Մուշ - Տարօն. Ազգագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏՂԱԲԵՐՔ ԵՒ ԿՆՈՒՆՔ

       Ամլութիւն - Ամուլ կնոջը չբեր են կոչում։ Այսպիսի կանայք եօթն անգամ բոբիկ ոտով ուխտ են գնում Ս. Կարապետի վանքը, նրա գերեզմանի շէմքին առջեւ ծունր դնում, մատաղ անում, խաչհամբոյր տալիս, եւ ապա երբ վերադառնում են տուն, տնեցիները ճընճղուկ-պաշար կոչուած բոյսի տերեւները խաշում են, նրանց նստեցնում են տաշտի մէջ եւ այս խաշած ճնճըղպաշարը լցնում փորին։ Երեք անգամ այ կրկնելուց յետ՝ կինն առագաստ է մտնում։ եւ եթէ սրանց ուխտը կատարւում է եւ երեխայ են ունենում, վերջինիս մազերը չեն կտրում եւ մի տարուց յետոյ նրանց տանում են վանքը, գլխի մազերը Ս. Կարապետի գերեզմանի վրայ խուզում, եւ մի ոչխար մատղում։ Մատաղացու, ոչխարը զարդարում են կարմիր նշխերով։
       Նոյն նպատակով ուխտ են դնում նաեւ Սուրբ Աղբրիկ։ Պատմում են թէ Ս. Աղբրիկը մի ոգի է, որ յառաջացել է խաչուած Քրիստոսի ձեռքի մեխից եւ շատ զօրաւոր է մի անգամ, երբ մի երեխա ընկել է թոնիր, վառուել ու ածուխ դառել, օգնութեան են կանչել Ս. Աղբրիկին, եւ սա եկել խաչակնքել է ածուխը, որ անմիջապէս վերակենդանացել, դարձել է նախկին երեխան։

       Ծնունդ - Յղի կինը մինչեւ ծնունդը միատեսակ աշխատում է, վախենալով սկեսրանց նախատինքից։ Պէտք է ասել, որ մեծ մասամբ Մշի թէ քաղաքի եւ թէ գիւղերի կանայք հեշտածին են, սակայն եւ այնպէս պատահում են ցաւալի դէպքեր, այս պատճառով եւ Հաղորդութիւն են տալիս, որպէսզի եթէ մեռնին, անհաղորդ չմնան։
       Յղի կինը ուխտ գնալիս մինչեւ ուխտատեղին հասնելը զգուշանում է ձեռքերն իւր մարմնի որեւէ տեղի վրայ դնել, հաւատալով որ այս դէպքում ծնուելիք երեխայի համապատասխան տեղում արբի նշանը - մի սեւ կամ կարմիր պուտ (բիծ ) կը դրոշմուի, ուստիեւ ձեռները կողքին պարզած մնում է, մինչեւ ուխտատեղին համբուրելը։
       Երեխան արգանդում խաղալիս՝ ում առաջ որ խաղայ՝ նրա բնաւորութիւնը կստանայ, այս պատճառով եւ ասում են. «Շան առաջ է խաղցնէ, քրթու յառաջ ի խաղցնէ»։
       Ծնուելիք երեխայի սեռը որոշելու նպատակով դիմում են հետեւեալ միջոցների. -
       Երկանք աղալիս յղի կինը վերցնում է երկանքը եւ նայում եթէ աղացած ցորենը հաւաքուել է երկանքի ըմբուկի «ցցի ) շուրջը, նշան է, որ ծնուելիք երեխան արում է լինելու, իսկ եթէ ցրուած է լինում աղջիկ։
       Յղի կնոջ շորերից մի կտոր կտրում, դնում են մրջիւնների բնի առջեւ, եթէ մրջիւնները վերցնեն տանեն բունը, նշան է, որ տղայ է ծնուելու, եթէ ոչ՝ աղջիկ։

       Եթէ երեխան մօր արգանդում խաղալիս՝ աջ կողմում խաղայ՝ տղայ է լինելու, եթէ ձախ՝ աղջիկ։
       Եթէ յղի կնոջ պորտը «յերեսն իշկայ », այսինքն դէպի վեր ուղղուած լինի՝ տղայ է, եթէ «ցած իշկեց » աղջիկ։
       Եթէ յղի կնոջ երեսը պայծառ է, ծնուելիք երեքան արու է, եթէ «մթրուկ », այսինքն տխուր՝ աղջիկ։
       Եթէ յղի կնոջ փորը կլոր լինի՝ տղայ է ծնելու, եթէ «փուճ » քաշւուկ, լինի՝ աղջիկ։
       Եթէ մոր արգանդում երեխան շուտ խաղայ՝ տղայ է, եթէ ուշ՝ աղջիկ։
       Եթէ յղի կինը քորոց, ցախաւել, մախաթ, թիակ գտնի՝ տղայ է ունենալու. իսկ եթէ ասեղ, աւել, մատնոց՝ աղջիկ։
       Եթէ յղի կինը «ճկռի նստի », այսինքն ոտները միմեանցից հեռու դնի նստի, յամր քայլէ՝ աղջիկ է ունենալու, իսկ եթէ «ժողվուկ » նստի, թեթեւ քայլէ՝ տղայ։
       Յղի կնոջ կաթը կթում են ջրի մէջ, եթէ ընկնում է ջրի տակը՝ ծնուելիք երեխան տղայ է լնիելու, իսկ եթէ մնում է երեսին՝ աղջիկ։
       Յղի կնոջ ամեն քմահաճոյք կատարում են, որպէս զի ծնուելիք երեխայի աչքը ծուռ չլինի։ Սրան կոչում են «մտափոխ էղնիլ »։ Ասում են նոյն իսկ, որ մտափոխ կանայք կարող են նաեւ վիժել իրենց արգանդի պտուղը։

       Պատմում են, թէ մի կին մի դարբնի արհեստանոցի առջեւով անցնելիս տեսնում է, որ մի խորոված հաւ են բերել նրա համար, իսկոյն մտափոխ է լինում, վերցնում է մի թաշկինակ ոսկի է ածում եւ ծառայի ձեռքով ուղարկում դարբնին, խնդրելով տալ իրեն այդ խորոված հաւը։ Դարբինը չի համաձայնում, կինը մի բակեղաթ ոսկի է ուղարկում, սակայն դարբինը յուսալով աւելի ստանալ, կրկին մերժում է, այս անգամ մի ջորի բեռնում է ոսկով եւ ուղարկում, դարբինը դարձեալ սահման չի դնում իւր ագահութեան, համոզուած լինելով, որ մտափոխ կինը ինչ գնով էլ որ լինի, ձեռք է բերելու այդ հաւը։ Սակայն այս անգամ կինն այլեւս չի կարողանում համբերել եւ վիժում է։ Դարբինն այս լսելով խելքը կորցնում է, եւ այնուհետեւ հէնց որ երկաթը տաքացնում, դնում է սալին, գնում նայում է, թէ ոսկով բեռնուած ջորին կրկին յետ չբերի՞ն, յետ է դառնում, տեսնում, որ երկաթն արդէն պաղել է։

       Ծննդկանն երկունքի ժամանակ ծունր է չոքում՝ երեսը դարձնելով դէպի արեւելք, տատմայրը պըպըզում է յետեւում եւ սեղմում յետոյքը. մի կին, որ մանկաբարձ է կոչւում նստում է մի քուրսու վրայ , եւ գրկում ծննդկանին։
       Եթէ ծնունդը դժուար է լինում, հեշտացնելու նպատակով դիմում են հետեւեալ միջոցների։
       Արօրը բերում են ծննդկանի տան կտրի վրայ, մասերն իրարից արձակում, որ ծննդկանն էլ իւր մասից՝ երեխայից , արձակուի։
       Կանչում են քահանային, որ կատարում է «արձակման ծէսը » եւ ջուր օրհնում։ Այս ջուրը խմեցնում են ծննդկանին։
       Ծննդկանի հայրը գալիս երեք անգամ անցնում է ծննդկանի վրայով եւ իւր քղանցքով ջուր տալիս նրան։
       Մի լաւ, մատակ ձիու սմբակի տեղում ջուր են ածում եւ այստեղից փոքր ինչ վերցնում, խմեցնում ծննդկանին։
       Եթէ ծննդկանն ուշագնաց է լինում՝ հրացան են արձակում, բղաւում ծննդկանին ապտակում, նրա եազմի մէջ ասեղ շուլուլում, բարձի տակ մանգաղ, թուր, խաչերկաթ, դաշոյն, դանակ դնում. գութնի շղթայ բերում նրա շուրջը տարածում, որպէսզի ալքերը չկարողանան մօտենալ եւ ծննդկանի ջիգեարը հանեն տանին, իրենց զաւակներին տան ուտելու։
       Երեխան ծնւում է, երբ յղութեան ժամից անցնում է 9 ամիս եւ 9 ժամ։
       Երբ տատմայրն ուզում է կտրել պորտը՝ 5-10 ղուրուշ դնում են նրա բերանը իբր ընծայ՝ «պորտ կտրելէն »։ Եւ երբ պորտի կապուած մասն ընկնում է՝ տանում ձգում են կամ մանրավաճառի բոխչէն, որեւէ խանութ, որ երեխան վաճառական դառնայ եւ կամ տան մի անկիւն, որ աղջիկը համեստ եւ տնասէր լինի։
       Եթէ ընկերքը շուտ չեն ընկնում, մաժում են ծննդկանի փորը։ Ընկերքը փաթաթում են շորի մէջ եւ պատի մի ծակի մէջ ամփոփում, որ չոր տեղ լինի, այլապէս երեխայի աչքերը ցաւոտ կըլինին։
       Պորտը կտրելուց յետոյ թոնրի մոխիրը լցնում են գետնին, մի քիչ խոտ դնում վերան եւ ծննդկանին պարկեցնում վերան, մէջքին մի գօտի կապելով։ Այս միջոցին մի հում սոխ են տալիս նրան, որ մի քիչ ուտէ, մնացածը ծամէ, հանէ եւ ձգէ իւր շուրջը, որ ալքերը չմօտենան նրան։ Մոխրի վրայ ծննդկանը պառկած մնում է չորս օր, յետոյ նրան տեղափոխում են իւր անկողինը։
       Ծննդկանին պառկեցնելուց յետոյ տատմէրը երեխային լողացնում է գոլ ջրով, նախապէս տաշտի մէջ մի պողպատէ իր ձգելով, որ չարքերը չմօտենան , յետոյ մի բուռ աղ է ցանում վերան ու խանձարուրում։ Ապա գրկում է խանձարուրը, աջ ձեռքին բռնում թոնրի շիշը, մի ասեղ շուլուլում խանձարուրի մէջ եւ մի դանակ դնում վերան, ապա դուրս է գալիս, շէմքն անցնելիս խաչակնքելով խանձարուրին, դառնում դէպի արեւելք, խաչակնքւում է երեք անգամ եւ ապա մտնում տուն, թոնրի շուրջը երեք անգամ պտոյտ գալիս, եւ մօտենում ծննդկանին՝ երեք անգամ հարցնում.

       Ես եմ թե՞թվ (թեթեւ ) թէ դու։
       Ծննդկանը պատասխանում է . Ես։
       - Թեթեւութիւնով անցնի, ասում է տատմայրը եւ երեխային դնում նրա աջ կողմը, եւ ապա երկու լոշ բերում, դնում է վերան, որ ղսմթուոր լինի։

       Յետոյ սկսում է խնամել ծննդկանին, մեղրը տաք ջրի մէջ է ածում, խառնում , ատլիս խմելու, եղն ու փոխինդը խառնում է իրար, եփ տալիս եւ ուտեցնում։ Մի քիչ յետոյ էլ «նուիկ » բանճարը հաւկթով եւ իւղով տապակում են եւ ուտեցնում, որ սանճուն կտրի։
       Նաեւ թէզ են տալիս, շարբաթ, «ալրէ ճաշ» (խաւիծ Վերջինս պատրաստելու համար ալիւրը մի քիչ եռացրած ջրի մէջ խառնում են, եւ դաղած իւղը լցնում վերան։
       Եթէ նորածինը տղա է՝ մեծ ուրախութիւն է պատճառում թէ՞ ծնողներին եւ թէ ազգականներին, իսկ եթէ աղջիկ՝ տխրութիւն։
       Տան երեխաները վազում են ծննդկանի ազգականների մոր եւ «անկճկալէն » առնելով աւետում երեխայի ծնունդը։ Սրանք էլ զանազան կերակրներ, ձուածեղ, փլաւ, գաթայ, սեր եւ եազմա առած գալիս են ծննդկանին տեսութեան։

       Գուշակութիւններ նորածնի մասին - Նոր տարու օրը ծնած երեխան «աղէկ պտուղ » է համարւում։
       Տեառնընդառաջին ծնուածը կրակոտ է լինում, տատմերը գրկում է երեխային եւ տէրընդազի շուրջը պտոյտ ածում, խանձարուրի կտորից վառում։ Ծննդկանի քառասունքն էլ անցնում է, այքեւս քառասունք չի պահում։
       Աւագ Ուրբաթ օրը ծնուածը «աւարտ պտուղ » է, Յուդայ է։
       Ծննդեան եւ Զատկի խթման երեկոյեան ծնուած երեխաներն իմաստուն են լինում, ուստի եւ մատաղ են անում եւ մատաղի թիակ ոսկորը դնում են գլխի տակը, պահում, երեխան մեծանալիս՝ նայում է այս թիակի վրայ եւ գուշակութիւններ անում, կորուստ գտնում։
       Գուշակութիւններ են անում նաեւ զննելով մանկան մարմինը , այսպէս՝
       Եթէ գլուխը մեծ է-ջոջ գլուխ է, խելացի է։
       Եթէ ճակատը լայն է, նոյնպէս խելացի է։
       Եթէ երեխայի բուռը փակ է լինում, «կորազ » է - ժլատ է լինելու։

       Մկրտութիւն . - Երեխային մկրտում են սովորաբար ծննդեան առաջի շաբթում, եւ ոչ աւելի ուշ։
       Սգաւորները մկրտութիւնը եկեղեցում չեն կատարում, այլ տանը։
       Տատմայրը երկու զոյգ գուլպա, մինը մեծ, միւսը փոքր, մի գլուխ (3 ֆունտ ) շաքար տանում է կնքահօր տուն եւ խնդրում, որ հետեւեալ օրը գան երեխան «գրկելու»։
       Տատմօրը մի շարբաթ են խմացնում։
       Հետեւեալ օրը կնքաւորի զաւակը վերցնում է 10 ղուրուշ դրամ, 11/2-2 արշին ղատիֆա կամ գեազի կոչուած կտոր եւ գնում եկեղեցի։
       Այս գաւառումն էլ քաւորութիւնը տոհմական է լինում, եւ յաճախ մի քանի հարիւր տարի տեւում. այսպէս Տէր Սարգսենց տոհմի քաւորները եղել են Մուխսի Մկրտչենց տոհմից երեք տարիւր տարիներից իվեր։ Եւ այս է պատճառը, որ երդուելիս ասում են «Էն կուժ մէռոն» վկայ էղնի, այսինքն այնքան մեռոն են բերել տուն երեխաներին մկրտելով, որ կարող է մի կուժ լցնել։ Երբեմն քաւորութիւնը փոխադարձ է լինում եւ այս դէպքում քաւորը կոչւում է խաչ-քաւոր։
       Սանամայրը մեծ յարգանքով է վերաբերւում դէպի իւր քաւորը, երբէք նրա հետ չի խօսում, նրա դռնից անցնելիս՝ սօլերը հանում է, այնպէս անցնում։ Տատմայրը լողացնում է երեխային, փաթաթում եւ տանում եկեղեցի, նրա հետ գնում է մի երեխայ, տանելով մի փարչով տաք ջուր, այս փարչը կոչւում է կնքուփարչ։ Կնքաւորը մի քանի փարայ նուէր է տալիս այս կնքափարչ բերողին։ Մկրտութեան խորհուրդը կատարելուց յետ՝ երեխային դնում են կնքաւորի գիրկն այնպէս, որ նրա գլուխը կնքաւորի աջ բազկի վրայ հանգչի, եւ սրա բերած խատըւա գեազի կամ ուստուֆա կոչուած կտորը ձգում բալուլի (խանձարուրի ) վրայ. սա նուէր է սանամօրը։
       Մկրտութիւնից յետոյ քահանան փոքր ինչ ջուր է ածում նոյն կնքու-փարչի մէջ եւ մի քանի կաթիլ մեռոն կաթեցնում եւ տալիս միեւնոյն տղային։ Քաւորը 5 ղուռուշ վճարում է քահանային, 2 ղ. յօգուտ եկեղեցու, 1 ղ. տատմօրը, 1 ղ. լուսարարին 1 ղ. ժամհարին, ու թողնում գնում։ Գնում է իւր գործին նաեւ քահանան եւ տատմէրը նորակնունք մանկանը գրկած վերադառնում է տուն. այստեղ մայրը համբուրում է մանկան խանձարուրը, եւ տատմէրը նրան դնում է մօր աջ կողմը, մի մկրատի կամ դանակի վրայ բերնքսիվայր դրած մաղի վրայ, ուր մնում է մի քանի ժամ։

       Կնքաճաշ, հրաւիրեալները քաղաքում չեն լինում։ Իսկ գիւղերում քահանան եւ կնքաւորը նորակնունք երեխայի հետ գալիս են ծննդկանի տունը, ուր հրաւիրուած են լինում եւ տղամարդիկ ու կանայք, որոնց հիւրասիրում են «կնքաճաշ » կոչուած ճաշով։
       Աղջիկը 4-5 իսկ տղան 3 օր թողնում են մեռոնի մէջ, ապա տատմայրը լուանում է մեռոնած տեղերը մի մաքուր ամանի մէջ, յետոյ լողացնում։ Մեռոնի ջրից շինում են «մեռոնի հող »- որ «մեռոնհողեն»- (որբեն ) երբ քրդեր ուտում են հայի ամանով կամ գդալով, ինչպէս նաեւ շան, մկան դիպած իրերը։
       Եթէ երեխան անկնունք է մեռնում, քահանային 5 ղուռուշ են տալիս, որ խաշ օծէ։ Սա եկեղեցու ներսի պատի վրայ, որեւէ տեղ, մի փոքրիկ խաչ է կերտում եւ համաձայն Մաշտոցի կանոնի օծում, եւ կամ մի պղնձէ փոքրիկ խաչ է օծում եւ Աւետարանի կամ սրբերի պատկերների վրայ կապում եւ կմ դնում աւազանի պատուհանի մէջ։ Այսպիսով ուզում են յայտնել, որ նորածինը նուիրուած է եկեղեցուն, որեւէ սրբի, իսկ նրա դտակը տատմէրն առանց քահանայի ու ծիսակատարութեան տանում ձորը թաղում է։
       Սովորաբար նորածնի անունն ընտրում են տան մեծերը, պապը, տատը եւ կամ քահանան։
       Ահա՛ ընդհանրացած անունները, իրենց կրճատ ձեւով։

       Տղամարդկանց անուններ
       Աբրահամ. Ափօ , Ապրօ.
       Ալավերտի . Ալօ.
       Աղաբէկ . Աղօ.
       Աստուածատուր. Ասատուր, Աստուր, Ասվատուր , Ասօ.
       Արամ , Արօ.
       Արեւշատ .. Արեւօ.
       Արմենակ . Արմօ.
       Արշակ . Արշօ.
       Արտաշէս. Արտօ , Արտիկ.
       Արտակ . Արտօ.
       Արփիար . Արփօ
       Աւետիս. Աւօ , Աւտօ.
       Բաղդասար, Բղտօ , Բղտիկ.
       Բարսեղ. Բրսօ , Բարսամ.
       Բենիամին . Բէնօ.
       Գաբրիէլ . Գաբօ.
       Գալուստ. Գալօ , Գալէ.
       Գասպար. Գաբօ, Գսպօ , Քեասօ.
       Գէորգ , Գէւօ , Գեւէ,
       Դանիէլ, Դանօ,
       Եղիազար, Եղօ, Եղիկ , Եղիտ,
       Եզնիկ , Եզնիկ,
       Եղիշէ , Եղիշ,
       Զաքար, Զքօ , Զգրօ,
       Թադէոս, Թադիկ, Թագօ,
       Թումաս, Թումօ,
       Լեւոն , Լեւօ,
       Խոսրով, Խոսրօ , Խօսրիկ.
       Կարապետ Կրպօ, Կրպէ , Կարօ,
       Կիրակոս, Կիկօ,
       Կիւրեղ , Կիւրեղ,
       Կորիւն , Կօրօ.
       Համազասպ , Համօ,
       Հմայեակ , Հըմօ,
       Մամիկոն, Մամիկ,
       Մանէլ, Մանօ,
       Մանուկ , Մնօ,
       Մարտիրոս, Մարտօ , Մատօ,
       Մելքոն, Մելո, Մըլքօ , Մելիք,
       Միսակ , Միսօ,
       Միքայէլ , Միքօ,
       Մխիթար, Մխօ, Մխթօ , Մխիկ,
       Մկրտիչ, Մկրօ , Մկրէ,
       Մովսէս, Մոսիկ, Մուսօ , Մոսէ,
       Մուկուչ, Մուկուչ,
       Մուշեղ, Մուշ , Մուշօ,
       Մուրատ, Մուրտօ , Մուրօ,
       Յաբէթ, Աբէթ,
       Յարութիւն, Յարօ, Յարթէն , Յարթօ,
       Յոնան, Յունօ,
       Յովհաննէս , Յովնիկ,
       Յովհան , Յովօ.
       Նահապետ, Նըհօ,
       Շաւարշ , Շաւէշ,
       Շահէն, Շանօ,
       Պետրոս, Պետօ,
       Պօղոս, Պօդէ, Պօղիկ,
       Ռուբէն , Յըռօ,
       Սահակ , Սըհօ,
       Սամուէլ , Սամօ,
       Սաղաթէլ , Ծաղօ,
       Սարգիս, Սրքո, Սաքո,
       Սենեքերիմ , Սինօ,
       Սիսակ , Սիսօ,
       Սմբատ , Սմբօ,
       Սողոմոն, Սողո, Սաղօ,
       Սուրէն, Սըրօ , Սուրիկ,
       Ստեփան, Ստեփօ, Սեփօ, Սեփան, Սափէ,
       Վահան, Վանօ, Վանիկ,
       Վաղարշակ , Վաղօ,
       Վարդան, Վըրթօ, Վրթէ , Վերդօ,
       Տարօն, Տարօն,
       Տիգրան, Տիգօ,
       Տիրան, Տիրօ , Ճիրօ,
       Տրդատ, Ծոդատ,
       Տօնապետ, Տոնիկ, Տօնօ , Դոնկիկ.

       Կանանց անուններ
       Ալեր , Ալօթ,
       Ալթուն, Ալթիկ,
       Աղրութ , Աղրութ,
       Անգին, Անդօ,
       Աննա, Անօ, Աննիկ,
       Աշխէն , Աշխէ,
       Արեգնազան, Արեգնազ, Արեգ,
       Արուեսակ, Արուս,
       Բեզօ , Բեզօ,
       Գիւրջի, Գիւրջօ,
       Գիւլիզար, Գիւլօ , Գիւլի,
       Դեղձանիկ, Դեղցուն, Դեղօ,
       Եղիսաբէթ, Եղսօ , Եղսա.
       Երանուհի, Էրանուհի, Էրան,
       Զանազան, Զանօ, Զանէ,
       Նազան, Նազօ,
       Զարուհի, Զարօ,
       Զմրութ, Զմօ,
       Թագուհի, Թագուն, Թագօ,
       Թուխիկ, Թուխօ, Դուխօ, Դոխիկ,
       Իւղաբեր, Իւղօ,
       Լուսիկ, Լուսօ, Լուսիկ,
       Խամար , Խամար,
       Խանիկ, Խանօ,
       Խանում, Խանօ,
       Խումար , Խումրի,
       Ծաղիկ, Ծաղիկ,
       Հայկանոյշ, Հայկո,
       Հաւսէ, Հաւսօ,
       Հերիքնազ, Հէրօ,
       Հռիփսիմէ, Հոռոմսիմա , Հոռոմ.
       Մանուշակ , Մնուշ.
       Մարիամ, Մայրօ , Մարօ.
       Մարմար , Մայմօ.
       Մաքրուհի, Մաքէ , Մաքօ.
       Նարդուհի, Նարդան , Նարօ.
       Շողակաթ, Շողօ , Շողիկ.
       Շուշանիկ, Շուշօ , Շուշան.
       Սադաֆ , Սադաֆ.
       Սաթենիկ, Սաթէ , Սաթօ.
       Սալվի, Սալօ , Սըլվօ.
       Սառէ , Սառօ.
       Սարընգուլ , Սարընգուլ.
       Սիրանոյշ , Սիրօ.
       Սուրմիկ, Սուրմօ , Սրմօ.
       Սրբուհի . Սրբուն.
       Վախաս , Վախաս.
       Վարդուհի , Վարդօ.
       Տիրուհի , Տիրուն.
       Քիշմիշ, Քիշօ , Քիշմօ.
       Ֆիդան , Ֆիդօ.

       Ծննդկանի մօտ ծննդեան երեկոյից սկսած եօթն, ինչպէս եւ մկրտութիւնից մեռոնհանէքը հինգ, գիշեր ճրագ են վառում։ 

       Քառսունք. - Ծննդկանը քառսունք է պահում արեւից եւ անկողնուց, այսինքն արեւի երես չի տեսնում, - ցերեկով տանից չի դուրս գալիս, առագաստ չի մտնում։
       Եթէ քառասունքի մէջ երեխայի վիզն ուժեղ չլինի, եւ գլուխն այս ու այն կողմն ընկնի, մի հաւ են մատղում, եւ սրա վիզը խփում մի սեան ճեղքի կամ դռան դրանդիքի մէջ, հաւատալով, որ մինչեւ հաւի վիզը չորանալը՝ կըպնդի, կուժեղանայ նաեւ երեխայի վիզը։
       Երբ քառասունքը լրանում է, տատմէրը գալիս է՝ լողացնում նախ ծննդկանին եւ ապա երեխային, եւ վերջինիս վրայ քառսուն ճանկ ջուր ածում. ապա վերցնում է երեխային, վերան մի դանակ դնում, իւր ձեռը մի՛ շիշ առնում եւ դուրս գալիս, դառնում դէպի արեւելք, խաչակնքում, աղօթում, ապա ներս է մտնում, խանձարուրը դնում օրօրոցը եւ ինքը կուժն ու մի հաց վերցնում, գնում աղբիւր, այստեղ հացը թռչում է, երկու կտոր անում, դնում աղբիւրն գլուխը եւ յետոյ կուժը ջրով լցնում , գալիս։
       Մանկատածութիւն. - Նորածնին առաջին երեք օրը ծիծ չեն տալիս, որ խելացի լինի։ Առաջին անգամ ծիծ տալիս, նախ մի արծաթէ իր կամ դրամ դնում են երեխայի շրթունքների վրայ, որ «արծաթով բացուի բերանը », այսինքն հարուստ լինի եւ ապա ծիծ են տալիս։
       Նախ աջ ծիծն են տալիս երեխային, յետոյ ձախը, որ ողջ մնայ։
       Երեխային ծիծ են տալիս 1-3 տարի, եւ կամ մինչեւ յղանալը։
       Սակաւակաթ մայրերն երեխային կովի կաթ են տալիս, նրա 1/3-ի չափ ջուր եւ փոքր ինչ շաքար խառնելով եւ եռացնելով։
       Ծծից կտրելիս՝ պղպեղ եւ կամ մուր են քսում ծծի պտկին, երբեմն ձուկ, կատուի պոչ են դնում ծծի վերայ եւ վախեցնում երեխային ասելով. «Արջաբլօ» (արջ եւ բլօ - միջատ ), բուբօն կուտէ զքեզի»։
       Եւ կամ՝ Ակլատիզ,
       Չվանը վիզ,
       Կըգայ կախուի յերթըկէն։
       Վախեցնում են նաեւ սարդով, որին պառաւ են անուանում. «Տե՛ս, պառաւ ուր կծիկ թորկեց, քեզի կառնէ ու կը բարցրցու»։
       Երբ երեխան մեռնում է, մայրը ձեռները դնում է ծծերի պտուկների վրայ եւ երեք անգամ ասում, «Քու տէր մեռաւ՝ դու լէ մեռի »։ Ապա ծծերը դնում է կժի վրայ եւ սանրով սանրում՝ որ ցամաքի։
       Եթէ կաթը շատ է՝ թոնրի մոխիրը հանում են եւ սրա վրայ կթում ծիծը։ Եթէ ուրիշ բանի վրայ կթեն՝ կը ցամաքի։
       Կաթը աւելացնելու համար մայրը հատիկ է պատրաստում, այսինքն ցորեն , սիսեռ եւ առւոյտ է խաշում, հետը չամիչ խառնում, - եւ գնում Կաթնաղբիւր կոչուած սուրբ աղբիւրները, նստում աղբիւրի հանդէպ, մոմ վառում, եւ ջուրը խմում, հատիկ ուտում, եւ առանց յետեւ նայելու վերադառնում։
       Կնոջ կաթը իբրեւ դեղ գործ են ածում, երբ մինի աչքերը ցաւում են։ Միայն աղջիկ երեխայի մօր կաթն է իբր դեղ գործածւում եւ ոչ թէ արու երեխայի։
       Վէրքերի վրայ եւս կթում են աղջկայ մօր կաթը որ լաւանայ։
       Ծծի կաթը կաթեցնում են շըշող ականջի մէջ եւ խմորով պատելուց յետ՝ ականջի ծակի մէջ դնում են մոմով պատած մի շոր՝ ձագառաձեւ ոլորած, եւ վառւում, որ միջի կեղտն ու ցաւը քաշէ . հանէ։
       Օրական երեք անգամ խանձարուրում են երեխային։
       Երեխային օրօրոց են դնում միայն մեռոնից հանելուց յետոյ։
       Առաջին անգամ օրօրոց դնելիս՝ օրօրոցը հանում են դուրս, արեւին ցոյց տալիս, երեխային էլ նրա յետեւից դուրս են հանում եւ բերում ներս, լողացնում ու դնում օրօրոց։
       Երեխային լողացնում են մինչեւ քառասունքը ամեն օր, իսկ իրանից յետոյ շաբաթական երկու անգամ, հինգշաբթի եւ շաբաթ օրերը։
       Քառասունքից յետոյ ծեծած շիպը իւղի հետ խառնում են եւ երեխային լողացնելուց յետ քսում մարմնին , խանձարուրում։
       Խանձարուրելիս՝ տղի տակ տաքացրած հող են դնում, եւ կամ «լուլայ » - փայտէ խողովակ, որպէսզի մէզը նրա միջոցով թափուի օրօրոցի տակը։
       Լողացնելիս ասում են.
       Չուչամըսիկ , չուչամըսիկ
       Թեթվամսիկ , թեթվաջրիկ,
       Յերկէն վզիկ , յերկէնվըզիկ,
       Ջաղամաթի քունը քըզիկ,
       Եւ տաշտի միջից մի բուռ ջուր վերցնելով խաչաձեւ ցնցում են օրօրոցի վրայ, խաչակնքելով։ Եւ երբ երեխան քնում է, տատմայրը իւր ոտի մատը խփում է տաշտիջրի մէջ եւ ապա երեխայի շորերը լուանում մէջը։
       Մինչեւ երեխայի քնելը, տաշտի ջուրը չեն թափում, հաւատալով, որ եթէ ջուրը շարժուի, երեխան էլ կը շարժուի, չի քնի։
       Որպէս զի երեխան երկար քնի, քառասունքից յետոյ հայրն ու մայրը առանձնապէս լուանում են իրենց երեսները երեխայի գլխու վրայ, որպէս զի իրենց քունը նրան փոխանցուի։
       Երկար քնելու համար «խաժուժիկ»-ճկոյթի ծայրով-ձէթը կաթեցնում են ծծի կաթի մէջ եւ լցնում երեխայի բերանը։
       Շապիկ հագցնելիս երեք անգամ ասուս են։
       Տոպրակիկ հլին (լեցուն ) մսիկ,
       Տոպրակիկ հլին մսիկ։
       Երեխայի եղունգները հրեշտակն է կտրում, այս պատճառով էլ մինչեւ 3 տարեկան դառնալը դանակ չեն խփում նրա եղունգներին։
       Ատամները բշտելիս սոխ են տալիս, որ կրծէ եւ երբ չորս ատամ հանում է՝ ակռասորիկ կամ ըստ քաղաքի ակռահատիկ են անում - չամիչ, սիսեռ, ցորեն խաշում են, լցնում երեխայի գլխին, եւ սանր ու դանակ դնում առաջը, եթէ սանտրը վերցնէ՝ աղջիկ, իսկ եթէ դանակ՝ տղայ է լինելու սրա յաջորդը։
       Երեխային ման գալու վարժեցնելու նպատակով գործ են ածում եռանիւ, սայլակ, որ գռնէլ է կոչւում։
       Եթէ երեխան ուշ է ոտք ելնում, ոտի բթերը կարմիր թելով կապում են եւ դանակով կտրում, կրկնելով այս գործողութիւնը երեք ագամ, որպէս զի տղայի ոտքերը բռնող թելն էլ կտրուի եւ նա ոտք ելնէ։
       Եւ կամ երեխային երեք անգամ լողացնում են շան լակամանի մէջ, որպէս զի շան վազելու յատկութիւնը երեխային փոխանցուի։
       Լեզու շելնող երեխայի մայրը իւր խմորոտ ձեռների լուացաջուրը խմացնում է երեխային, որ շուտով ոտ ելնէ։
       Նոյն նպատակով եկեղեցու բանալին կամ մի ազդեցիկ մարդու ճկոյթ երեք անգամ դնում են երեխայի բերանը։
       Եթէ երեխայի մազերը ցանցառ են լինում՝ ոչխարի կու են քսում։
       Երեխան քառասնակոխ է լինում, երբ մի ծննդկան դեռ քառասունքը չլրացրած գնում է մի ուրիշ, նոյն վիճակի ծննդկանի մօտ։ Այս դէպքում, որպէս զի բժշկեն երեխային փոխանակում են երեխաները եւ ծիծ տալիս եւ խանձարուրների վրայ եղած ասեղները փոխում, նաեւ երկուսն էլ գողանում են խանձարուրների տակ դրուած հողից, լցնում տաշտի մէջ եւ երեխային լողացնում նրա մէջ։ Երեխաների շապիկներն էլ վերցնում տանում են միւսի տան հերթիկից թափ տալիս՝ ասելով. «Քունն առ, դիմուն տուր»։
       Կոխուած երեխային տանում են գերեզմանատուն եւ այդ տեղ պառկեցնում են գերեզմանաքարի վրայ ու փորին մի քար դնում. եթէ երեխան շարժուելով քարը վայր է ձգում՝ նշան է որ առողջանալու է, իսկ եթէ ոչ՝ մեռնելու է։
       Օրօրոցի կամարից կախում են «գզի շարան » - այսինքն ընկոյզի շարան, - թելի վրայ ընկոյզ, աչքի ուլունք, ջախջաքրիկ - կապոյտ, տափակ ուլունք - որպէսզի երեխային աչք չտան, ինչպէս նաեւ վէգեր։
       Երբ մինի երեխաները չեն ապրում, ասում են, թէ ծնողները թղպոտ են, թըպըղը մի որդ է, որ ճանկեր ունի եւ բռնում է երեխայի, սրա հօր եւ կամ մօր լեարդը։
       Թպղից ազատուելու համար նորածին երեխայի մարմնին եւ նոյնիսկ շրթունքներին ու ականջներին մեղր են քսում, եւ երեք չորս օր ծիծ չեն տալիս։ Քաղցից նեղուելով թըպըղը դուրս է գալիս որ երեխայի շրթունքների մեղրը ծծէ, այս միջոցին բռնում են, որով եւ ազատում երեխային։ Այդ բռնած թըպըղը դնում են մի տուփի մէջ, պահում եւ երբ ուրիշ թպղոտ կանայք յղանում են, այս թըպըղը տրորում են, լցնում ջրի մէջ եւ խմացնում նրան, որպէս զի առողջանայ։
       Եթէ թպղից երեխաները չեն ապրում, դրկիցներից մի կին փախցնում է նորածնին, ինքը առաջին անգամ ծիծ տալիս եւ երեք օրից յետոյ բերում տալիս մօրը։
       Թալցնող երեխայի շապիկը կրծքի բացուածքի կողմից պատռում են, եւ գլխի վրայով շուռ տալիս, կամ տանում «թալալոց » քարերի ծակից անց կացնում, այդպիսի քարերի վրայ կերակուր եփում, ուտեցնում երեխային։

       Յաճախ մայրերը մեծ պասի առաջի շաբաթ օրը «թալալոցի » կիրակի են պահում, որպէս զի երեխաները չթալալին։
       Խլնքոտ երեխան խելացի է լինում, այս պատճառով էլ ասում են.
       Խլինք ի գայ՝ խելք կը բերայ։
       Եթէ երեխայի ծոծրակը համբուրեն, շատ խռովկան ւկ լինի։
       Եթէ ձեռքի երեսը համբուրեն, կը հիւանդանայ։
       Եթէ ոտքի տակը համբուրեն՝ շատ ուշ ոտք կելնէ։
       Եթէ կուրծքը համբուրեն՝ խիթ (սանճու ) կունենայ։
      
       Մանկական թոթովանք.
       Բալուլ = կօշիկ
       Բըժօ=ճրագ
       Դըզ=կրակ
       Դադադըմփ=Թմբուկ
       Լուլու=մէզ , միզել
       Իշիկ անել=քնանալ
       Դարդար=քնանալ
       Րուրիկ=օրօր
       Օհո=կով,
       Օշէ=էշ
       Պիպօ=հորթիկ
       Բօբօն=միջատ
       Մամ=մայրիկ
       Նանէ=մեծ մայր
       Կակօ=հօրեղբայր
       Պապ=հայր
       Փափա=հաց
       Քեռին=լուսնիակ
       Կա-կա=միրգ
       Ֆու=ջուր
       Ուֆու=կերակուր
       Ծծիկ=ծիծ
       Դադաշ=ձի
       Կըդէ=այծ
       Քըխ=կեղտոտ
       Ճիճի=խաղալիկ
       Թաթօն=ձեռք
       Տօտօն=ոտներ
       Կօկօն=գլուխ
       Տուտուն=տուն
       Փշօն=կատու
       Կուտօ=շուն
       Ճուճու=հաւ
       Չաչօն=աչք
       Գըզան=ատամ
       Ճնճուղ=թռչուն
       Հըռօ=գառ
       Ափ էնել=ուտել։