Վայոց-ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ե. ԼԱԼԱՅԵԱՆ , ՎԱՅՈՑ-ՁՈՐ
       ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
       Տալով Վայոց-ձորի մանրամասն տեղագրութիւնն ու քարտէզը (Ազգագրական Հանդէս XII) ես առանձնապէս կանգ եմ առնում նրա վանքերի վրայ, որովհետեւ սրանք նչանաւոր են ո՛չ միայն պատմական, այլ եւ ճարտարապետական տեսակէտից։ Ես սրանց նկարագրութիւնը դասաւորում եմ ո՛չ թէ տեղագրութեան համեմատ, ինչպէս ընդհանրապէս կատարւում է, այլ ժամանակագրական կարգով, որպէսզի աւելի հեշտ լինի գծելու Վայոց-Ձորի պատմութեան եւ ճարտարապետութեան էվոլիւցիան։
       Այս վանքերի լուսանկարներն առաջին անգամ (1904 թ . ) ես անձամբ հանեցի, սակայն մի աւազակային խումբ այլ իրերիս եւ ժողովրդական բանահիւսութեան վերաբերեալ նիւթերիս հետ տարաւ նաեւ այդ նեգատիւները, ուստի 1908 թ. լուսանկարիչ Երմակովին իմ անձնական միջոցներով տարայ ինձ հետ եւ նրա հանած լուսանկարներից կազմեցի մի լուսանկար-ալբոմ։ Դժբաղդաբար նիւթականի սղութիւնը թոյլ չէր տալիս հրատարակելու այդ լուսանկար ալբոմը ֆոտոտիպիայով, որով մատչելի կը դառնար շատերին, մինչդեռ լուսանկարչականը ձեռք բերին միայն արտասահմանի եւ ռուսաց յայտնի թանգարաններն ու գիտական հիմնարկութիւնները եւ միքանի անձնաւորութիւններ, ինչպէս Վ. Ս. Սիսոյեվ, որ մեծապէս օգտուեց դրանից։ Այժմ տ. Հայկանոյշ Մարտիրոսեան, Ազգագրական Ընկ. խորհրդի փոխ նախագահուհին, ընկերութեան տրամադրութեան ներքոյ դրեց 1500 ր. այդ ալբոմը ֆոտոտիպիայով հրատարակելու, ուստի ե՛ւ նրա մանրամասն նկարագրութիւնը տպագրում ենք Ազգագրական Հանդիսի այս գրքում, ցուցումներ տալով ընթերցողներին՝ պատկերները նայելու այդ ալբոմի մէջ։ Եկեղեցիների յատակագծերը յատկապէս ինձ համար պատրաստել է պ. Տարագրոս Վարդանեանը, այն անձնաւորութիւնը, որ պ. Սիսոյեվի համար եւս կատարել է միեւնոյն աշխատանքը։ Եւ որովհետեւ պ. Սիսոյեվը, հակառակ Մոսկուայի Կայսերական Հնագիտական Ընկերութեան Կովկասեան ճիւղի 1911 թ. նոյեմբ. 12-ի նիստում իմ բողոքի պատճառով տուած խոստման՝ չօգտուիլ իմ լուսանկար ալբոմի նկարներից մինչեւ ֆոտոտիպիական հրատակարութիւնը , մեծապէս օգտուեց. այս պատճառով ե՛ւ Մոսկուայի Հնագիտական Ընկերութեան նախագահուհին կոմսուհի Ուվարովան, լսերով իմ բողոքը, դրեց իմ տրամադրութեան ներքոյ այն արձանագրութիւնների եւ օռնամենտների քլիչաները, որ շինուած էին իմ լուսանկարներից եւ այն յատակագծերինը, որոնք յատկապէս պատրաստել էր նաեւ ինձ համար պ. Տարագրոս Վարդանեանը՝ իմ խնդրով կրկին անգամ այցելելով այդ վանքերին։
       Այստեղ տպուած արձանագրութիւններն իրենց լուսանկարներով մտել են իմ «Հայկական արձանագրութիւններ » աշխատութեան մէջ եւս, որ արժանացաւ Լազարեան ճեմարանի Քանանեան մրցանակին 1914 թուին։