներն էլ ամէն մինին առանձին չեն մատուցւում, այլ 5-10 հոգուն մի մեծ պնակով, ուստի եւ ուրախալի է, որ պահպանուած է ճաշից առաջ եւ յետոյ ձեռներ լուանալու սովորութիւնը։ Սպասաւորները եւ տան աղջիկները մի-մի կոնք ձեռներին բռնած ու մի-մի սրբիչ ուսերին ձգած առաջարկում են լուացուելու եւ միեւնոյն սրբիչով սրբուելու։ Ճաշից յետոյ լուացուողներին ասում են. «Մաքրողական », սա էլ պատասխանում է. «Հաւսարական » եւ կամ՝ «Շնորհակալ եմ »։ Ընթրիք է մատուցւում նաեւ հարսնացուի տանը այն հրաւիրեալներին, որոնք կէս օրին եկած էին ընդունելու հարսնառ եկողներին։ Սակայն այստեղ մի առանձին ուրախութիւն, քէ‎ֆ տեղի չի ունենում, որովհետեւ հարսնացուի ծնողները տխուր են լինում եւ նոյն իսկ մայրը լաց է լինում։

       «Էգ բարեւ » այսինքն այգաողջոյն։ Արեւապաշտական այս սովորութիւնը Վանում արդէն վերացել է, մնացել է միայն միքանի գիւղերում։ Պսակի օրուայ հետեւեալ առաւօտեան, դեռ արեւը չծագած, թագուհին ու թագաւորը ազապների ու հարսնեւորների հետ, նուագածուների եւ երբեմն, նաեւ քահանայի առաջնորդութեամբ բարձրանում են տան կտուրը եւ կամ մի բարձր տեղ, որտեղից շատ լաւ երեւալու է արեգակի ծագումը։ Այստեղ թագուհին ու թագաւորը բռնում են մի թաշկինակի ծայրերից եւ երեսները դէպի արեւելք դարձրած կանգնում։ Զուռնա նաղարան շարունակում է նուագել եւ ազապները երգում են.

       Էգ բարեւ, ա՜յ էգ բարեւ,
       Էգն արեւուն տանք բարեւ.
       Տայ թագաւորին շատ արեւ։
       Վահէ՜ , վահէ՜.
       Էգ բարեւ, ա՜յ էգ բարեւ,
       Էգն արեւուն տանք բարեւ,
       Տայ թագուհուն շատ արեւ։
       Վահէ՜ , վահէ՜.
       Ապա ազապները պար են բռնում հարս ու թագուորի շուրջը եւ երգելով պարում.
       Աստուած պախէր մեր թագաւոր
       Եւ թագուհին խէրով մէրով.
       Աստուած պախէր մեր թագաւոր
       Եւ թագուհին քաւորներով։
       Աստուած պախէր մեծ թագաւոր
       Եւ թագուհին սէրով բարով։
       Ապա երկու պառաւ կանայք մօտենում են եւ երգում.
       Բարի լուսու դէմ կայներ ես,
       Կանաչ կարմիր դու կապեր ես,
       Աստուած պախի քե պարզերես,
       Բարով թագուհիդ վայելես։
       Խէք բազիւքի դէմ կայներ ես,
       Կանաչ կարմիր դու կապեր ես.
       Սուրբ պսակդ վէլես վայելես,
       Աստուած պախէ քե պարզերես։
       Աղթամարայ դէմ կայներ ես,
       Քանձ լոյս խրեշտակ զուարթերես.
       Թագուհիդ վէլես վայելես,
       Աստուած պախէ քե պարզերես։

       Իւրաքանչիւր տունը երգելիս հարս ու թագուորի երեսները դարձնում են այն կողմը, ուր գտնւում է երգի մէջ յիշատակուած սրբութիւնը։ Յաճախ այս երգը երկարացնելով քրիստոնէական սրբութիւններ եւս յիշում են միեւնոյն ձեւով . օր.

       Սուրբ Նշանայ դէմ կայներ ես,
       Ալ, նարընջի բաշ կապեր ես,
       Թագըդ վէլես վայելես,
       Տէր քեզի պախի պարզերես։
       Ջուխտ Վարագայ դէմ կայներ ես,
       Ալ, կանանչ, կարմիր կապեր ես,
       Բարով թագուհիդ վայելես,
       Սուրբ խաչ պախի քե պարզերես։
       Անապատայ դէմ կայներ ես,
       Քանց կարմիր խնձոր կարմրեր ես եւ այլն։

       Եթէ քահանան ներկայ է լինում, թագաւորի վերայ սուրջառ է ձգում եւ ձեռքը աւետարան տալիս, ու այս հանդէսն աւարտում պահպանիչով, երբ ծագում է արեւը եւ իւր կենսատու շողերը սփռում նորապսակների վրայ։

       Օժիտ. - Պսակի հետեւեալ օրը մի պառաւի ուղեկցութեամբ նորահարսի տնից ուղարկւում է օժիտը , որ հարսնեւորների ներկայութեամբ բացւում եւ ցոյց է տրւում։ Այս օժիտին ուղեկցող եւ միեւնոյն ժամանակ բացող պառաւին դրամական նուէր է տրւում։

       Օժիտը բաղկանում է մի սնտկից, որի մէջ դարսած է լինում միքանի ձեռք հանդերձ, զարդեր եւ զանազան նուէրներ , գլխաւորապէս գուլպաներ, նոր խնամիների համար։

       Պէտք է նկատել, որ օժիտը գլխաւորապէս մայրերն են պատրաստում տարիների ընթացքում։ Քաղաքում այժմ հետըզհետէ ընդհանրանում է դրամական կամ կալուածական օժիտ տալու սովորութիւնը։

       Ուռց կտրել, որ ըստ մաշտոցի պսակ վերացուցանել է նշանակում։ Պսակի հետեւեալ օրը քահանան գալիս է թագաւորի տունը, եւ հարս ու թագաւորին կանգնեցնում է գետնին դրած մի բարձի երկու կողմը, գլուխ գլխի տալիս եւ մի ուրար ձգում նրանց գլխի վրայ. ապա պատշաճ աղօթքները կարդալուց յետոյ վերցնում է ուրարը եւ թագաւորի կրծքից պսակի ժամանակ կախուած խաչը։ Հնումը այս արարողութեան փոխարէն միայն ուռցն էին կտրում, այսինքն փայտէ ձողի վրայի կանաչ կարմիր բրդէ կամ մետաքսէ թելերը կտրատում էին։

       Առագաստ - Ուռց կտրելու գիշերը, ընթրիքից յետոյ, թագաւորը առանձնանում է մի սենեակ, ուր արդէն պատրաստած է լինում առագաստի անկողինը, եւ մոտը դրուած մի շիշ գինի, մեղր եւ մրգեղէններ։ Տան մեծերը շուտով գնում քնում են, իսկ հարսները նորահարսին վերցնում են եւ իրենց տան սենեակները ցոյց տալու պատրուակով՝ բերում առագաստի սենեակը, ուր փոքր ինչ խօսելուց յետոյ մէկ մէկ դուրս են գնում։ Մնում են նորապսակները առանձին, հարսը մի տեղում մեխուած, լուռ ու մունջ։ Մօտենում է նորափեսան եւ աշխատում է խօսեցնել նրան, սակայն վերջինս յամառում է, մինչեւ որ մի ընծայ, օր. միքանի լիրա կամ մի զարդ, նուէր չի ստանում իբր «խօսելայ » կամ «զրուցելայ »։ Կցկտուր խօսակցութեան հետեւում է հիւրասիրութիւն. նորապսակները խմում են միեւնոյն բաժակից ի նշան միութեան, եւ ուտում են մեղր ու քաղցրաւենիք, որպէսզի իրենց միութիւնը քաղցր անցնի։

       Կուսութեան ապացոյց սաւանը խստիւ պահանջւում է թէ ծնողներից եւ թէ, մանաւանդ, իրեն նորափեսայից։ Եղել են դէպքեր, որ մեղանչած նորահարսին անպատուելով հօր տունն են դարձրել։ 

       Նորահարսն առաւօտեան շատ վաղ վեր է կենում, գնում կեսրայրի զգեստները հագցնում, ձեռքին ջուր լեցնում, որ լուացուի, իւր բերած երեսսրբիչը ձեռքին ձգում, որ սրբուի։ Կեսրայրն այդ ժամանակ նրան մի ոսկի ընծայ է տալիս, մի երկու ընծայ էլ սկեսուրն է տալիս իբրեւ «տունմտնելայ » եւ «երես տեսնեայլ»։ Այդ օրը սովորաբար «փաչա » են եփում եւ հիւրասիրում հետաքրքիր ու բամբասասէր պառաւ կանանց։ 

       Երբեմն նորափեսայի սաստիկ յուզմունքից եւ կամ այլ, նրանից կախուած պատճառներից յարաբերութիւնը տեղի չի ունենում, այսպիսի դէպքում կարծում են թէ չարքերը «կապ » են ձգել, ուստի եւ զանազան միջոցների են դիմում՝ արձակելու, այսպէ, օրինակ, յարաբերութեան մտած միջոցին դրսում հրացաններ են արձակում, որպէսզի չարքերը վախենան, փախչէն, ու ազատ թողնեն նորափեսային, թէ՛ հարսանիքի եւ թէ առագաստի մտած միջոցին նորափեսի բոլոր կոճակները արձակած են պահում, նաեւ մի կողպէք փակուած պահում են նորափեսի գրպանում, որը բաց է անում առագաստի գիշերը։ Չար աչքի եւ չարքերի ազդեցութիւնից հարս ու փեսին ազատելու յուսով եործ էր ածւում նաեւ ուռցը . - սա մի փայտ է, ծայրին կանանչ եւ կարմիր բուրդ կապած, որ պսակի օրից մինչեւ առագաստի գիշերը հարս ու փեսի առջեւից ման էին ածում, որպէսզի չար աչքերի եւ չար ոգիների ազդեցութիւնը հարս ու փեսի փոխարէն՝ նրա վրայ անցնի։

       Հարսի լողացումը . - Առագաստի հետեւեալ օրը նորափեսի տան տարիքաւոր կանայք, հարսնետնից դեռ եւս չմեկնած ազգականուհիների հետ լողացնում են նորահարսին այսպէս . - Տաշտի շուրջը մեղրամոմեր են վառում, յետոյ եօթն անգամ դէպի աջ քաշում են նորահարսի քողը իբր թէ քակում են նրա եօթնատակ կապը, եւ ապա հանուեցնում, տաշտի մէջ պըպըզեցնելով լողացնում, միանգամայն փորձելով նրա պարկեշտութիւնը եւ հնազանդութիւնը, այսպէս յանկարծ սաստիկ տաք ջուր են ածում գլխին, մէկ էլ սառը ջուր։ Եթէ նորահարսը, նախապէս իւր մօրից խրատուած չլինելով, մի անզգոյշ շարումն անէ եւ կամ մի ճիչ արձակէ, անպարկեշտ եւ անհնազանդ կը հռչակեն նրան եւ երեսից կը ձգեն։ Այսպիսի բարբարոսական փորձեր անում են նաեւ ուրիշ առիթներով։ Պատմում են , թէ մի անգամ մի պառաւ ոչխարի ծնկոսկրը լաւաշի մէջ փաթաթած տալիս է իւր նորահարսին, որ ուտէ, կամենալով փորձել, թէ նա այնքան անպարկեշտ կը լինի՞, որ ոսկորը հացի միջից հանէ եւ կրծէ։ Նորահարսը ամօթից սաստիկ նեղուելով կուլ է տալիս ամբողջ ոսկորը, որը եւ այս պատճառով մինչեւ այժմ էլ հարսնկուլ է կոչւում, այսինքն հարսի կուլ տուած։

       Խնամապատիւ . - Պսակից երեք կամ մի քանի օր յետոյ նորափեսայի հայրը հրաւիրում է նորահարսի ծնողներին իւր բարեկամների հետ շնորհ բերել իրենց մօտ։ Այս հրաւէրը ընդունուած չէ մերժել. եւ նորահարսի հայրը հրաւիրելով իւր մօտիկ եւ պատուաւոր ազգական տղամարդկանց, 10-20 հոգով գնում է խնամու տունը, ուր մեծապէս եւ ճոխաբար պատւըւում է։ Ընթրիքից յետոյ դիւրութիւն է տրւում նորահարսի հօրը եւ մօտիկ ազգականներին առանձնապէս տեսակցելու իրենց աղջկայ հետ։ Այս հրաւէրը հնումը կոչւում էր վիր իրեքի, այսինքն երեք օրից վերջ, որովհետեւ սովորաբար պսակից երեք օր յետոյ էլ տեղի ունենում։ 

       Այս միեւնոյն օրը, առաւօտեան, թագաւորը ազապպաշու եւ ազապների հետ դա‎ֆի եւ զուրնայի առաջնորդութեամբ այցելութեան է գնում իւր ազգականների տները, ուր եւ հիւրասիրւում է խորովածով, գինով ու մրգեղէններով։ Շատ անգամ ազապները այսպիսի տներում հարբում են, եւ սկսում են զանազան պահանջներ անել երգելով.

       Էսա տուն աղէկ տուն ի,
       Ինչ անեմ գինի չունի։
       Տնեցիները պատասխանում են.
       Գինի ունի,
       Պերող չունի եւ անմիջապէս գինի բերում։ Սակայն ազապները նորից երգում են.
       Էսա տուն աղէկ տուն ի,
       Ինչ անեմ ժաժիկ չունի։
       Տանեցիները կրկին պատասխանում են երգելով.
       Ժաժիկ ունի,
       Պերող չունի։
       Մի երրորդն էլ հաստատում է
       Չէ՛ վալլահ, էնէլ ունի,
       Պերող չունի։

       Փեսապատիւ. - Խնամապատուից մի երկու շաբաթ յետոյ նորահարսի հայրն է հրաւիրում նորափեսայի ծնողներին եւ նրանց ազգական տղամարդկանց եւ հիւրասիրում ընթրիքով։

       Դարձ . - Իգական սեռի խնամիները առաջին տարին իրաւունք չունին միմեանց այցելել, ուստի եւ նորահարսի մայրն ու քոյրերն անհամբերութեամբ սպասում են նրա դարձին, նրա իսկ բերանից լսելու տեղեկութիւններ նրա նոր վիճակի մասին։

       Այս դարձը սովորաբար տեղի է ունենում ծաղկազարդին, համբարձման, վարդավառին, վերափոխման, եւ ամեն անգամ տեւում է 15 օր։ Որոշեալ օրը նորահարսի տանից խնդրակ է գալիս, բերելով զանազան թխուացքներ եւ մրգեղէններ որ բարեւ են կոչւում, եւ տանում նորահարսին, որի հետ խնամիները նոյնպէս «բարեւներ են դնում։ Դարձ գնալու միջոցին ընդհանրապէս կեսրանքը նոր հանդերձներ են կարում, իսկ հարանքը՝ մի որեւէ զարդ ընծայում։ Ընդունուած չէ, որ նորահարսի դարձ գնացած ժամանակ նորափեսան այցելէ նրան, այլ միայն թոյլ է տրւում տօն օրերին, զատկին, վարդավառին, տեսութեան գնալ, այն օլ նուէրներով։

       Թէ տնեցիները եւ թէ մանաւանդ փողոցի չարաճճի երեխաները զանազան կատակներ են անում նորափեսի հետ, երբ նորահարսը դարձ է գնացել։ Այսպէս մի բարձ են դնում նրա անկողնի մէջ, ծաղիկներով խփում են նրան՝ եւ կամ երգում. ծառզարդար, զըռթիկ, զըռթիկ յիշեցնելով որ ծաղկազարդին տարել են նորահարսին։

Փողոցում երեխաները երգում են.

       Անձրեւ կուգայ լուլա լուլա,
       Խարսներ կերթան փեսան կուլայ։