Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ԱԽՏԱԼԱՅԻ ՄԱՐԻԱՄ ԱՆԱՅԻ ՎԱՆՔ

       Այս հռչակաւոր եւ ճարտարարուեստ վանքը գտնւում է Ախտալա կայարանից հազիւ 11/2 վերստ հեռաւորութեամբ, դէպտ արեւմուտք, անտառապատ ժայռերով պատած մի թերակղզիաձեւ բլրակի գոգում, պղնձի եւ այլ հանքերով հարուստ Լալվար լեռան լանջին։

       Այս վանքի մասին կան հետեւեալ պատմական տեղեկութիւնները։ Կիրակոս Գանձակեցին ասում է. « Վախճանեցաւ եւ Իւանէ, եղբայրն Զաքարէի եւ թաղեցաւ ի Պղնձահանքն, ի դուռն եկեղեցւոյն՝ զոր շինեաց ինքն, առեայ ի Հայոց վրացի վանս արար։

       Ստեփաննոս Օրբելեան պատմում է, թէ այս վանքում պահւում էր Ս. Նշանի խաչը, որ Իւանէ Աթաբէկը ընծայ էր ստացել Վասակ իշխանից։ Բայց յետոյ 1216 թուին Տէր Սարգսի խնդրով վերադարձուեց Նորավանքի ուխտին։

       Նաեւ նոյն մատենագրից յայտնի է, որ դեռ Իւանէի կենդանութեան ժամանակ այստեղ ծինծղաւրութիւն (առաջնորդութիւն) էր հաստատուած եւ «Ծիրամ ծղճարն Պղնձահանիցն» մասնակցում էր այն ժողովին, որ որոշեց, թէ վերոյիշեալ Ս. Նշան խաչը պատկանում է Լիպարիտ Օրբելեանին։ Վարդան Բարձրբերդցին եւ Կիրակոս Գաձ. պատմում են, որ 1250 թուին մեռաւ Աւագն, որդին Իւանէի եւ թաղեցաւ ի Պղնձահանքն ընդ հօր իւրում։ *

       Վրաց մատենագիրներից թագաժառանգ Վախուշտն ասում է. Հաղբատից ցած գտնւում է Ճոճկանի հովիտը, Լալվար լերան ստորոտում… աւելի ցած եւ դէպի հիւսիս է Ագարակի եկեղեցին, որ Գուրգասլանը դարձրեց եպիսկոպոսարան, իսկ յետոյ դարձաւ Սոմխէթի արքեպիսկոպոսարան, որի իրաւասութիւնը տարածւում էր Խունանի, Գարդորանի եւ Բերդուջի վրայ։ Նրա կաթուղիկէն շատ ճարտարապետական ձեւով է շինուած եւ այժմ կոչւում է Ախտալա։

       Իսկ տեղական մի աւանդութիւն այս եկեղեցու շինութիւնը վերագրում է Հերակլ կայսրին VII դարում, Պարսից դէմ արշաւած միջոցին։

       Այս բոլոր տեղեկութիւններից կարելի է եզրակացնել, որ Ախտալի պղնձահանքում հին ժամանակից. V դարից, կանգնած է եղել եկեղեցի, որի մօտ հետզհետէ շինուել են միւս եկեղեցիները. եւ ի վերջոյ Ս. Աստուածածին մայր եկեղեցին, հաւանականօրէն Իւանէի ժամանակ եւ սրա ջանքով, երբ Թամար թագուհու յաղթական թագաւորութեան միջոցին ճարտարապետութիւնը դարձեալ սկսել էր ծաղկել։

       Եկեղեցին շինուած է սրբատաշ քարով. 13 ս. երկ. 10 ս. լայն. եւ 10 ս. բարձրութեան, գմբէթը չհաշուած։ 

       Չորս ամբողջական եւ վեց կիսասիւների վրայ յենած ռոմանական կամարներն այլ եւս չեն կրում նախկին կաթուղիկէն, որ քանդուել է դարուս սկզբում կամ երկրաշարժից եւ կամ Օմար խանի զինուորնեգրից։ Այլ սրա տեղը շինուած է փայտեայ կիսաբոլոր գմբէթ, թիթեղներով ծածկուած։ Իսկ կտուրը, որ հին ժամանակ լորփինով - քարէ բարակ տախտակ - էր ծածկուած, Մ. Ս. Վօրօնցովի կարգադրութեամբ վերանորոգուած է եւ կապտագոյն կղմինտրով պատած։

       Սեղանի երկու կողմը կայ մի մի խորան, որոնց մէջ կան ահագին մեծութեան տապանաքարեր, սրանցից աջակողմեան խորանի մէջ գտնուածի վրայ Մեսրոպեան հայոց հին եւ խոշոր երկաթագրով գրուած է *. զՄովսէս քահանայս յիշեսջիք յաղաւթս ձեր։

       Արեւելեան պատի մէջ բացւում են հինգ պատուհան, որոնցից երեքը սեղանի վրայ, իսկ երկուսը՝ խորանների մէջ։ Երկական լուսամուտներ էլ բացւում են հարաւային եւ հիւսիսային պատերի մէջ։

       Երեք դռնից երկուսն այժմ փակ են, իսկ արեւմտեանի առաջ շինուած է երեք սիւների վրայ հանգչող կամարակապ սրահ, բիւզանդական ոճով, որի իւրաքանչիւր հարաւային մասում կամարը կրում է տարբեր զարդարանքներ, իսկ հարաւային մասում կայ մի խորան։ Այստեղ մի աւազանաձեւ մուտք է բացւում դէպի մի ստորերկրեայ անցք, որ այժմ կալնուած է։

       Երջ Աղ. Երեցեանի կարծիքով, այս խորանի մէջ պէտք է թաղուած լինին եկեղեցու հիմնադիր Իւանէ աթաբէկն ու իւր որդի՝ Աւագը։

       Սրահի եւ եկեղեցու մէջ այժմ կան այդ տեղի կալուածատէր իշխան Մելիքովների գերեզմանները։ Խորանների վերայշինուած գաղտնի պահարանների մէջ Օմար խանի արշաւանքի ժամանակ թաքնուել են Ախտալայի թշուառ բնակիչները սակայն նրանց հետ թաքնուած երեխաների լաց ու կոծը յայտնել են անողորմ թշնամիներին նրանց ապաստարանի տեղը եւ բոլորը գոհ ենացել նրանց կատաղութեան։ *

       Պատերը ծածկուած են գեղեցիկ, իւղանկար պատկերներով, որոնք մեծ մասամբ այժմ փչացած են կաթիլքից։

       Այս պատկերներից ամենանշանաւորն է սեղանի վերեւ նկարուած Աստուածածինը, մանկիկ Յիսուսը գրկում։ Ներկերի գոյները դեռ եւս հիացուցիչ են, միայն Ս. Կուսի դէմքն ու կուրծքը բծերով ծածկուած են։ Այս եւ սրան կից պատկերներն ու նուրբ ճարտարապետութիւնը հիացել են "Грузия и Армения" գրքի հեղինակ Մուրավեօվին, որ այցելել է այս վանքը 1846 թուին եւ "Памятники византийской арьитектуры в Грузии и Армении" աշխատութեան հեղինակ Գրիմմին, որ Վրաց քրիստոնէական ճարտարապետութեան ամենալաւ գործերից մինն է համարում այս։

       Եկեղեցու հիւսիսիային կողմում, պատուհաններից ներքեւ, շինուած է մի փոքրիկ, հասարակ մատուռ, որ հաւանականօրէն վերջին ժամանակի գործ է։

       Վանքից հիւսիս-արեւմուտք եւ հիւսիս- արեւելք գտնւում են Ս. Երրորդութեան ս. Դիմիտրէի, Իւանէի, Բարսղի եւ Գէորգայ սրբատաշ, գեղեցիկ մատուռները։ Այս վերջինիս վերայ Ա. Երիցեան նկատել է վրաց Մեսրովբեան տառերով գրուած մի երկար արձանագրութիւն, որ պ. Տոկաշվիլիի թարգմանութեամբ տպուեց Сборник материало для описания местностей и племен Кавказа հրատարակութեան XXIX գրքի մէջ, եւ որի իմաստն այն է, թէ ծինամծղվար Պետրոսը շինել է այդ մատուռը սուրբ առաքեալների անունով եւ որոշել է, որ առաքեալների տօնին պատարագ մատուցանեն իւր հոգու փրկութեան համար։ Թէեւ թուականը չէ դրուած, սակայն Պ. Տոկաշվիլին քննելով արձանագրութիւնը կարծում է, թէ գրուած պիտի լինի 1242-1250 թուականների միջոցում։

       Վանքի շրջապատը միայն հիւսիսային կողմից ամրացած է բարձր պատով, եւ երկու բարձր աշտարակներով, որոնց մէջ բացուող լայն դարպասը՝ վանքի միակ մուտքն է կազմում, որովհետեւ միւս երեք կողմերը ժայռոտ եզրերով իջնում են խոր ձորերի մէջ։ Վանքի մէջ այժմ կան մի ռուս վարդապետ, մի յոյն քահանայ եւ 12 սարկաւագներ, որոնք շարունակ ժողովարարութեան են գնում, որովհետեւ վանքը առանձին կալուած եւ որոշ եկամուտ չունի։

       Վանքից փոքր ինչ հեռու, դէպի հիւսիս-արեւմուտք, անտառապատ լեռան վրայ գտնւում են նախկին Ախտալա գիւղի աւերակները։ Իսկ սարալանջի վրայ կայ մի փոքրիկ բերդի եւ սրա հանդէպ մի փոքրիկ եկեղեցու աւերակներ։ Եկեղեցու հարաւային դրան առաջ մի հրաշակերտ ահագին խաչարձանի վրայ կարդացւում է.

       Ի թվիս ՈՂԴ կանգնեցաւ սուրբ տէրունականս. յարեւշատութիւն Աւագին. եւ ծինամծղաւրութեան Պետրէի. եւ հայրապետութեան Համազասպա, ես Յակոբ երեց կանգնեցի զխաչս ի հանգստարանի մերոյ. զիս եւ զամուսին իմ յաղաւթս յիշեցէք։