Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ՇՈՒԼԱՎԷՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       ՇՈՒԼԱՎԷՐ. - Բորչալուի գաւառի կենդրոնական աւանն է, ուր նստում են գաւառապետը, հաշտարար դատաւորը, հաշտարար միջնորդը, գաւառի բժիշկը եւ այլն։ Գտնւում է Թիֆլիս- Կարսեան երկաթուղու Աշաղա- Սարալ, կայարանից փոքր ինչ ցած՝ Աշաղա Սարալ տախտակամածից 8 վերստ հեռու դէպի արեւմուտք, համանուն գետակի վրայ, երեք կողմից բլուրներով շրջապատուած հովտի մէջ։ Գիւղը բաժանուած է ութ թաղերի, որոնցից իւրաքանչիւրը կրում է այն գիւղի անունը, որտեղից բնակիչները գաղթել են 1750-1760 թուականներին, որոնք են Կորխ, Քամանդար, Մրէջուր, Ղարամուրադ, Շմեղ Մելիքդաղա, Աղբուլախ Մմրթլու ։

       Մի երկու կանոնաւոր եւ մնացածը անկանոն փողոցների վրայ շինուած են մեծ մասամբ նոր ձեւի եւ բաւական ճաշակաւոր տներ, որոնցից մի քանիսի առաջ կան պարտէզներ։ Կան մի քանի քաղցրահամ, սառնորակ աղբիւրներ, որոնք բերուած են 8 վերստ հեռաւորութիւնից գիւղացիների ծախսով եւ տանուտէր Պառաւեանի ջանքով։ Հայերն ունին երկու եկեղեցի, որոնցից Ս. Աստուածածինը հնաշէն է եւ կիսախարխուլ, իսկ միւսը՝ որ նուիրուած է Ս. Մեսորվբի անուան, սրբատաշ քարերով շինուած մի բաւական գեղեցիկ շէնք է, որի կաթուղիկէն դեռ եւս չէ կառուցուած։ Ներքուստ եւս զարդարուած չէ։ Եկեղեցու շինութիւնն սկսուել է 1844 թուին եւ մինչեւ այժմ շարունակւում է, որովհետեւ շինւում է ժողովրդեան ծախսով։ Եկեղեցու գաւթի հիւսիսային կողմում գտնւում է Գայիանէ Պառաւեանի 1893 թ. շինած գեղեցիկ, սրբատաշ, չորս սենեակներից բաղկացած ուսումնարանական շէնքը, որի հանդէպ, եկեղեցու որմին կից բարձրանում է իւր, Գ. Ժառաւեանի մահարձանը (1896 թ. Գիւղում կայ եւ մի սինագոգայ։ Գիւղի շուրջը տարածւում են 700-ի չափ խաղողի այգիներ։

       Այն փոքրիկ բլրակի վրայ, ուր այժմ գտնւում է Քալանթարեանների տունը, հին ժամանակներում բարձրանալիս է եղել մի փոքրիկ ամրոց, որ պատկանում էր վրաց թագաժառանգներին։

       Բնակիչներից հայերը Շամշատնի գաւառից գաղթականներ են, որոնք ենթարկուել են Մելիք - Սարգսեան եւ Քալանթարեան տոհմերի մելիքներին, որոնցից Մելիք - Սարգսեան Յովհանջանը եւ Քալանթարեան Սօսին Բոլնիսի ձորում Օքիւդ-աղի (Հասան Խանի թոռ) դէմ կռուելով սպանուել են։ 1856 թուին գիւղացիները գանգատւում են Վօրօնցովին մելիքների հարստահարութիւնների մասին եւ նա հրամայում է տնատեղիները եւ այգիները գիւղացիներին սեպհականութիւն համարել եւ միայն արտերից տասանորդ տալ մելիքներին, ինչպէս եւ կատարւում է մինչեւ այժմ։ Ընդամէնը՝ 607 տուն են. 2242 ար. 1755 իգ. իմիասին՝ 3997 հոգի։ Բացի հայերից կան նաեւ որպէս ժամանակաւոր ապրողներ ռուսներ, հրէաներ եւ թուրքեր ։

       Այս գիւղիցն է Ռ. Նադիրեանը, որ իւր հաշւով 18 տարի շարունակ այս գիւղում ծխական դպրոց է պահել եւ յայտնի է իւրբարեգործութիւններով։

       Շուլավէրից արեւմտա-հարաւ, մօտ վեց վերստ հեռու, Բնի ձորի անտառապատ լանջին գտնւում է մի հինաւուրց վանք, որ շուլավէրցիներին յայտնի է Բնի ձորի մեծ վանք անունով։ Սա հասարակ քարից շինուած տասն արշ. երկ., 8 արշ. լայնութեան եւ մօտ 4 սաժէն բարձրութեան մի եկեղեցի է, տասն սիւնաւոր գեղեցիկ կաթուղիկէով, որը եկեղեցու ներսից չի երեւում, որովհետեւ նրա տակը մի գաղտնի սենեակ է շինուած։ Ունի երկու փոքրիկ, երկար եւ նեղ պատուհան եւ մի կամարակապ դուռն, որի վրայ գրուած է. Թվ. ՌՃԺԲ. Կամաւն Ամենակալէն Ած. Յ. Ք. շինեցաւ ձեռամբ Տէր Օհաննէս քհ։ Սրա երկու կողմը մի քանի փակագրեր։ Վանքը շրջապատուած է կրկնակի պարսպով, որի մէջ կան վեց բուրգ, այժմ կիսաւեր։ Ներքին պարսպին կից կան մի քանի կիսաւեր խցեր եւ ջրի մի աւազան։ Եկեղեցու շուրջը եւ մանաւանդ դռան առաջ կան ահագին մեծութեան գերեզմանաքարեր, մի քանիսի վրայ պատկերներ քանդակուած, միւսներին խաչքար կանգնեցրած։ Այսպէս՝ մի գերեզմանաքարի վրայ նկարուած է չորս մարդու պատկերներ, որոնցից երեքը գլխներին թագեր ունին, իսկ չորրորդը՝ գլխաբաց է եւ ձեռները կրծքին դրած՝ սրանց առաջ կանգնած. այս ու այն կողմ գինու գաւեր, բաժակներ, վրացական բաժակեղջիւրներ։

       Սրա վրայ կայ հետեւեալ տապանագիրը.
       Այս է իմ կացարան, որ եղեւ տուն իմ բնակարան, նգալ մարսուսիս դամբարան պարոն Ասլամազին։

       Սրա մօտի տապանաքարի վրայ նկարուած է մի ձիաւոր եւ գրուած.

       Ես ի ասգէն ծովանշեցի, անուն իմ Թամազ կոչի, որ շինեցի սուրբ եկեղեցիս ի յիշատակի ծնողաց իմոց։

       Այս երկուսի վրայ թուական չկայ, իսկ սրանց մօտի խաչքարը կրում է հետեւեալ թուականը եւ տապանագիրը. Սուրբ խաչս բարեխօս է Քարամին եւ իւր կողակցին թ. ՌՃՀԳ ։ Պարսպից դուրս եւս մի ուրիշ գերեզմանատուն կայ, մօտը մի գիւղատեղի, այժմ Բնի ձոր անուամբ յայտնի։ Այս վանքից դէպի արեւմուտք, մի վերստ հեռու, միւս լեռան լանջին գտնւում է մի ուրիշ վանք։ Սա անտաշ քարերով շինուած մի եկեղեցի է, որի ձեղունը այժմ արդէն քանդուած է։ Մօտը կայ մի սրբատաշ, գեղեցիկ քանդակներով զարդարուած գաւիթ։ Մի եղծուած արձանագրութիւնից կարդացւում է. Ս. Աստուածածին բարեխօսեա… Շուլավէրցիք սրան կոչում են Բնի ձորի ներքին վանք։ Երկու փոքրիկ, համեմատաբար աննշան մատուռներ եւս կան գիւղի հարաւ-արեւելեան բլրի վրայ, Ս. Սարգիս եւ Ս. Կիրակի անուններով, ինչպէս եւ մինը՝ հարաւ-արեւմտեան կողմը, Սիպտակաշէն կոչուած գիւղատեղիի հանդէպ, բլրի լանջի վրայ։ Վերջինիս շուրջը գտնուող գերեզմաններից մինի վրայ դեռ եւս կարդացւում է. Այս է տապան Ջիլաւին թուին ՌՃԼԱ, առ Աստուած փոխեցաւ։ Գիւղի հիւսիսային կողմը հազիւ երեք վերստ հեռաւորութեամբ մի քարաժայռ կայ, որի գագաթին կան երեք ծակեր, եւ մասը՝ մի քանի սենեակներ։ Սա երբեմն իբր բերդ է ծառայել, բայց այժմ ամուլ կանանց եւ բորոտ մարդկանց ուխտատեղի է, որովհետեւ առաջիններն անցնում են այդ ծակերով, որպէսզի որդի ունենան, իսկ երկրորդները քսում են իրենց բորոտ մասերի վրայ դրա ստորոտում կաթկաթող հանքային ջրից, որ բժշկուին։ Տեղացիները այս նախկին բերդին կոչում են «ծակ քար»։

       Փոքր Շուլավէր. - Գտնւում է Շուլավէրից հինգ վերստ հեռու դէպի հիւսիս եւ մի փոքրիկ, աննշան գիւղ է, որ մինչեւ անգամ եկեղեցի էլ չունի։ Բնակիչները՝ 27 տուն են. 65 ար. 43 իգ. ի միասին՝ 108 հոգի։

       Ղուդրի. - Աննշան գիւղ է, Շուլավէրից 12 վերստ հեռու, եկեղեցի էլ չունի։ Բնակիչները 4 տուն են. 17 ար. 14 իգ. ի միասին՝ 31 հոգի։