Ս. Գրիգոր Նարեկացի

Հեղինակ

Բաժին

Թեմա
Մ. ԱԲԵՂԵԱՆ, Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
       Ա.
       Կրօնական էր 10-րդ դարու ոգին ոչ միայն մեր մէջ, այլ եւ ընդհանուր աշխարհում։ Այդ ոգու զարգացմանը նպաստել էին դարերի ընթացքում մեր եկեղեցու հայրերն ու վարդապետները իրենց քարոզներով եւ կենդանի օրինակներով, իրենց դաւանաբանական վէճերով ու կռիւներով. այդ պատրաստել էր նաեւ նախորդ դարերի գրականութիւնն իր ամբողջութեամբ։ Կրակապաշտութեան, ապա եւ մահմեդականութեան դէմ վարած կռիւների բովով անցնելով՝ հայ ժողովուրդն իր առաջաւոր մասով իւրացրել էր արդէն քրիստոնէական աշխարհայեցողութիւնը։ Յարմար ժամանակ էր միայն պէտք, որ քրիստոնէական ոգին իր բոլոր ուժով երեւան գար հայ կեանքի մէջ եւ առաջ բերէր իր գեղարուեստն ու բանաստեղծութիւնը։ Եւ այդ լինում է հարիւրամեայ խաղաղութեան շրջանում Աշոտ Երկաթի մահից յետոյ, երբ հաւատն էր կազմում բոլոր հոգիների էութիւնը եւ իր արտայայտութիւնը գտնում էր ամենից առաջ վանական եւ ճգնաւորական կեանքի մէջ ։
       Ծաղկում էր ճարտարապետութիւնը՝ քանդակագործութեան եւ նկարչութեան հետ։ Շինւում է զարդարւում էին բազմաթիւ եկեղեցիներ։ Վանքերը բոլորը լցւում էին հարիւրաւոր տղամարդկանցով, որոնք կտրւում էին աշխարհից եւ իրենց նուիրում բարեպաշտութեան գործին։ Ապրում էին ս. Բարսեղի սահմանադրութեամբ, ոչ մի սեպհականութիւն չունէին. «Էր նոցա ամենայն ինչ հասարակաց »։ Իրենք իրենց ենթարկում էին ամեն տեսակ զրկանքների եւ նեղութիւնների, հագնում էին աղքատի նման գծուծ գրգլեակներ, մարմինները տանջում քրձով ու խորգով. ման էին գալիս բոբիկ ոտներով. «Ճգնազգեստ, խոնարհազարդ վայելչութեամբ զարդարեալք ի ճաշակս անճաշակ, մի անգամ միայն յաւուրն ճաշակելով եւ զովացեալ ջրով ի շաբաթու եւ ի կիւրակէի արբամամբ յաւուրս քառասնորդաց »։ Ոչ ոք հասարակաց սեղանից դուրս բերանը բան չէր դնում, ոչ միրգ եւ ոչ նոյն իսկ դալար խոտ։ Այսպէս իրենց անձը չափազանց պահեցողութեամբ ճնշելով՝ իրենց զրկում էին եւ քնից. ամբողջ գիշերներ տքնութեամբ եւ հսկումով էին լուսացնում. որովհետեւ ցեկեը գործում էին ձեռքով եւ աղօթում, իսկ գիշերը սաղմոսում «ցայգատարած բազկատարածութեամբ, արտօսրիջոյց ողբովք լցեալ զաւուրս»։
       Այս մարդիկը ամեն ինքնասիրական եւ մարմնական հոգսերից ազատ լինելով՝ միայն մի հոգս ունէին, որքան կարելի է, շատ տանջել իրենց եւ, որքան կարելի է, շատ «զարդարուել ողորմածութեան զարդերով »։ Այդ պատճառով աշխատում էին, բայց իրենց աշխատածն իրենք չէին վայելում, այլ իրենց բոլոր ունեցածներն եւ աշխատածը բաշխում են ուրիշներին, յաճախ երբ աղքատների էին հանդիպում, հանում էին իրենց հագի զգեստները եւ նրանց հագցնում. հանգստեան տեղ եւ սնունդ էին տալիս ամեն անցորդի ու ճանապարհորդի, որոնք կարող էին վանքերում օթեւանել ինչպէս իրենց տանը։
       Շատերն այսպիսի միաբանական ճգնութեամբ չէին գոհանում, քաշւում էին ամայի լեռներն ու անտառները, միայնանում քարանձաւների ու խոռոչների մէջ, ուր անսուաղութեամբ ապրում էին օրերով եւ միայն աղօթքով էին պարապում գիշեր ցերեկ՝ «վերնականներին խօսակից լինելով » ըստ Գր . Նարեկացու։
       Այս ճգնաւորական խստակեցութիւնն եւ աշխարհուրացութիւնը ծագում էր ժամանակի քրիստոնէական աշխարհայեցողութիւնից, որով իրական աշխարհը մի երազ էին համարում, կամ ժամանակակից պատմագրի խօսքով, «ստուեր զկեանս աշխարհիս համարեալ »։ Իսկական կեանքը հանդերձեալ յաւիտենականն էր, որ մահից յետոյ գալու էր։ Դրան արգելք էր լինում մարմինը, ուստի եւ ձգտում էին քաղցով ու ծարաւով, «հանապազամեռիկ կեանքով » մեռցնել մարմինը, կենդանի մեռնել. «մեռեալ ի կենդանութեան եւ ի մահու զկեանս քարոզեալ»։
       Այս բոլորի հետ միասին՝ այդ մարդիկը հոգեպէս էլ հանգիստ չէին, այլ շարունակ տանջւում էին իրենց երեւակայութեան ստեղծած սարսափներով, սատանայի փորձանքներով։ Չկար գիտութիւն, որ զսպէր նրանց երեւակայութիւնը եւ հաւասարակշռութիւն մտցնէր նրանց կեանքի մէջ։ Արդարեւ վանահայրերը յաճախ էին լինում ուսեալ մարդիկ. յիշւում են եւ նշանաւոր գիտնական վարդապետներ , բայց նրանց ուսումն ու գիտութիւնը սահմանափակուած է եղել հոգեւորով, նրանք հմտութիւն են ունեցել միայն Ս. Գրքի եւ առհասարակ կրօնական գրականութեան, եւ նրանց գործն է եղել մի կողմից՝ խօսքով ուսուցանել կրօնական ճշմարտութիւնը, քարոզել Աստուծոյ պատգամները, միւս կողմից՝ աւելի մեծ խստակեցութեամբ բարի օրինակ դառնալ եղբայրներին իրենց ճգնութեան մէջ։ Այսպէս «մեծանունն ի գիտութեան եւ յառաքինութեան Մովսէս, որ քառասուն աւուրբք ձգտեցուցանէր զանսուաղութիւնն։ Եւ Դաւիթ աղքատակերպ եւ գծծասէր գիտնականն, որում անուն Մաշկոտն կոչի, եւ Պետրոս հաւաստի մեկնիչ Գրոց սրբոց»։
       Այս գիտնական վարդապետների մօտ ժողովւում էին աշխարհի զանազան կողմերից բազմաթիւ ուսումնածարաւ երիտասարդներ, որոնք ամենայն սիրով եւ ջանքով, տանելով ամենայն զրկանքներ, աշխատում էին ուսում ձեռք բերել, եւ ձեռք բերածները լինում էր ծանօթութիւն ս. Գրքերի, սքոլաստիկական նրբամիտ մեկնաբանութիւններ ու դաւանաբանական վէճերի մասին տեղեկութիւններ։ Նրանց մի մասը մնում էր հենց վանքերում՝ նուիրելով ճգնական խստակեցութեանը. իսկ ուրիշները վերադառնում էին աշխարհային կեանքին, կամ դառնում էին քահանայ, եւ իրենց ամբողջ կեանքում շարունակում էին որոճալ իրենց ձեռք բերած ուսումը եւ տարածել աշխարհում, ու միշտ երանի էին տալիս իրենց երիտասարդական վանական կեանքին։
       Եւ ահա այսպիսով եկեղեցու բեմից քարոզով եւ վանական կրթութիւն ստացած աշխարհականների միջոցով ճգնաւորական աշխարհայեացքը թափանցում էր եւ աշխարհականութեան մէջ։ Եւ եթէ ազնուականը մի կողմից սանձարձակ ազատութիւն էր տալիս իր անանսական կրքերին՝ զրկում ու կեղեքում էր, զուարճութեան, կերուխումի, գանձի ու հարստութեան ետեւից էր ընկնում, միւս կողմից սակայն նա անձնատուր էր լինում նաեւ կրօնական բարեպաշտական գործերի՝ եկեղեցուն նուէրներ տալ, աղօթել, եկեղեցի յաճախել, աղքատներին խնամել եւ նոյնիսկ Աշոտ Գ. պէս ողորմածութեան գործերով զբաղուել։ Հեշտութեամբ մի ծայրայեղութիւնից միւսն էին անցնում։ Մի ծայրայեղութիւնը ժառանգաբար բերում էին կոպիտ , բարբարոսական բարքերի շրջանից, որ եւ պահում էին դրացի հեթանոս ազգերի ազդեցութեամբ, իսկ միւսն արդիւնք էր վանական-ճգնաւորական ազդեցութեան։ Եւ այս ազդեցութիւնը ոչ միայն բարձր դասակարգի՝ թագաւորների եւ ազնուականների վրայ էր երեւան գալիս, այլ եւ ռամիկ, եւ ազնուական ու ռամիկ հաւասար պատկառում էին կրօնաւորներից, որոնք եւ սուրբ եւ հրաշագործ էին։
       Ժամանակի սնոտիապաշտական ոգին ճգնաւորներին զարդարում էր հրաշալի պատմութիւններով, մէկը, Կարմիր Հայր, մի աւերակ եկեղեցու մէջ աղօթքով սատկեցնում է մի վիշապ, որ շրջակայ բնակիչների համար սարսափ էր դարձած, մի ուրիշը, Վարդիկ Հայր, հնազանդեցնում է առիւծին, որ բերում է նրան եղջերուների կաշի եւ իր երկու կոյր կորիւններին նրա առաջն է ձգում, սուրբը ձեռը վրան դնելով բժշկում է նրանց կոյր աչքերը։ Այսպիսի կրօնաւորների աղօթքն եթէ հրաշագործ էր, զարհուրելի էր անէծքը, որ հաւատում էին թէ անպայման պիտի կատարուի։ Նրանք դրանով իշխում էին ռամիկ եւ ամենքի մտքի ու երեւակայութեան վրայ։ Այդ անէծքն է որ գրգռում է բազմամարդ Անի քաղաքի ամբոխին եւ ստիպում Գագիկ թագաւորին գերեզմանից հանել իր նոր թաղած եղբօր՝ Սմբատ թագաւորի դին։
       Այս կրօնական ոգին բացի վանական, ճգնաւորական եւ բարեպաշտական կեանքից՝ ունէր նաեւ իր գեղեցիկ արտայայտութիւնը գեղարուեստի միջոցով։ Մեր եկեղեցական ճարտարապետութեան ու քանդակագործութեան մնացորդները, որ այժմ հիացում են պատճառում մասնագէտներին եւ մեր հին մշակոյթի պարծանքներն են, ապագայի ուսումնասիրութեամբ պիտի ցոյց տան այն սերտ կապը, որ եղել է ժամանակի ոգու եւ իր այդ արտայայտութեան մէջ։ Նոյն դարում ծաղկել են նմանապէս եւ նկարչութիւնն ու երաժշտութիւնը, որոնցից ժամանակը մեզ բան չի թողել, բացի աւելի ուշ դարերի մանրանկարչութիւնից եւ խազերով շարականներից, որոնք դեռ անվերծանելի են։
       Շատ աւելի բախտաւոր չի եղել եւ բանաստեղծութիւնը, որից մնացել են միայն Գրիգոր Նարեկացու մի քանի տաղերը եւ Ողբերգութիւնը։ Բայց այդ քչի մէջ էլ արդէն տեսնում ենք, որ մինչ շարականները զուրկ են ինքնուրոյնութիւնից եւ կեանքից ու բնութիւնից, այժմ մի իսկատիպ քնարերգութիւն է առաջ գալիս, որ մի կողմից՝ երգչի իրեն սիրտն է բաց անում մեր առաջ, միւս կողմից՝ իր մէջ անդրադարձնում է հենց այդ կրօնաւորական ոգին, որ ունեցել են հազարաւրներ ու բիւրաւորներ։
       Գրիգոր Նարեկացին մեր առաջին մեծ բանաստեղծն է։