Ի՞նչ է ազգութիւնը.

Հեղինակ

Բաժին

Թեմա

VI
Աշխատաւորական ու բուրժուական տեսակէտները միազգայնութեան եւ ազգայնութեանց վրայ։

Երբ մենք քննում ենք երկու կամ աւելի ազգերի յարաբերութիւնները, այնպիսի ազգերի, որոնց մէջ կան տիրւող եւ տիրող ազգեր, մի խումբ մարդկանց՝ ենթակայ մի այլ խմբի, չը պէտք է մոռանանք, որ բացի այդ ազգային զանազանաւորումը, այդ ժողովրդների ներսում իսկ գոյութիւն ունի մի այլ շերտաւորում եւս, —դասակարգերը։ Տիրող, կեղեքող, ազգի մէջ եւս, ինչպէս եւ կեղեքւողների կամ ենթակայ ազգերի մէջ, գոյութիւն ունեն դասակարգեր կեղեքողներ եւ կեղեքւողներ։ Ազգութիւննե»տ հալածման գործում այդ դասակարգերից ո՞րն է, որ օգտւում է ամէնից աւելի եւ ո՞րն է, որ վնասո՜ւմ է ամէնից առաւել։ Այդ հարցը երկու պատասխան ունենալ չէ կարող։ Օգտւում են բուրժուազին, հողատէրերը, հոգեւորականները, եւ պաշտօնէութիւնն իրենց հետ ունենալով մտաւորականութեան սողուն մասը կամ, ինչպէս պրօֆէսօր Զօմբարտն է նրանց անւանում, բուրժուազանմանները (բուրժուազօիդներ)։

Տուժում են ամէնից առաւել պրօլէտարիատն ու աշխատաւոր գիւղացիութիւնը թէ տիրող եւ թէ տիրւող, հալածւած ազգերի մէջ։

Տիրող, կեղեքող ազգերի բուրժուազիան մանաւան խոշոր կապիտալիստներն, անպայման օգուտ ունեն ազգային առաւելեալ դրութիւնը, ազգային քէնն ու հալածանքը պահպանելուց։ Դրանով բուրժուազիան ձեռք է բերում որոշ արտօնութիւններ թէ գործարաններ բանալու, թէ մենաշնորհներ ու առաւելեալ այլ տեսակի պայմաններ իր համար ստեղծելու տեսակէտից։ Վերջապէս իր սեփական ազգի պետական իշխանութեան տակ որքան աւելի երկրներ ու ազգեր գտնւեն, այնքան աւելի նրա շուկան լայն կը լինի։ Նա պիտի պահանջէ, որ բոլոր հպատակ ազգերը խօսեն տիրող ազգի, իր սեփական ազգի լեզւով. նա պէտք է կողմնակից լինի դպրոցների ու գրականութեան հալածման փոքր, հպատակ ազգերի վերաբերմամբ. կարճ՝ նա պիտի լինի կողմնակից կլանելու, ասսիմիլեացիայի, կուզէ կուլտուրական ճանապարհով, կուզէ դա լինի «հրով ու սրո՜վ»։ Նրա կապիտալիստական շահն այդ է պահանջում։

Ազնւականութիւնը, պաշտօնէութեան եւ մտաւորականութեան մի մասը նոյնպէս ձգտում է իրենց ազգի պետութեան կենտրոնացած ամբողջութիւնը պահպանելու, չը թոյլ տալու ոչ մի օրէնսդրական եւ նոյն իսկ վարչական լայն ապակենտրոնացում։ Նրանք էլ կլանման, ազգային հալածանքի, մի հօտ եւ մի հովիւ դարձնելու եռանդուն կողմնակիցներ են, որովհետեւ նրանց շահն այդ է պահանջում։ Նրանք ստանում են չաղ—չաղ պաշտօններ, նրանք տեղաւորում են իրենց մօտաւոր ու հեռաւոր ազգականներին ու բարեկամներին։ Նրանց մէջ յաճախ, շա՜տ յաճախ լինւոմ են այնպիսիները, որոնք իրենց մայրենի նահանգներում անկարող լինելով մրցման դիմանալ իբր անընդունակ, բթամիտ, գբուցէ եւ իբր անբարոյական անհատներ, գալիս են տիրւած նահանգների, տիրւած հպատակ ազգերի մէջ բաղդ որոնելու։ Եւ գտնում են այդ բախտը. դա շօվինիզմն է, բուրժուական ու բիւրօկրատիական նացիօնալիզմը։ Նրանցից բարձրները հանդիսանում են որոշ օտարակեր քաղաքակրթութեան մղիչ ու ղեկավար, իսկ հսկայեական մեծամասնութիւնը լոկ գործիքներ, բարձրերի ցանկութիւննը լաւ ըմբռնած հաւատարիմ ծառաներ, որոնք ուզում են՝ բարձրերի կամքը կատարել, որ առաջ գնան պաշտօնի մէջ, նիւթապէս բարգաւաճին։ Մի պրիստաւ կամ նահիէ միւտիւրի, մի ողորմելի անընդունակ մարդ, յանկարծ տեսնում ես, առաջ գնաց. եղաւ գաւառապետ, միւթասէրիֆ, նահանգապետ, վալի... ինչո՞ւ. որովհետեւ պհատակ ազգերի «ազգային յեղափոխական» շարժումները լաւ է զսպել, նոյն իսկ յաճախ չղեած տեղից ստեղծել է հրէական, լեհական, հայկական, բօլգարական, ալբանական կամ վրացիական «ապստամբութիւն», գաղտնի ժողով, կօմիտէ, որպէսզի հաճելի երեւայ վերեւում նստածներին, որպէս զի առաջ գնայ իր պաշտօնում։ Նա գիտէ, որ ազնիւ ճանապարհով չէ կարողանալու բարձրանալ, որովհետեւ անընդունակ է. եթէ ընդունակ լինէր, մայրենի նահանգներից չէր դուրս գայ գործ որոնելու ծայրագաւառներում։ Մնում է նրա համար մի կարճ ուղի. ստել, զրպարտել, հալածել, ձգտիլ կեանքի մէջ, նոյնիսկ չեղած տեղում։ գտնել այն, ինչ որ հաճելի է վերիններին։ Այդպիսի պաշտօնէութեան ամբողջ լէգիօններ կային Գօլիցինեան րէժիմի օրով Կովկասում եւ առհասարակ Ռուսիայում Պլէվէյեան րէժիմի ժամանակ, իսկ Թիւրքիայում Համիտի օրով ու այսօր էլ... Նրանց թիւն այսօր էլ նւազ չէ Ռուսիայի եւ դեռ Թիւրքիայի բոլոր անկիւններում։

Ապակենտրոնացումը, տիրւած ազգերի ինքնավար վարչական սիստէմը նրանց համար ձեռնտու չէ, որովհետեւ ոստիկանութիւն, դատարան, պաշտօնէութեան խոշոր մեծամասնութիւնը բացի մի քանի կարեւոր եւ համապետական նշանակութիւն ունեցող պաշտօններից, կախւած կը լինի տեղական ժողովրդների ընտրութիւնից՝ թէ տեղական լայն ինքնավարութեան եւ թէ մանաւանդ, աւտօնօմիայի եւ ֆէդէրացիայի ժամանակ։ Տեղական ինքնավարութեան մէջ անգամ պաշտօնէութեան որոշ մասն ընտրովի է եւ ոչ նշանակովի։ Եւ որքան լայն ու արմատական լինի տեղական ինքնավարութիւնը, որքան նա մօտենայ անգլիական self—gowernment—ին, այնքան աւելի պաշտօնէութիւնն ընտրովի կը լինի։ Իսկ ուր կայ ընտրական սկզբունքը, այնտեղ, բնկանօրէն, ընտրում են, փոքրից սկսած մինչեւ ամենաբարձր պաշտօնների համար, տեղացիներ այնպիսի մարդիկ, որոնք ամէնից աւելի լաւ գիտեն, ծանօթ են տեղական բոլոր գործերին ու գործիչներին։ Վարչական այդ ապակենտրոնական լայն սիստէմը վնաս է պաշտօնէութեանը (բիւրօկրատ) ու ազնւականութեանը, եւ նրանք դէմ են թէ այդ սիստէմին եւ թէ ամէնից աւելի եռանդով այդ սիստէմը պահանջող տիրւած ազգութիւններին։ Չէ՞ որ վարչական եւ օրէնսդրական ապակենտրոնացում պահանջողների գլխաւոր հիմքերից մէկն էլ ազգերի բազմազանութիւնն է [1] ։

Բորժուազիայի, ազնւականութեան, պաշտօնէութեան եւ մտաւորականութեան շահերի պահանջած այդ ազգերի հալածանքի արդիւնքները լինւոմ են հալածւողների մէջ դիմադրութիւն, գաղտնի կազմակերպութիւններ յեղափոխական, երբեմն նոյն իսկ սեպարատիստական (անջատական) ձգտումներով։ Սկսւում է հալածանք վերեւից, դիմադրութիւն ներքեւից։ Տիրւած ազգերի աշխատաւորութիւնը։ որ ամէնից աւելի դաժանօրէն է զգում տիրողների մտրակի հարւածները, յաճախ ստիպւած է լինում միանալու իր սօցիալական հակառակորդի իր զագի բուրժուազիայի հետ, մի րոպէ մոռանալով իր դասակարգային աշխատաւորական ձգտումները, որպէսզի կռիւ մղէ տիրողների շօվինիստական, կլանող, հալածող քաղաքականութեան դէմ։ Տուժում է հալածւող ազգի աշխատաւորութիւնը. նա տուժում է կրկնակի, թէ իբր կեղեքւող զուտ աշխատաւորութիւն եւ թէ իբր հալածւող ազգի անդամ։

Եւ այս վերջին կեղեքումն ու հալածանքը նա երբեմն աւելի ցաւագարօրէն է զգում, քան ամբողջ քաղաքակիրթ աշխարհում այսօր ընդհանուր դարձած բուրժուական կեղեքումը։ Նա իրան զգում է կրկնակի բեռի տակ եւ աւելի է տաում այն բեռը, որ իր նման միւս աշխատաւորները չունեն, այլ ունի ինքը եւ իր նման մի քանի ուրիշ դժբախտ ազգերի աշխատաւորներ։

Տիրող ազգն սկսում է հալածանքը, տիրւածները դիմադրում են։ Լինում են զոհեր. բանտերը լցւում են, աքսորավայրերը հեծում այդ «այլազգիների» ոտերի տակ. կախաղանները ցցւում են, գնդակահարութիւնները յաճախանում... Երկու կողմից տրւող զոհերն աւելի եւս կատաղցնում են կռւող կողմերին։ Ներս է մտնում տրւած զոհերի վրէժը լուծելու կատաղի ծարաւը։ Երկու կողմերի մէջ անդունդն օր օրի վրայ աւելի եւ աւելի լայնանում է։

Իսկ ո՞վ է կռիւ մղում հալածւող ազգերի դէմ։ Մենք տեսանք, որ հալածւողների կողմից կռւում են համարե՛ա բոլոր դասակարգերը, ամբողջ ազգը, թէ եւ կռւի բոլոր ֆիզիքական ծանրութիւնը համարեա՛ ամբողջապէս ընկնում է կրկին տիրւած ազգի աշխատաւոր մեծամասնութեան վրայ, թէ իբր իր կաշու վրայ ազգային հալածանքի մտրակն աւելի ցաւալիօրէն զգացողի եւ թէ իբր աւելի կռւող, ֆիզիքական ոյժի, գուցէ նաեւ իբր շատ աւելի կանոնաւոր սեփական կազմակերպութիւն ունեցողի։ Խոշոր բուրժուազիան կամ ամէնեւին չէ խառնւում կամ նպաստում է այդ կռւին դրամով եւ երբեմն էլ բարոյական խրախուսանքով։ Քիչ է պատահում, որ նա հանդիսանայ իբր ֆիզիքական—մարտական ոյժ։ Իսկ մանր բուրժուազիան, որ զգում է ազգային հալածանքի ե՛ւ նիւթական, ե՛ւ բարոյական դառնութիւնը, հանդիսանում է անպայման, իբր սրտանց մասնակից ու ներշնչող այդ կռւի։

Տիրող ազգերի կողմից ներշնչողներ հանդիսանում են վերեւում յիշուած կեղեքող խաւերը բուրժուազիան, ազնւականութիւնը, պաշտօնէութեան եւ մտաւորականութեան մի մասը։ Իսկ ո՞վ է տանում իր ուսերի վրայ կռւի հսկայեական բեռը, մանաւանդ երբ յարաբերութիւնները սրւում, յաճախ բացարձակ ապստամբութեան ձեւեր են առնում։ Ի՜նչ կասկած, որ այդ տնաւեր ներքին կռւի ամբողջ դառնութիւնն ընկնում է տիրող ազգի աշխատաւորութեան վրայ։ Նա է որ լցնում է հպատակ ազգերի ապստամբութիւնները զսպող բանակների շարքերը. նա է, որ տալիս է հպատակ ազգի հոգին հանող ոստիկանութեան հասարակ անդամներին ահաբեկիչների, դաշոյնի ու գնդակի համար նիւթ ծառայող թշւառ ստորին պաշտօնեաներին, որոնք ամենեւին չըմբռնելով կատարւող դէպքերի ներքին իմաստն, ստիպւած են գնալ առաջ, գնդակի ու դաշոյնի, ռումբի ու սրի բերան, որովհետեւ զինւոր են, ոստիկանական ստորին ծառայող, պարտաւոր են հնազանդւել^^^

Այսպիսով՝ տիրող ազգի աշխատաւարութիւնն էլ կեղեքման կրկնակի բեռի է ենթակայ. նա կեղեքւում է նախ իբր աշխատաւոր՝ իր սեփական ազգային բուրժուազինայից, եւ երկրորդ՝ իբր ճնշման գործիք նոյն բուրժուազիայի շահերը պաշտպանող պետութեան ձեռքերւոմ։

Դրութիւնը կատարեալ ողբերգական է, մանաւանդ եթէ աշխատաւորը գիտակից է, ընդունակ է ըմբռնելու կենսական երեւոյթների աստառները։ Նրան կեղեքում են գործարաններու նրան կեղեքում են մայր երկիրը մշակելիս, իսկ միեւնոյն ժամանակ նրան քշում են պատերազմի արտաքին թշնամու դէմ , որովհետեւ տիրոջ, իրեն կեղեքող դասակարգերի շահն այդ է պահանջում։ Վերջապէս նրան քշում են «ներքին թշնամիների» դէմ ճնշւած ազգերին պրօլէտարիատի դէմ, յաճախ, այո՛, իր սեփական ազգի աշխատաւորութեան ըմբոստացած մասի, իր հետ միասին երէկ գործարանում հաւասարապէս քրտինք թափող ընկերոջ դէմ։ Ու նա ստիպւած է գնալ, գնդակահարել, սպանել իր նման աշխատաւորին, իր նման կեղեքւողին. իր հօրը, իր եղբօրը զսպել այն շարժումը, որն անպայման իր սեփական օգուտն էլ է պաշտպանում։ Ահա ողբերգութիւնը։

Ակներեւ է այդ բոլորից, որ տիրող, կեղեքող դասակարգերի հայրենասիրութիւնը, նրանց նացիօնալիզմը տիրոպետող, ճնշող, հալածող է այլազգիներին, հպատակներին, Բուրժուական նացիօնալիզմը յարձակողական կամ ագրէսիւ է։ Նա չէ ճանաչում ուրիշ աւելի բարձր, կամ գոնէ իրեն հաւասար մի որեւէ այլ ազգութիւն։ «Deutschland uber alles» «Գերմանիա ամէնից բարձր», ասում է գերման բուրժուան։ Այդ նոյնն ենասում ու մտածում բոլոր տիրող ազգերի բուրժուաները. թերեւս նոյնն են մտածում իրենց սրտի խորքում նաեւ տիրւած, հալածւած ազգերի բուրժուաներն էլ, բայց չեն համարձակւում արտայայտել…

Բուրժուազիան տիրող ազգի գրկում ե՛ւ կեղեքում է իր ազգի աշխատաւորութեանը, ե՛ւ յանուն հայրենիքի ու ազգի, քշում է այդ աշխատաւորութեանը դէպի ներքին ու արտաքին կռիւ, դէպի սպանդանոց, իհարկէ, կրկին իր (բուրժուայի) սեփական շահերը պաշտպանել տալու համար։

Ուրեմն՝ տիրող ազգի աշխատաւորութեան անմիջական պարտականութիւնն է իր բոլոր ուժով դիմադրել այդ ազգային հալածանքներին, բուրժուազիայի դիմակաւորւած ձգտումներին թէ ներքին եւ թէ արտաքին թշնամիների վերաբերմամբ։ Նրա անմիջական պարտականութիւնն է ուժեղ կազմակերպութիւն ստեղծել եւ ամէն անգամ կատաղի հարւած տալ բուրժուազիային թէ դասակարգային եւ թէ ազգային կեղեքման կրկնակի սկզբունքներին։ Դրանով նա փրկած կը լինի թէ իրեն, այսինքն տիրող ազգի աշխատաւորութեանը եւ թէ տիրւած ժողովրդների աշխատաւորութեանը, որովհետեւ վերջ կը դնէ ազգային հալածանքին եւ այդպիսով կազատէ հալածւած ազգի աշխատաւորութեանը սեփական ազգային բուրժուազիայի հետ միասին գործելուց, միասին իբր մի ազգային օրգանական ամբողջութիւն՝ կազմակերպւելուց։ Հալածւած ազգի աշխատաւորութիւնը, ազատւելով ազգային հալածանքի ու ազգային ինքնապաշտպանուպեան մղձաւանջից, կազմակերպւում է զուտ դասակարգային կռւի համար, ուժեղացնում է ամբողջ երկրի աշխատաւորական սօցիալիստական շարժումը, դիւրացնելով տիրող ազգի աշխատաւորութեան միջազգային աշխատաւորութեան ազատգրման գործը։

Այո՛, աշխատաւորութեան շահը հրամայօրէն պահանջում է ոչնչացնել ազգային հալածանքը. ազգային կռիւներն ու ներհակութիւնները։ Միայն վերացնել ոչ թէ ջնջելով հակառակորդի ազգութիւնը, ինչպէս այդ պահանջում է բուրժուազիան կամ բուրժուական նացիօնալիզմը, այլ ոչնչացնել հալածանքը, վերացնելով հալածանքն իսկ, ջնջելով ազգային կռիւը եւ տեղը դնելով ազգերի համերաշխութիւն եւ ինքնավարութիւն։

Այսպիսով՝ բուրժուական նացիօնալիզմին դէմ է դուրս գալիս աշխատւաորական նացիօնալիզմը, որի սկզբունքն է ազգերի համերաշխութիւն, ազգերի եղբայրական կենակցութիւն, ինքնավարութիւն եւ դաշնակցութիւն։ Նա պահանջում է վերացնել ազգային հարցը, տալով ամէն ազգի լայն ազգային ազատ իրաւունքներ. չը ջանալ կլանել նոյն իսկ ամէնաչնչին ազգային միութիւններն, այլ թողնել նրանց ինքնուրոյնաբարզարգանալու, աշխատելով բոլոր ազգերի ներսում կազմակերպել աշխատաւորներին ընդդէմ կեղեքումի եւ կռւի մղել յանուն սօցիալիզմի։

Աշխատաւորական ազգայնութեան եւ միջազգայնութեան հիմնական սկզբունքն է «leben und beben lassen» «ապրել եւ թողնել ապրելու» բոլոր ազգերին իբր ազգ, մտածելով լոկ դասակարգային կռւի մասին։



[1]            Եթէ մենք ասում ենք, որ վարչական եւ օրէնսդրական ապակենտրոնացման գլխաւոր հիմքերից մէկն էլ զագերի բազմազանութիւնն է, իհարկէ դա չի նշանակում։ որ ուրիշ հիմքեր չը կան. մանաւանդ դա չէ նշանակում, որ եթէ մի ընդարձակ պետութեան մէջ ապրի լոկ մի ազգ, այդ պետութեան վարչութեան եւ օրէնսդրութեան մէջ թագաւորելու է անշուշտ ցէնտրալիզմը։ Միեւնոյն ազգի այս ու այն գաւառում ու նահանգում ապրող մասերի շահերը թէ նիւթական, թէ մտաւոր, բարոյական ու գեղասիրական, պահանջում են կրկին ապակենտրոնացում։