Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՒԵԼՈՒԱԾ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԼԿՈԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

 

«Ալկոլը մեր օրերում աւելի աւերումներ է գործում, քան թէ այս երեք պատմական աղէտները՝ սովը, ժանտախտը եւ պատերազմը։ Ալկոլը՝ սովից ու ժանտախտից աւելի է կոտորում, պատերազմից աւելի սպանում. սպանելուց աւելին է անում, անպատւութիւն է բերում»։

ԳԼԱԴԸՍՏԸՆ

Թաւրիզում 1899 թ. Մայիսի 1ին կազմւած է Հակալկոլական Ընկերութիւնը, որի նպատակն է հասարակութիւնը՝ ալկոլի պատճառած անհատական, ընտանեկան եւ ընկերական չարիքներից փրկել։

Ընկերութեանս հետզհետէ հրատարակելիք բրօշիւրներից [1] արդէն ընթերցողները պիտի համոզւին թէ՝ ալկոլը հասարակական մեծ չարիք է պատճառում մարդկութեանը, վտանգելով նրա անդամների առողջութիւնը, քայքայելով բարոյականութիւնը եւ առաջացնելով տնտեսական կործանում։

Ալկոլամոլներն եւ նրանց այլասեռւած սերունդներն են, որ լցնում են բանտերը եւ յիմարանոցները. սրանցից սերւածների մեծ մասը դեռ եւս չը ծնւած եւ կամ ծնւելուց քիչ յետոյ մեռնում են, իսկ ապրողներն էլ ենթակայ են լինում զանազան վտանգաւոր եւ մահացուցիչ հիւանդությունների։ Վերջապէս, ալկոլականութեան պատճառով ծննդաբերութիւնները նուազում են եւ սերունդներ այլասեռւում... ։

Ընկերութիւնս իր Կանոնադրութիւնը հրատարակելով, հրաւիրում է Պարսկաստանի Հայ հասարակութեան ողջամիտ եւ հեռատես մասը, ամէն տեղ նոյն նպատակով Մասնաճիւղեր կազմել մեզ աջակցելու ալկոլականութեան դէմ մղւած կռւում։

Մասնաճիւղերը վարում են իրանց գործերը կենտրոնից բոլորովին անկախ, համաձայն մեր հիմնական կանոնադրութեան. սակայն միեւնոյն ժամանակ բարոյական պարտականութիւն ունեն նիւթապէս օգնելու կենդրօնական վարչութեանս հարկէ իրանց միջոցների ներած ներած չափով եւ տեղական մասնաւոր ծախքերը հոգալուց յետոյ) որպէսզի կեդրօնը դիւրութիւն ունենայ բրօշիւրներ, եւ այլն հրատարակելու, հարկաւոր գրքեր ու պատկերներ գնելու թէ Մասնաճիւղերին եւ թէ հասարակութեան ձրիաբար ցրւելու համար։

Մասնաճիւղերը կազմւում են 10 տարեկանից վեր եղող անդամներով, առանց սեռի, կրօնի եւ ազգութեան խտրութեան, եւ որոնք կունենան իրանց Վարչութիւնները։ Մասնաճիւղերի վարչութիւնները պարտաւոր են առնուազն վեց ամիսը մի անգամ իրանց գործունէութեան մասին տեղեկութիւններ հաղորդել Թաւրիզ կենտրօնական վարչութեանը։

Մասնաճիւղերը կունենան իրանց անունները այսպէս Պարսկաստանի հակալկոլական ընկերութեան. . . . . [2] Մասնաճիւղ եւ Ֆրանսերէն այսպէս՝ Société Antialcoolique de Perse Section de . . . . . [3]

Նորակազմ Մասնաճիւղերը պարտաւոր են իրանց կազմւած լինելը անմիջապէս յայտնել կենտրօնական Վարչութեանս։

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Նախագահ ԴՈԿՏ Կ. Յ. ՓԱՇԱՅԵԱՆ

Քարտուղար ՌԱՓԱՅԷԼ ՄՈՎՍԷՍԵԱՆ

Գանձապահ Ս. Գ. ՈՒԻԼՍԸՆ

Անդամ ՏԻԿԻՆ ՍԱՆԷՄ ԾԵՐՈՒՆԵԱՆ

Անդամ ՅՈՆԱՆ ԴԱՒԹԵԱՆ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆ

1 Խոստանում ենք մեր կենաց տեւողութեան ընթացքում բնաւ երբեք ալկոլ պարունակող որ եւ է ըմպելիք չը խմել։

2          Մեր հիւրերին, ծանօթներին, բարեկամներին եւ ազգականներին, թէ մեր տներում եւ թէ այլ վայրերում բնաւ երբեք ալկոլ պարունակող ըմպելիներ չը մատակարարել։

3          Համոզել ուրիշներին, որ ընկերութեան անդամակցեն։

4 Ալկոլականութեան չարիքները եւ նրա տարածումը արգիլելու համար պրօպագանդա անել, թէ խօսքով, թէ յօդուածներով եւ թէ ալկոլի դէմ ճառող գրքեր ու բրօշիւրներ հասարակութեան մէջ ձրիաբար տարածելով։

5 Որքան կարելի է ջանալ համոզելու մեր ծնողներին, բարեկամներին եւ ծանօթներին, որ տներում գինի, արաղ եւ մաստիկ չը պատրաստեն եւ ուրիշ ոգելից ըմպելիներ՝ ինչպէս կօնեակ, րօմ, գարեջուր, զանազան լիքէօրներ, եւ այլն չը մտցնեն իրանց տներում։

6 Համոզել հասարակութիւնը, որ հարսանիքներում, տօներում, երեկոյթներում, անւան տարեդարձներում, թատրոններում եւ այլ հասարակական վայրերում ալկոլ պարունակող որ եւ է ըմպելի չը մատակարարեն եւ հանդիսականներին չը վաճառեն։

7 Ստիպել կրթական գործիչներին, որ դպրոցներում ալկոլի վնասները աշակերտներին բացատրեն եւ նրանց մէջ կազմեն հակալկոլական ընկերութիւններ։

8 Բնաւ երբեք մեր այս խոստումը չը դրժել, եթէ դրժելու լինենք, ընկերութիւնը իրաւունք ունենայ մեզ ընկերութիւնից արտաքսելու եւ ամէն ընկերական ու բարեկամական յարաբերութիւն դադրեցնելու։

9 Առանձին պարտականութիւն համարել անդամների վրայ փոխադարձ հսկողութիւն ի գործ դնել եւ խոստմնադրուժ անդամների անունները վարչութեան հաղորդել։

10 Հակալկոլական գրքեր եւ բրօշիւրներ հրատարակելու եւ հասարակութեան մէջ ձրիաբար տարածելու համար հասոյթի միջոցներ հայթայթել, առանց անդամավճար նշանակելու. միայն կամաւոր նուէրներ ընդունել։ 

 

«Ալկոլը ոչ առողջութիւն է տալիս, ոչ ոյժ, ոչ տաքութիւն, ոչ ուրախութիւն, այլ միայն չարիք է պատճառում։ Ամէն խելացի եւ բարեկիրթ մարդ պարտաւոր է ոչ միայն ինքը չը գործածել ոգելից ըմպելիներ, այլ եւ իր բոլոր ոյժովը ուրիշներին հեռացնել այս թոյնից»։

ԼԷՕՆ ՏՕԼՍՏՕՅ

 



[1]            Արդէն 1 բրօշիւրը տպագրութեան յանձնւած է։

[2]            Քաղաքի անունը պէտք է դնել, օրինակ Մարաղայի ---

[3]            Քաղաքի անունը պէտք է դնել, օրինակ Մարաղայի ---