Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Սէրն սիրով պիտի, չպիտի ճորով,
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ.
Ես լալով շուրջ կուգամ, դու ծիծաղելով
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ:

Եա՛ր, վարդ ու մանուշակ դու անուշահոտ,
Ե՛լ, կամկար քալելէն երթանք մեզի մոտ,
Դու մարդ ես սպաներ, ձեռվիդ` արունոտ.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Այսօր գարունն եկեր, ամիսն է մայիս,
Այդ քո ծով աչերովդ խոլոռ կու նայիս,
Երբ որ ճօճաս, քայլես, խելքս կու տանիս.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Երեսդ է կարմիր զէտ կաքւու արիւն,
Իմացա՞ր, խեւ եղայ ես ի քո սիրուն,
Քանի՞ մէկ պահես դու զիս երերուն.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Աչվնիդ թուխ է, ընքվնիդ` կամար,
Երեսդ լուս կուտայ զէտ շէմս ու ղամար,
Դու մի՛ մեռնիր, մեղք ես, մեռնիմ քեզ համար.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Երեսդ լուս կուտայ զէտ զարեւին,
Խնծոր ես, կու փայլիս ներքեւ տերեւին,
Քեզնէ զատիլն ինձի մեռնիլ կերեւին.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Ծոցդ գզած բամբակ, ճերմակ, քնքուշ է,
Պռկներդ շէքէր, շէրպէթ ու նուշ է,
Անտի կու սիրեմ զքեզ` լեզուդ անուշ է.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Աչերուդ կու ճանաչեմ, որ սիրո տէր ես,
Հազար հայիֆ քեզի` արիւնաց տէր ես,
Պաք մի տո՛ւր երեսէդ, զԱստուած կու սիրես.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Աջապ է՞ր ձգեցիր զիս կրակ ու բոց,
Թող շալլայ լինայ քո սրտիկն ալ խոց,
Ծառայ լինամ քեզի, առ գերիդ ի ծոց.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Աջապ ես քեզի մեղքդ չե՞մ ի գար,
Երբ կանանչիդ վրայ կարմիրդ հագար,
Անկաւ խելքս ու գնաց, այլ վերայ չի գար.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Ծառայ լինիմ, եար, քո սեւ աչերուդ
Ա՛ռ դու զիս զգերիս ի մէջ ծծերուդ,
Գիտեմ, որ կու մեռնիմ ես ի քո սիրուդ.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Հոգի՛, դու զէտ բադր լուսին բոլորեր,
Քո մազդ ի յուսդ ի վայր իջեր, ոլորեր,
Երբ որ ի յիս նայիս, դու մի խոլորեր.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Հա~յ, քեաֆիր, իմ հալս դեռ չես իմացեր,
Ես այլ, ամ, քո սիրուն ո՞նց եմ դիմացեր,
Քեզնէ ի զատ մարդու հոգէկ չեմ ասեր.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Ղարիպուկ եմ, եկեր ես ի ձեր գեղին,
Երեսս կու շփեմ ոտիցդ հողին,
Հիւանդ եմ քո սիրուդ, դարձեր եմ դեղին.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Քեաֆիր վարդ կու նմանի երեսիդ գունն,
Քո տերտէդ չի տանիր գիշերն իմ քունն,
Աճապ տի իմանա՞մ զսրտիդ հունն.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Քո հագածդ է կարմիր, վրան նարնճի,
Ես այլ ի քո ձեռքդ եմ եղեր զարնճի,
Կամ սրտիս կամքն արա, կամ տուր խօսք ինձի.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Երնեկ իմ աչերուս, որ զքեզ տեսայ,
Ծառայ լինիմ քեզի, մուրատիս հասայ,
Երբ կու սիրես սրտով, նայ զդրուստն ասա.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Ամ քանի՞ արունես իմ ղարիպ սիրտս,
Հա~յ, քեաֆիր, չիմացար դեռ դու զիմ տէրտս,
Գլխակս այլ թէ կերթայ, նայ կանեմ լէրթս.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Ղարիպ Մկրտիչն զիւր եարն է գովեր,
Իւր սեւ աչվնին նմանի ծովեր,
Բարակ միջկունք ունիս, եա՛ր, ճօճան թեւեր.
Քե՛զ ասեմ, ինձ լսէ, կարմիր ու ճերմակ,
Ես լալով շուրջ կու գամ, դու ծիծաղելով:

Րամեալ մայր Աստուծոյ, կոյս,
Սուրբ Մարիամ ինձ մեծ յոյս,
Բարեխօսեա գլորելոյս
Եւ տուր ձեռն ողորմելոյս.
Ստեղծող Տէր, ես մեղայ քեզ,
Գթա եւ ողորմեա ինձ:

Դեռ չի բուսել, չորացայ,
Ծաղկի նման խամրեցայ,
Կենօքս որ զբաղեցայ,
Ի մեծ ամօթիս հասայ,
Ստեղծող Տէր, ես մեղայ քեզ,
Գթա եւ ողորմեա ինձ:

Այն օրն, որ աներեկ է,
Ատեանն ահեղակերպ է,
Դատաւորն անաչառ է,
Իւր դատաստանն արդար է.
Ստեղծող Տէր, ես մեղայ քեզ,
Գթա եւ ողորմեա ինձ:

Պիտէր ինձ լալկան շատ,
Որ վայ տային ինձ առատ,
Ափսոսային զիս անհատ,
Թէ յէ՞ր կորեայր անխրատ.
Ստեղծող Տէր, ես մեղայ քեզ,
Գթա եւ ողորմեա ինձ:

Երբ Գաբրիէլ սէրովբէն
Գոչէ զբարբառն փողոյն,
Առնեն մեռեալքն ի հողոյն,
Ի յԱդամայ մինչյօր Նոյն.
Ստեղծող Տէր, ես մեղայ քեզ,
Գթա եւ ողորմեա ինձ:

Տիպ տէրունոյն նշանի,
Յարեւելից մեզ ծագի,
ՅԵրուսաղէմ հասանի,
ՅՈւռնայու կալն իջանի.
Ստեղծող Տէր, ես մեղայ քեզ,
Գթա եւ ողորմեա ինձ:

Է՛, սուրբ կոյս, տիրուհի,
Խնդրեմք ի քէն բաղձալի,
Որ զմեզ չտաս սատանի,
Ի ձեռն անշէջ գեհենի.
Ստեղծող Տէր, ես մեղայ քեզ,
Գթա եւ ողորմեա ինձ: