Ի՞նչ է ազգութիւնը.

Հեղինակ

Բաժին

Թեմա

II.
Զանազան գիտնականների կարծիքները։ Քննադատութիւն։ Մեր բանաձեւը։ Ազգերի ծագումը։ Հօրդայից մինչեւ ազգ, որսատեղից մինչեւ Հայրենիք։ Ուժերի խնայողութեան օրէնքը։ Ազգութեան յատկանիշները։  Նմանութեան եւ տարբերութեան յատկանիշներ։ Ամփոփում։

Կան բնական եւ հասարակական բազմաթիւ երեւոյթներ որոնց մասին մի կարճ, ամփոփ ու յստակ որոշում տալ չէ կարողանում ներկայ գիտութիւնը, մարդկային ներկայ վերլուծական ունակութիւնը։ Այդպէս է «բանականութիւնը», այդպէս է գոյութեան գաղափարը, այդպէս են բազմաթիւ փիլիսոփայական ու կենսաբանական երեւոյթները։

Այդ կարգի գաղափարներին է պատկանում եւ ազգ կամ ազգութիւն հասկացողութիւնները։ Ազգը կայ, նա մի րէալական (իրական) մեծութիւն է, յաճախ չափազանց աչք ծակող իր գոյութիւնն զգալ տւող. այն ինչ կարճ ու յստակօրէն բանաձեւել, թէ ինչ է ազգ, բանաձեւել այնպէս, որ միանգամայն չընդունէ այլեւս երկդիմութիւն, մթութիւն, եւ տեղիք չը տրւի որեւ է թիւրիմացութեան, առ այժմ հնարաւոր չէ։

19 դ դարից առաջ դուք ի զուր կորոնէք որեւ է որոշում այդ մասին փիլիսոփայական, պատմական ու հասարակագիտական բաւական հարուստ գրականութեան մէջ արեւմտեան Եւրոպայում։ Բոլորը խօսում են պետութեան, նրա սահմանների, նրա վրայ ապրող ժողովրդի մասին, բայց ոչ ոք չէ շոշափում ազգութեան հարցը։ Այդ մասին առաջին որոշումները մեզ հանդիպում են 19դ դարի ընթացքում, ոչ շուտ։

Այսպէս առաջինը գերմանական գրող Zachariä—ն է, որ 1839 թւին ձգտում է բանաձեւել ազգ հասկացողութիւնը։ «Ազգը, ասում է Զաքարիէն, մարդկանց այն ամբողջութիւնն է, որ ունի մի ընդհանուր ծագում, մարդկանց, որոնց յատուկ է զգալու եւ մտածելու միեւնոյն եղանակը»։ Այս որոշումը, ինչպէս յետոյ կը տեսնենք, բաւական մօտենում է ներկայումս ընդհանրապէս ընդունւած բանաձեւերին։

Գերմանական մի այլ գրող, Escher [1], իրար խառնելով ազգ եւ ժողովուրդ հասկացողութիւնները, տալիս է հետեւեալ բանաձեւը. «Ազգը ոչ այլ ինչ է, եթէ ոչ որեւ է պետութեան հողի կամ տէրրիտորիայի վրայ ապրող բնակիչների ընդհանրութիւնը, որոնք  մշտապէս կենում են այնտեղ»։

Escher—ի այդ որոշումը միանգամայն մթնեցնում է ազգութեան գաղափարը, որի ժամանակակից որոշմանն այնքա՜ն մօտեցել էր Զաքարիէն։ Ներկայումս գոյութիւն ունեցող բոլոր քիչ ու շատ աչքի ընկնող պետութիւնների երկրներում ապրում են անպայման մէկից աւելի ազգեր։ Սակայն առ այժմ մի կողմ թողնենք այդ խնդիրը, որով պիտի զբաղւենք մի քիչ յետոյ, եւ առաջ անցնենք։

Հռչակաւոր իրաւագէտ Բլունչլին արդէն պարզօրէն տարբերում է իրարից ժողովուրդն ու ազգը։ Ժողովուրդը «քաղաքական միութեան արտայայտութիւնն է», իսկ ազգը «պատմա—կուլտուրական մի հասկացողութիւն է», «Ազգը կարող է ժողովուրդ դառնալ միայն պետութեան մէջ եւ պետութեան միջոցով»։

Գիտութիւնն, այնուհետեւ, քանի գնում՝ աւելի եւ աւելի սահմանաւորում, իրարից տարբերում է ազգ եւ ժողովուրդ, ազգ եւ պետութիւն հասկացողութիւնները։ Այսպէս Աւստրիական յայտնի ընկերաբան Լ. Գումպլօվիչը դեռ 1879—թւին գրում է. «Ազգութիւններ պէտք է համարել ժողովրդական այն մեծ խմբերը, որոնք գիտակցում են իրենց կուլտուրայի ընդհանրութիւնը եւ որոնք ոգեւորւած կամ ներշնչւած են ազգային ընդհանուր զգացումով» [2], մի զգացմունքով, որը կապում է անհատին ազգի հետ, մասին՝ ամբողջութեան հետ։

Տարիներ յետոյ, նոյն գիտնականն աւելի եւս որոշ գիծ է անցկացնում պետութեան եւ ազգութեան միջեւ եւ, կարծես իբր բողոք այդ երկու հասկացողութիւններն իրար շփոթողների դէմ, հետեւեալ միտքն է յայտնում. «Եթէ XVI դարում թագաւորում էր մարդկային արժանապատւութիւնը ծաղրող բռնապետական սկզբունքը cujus, regio, illius religio (ինչպիսի կառավարիչ, այնպիսի էլ կրօն), եթէ որ այդ սկզբունքի զօրութեան հիման վրայ ազգաբնակութիւնը, կախաղանի, գլխատման ու խարոյկի սպառնալիքներից մղւած, ստիպւած էր մերթ փշրել սրբերի պատկերները, մերթ նրանց երկրպագել, նայելով թէ ինչ դաւանութեան էր պատկանում երկրի ամենողորմած տէրը, այժմ էլ սկսւել է մարդկանց նոյնքան անարժան մի այլ սկզբունք, այն՝ որ ազգութիւնը որոշւում է պետութեան պատկանելով։ Եւ այդ սկզբունքը թագաւորում է մինչեւ օրս» [3] ։

Ֆրանսիացի հռչակաւոր գրող Էրնէստ Ռընանը, 1882 թւին լոյս տեսած իր յայտնի գրութեան մէջ «Ի՞նչ է ազգութիւն» , այսպէս է բանաձեւում ազգութեան գաղափարը. «Ազգը մի հոգի, մի հոգեկան սկզբունք է» (երես 26)։ Մի քանի երես յետոյ, նա աւելի եւս պարզաբանում է իր միտքը եւ ասում. «Մարդն ստրուկ չէ ոչ իր րասայի կամ ցեղի, ոչ իր լեզւի, ոչ իր կրօնի, ոչ իր երկրի գետերի հոսանքի, ոչ էլ իր երկրի լեռնաշղթաների ուղղութեան։ Մարդկանց մի մեծ հաւաքածու (agrégation) կամ մեծ խումբ, առողջ ոգով եւ տաք սրտով, ստեղծում է մի բարոյական խիղճ, որը եւ կոչւում է ազգութիւն» [4] ։ «Ազգութիւնն այն մեծ համերաշխութիւնն է, որը հանդիսանում է իբր արդիւնք դէպի արդէն բբերւած եւ ապագայում էլ բերւելիք զոհերը տածած սրբազան զգացմունքների։ Ունենալ մի ընդհանուր կամք ներկայումս, միասին կատարած ունենալ մեծամեծ քաջագործութիւններ, ցանկալ կրկին կատարել նոյնպիսի գործեր, ահա մի ազգի գոյութեան էական պայմանները»։

Ի միջի այլոց ասենք, որ ազգ եւ ազգութիւն հասկացողութիւնները յաճախ իրար են խառնում, թէեւ կայ մի էական տարբերութիւն այդ երկուսի մէջ։ Ազգը մարդկանց խումբն է, որի յատկութիւնները դեռ յետոյ ենք որոշելու, իսկ ազգութիւնն այդ խմբի յատկութիւնների ընդհանուր գումարն է։ Ազգը առարկայական, նիւթական երեւոյթ է, մի մեծ խումբ մարդկանց օրգանական կամ միաձոյլ ամբողջութիւնն է, իսկ ազգութիւնը մի աբստրակսիօն է, մի աննիւթ էութիւն, ազգի յատկութիւնը, նրան, մարդկային այդ խմբին միւս խմբերից կամ միւս ազգերից բաժանող որակների ընդհանուր գումարն է։ Խօսակցական լեզւի մէջ այդ երկու հասկացողութիւնները յաճախ իրար ենք խառնում, թէեւ տարբերութիւնն ակներեւ է։ Մեր հետազօտութեան մէջ մենք եւս, հետեւելով ընդունւած սովորութեան, ուշք չենք դարձնում այդ երկու բառերի տարբերութեան վրայ, այլ յաճախ գործ ենք ածելու մէկը միւսի փոխարէն։

Ռընանի որոշումը շատ էլ պարզ չէ։ Սակայն ազգ եւ ազգութիւն հասկացողութիւնների համար ներկայ մարդկային գիտութիւնը չունի դրանից աւելի կարճ, կտրուկ ու պարզ բանաձեւեր։ Այսպէս Գերմանական գիտնական Neumannը, 1888 թւին հրատարակած իր մի աշխատութեան մէջ «Volk und Nation», այսպէս է բնորոշում. «Ազգը շատ կամ քիչ խոշոր մի ազգաբանութիւն է, որը՝ շնորհիւ ինքնատիպ բարձր կուլտուրական զարգացման, ձեռք է բերում ինքնատիպ ընդհանուր բնաւորութիւն, որն անցնում է սերնդից սերունդ» [5] ։ Նա մերժում է, որ մի ազգի կամ մի ազգութեան էական յատկութիւնները կրօնը, լեզուն, ընդհանուր շահերն են։ Նրա կարծիքով՝ ազգի անդամներին միացնող տարրը այն «սուբյէկտիվ կամ ներքին անհատական զգացմունքն է», որ նրանց բնազդօրէն կապում է իրար հետ, որ նրանց մի օրգանական ամբողջութեան հասկացողութիւնն է ներշնչում։

Նօյմանի որոշումն էլ աւելի մութն ու ամպամած է։ Ճշմարիտ է, կրկնում ենք մենք, ներկայ գիտութիւնը դեռ այնպիսի պարզ, անժխտելի բանաձեւ չունի ազգ եւ ազգութիւն հասկացողութիւնների մասին, բայց եւ այնպէս այս գրողների տւածից աւելի պարզ կարելի է լինել։

Ազգային հարցի մասին խօսելիս, յաճախ մարդիկ խառնում են այդ հարցը «մարդկային ցեղերի» կամ «րասաների» հետ։ Այդ շփոթութիւնը յաճախ տեղի է ունենում մանաւանդ ազգամոլների կամ շօվինիստների կողմից, որովհետեւ նրանք ցանկանում են անպատճառ «ազգը» ծնեցնել մի արմատից, միեւնոյն նախնիքներից. նրանք ուզում են անշուշտ ազգութիւնը համարել մի ընդածին, մի զուտ բնական երեւոյթ եւ ոչ պատմական կամ բնա—պատմական։

Մի քիչ յետոյ մենք կը տեսնենք, որ այդ ջանքն ի զուր է, որովհետեւ պատմական երեւոյթներն էլ, դարերի ընթացքում դառնում են նաեւ բիօլօգիական կամ կենսաբանական երեւոյթներ։

Ազգ կոչւում է մարդկանց այն խումբը, որ դարեր շարունակ, սերնդից—սերունդ, ապրելով միեւնոյն բնական ու պատմական միջավայրում, իր կուլտուրային վերաբերող բոլոր հարցերը լուծել է իր համար, ինքնուրոյնաբար, դրանով ստեղծւել է, ժամանակի ընթացքում, երկար համայնակեցութեան շնորհով, ազգային ընդհանուր ոգի կամ ներքին, սուբեկտիվ աշխարհ, ազգային ստեղծագործութեան յատուկ ձեւեր եւ նոյն իսկ ազգային մի յատուկ ֆիզիքական եւ հոգեբանական տիպ։

Սկզբներում, մարդկային պատմութեան շէմքի վրայ, երբ դեռ բարբարոս ժողովրդներն ապրում էին տոհմական կազմով, ազգ գոյութիւն չունէր, ինչպէս այսօր նա գոյութիւն չունի քիւրդերի կամ եզդիների մէջ։ Կային տոհմեր կամ գէնսեր (կլան), կային ցեղեր կամ տրիբներ (աշիրաթներ), ղեկավարւող իրենց տոհմապետներով ու ցեղապետներով։ Այդ տոհմերն ապրում էին ցեղերի մէջ, իսկ ցեղերը շատ տեղեր հասել էին նոյն իսկ մի աւելի բարդ հասարակազմի—ցեղերի դաշնակցութեան։ Բազմաթիւ տոհմեր խօսում էին միեւնոյն լեզւի զանազան բարբառներով. նոյն իսկ մի քանի ցեղեր նոյն լեզւով էին խօսում, բայց ազգ դեռ չը կար. դեռ այդ բոլոր տոհմերն ու ցեղերն ապրում էին ուրոյն կեանքով, ստեղծագործում էին ամենօրեայ կեանքում ուրոյն ձեւերով։ Դեռ եւս չը կար մի ընդհանուր միջոց, որ այդ մանր ու արիւնակից խմբակներին միատեղէր, մի ընդհանուր կաղապարի միջով անց կացնէր, միաձուլէր, բոլոր բաժան—բաժան, իրարից բաւական տարբերւող միութիւններին տաշտշէր, յղկէր, նրանց անհուն բազմազանութիւնները վերածէր որոշ չափի միազանութեան, կարճ՝ նրանցից ստեղծէր մի ընդհանուր միութիւն, մի ազգ։

Այբուբենի գիւտով մարդկութիւնը դուրս է գալիս բարբարոսական շրջանից եւ, ստեղծելով գիր, գրականութիւն եւ գրաւոր պատմութիւն, նա մտնում է քաղաքակրթութեան շրջանը։ Դարեւոր համայնակեցութեան, արիւնակից խմբերի մեծանալու եւ նրանց իրար հետ անվերջ յարաբերութիւնների մէջ մտնելու շնորհով, մարդկային համակեցութեան սահմաններն աւելի եւ աւելի լայնանում են, մարդկային կուտակւած փորձառութեան կամ գիտութեան չափը եւս աճում է։ Հնարւում են նորանոր արտադրական միջոցներ, աւելի եւ աւելի արդիւնատու արտադրական ձեւեր։ Ստեղծւում են դասակարգեր։

Արենակցական խմբակների նախկին կառավարական ձեւը նոյնպէս ընդլայնում, մեծանում է։ Ծնունդ է առնում պետութիւնը, որը օր օրի վրայ մեծացնում է իր նեղլիկ սահմանները, իր հովան տակ է առնում նոր ու նոր արիւնակից խմբեր կամ տոհմեր, քայքայում նրանց, խառնում իր նախկին, արդէն շերտաւորման ենթարկւած խմբերին։ Այսպէս՝ աստիճանաբար կլանելով շրջապատ ժողովուրդներին, մի փոքրիկ խմբակը մի «պօլիսը» կամ յունական ու հռօմէական մի «քաղաք—պետութիւնը» կամաց—կամաց դառնում է մի բաւական ընդարձակ պետութիւն։ Այդ պետական միութեան ներսում աստիճանաբար ստեղծւում են միատեսակ օրէնքներ, ստեղծագործական միատեսակ ձեւեր, մի ընդհանուր լեզու, տնտեսական քիչ ու շատ նման յարաբերութիւններ, յաճախ միեւնոյն տեսակի մի ընդհանուր կրօն եւ այլն։

Այսպէս՝ մի Հռօմ նախ տիրում է լացիումին, Էտրուրիումին եւ Սաբիումին. իրար է խառնում նրանցում ապրող բոլոր արիւնակից խմբակներին, աստիճանաբար կրծում—կրծելով, վերացնում է էտրուսկների եւ սաբինացիների լեզուն, տարածում բոլոր մէջ լատինական լեզուն, որի մէջ անպայման պիտի լինեն եւ խառնուրդներ էտրուսկների եւ սաբինացիների լեզւից, որովհետեւ բնութեան մէջ ոչինչ անհետք չի մեռնում։ Այդ երեք գաւառների բոլորովին տարբեր ժողովուրդների բազմաթիւ արենակցական տոհմերից Հռօմի պետական կեանքը կամ մարդկային ընդհանուր համայնակեցութիւնը, դարերի ընթացքում, կարողացաւ ստեղծել Հռօմէական ազգը, կամ աւելի ստոյգ է ասել՝ Իտալական ազգը։

Սա՝ անպայման զուտ պատմական մի պրօցէսս, մի գործողութիւն է։

Բայց արդեօք այդ պատմական պրօցէսսի տակ չը կա՞ն թագնւած նախորոշող ու յարակից պայմաններ, չը կան նաեւ նոր ծնունդ առնող հետեւանքներ։

Ամենից շուտ ո՞ր տոհմերն են միախառնւում, միաձուլւում եւ մի ազգ կազմում. արդեօք այն տոհմերը, որոնք իսկապէս արենակիցներ են, թէ՞ այն տոհմերը, որոնք արենակիցներ չեն։ Այդ հարցը երկու պատասխան ունենալ չէ կարող։ Ամենից շուտ միաձուլւում են արիւնակից տոհմերն ու ցեղերը։ Դրանք միեւնոյն բնական միջավայրի ծնունդներ են, որ ստեղծել են իրենց համար միեւնոյն հասարակական միջավայրը. մշակել են իրենց համար մի ընդհանուր լեզու իր բարբառներով, միատեսակ սովորութիւններ, միատեսակ տնտեսակարգ [6], միատեսակ կրօն եւ այլն։ Այդ բոլոր արիւնակից խմբակներում անպայման գոյութիւն ունի բնագիտական տարրը, կամ կենսաբանական պատճառը։ Այդ խմբակները կազմող անհատների լեզուն, ոգին, սովորութիւնները, հաւատալիքները՝ կարճ՝ նրանց պսիխիկան կամ ոգին մօտաւորապէս իրար նման են, ինչո՞ւ. որովհետեւ իրար նման են նրանց Ֆիզիկան, նրանց մարմնակազմի կենսաբանական տարրերը, նրանց արիւնը, նրանց ջղերը, նրանց ուղեղաբջիջները եւ այլն։ Ի՛նչ տարբերութիւններ են դրանք, մենք չը գիտենք, որովհետեւ ժամանակակից ֆիզիօլօժին դեռ այնքան չէ զարգացել, որ այդքան խորը թափանցէ, այդքա՜ն առաջ տանի իր գիտական վերլուծութիւնը, տարրալուծէ եւ համեմատէ, օրինակ, հայի ու վրացիի, Թուրքի ու Ռուսի արիւնները, գտնի նրանց մէջ նման ու տարբերական բոլոր տարրերը։ Իսկ տարբերութիւններ անշուշտ կան տարբեր հասարակական միջավայր ստեղծող երկու տարբեր տոհմերի, երկու տարբեր ցեղերի կամ երկու տարբեր ազգերի ֆիզիքաների միջեւ։ Չընդունել այդպիսի ապօրինի (կանխահաստատ կամ նախաենթադրելի) տարբերութիւններ՝ անհնարին է, որովհետեւ, հակառակ դէպքում, մեզ համար փիլիսոփայօրէն անհնարին կը լինի բացատրել երկու տարբեր ժողովրդների ունեցած զանազանութիւնները։

Օրինակ ինչո՞ւ այս ինչ ազգն ստեղծել է կոշտ ու կոպիտ մի լեզու, մի արիւնարբու կրօն. իսկ մի ուրիշն ստեղծել է մի քնքոյշ, մի քաղցրահնչիւն լեզու, մի մեղմ ու քնքոյշ կրօն, եւայլն։ Սրանց արմատն անպայման որոնելու է այդ ազգի, այդ ցեղի կամ տոհմի անդամների ֆիզիքական կազմի մէջ, որն իր կարգին, ծնունդ է շրջապատ բնութեան [7] ։

Սա էլ անպայման բնական կամ բիօլօգիական պրօցէս (գործողութիւն) է, որ աւելի առաջ է տեղի ունենում, քան ազգի կազմւելն իբր մի օրգանական միութիւն։ Դա նախորոշիչ պայման է։

Բայց, ենթադրենք, որ հռօմի 3 տրիբներն (ցեղ) իրենց 300 տոհմերով, իբր արիւնակիցներ, միաձուլւեցին։ Կը նշանակէ՝ մենք ունենք արդէն մի ազգի միջուկը, նրա մի սկզբնական ձեւը, որովհետեւ այդտեղ կայ մարդկային մի զգալի խումբ, որը սերնդից—սերունդ երկար տարիների ընթացքում իր կուլտուրային վերաբերող բոլոր հարցերը լուծել է ինքիուրոյնաբար։ Հռօմէական ադ խմբակի բոլոր անհատներն ունեն ոչ միայն մի ոգեկան նման աշխարհ, այլ եւ այնպայման միեւնոյն արիւնը, որովհետեւ սերւած են մի արմատից։

Ի՞նչ է կատարւում այնուհետեւ։

Նոր կազմւած այդ ազգային օրգանական ամբողջութիւնն աւելի զօրեղ է, քան նրա դրացիութեան մէջ եղող եւ դեռ եւս տոհմական կազմով ապրող բոլոր ցեղերը։ Եւ նա սկսում է աստիճանաբար կլանել այդ դրացի տոհմերին ու ցեղերին՝ մէ՜կիկ—մէ՜կիկ։ Կլանում, մարսում, միաձուլում է նրանց դարձնում իր ազգի մի անբաժան մասը։ Կուլտուրապէս ստոր այդ տոհմերն ու ցեղերը, ինչպէս կէլտերը, գալլերը, իբէրները, Ադրիական ծովափերի բոլոր ցեղերը եւ այլն, չը կազմելով որ եւ է ազգային օրգանական ամբողջութիւն, շուտով ասանց երկար դիմադրութեան, կուլ են գնում. նրանք ընդունում են Հռօմի լեզուն, կրօնը, սովորութիւնները, օրէնքները, ամբողջ կուլտուրան։

Այդ տեղ կատարւում է «քիմիական» գործողութիւն։ Հռօմէական ազգն, ընդունելով իր մէջ այդ դրացի ցեղերին, իւրացնելով նրանց, դարձնում է իր մի անբաժան մասը՝ «արիւն յարենէ իւրմէ, մարմին ի մարմնէ իւրմէ»։ Նրանք բոլորը թէ նոր ձուլւածները, թէ նախկին ազգային օրգանական միութիւնը կազմում են այնուհետեւ մի անբաժան ամբողջութիւնը, մի նոր օրգանական միութիւն, ինչպէս թթւածնից եւ ջրածնից ստացւում է մի նոր բարդ մարմին՝ ջուրը։

Այդ նոր ստացւած ազգային օրգանական ամբողջութիւնը կրկին կրում է «հռօմէական ազգ» անունը, բայց այլ եւս նա մաթեմատիքօրէն նախկին հռօմէական ազգը չէ. նա ընդունեց իր մէջ մի նոր տարր, որն անպայման ներմուծեց որոշ փոփոխութիւններ այդ ազգային ամբողջութեան մէջ։

Ներմուծւած փոփոխութիւնները կարող են լինել շա՜տ չնչին, եթէ ներս մտնող տարրն ինքը չնչին է թէ թւով, թէ որակով։ Նրանք կարող են լինել չնչին մի այլ դէպքում էլ. երբ ներմուծւող տարրը, որքան էլ թւով շատ, որակով նման է նախկին ազգային միութեանը։

Այնուհետեւ տարածւում է հռօմի պետութիւնը, գրաւում ամբողջ Միջերկրականի աւազանը երեք մայր ցամաքների ափերով, իրեն հպատակեցնում հարիւրներով ազգեր ու ցեղեր։ Այդ բոլորը կազմում են Հռօմի ժողովուրդը եւ ոչ հռօմէական ազգը։ Իտալիան, նրա դրացի բազմաթիւ կղզիներն ու պրօվինցները (գաւառ) լցւած են ազգային մի օրգանական ամբողջականութիւնով հռօմէական ազգութիւնով, իսկ Աքէեան կամ Յունաստանն ունի իր շեշտւած ազգութիւնը՝ յունական ազգը. Ասիան ունի իր բազմաթիւ ազգերը. Աֆրիկայի մի մասը նոյնպէս։ Հռօմը լցրել է այդ բոլոր ժողովրդներին իր պետական հսկայական տոպրակի մէջ ու խառնում է, ուժգին թափահարում։ Երեւակայեցէք, որ ամեն մի ազգ հանդիսանում է մի խոշորկէկ կոշտ, մէկը թոյլ, միւսը պինդ, երրորդը կարծր. խառնեցէք այդ հսկայական տոպրակը։ Կոշտերն իրար են զարնւում. թոյլերը փշրւում են, ձուլւում, կորչում. նրանք այլ եւս կոշտեր չեն, այլ փոշի, մանրուք, որը կը ձուլւի շուտով միջավայրում գտնւող ամենախոշոր ու ծանր զանգւածի հռօմէական ազգի հետ։ Բաւական է մի քիչ խոնաւութիւն, մի քիչ ամալգամա կամ միացնող նիւթ, եւ այդ փշրւած կոշտերն այլ եւս ոչ մի ուրոյն հետք չեն թողնի։

Շարունակեցէք խառնել տոպրակը։ Պինդ ու կարծր կոշտերից գուցէ մի քանի սուր սուր ծայրեր, մի քանի խորթուփորդութիւններ պոկւեն, բայց նրանց ամբողջութիւնը մնում է։ Ընդհակառակը՝ որքան դուք արագ ու ուժեղ էք խառնում, նրանք, վայր թափելով իրենց թոյլ մասերը, իրենց խորթուփորդութիւնները, դառնում են աւելի ուժեղ, ընդունում են գնդի ձեւ, կլորանում եւ դիմադրական աւելի մեծ ունակութիւն են ձեռք բերում։ Եթէ խառնելու ժամանակը չափազանց կերկարի եւ խառնելու գործողութեան ոյժը խիստ կը զօրանայ, անկասկած, կըսկսեն պինդ կոշտերը եւս փշրւել եւ վերջ ի վերջոյ հերթը կը հասնի նաեւ կարծրներին։ Սակայն ազգերի հալածանքները երբէք յարատեւ չեն եղել մարդկային պատմութեան մէջ։

Կոշտերը խառնելու գործողութիւնը մի հասարակ ֆիզիքական պրօցէսս է։ Կոշտերը պիտի փշրւեն, կպչեն այս կամ այն մեծ կոշտին, որ նոր միայն առաջ գայ ձուլման քիմիական գործողութիւնը։

Ազգը նման է քիմիական ործողութիւնից առաջ եկած մարմնին, իսկ պետութեան ժողովուրդը մի ֆիզիքական խառնուրդ է։

Մեր բերած օրինակից պարզ է, որ ամենից մեծ դիւրութեամբ կլանւում են նման տարրերը։ Տարբեր տարրերից էլ նրանք են ամենահեշտ կլանւողները, որոնք ներքին դիմադրական ոյժ չունեն։ Իսկ այդ ներքին դիմադրական ոյժը ազգային օրանական ամողջութեան գիտակցութիւնն է։ Տոհմերն ու ցեղերը կլանելը դիւրին է, քանի դեռ նրանք ազգ չեն կազմել։ Իսկ երբ ազգը կազմւեց եւ մանաւանդ երբ ազգային գիտակցութիւնն ամրացաւ, այնուհետեւ մի ժողովրդի կլանելն այլ եւս սկսում է դժւարանալ։ Այդ դժւարութիւնը երբէք չէ կարելի մաթեմատիքօրէն հաշւի առնել։ Կլանելն անհնարին ասելն էլ չէ կարելի, որովհետեւ շատ ազգեր կլանւել են, եւ տրամաբանօրէն ոչ մի հիմք էլ չունենք անհնարին ասելու։ Բայց գործնական կեանքը, մարդկային պատմութիւնը մեզ կանգնեցնում են այնպիսի փայլուն փաստերի առջեւ, որ կամայ ակամայ պիտի խոստովանւենք ոչ թէ «անհնարինութիւնը», այլ «ծայրայեղ դժւարութիւնը»։ Երկու հազար տարի է հրէան ճնշւում, հալածւում է. 2000 տարի է նրան ուզում են կլանել [8] ։ Մօտ 1500 տարի է Մեծ Հայաստանը չը կայ իբր քաղաքական միութիւն. այնքան դարեր հայն էլ հալածւում է, նրան էլ աշխատում են կլանել… Բայց այդ ազգերը կան եւ կարծես ամենեւին թուլանալու նշաններ չեն ցոյց տալիս, ընդհակառակը, նոր ու նոր արթնացման, նոր վերածնութեան արշալոյսն է, որ մենք տեսնում ենք փայլելիս նրանց ազգային հորիզոնների վրայ…

Մենք բերինք օրինակ հրէական ու հայկական ազգերը, որովհետեւ մեր կարծիքով, դրանք տանջանքի ու ազգային հալածանքի մարմնացումն են հանդիսանում։ Նայեցէք չէխերին, պօվակներին, բօլգարներին, ասորիներին, արաբներին… Դրանց այլեւս չէ կարելի «կրօնական համայնք» անւանել, դրանք ազգեր են, դարերով ճնշւած, կլանւելու վտանգի մէջ, բայց բոլորն էլ այսօր վերածնութեան նշաններ են ցոյց տալիս։

Այսպէս ուրեմն ազգութիւնը բնա—պատմական կամ բիօպսիխօլօգիական մի երեւոյթ է։ Բղխել է նա մի թէ միքանի արմատներից, դա նշանակութիւն չունի, որովհետեւ պատմական երեւոյթները դարերի ընթացքում, առաջ են բերում «ֆիզիքայի» նմանութիւն, վեր են ածւում կենսաբանական երեւոյթների։

Եթէ մի րոպէ համոզւած մօնօգէնիստ [9] լինենք, այնուամենայնիւ պիտի ընդունենք ազգային խնդիրը, որովհետեւ մի արմատից սերւած մարդկութիւնը, նման «ֆիզիքայով» կամ բնակազմով, աճեցողութեան ճակատագրական երեւոյթից դրդւած, դուրս է եկել իր բնագաւառից, լցրել է այս կամ այն դրացի երկիրը, յետոյ մի ուրիշը, յետոյ աւելի հեռուներն է չւել, հաստատւել է այնպիսի նոր ու նոր բնական միջավայրերում, որոնք հիմնապէս տարբեր են եղել իր բնագաւառի միջավայրից։ Անտարակոյս՝ գաղթող այդ խմբերն իրենց հետ արդէն բերել են որոշ ժառանգական մարմնակազմ եւ որոշ ոգեկազմ, որոնք մտնում են ընդհարման շրջապատ միջավայրում իրենց կուլտուրայի շնորհով. օրինակ՝ տներ են շինում եւ ստեղծում իրենց ցանկացած կլիմայական աստիճանը, յարմար իրենց մարմնակազմի. տնկում են պարտէզներ, շինում ճեմելիներ, ստեղծագործում իրենց ոգեկազմին հաճելի մի փոքրիկ շրջապատ եւ այլն, եւայլն։ Դա մարդկային կուլտուրան է, որ գործում է, մարդուն որոշ չափով ազատում բնութեան բռնութիւնից եւ մասամբ կախման մէջ դնում նրան իր սեփական էութիւնից։

Բայց դա միայն մասամբ։ Եւ որքան մարդկային զարգացման սանդուխով ներքեւ իջնենք, այնքան աւելի անկուլտուրական լինելով մարդը, աւելի եւ աւելի անմիջական ենթակայութեան տակ է գտնւում բնութեան ուժերից։ Այդ գաղթած խմբերի բերած կուլտուրան, նրանց ժառանգական ունակութիւնները եւ ստեղծագործող յատկութիւնները, չը դիմանալով բնական միջավայրի հզօր ազդեցութեանը, կամաց կամաց կրծւում, չքանում են. ստեղծւում է մի այլ ժողովուրդ, տարբեր բնակազմով, տարբեր ստեղծագործական ունակութիւնով ու ոգեկազմով, քան այն խումբը, որ մնացել է բնագաւառում. մի եւ նոյն րասան (ցեղը) վեր է ածւում բազմաթիւ ազգերի, որոնց բնակազմը բազմազան է, իրարից տարբեր։ Եւ որքան բնական միջավայրերն իրարից տարբեր լինեն, այնքան աւելի կը տարբերւեն նրանցում բուն դրած խմբերի, ազգերի ու ժողովուրդների բնակազմն ու ոգեկազմը։

Կազմւեց ազգը։ Ի՞նչ տարրն է տիրում նրա ներսում. բազմազանութի՞ւն, թէ միօրինակութիւն։

Մարդկային կեանքի զարգացման սկզբնական բոլոր շրջաններում, թէ վայրենութեան եւ թէ բարբարոսութեան մէջ, երբ դեռ գոյութիւն ունէր տոհմական կազմը եւ սկզբնական կօմմունիզմը, ամեն տեղ՝ հասարակութեան ներսում թագաւորում էին հաւասարասէր կարգեր։ Մարդիկ միասին աշխատում, միասին վայելում էին։ Միակ առաւելութիւնն անձնական յատկութիւններն էին։ Ամենից աւելի պատիւ էին վայելում ծեր, փորձւած, ժամանակի գիտութիւններն ու աւանդութիւններն իրենց գլխում ունեցմղ անհատները, կտրիճները, յաղթական ռազմիկները, ճարպիկ որսորդները եւ այլն։ Մարդկանց նիւթական կեանքի մէջ տարբերութիւնը ճիշտ այնքան էր, որքան նրանց անհատական յատկութիւններն էին տարբեր։ Իսկ այդ տարբերութիւնները շատ չէին, այնպէս որ կարելի էր վստահօրէն պնդել, թէ հասարակութեան ներսում թագաւորում էր նիւթական հաւասարութիւն։

Նոյն հասարակութեան քաղաքական ու վարչական բոլոր հարցերը նոյնպէս պատկանում էին բոլորին, բոլոր չափահասներին՝ այր թէ կին։ Սակայն ինչ կասկած, որ ամէն խնդրում անց են կենում փորձւած անհատներն ու ծերերի կարծիքը. փաստօրէն նրանք էին հանդիսանում ամեն ինչի ղեկավարը։

Այդ հաւասարասէր մարդկային խմբակցութիւնները դեռ ազգի հասկացողութիւնը չեն ունեցել. նրանք կազմել են լոկ տոհմեր, ցեղեր ու, ամենաշատը, տոհմերի դաշնակցութիւն։ Ազգութեան ծնունդը համապատասխանում է մարդկային քաղաքակրթութեան աստիճանին։ Սակայն այդ աստիճանում արդէն տնտեսական ու հասարակական անհաւասարութիւնը բուն էր դրել մարդկային մանր ու խոշոր խմբակցութիւնների ներսում. արդէն առաջ էին եկել հարուստներ ու աղքատներ, կեղեքողներ ու կեղեքւողներ։

Ուր մն՝ չը կայ եւ չէ եղել որ եւ է ազգ, որի ներսում բոլոր անհատները սօցիալապէս (ընկերապէս) ու տնտեսապէս հաւասար լինէին։ Ընդհակառակը, ամեն տեղ եւ ամեն ժամանակ՝ ազգի ներսում եղել են անհաւասար անհատներ, հասարակական անհաւասար խաւեր, շերտաւորումներ, դասակարգեր։

Ինչ կասկած, որ առաջին խոշոր շերտաւորումը հասարակութեան ներսում առաջ է եկել սեռերի տարբերութիւնից։ Կինն իր մարմնակազմով, իր որդեծնութիւնով եւ այլ հանգամանքներով ստիպւած էր անպայման ունենալ այլ զբաղմունք, քան տղամարդը։ Նա, օրինակ, չէր կարող ռազմիկ լինել։ Որ աւանդութիւնն ուզում էք վերցրէք կռւող կանանց կամ ամազօնների մասին, բոլորի մէջ էլ կինը ներկայանում է ամուրի, գրեթէ օրիորդ, ազատ զաւակի բեռից։ Աշխատանքների տարբերութիւնը զարգացրել է տարբեր բնաւորութիւն ու տարբեր հասարակական դիրք։ Կինը դասել է ենթակայ, կեղեքւող։

Առաջ են գալիս ստրկատիրութիւնը, Հորտութիւնը, «ազատ» կամ վարձու բանւորութիւնը։ Հասարակութեան ներսում, շնորհիւ աշխատանքի բաժանման՝ երեւում են հասարակական դասերը, իսկ շնորհիւ կեղեքման սկզբունքի՝ դասակարգերը։ Այդ դասերի ու դասակարգերի սկզբունքների տարբերութիւններն առաջ են բերում նրանց կազմող անհատների թէ մարմնակազմի եւ թէ ոգեկազմի տարբերութիւն։ Դա ազգի ներքին շերտաւորումն է, որը՝ որքան էլ միջազգային գոյն ունենայ, այնուամենայնիւ կազմում է ազգի ներսում կատարւած մի երեւոյթ եւ երբէք չէ կարող զերծ լինել ազգի ընդհանուր յատկութիւններից, նրա ինքնայատուկ որակներից։

Ազգը կազմող բոլոր դասակարգերից հանեցէք այդ բոլոր տարբերական, զուտ դասակարգային եւ դասային որակները, տաշեցէք, հարթեցէք նրանց. այնուամենայնիւ հակը կը մնայ շատ բան։ Կը մնան յատկութիւններ ու որակներ, որոնք անպայման իրար նման են եւ յատուկ բոլոր դասակարգերին, դասերին ու նոյն իսկ բոլոր անհատներին։ Դրանք ազգային որակներ են։ Առանց այդ որակները բոլորը կամ նրանց մեծ մասն ունենալու, չէ կարելի կոչւել այդ ազգի անդամ։

Այդ ազգային նմանութեան ազդակներից ամենաէականը եւ տիրողը անպայման լեզուն է։ Եւ «լեզուն» ասելով չը պէտք է հասկանալ լոկ լեզւի մեքենական  մասը, խօսելու ունակութիւնը, այլ դրա հետ նաեւ լեզւի ոգին ոճերը, դարձւածները, նրա տրամաբանութիւնը, որ միշտ ինքնատիպ է լինում, եւ գրականութիւնը, որը ժողովրդների անկուլտուրական վիճակում պահպանւում է միայն ու միայն լեզւի, աւանդութիւնների շնորհով, իսկ երբ մամուլն ու տպագրութիւնը զարգանում են, նա դառնում է ինքնուրոյն գործոն ազգային կեանքում։

Ազգային նմանութեան ազդակներից են սովորութիւնները, աւանդութիւնները, բնաւորութեան ընդհանուր գծերը, յաճախ ընդհանուր կրօնը [10], ընդհանուր հայրենիքը եւ սէրը դէպի հայրենիքը թէ սեփականատէր դասակարգերի եւ թէ սեփակազուրկ աշխատողների մէջ։

Կարլ Կաուցկին իր գոլոր գրութիւններում (դժբաղդաբար բոլորն էլ մանր, ոչ հիմնաւորապէս պարզաբանւած մինչեւ վերջը) ազգութեան համարեա՛ միակ որոշիչ տարրը դնում է լեզուն։ Այդ տեսակէտը նոր չէ. դեռ շա՜տ տարիներ առաջ նոյն տեսակետն են յայտնել ուրիշ շատ մտածողներ եւ գրողներ։ Մեր ակրծիքով դա չափազանց միակողմանի տեսակէտ է։ Չէ կարելի մի ազգի բոլոր զուտ ազգային յատկութիւնները, նրա ազգային էութիւնը արտայայտող բոլոր որակները վերացնել կամ բոլորովին նսեմացնել եւ միակ լեզոււն դարձնել ազգութիւնը կազմող տարրը։ Մենք մի քանի տող վերեւում արդէն իսկ շատ ընդարձակեցինք «լեզու» ասւած բանի ըմբռնողութիւնը. բայց այդքան ընդլայնելուց յետոյ էլ, անպայման, մնում են մի աքնի այլ ազդակներ, որոնք եթէ ոչ այնքան էական, որքան լեզուն, այնուամենայնիւ կազմում են բաւական ցայտուն նշաններ ազգութիւնը որոշելու խնդրում։

Քննենք այդ բոլոր «ազգային արտայայտութիւնները»։

Ինչ կասկած, որ դրանցից ամենախոշորը եւ ազդեցիկը լեզուն է։

Լեզուն մարդկային ստեղծագործիչ ոգու արտայայտութիւնն է։ Նա պատմական մի երեւոյթ չէ, այլ բիօլօգիական (կենսաբանական)։ Ընկերաբանական (սօսիօլօժի) գիտութեանը ծանօթ չէ անխօս մարդ։ Այդ երկու բառերն իրենց մէջ իսկ ունեն ներքին հակասութիւն, որովհետեւ «մարդ» կոչւում է այն կենդանինʼ որը խօսում է, իր մտքերն արտայայտում է բառերով։

Ե՞րբ է ծնունդ առել մարդկային լեզուն, արդեօք ո՞ր կենդանական աստիճանի վրայ, գիտութեան մէջ դեռ վճռւած հարց չէ, բայց հաւանական է, որ եղել է մի նախամարդ կենդանի, որ բարձր է եղել բոլոր չորեքթաթերից (բիման) եւ ստոր մարդուց (homo—sapiens) եւ այդ նախամարդն ստեղծել է մարդկային լեզւի սկզբնական աստիճանները կամ ֆազերը։ Այդ նորաստեղծ յատկութիւնը նախամարդուն տւել է հսկայական առաւելութիւն միւս կենդանիներից, բայց միաժամանակ արդէն ստեղծւել է մարդը, որովհետեւ լեզու ունեցող, խօսող նախամարդը կամ անթրօպօպիտէկոսն արդէն մարդ է կոչւում։

Այդպիսի կնճռոտ հարցեր չափազանց շատ կան ընկերաբանութեան մէջ։ Այդպէս են բոլոր ծագման հարցերը։ Օրինակ՝ ինչպէս է մարդը մտել գոյութեան ասպարէզ՝ անհատաբար, թէ խմբով։ Ենթադրւում է որ խմբով։ Արդեօք ե՞րբ է գտնվել կրակը, մարդկային գործածութեան անհրաժեշտագոյն այդ միջոցը, նախամա՞րդն է գտել նրան, թէ մարդ—բանականը։ Նոյն հարցը կարելի է տալ նաեւ կրօնի ծագման, սեփականութեան գաղափարի առաջացման եւ այլ բազմաթիւ խնդիրների վերաբերմամբ։

Ինչ էլ որ լինի՝ մի բան կասկածից դուրս է. ներկայումս չը կայ ոչ մի վայրենի ցեղ, որ լեզու չունենայ։

Մարդկային այն մանրիկ խմբակները, որոնք առաջին անգամ երեւան են եկել իբր մարդկային հասարկութիւններ ունեցել են իրենց յատուկ լեզուները, որոնք անպայման պիտի ունենային որոշ նմանութիւններ եւ տարբերութիւններ։ Մեծ էին լինելու մանաւանդ տարբերութիւնները, որովհետեւ լեզուն էլ արդիւնք է արտաքին հանգամանքների եւ մարդ էակի ներքին կամ ոգեկան աշխարհի, եթէ միջավայրի նմանութիւնները պիտի դրդէին ստեղծել մի եւ նոյն երեւոյթների համար միատեսակ բառեր, մարդ—էակի ոգեկան աշխարհի անհատական տարբերութիւններն անշուշտ պիտի ստիպէին ստեղծել իրարից տարբեր բառեր ու ոճեր եւ մանաւանդ դրանց տարբեր արտաբերութիւններ ու շեշտեր։ Եւ դա է, այդ տարբերական, անհատական ստեղծագործական տարրն է լեզւի ստեղծման մէջ, որ իրաւունք է տալիս Էրնէստ Րընանին ասելու. «Երկու եղբայր, որոնք կը ստեղծէին լեզու իրարից մի քառորդ մղոն տարածութեան վրայ, կը ստեղծէին երկու տարբեր լեզու» [11] ։

Այդ երեւոյթը միայն ծագման ամենասկզբնական շրջանին չէ յատուկ. նա կայ եւ համեմատաբար աւելի բարձր, աւելի զարգացած ֆազիաներում (փուլ), ինչպէս, օրինակ, ներկայ վայրենիների ստորին ցեղերի մէջ։ Այսպէս՝ գրում է Բաստիանը. «Վայրենիների մէջ ամէն րոպէ կազմւում են բոլորովին տարբեր լեզուներ։ Միսսիօնարները նկատել են, որ լեզուն փոփոխւում է համարեա՛ սերնդից սերունդ այն տեղերում, որոնց մէջ զաւակները գոնէ մի քանի ամիս մնում են մենակ եւ, երբ ծնողները վերադառնում են, զաւակները խօսում են նրանց համար բոլորովին անհասկանալի լեզւով։ Իսկ Աւստրալիայում, ուր ընտանիքի որ եւ է անդամ մահից յետոյ, այն բոլոր բառերը, որոնք գոնէ հեռաւոր նմանութիւն ունին հանգուցեալի անւան հետ, ենթարկւում են հալածանքի եւ փոխարինւում են ուրիշ բառերով (նոր շինած), լեզւի այդպիսի արագ փոփոխութիւնն աւելի եւս յաճախ պէտք է կատարւի (Երես 284)։ «Լեզւի նմանութիւնը մշակւում ամենապարզ կերպով մարդկանց մի ամենանեղ խըմբակի մէջ։ Բայց արդէն դրացի գիւղի բնակիչները, քիչ ժամանակից յետոյ, կարելի է պատահել, որ կը սկսեն խօսել մի բոլորովին տարբեր լեզւով, եւ եթէ նրանց մէջ թշնամութիւն գոյութիւն ունի, այն ժամանակ նրանք դիտմամբ կաշխատեն խուսափել ամէն տեսակ նմանութիւններից իրենց լեզուներում» [12] ։

Մարդկային հասարակութիւնների  զարգացման սկզբնական աստիճաններում այնքան դիւրաթեք, յարաշարժ եւ փոփոխական մի տարր, ինչպէս լեզուն է, աստիճանաբար ամրանում, կայունութիւն է ձեռք բերում, երբ մեծանում են հասարակութիւնները կամ մարդկային ցեղի բեկորները, ինչպէս ասում է Ժ. Ժօրէսը։ Մանրիկ հօրդաների ներքին հաղորդակցութեան միջոցից նա դառնում է մարդկային աւելի եւ աւելի խոշոր խմբակցութիւնների յարաբերութեան հզօր զէնք եւ իր էջ է ամփոփում նման միջավայրում աճող եւ նման ժառանգական ոգեկազմ ունեցող մարդկանց ստեղծագործական ուժերը։ Անհատներն այդ մարդկային բեկորի մէջ ապրում եւ ստեղծագործում են, իրենց ներքին ու արտաքին աշխարհը բացատրում այդ լեզւով, մի եւ նոյն բառերով, մի եւ նոյն ոճերով։ Դարերի ընթացքում այդ լեզւի մէջ քարանում են մարդկային այդ բեկորի բոլոր մտաւոր ու ոգեկան առանձնայատկութիւնները, որոնք նման չեն նոյն իսկ ամենամօտ դրացու  մտաւոր եւ ոգեկան հոմանիշ արտայայտութիւններին։ Լեզւի ճկունութիւնը ցոյց է տալիս այդ մարդկային բեկորի կամ այդ ազգի մտաւոր գուցէ եւ ֆիզիքական ճկունութիւնը։ Նրա սրամիտ ոճերն ու առածները, ջինջ ֆրազներն ու արտայայտութիւնները պարզ ապացոյցներ են այդ լեզուն ստեղծող եւ գործածող ազգի սրամտութեան, մտքի լկոնական պարզութեան, գործնական բնաւորութեան եւ այլն, եւ այլն։

Որքան մի ժողովուրդ կուլտուրապէս ստոր է, այնքան նրա լեզուն դիւրաշարժ եւ դիւրփոփոխ է, որովհետեւ դեռ նա չէ ամրապնդւել ժառանգականօրէն, դեռ չէ հարստացել եւ որոշ չափով քարացել։ Որքան հասարակութիւնը բազմանում եւ կուլտուրապէս առաջ է գնում, այնքան աւելի ժառանգաբար կուտկւում, հաղորդւում են իրար յաջորդող սերնդներին դարեւոր յատկութիւններ, բառեր, դարձւաներ, առածներ, ասացւածքներ, բանաւոր գրականութիւն եւ այլն։ Որքան դարեր աւելի են գլորւում մարդկային այդ բեկորի վրայով, այնքան աւելի ամրապնդւում, այնքան աւելի միս ու արիւն է դառնում այդ ժողովրդի համար իր լեզուն։

Այդ վերեւի ակնարկից պարզ է, որ որքան մի ժողովուրդ, մարդկային ցեղի մի բեկոր ստոր է կուլտուրապէս, այնքան աւելի դիւրաշարժ, դիւրփոփոխ է նրա լեզուն, ուրեմն եւ այնքան աւելի հեշտ է նրան մոռացնել տալ իր լեզուն, իր ոճերը, իր արտայայտութիւնները. այնքան աւելի դիւրին է օտարացնել նրան, ձուլել մի այլ, աւելի զօրեղ բեկորի հետ, կլանել նրան։ Ընդհակառակը որքան աւելի մի ժողովուրդ բարձր է կուլտուրապէս, որքան աւելի նա ունի ժառանգաբար ստեղծագործած բառերի, ոճերի, դարձւածքների, բանաւոր եւ գրաւոր արտադրութիւնների հավաքածու, այնքան աւելի նրա լեզուն ու գրականութիւնը դարձել են այդ ազգի համար միս ու արիւն, նոյնքան աւելի դժւար է նրան ձուլել մի այլ  ազգի մէջ, կլանել նրան։

Դժւար է ասում ենք եւ ոչ անահնար։ Դժւարութիւնն այնքան է աճում, որ մի բուռը հայ ժողովուրդ, սկսած IV, V դարերից, ահա մօտ 1400 տարի է ստրուկ է մերթ պարսիկների, մերթ յոյների, մերթ արաբների, սելջուկներ, թաթարների, օսմանեան թիւրքերի ու քիւրտերի ձեռին, եւ այդ բոլոր հրով ու սրով, խաթրով ու փաղաքշանքով ջանացել են կլանել, ձուլել իրենց մէջ հայ տարրը, բայց չեն յաջողին այսուհետեւ, որովհետեւ մօտ է մարդկային բոլոր ազգերի ու հասարակութիւնների լուսաւոր ապագան, համամարդկային ազատ դաշնակցութիւնը, մարդ—արարածի փրկութեան միակ համայնական աշխատանքն ու համայնական բաշխումը։

Ուրեմն՝ լեզուն ամենացայտուն տարբերիչ յատկութիւններից մէկն է, որ բաժանում է մարդկային ցեղի բեկորներին իրարից։

Այժմ մի ակնարկ նետենք այդ բեկորի կամ այդ ազգի ներսը։

Մաթեմատիքօրէն մտածելով, անշուշտ կարելի է պնդել, որ միեւնոյն բառը երկու եղբայրների համար անգամ որոշ աննկատելի տարբերութիւններ պիտի ունենայ, նայելով նրանց ոգեկազմի տարբերութիւններին։ Օրինակ՝ «սեղան» բառը թէեւ երկուսի մտքի մէջ էլ կապւած է այս ինչ իրի մտապատկերի հետ, բայց մի եղբօր մտապատկերում սեղանը կարող է նուրբ լինել, ճաշակով շինւած, այս ինչ գոյնի, յղկած եւ այլն, իսկ միւսի մտապատկերում աւելի կոշտ, մի այլ ձեւով ու գոյնով եւ այլն։

Եթէ տարբերութիւններն անհատից—անհատ, նոյն իսկ միեւնոյն ընտանեկան ու դասակարգային միջավայրում սնւած ու ապրող անձերի համար գոյութիւն ունեն, ինչ կասկած, որ մի գիւղացու, մի ոսկերչի, մի ուսուցչի, մի բանւորի եւ մի հարուստ դրամատիրոջ միջեւ աւելի եւս զգալի կը լինեն այդ տարբերութիւնները։ Նոյն «սեղան» բառը գիւղացու գլխում, ոսկերչի, ուսուցչի, բանւորի, դրամատիրոջ ուղեղներում բաւական զգալի տարբերութիւններով մտապատկերներ պիտի  ծնեցնեն։

Աւելի եւս ընդարձակենք։ Մի բուրժուայի եւ մի բանւորի, մի նրբաճաշակ ինտելլիդէնտի եւ մի աշխատաւոր գիւղացու մտապատկերներում եւս նոյն տարբերութիւններն անշուշտ լինելու են, օրինակ, «արդարութիւն», «ճշմարտութիւն», «գեղեցկութիւն» եւ այլ բառերի ու նրանց յարուցած մտապատկերների վերաբերմամբ։

Այսպէս ուրեմն՝ տարբերութիւններ, թէեւ խի՜ստ նուրբ, կան անհատից անհատ, դասից—դաս եւ վերջապէս, դասակարգից դասակարգ։ Սակայն այդքան տարբերութիւններ կան, օրինակի համար, բոյսերի եւ կենդանիների տեսակների մէջ։ Այսպէս, ամէն մի շուն՝ անհատօրէն տարբերւում է միւս շնից, նոյն իսկ մի արգանդից ծնւած։ Շների որոշ ցեղի կամ տեսակի ստորաբաժանումը տարբերւում է, աւելի խոշոր գծերով, միւս ստորաբաժանումից, ինչպէս մօպսը բուլդօգից կամ գամփռից, բարակից եւ այլն։ Բայց այդ բոլորը չեն խանգարում բնագէտներին գտնել ընդհանուր խոշոր նմանութիւններ այդ անվերջ բազմազան անհատների մէջ եւ կնքել նրանց մի տեսակի անունով որ է՝ շուն։

Ճիշտ այժպէս էլ ազգերի ներսում եղած անհատական ու դասակարգային տարբեր ըմբռնումները չեն խանգարում ընկերաբանին ընդնշմարել ու ընդգծել բոլոր այն խոշոր նմանութիւնները, որ կան մարդկային ցեղի մի բեկորի բոլոր անհատների մէջ, ազգի բոլոր անդամների մէջ։

Der Tisch ասելով, գերմանացին հասկանում է իր գերմանական կուլտուրայի ստեղծած սեղանը, ինչպէս եւ ֆրանսիացին հասկանում է la table բառերով ֆրանսիական կուլտուրայի արդիւնք եղող սեղանը, ռուսն էլ իրենը, հայն էլ իր սեփականը եւ այլն։ Ոչ մի կասկած չէ կարող լինել, որ մի եւ նոյն ազգի բուրժուայի ու բանւորի «սեղանի» մտապատկերների միջեւ որքան էլ տարբերութիւններ լինեն, այնուամենայնիւ նրանք այդ տարբերութիւնները, կը լինեն համեմատաբար շատ փոքր, քան մի ֆրանսիացի բուրժուայի «սեղանի» մտապատկերի, եւ օրինակ, մի հայ բուրժուայինը։

Ճիշտ այդ պատճառով էլ մենք պնդում ենք, որ դասակարգային բոլոր հնչիւնային, ժարէօնական եւ այլ տարբերութիւնները չեն կարող խանգարել մի լեզուի կոչուել ազգային լեզու, յատուկ ազգը կազմող բոլոր անդամներին։

Սրանից բղխում է մի գործնական հետեւանք, որ առհասարակ հաճելի չէ բառամոլ ապազգայնականներին կամ կօսմօպօլիտներին։ Այդ գործնական հետեւանքը հետեւեալն է. ազգութեան ամէն մի անդամ պարտաւոր է պաշտպանել եւ նախանձախնդիր լինել իր ազգային լեզուի զարգացման համար, կռուել նրան հալածողների դէմ, որովհետեւ ազգային լեզուն է այն միակ բնական ու ամէնից քիչ եռանդ պահանջող ստեղծագործական միջոցը, որով մենք կարող ենք պահպանել ու պաշտպանել մեր անհատական կեանքի ամբողջութիւնը նիւթական եւ մտաւոր շահերի համագումարը, որոնց ամբողջութիւնը կազմում է մեր եսը։ Դա էլ մօնիզմ է, բայց ոչ մատէրիալիստական կամ իդէալիստական, այլ սինթէթիքական (հաւաքական)։

Ուրեմն՝ լեզուն ազգի բոլոր դասակարգերի ու բոլոր անհատների նմանութեան տարրն է, նրանց կապող, մարդկային մի օրգանական ամբողջութիւն կազմող յատկութիւնն է։

Անցնենք այժմ միւս որակներին, որոնք թէեւ լեզւի չափ բնորոշ ու պարզ չեն, բայց ոչ պակաս անհրաժեշտ են։

Մի՞թէ մի իտալացի, որ, օրինակ, ծնւել է Ռուսաստանում եւ իտալերէն չը գիտէ, իսկոյն դադարում է իտալական ազգի զաւակ լինելուց։ Ամենեւին։ Վրաստանում բազմաթիւ վրացախօս հայերը, Բուլգարիայի ու Ռումանիայի թիւրքախօս հայերը, Եգիպտոսի արաբախօս հայերը բոլորն էլ դեռ հայ են։ Ինչ կասկած, որ եթէ մի քանի տասնեակ սերունդ էլ մնան այդ վիճակում, նրանք էլ պիտի ձուլւեն տեղական ազգերի մէջ։ Բայց առ այժմ դրանք հայեր են, առ այժմ մեր ենթադրած իտալացին դեռ եւս իտալացի է, որովհետեւ միայն լեզուն չէ, որ որոշում է ազգութեան գաղափարը. կան նաեւ այլ տարրեր։

Այդ տարրերի մէջ առաջին տեղը բռնում է մի ազգի գրականութիւնը։

Որքան մի ազգի լեզու զարգացած ու կատարելագործւած է, այնքան աւելի նա մեծ ու պանծալի գրականութիւն կունենայ [13] ։

Ազգային գրականութիւնը ամփոփում է իր մէջ մի ազգի անդամների ստեղծագործական բոլոր կարողութիւնները, նրանց ուրոյն մտածելակերպը, նրանց տրամաբանութիւնը, նրանց երեւակայութեան ոյժը, նրանց կրքերն ու յոյզերը։

Գրական գործերն էլ, ինչպէս լեզուն, բազմազան են մի ազգի ներսում։ Նոյն ազգին պատկանող բոլոր հեղինակների գործերն իրարից տարբեր են։ Տարբեր են նաեւ ազգի մէջ գոյութիւն ունեցող դասակարգերի անդամների արտադրութիւնները։ Օրինակ՝ գերմանական սօցիալիստական գրողների գործներն աւելի են իրար նման, քան գերմանական բուրժուա գրողների երկերին։ Սակայն այս դէպքում էլ մի բան անկասկածելի է. մի եւ նոյն ազգի բոլոր դասակարգերից առաջացած, բոլոր տեսակի համոզումներով գրողների գործերն իրար հետ շատ աւելի զուտ գրական (ոճի, պատկերների, մտածելակերպի եւ այլն) նմանութիւններ ունեն, քան տարբեր ազգերի հոմանիշ դասակարգերի գրողների երկերը։ Վերջիններիս մտքերն ու իդէալները, անշուշտ, իրար նման, նոյն իսկ իար պատճէն կարող են լինել, բայց նրանց լեզուն, նրանց արտայայտութեան ձեւերը, նրանց ոճերը, նոյն իսկ նրանց յոյզերի, կրքերի ու իդէալների նիւանսները կամ նրբութիւններն անպայման կը կրեն զուտ ազգային ինքնատիպ կնիք, ազգային առանձնայատուկ բնոյթագծեր։

Եւ սպանիչ կերպով ձանձրալի կը լինէր, եթէ որ մարդկութեան մէջ գոյութիւն ունեցող բոլոր ազգերի գրականութիւնները լինէին միօրինակ, լոկ բուրժուական ու պրօլետարական ստորաբաժանումներով… Որքան էլ հարուստ ու բազմազան է օրինակ, գերմանական գրականութիւնը, այնուամենայնիւ նա շատ ողորմելի ու միօրինակ է, համեմատելով համաշխարհային գրականութեան հետ։ Այստեղ բացի անհատական տարբերութիւնները, կան եւ զուտ ազգային տարբերութիւններ, որոնք իրենց կարգին՝ կազմում են մի—մի ընդհանուր գումարներ միեւնոյն ազգին պատկանող անհատ—հեղինակների նմանողութեան որակների։

Ամէնքին յայտնի է, որ կուլտուրական սանդուխի ստորին աստիճաններում ժողովուրդները չունեն գրականութիւն՝ այդ բառի իսկական մտքով. կայ լոկ բանաւոր կոչւած գրականութիւնը որ սերնդից—սերունդ է հաղորդւում բերանից—բերան, միջեւ որ այդ ժողովրդի կուլտուրան բարձրանում է եւ հնարաւոր է դառնում սերնդների ստեղծագործական այդ ժառանգութեան չը մոռացւած մասերը գրի առնել։ Որքան մի ժողովուրդ կուլտուրապէս բարձրանում է, այնքան աւելի զարգանում է նրա սեփական գրականութիւնը եւ այնքան աւելի այդ գրականութիւնը դառնում է ազգութեան բոլոր անդամներին իրար կապող, իրար հետ շղթայող մի տարր։ Աւելի դիւրին է կլանել մի ժողովուրդ, որ գրականութիւն համարեա չունի, քան մի ազգ, որ տէր է բաւական զարգացած գրականութեան, որովհետեւ սեփական գրականութիւնը կապում է ազգութեան բոլոր անդամներին, նրանց դարձնում է մի տեսակ ազգային օրգանական ամբողջութիւն, զարթեցնում է այդ ազգութեանը պատկանելու գիտակցութիւնն ազգին պատկանող անդամների աւել եւ աւելի շատ թւի մէջ։

Ազգին պատկանող բոլոր հակադիր շահերի տէր դասակարգերի անհատները, եթէ գիտակից են, սիրում են իրենց գրականութիւնը։ Այդ սէրն, ինչ կասկած, հաւասար չէ բոլոր դասակարգերին պատկանող անհատների սրտում եւ դէպի բոլոր գրւածքները։ Ինչ ասել կուզէ, որ գիտակից բանւորի համար մի սօցիալիստ գրողի երկն աւելի սիրելի է, քան իր ազգի անդամ բուրժուայի մի երկը։ Դա դասակարգային շահերի եւ դասակարգային ենթաօրգանական ամբողջութեան արդիւնքն է։ Սակայն մի բանւորի համար աւելի հաճելի է իր ազգին պատկանող բուրժուայի գրութիւնը, քան մի օտար ազգութեան բուրժուայի երկը, որովհետեւ առաջինի լեզուն, ոճերը, պատկերներն ու կրքերն իրեն աւելի ընտանի են, քան երկրորդինը, իսկ տէնդենցները կամ նպատակները երկուսի մէջ էլ բանւորի համր խոտելի են, որովհետեւ բուրժուական են, հակաբանւորական, հակաաշխատաւորական։

Այս վերջին դատողութիւններից էլ, ինչպէս լեզւի վերաբերմամբ, բղխում է մի գործնական հետեւանք։ Ազգի իւրաքանչիւր անդամը, ինչ դասկարգի էլ նա պատկանելիս լինի, պարտաւոր է աշխատել իր մայրենի գրականութեան, նրա բարգաւաճման համար, պարտաւոր է կռուել այն բոլոր խոչընդոտների ու արգելքների դէմ, որ կը հանւեն այդ գրականութեան առջեւ։ Ինչ կասկած, որ այս կամ այն դասակարգի պատկանող անհատը կաշխատի զարգացնել իր ազգային գրականութեան յատկապէս այն մասը, որն իր սրտին, իր իդէալներին, ու շահերին աւելի մօտ է։ Իսկ այդ պաշտպանութիւնն մէն մարդ պարտաւոր է անել, որովհետեւ մայրենի գրականութիւնն է այն հզօր ազդակը, որը կարող է, քիչ եռանդ գործ դնելով, դասակարգային գիտակցութիւն զարգացնել աշխատաւոր դասակարգերի մէջ եւ նպաստել նրանց դասակարգային կազմակերպութեան, ուրեմն եւ ընդհանուր կուլտուրական զարգացման գործին, որն, իր կարգին, հանդիսանում է իբր համամարդկային շահի տեսսակէտ։

Թէ այս եւ թէ նախընթաց գործնական եզրակացութիւնը բղխում է համամարդկային, կամ աւելի ստոյգ է ասել՝ տիեզերական այն օրէնքից, որը կոչւում է ուժերի տնտեսութեան օրէնք։ Որքան կարելի է քիչ եռանդ գործ դնել եւ որքան կարելի է շատ արդիւնք ձեռք բերել, ահա այդ օրէնքի էութիւնը։ Դրա հիման վրայ է, որ ամէն մի ոյժ դիմում է դէպի ամենաթոյլ դիմադրութեան կողմը։ Ազգային լեզուն եւ գրականութիւնն են այն միջոցները, որոնցով կարելի է ամենամեծ հետեւանքների հասնել կուլտուրական ասպարէզում, մանաւանդ դասակարգային կազմակերպութեան խնդիրներում, նուազագոյն եռանդ գործ դնելով։ Նոյն հետեւանքներին կարելի է հասնել նաեւ որ եւ է օտար լեզւով, բայց դա կը պահանջէ շա՜տ աւելի ջանք, ոյժ, եռանդ։ Իսկ ամէն մի հասարակական կամ ընկերաբանական խնդիր լուծելիս, երբէք չը պէտք է մոռանալ ուժերի խնայողութեան տիեզերական եւ հրամայական օրէնքը։ Այդ օրէնքի հիման վրայ է, որ ընկերավարականները եւ արմատականները պահանջում են կրթութիւնը տալ մանուկներին մայրենի լեզւով։ Օտար լեզւով տրւող կրթութիւնը շա՜տ աւելի զոհեր է պահանջում։

Ազգութեան արտաքին նշաններից մէկն էլ յաճախ համարւում է այդ ազգութեան ամենամեծ թիւ անհատների ընդհանուր հայրենիքը։ Այո՛ ճշմարիտ է, աշխարհում գոյութիւն ունեցող ազգերի ահագին մեծամասնութիւնը հայրենիեք ունեն, որի վրայ ապրել են այդ ազգի նախընթաց սերունդների շարքերը դարեր շարունակ։ Երբ Հոննրը խուժցին Եւրոպա, հասան Օստգօթերի երկիրը, մինչեւ իսկ արեւմտեան Եւրոպա եւ այնտեղ հաստատւեցին, հիմնելով իրենց բարբարոս տիրապետութիւնը, դա սկզբներում դեռ նրանց իրաւունք չէր տալիս ասելու, որ այդ երկիրները իրենց հայրենիքներն են։ Դրանք լոկ սրով տիրւած երկիրներ էին նրանց համար։ Թաթարները, Սելջուկները, Օսմանեան թուրքերը, երբ X—XIV դարերում Թուրանից խուժեցին Պարսկաստան, Հայաստան, Անատօլիա եւ Բալկան, սկզբի սերունդների օրով չէին կարող ամենեւին կոչել այդ երկիրներն իրենց հայրենիքը։ Բայց երբ մի քանի սերունդներ այդ բարբարոս հօրդնարն ապրեցին այդ երկրներում, կպան այդ հողին, նստեցին, դարձան հողի հետ մտերմօրէն կապւած, երկրագործ. երբ նրանք այդ երկրի բնական պայմաններին բաւական զգալի չափով ենթարկւեցին եւ, իրենց ֆիզիքական ու ոգեկան կազմը, համաձայն յարմարեցման անխախտ օրէնքի, որոշ փոփոխութիւնների ենթարկւեցին, այն ժամանակ միայն նրանք, բնականօրէն իրաւունք եւ նոյն իսկ պարտականութիւն տացան կոչել այդ երկրներն իրենց հայրենիքը։

Երկար դարերի, տասնեակ, հարիւրաւոր ու հարազաւոր սերնդների անցկացրած կեանքը մի երկրում ծնեցնում է այդ ժողովուրդի մէջ սէր դէպի այն երկիրը, ուր ապրում են. սէր դէպի ծննդավայրը, դէպի «Վաթանը», դէպի հայրենիքը։ Չը կայ մի ժողովուրդ, մի ազգ, որ չը սիրէ իր ծննդավայրը, իրեն ապրուստ մատակարարող, իրեն կեանք պարգեւող երկիրը, այն հողն ու ջուրը, ուր ապրել են իր նախնիքների մի ահագին շարք։

«Բանւորները հայրենիք չունեն», ասում են Մարքսը եւ Էնգէլսը «Կոմմունիստական կուսակցութեան Մանիֆէստի» մէջ։ Նրանք հայրենիք չունեն, որովհետեւ այդ հայրենիքի մէջ սէփականութիւն չունեն։ Հողը եւ միւս արտադրական բոլոր միջոցները սէփականութիւն են տիրող դասակարգերի բուրժուազիայի եւ ազնուականութեան։ Բանւորը սեփականութիւն չունի իր հայրենիքում, ուրեմն եւ հայրենիք չունի, ահա այն տրամաբանօրէն իրար չը բռնող մտքերը որոնք հիմք են ծառայում Մարքսին եւ Էնգէլսին։

Սէր դէպի հայրենիքը, դէպի ծննդավայրը, կապ չունի սեփականութեան գաղափարի հետ։ Ապրելով մի բնակարանի մէջ մի—երկու տարի, դուք որոշ չափով կապւում էք այդ բնակարանի հետ եւ ստիպուած լինելով թողնել այն, բաւական ցաւ էք զգում։ Ո՞րքան ուրեմն մեծ կը լինի այդ կապակցութեան զգացմունքը նոյն իսկ սեփականազուրկ դասակարգի մէջ, որի նախնիքները թերեւս սեփականատէր, դարեր շարունակ ապրել եւ միացել են այդ երկրի հետ, ոռոգել են նրան իրենց արիւն քրտինքով, սիրել են նրան, կապւել նրա հետ իրենց սրտի անքակտելի թելերով։ Եւ այդ հազարամեայ զգացումները ժառանգաբար կուտակուել, միս ու արիւն են դառել այդ ազգի բոլոր անդամների համար, սեփականատէր թէ սեփականազուրկ։ Եւ բանւորը, չունենալով ոչ մի սեփականութիւն իր հայրենիքում, ունի իր սրտում սէր դէպի այդ երկիրը։ Նա այնտեղից հեռանում է լոկ ծայրայեղ ստիպողականութեան, մնալու անհնարինութեան դէպքում։ Եւ հեռանալիս էլ նրա սիրտը լիքն է լինում դառնութեամբ… Վկայ այն արցունքները եւ ախ ու վախերը, որոնցով գաղթում է հայը թիւրքահայաստանից, Իտալացին Ամէրիկա գնալի, Իրլանտացին՝ իր մռայլ կղզուց…

Ներկայումս հարստութիւնների ստեղծագործող մայրն աշխատանքն է, արտադրութեան ամենահզօր մարդկային ազդակը, որը դառնում է նաեւ արտադրութեան գործիքներ, որոշ ձեւով քարանալու բանական բարիքների մէջ։ Այդ աշխատանքն է որ կենդանացնում է հայրենիքը, մարդկային ապրուստի համար արժէքներ է ստեղծում այնտեղ։ Եթէ այդ ստեղծագործող աշխատանքի հեղինակը, նրա տէրը բանւորն այսօր իրաւազուրկ է, սեփականութիւն չունի, դա դեռ չէ նշանակում, որ այդ հայրենիքն իրենը չէ։ Նրանից բռնի խլել են այդ հայրենիքը, բայց նա կռւում է յետ խլելու համար իսկապէս միայն իրեն պատկանող այդ երկիրը։ Նա սեփականութիւն չունի իր սիրած հայրենիքում, բայց կռւում է ձեռք բերելու համար այդ սեփականութիւնը, միայն ոչ իբր անհատական տիրապետութեան առարկայ, այլ իբր համայնական սեփականութիւն։

Ոչ, հայրենիքը պատկանում է բանւորին կամ աշխատաւորին, որովհետեւ նա է նրան կենդանացնում իր աշխատանքով. նա սիրում է իր հայրենիքը, նա կապւում է նրա հետ աւելի քնքշօրէն, քան սեփականատէր բուրժուան։

Սակայն հայրենիք ունենալն անպայման անհրաժեշտութիւն չէ մի ազգի գոյութեան համար։ Առաջուց կարելի է, այո՛, ասել, որ ի ազգ, որը հայրենիք չունի, դատապարտւած է վերջ ի վերջոյ լուծւելու շրջապատ ժողովրդների մէջ, բայց մինչեւ լուծւելը, դեռ երկա՜ր ժամանակ նա կարող է ունենալ իր ազգային օրգանական ամբողջութիւնը, պահել իր ազգային բնոյթը, չունենալով հայրենիք։ Այդպէս են հրէաները, ասորիները եւ այլ ժողովրդներ։

Կ. Կաուցկին չորս հիմնական նշաններ է դնում ազգութեան համար, որոնցից մէկն «ընդհանուր հայրենիքն է» [14] ։ Եւ որովհետեւ հրէաների վերաբերմամբ իր այդ բնորոշումը պիտանի չէ հանդիսանում, այդ պատճառով նա հրէաներին համարում է «մի կրօնական համայնք» եւ ոչ ազգութիւն։ Երեւի նա նոյն բառերը կը գործադրէր նաեւ ասորիների վերաբերմամբ։ Այն ինչ այդ երկու ժողովրդներն էլ ունեն ազգութիւն կոչւելու էական եւ խոշոր իրաւունքներ. ամէն տեղ նրանք իրենց ստեղծագործական յատուկ ձեւերով, իրենց առանձնայատուկ կուլտուրայով եւ ազգային ոգով։

Ազգութեան ցայտուն նշաններից են նաեւ ընդհանուր սովորութիւնները, ընդհանուր աւանդութիւնները, կեանքն ըմբռնելու ինքնատիպ եղանակը, մասամբ նման յոյսերն ու յոյզերը եւ այլն։ Ինչ կասկած, որ այդ բոլոր հարցերում էլ ազգութեան ներսում գոյութիւն ունեցող ամէն մի դասակարգ ունի իրեն յատուկ ներքին բովանդակութիւնը, իր դասակարգին միայն սաղական, օրինակ, սովորութիւնները, աւանդութիւնները, կենանքն ըմբռնելու ինքնատիպ եղանակը, յոյսերն ու յոյզերը։ Բայց կասկածից դուրս է նաեւ այն, որ արւած ազգի բոլոր դասակարգերն ունեն աւելի նման յոյսեր ու յոյզեր, սովորութիւններ եւ աւանդութիւններ, քան երկու տարբեր ազգութիւնների համապատասխան դասակարգերը։ Օրինակ՝ ֆրանսիացի ու անգլիացի բանւորների իդէալն, անկասկած, նոյնն է. սօցիալիզմը, սօցիալիստական կարգերը։ Դա մի միջազգային աշխատաւորական իդէալ է։ Սակայն դրա ըմբռնումը կամ կօնցէպցիան ֆրանսիական գոյն ունի մի տեղում, անգլիական միւսում, կամ նա՝ այդ ըմբռնումը զուտ ազգային բնոյթով է։ Իսկ այդ բնոյթը, լինելով ազգային, յատուկ է եւ ազգի միւս բոլոր դասակարգերին։ Օրինակ՝ ֆրանսիական բուրժուան էլ իր պահպանողական իդէալները, ազնւականն էլ իր յետադիմական իդէալները նոյն ազգային ձեւով է պատկերացնում, ասենք՝ ֆրանսեական փուտկոտութեամբ, գործնական ու կրակոտ տօնով եւ այլն։ Դեռ այդ եղանակի ընդհանրութիւնն է։ Հապա ո՜րքան շատ են երկրորդական, այսպէս ասենք, միջդասակարգային ընդհանուր ձգտումները, որոնք յատուկ են ազգի բոլոր անդամներին։ Այդպէս են, օրինակ՝ անհատական երջանկութեան ըմբռնման բազմաթիւ հարցերը, սիրային, զւարճական, քնքշութեան եւ այլ էմօցիօնական (յոյզ) խնդիրները։ Դրանք բոլորն էլ ազգային բնոյթ են կրում եւ յատուկ են ազգի բոլոր դասակարգերին այս կամ այն չափով, այս կամ այն զուտ ազգային ձեւով։

Բոլորովին նոյն տրամաբանութիւնով եւ նոյն մտածելակերպով պիտի մօտենալ նաեւ ազգային բնաւորութեան եւ բարոյական ընդհանուր անհատականութեան խնդիրներին։

Ազգային ընդհանուր բնոյթն (քարակտէր) ընդունւում է շատ գրողների կողմից մի այնպիսի խոշոր նշան ազգութեան վերաբերմամբ, որ աւստրիական յայտնի սօցիալիստ գրող Օտտօ Բաուէրը համարում է դա ազգութիւնը բնորոշող ամենաէական ու հիմնական գիծը, ինչպէս Կ. Կաուցկին՝ լեզուն։

«Արդեօք ազգը մի եւ նոյն արմատից սերւած մարդկանց ընդհանրութի՞նն է» հարցնում է Օտտօ Բաուէրը եւ պատասխանում. «Սակայն իտալացիները սերւած են էտրուսկներից, հռօմայեցիներից, կէլտերից, գերմաններից, յոյներից եւ սարակինսներից. այսօրւայ ֆրանսիացիները սերւած են գալլերից, հռօմայեցիներից, բրիտներից եւ գերմաններից. այսօրւայ գերմանացիները գերմաններից, կէլտերից եւ սլաւօններից։ Արդեօք լեզւի ընդհանրութի՞ւնն է, որ մարդկանց միացնում, մի ազգ է դարձնում։ Սակայն Անգլիացիները եւ Իրլանդացիները, Դանիացիները եւ Նորվէգիացիների, Սերբերն ու Խրուատները խօսում են միեւնոյն լեզուները, բայց այդ պատճառով միեւնոյն ազգերը չեն կոչւում։ Հրէաները չունեն ոչ մի ընդհանուր լեզու, բայց եւ այնպէս մի ազգ են։ Արդ եօք մի ընդհանրութիւն կազմելու գիտակցութի՞ւնն է, որ ազգին միաւորում է։ Ուրեմն այդպիսի դէպքում, Տիրօլի գիւղացին չը պէտք է ամենեւին գերմանացի կոչւի, որովհետեւ նա երբէք չէ գիտակցում իր պատկանելը մի ընդհանուր միութեան Արեւմտեան Պրուսիայի եւ Պօմէրանիայի, Թիւրինգայի եւ Էլզասի հետ միասին։ Եւ յետոյ՝ ինչ է այն բանը, որը գերմանացին գիտակցում է, երբ նա իր գերմանականութիւնն է յիշում։ Ի՞նչն է նրան պատկանել տալիս գերմանական ազգին, միացնում նրան միւս գերմանացիներին։ Նախ եւ առաջ պէտք է մի ամբողջութեան պատկանելու որ եւ է արտաքին (օբէկտիվ) նշան լինի, որ այդ մի ամբողջութեան պատկանելու գիտակցութիւնն առաջանալ կարողանայ»։

«Ազգութեան հարցը կարող է պարզւել միայն ազգային բնաւորութեան գաղափարով» [15] ։

Ի հարկէ այդ ազգային բնաւորութիւնը մետաֆիզիքօրէն տրւած մի անփոփոխ եւ յաւիտենական մեծութիւն չէ՝ անսկիզբն ու անվախճան. նա էլ ծնունդ է տրւած ազգի, երկրի, կլիմայի, բոյսերի ու կենդանիների, գետերի ու լճերի, արեւի ջերմութեան ու թխպերի, մի խօսքով՝ բնական միջավայրի մի կողմից, իսկ միւս կողմից՝ պատմականօրէն առաջացած հասարակական միջավայրի։ Օտտօ Բաուէրը 6—7 երեսի վրայ մանրամասն կանգ է առնում եւ բացատրում ազգային բնաւորութեան առաջացման պարագաները։

Մեր վերլուծութեան ենթակած բոլոր յատկանիշները միախառնւելով, արտադրում են այն բարոյական ու ֆիզիքական էութիւնը, որ անհրաժեշտ է մի որ եւ է ազգի անդամ լինելու համար։ Որոշ ժամանակաշրջանում արւած ազգի անդամների ահագին մեծամասնութիւնը պիտի ունենայ յիշւած արտաքին նշանների խոշոր մասը։

Որքան մի ժողովուրդ արժանի է «ազգային մի ամբողջութիւն» կոչւելու, այնքան աւելի ցայտուն կերպով երեւում են այդ բոլոր արտաքին նշանները նրա անդամների ամենաշատ թւի մէ։ Որքան մի ժողովուրդ կուլտուրապէս ստոր է, այնքան աւելի նւազում են այդ ընդհանուր ազգային արտայայտութիւնները. կը նշանակէ՝ այնքան նւաղ նա արժանի է կազմելու մի ազգային «օրգանական ամբողջութիւն», ինչպէս ասում է Բէբէլը. այնքան աւելի դիւրութեամբ կարող է կլանւել այդ ազգը։ Այդ մտքի հակառակն էլ անպայման ստոյգ է. որքան մի ազգ աւելի ցայտուն կերպով արտայայտում է այդ արտաքին նշանները, կամ որքան նա աւելի ազգային բնաւորութիւն ունի իբր մի օրգանական ամբողջութիւն, այնքան աւելի դժուար է նրան քայքայել, տարրալուծել եւ կլանել կամ ձուլել մի այլ ազգութեան մեջ։ Որքան «ազգային ոգին» գիտակից եւ ամուր է, այնքան զօրեղ է ազգութիւնը, այնքան աւելի դիմացկուն է ազգը։

___________________

Այսպէս ուրեմն՝ վերլուծելով «ազգ» հասկացողութիւնը մենք եկանք այն եզրակացութեան, որ ազգ կոչւում է մարդկանց այն մեծ խումբը, որը սերնդից սերունդ՝ դարեր շարունակ ապրելով միեւնոյն բնական ու պատմական միջավայրում, իր կուլտուրային վերաբերող բոլոր հարցերը լուծել է իր համար, ինքնուրոյնաբար։ Դրանով, ժամանակի ընթացքում, երկար միասնականութեան շնորհով, ստեղծւել է ազգային մի ընդհանուր ոգի կամ ներքին, սուբէկտիվ աշխարհ. ազգային ստեղծագործութեան ինքնուրոյն ձեւեր, ազգային յատուկ բնաւորութիւն եւ նոյն իսկ ազգային առանձնայատուկ ֆիզիքական եւ հոգեբանական տիպ։

Այդ որոշումից պարզ է, որ ազգը մի բիօ պսիխօլօգիական կամ բնա պատմական երեւոյթ է, որի գոյութիւնն ուրանալ անկարելի է։ Նա կայ, նա գոյութիւն ունի։ Ամէն մի անհատ, ամէն մի մարդկային խմբակ, որի անդամները նման մտածելակերպ եւ նման աշխարհահայեացք ունեն եւ կազմում են մի կուսակցութիւն, պարտաւոր են որոշ դիրք բռնել դէպի այդ գոյութիւն ունեցող ընկերաբանական ու հոգեբանական երեւոյթը։ Նրանք պարտաւոր են որոշել իրենց վերաբերմունքը դէպի այդ խոշոր խնդիրը, պարտաւոր են իրենց գործնական ու տնտեսական քաղաքականութեան մէջ պարզ ու յստակ բանաձեւերով ու գործնական որոշումներով լուծել այդ հարցը։

Մենք տեսանք, որ մարդկութեան բարբարոսութեան ու վայրենութեան շրջաններում ազգութիւն գոյութիւն ունենալ չէր կարող. այնտեղ կային լոկ տոհմեր ու ցեղեր, իրար արիւնակից անհատներից բաղկացած մանրիկ խմբակցութիւններ համայնական սեփականութիւնով, հաւասարասէր իրաւունքով. չը կար պետութիւն հասկացողութիւնը, որովհետեւ դեռ եւս դասակարգեր չը կային, որոնցից որ եւ է մէկի տիրապետութիւնն է եղել պետութիւնն իր գոյութեան 3—4000 տարիների ընթացքում։ Բնական եւ պատմական նման միջավայրում ապրող մարդկային արիւնակից խմբակները միանում, միաձուլւում, կազմում են մարդկային աւելի ու աւելի խոշոր զանգւածներ։ Առաջ է գալիս նիւթական անհաւասարութիւն, ծնւում են դասակարգեր, պետութիւն եւ ազգ։

Ազգութիւնը կար հին Արեւելքում, Եգիպտոսում, Յունաստանում ու Հռօմում։ Նա Միջին դարերի սկզբներում ծածկւեց գերման ցեղի տոհմական կազմի սաւանով, բայց վերածնւեց 13—14րդ դարերում, առաջ բերելով ազգային պետութիւններ։ Այդ ժամանակներից սկսած զարգանում է ազգութեան գաղափարը եւ տարածւում վերին կոչւած հասարակական խաւարից դէպի ներքեւ, դէպի ժողովրդական զանգուածները, դէմօկրատիական խաւերը։

Այսօր հասարակական բոլոր երեւոյթներն անպայման կատարւում են ազգի գրկում, նրա ներսում, «ազգային միջավայրում։»

Էմմանուէլ Կանտը, քննելով մարդկային ըմբռնումներն ու պատկերացումները, գալիս է այն գերազանցօրէն մէտաֆիզիքական եզրակացութեան, որ ժամանակն ու տարածութիւնը փորձականօրէն յղացած կատէգօրիաներ կամ ըմբռնումներ չեն. որ նրանք «ի ծնէ» են տրւած, բնական ու անսկիզբ են, որովհետեւ բլոր ներքին ու արտաքին երեւոյթները տեղի ունեն ժամանակի ու տարածութեան մէջ. չը կայ ոչ մի հնար երեւակայելու որ եւ է երեւոյթ այդ երկու կատէգօրիայից դուրս. դրանք apriori (նախադրական) են։

Հրէա սիօնիստ տաղանդաւոր գրող Պասմանիկը համեմատում է ազգութիւնը ժամանակի եւ տարածութեան կատէգօրիաների հետ։ Ինչպէս որ փիլիսոփայական ոչ մի երեւոյթ չէ կարող կատարւել ժամանակից եւ տարածութիւնից դուրս, ճիշտ այդպէս էլ ոչ մի հասարակական երեւոյթ չէ կարող տեղի ունենալ այլ տեղ, քան ազգութիւնը նոյն նախապայմանն է, ինչ որ փիլիսոփայական երեւոյթների համար ժամանակը եւ տարածութիւնը։

Այդ մտքի հետ մենք լիապէս համաձայն ենք, ի հարկէ մի առարկութիւնով. թէ ժամանակն ու տարածութիւնը եւ թէ ազգութիւնը միանգամ ընդմիշտ տրւած քանակութիւններ չեն, անսկիզբ ու անվախճան, այլ փորձնական ճանապարհով ձեռք բերւած, հազարաւոր սերունդների կողմից ժառանգաբար իրար հաղորդւած՝ իբր կանխատրամադրութիւններ ու նեարդային եւ ուղեղային համակարգութեան որոշ դրութիւններ են։

Այո՛, այդ մտքով վերցրած՝ ազգութիւնը մի անհրաժեշտ նախապայման է բոլոր հասարակական երեւոյթների. նրանք բոլորն էլ, առանց բացառութեան, պիտի տեղի ունենան որ եւ է ազգի գրկում, բացի վայրենական ու բարբարոսական շրջաններից, ու ազգեր չը կան, այլ գոյութիւն ունեն լոկ ցեղեր։

Առ այժմ մենք մի կողմ ենք թողնում ազգային կռիւների, ազգային հալածանքների, իսկական ազգայնութեան եւ շօվինիզմի կամ ազգայնականութեան (ազգամոլութեան) եւ իմպէրիալիզմի (կայսերականութեան) խնդիրները. այդ մասին մենք կը խօսենք, երբ կը պարզենք դասակարգերի եւ դասակարգային կռւի էութիւնը։ Իսկ հիմա դիմենք կուսակցութիւնների բռնած դիրքերին եւ նրանց գլխաւոր մտածողների կարծիքներին։



[1]            «Handbuch der praktischen Politik», 1863 թւին։ Թէ այս, թէ նախընթաց որոշումը մենք վերցրել ենք Ի. Անինից։

[2]            «Recht der Nationalitäten und Sprachen in Oesterreich»։

[3]            Լ. Գումպլօվիչ «Նացիօնալիզմը եւ Ինդէրնացիօնալիզմը XIX դարում» (ռուսերէն) երես 6

 

[4]            E. Renan Quʼest ce quʼune nation, page 29.

[5]            Fr. J. Neumann «Volk und Nations» 5. 132. Պէտք է ասել, որ Նօյմանը իր այդ գրքում մատնանիշ է արել եւ օգտւել է ազգային հարցի մասին եղած նախընթաց ամբողջ գրականութիւնից։

[6]            Արիւնակից տոհմերի տնտեսական ձեւերի այդ ընդհանուր նմանութիւնն է, որ դրդում է Ֆ. Էնգէլսին ասել «րասան կամ ցեղն էլ մի տնտեսական ազդակ է» (տես այդ առթիւ «Der sozialiste Academiker» 1895թ. երես 373)

[7]            Տարբեր ճանապարհներով մենք միևնոյն հետեւանքներին կը հասնենք, եթէ ենթադրենք, որ մարդկութիւնը սերուել է մի արմատից։ Իսկապէս ազգութիւնների ծագման եւ ազգութիւնների բազմազանութեան տեսակէտից ոչ մի նշանակութիւն չունի այն գիտական եւ դեռ վերջնականապէս չը լուծւած հարցը, թէ արդեօք մարդկութիւնը ծնել է կենդանական մի տեսակից (մօնօգէնիզմ), թէ մի քանի տեսակներից (պօլիգէնիզմ)։ Մի քիչ վերեւում մեր բերած դատողութիւնները վերաբերում էին պօլիգէնիզմին. մենք ենթադրեցինք, որ պատրաստի գէնսեր կամ տոհմեր ու ցեղեր եղել են առաջուց, իբր արդիւնք տարբեր կենդանական ծագման։ Իսկ այժմ, ենթադրելով որ մարդկութիւնը սերւել է մի արմատից, մենք գալիս յանգում ենք բացարձակ նոյն հետեւանքներին։

Մի արմատից սերւած մարդկութիւնը ցրւում է, իհարկէ չափազանց դանդաղօրէն, երկրագնդի այս ու այն մասերում, մանրիկ տոհմերով ու ցեղերով, սկզբունքներում նոյն իսկ մանրիկ խմբակներում, անասնական արենախառնութեամբ ապրող, խմբակներով, որոնց ընկերաբանական գիտութիւնը կոչում է «անիշխանական հօրդաներ» (hordes anarchiques)։ Այդ խմբակցութիւնները, բնակւելով տարբեր բնական միջավայրերում եւ չունենալով բնութեան դիմադրելու կարող ոչ մի ոյժ, շատ շուտով, նոյն իսկ հազիւ մի սերունդդի կեանքի ընթացքում, փոփոխւում, զանազանաւորւում են իրարից։ Այդպիսով կրկին ստացւում է այն բազմազանութիւնը, որից պէտք է, վերեւում վերլուծուած ճանապարհով, միանան ֆիզիքապէս ու հոգեպէս իրար աւելի մօտ եղող խումբերը, մի եւ նոյն բնական եւ ժառանգական միջավայրի արդիւնք եղող տոհմերն ու ցեղերը եւ կազմեն նախ՝ տոհմեր, ցեղեր եւ ապա ազգեր։

Այդ բոլոր միացման ու լուծման երեւոյթներում դեր խաղացողը Չ. Դարունին մատնանշած բնաւան ընտրութեան կամ յարմարեցման օրէնքներն են։

         Սակայն նոյն իսկ մարդկութեան այդ մանուկ, ամենադիւրաթեք հասակում էլ կատարւող բոլոր փոփոխութիւնները միամտութիւն կը լինէր վերագրել լոկ մի արմատի տնտեսական ֆակտօրին։ Ոչ, յառաջացող փոփոխութիւնները ծնունդ են արտաքին բազմազան միջավայրի եւ արդէն կազմակերպւած մարդկային ներքին աշխարհի։ Այդ մարդկային ներքին աշխարհը երկնքից չէ ընկել կազմ ու պատրաստ, նա էլ ծնունդ է իր նախորդների հազարադարեան անասնական ու մարդկային անցեալի, որի կուտակւած ժառանգութիւնը մարդ արարածը բերել է իր հետ աշխարհ, հէնց որ երեւացել է իբր մարդ—բանական՝ ընկերաբանութեան ասպարէզում։ Արտաքին մի եւ նոյն միջավայրը միատեսակ չէ ազդում տարբեր տոհմերի ու տարբեր ցեղերի վրայ, որոնք ժառանգել են տարբեր որակներ եւ որոնց ոգին ունի իւրայատուկ ներքին ստեղծագործական կարողութիւն։

[8]            Կ. Կաուցկին իր վերջին աշխատութեան մէջ, (որ լոյս տեսաւ իբր յաւելուած «Neue Zeit» շաբաթաթերթի պատասխան եւ քննադատութիւն աւստրիական սոց. դէմօկրատ Osso Բաուէրի յայտնի գրքի) հրէաներին անւանում է «կրօնական համայնք». նա նրանց չէ համարում ազգ, որովհետեւ ազգութեան էական ֆակտօրը համարում է լեզուն։ Այդ հարցին դեռ մենք կը դառնանք։

[9]            «Մօնօգէնիստ» ասում են այն անձերին, որոնց կարծիքով մարդկութիւնը ծնունդ է առել մի արմատից։ Դրա հակառակը՝ կան «պօլիգէնիստներ», որոնք կարծում են, որ մարդ—արարածը երկրի վրայ առաջ է եկել մի քանի վայրերում, սերւել է մի քանի արմատներից։

[10]          Որքան մի ժողովուրդ կուլտուրապէս ստոր է, այնքան աւելի կրօնը դեր է խաղում նրա կեանքում։ Կան բազմաթիւ «տաճկացած» հայեր. դրանք մահմետական հայեր են, բայց այսօր աւելի «տաճիկ» են, քան բուն տաճիկները։ Նոյնը կարելի է ասել Աջարների կամ «Մահմետական Վրացիների» մասին։ Կաթոլիկ Խրուատները եւ յունադաւան Սերբերը մի եւ նոյն լեզուն խօսող մի ազգի զաւակներ են, բայց կրօնների տարբերութիւնը միջնորմի պէս կանգնել եւ բաժանել է նրանց գէթ արտաքուստ։

[11]          E. Renan «De l'origine du langage».

[12]          A. Bastian «Der Mensch in der Geschichte» Bd I, St. 384

[13]          Գրականութիւն ասելով մենք չենք ըմբռնում միայն գեղարուեստական գրականութիւնն, այլ մեր կարծիքով գրականութեան ոչ նուազ կարեւոր մասն է նաեւ գիտական, հասարակագիտական, պատմական, քննական եւ այլ ճիւղերը։ Դժբաղդաբար մեզանում ով գեղարուեստական որ և է բան չէ գրել, նա երբէք գրող չէ համարւում։

[14]          Տես «Աւստրիայի ճգնաժամը Լեզու եւ Ազգ» (ռուսերէն)։

[15]          Otto Bauer «Die Nationali tätenfrage und die Sozial démokratie», s. 1—2, Wien, 1908 p. Otto Bauer ‘Die Nationali tätenfrage und die Sozial démokratie’, s. 1—2, Wien, 1908 p.