Եւդոկիոյ հայոց գաւառաբարբառը

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բաղաձայններու ձայնափոխութիւնները

գ = ղ. զ. օր. լողնալ (= լոգանալ)։

դ = ճ. զ. օր. ճշգուհալ (= դժգոհիլ)։

զ = ծ, ս. զ. օր. էրած (= երազ), կործել (= կորզել), քանց… (= քան զ…). սով (= զով)։

ժ = ճ, շ. զ. օր. պատիճ (= պատիժ), պատճել (= պատժել), բաճ (= բաժ). ճշգուհալ (= դժգոհիլ)։

լ = ր. զ. օր. սիրեր եմ. խօսեր եմ եւն (= սիրել եմ, խօսել եմ եւն)։

ծ = զ, ս. զ. օր. զարզարդար (= ծառզարդար), զրտոտ (= ծրտոտ), կզուիլ (= կծուիլ), կզկտիլ (= կծկտիլ). կսկալ (= կրծկալ), ասսու (= Աստուծոյ)։

կ = ղ. զ. օր. առղայ (= ակռայ)։

հ = ֆ, խ. զ. օր. ֆէս, ֆէդ, ֆէն (= հոս, հոդ, հոն). խող (= հող)։

ձ = զ, ս. զ. օր. թարնզ (= թանձր), արնզեւ (= անձրեւ). բարնս (= բարձր)։

ղ = խ, վ. զ. օր. դնդախ (= դանդաղ), ախջիկ (= աղջիկ), ախքատ (= աղքատ), էխթել (= յաղթել), օխջուն (= ողջոյն), ախբուր (= աղբիւր). խավող (= խաղող)։

ն = լ, զ. զ. օր. լման (= նման), ըլմանիլ (= նմանիլ), էլլել (= ելանել), ըննալ (= ըլլալ, որ ինք եւս գրաբարի եղանիլ-ին այլափոխեալ ձեւն է)։

շ = ժ, ս, չ. զ. օր. ժաժ, ժաժիլ (= շարժ, շարժիլ), սրջել (= շրջել) շէջ (= շեղջ)։

ս = ծ. զ. օր. իծծուն (= յիսուն), վաթծուն (= վաթսուն)։

ր = յ, ռ. զ. օր. կայնալ (= կարենալ), լեռդ (= լեարդ)։

ց = ս. զ. օր. իրիսկին (= երէցկին), օրէսք (= օրրոցք), թերէրես (= թերայրեաց)։

ւ = ֆ. զ. օր. հալաֆ (= հալաւ), հաշիֆ (= հաշիւ), հարաֆ (= հարաւ)։

փ = ք. զ. օր. չաք (= չափ)։

տս = ց. արցունք (= արտսուք)։

 

Քանի մը դիտողութիւններ եւս՝ ուրիշ մէկ քանի ձայնական երեւոյթներու վրայ։

Ձայնաւորներու սղումներն ու կրճատումները՝ որոնք հայ լեզուին համար այնչափ սովորական են եւ աւելի յաճախադէպ՝ գաւառաբարբառներու մէջ, բնականաբար Եւդոկիոյ բարբառին մէջ ալ նո՛յնչափ սովորական եւ յաճախադէպ են, որոնց վրայ աւելորդ կը համարինք երկար խօսիլ։ Ձայնաւորներէ զատ՝ բաղաձայններու կրճատմունք ալ բոլորովին անսովոր չեն. զ. օր. մէմը, մէմէկ (= մէկ մը, մէկ մէկ), օրասսակ (= օրհասարակ), ա (= ալ, այլ), եբ (= երբ), շնորք (= շնորհք). աշխարք (= աշխարհ), եւն եւն. վերը յիշուած բառերուն մէջ ալ կան բաղաձայններու զեղջմանց օրինակներ։ Երբեմն ալ տառերը՝ ըլլան ձայնաւոր կամ բաղաձայն, բառերու մէջ իրենց բուն տեղերը կը փոխեն, զ. օր. անկաջ (= ականջ), վլալ (= լուալ), ծնծաղ կամ ծնծախ (= ծնծղայ), թեպուր (= փետուր) եւն եւն։ ւն։ ւն։ Իսկ ր տառը միշտ կը տեղափոխուի եւ շատ անգամ իրեն յետադաս բաղաձայնէն առաջ կʼանցնի. զ. օր. մերղ (= մեղր), մորխել (= մոխրել), փրշել (= փշրել), զուրցել (= զրուցել), դարտակ (= դատարկ), մայրամ (= մարիամ) եւն եւն։ Ն ձայնը շատ անգամ կʼաւելնայ բառերու մէջ. զ. օր. մենծ (= մեծ), մենք (= մեք), արցունք (= արտսուք), կարմունջ (= կամուրջ), կանանչ (= կանաչ), իրինկուն (= երեկոյ) եւն։ Նոյնպէս ք տառը կʼաւելնայ շատ մը բառերու վերջը եւ անոնց անեզականի ձեւ կու տայ. օր. կիշէռք (= կշիռ), բանլիք (= բանալի), բարեկենդանք (= բարեկենդան), պատկերք (= պատկեր), կաթիլք, հուրք, աշխարք, դադարք եւն եւն։

Նշանակութեան արժանի է նաեւ որ Եւդոկիոյ բարբառին մէջ տր, տռ, նր, նտր, նտռ ամփոփուելով՝ հաւասարապէս մէկ ձայնի կը վերածուին եւ կը հնչուին իբրեւ ռ. օր. կռել (= կտրել), կռիճ (= կտրիճ), կոռել (= կոտրել), պառել (= պատռել), ծառ (= ծանր), մառ մուռ (= մանր մունր), սառ (= սանտր), հռել, փռել (= հնտրել, փնտռել) եւն եւն։ Նոյն պարագային մէջ Սեբաստացիք կը հնչեն կըյյել, կոյյել, մտնել, ծանել, սանել եւն։