Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԻՒԼԱՔԱՐԱԿԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Գիւլաքակար. - Ընկած է այն ընդարձակ հովտի մէջ, ուր տեղաւորուած են նաեւ Վարդաբլուր, Հոբարձի եւ Գեառգեառ գիւղերը։

       Այստեղ կան մի քանի կանոնաւոր փողոցներ, տների մեծ մասը նոր ձեւի են, եկեղեցին բաւական գեղեցիկ է, թաղակապ եւ չորս սիւների վրայ հաստատուած։ Գիւղի հարաւային կողմում բարձրանում է Բզովդալ կամ Դուալ լեառը, որ բաժանում է Լօռին Փամբակից։ Այս լերան մի ճիւղի ստորոտում կայ մի աւերակ գիւղատեղի, որտեղից մի անցք տանում է դէպի Բզովդալ եւ կոչւում է Որմակայ դուռ։ Այստեղ հարց է ծագում, թէ արդեօք այդ լերան հին հայկական անունը Որմակ չէ՞ եղել ։

       Սրա, ինչպէս եւ վերոյիշեալ եւ Կուրթան գիւղերի բնակիչները գաղթել են Փամբակի գաւառից 1818 թուին։ Ընդամէնը՝ 118 տուն են. 635 ար. 546 իգ. իմիասին 1181 հոգի։

       Վարդաբլուր. - Տարածուած է Գառ-գառ գետի աջ ափին, ս. Սարգիս սարի հիւսիս-արեւմտեան լանջի վրայ։ Կենտրոնում գտնւում է սրբատաշ քարից նոր շինուած սագաշէն եկեղեցին, որի մօտ սփռուած է հին գերեզմանատունը խաչքարերով զարդարուած։ Սրա մօտ գտնւում է մի մատուռ, ս. Խաչ անունով, ուր ուխտ է գնում միմիայն իգական սեռը։

       Կանոնաւոր փողոցներ չկան, տների մեծ մասը հին ձեւի՝ գլխատներ են։ Բնակիչները բնիկներ եւ մի քանի տուն գաղթականներ են Մշից եւ Փամբակից։ Ընդամէնը՝ 130 տուն. 563 ար. 505 իգ. ի միասին՝ 1068 հոգի։ 

       Բացի սովորական պարապմունքից, այս գիւղացիները գիտեն նաեւ անիւներ շինել, փայտ սղոցել եւ բրտութիւն անել։ Շնորհիւ մօտակայ կալուածատէր Խան-Աղեանի եւ ճեմարանաւարտ քահանայի գիւղացիները առել են երկրագործական եւրոպական գործիքներ։

       Վարդաբլուրից դէպի արեւելք Կետեւան կալուածքում, որ հին գիւղատեղի է եղել, գտնւում է կալուածատէր Գէորգ Խան-Աղեանի գեղեցիկ եւ եւրոպական ճաշակով կահաւորուած տունը, որի առաջ տարածւում է ընդարձակ պարտէզը։ Կալուածատէրը շերամ էլ է սկսել պահել, որ այս գաւառում առաջին եւ գրեթէ յաջող փորձն է։ Մեղուապահութիւնը նոր, եւրոպական ձեւով է։ Կալուածատիրոջ որդին՝ Լեւոնը՝ յայտնի է իւր հնարած ջուր բարձրացնելու մեքենայով եւ «Երկրագործական գործիքներ» խորագիրը կրող աշխատասիրութիւնով։

       Ս. Սարգիս ուխտատեղի. - Գտնւում է Կուրթան եւ Վարդաբլուր գիւղերի միջեւ, համանուն լեռան գագաթին։ Սա մի փոքրիկ, հասարակ մատուռ է, մի գաւթով։ Այս տարի Վարդաբլուրի քահանայ Տէր Եղիա Զոհրաբեանի ջանքով վերանորոգուած է գաւիթը։ Ս. Ջալալեանի ասելով 1828 թուին այս մատուռը վերանորոգելիս՝ սեղանի տակը գտել էին Ս. Սարգիս մասը՝ արծաթի պահարանի մէջ եւ կրկին դրել նոյն սեղանի հիմքում։ Այստեղ տարէնը երկու անգամ, Վարդավառին եւ Ս. Սարգսի տօնին, ահագին բազմութիւն ուխտ է գալիս։ Արդիւնքը պատկանում է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցին։

       Լերան երեք կողմը ժայռոտ է, իսկ հարաւային կողմում ձգւում է մի պարիսպ, ութ կիսաւեր աշտարակներով։ Այստեղ, Ս. Սարգսից դէպի արեւմուտք կայ 181/2 արշ. երկարութեան, 41/2 ար. լայ. եւ այս չափ էլ բարձրութեան սրբատաշ քարերով մի շէնք, առանց պատուհանների, եւ նոյն իսկ անդուռն, եթէ արեւմտեան պատի մէջի քանդուած բացուածքը դուռ չլինի։ Աւանդաբար ասւում է, թէ սա շտեմարան է եղել, թէեւ կան կարծողներ, որ եկեղեցի լինի։

       Խրա հարաւային պատի վրայ դրսից կայ հետեւեալ արձանագրութիւնը.
       ՆՂԹ թուականութեանս Հայոց ես Կորիկէ թագաւոր սահմեցի զհասոյթս վանուցն մեղաց թողութեան եւ արեւշատութեան իմոյ ընդ ձեռամբ Աշոտ մարծպանին։

       Հիւսիսային կողմը ժայռերի մէջ կան փոքրիկ քարայրեր։

       Հոբարձի. - Սադիբագդիից մի վերստ հեռու, մի փոքրիկ գիւղ է, ունի մի քարաշէն, փայտածածկ եկեղեցի։ Բնակիչները 50 տուն են. 240 ար. 205 իգ. իմիասին՝ 445 հոգի։

       Գեառ- գեառ Հայոց. - Բաւական կանոնաւոր փողոցներով եւ նոր ձեւի տներով գիւղ է, մի ժայռոտ բլրի ստորոտում։ Ունի մի քարաշէն, անգմբէթ եկեղեցի, որ այժմ վերանորոգութեան է կարօտում։ Գիւղից փոքր ինչ հեռու գտնւում է բազմաթիւ, սառն աղբիւրներով հարուստ, անտառ։ Տեղական բերքերից գովուած է կարտոֆիլը եւ մասամբ ցորենը։

       Բնակիչները բացի սովորական պարապմունքներից, պարապում են նաեւ անիւներ եւ ամէն տեսակի սայլեր շինելով եւ սայլապանութեամբ։ Ընդամէնը՝ 140 տուն են. 700 ար. 620 իգ. իմիասին՝ 1320 հոգի։