Աւարայրի ճակատամարտից դէպի Նուարսակի պայմանադրութիւնը

Հեղինակ

Բաժին

Թեմա

Տնտեսութիւն, ֆինանսներ

Երկրի տնտեսական բարեկեցութիւնը հոգում էր հազարապետը: Նրա իրաւասութեան ոլորտը այնքան էլ պարզ չէ, սակայն աղբիւրների կցկտուր տեղեկութիւններից երեւում է, որ նա էր ապահովում պետական տուրքերի գանձումը: Տուրքերը կազմում էին պետութեան տնտեսական հիմքը, դրանով էր որոշուած այդ գործակալութեան կարեւորութիւնը: Հարկատու շինականները ենթարկւում էին անմիջապէս այդ նոյն հազարապետին: Գնունի ազգի մասին խօսելիս, որին յանձնարարուած է եղել հազարապետութիւնը, Փաւստոս Բուզանդը նշում է՝ հազարապետը, ցուցաբերելով աշխարհատես խնամակալութիւն, հանդէս էր գալիս որպէս շինականաշէն [տե՛ս Փաւ. Բուզ., էջ 76 ]: Հազարապետութիւնը ամէնից բարձր պաշտօններից մէկն էր. Եղիշէ պատմիչի աչքում հազարապետը եղել է ինչ-որ իմաստով ազգի հայր վերակացուն [Եղ., էջ 23. 8-9]: Տիրան թագաւորի օրօք հազարապետի պաշտօնը ստանձնել էր Անձիտի իշխան Վաղարշակը, Արշակ Երկրորդը հազարապետութիւնը յանձնեց Գնունի տոհմին: Մաշտոցի երիտասարդութեան տարիներին հազարապետ էր Առաւանը, իսկ Ե դարի 40-ական թուականներին պարսիկները հեռացրին այդ պաշտօնից Վահան Ամատունուն (որը շուտով դարձաւ 450-451 թթ. ապստամբութեան ամէնից ակնառու մասնակիցներից մէկը):

Հազարապետի պաշտօն եղել է նաեւ Պարսկաստանում, բայց այնտեղ այդ ծառայութիւնը աւելի լայն բնոյթ է կրել: Աշխարհիկ վարչութեան ոլորտում Պարսից հազարապետը եղել է, ըստ երեւոյթին, թագաւորից յետոյ առաջին դէմքը: