Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

       Աղբիւրից բարձր մինչեւ Կուսանաց անապատը, փոքրիկ հարթ բլրակի վրայ գտնւում է հասարակաց գերեզմանատունը, ուր կան երկու փոքրիկ մատուռների աւերակներ։ Արեւմտեան կողմը երկաստիճան բարձր պատուանդանի վրայ կանգնած է մի գեղեցիկ, կապուտակ խաչքար՝ Սուրբ Սարգսի անունով, որի թիկունքին գրուած է՝ Շնորհիւն Աստուծոյ ես Յակոբ եւ Մարգարէս յառաջնորդութեան Տեառն Համազասպայ՝ կանգնեցաք զսուրբ Սարգիս բարեխաւս մեզ եւ Մխիթար վարդապետին Քոբայրեցւոյ եւ Հաւր Բարսեղի եւ ննջեցելոց մերոց։ Որք երկրպագէք Քրիստոսընկալ սուրբ նշանիս զմեզ յաղաւթս յիշեսջիք ի Տէր. Յիշողքդ աւրհնիք ի Տեառնէ. ի թիւս ՉԴ.

       Այս խաչի առաջ միմեանց կից հինգ գերեզմաններ կան, որոնցից երեքի գերեզմանաքարերը օրօրոցաձեւ են, առանց տապանագրի։

       Բազմաթիւ գերեզմանների վրայ կանգնած են կամ խաչքարեր, կամ օրօրոցաձեւ եւ կամ տափարակ գերեզմանաքարեր, որոնցից միայն քչերի վրայ կան տապանագրեր, սրանցից նշանաւոր են՝ Ի թուին ՈԾԶ (1207) կանգնեցաւ նշանս տէրունական ի վերայ հանգստարանի պատուական քահանային Գրիգորոյ, որք երկրպագէր յիշեցէք ի Քրիստոս։

       Ի թուիս ՈՁ (1231) կանգնեցաւ Խաչս ի վերայ հանգստարանի սուրբ Քահանայի Յովհաննիսի եւ նորին հարազատի Գրիգորոյ եւ Սողոմոնի եւ այլ ընտանեաց նորին եւ եղբաւր որդեաց Ատոմայ եւ Աբրահամու, որք երկրպագէք, յաղաւթս յիշեցէք։

       ՚Ի թուիս ՈՂԶ (1247) կանգնեցաւ խաչս ի վերայ հանգստարանի անպիտան աբեղայիցս - Անդրէասի, Պաւղոսի եւ Յովսէփայ, որք երկրպագէք յաղաւթս յիշեսջիք։