Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ
       Ս. Նշանի եւ Համազասպի արեւելեան կողմը, փոքր ինչ հեռու, առանձին կանգնած է զանգակատունը, որ շինել է Համազասպ արքեպիսկոպոսը 1245 թուին։
       Սա սրբատաշ քարերով շինուած մի գեղեցիկ շէնք է, քառանկիւնի, 16 արշին երկարութեան եւ նոյնքան լայնութեան։
       Զանգակատան իւրաքանչիւր կողմը ուղիղ անկիւնով ներս է ընկած, կրելով իւր վրայ մի գեղաքանդակ կամար։ Իւրաքանչիւր պատի վրայ կայ մի գեղեցիկ, քանդակներով շրջապատուած, երկար եւ նեղ պատուհան։
       Գմբէթը հանգչում է եօթ գեղեցիկ, կոլոր սիւների վրայ եւ կրում է մի քանի զանգակներ։
       Զանգակատունը ներքուստ անսիւն է, արեւելեան կողմը կան երկու խորան պատարագամատոյց սեղաններով։ Սրանց կողքից մի քարաշէն, նուրբ սանդուխտ բարձրացնում է մի ուրիշ խորան, որի կողքից մի ուրիշ քարէ սանդուխտ հանում է մի սրահ։ Այստեղ չորս ամբողջական եւ ութ կիսասիւների վրայ բոլորուող կամարների տակ չորս խորաններ կան, նուիրուած չորս Աւետարանիչներին։ Իսկ սրա վրայ բարձրանում է գմբէթը։
       Զանգակատունը ունի միայն մի դուռն արեւմտեան կողմից, որ կամարակապ է եւ սիւնազարդ։
       Զանգակատան առաջ կան գերեզմաններ, որոնցից մի քանիսի վրայ կարդացւում է հետեւեալ տապանագրերը.
       Մի օրօրոցաձեւ տապանաքարի վրայ. Արձանս այս վսեմական է Սոփեստոսի Սարկաւագի։
       Կիրակոս Գանձակեցու ասելով սրա մահը պատահել է 1109 թուին։ Սրա մօտ կան ուրշ երեք օրօրոցաձեւ գերեզմանաքարեր, առանց տապանագրերի։ Սրանցից մինը Կիրակոս Գանձակեցու ասելով Մխիթար Գոշի աշակերտ Թորոս վարդապետինը պիտի լինի։ Զանգակատան դռան հարաւային կողմում գտնւում է Յովհաննէս վարդապետ Երզնկեցու, Պլուզ մականուանուածի գերեզմանը, որի վրայ հասարակ փոքրիկ քար է ձգած, վերան փոքրիկ գաւազան եւ խաչ, վերեւում՝ վեղար քանդակուած, առանց մի որեւէ տապանագրի։ Եփրեմ կաթուղիկոսը կանգնել է 1824 թուին մի օրօրոցաձեւ տապանաքար՝ այս տապանագրով.
       Արձան մահու՝ Երզնկեցւոյ,
       Յովհաննէսի՝ ծործորեցւոյ,
       Խա ժիր մշակ՝ եկեղեցւոյ,
       Խուրբ վարդապետ՝ Ազգիս մերոյ։
       Արդ մականուամբ՝ Պլուզ կոչի,
       Աստ ի Հաղբատ՝ ի կենաց զրաւի,
       Իսկ ի գալ աստ՝ Տեառն Եփրեմի,
       Հայոց մեծի՝ Հայրապետի,
       Ծասն հոգւոյն՝ յիշատակի
       Կանգնէ զտապանս յայսմ ամի։
       Թիւ մահուան 1326. թիւ նորոգման տապանաքարին 1824-ն։
       Խրա մօտ կայ մի տապանաքար, առանց թուականի, հետեւեալ տապանագրով. Հաւրն մերոյ հոգեւորի Դաւթայ վարդապետի Քոբայրեցւոյ է տապանս. յիշեա ի Տէր սուրբս։
       Մի ուրիշ տապանաքարի վրայ.
       Այս է հանգիստ Պետրոս հայրապետին թ. ՋԽ. (1491).
       Սրա մօտ.
       Կիւրակոս եպիսկոպոս տեղւոյս. ՌՀԸ (1609).
       Սրա մօտ՝
       Այս է հանգիստ կուսակրօն Ղուկաս քահանային. թվին Ռ (1551)։
       Զանգակատան հարաւային կողմում .
       Արձան մահու կրօնաւորին
       Աստուածատուր վարդապետի.
       Կեղեաւ էր սա Շինողեցի.
       Ի կէսօրեայ իւր հասակի
       Յայսմ աշխարհէ առ Տէր փոխի։
       Ի 1842 ամի.
       Սրա մօտ՝
       Արձանս այս Պետրոս վարդապետի,
       Սա յորջորջի Սարգսի որդի.
       Գիւղեաւ բնիկ Շինողեցի.
       ի բազում ամս ջանացի
       Եւ զիմ տապանս այսր եդի,
       Եւ որք դիպիք՝ տուք ողորմի։
       1846 ամի
       Փոքր ինչ հեռու, մի հին խաչքարի վրայ. ՆՀԲ թուին (1023) Ես Մակաւս անարժան… կանգնեցի խաչս յաւգնականութիւն հոգւոյ իմոյ։
       Զանգակատան հարաւային կողմը գտնուող մի գերեզմանաքարի վրայ նկարուած է մի կնոջ պատկեր, բերանը շորով փաթաթած, մազերի հաստ հիւսը աջ ուսի վրայով իջնում է մինչեւ գօտին. ձեռքին մի որթ բռնած։ Պատկերի շուրջը սիւնազարդ կամար է, վերեւ գրուած է Խոսրովի… տապան…
       Արեւելեան կողմում երկու խաչքար կան, որոնցից մինի վերայ՝
       Թվ. ՊՁԴ (1435) Սուրբ Նշան Տէրունական
       Դաւիթ քահանայի լեր աւգնական։
       Միւսի վրայ.
       Աստուած ողորմի Դաւիթ վարդապետին ՋԾԱ (1502)
       Զանգակատան դռան մոտ է Հաղբատի վերջին առաջնորդ Զաքարիա արքեպիսկոպոս Գուլասպեան Բէհրուտեանցի շիրիմը, որի տապանաքարի վրայ փորագրուած է եպիսկոպոսական թագ. խաչ եւ գաւազան եւ հետեւեալ խօսքերը.
       Էին անեղին ժիր պաշտօնակիր.
       Տէր Զաքարիաս րաբուն անպատիր.
       Հովիւ քաջակիրթ աշխոյժ եւ ընտիր
       Արքեպիսկոպոս Էջմիածնի ձիր։
       Քարոզ սուրբ տառից անխոնջ անձանճիր
       Փառաց Արամեանց յար խուզախնդիր.
       Զարմին Գուլասպեանց վեհ արձանագիր,
       Տոհմին Բէհրուտեանց ոստ վայելչադիր։
       Այլ ա՜հ, եւ աւաղ տունկդ բարեդիր
       Զիա՞րդ գօսացար մորչ սաղարթակիր,
       Իններեակ հնգիւք տիօք ծաղկածիր
       Ելեր ի կենացս կեանս յանախտակիր։
       Յետնորդք յարգութեամբ ելցեն ի խնդիր,
       Աւաղ զի յարդեացս յանգէտս կացիր.
       Ողբով անդադար հեծէ վշտակիր
       Ծառայ քո Գրիգոր եւ եղբայր կրտեսեր.
       Այլեւ աղեխարշ դառն արտասուալիր,
       Ընծայէ դրուագս եւ զեղերագիր։
       Ի 1835 ամի Յունիսի 5 աւուրն։