Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԱՆԱՀՆԻ ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐԸ

       Վանքում կան հետեւեալ սրբութիւնները, որոնք պահւում են Ս. Նշան եկեղեցու խորանում։ Տարուայ ընթացքում այս սրբութիւններից մի քանիսը եւ մանաւանդ Ս. Նռանը վանահայրը ման է ածում գիւղերը եւ նուէրներ հաւաքում։

       Ս. Նշան մասը, ամփոփուած մի ականակուռ խաչի մէջ, եւ դրուած մի աւետարանաձեւ արծաթեայ պահարանում, որի փականները զարդարուած են ոսկեջրած պատկերներով։ Այս պահարանը, ինչպէս երեւում է վրայի գրութիւնից, շինել է տուել Բարսեղ արքեպիսկոպոսը 1566 թուին։ Սոյն պահարանում պահւում է նաեւ Ղուկաս աւետարանչի ծնօտի մասը։

       Ս. Լուսաւորչի աջը. արծաթեայ է, ոսկեջրած, ներկայացնում է մի բազուկ, բութ եւ մատնեմատը միասին ծալած, այնպէս՝ ինչպէս սովորաբար բռնում են հոգեւորականները խաղաղութիւն ասելիս։ Բազուկը զարդարուած է ակնազարդ ապարանջաններով, մատնեմատը՝ մի մատանիով։ Շինուած է 1685 թուին յիշատակ Թամարի որդի Մանուչարին։

       Ս. Օհան Օձնեցու աջը. արծաթեայ, ոսկեջրած ակներով եւ մի մատանիով զարդարուած։ «Յիշատակ է Պօղոս եպիսկոպոսին, ի վայելչութիւն սբ. Օհան Օձնեցուն։ Շինուած է 1685 թ. ի թագաւորութեան շահ Սուլէյմանին եւ հայրապետութեան Տեառն Եղիազարին եւ խանութեան Լօռու Թահմազ ղուլի խանին եւ իւր Աղայ Շահ-Մուրատ բէկին. խուրբ Օհանաթէմ Աբազին եւ Շահ զադուն. շինեցաւ ձեռամբ ուստայ Յովասափին եւ Սարգսին։ Աստուած պահէ աշխատողին Ամէն»։

       Ս. Աստուածածնի մազը եւ զգեստի կտորը, ամփոփուած են մի ականակուռ խաչի մէջ եւ դրուած աւետարանաձեւ, արծաթեայ եւ ոսկեզօծ պահարանում, որի վրայ գրուած յիշատակարանից երեւում է, որ «Սանահնեցի Երկայնաբազուկ Արղութեան արքեպիսկոպոսն յետ աւերման աշխարհին վրաց ի Պարսիկ Աղա-Մահմէտ խանէն, 1795 թուին երկրպագութեան է եկել Սանահնի եւ Հաղբատի վանքերին, տեսել է նրանց ամայութիւնը, մղկտացել է նրանց վրայ եւ շինել է տուել այս պահարանը, նրանց մէջ ամփոփել վերոյիշեալ սրբութիւնները եւ նուիրել Սանահնի վանքին։

       Թովմա առաքեալի մասունքը, դրուած է մի արծաթեայ ոսկեջրած խաչի մէջ, իսկ խաչը պահւում է մի աւետարանաձեւ արծաթեայ. ոսկեջրած պահարանում, որի վրայ նկարուած են՝ Պօղոս եւ Պետրոս առաքեալները, բարձրում հրեշտակներ՝ ամպերով պատած։ Այս պահարանի մէջ առանձին ապակեծածկկի տակ դրուած եւ նաեւ մի քանի քարեր. ապակիներից մինի վրայ գրուած է. Խրբազան սբ. Գերեզմանի վիմիցն է, որ մշտապէս բերէ զլոյս իւր հաւատացելոց». միւսի վրայ. «Համբարձման տեղի քարիցն է, որ համբարձաւ Տէրն մեր»։ «Մասունքը» յիշատակ է աւագ, քահանայ Տէր Ղազարին Սահառունեաց, ի դուռն Սանահնայ սրբոյ վանից. յառաջնորդութեան Առաքել արքեպիսկոպոսին 1817 ամի։

       Թոմա առաքեալի ականջը. խա ապառաժ կոչուած ոսկրըն է, բամբակի մէջ փաթաթուած եւ դրուած աւետարանաձեւ, ակնազարդ արծաթեայ պահարանի մէջ, որ ծածկւում է ոսկեջրած երկփեղկեան դռնակով։ Սրա վրայ նկարուած է Թովմա առաքեալ, ձեռին մի թուղթ, արաբերէն գրութեամբ։

       
       ՍԱՆԱՀՆԻ ՎԱՆՔՆ ՈՒՆԻ

       Վարելահող եւ անտառ՝ 549 դեսիատին 270 ք. ս.
       Արօտատեղի՝ 127 դեսիատին, 140 սաժէն
       Մի ջրաղաց երեք քարանի.
       Մի այգի, մի դեսիատին մեծութեան։
       Վանքը պահպանում են մի եպիսկոպոս եւ մի վարդապետ։