ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

91.
ԴԱՒԻԹ ՍԵԲԱՍՏԱՑԻ
ՌՃԻԶ=1677 փետրվ. 22

 

Ի պատմութիւնս երգոյ տաղաչափական `

Կամիմ ըզքէն ճառել, վըկա ' յդ պատուական.

Արտօսրածին ձայնիւ եւ հառաչական,

Յերես անկեալ հայցեմ զքէն աղերսական:

 

Խընդրեա ' ի Քրիստոսէ տալ մըտաց իմ բան `

Վիպասանս յարմարել քեզ ներդաշնական.

Թեպէտ մեղապարտ եմ եւ ոչ եմ արժան `

Ներբողել զքաջութիւն քոյդ վըկայութեան:

 

Սակայն փափագ սըրտիս ըստիպէ յայս ջան `

Լինել ինձ ձեռնամուխ վեհիդ պատմութեան:

Ընկա ' լ մեծդ ի փոքրէս ընծայ ՚ւ աղերսան,

Ի տարտամ անձնէս քեզ յիշատակարան:

 

Ի բըռնակալութեանն ազգացըն տաճկի,

Եւ ի յարքայութեանն Սուլտան Մահմետի,

Ի թըւաբերութեանս Հայկասեր ազնի

Հազար հարիւր քըսան եւ ի չորրորդի,

 

Տըւաւ իշխանութիւնն Սեբաստ քաղաքի `

Ամիրայի ումեմն ` որ Մահմետ կոչի.

Բայց ինքն էր յարեւմուտս ի պատերազմի,

Եւ ի ձմերոց նըստեալ ի նոյն աշխարհի:

 

Եւ զայլ ոմն ոստիկան յըղեաց յիւր տեղի `

Իշխել Սեբաստիոյ եւ իւր թումանի.

Յորոց աւուրսն արի մանուկս ըմբըռնի `

Ի ձեռս ազգին Տաճկաց սա զըրապարտի:

 

Որ եւ զայս չարութիւնս բընական ունին,

Եւ ըստ կարծեաց իւրեանց վարձըս համարին.

Զայսպէս բարուրս հաստել յո զուրն աջողին,

Որպէս եւ այսմ սըրբոյ որոգայթեցին:

 

Էր սուրբ վըկայս Դաւիթ ի Սեբաստիոյ,

Որդի Մելիքոնի ումեմն աղքատոյ,

Մանուկ նորահասակ ի յազգէս Հայոյ,

Ամաց իբր եւթնեռից ` յըստամբակ տիոյ:

 

Եւ վասն աղքատութեանն զարուեստն իւր թողեալ `

Ի բաղանիս շեխին վարսաւեր մըտեալ.

Ընկերքն ամենեքին էին տաճիկ լեալ,

Ի միում բաղանւոջ նովաւ աշխատեալ:

 

Ըստ աւուրց ըստ աւուրց բաժան առնէին

Ըզվաստակըն իւրեանց ` զինչ հաւաքէին.

Եւ իւրաքանչիւր ոք առնոյր զիւր բաժին.

Ապա ի բաղանեացն ելեալ գընային:

 

Սոյնպէս յաւուր միում բաժան արարեալ

Ընկերքն ամենեքին զփողըն ժողովեալ,

Եւ կոչեն ըզԴաւիթ ըզբաժինն ի տալ `

Ասելով թէ « Մէլո ' ւն կեաւուր, ե ' կ եւ ա ' ռ »:

 

Իսկ նա վըստահաբան նըզով կարդացեալ `

Թէ « Ո՞վ իցէ կեաւուր, ես էրմէնի լեալ »:

Եւ զայս լըւեալ նոցա եւ ուրախացեալ,

Եւ ծափս հարկանելով զայս բան ասացեալ.

 

Թէ « Զի՞ եւս են պիտոյ այլ ոք մեզ վըկայ

« Ահա մեք իսկ լըւաք ի բերնոյ դորա `

« Զի սա ասաց եթէ « Նէլլէթ կեաւուրայ.

« Տաճիկ եմ » - ասելով սալաւաթ կուտայ »:

 

Նոյն ժամայն ըմբըռնեալ ըզգառըն անմեղ `

Գայլքն արիւնանախանձ եւ բարուք տըգեղ `

Առեալ ըզնա տարան ի Սիեահի շեխ,

Թէ « Զոր լըւաք չասեմք ` արդեւք չէ՞ մեզ մեղ:

 

« Զի մեք ամենեքին եմք բանիս վըկայ `

« Զի նըզովըս Հայուն ինքնին ասաց դա.

« Եւ ի մեր առաջի տաճիկ եղեւ սա.

« Փառք ետ մեր հէզրէթին. զի՞նչ ասես սըմա »:

 

Եւ շեխըն այն հարցեալ Դաւթի եւ ասէ `

Թէ « Զոր վկայեն դոքա ըստոյգ այդպէ՞ս է »:

Եւ սուրբ ասաց ` թէ « Իմ զայդ ասացեալ չէ.

« Եւ այդպիսի զըրոյց իմ խօսեցեալ չէ »:

 

Եւ նա բազում պարգեւս խոստացաւ նըմա `

Թէ « Ե ' կ ի մերս հաւատ, զբարիքս վայելեա '.

« Ի սոցանէ փըրծնուլ քեզ ճարակ չըկայ.

« Ե ' կ դու, ո ' րդեակ, ի մեր օրէնս հաւատա :

 

Եւ սուրբն ասաց ` « Թէ ինձ լաւութիւն կ՚առնես `

« Ջան դիր որ հաւատովս դու զիս ազատես.

« Ապա թէ ոչ զհաւատս չեմ ուրանար ես,

« Եւ ոչ ձերդ օրինաց տեղիք կուտամ ես »:

 

Եւ շեխն ասաց տանել ըզսուրբն առ ղատին.

Նոքա ըզնա տարեալ դատաստան մուծին:

Հայեցեալ դատաւորն ի յերես նորին `

Եւ խօսեցաւ ընդ նա հեզ եւ մեղմագին:

 

« Ո ' րդեակ, յառաջագոյն դու տաճկացեալ ես,

« Եւ փառք օրինադրին մերոյ տըւեալ ես.

« Իսկ այժմ վասն է՞ր զբան քո դու զըլացեալ ես.

« Մերս օրէն քան զՀայուն միթէ գէ՞շ կարծես:

 

« Տե ' ս զի արքայութիւն եւ մեծ փառք կայ մեզ.

« Ե ' կ դարձիր ` զի բազում բարութիւնս տաց քեզ »:

Ասաց թէ « Քրիստոնեայ եմ եւ եղէց ես,

« Եւ զԱստուածն իմ Քրիստոս չեմ ուրացեալ ես »:

 

Եւ մերկացաւ զհանդերձն յանձնէն իւրովի `

Թէ « զինչ կամիս արա ' դու վաղվաղակի »:

Իսկ դատաւորն տեսեալ զհաստատ միտսն Դաւթի,

Մատնեաց ըզնա բդեշխին ` պահել ի բանտի:

 

Բըդեշխն տարեալ պընդեաց զոտսըն ի կոճի `

Զերիս աւուրս պահեաց, միթէ երկընչի:

Ապա հանեալ ըզնա ` տարան կըրկնակի `

Յատեան դատաւորին ` թերեւս ուրասցի:

 

Եւ դատաւորն ասաց. « Մինչ ցե՞րբ յամառիս.

« Ե ' կ դու ի մերս օրէն, տաց քեզ զինչ կամիս »:

Նա « Անհընար, ասէ, թէ խըզի հոգիս.

« Արա ' վաղվաղակի զոր ինչ եւ խորհիս »:

 

Ապա առ յոստիկանն ըզնա յուղարկեաց `

Միթէ կեղակարծի նորին յերեսաց.

Եւ նա տեսեալ զԴաւիթ ` գըթաբար ասաց.

« Ո ' րդեակ, ե ' կ հաւատա ' մերում օրինաց.

 

« Վասն է՞ր մատնես մահու զհասակդ գեղապանծ,

« Եւ զմանկութիւնդ չըքնաղ զըրկես ի կենաց.

« Ընդ մեզ լե ' ր ի հաւատս մեր փառաւորած,

« Եւ լեր երեւելի ամենայն մարդկաց »:

 

Ասաց թէ « Ինձ հնար չէ ի ձերն հաւատ գալ,

« Եւ ոչ զիմ հաւատըս կամիմ ուրանալ.

« Զի ես քրիստոնեայ եմ ` սոյն հաւատ ծընեալ,

« Եւ ի սոյն մեռանիմ յուսով կատարեալ »:

 

Իշխանըն բարկացեալ ` բըրածեծ առնէ.

Իսկ սուրբն ասէ. « Գանս այս ոչինչ եւ դոյզն է »:

Այլ եւ զգողսըն բանտեալ ` նա բերեալ գանէ,

Զի զսուրբն ահարկութեամբն սարսափեցուսցէ:

 

Այնու եւս ոչ կարաց յողդողդել ըզնա.

Վասն այն ետ ի կոճեղս պընդել զոտ նորա.

Եւ ի գիշերին յայն զմարմինն կըտտել տայ,

Ունելեօք երկաթի կեղեքել ըզնա:

 

Եւ նա ի յըմբըռնելն սաստիկ նըւաղէր,

Միոյ միոյ ի դուռն մահու հասանէր:

Ի վաղիւն ըզսուրբն առ դատաւորն յըղէր,

« Ես անպարտ եմ. արա ' զինչ կամիս » ասէր:

 

Եւ ի տանիլն ըզնա ի դատարանի,

Յուղին զոմն տաճկացած բերին առաջի,

Ծափահար խընճոյիւք ՚ւ ասացին Դաւթի.

« Տե ' ս զի սա տաճկացաւ եւ փառաւորի »:

 

Եւ սուրբն ասաց. « Բարեաւ զհաւատն վայելէ.

« Ես տաճիկ չեմ լինար. սէրս առ Քրիստոս է »:

Անցեալ անտի ` յատեան բերեալ մուծանէ

Ամբոխն ` որ ծարաւի նորին արեան է:

 

Դատաւորն կամեցաւ զի հաստատեսցէ,

Բարուր վնասու գըրել զի վըճիռ տացէ.

Բայց առ Սեահ էֆէնտին ըզնա յուղարկէ,

Զի թէ եւ անդ չդառնայ ` « Քարեցէ ' ք » ասէ:

 

Եւ ի ճանապարհին ոմըն հարկանէր,

Եւ ոմն ածեալ ապտակ ի նա թըքանէր.

Այլ ոմն ահաբեկեալ զնա սըխրացընէր,

« Թողէ ' ք զի զդա քարկոծ արասցուք » ասէր:

 

Եւ գընացեալ մըտին Սիեահի յորդին.

Եւ նա տեսեալ ըզսուրբն ` ասաց տըխրագին.

« Ո ' րդեակ, յէ՞ր չանսացիր դու իմ խըրատին.

« Զքեզ ինձ որդի կարծեմ, դու չես հնազանդ իմ:

 

« Արդ ե ' կ ի մերս հաւատ ` եթէ ինձ լըսես.

« Զի պարգեւըս բազում քեզ ընձեռեմ ես »:

Եւ ասէ պաշտակին « Արծաթ յոյժ բերցես,

« Թամբեալ ձի եւ ըզգեստ, ինչք բազում ածցես »:

 

Եւ զնոսին առեալ ` եդ առաջի նորին,

Թէ « Ե ' կ դարձիր ի մեզ, ինչքս այս քեզ լիցին.

« Այլ եւ ծանուցանեմ զքեզ թագաւորին `

« Զի քեզ գեօղըս տացէ եւ սըպայութին »:

 

Սուրբըն պատասխանեալ եւ այսպէս ասէ.

« Թէ տաս ինձ յոլով ինչք, նա վերջըն մահ է.

« Քոյդ փառաց ` զոր դու տաս, իմ հաւանում չէ.

« Ինձ քա ' ւ լիցի դառնալ յիմոյ հաւատէ »:

 

Իսկ շեխն ասաց ի բանտ ըզնա արկանել,

Եւ զաւուրըս երիս անսըւաղ պահել.

Եւ զինուորք բըդեշխին առան ի տանել

Ի զընդան բըդեշխին ըզնա արգիլել:

 

Գըրոհ տըւեալ տաճկացն եւ անդէն կուտին,

Քարկոծել կամեցան ի ճանապարհին.

Զինուորքըն փութացեալ հազիւ հասուցին

Ի բանտըն շուպաշուն ` զի մօտ էր տեղին:

 

Գըլխիվայր կախեցին ի նոյն գիշերին,

Եւ զնա թողեալ այնպէս ինքեանք գընացին.

Եկեալ ի պատուհանն կինն այն բըդեշխին `

Գիտել թէ զի ' նչ առնէ ի կախաղանին:

 

Տեսանէր լոյս վառեալ որպէս ըզղամբար,

Եւ սուրբն զըւարթերես ի յարձակի կայր.

Տեսեալ զըսքանչելիսն կինն եւ հիանայր,

Գնացեալ առըն իւրոյ զպատմութիւնըն տայր:

 

Ասէր մեղադրանօք ` թէ « Զի՞նչ գործեցեր `

« Բերել զանմեղն ի քո տունըդ չարչարել »:

Վասն որոյ ի վաղիւն ետ ըզնա հանել,

Եւ առ միւս շուպաշի յընկերքն իւր տանել:

 

Նոքին տարեալ եդին զոտսըն ի փայտի,

Լըցին ջուր ի ներքոյ ` զի սառեալ պաղի.

Եւ ի յերեկոյին առ զինուորսն խօսի `

Իբր ահ արկանելով ` միթէ կակղասցի:

 

« Երթա ' յք պատրաստեցէ ' ք տեղի ըսպանման,

« Ըզխորըն փորեցէք վաղուեան քարկոծման »:

Սըրբոյն լըւեալ ասաց « Ընդէ՞ր ինձ չասան,

« Զի ե ' ս երթեալ բրէի զտեղին իմ մահուան »:

 

Եւ ոմն ի բըդեշխոցն ` այր չարաբարոյ `

« Ինձ զի՞նչ տայք, ասէ նա ընկերացն այլոյ,

« Զի զնա ես դարձուցից ի յիւրն հաւատոյ »:

Նոքա գըրաւ եդին նըմա պայմանոյ:

 

Յուրացընել ըզսուրբն ելեալ գընաց նա,

Եւ յորժամ ո ' չ կարաց, յամօթ հարաւ նա.

Բարկացեալ եւ ասէ զինուորացն իւր նա,

Դըրէք զոտսն ի կոճեղն, յոյժ պընդեցէք զնա:

 

Ապա բերեալ չըւան ի թեւսն կապել տայ,

Քարշեալ ի յառաստաղն ամրացընել տայ,

Եւ բերեալ բազում քար ի կոճին կուտել տայ,

« Պինդ մընասցէ, ասէր, եւ մի թուլցի դա »:

 

Եւ որպէս ի յորսայս պըրկեալ եղեւ նա,

Ընդ կոճն եւ յառաստաղն ի կախ մընայ նա.

Ապա երթեալ բերեն չըւան կանափեայ

Ոլորեալ խարազան ` ջըրիւ թացին զնա:

 

Սաստիկ եւ անողորմ նովաւ ձաղեցին,

Կիսամահ արարեալ թողեալ գընացին.

Ի մօտն հաւախօսի եկեալ ` զնա տեսին

Զըւարթացեալ, օրհնէր զԱստուածն միածին:

 

Եւ իջուցեալ ըզսուրբն ի կախատեղէն,

Ոլորեալ ի յետոյն ըզձեռսըն կապեն,

Զըւան ի պարանոց նորին արկանեն,

Ի կատարման տեղին երթեալ դադարեն:

 

Գընան ի բաղանիսն, ասեն Սիեահին.

« Ահա բերաք ըզնա յըսպանման տեղին.

« Արդ զի՞նչ հըրամայես դու վասըն նորին »:

Եւ նա ասէ. « Բերէք առ իս յայս տեղին »:

 

Յորժամ առեալ տարան ըզսուրբըն առ նա,

Բարգաւաճեալ կերպիւ արգահատեաց զնա.

Խընամարկեալ զԴաւթիւ ` խանդաղատի նա,

Աղաչեաց ողոքմամբ եւ ասաց նըմա.

 

« Ո ' րդեակ, մի ' տար ի մահ ըզքոյդ մանկութիւն,

« Ըզհասակդ վայելուչ ի յըսպանութիւն.

« Եւ ես տաց ըզդուստր իմ քեզ ի կընութիւն,

« Եւ ըզքեզ գըրեցից ինձ յորդիութիւն »:

 

Եւ սուրբն ամենեւին նըմա ոչ անսաց,

Եւ ըզխոստմունք նորա յոչինչ համարեաց.

Իսկ շեխն տանիլ յոտիցն կախել զնա ասաց,

Մինչեւ ելանիցէ ինքն ի բաղանեաց:

 

Ըստ հրամանաց շեխին արարին նըմա.

Տարեալ ի մի ոտիցն կախեցին ըզնա.

Սուսերօք եւ զինուք խըծըծէին զնա,

Հարկանէին քարիւ եւ փայտիւ նըմա:

 

Ի բաղանեացն ելեալ շեխին եւ եկն առ նա `

Մորմոքագին դիմօք փայփայէ ըզնա,

Իբր բարիս առնելով օժանդակ լինայ,

Տայ ի կախաղանէն իջուցանել զնա:

 

Շողոքորթմամբ խօսի ընդ սըրբոյն արի.

« Արի ' ի մեր օրէնս, որդեա ' կ իմ արի,

« Արի ' ի պատուիրանս մեծի արդարի,

« Զի յերկու կեանըս քո գըտցես ըզբարի »:

 

Եւ սուրբն ո ' չ նայեցաւ յերեսըն նորա,

Այլ լըռութեամբ եկաց առաջի նորա.

Վասն որոյ զայրացեալ եւ մահ ըսպառնայ,

Զի թէ ոչ ուրասցի զնա քարկոծել տայ:

 

Պատասխանի ետ սուրբն եւ ասէ նըմա.

« Զոր ինչ առնելոց ես, նա փութով արա.

« ԶՔրիստոս Աստուած ասեմ եւ պաշտեմ ըզնա.

« Յօժար եմ մեռանել վասն անուան Նորա »:

 

Ապա հըրամայեաց շեխըն ամբոխին `

Քարկոծ առնել ըզնա ` ըստ դատաւորին.

Նոքա տարեալ ըզնա ի վիհն իջուցին,

Եւ հանեալ ի գըբոյն եւ փաղաքշէին:

 

Երեք անգամ ի խորխորատն իջուցին,

Դարձեալ ի վեր հանեալ եւ յոյժ նեղէին.

« Եկ ի յուղիղ եւ ջիտ հաւատս, ասէին,

« Զի մի ' մեռցիս, ի նանիր կեանք քո կորիցին »:

 

Եւ յոչ լըսել սըրբոյն ` ձանձրացան նոքա,

Ասեն թէ « Սատանայն կապեր զմիտ դորա »:

Եւ ի հորն իջուցեալ ` հողափակեն զնա,

Եւ քըստմընեցուցեալ հըրըշտէին զնա:

 

Իսկ սուրբն յայսկոյս եւ յայն մինչդեռ ակնարկէր,

Կոյտն ըսկըսեալ խըճիւ քարընկէց լինէր.

Բարեկամ մի յէմիր յառաջմէ ունէր,

Նա եկեալ առ Դաւիթ զայս խըրատս ասէր.

 

« Եթէ չես ուրանար զՔրիստոս Աստուած դու,

« Ասա եպերանս ինչ մեր հաւատոյս դու,

« Զի մի ' յամր եւ կամկար քարկոծիցիս դու,

« Այլ ճեպով ըսպանցեն ` զի ազատիս դու »:

 

Սուրբն ասէ. « Մի ' տացէ Աստուած ինձ խօսել

« Հենգն ինչ, եւ մեղաց ձեր իմ կըցորդ լինել.

« Ես անպարտ եմ. խընդրէք զարիւն իմ վաթել.

« Արարէք անձին իմ ` զինչ կամիք առնել »:

 

Տաճիկ մ՚ երթեալ ասաց. « Ինձ հալալ կ՚անես `

« Որ քեզ քարինըս հինգ հարկանիցեմ ես »:

Սուրբն ասէ. « Ի քեզնէ խընդիր մ՚ ունիմ ես.

« Քեզ թողութիւն լիցի ` թէ զայն կատարես:

 

« Ե ' րթ դու եւ բեր առ իս ըզվըկաներս իմ,

« Որպէս եղեն առիթ հեղլոյ արեանս իմ.

« Զի նախ նոքա արկցեն քար ի վերայս իմ,

« Ապա դուք քարաձիգ լիջիք մարմնոյս իմ »:

 

Այր ոմըն անօրէն, խիստ եւ ժանտաբար `

Առ սուրբն եկեալ ցասմամբ ` անողորմաբար

Ըռըմբով հինգ անգամ ուժգին զնա եհար,

Անդ ի խորափըտին կիսամեռ արար:

 

Կալեալ զվարսից սըրբոյն եւ ի վեր առեալ `

« Փառք տուր առաջնորդին մերոյ, ասացեալ,

« Զի ի միւս կենացն եւս չը լինիս զըրկեալ »:

Եւ սուրբն ուշաբերեալ « Ո ' չ կամիմ » գոչեալ:

 

Եւ խուռն ամբոխն անդէն ըզնա քարկոծեաց,

Յաւուր տօնախըմբման սըրբոց Վարդանեանց,

Սուրբս այսպէս քաջութեամբ զընթացն աւարտեաց,

Եւ առ Քրիստոս Աստուած զհոգին աւանդեաց:

 

Ցոլմունք լուսոյ հեղեալ հրաշաւորական,

Փայլեալ ծիրանագոյն ի տիպ աղեղան,

Ծաւալեալ ի վերուստ կամարանըման,

Ի վերայ սուրբ մարմնոյն ի տեղւոջն կատարման:

 

Եւ յետ երկուց աւուրց դատաւորն ասաց `

Երթալ զնա յօշատել եւ արկանել շանց.

Զինուորքն եկեալ հատին զթեւսն գըլխովն ի բաց `

Առ ի կերակուր տալ ըզնա գազանաց:

 

Եւ այր մի կաշառօք զմարմինն սուրբ թափեալ `

Եկեալ քրիստոնէիւք եւ ըզնա բարձեալ `

Հանդերձ քահանայիւք ի տապան եդեալ,

Ի գերեզմանսն որ Սուրբ Քառասունք կոչեալ:

 

Եւ էր թիւըս բարդեալ Հայոց տումարի `

Երից եռ հարիւրից եւ մին հարիւրի,

Եւ այլ եռ երեսնից եռ երկոտասնի,

Յամսոյ փետըրվարայ երկ մետասանի:

 

Իբրեւ զխաղող խայծեալ կըթեցին ըզսա,

Բերեալ ի հընծանոյ գուբ արկին ըզսա,

Գինի բերկրանաց մեզ ճըմլեցին ըզսա `

Մենքենայիւք վիմաց եւ ռըմբին ըզսա:

 

Բնաւին պըտուղք տընկոց սիրուն երեւի,

Ի տես եւ ի ճաշակ գեղեցիկ թըւի,

Բայց իւրն այգւոյ տընկոյ բերքըն թէ լինի,

Առաւել վայելուչ ՚ւ ընտիր տեսանի:

 

Այսպէս եւ սուրբս այս մեզ քաղցր եւ համեղ է,

Որ ի մեր ժամանակ նահատակեալ է.

Թեպէտ ընտրեալք բազում եւ սուրբք յոլով է,

Սակայն մերում ծառոյ բերքըն սուրբս այս է:

 

Մեծ զարմացումն ունիմ եւ կամ հիացեալ `

Իբր ի՞մ իմիք եղեւ այդքան զօրացեալ.

Քանզի աշխարհական սոսկ ունկամբ լըւեալ,

Աստուած է Քըրիստոս կարծեօք ծանուցեալ:

 

Յուսով հաստատագոյն այնքան քաջացեալ,

Ի խոստմանց կամ յահէ զիա՞րդ ոչ կասեալ.

Լըլկման չարչարանաց հի՞պէս տոկացեալ,

Ի սէր դըստեր շեխին հի՞մ ոչ տարփացեալ:

 

Բարեյա ' ղթ քաջ վըկայ, յումէ՞ վարժեցար.

Արդ զի յաւուրս քոյ զոք վըկայ ո ' չ տեսար `

Նորմէ զի կարծիցի թէ վըստահացար,

Եւ կամ թ՚ ի գրոց ուսեալ եւ հանդիսացար:

 

Առ Տէր բարեխօ ' ս լեր վասն ամենայնի,

Միանգամայն ազանց քրիստոնեայ տոհմի,

Թողութիւն շընորհել մեղացըն պարտի,

Այլ եւ Միքայիլի ` զարմ Բարղամ գըրչի:

 

Յետ այսց ամենայնի աւուրք ինչ անցեալ `

Քահանայ մի անուն Յովանէս կոչեալ `

Վասըն վաճառելոյ շեաղջ գարւոյ կուտեալ `

Մօտ ի տեղին յայն ` ուր Դաւիթն քարկոծեալ:

 

Եւ զոմըն մականուն Ապըրկեր կոչեալ `

Ըզնա գարւոյն պահակ ի վարձու կալեալ.

Սա ի մի գիշերացն հինգ ժամու տեսեալ

Դաւթի քարկոծման տեղն ` զի լոյս ցոլացեալ:

 

Առ յայն առաւօտին ծանօթքըն տեսեալ `

Զի էր Ապըրկերն այն յոյժ այլագունեալ,

Նոքա հարցեալ թէ « Քեզ զի՞նչ է պատահեալ `

« Որ այդպէս այլադէմ դու կաս շըրտուցեալ »:

 

Ասէ. « Մինչ պահէի, յանկարծ լուսացաւ,

« Տեղիքն պայծառացեալ ի ցերեկ դարձաւ.

« Եւ ես ապշեալ ` անդէն միտս յիմարեցաւ,

« Եւ անձն իմ զարհուրեալ եւ յոյժ դողացաւ:

 

« Զի լոյս սափորաձեւ ի յերկնից եկեալ,

« Գողոց կախատեղւոյն ի մօտըն իջեալ,

« Զորոյ պայծառութիւնն միտք իմ ոչ բաւեալ,

« Եւ չէ լոյս արեւոյս նորա նըմանեալ:

 

« Զի ինձ անծանօթ էր լոյսն որ հանդիպայ,

« Եւ զի միայն էի եւ ես յոյժ երկեայ.

« Եւ ո ' չ գիտեմ թէ ի տեղին յայն ի՞նչ կայ `

« Որ այնպիսի լուսոյ արժանի է նայ »:

 

Զի սա չէր ի քաղաքէն, այլ գաւառակայ.

Վասն այն չգիտէր զտեղին քարկոծման նորա,

Եւ չէր սըմա ինչ փոյթ որ հարցանէր զնա,

Եւ կամ զնահատակման տեղին քըննէր սա:

 

Տեսիլս էր շաբաթ լոյս մեծի Պասեքին `

Ուր Սըրբոց Քառասնից տօնըն կատարին.

Եւ նախ քան զայս ` բազումք շատ անգամ տեսին

Ի կատարման տեղին եւ գերեզմանին:

 

Եղեւ սուրբս այս Դաւիթ ցուպ եւ գաւազան

Ումեմն ուրացելոյ յեցումն ծերութեան,

Զի զսա խրախոյս առեալ իւր եւ ախոյան,

Եւ կանգնեալ դիմակայ իւրն ուրացութեան: 1

1 Սոյն վկայաբանական տաղն ունի միայն t ձեռագիրը, էջ 218 բ -228 ա, այս վերնագրով. « Պատմութի տաղիւ չափեալ ոտանաւոր նահատակութեան Դաւթի Սեբաստացւոյ »: Սորա անմիջական եւ անբաժան շարունակութիւնն է կազմում Գասպար Կռուանի տաղը ` որը իբրեւ առանձին նահատակի պատմութիւն մենք բաժանելով դնում ենք ներքեւում: Տաղի հեղինակն է ոմն Միքայէլ որդի Բարղամ գրչի, որ եւ իր անունը յայտնապէս յիժում է էջ 515, տող 2:

Հեղինակի անունն են կապում նաեւ էջ 514, 17-28 տողերի սկզբնատառերը, որոնք մենք յայտնի անելու նպատակով հաստ ու սեւ տառերով ենք տպագրել տուել. այսպէս ՄԻՔԱՅԻԼԻ ԲԱՆ Ե: Հեղինակն անշուշտ այդպիսի մի անորոշ տեղ դնելով իր ստորագրութիւնը, նպատակ է ունեցել պաշտպանուել խարդախող գրիչներից, որոնք կարող էին տողերի կամ բառերի շարքը փոխելով ` հեղինակի ստորագրութիւնը անհետացնել:

Այդպիսի մի խարդախութեան հետաքրքիր դէպք ծանօթ է մեզ Գրիգոր Աղթամարցու « Գարունն երեկ պուլպուլն այգին, ծաղկունք ամէն շատլըխ արին, եւ մուշտուլուխ …» տաղի վերաբերմամբ: Այդ տաղը ութը տուն է եւ սկզբնատառերը կապում են Գրիգորիս անունը, տես Կ. Կոստանեանց, Գրիգորիս Աղթամարցին եւ իւր տաղերը, Թիֆլիս, 1898, էջ 46-47: Բայց ահա Խաչիկ վրդի. ժողովածուի թ. 27 ձեռագրի մէջ ( էջ 139 բ ) այդ տաղը կրճատուելով վերածուած է չորս տների, եւ ա ' յն ` տողերը խախտած կարգով. նրան կցուած է նաեւ իբր անբաժան շարունակութիւն մի տաղի ` Գրիգորիս Աղթամարցու մի այլ տաղը « Ծաղկունքն ասեն հերիք արա » ( տես Կոստանեանց, Գրիգ. Աղթ. էջ 48). այնպէս որ Գրիգորիս անունը իսպառ անհետ է եղած ( հմմտ. Յ. Թօփճեան, Ցուցակ Ձեռագրաց Խաչիկ վարդապետի, Վղրշպտ. 1898, էջ 42 ա ):