Կարմիր օրեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ա.

Մենք փախչում էինք… գնում էինք այգիներվ, ուր՝ անթափանց խաւարը իր կատարեալ զօրութիւնը հանդէս էր բերել, ծառեր, թփեր, որդերի թումբ-բեանակներ ասես դեւեր լինէին, որոնք թշնամու հետ միացած մեզ էին հետամուտ լինում… ա՜խ, ի՜նչպէս վատ է լինում կռուից յետոյ խաւար գիշերը։ Մթութեան միջից, կարծես դարանակալ թշնամիները քչփչում լինէին, ծառերի քամուց տարուբերուիլը, տերեւների մեղմ սօսափիւնը հէնց իմանաս մարդկային լռիկ խորհրդակցութիւն լինէր. շտապելուց ընկնում, սայթաքում էինք, կարծես մէկը յետեւից մեզ չէր թողնում, կամ մի ուրիշը դիտմամբ խոչնդոտ քար էր նետում մեր ուղիի վրայ ու ընկնելով կանգնելով առաջանում էինք։ Մեր Շատխու գիտոսիկներն [1] են ասել չինես չկայնես, մարդ չես էլնե։

Կռիւ սկսելու օրից, բացի կռուողների ծնողներից եւ նրանց այլ մերձաւորներից, մնացած հայ հասարակութեան մեծագոյն մասը ապաստանել էր Պարսից, Անգլիացոց եւ Ռուսաց հիւպատոսարանները, բողոքական եւ կաթոլիկ միսիօնարների շինութիւնների եւ սրանց անմիջապէս յաջորդող այլ հիմնարկութիւնների ու այգիների մէջ։ Բազմութեան ամենամեծ մասը լցուել էր բողոքականների ընդարձակ բնակարաններում եղած թագստոցներում ստորերկրեայ ջրանցքներում, ու աւերուածականներում։

Դրութիւնը ճգնաժամային էր։

Պահապան հրեշտակները, յոյս ու ոգեւորութիւն ներշնչող քաջերը հեռացել էին։ Ո՞վ պիտի պաշտպանէր անզէն ժողովուրդը, երբ բռնապետութիւնը, բարբարոսութիւնը այս անգամ էլ դրժել էր իր խոստումը։ Բռնապետութիւնը խոստումի սրբութիւն չի ճանաչում։

Հայաբնակ բոլոր թաղերը ամայացան, կենդանի շունչ չկար բացի անտիրական անասուններից, որոնք զգալով դրութեան սոսկալի տարօրինակութիւնը՝ ասես տխրել ու տրտմել էին։

Սարեր-քարերն անգամ տխուր էին։

Մարտից յետոյ՝ մարտավայրը ահալի կլինի։

Այդ գիշեր, որ կիրակնամուտ էր, երկնքի աչքերը կուրացել էին, երկիրը փորձում էր նրա տեղը բռնել, ճրագներ վառել, հրդեհուած տները դեռ ծխրկտում էին, երբեմն հրեղէն ժայթքումներ վեր-վեր էին բարձրանում՝ գալարուելով ալեկոծ ծովի փոթորկոտ ծոցում խեղդամահ եղողի նման, պէծին պէծին կայծիկները թռվռում էին խաւարի մէջ, ուր դարձեալ ընկնում ու հանգչում էին։

Թշնամին էլի չէր դադարում հրացանաձգութիւն անելուց. սեւ էր էն գիշերը։

Կիրակին լուսացաւ։

Թշնամին թէեւ գիտակ յեղափոխականների քաղաքից հեռանալուն, բայց էլի՛ սիրտ չէր անում ներքին թաղերը մտնել, թալանում էին իրենց տիրած թաղերը եւ հրդեհում անխնայ։

Վախեցողի համար սպասողական դրութիւնը ամենասոսկալին է, մանաւանդ երբ նա իրեն բոլորովին անպաշտպան է զգում, եւ գլխին գալիքը ստուգապէս չգիտէ։

Այժմ գնանք փախստականների մօտ, նրանց բազմութեան ապաստարան բողոքականների տունը։ Երէկ մենք հարսանքաւորներ էինք, այսօր յուղարկաւորներ, չէ՛ որ սրանք միշտ միմեանց յաջորդում են առանց ժամանակը գիտենալու։

Ի՞նչ է այս։

Բակեր, պարտէզներ, մարգեր, անցքեր, առուներ եւ նոյն իսկ պատեր ծածկուած են խայտաճամուկ մի բազմութեամբ. ա՜յնպէս են լեցուել ու միմեանց վրայ ճխտուել, որ ասեղ գցես գետին չի ընկնի։ Տեսարաններ ա՜յնքան շատ, աղմուկ ու ժխոր ա՜յնպէս խլացուցիչ, որ աչք չգիտէ որի՞ն նայէ, ականջը՝ որի՞ն լսէ։

Բազմութիւնը ծփում է։

Մէկին լացը, միւսի՝ ճիչը, երրորդի՝ հեծկլտոցը, չորրորդի՝ հառաչանքը, հինգերորդի՝ վայնասունը, խմբական ողբը որոտում ու գոռում է, ասես մի երկիր են թաղում, իսկ մերթ մերթ, որպէս մի զիլ զանգակ, հնչում է մանրիկների աղաչական աղաղակները, մայրի՜կ հաց տո՜ւր, հայրի՜կ պապէրն ո՞ւր է, աղաղակներ, որոնք կայծակի պէս շեշտակի մտնելով մարդու ականջների մէջ, տժժալով մտնում են նրա գլուխն ու սիրտը։

Կենդանի, բայց կիսամեռ մարդիկ, բոկոտն, կիսամերկ, որպէս երկրասասան շարժից հիմնայատակ մի հսկայ քաղաքի աւերակներ, ընկել են միմեանց վրայ, հէնց գերեզմաններից նոր դուրս եկած մեռելների նման, դէմքերը իսպառ դեղնած կամ կապտած, աչքերը խորն ընկած ու ջրակալած, ձեռները խաչած ու կծկած կուրծքի վրայ, գլխակախ, իսկ սրտերը, ա՜խ սրտերից արիւն կերթայ… Զուլո՛ւմ, քո տուն պրիշակ։

Ի՞նչ պիտի լինի, մենք իսկի չգիտենք։

Մէկ աչք արեւելք Վարագի բարձունքին ուղղել, երանի են տալիս էնտեղ թառած քաջերին եւ ցանկանում սրտի ամբողջ կորովի փափագով գնալ միանալ նրանց, գոնէ նրանց հետ մեռնելու գերագոյն երջանկութիւնը ունենալ։ Մէկ աչքը մեր շրջապատն է մնացել, ականջների հետ անհամբեր եւ երկչոտ սպասողութեամբ, թէ երբ կը շարժուի թշնամին, ե՞րբ կը գայ նա, ի՞նչ կանէ, մենք ի՞նչ պիտի անենք, ահա՛ հարցեր եւ անտանելի հարցեր։

Վա՜յ, հազա՜ր վայ, էն ժամին։

Ահա երեւաց պատուելին Դօկ. Ռէյնօլդսը, որ աւելի քան զբաղուած էր իսկական հաւատացեալներին եղբայրներին սենեակներում եւ աւելի լաւագոյն տեղերում պահելու՝ նրանց հանգիստ տալու գործով։ Ահա նա, ինչպէս մեզանում սովորութիւն է ասել՝ երկճիւղ միրուքը քամուն տւած, խորն ընկած աչքերը պլստած, մէջքը քիչ կռացած՝ եկաւ շրջելու, բայց նա մինակ չէ. երկու զինուոր էլ ունի իր հետ, որոնց կարմիր ֆէսերը է՛լ աւելի սոսկալի են քան իրենց դաժան դէմքերը, ի՞նչ կայ, իւրաքանչիւր ոք հարց է տալիս, պատուելին ի՞նչու է զինուորներով ման գալիս իր սեպհական տան մէջ։

Եկաւ նա, խաղաղութեան, ապահովութեան աւետի՞սն է բերել, թէ՞ նոր դժբաղդութեան, նոր սարսափների բօթը. նա աւետաբեր չէր։

Ու սկսաւ նա, պատուելիներին յատուկ, իբր թէ հեզահամբոյր մի տօնով. «Ձեզ եմ ասում հայեր, ձեր մէջ աւազակներ, երկնից անէծքին ու պատուհասին արժանի յեղափոխականներ կան, որոնք պատճառ դարձան այսքան անմեղ արիւնհեղութեան, նրանց ցոյց տուէք եւ կամ դուրս արէք, ապա թէ ոչ ձեզ բոլորիդ էլ կը կոտորեն, մենք անկարող ենք այդ դէպքում ձեզ պաշտպանել»։ Սաստկագոյն սոսկումը տիրեց, դարձեալ ծայրայեղ բարբարոսութեան մի խաղ, մի մարդակեր խաղ, որն՝ աւա՜ղ, Սաադէդդինի հետ խաղում էին Անգլիական հիւպատոսը եւ պատուելի Ռէյնօլդսը։

Այդ ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմեցին նրան ասելով՝ «Յեղափոխական կռուողներ հրէ՛ն Վարագայ սարումն են. այստեղ խաղաղ մարդիկ ենք, ձեր պաշտպանութեանն ենք ապաստանել»։

Անցաւ մի քանի ժամ։

Յունիսի միջօրէի արեւը խաշում էր, բացօդեայ հասարակութիւնը տապակւում էր բորբոքուած կրակի վրայ եռացող կաթսայի նման, վերեւից արեւ, կողքերից կենդանական տաքութիւն, տակից ջերմութիւնը, օ՜հ անտանելի էր, երանի՜ մեռնող ազատուողներին։

Ապա քաղցածութիւնը ու ծարաւի պապակը։

Երկինքը, որ բաց աչքերով, անծածկոյթ ու անվարագոյր այս թշուառութիւնը տեսնում էր, իսկի չէր էլ ամաչում։

Խուզարկութիւն կայ, շշնչում էին մարդիկ, փսփսում էին միմյանց ականջներին։

Էլի՛ եկաւ պատուելին, հիւպատոսի եւ մի խումբ զինուորների հետ, ու սկսեց նախնական խուզարկութեան։

Սկզբում հետամուտ եղան երիտասարդներին ու պատանիներին, եւ նրանց մտրակների ու սուինների հարուածների տակ դուրս վռնտել սկսեցին։

Գուժկան խուզարկուները շրջում էին շտապ շտապ, հսկայական մարդակոյտը աւելի աղմկելով ու վրդովելով. երբ թնդանօթի բոմբիւնը ու նրա գնդակի պայթիւնը որոտաց, ցնցուեց աղմկւող ամբոխը եւ դողա՜ց, կանանց լացով ու փոքրիկների աղիողորմ ճիչերով արձագանգելով հրանօթի գոռումին։

Այժմ սկսեցին ժողովել հասակաւոր տղամարդկանց, որոնց հիւպատոս ու պատուելին առաջարկեցին ստորագրել մի ուղերձ, մատուցանելու յոտս Նորին Արքայական Բարձրութեան Օգոստափառ Սուլթան Համիտի գահոյքին. այդ ուղերձում, ինչպէս ընդունուած է, Աստուածային ոյժ ու կարողութիւն, առողջութիւն եւ կեանք խնդրուած էր հայրախնամ Կայսեր, ապա անհուն շնորհակալիք Սաադէդդինին, որ պատժել էր ապստամբ սրիկաներին եւ աշխատել խաղաղութիւնը վերականգնել։ Թնդանօթի կապելու, եւ մէկ-մէկ կտրտելու սպառնալիքի տակ, ստորագրել տուին շատերին եւ գոհ սրտով երկու հրէշները վզզացին Սաադէդդինի մօտ, դարձեալ նոր բան բերելու։

Շատերն արդէն սկսան հանգստանալ, ասում էին է՛լ բան չի լինելու։ Բայց սխալւում էին։

Բ.

«Տասից ութսուն տարեկան բոլոր արուները դուրս մեր շրջապատից, շո՜ւտ, ապա թէ այստեղ կը գան բոլորիդ էլ կը կոտորեն, արունե՜ր դուրս, արունե՜ր դուրս»։

Գուժկանը կանչեց, սուինները շողշողալով պտտել սկսան օդի մէջ, մտրակները օդում գալարուելով շուացին, հրացանների կոթերը ուժգին հարուածներով շրփպացին, ծեծում էին անխնայ ու դուրս խրկում, բարձրացաւ անպատմելի ողբ ու կոծ, մայրերը չէին բաժանւում զաւակներից, քոյրերը՝ եղբայրներից, նորահարսերը՝ փեսաներից, միմեանց ճտովն էին պլլւում, Պատուելու ոտներն էին ընկնում, համբուրում, գետնի հողը գլխներին շաղ տալիս, ախր ի՞նչպէս բաժանուէին։ «Ա՜ման Աստուած, դո՛ւ մեզ խղճա, ի՜նչպէս թողնեմ ազիզ բալէս, թարլան ջահէլս, աչքիս լոյսը, սրտիս սիւնը, մինակ տանեն գէլու բերան, չէ՛, չե՛մ թողնի՛, ես էլ կը գնամ, ինձ էլ, ինձ քամբախտիս էլ, տնաքանդիս էլ տարէք», աղաղակում էին մայրերը, գետին փռուած, հողը չանկռտելով։

Բոլորը անիծում էին, ճիտ էին հանում նրանց գուժկանների յետեւից։

Ճարպիկ կանայք վերմակ-դօշակի ծալքերում փաթաթում ու պահում էին իրենց սիրելիներին, իսկ շատ կիներ անհուն արհամարհանքի մի հայեացք ձգելով հալածողների երեսին՝ հեռանում էին իրենց սիրելիների հետ։

«Աւելի լաւ էր դրսում ընդարձակ ու ազատ դաշտում սպանուել»։

Սուիններ ու մտրակներ շարունակում էին հարուածել, չարոգիների ցուցմամբ։

Արուները բոլորը դուրս էին արուած։

Վռնտուածների մի քանի խմբեր ուղղուեցին դէպի Վարագայ։

Վարագ գնացողների մեծագոյն մասը, բաց դաշտում թշնամու շրջուն հրոսակներին հանդիպելով Կարմրւորի տակ, Սօսօի լճեր, Սուրբ-խաչ, Շուշանց, Կուռուպաշ ու Չռիկ աղբիւր՝ գտան ամենասոսկալի վախճան։ Կիսամեռ ու վիրաւոր արեւի կիզիչ ճառագայթների տակ, գետին չանկռտեցին, իրենց արիւնը լկեցին, մա՜հ կանչելով։

Արեւն վախից փախաւ, շտապելուց քրտնեց նա, սիրտը թունդ ելաւ. հեւ ի հեւ վազելէն երկինք սեւ կապեց, ու ահեղ ձայնով որոտալ սկսաւ, ատամները կրճտացրեց, կայծակներ թռան, աչքերը բացեց՝ փայլակներ սուրացին, դարձեա՜լ որոտաց, էլի շփշփաց, կրկին գփգփաց ու կատաղութիւնից լաց եղաւ, արցունքի գայլակները չռչռացին, ապա կարկուտի հետ չխչխկալով թափուել սկսեց, ինչո՞ւ էր լալիս երկինքը, ա՜հ նրա կոկորդիլոսի արցունքը, որ անխնայ եւ անխորհուրդ, բացօդեայ ու անծածկ բիւրաւոր փախստականներին, թրչելով տուզ-մուզ՝ էլի գոհ չեղաւ, թշնամու պակասը իր կարկուտի գնդակներով, լրացրեց։

Գ.

Երկուշաբթի առաւօտ, թշնամին հաւատարիմ իր խոստում դրժելու սովորութեան, հարիւրաւոր խմբերով, էշերի, ձիերի եւ եզների մի ահագին բազմութեան ընկերակցութեամբ խուժեց այս անգամ անբնակ ու անպաշտպան թաղերը թալանելով ու կողոպտելով պատահած իրը, ջարդելով ու փշրելով դռներ, պատուհաններ, եւ դժուարատար ամաններ։ Կէս օրից յետոյ նրանք հասան Նորաշէն, Անգլ[իական] հիւպատոսի տան մօտերը։ Անգլ[իական] հիւպատոսը կարմիր ֆէս գլխին կտուր բարձրացաւ ու սկսեց գնդակահարել հեռացող խմբերին։

Երեկոյեան դէմ, երբ խուժանը իր գործը տեսել-պրծել էր, երբ բան չէր մնում անելու, մինչեւ այդ ժամ թալանողներին առաջնորդող զօրքերը, յանկարծ խուժան հալածող դարձան, եկաւ եւ Սաադէդդինը բազմաթիւ ձիաւոր հետեւորդներով։ Սաադէդդինը հրճուելով ձիով տեսաւ իր աւերը, իր սխրագործութեան արդիւնքը, երբ վերջին անգամ դարձեալ կատարեալ չեղաւ նրա հրճուանքը, նա դարձեալ ստիպուեց տեղի տալ, անհնար լինելով ճանապարհը շարունակել, առակերտ պատնէշներից, նա ցած իջաւ ձիից եւ ոտով շրջեց։ Նա ուշի ուշով հետեւում էր դիրքերով եւ պատնէշներով ամրացած տներին, խուզարկել էր տալիս ու արձանագրում։ Միեւնոյն ժամանակ, նա իսպառ դաժան ու կատաղի, ասում էր որ անհաւատ-անհաւատարիմները թող իրենց տներն գնան, էլ բան չկայ, մենք ներում ենք կայսեր հրամանով։

Դ.

Ըստ երեւոյթին սարսափի օրերն անցան։

Կռիւ-կոտորածի աւերը ահագին էր, բացի մարդկային կոտորածներից, այրուած էին բազմաթիւ տներ, կողոպտուած՝ ամբողջ թաղեր։ Հազարաւորներ անտուն-անտեղ էին մնացել, տասնեակ հազարներ անօթի ու ծարաւ, այս դեռ հերիք չէր, աչքից հեռու գաւառներից՝ կոտորուելուց ազատուած, բայց իսպառ կողոպտուած գիւղացիք, հազարներով քաղաք գալ սկսեցին։

Փողոցները լցուած էին մերկ, վիրաւոր ու քաղցած խմբերով, որոնք այստեղ-այնտեղ խմբուած ուռենիների շուաքում՝ պատմում էին իրենց տեսածը. մի այլ տեղ մայրը որդու վէրքերն էր կապկպում, մէկը հօրը եղերական վախճանն էր պատմում, մի ուրիշը այլ սարսափ էր նկարագրում։

Այրուած թաղերի ընդհանուր պատկերը անտանելի է. մերկ, սեւացած, կիսափուլ պատերը ցից-ցից տնկուել են, հողերն ու մոխիրները մի վայրենի կոշտութեամբ, ծածկել են ամէն բան։ Խանձահոտը, հոտած ջրերը, արիւնաներկ վայրերից բարձրացող չորացած արիւնի գարշահոտութիւնները լցրել են օդը անշնչելի մի ծանր հոտով, ասես, արեւելցու կեղտոտ ու անխնամ սպանդանոց լինի եւ ի՞նչ էր իսկական սպանդանոցը սրա մօտ։

Թնդանօթների, հրացանների պայթիւնների եւ սալաւաթ մարտափողի ձայներից խելռած մեր գլուխները, խլացած ականջները տմտմբում էին, անքնութիւնից դեռ մեր աչքերը չէին բացուել, մենք դեռ կատարելապէս անգիտակ էինք անցած-գնացածին, որը մեզ մի երազ էր թւում։

Անցան օրեր… մենք կամաց-կամաց մեզ գտանք, կատարուածը, կարծած-սպասածից աւելի սարսափելի չէր։

Իւրաքանչիւր հայ մարդ փոքր առ փոքր կարգի էր բերել իր գործը։

Հրդեհուած տների վրայ, աւերակների վրայ վայող բուերի նման, ամէնքն էլ ողբում էին իրենց վնասն ու կորուստը։

Ստիպուած ու ակամայ շուկան բացուեց, առուտուրն սկսեց, կողոպուտներով հարստացած թիւրքը շռայլութեան ծայրայեղ չափերով կենդանութիւն տուեց մեռած առեւտրական կեանքին։

Անթաղ դիակների լէշահոտը ապականել էր օդը, ջրերը, արհեստական աղբիւրների ականների մէջ նետուած դիակները որդնոտելով կեղտոտեցին ջրերը. անքնութիւնը, անհանգստութիւնը, քաղցածութիւնը եւ մշտական վախը ձեռք ձեռքի տւած սկսեցին իրենց աւերը. օրական միջին թուով 20-30 հոգի մեռնում էին տարափոխիկ համաճարակից, այնպէս որ տէրտէրներ անգամ ձանձրացան մեռել թաղելուց։ Եւ մի քանի ամսուայ մէջ պատուհաս հիւանդութիւնը 6000 զոհեր տարաւ։

Այս դեռ բոլորը չէ, ամենավատթարը մնում էր։

Յուսահատ, դէպի ապագայ երջանկութիւնը անհաւատ, եւ այդ երջանկութեան համար բնական նեղութիւններին եւ արհաւիրքներին դիմանալ չկարողացող ժողովուրդը, որոնց փայլուն ներկայացուցիչներից մէկը դժբաղդաբար մեր ժողովուրդն է, դիմում են ստոր՝ ազատութեան ձգտում ունեցողների համար, եւ կորստաբեր՝ սեպհական հայրենիք ունենալ ցանկացողների համար գաղթականութեան։ Մինչեւ աշնան սկիզբը միայն քաղաքից հազարաւորներ փախան, իսկ գաւառները, մանաւանդ սահմանակից Աղբակ, Արճէշ եւ Ալջավազը գրեթէ իսպառ դատարկուեցին։

Թշուառութիւնը գնալով սաստկանում էր, քաղցածութիւնը ծայրայեղ չափերի էր հասնում, գիւղացի փախստականները կամաց կամաց իրենց աւեր գիւղերն էին վերադառնում։

Օգնութեան, նպաստի անհուն կարիք կար։

Խեղճերի, հարստահարուածների իսկական բարեկամը՝ Ամերիկուհի Քըմբըլը հեռացուեց Վանից Կառավարութեան կարգադրութեամբ։

Քաղաքացին, այս բոլոր տանջանքների մէջ, աւելի մտատանջւում էր իր կտրիճ զաւակների վիճակով։

Ի՞նչ եղան տղերքը, ո՞ւր են տղերքը, հարցնում էին ամէնքը։

Ե.

Վան քաղաքը թէեւ ծանր ու թանկագին կորուստներով, բայց պատուով դուրս եկաւ կռիւ-կոտորածից։ Մինչ դժբաղդ գաւառները ենթարկուեցին անլուր գազանութիւնների, որոնց մանրամասնութեան մէջ մտնելը մի աւելորդ կրկնութիւն կը լինի։

Գիւղերում քիւրդերը իրենց սխրագործութիւնները առաջ տարին գրեթէ բոլորովին անարգել։ Դիմադրութեան ու ինքնապաշտպանութեան թոյլ փորձեր եղան Շատախի թաղում եւ Հայոց-Ձորի գիւղերում։ Մինչդեռ եթէ տեղի ունենար լուրջ պատրաստութի՜ւն, գոնէ Ռշտունեան անառիկ լեռների հայաբնակ գիւղերում հրաշքներ կարելի էր գործել։

Այժմ տեսնենք թէ ի՞նչ եղաւ այս բոլոր աղէտների ուղղակի արդիւնքը։

Վան քաղաքում ամէն հասակից ու սեռից սպաննուած էին 600 հոգի, այրուած՝ 500 տուն, երեք եկեղեցին եւ ուսումնարանը։

Թշնամին ունէր 500 սպաննուած եւ 800 վիրաւոր։

Վանտոսպում սպաննուած էին եօթանասուն մարդիկ, որոնց աչքի ընկնող մասը չարաչար մահ գտան Շահ-Բաղի թաղում։

Հայոց Ձորում 900 հոգի։ Այրւում եւ շատ զոհեր են տալիս Ծվատան, Քերց, Անգղ, Կեմ եւ Հնդստան գիւղերը։

Արճէշում 1600 հոգի, որոնցից 350ը կին, եւ 600 երեխաներ էին։ Վնասւում են աւելի Արճէշ եւ Ականց գիւղերը։

Շատախում 300 մարդ, զոհերի մեծ թիւը տուել էին Շատախ-թաղ աւան, Կաճետ, Կազպի եւ Շիտան գիւղերը։

Թիմարում 300 հոգի, Մարմետ, Կիւսնենց, Ալիւր եւ Բոզանց գիւղերը տալիս են մեծ կորուստ։

Վերին-Խօշաբ 70 մարդ։

Ներքին-Խօշաբ 300 մարդ, զոհերի մեծամասնութիւնը Արճակ, Ազարէն եւ Բողազքեասան գիւղերը տուին։ Արճակում միանգամից 150 մարդ եկեղեցում կոտորեցին։

Գաւաշը 400 մարդ՝ Նարեկ, Փշավանց, Նոր-գեղ եւ Մոխրաբերդ գիւղերից։

Աղբակը 50 հոգի։

Չկան թուեր միայն Ալջավազ եւ Կարկառ գաւառներից, իսկ Նօր Դուզ, Մոկս, Կարճկան եւ մասամբ Բերկրի թեթեւ զոհերով ազատուեցան եւ չենթարկուեցան խմբական կոտորածի, շնորհիւ մարդասէր քիւրդ բէգերի։

Ուրեմն ամբողջ Վասպուրականը տուել էր 4640 զոհեր, ասենք 5000 Կարկառի եւ Ալջավազի կորուստով, մինչ անագորոյն հիւանդութիւնը միայն քաղաքում 6000 զոհեր տարաւ, ուրեմն 1000 աւելի, քան օսմանեան բիւրաւոր բաշիբօզուկների, թնդանօթների եւ հրացանների կոտորածը։

Թուանշանները շատ պերճախօս են։

Կոտորածի, համաճարակի պակասը լրացնում էր գաղթականութիւնը։ Ի՞նչ մնաց։





[1]            Շատխու գիտոսիկներ այսինքն Շատախ աւանի գիտուններ, որոնք այստեսակ ասացուածների հեղինակներ են համարւում Վասպուրականում։