Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏԵԱՌԸՆԴԱՌԱՋԻ ՏՕՆԸ

       Տեառնընդառաջ բառը աղաւաղուած կոչւում է Ղազախում տօռոնջ տօռոնջ, Հին Ջուղայում՝ տառինջ տառինջ, Վաղարշապատում դըրընդէզ, Դարալագեազի բնիկների մէջ՝ դառդառանջ, գաղթականների մէջ՝ տերինտառաջ կամ տանտառէջ։ Հին Ջուղայում փշէ դէզը պարտաւոր են պատրաստելու եկեղեցու գաւթում նոյն տարում պսակուած երիտասարդները։ Հանդիսակատարութեան ժամանակ նոյն երիտասարդները վառ մոմերը ձեռքում շարքով կանգնում են դէզի առաջ։ Երբ քահանան կարգը կատարելով իւր մոմով առաջինը վառում է դէզը, նորանից իսկոյն յետոյ վառում են եւ նորապսակները, այլ եւս ոչ ոք։

       Երիտասարդները վառած մոմերով վերադառնում են տուն, ուր պատրաստած կան փոքրիկ դէզեր եւ այդ մոմերով վառում են նորանց. փոքրիկ դէզերը առանց բացառութեան պէտք է լինին իւրաքանչիւր տան տանիքի վերայ։ Վառած դէզի վերայով լոք են տալի, այսինքն ցատկում են։ Նորապսակ երիտասարդի բարեկամները բերում են այդ երեկոյին նորահարսի համար տեսակ տեսակ ուտելեղէն, որ կոչւում է խոնչա։ Երեկոյեան արձակում են հրացանները։

       Ղազախի գիւղերում դէզը վառւում է միմիայն եկեղեցու մօտ։ Նորա վառելու արտօնութիւնը նոյնպէս տուած է նորապսակ երիտասարդներին, որոնցից յետոյ սակայն՝ կարող է վառել ամեն ոք։ Դէզի ծուխի թեքուիլը նշան է այս կամ այն կողմի բերրիութեան։ Բոցը վերջանալուց յետոյ սկսում են ցատկել վրայով։
       Ապա մի մի կիսայրած փայտ դիզից վերցնում տանում են իւրեանց տները եւ պահում են ապահով տեղ կամ դնում են հաւերի բներում, որպէս զի հաւերը շատ ձու ածեն ու շուտ թուխսի գան։ Մի կտոր էլ դնում են խաշի մէջ, որ հացը առատ լինի։

       Շիրակում եւ Բասէնում դէզի վառելու իրաւունքը նոյնպէս տուած է նորապսակներին։ Այնտեղ քաւորկինը հարսի համար բերում է խոնչա եւ հարսին երդիկ է դուրս հանում։
       Ծաղարշապատ եւ շրջակայ գիւղերում նորահարս ունեցող տունը հրաւիրում է աղջկունք եւ հարսներ դըրընդէզի տօնը կատարելու։ Քաւորը բռնում է նորապսակ տղայի եւ սա իւր ամուսնու, նորահարսի, ձեռքը եւ երեքը միասին երեք անգամ պտտւում են իւրեանց բոցավառ դէզի շուրջը եւ երեք անգամ վրայով ցատկում են։
       Ապա հրաւիրուած աղջիկները եւ հարսները դեղ են քսում՝ սեւացնում են աչքի թերթեւունքները եւ պարահանդէս բանում։ Տան նորահարսը պարտաւոր է ինքը աչքադեղը մատուցանել եւ մինչեւ անգամ ցանկացողին քսել։
       Դէզի վրայով ցատկելը նորա համար է՝ որ ազատուին ամէն տեսակ չլաւից (ոչ լաւ, չար բան)։ Մի քանի օրուայ ծննդից ազատուած կնոջը նոյնպէս թռցնում են դէզի վրայով՝ որ քառասունքից դուրս գայ եւ չլաւից ազատուի։ Քաւորկինը խոնչա է բերում սանամօր համար եւ միայն նա ունի իրաւունք նորահարսին դուրս բերելու երդիկ դէզի վերայ։

       Դարալագեազի գաղթական ժողովրդի մէջ, օրինակ Ազատէկ, Մարտիրոս, Կորադիզ, Սէս գիւղերում, դէզ վառելու իրաւունքը քահանայից յետոյ յատկացրած է նոյնպէս նորապսակ երիտասարդներին, որոնք, Ջուղայեցւոց նման, վերադառնում են տուն վառած մոմերով իւրեանց դէզերը վառելու։
       Երբ քահանան կարդում է աւետարանի այն տեղը, ուր Սիմէօն ծերունին ասում է Մարիամին «եւ ընդ քո իսկ անձն անցցէ սուր», իսկոյն իւրաքանչիւր մարդ ծածկաբար կտրում է դանակով մոմի կտորը եւ մօտը պահում, որ օձը երբէք չկծէ նորան։ Նոյն նպատակի համար ամենքը եւս՝ հարս, աղջիկ, կին տղամարդ, երեխայ, դէզի կրակով այրում են իւրեանց շորի որեւէ մասը։ Իսկ Խաչիկ գիւղում այրում են խոնջանի ծայրը։
       Եթէ որեւէ հիւանդ կայ տանը, նորան երդիկով դուրս են բերում տան տանիքը՝ դէզի մոտ, որ լաւանայ։ Դէզը վառելու միջոցին հրացաններ են արձակում, որոնց ձայնից շները վախենում են եւ մի կողմի վրայ են փախչում։ Փախուստը դէպի որ կողմը կատարուի, այդ տարուայ հողային առատութիւնը այդ կողմից կարելի է սպասել։ Նոյն նշանակութիւնն ունի եւ դէզի ծխի ուղղութիւնը քամու ազդեցութիւնից։
       Բարեկամները նորահարսին դուրս են բերում երդիկ, պտտցնում են դէզի շուրջը եւ այրում են խոնջանի ծայրը։ Վերջապէս խարոյկից մի կրակ են ձգում տան մէջ անպատճառ երդիկից. հըրով վառում են այդ երեկոյի մոմը, որպէս զի բախտը տան վերայ լինի։