Ս. Գրիգոր Նարեկացի

Հեղինակ

Բաժին

Թեմա
Բ.
       Դժբախտաբար Գր. Նարեկացու կենսագրութեան մասին շատ քիչ տեղեկութիւն ունինք։ Նա եղել է կրօնաւոր Նարեկայ վանքի, որ ըստ Ստեփանոս Տարօնեցու նշանաւոր է եղել «բազմազարդ պաշտօնապայծառ երգեցողովք եւ գրական գիտողօք։ Երգիչ եւ գրագէտ Գրիգորի անունը սակայն չի յիշատակում ժամանակակից պատմագիրը, որովհետեւ այն միջոցին երբ Ասողիկը իր Տիեզերական պատմութիւնը վերջացնում էր, Գրիգորը դեռ նոր էր յօրինել եւ հրատարակել իր Ողբերգութիւնը, որով իսկապէս հռչակւում է նա։
       Նրա հայրն էր Խոսրով Անձեւացեաց եպիսկոպոսը , ժամանակի նշանաւոր անձերից մէկը , հմուտ եկեղեցական գրքերի, գիտուն մի մարդ, որից մնում են Մեկնութիւն ժամակարգութեան եւ Մեկնութիւն Խորհրդոյ սրբոյ պատարագին։ Վերջինիս յիշատակարանի մէջ ինքը Գրիգորն այսպէս է գրում իր հօր մասին. «Շնորհիւ Աստուծոյ եղեւ մեկնութիւն այսմ գրոց ի ձեռն Խոսրովայ Անձեւացեաց եպիսկոպոսի, յոյժ հետեւողի պատուիրակացն Աստուծոյ. զոր մեզ եւ գովել անճահ է, զի մի՛ գայթակղեսջիք ի նոյն՝ վասն գոլոյ նորին հայր իմ ըստ մարմնոյ. որոյ չեմ արժանի կոչիլ որդի եւ ոչ վարձկան ըստ գրեցելումն… Այլ յոյժ ամաչեցեալ եւ տարակայ գտանիմ ես Գրիգոր պարտաւոր պատուիրանաց սուրբ Գրոց։ Արդ առաջին սուրբ գրոցս այսորիկ գծագրութիւն եղեւ ձեռամբ Սահակայ որդւոյ տեառն Խոսրովու, այս գրոցս մեկնողի ՅՂԹ թուականութեանս Հայոց» (=Քրիստոսի 950 թ.
       Չամչեանը Գրիգորի ծննդեան թուականը դնում է մօտաւորապէս 951 թուին. «Ի թուին Հայոց իբր Ն, այսինքն յամի Տեառն 951»։ Այս ենթադրական տարին ուրիշներն այնուհետեւ բանեցնում են իբր հաստատուն թուական Գրիգորի ծննդեան համար։ Բայց որովհետեւ ինչպէս վերեւում գրուած յիշատակարանից երեւում է, նրա հայրն 950 թ. պատարագի խորհրդոյ մեկնութեան տարում , եպիսկոպոս է եղել, ուստի եւ Գրիգորը պէտք է ծնուած լինի այդ թուից առաջ, քանի որ «անհնար է 10-րդ դարում կանամբի եպիսկոպոս ենթադրել Հայաստանում» ։ Դժբախտաբար կարելի չէ որոշել, թէ 950 թուից որքան առաջ ծնւած պիտի լինի նա։ Նրա հայրը Անձեւացեաց եպիսկոպոս է դառնում 941 թուից ոչ առաջ, որովհետեւ նա այդ վիճակն ստանում է Անանիա Մոկացի կաթողիկոսից (941-965 թ. ) ։ Ենթադրելով որ Գրիգորը մի տարեկան մատղաշ երեխայ է եղել հօր ձեռնադրութեան ժամանակ եւ որ հայրը ձեռնադրուել է Անանիա Մոկացի կաթողիկոսի առաջին տարում, ըստ այսմ Գրիգորը ծնուած կարող է լինել 940 թուին, իսկ ամենից ուշ 949 թուին. որովհետեւ հայրը 950-ին արդէն եպիսկոպոս է յիշւում։ 940 թուից շատ առաջ չի կարելի դնել Գրիգորի ծնունդը, որովհետեւ նա իր Ողբերգութեան մատեանի մէջ ինքն իրեն 1001 կամ 1002 թուին, թէպէտ հասակն առած, բայց ծեր չի համարում։ Այսպէս 83-րդ բանի մէջ գրում է. «Ահա բարդեցան, կուտեցան շրջանակք ամացս ընդունայնութեան, յորմէ հետէ յայտնեցեալ ցուցայ՝ յոչպէտս երեւեալ ի յարգանէ մօրն իմոյ սենեկի փուշս դժնկի մեղաց շառաւիղի »։ Բայց 87-րդ բանի մէջ գրում է. «Եթէ հասից յամս ծերութեան քեւ առաջնորդեալ արժանիս ճահու, մի թողցես զտկարութիւնս, մի՛ անարգեր զալիսն, մի՛ կորացուսցես զկործանեալն, մի՛ զիջուսցես զկքեալն»… Ենթադրելով որ նա ամենից ուշը 949 եւ ամենավաղը 940 թ. ծնուած լինի, այս խնդրուածքն անելիս (Ողբերգութեան այդ բանը գրուած է 1001 կամ 1002 թուին ) նա պէտք է լինէր 53-62 տարեկան։ Եթէ 62 տարեկանն արդէն ծեր պիտի համարուի, 53-55 տարեկան հասակին կարող էր նա իր համար գրել «եթէ հասից յամս ծերութեան»… Այսպէս նա ծնուած պիտի լինի 940-ական թուականներին, աւելի շուտ այդ թուականների երկրորդ հնգամեակին։
       Գրիգորը մեծացել է Նարեկայ վանքում. «Սնեալ եւ վարժեալ սրբութեամբ եւ իմաստութեամբ առ ոտս Անանիայ վարդապետի, առաջնորդի Նարեկայ վանից ի Ռշտունիս» ։ Այս տեղեկութիւնից երեւում է, որ հայրը եպիսկոպոս դառնալով՝ իր որդուն փոքր հասակից արդէն յանձնել է Անանիա Նարեկացուն, որի եղբօր դստեր որդին էր Գրիգորը, ինչպէս յիշում է ինքը Ապարանից Խաչի եւ Աստուածածնի Ներբողների վերջում (եր. 422). «Ես Գրիգոր՝ յետին վարժապետաց եւ կրսեր բանասիրաց, որդի դստեր եղբօր Հօր Անանիայի հոգեզարդ եւ մտավարժ փիլիսոփայի եւ ըստ վարուց մաքրութեան կրօնից գովելոյ եւ հռչակելոյ»։
       Գրիգորի հետ նոյն վանքում կրօնաւորել է եւ իր մեծ եղբայրը՝ Յովհաննէս, որի համար նա մեծ գովեստով է խօսում իր գրուածքների յիշատակարաններում. «Յիշատակեսցես… զիս եւ զեղբայրն իմ անդրանիկ զՅովհաննէս ցանկալի անուն ի միում կարգի, որ գիտնականն է եւ հանճարեղ իմաստասէր քան զիս առաւել յամենայնի» (Յիշատակարան Ներբողի ապարանից Խաչի Իսկ Ողբերգութեան մատեանի վերջում գրում է. «Ես Գրիգոր կրօնաւոր քահանայ, յետին բանահիւսաց եւ կրտսեր վարժապետաց, գործակցութեամբ եղբօր իմոյ ընտրելոյ Յովհաննէս կոչեցելոյ՝ Նարեկայ մեծափառ եւ բարձրապատիւ ուխտի վանականի, որք իբրեւ զմի մարմին բանական ի յերկնուց առ մի կերպարան շինելոյ դիմաց կենցաղավարելով, ոչ միայն հարազատք, այլ եւ միաշունչք, համապատիւք, զուգահաւանք, ի բառից աչաց առ միեւնոյն շաւիղ խորհրդոց տեսեալք» (եր. 268)։
       Այս սիրով սերտ կապուած եղբայրների ուսուցիչը, Անանիա Նարեկացին, որ ապրել է մինչեւ Խաչիկ կաթողիկոսի (972-991 թ . ) ժամանակները , եղել է իր ժամանակի համբաւաւոր եւ գիտուն, միաժամանակ եւ մեծ կրօնաւորներից։ Ստ. Տարօնեցին (եր. 178) նրա համար գրում է «Փիլիսոփայն մեծ… սորա եւ գիրս է ասացեալ ընդդէմ աղադոյն թոնդրակաց եւ այլոց հերձուածոց »։ Նա եղել է քաջ մեկնիչ Ս. Գրքի, գրել է մեկնութիւններ եւ ճառեր՝ «Վասն աղօթից, պահոց եւ արտասուաց», «Վասն զղջման եւ արտասուաց եւ աղօթից », եւ մի ուրիշը՝ «Խրատ հոգեւոր թէ որպէս կարասցէ մարդ որոշել զմիտս յերկրաւորացն եւ զայս կեանս արհամարհել եւ Աստուծոյ միայն ցանկալ եւ արքայութեան նորա»։
       Գրիգորը փոքր հասակից մեծանալով այսպիսի մարդու ձեռի տակ, որ խօսքերով ու գործով քարոզում էր ուրանալ աշխարհը, յաղթել աշխարհին եւ «ոչ ըմբռնիլ ի կենցաղոյս պատրանս », բնականաբար պիտի կտրուէր դրսի աշխարհից։ Նա կտրուած էր եւ ընտանեկան կեանքից. մօր երես, անշուշտ, տեսած չէր, կամ շատ փոքր հասակում տեսած, իսկ հայրն իր մօտ չէր ապրում։ Եւ եթէ մէկ մէկ նա հանդիպում էր հօրը, նրա մօտ էլ նոյնն էր տեսնում ու լսում, ինչ որ վանքում, - ժամագիրք, սաղմոս ու հոգեւոր երգ, եւ զղջում, լաց ու արտասուք։ Նա արտաքին աշխարհին ծանօթանալու առանձին հնարաւորութիւն չունէր, բացի ուխտերից եւ բացառիկ այցելութիւններից, բնականաբար նրա ուշն ու միտքը պիտի ուղղուէր միայն մի բանի - հետեւիլ եւ սիրել այն, ինչ որ իր շուրջը տեսնում էր վանքի կրօնաւորների մէջ։ Եւ նա մեծանալով մնում է նոյն վանքում, ուր կրթուել էր, կրօնաւորում է եւ ձեռնադրւում քահանայ. Հայոց ՆԻԶ=Փրկչի 977 թուին նա ինքն իրեն արդէն քահանայ է յիշում Երգոց Երգի մեկնութեան յիշատակարանի մէջ։ Մնալով վանքում՝ նա ճգնարանի նոյն խստութիւններին է ենթարկում իրեն, ինչ որ ուրիշները. ցերեկը գործել մշտամռունչ աղօթքներով, գիշերը տքնել դարձեալ աղօթելով. տանջել իրեն քաղցով ու ծարաւով, ծունրադրութեամբ երկրպագութիւններ անելով. «ձայն հառաչանաց», «աչք կողկողագինք, արտասուօք ողբոց», «ծնկովքն հաստատութեամբ իբր գարշապարաւ ոտին վարիլ », - ահա թէ ինչով էր զբաղւում նա իր կեանքում։
       Սակայն Գր. Նարեկացու հայրն ու վարդապետը միայն սոսկ կրօնաւորներ չէին, նրանք իրենց ժամանակի նշանաւոր գիտնականներն ու գրագէտներն էին, եւ Գրիգորի պէս ընդունակ մէկը մանուկ հասակից արդէն, աչքի առաջ ունենալով նրանց օրինակը, սիրում է ոչ միայն կարդալ եւ ուսման ու իմաստութեան ետեւից լինել, այլ եւ շարադրել։ Եւ իսկապէս, Գրիգորը խորը հմտացած է ժամանակի գիտութեանը, ընդարձակ ծանօթութիւններ ունի ոչ միայն ս. Գրքի, այլ եւ եկեղեցական գրուածների։ Նա այդ հմտութիւնը ձեռք է բերել տոկուն ընթերցանութեամբ. Մոկաց Ստեփանոս եպիսկոպոսին դիմելով նա ասում է. «Եւ ինձ տառապելոյս օգնեա՛ աղօթիւք, որ յարաժամ դեգերիմ յընթեռնուլն» (եր. 423)։
       Այդ ճգնաւորութեան եւ գիտնականութեան համար է անշուշտ, որ նա կարգւում է, ըստ Յայսմաւուրքի, Նարեկայ վանքում «վարժապետ միանձանց ի սուրբ վարս եւ յաստուածային գիտութիւնս »։ Նա ինքն իրեն անւանում է «յետին վարժապետաց եւ կրտսեր բանասիրաց» (եր. 422), «յետին բանահիւսաց եւ կրտսեր վարժապետաց» (եր. 268)։ «Զայլս խրատեմ եւ ես ինքն անփորձ եմ, միշտ ուսանիմ եւ երբէք ի ճշմարտութիւն գիտութեան ոչ հասանեմ », ասում է նա համեստութեամբ (Ողբ. բան ՀԱ. եր. 182)։ Ահա՛ մի կեանք, որ անցել է ամբողջ աղօթելով, յարաժամ կարդալով եւ միշտ ուսանելով եւ ուսուցանելով ու խրատելով ուրիշներին, միաժամանակ եւ բանահիւսելով։
       Այսպիսի մի կրօնաւոր չէր կարող վարդապետութիւն ստացած չլինել։ Ողբերգութեան ՀԱ. բանի մէջ, եր. 186. նա գրում է իր համար՝ թուելով իր կոչումները «Պետ վարժից կոչեցայ յանձինս դատախազ. ռաբբի ռաբբի անուանուեցայ եւ զգովեստն առ Աստուած եղծի . բարի ասացայ առ եղիութեանն ժառանգութիւն. սուրբ վկայեցայ ի մարդկանէ, որ եմ անմաքուր առաջի Աստուծոյ. արդար դաւանեցայ ամենայն իրօք ամբարիշտս, հեշտացայ ի գովեստ մարդկան, զի ծաղր եղէց լատենին Քրիստոսի. յաւազանէ կոչեցայ արթուն, եւ ես ի քուն մահու աաջեցի. ի փրկութեանն աւուր հսկող յորջորեցայ, բայց զզգաստութիւնն այս կափուցի »։ Այս վկայութիւնից իմացւում է, որ Գրիգոր (=Արթուն ) եղեալ է նրա մկրտութեան անունը, որ նա վարդապետ (=ռաբբի ) է եղել, եւ բացի վարժապետ (կամ պետ վարժից ) կոչումից՝ յորջորջուել է նաեւ հսկող, անշուշտ գիշերային տքնութիւնների համար. նա ինքն իրեն հսկող է կոչում նաեւ Ողբերգութեան ամեն մի բանի վերնագրի մէջ։ Բացի այդ՝ մարդիկ գովել են նրան ինչպէս մի բարի, սուրբ եւ արդար մարդու։ Նա այդ գովեստը իրօք ստացել է մարդկանցից, որոնց խիստ հաճելի է եղել իր վարքով, եւ նրան իր կենդանութեան ժամանակ նոյն իսկ երանի են տուել. «Առ պարտաւոր գերիս ողջամիտ կամօք ակնարկեն, որպէս թէ ի մասանցդ քո կեցուցչաց ի պահպանարան հոգւոյս ծածկութի լիով ունիցիմ… Եւ որպէս շուք իմն վայելչական դնել ախորժեն ինձ անարժանիս սիրելիքն քո վասն քո՝ նայեցեալ ի կրօնս զգեստուս բարեկերպութեան, չգիտելով զբիծս գաղտնեացն՝ երջանիկ կարդան եղկելւոյս» (Բան ՁԳ . եր. 233)։
       Սակայն Նարեկացին ունեցել է նաեւ թշնամիներ ու բամբասողներ եւս։ Յայսմաւուրքն գրուէ թէ «Որովհետեւ նա ամենայն փութով աշխատում էր ուղղել եկեղեցու խանգարուած կարգաւորութիւնը, ուստի մի քանի յաչաղկոտներ չարախօսեցին նրա մասին եպիսկոպոսների եւ իշխանների մօտ, եւ այդ ճշմարտութեան վարդապետին կոչում էին ծայթ եւ հերձուածող »։ Եւ ապա պատմում է Նարեկացու մասին տարածուած զրոյցը, թէ ինչպէս իշխաններն ու եպիսկոպոսները հաւաքուելով՝ ուզում են նրան դատի մատնել, հրաւիրակներ են ուարկում սրբի մօտ, որ նրան առնեն, դատարան տանեն։ Նա հեզութեամբ ընդունում է եկողներին եւ ճանապարհ ընկնելուց առաջ հացի հրաւիրելով նրանց՝ առաջները դնում է երկու խորոված աղաւնի։ Օրն ուրբաթ է. հրաւիրակները յիշեցնում են այդ մասին Նարեկացուն։ Սուրբը ներողութիւն է խնդրում, որ մոռացել է, թէ օրը պաս է, եւ ասում է , որ իր հիւրերը հրաման տան աղաւնիներին թռչելու։ Հիւրերն, ի հարկէ, այսպիսի բան անել չէին կարող. բայց ինքը Նարեկացին հրամայում է, եւ աղաւնիները կենդանանալով թեւ են առնում, թռչում։ Բնականաբար սարսափում են եկողները, իրենց աչքով տեսնելով Նարեկացու սրբութիւնը, եւ ամբաստանութիւնն ի դերեւ է ելնում։
       Թէ իրօք նա թշնամիներ էլ է ունեցել, այդ երեւում է Ողբերգութիւնից. նոյն ՁԳ. բանի մէջ նա բարեկամներից առաջ յիշատակում է թշնամիներին. «Յիշեա՛ յայսմ Ողբերգութեան մատենիս բանիս խոստովանութեան եւ զոր ի մարդկային ազնէ զթշնամիս մեր՝ ի բարի… Մի՛ բարկասցիս նոցա վասն իմ, Տէ՛ր, իբրեւ զսուրբս բամբասողաց՝ առ յաճախ սիրոյդ որ յիս, այլ որպէս զչարս կշտամբողաց եւ իրաւամբ նախատողաց՝ ներեա՛ յանցանաց նոցա։ Եւ արդ մատուցեալ երկաքանչիւրոցս առաջի քո, Արդարադատ, ոմանք առ մեզ վնասակարագոյնքն սակաւուք, թերեւս եւ յիրաւի բամբասելոցս…. մի՛ սատակեսցես զիմսն խածանողսն» (եր. 291)։ Թէ ինչու են թշնամացել եւ բամբասել նրան, այդ չի իմացւում նրա մատեանից. անհաւանական չէ Յայսմաւուրքի հաղորդածը, թէ նրան ամբաստանում էին իբրեւ հերձուածողի։ Նրա հայրը, Խոսրով Անձեւացեաց եպիսկոպոսը իր ծերութեան հասակում բանադրւում է իրեն ձեռնադրող Անանիա Մոկացի կաթողիկոսից իբրեւ հերձուածող, եւ այդ բանադրանքի տակ էլ մեռնում է. նրա ուսուցիչ Անանիա Նարեկացին , ինչպէս իր Խոստովանութեան Գրից երեւում է. «մերձ ի մահ վիճակում, ոչ ինքնաբերաբար, այլ կատարելով կաթողիկոսի հրամանը՝ անիծել է թոնդրակեցիներին », ամենայն հաւանականութեամբ այն պատճառով, որ Խոսրով եպիսկոպոսի եւ կաթողիկոսի միջեւ տեղի ունեցած վէճերից յետոյ՝ «կարող էր կասկած ծագել եւ Անանիա Նարեկացու ուղղափառութեան մասին, քանի որ խնամիական կապեր կային սրա եւ Խոսրովի միջեւ եւ Անանիա Նարեկացուն էր աշակերտում Խոսրովի որդին պատանի Գրիգորը» ։ Շատ հաւանական է, նոյն կասկածն եղել է եւ Գրիգոր Նարեկացու մասին քանի որ սա էլ գրած ունի թուղթ ընդդէմ թոնդրակեցի աղանդաւորների ։
       Գր. Նարեկացու կենսագրութիւնից էլ ուրիշ հաւաստի բան չգիտենք, եւ հաւանօրէն շատ բան էլ չի պակասում։ Նրա կեանքն անցել է շատ միատեսակ, աղօթել, կարդալ, գրել , դաս տալ, խրատել, եւ ապա դարձեալ աղօթել ի խորոց սրտի։ Շատ միակերպ մի կեանք, որ թւում է թէ ձանձրալի պիտի լինէր մի մարդու համար, որ վերին աստիճանի զգայուն սրտի տէր է, գիտէ յուզուել ամեն մի չնչին բանից, որ ամբողջապէս եռանդ ու գործունէութիւն է շնչում, եւ որի վառ երեւակայութիւնը մի վայրկենում տանում է նրան զանազան կողմեր իր ճգնարանի պատերից դուրս։ Բայց նա մանկութիւնից միայն մի աշխարհ է ճանաչում - իր ներքինը, իր սիրտն ու միտքը, իր հոգին ու հայեցողական կեանքը, որով եւ նա շարունակ զբաղուած է, եւ այդ՝ բաւականութիւնն է տալիս նրան։ Եւ եթէ մէկը մէկ ձանձրանում է նա, բաւական է, որ աղօթէ Աստուծուն, եւ ահա նոր ոյժ ստացած, նոր եռանդով կարող է շարունակել իր մենաւոր եւ վարդապետական կեանքը «Եթէ ի տխրանաց ինչ ձանձրութենէ ոք նուազեսցի, կանգնեսցի՛ վերստին հաստարանաւ այս հառաչանաց ի քեզ յուսացեալ» (Ողբ. Բան Գ . եր. 9)։
       Գր. Նարեկացու մահուան տարին նոյնպէս յայտնի չէ։ Չամչեանը նրան մեռած է գնում մօտ 50 կամ 52 տարեկան հասակում Հայոց ՆԾԲ թուականին փետրուարի 27-ին, Փրկչի 1003 թուին. իսկ Զարբհանելեանը նրան մօտ 60 տարեկան է մեռած համարում, հասցնելով նրա կեանքն ուրեմն մօտաւորապէս մինչեւ 1011 թուականը, քանի որ նրան ծնուած դնում է 951 թուականին։ Փետրուարի 27-ն առնուած է Յայսմաւուրքից. իսկ թէ ո՛րտեղից են առնուած նրա տարիքն ու մահուան ենթադրական թուականները, այդ յայտնի չէ։ Նա թաղւում է նոյն Նարեկայ վանքում, Սանդուխտ կոյսի եկեղեցւոյ մօտ, ըստ Յայսմաւուրքի։ Նոյն տեղում այժմ եւս ցոյց են տալիս նրա գերեզմանը, որ ուխտատեղի է։ Ժողովուրդը մինչեւ այժմ պատմում է եւ երգում է նրա հրաշագործութիւնների մասին։ Այսպէս՝ պատմում են, թէ նա մի օր առանձնանում է մի քարայրի մէջ աղօթելու եւ այլեւս դուրս չի գալիս։ Երկար սպասելուց եւ որնելուց յետոյ, երբ մտնում են նոյն քարայրը, այնտեղ մարդ չեն գտնում։ Այն ժամանակ պահքով եւ աղօթքով խնդրում են Աստուծուն, որ նրա տեղը ցոյց տայ, եւ հրեշտակն իջնելով յայտնում, թէ սուրբն Աստուծոյ մօտ է բարձրացած։ Ժողովրդի հայեացքով այդպիսի մեծ սուրբը չի կարող մեռնիլ. նա որ իր անարատ կեանքով մի մարմնաւոր հրեշտակ է երեւացել, այժմ էլ դեռ կենդանի է։