Հայրէններու բուրաստանը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏԱՍՆԵՒՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՂԱՇԱՐՔ

 

Ա.

Ա՜յ իմ փոքրիկ  շամամ, քո ծոցուդ, ա՜մ, ե՞րբ տիրանամ.

Քո ծոցդ է ի ծով նըման, ծովըն դեղ կ՚ասեն ի ջերման.

Փոքրիկ մրտեմնիկ լինամ ու մտնում ի ծոցդ ու լողամ,

Ծովերուդ ալ դուրս ելնում՝ ուներուդ շուքըն քընանամ։

 

Բ.

Զան իր խորոտիկ սուրաթն եմ տեսել ու հայրան եղել.

Զերեսս ի ծըծին միջին քանի՜ վար եմ թաւլեցուցեր.

Կ՚ասեմ թէ՝ Նազ մի՛ աներ, չիկարնաս դու յիսնէն ուժեղ,

Տըւել եմ քեզ հանց շարպաթ, որ զպասրաթ ու խելքդ է տարել։

 

Գ.

Կ՚ասեմ թէ՝ Սիրէ՛ դու զիս, մի՛ իմ սիրտըս ճըկըրցընել.

Թէ չէ գնաս լալով ի շուրջ, չըկարնաս զիս հաշտեցընել։

 

Դ.

Քո սէրդ է արիւն եղել, հաւսար իմ երակս է մըտել.

Անձիկդ ալ ի ժուռ եկել ՚ի հոգուս մէջն է դուրացել։

Ասի թէ քաշեմ դանակ, արիւնիս ասեմ՝ Արի՛, ե՛լ։

Մարդ իր դանակ ո՞նց քաշէ կամ հովուն ասէ՝ Արի՛, ե՛լ։

 

Ե.

Հաւսար ի ճօշք են առել ՚ւ ի ոտանց կամին զիս ուտել,

Ալ ղալապ բան չեմ արել, իմ սրտովս ի եար եմ սիրել.

ԹԷ շատ թէ ի քիչ ջանամ, զինչ Հախն իմ ճակատս է գըրել.

Զայս մէկս ալ կամիմ սիրել, թէ հաւսար ի ճօշք են առել։

 

Զ.

Չեմ ըզքեզ նենգով սիրել, չեմ ի քո հաղըդ վատ արել.

Արեւն որ ամէն ալամ է ցաթել, քեզ եմ կամեցել.

Գիտես թէ ծարւած եմ ես կամ աղբիւրդ ի ջուրն եմ եկել.

Աս պահս ի գետէն կուգամ, լօք տե՛սըդ եմ կարօտել.

Իսկի կու կարնա՞ս գիտնալ թէ քանի՜ ինձ ես պիտացել.

Երեսըս գուն չեմ բերել ՚ւ ամօթուտ աս հալն եմ ընկել։

Ղալտել եմ ու խօսք ասել նայ խայեալ է քեզ թըւեցեր,

Իմ վըրայ ղամ մի՛ բռներ, քո սէրն ինձ խելք ե՞րբ է թողել։

 

Է.

Ա՜յ սարեր, ա՜յ ձորեր, գիտացէ՛ք, եար եմ կորուսել։

Ա՜յ քարեր, ա՜յ թըփեր, աճապ ի ձեզ չէ՞ եկել.

Ա՜յ քարէ կարմընջնի, ի ձեզ չէ՞ անցել.

Զիս ի քուն թողել ելեր գընացեր։

 

Ը.

Դէմ առաւօտուն լուսուն ես ի ձեր երդիքըն եկել,

Գլխակս ալ ի վար դըրել, լօք մըրափըն զիս է տարել,

Սունն ալ ի գերանն ասել՝ Սիրոյ տէրն երդիքն է եկել.

Քանի իմ մարն զիս բերել, ես փատէ խամազ չէյ տեսել.

Փատն ալ  ի մորին բուսել, խանմզութիւն ո՞ւստից է ուսել։

 

Թ.

Ա՜մ, երեսդ է՞ր է դեղնել ՚ւ երեսիդ գունըն գընացեր.

Գէմ քո եարըն չէ մեռեր կամ օտար երկիր գընացեր.

Թէ ես լամ նա հաղ ունիմ, որ գիտեմ ի՛նչ եմ կորուսել.

Կորել է հոգուս հոգին անհոգեկ ես եմ մընացել։

 

ժ.

Երեսդ է լուսին նըման ու զիլֆերդ ի ղատիր գիշեր.

Քընքեր բեհեշտի խնծոր ՚ի ծովուն տըւած քեզ աչեր.

Ուներ կեռումեռ ունիս, թուխ աչեր, թարթիչդ է նետեր.

Բերանդ է լալէֆըշան, մէջն ի լիք է մարգըրիտներ։

 

ԺԱ.

Բազայ մի որդան փոկով կու որսար զորսըն ցորեկով.

Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչուին ճոթերով.

Կաքաւն ի բազան ասաց՝ Մի՚ որսար զորսըն ցորեկով.

Ես չեմ ցորեկուան որսիկ, զիս որսա՛ մութըն գիշերով։

 

ԺԲ.

Իմ կուլ ու մուրտ ու ճիհան, ՚ւ ի ծոցդ է բուսեր ըռահան.

Երկու ծամ ղեղձան ունիս, ի դնչիդ մէջըն կայ նըշան.

Զուներդ ալ իլղար արել ու կ՚երթաս ի Մսրայ թալան.

Շատ ու շատ գերի բերես, շատ խօճա ու շատ պազիրկան.

Գերիս ալ ի հետ բերիր ձըգեցիր ի ծով ի զնտան։

 

ԺԳ.

Դեղնել եմ խնկիդ նըման, գունատել եմ զէտ ըզաֆրան.

Ասցին թէ դուն դեղ ունիս, տո՛ւր ինծի որ կենդանանամ,

Թէ չէ կու մեռնիմ գընամ, ու գան քեզ ասեն մարդասպան։

 

ԺԴ.

Հառչեմ նայ կուգայ արիւն՝ աղուորին իր շատ արեւուն.

Հառաչն ի յերկինքն ելեր՝ երկընուց ի վար կուգար ձիւն.

Ամռով ձիւն ո՞վ է տեսել որ կուգայ ի մանուկ մարդուն,

Չգիտեմ թէ ի՞նձ մէն կուգայ թէ կուգայ հաւսար ամէնուն։

 

ԺԵ.

Ահա նշանեցաւ երկինք ու գետինք վանց լուսանալու.

Իմ եարս ի ծոցուս ելաւ, լօք եդիր երես գընալու.

Ձեռկունքս ալ առաջ տարայ բռնելու վանց արգիլելու.

Զերդումն ի բերանն էառ՝ Գընալու եմ, չեմ կենալու։

 

ԺԶ.

Ասցի թէ երթամ հեռու ու կտրի սրտիկս ի սիրու.

Ոնց որ գընացի հեռու, լօք դարձաւ կըրակն ի նորու.

Ում որ կըրակ պիտենայ, գայ տանի սրտէս վառելու.

Ում թէ որ չիք պիտենայ, շատ տանի՝ զանձիկն երելու։

 

ԺԷ.

Քանի՜ ու քանի՜ ասեմ թէ՝ Աչուիդ ծարուր մի՛ լընուր,

Ու զայս իմ կարմրուկ արիւնս առ ճերմակ շլինքըդ մի՛ առնուլ.

Գընալ ու գընալ կ՚ասեմ, ատ քո շատ ի սէրդ չի թողուլ.

Թէ նուշ թէ շաքար կ՚ուտեմ, առանց քեզ չի երթալ ի կուլ։

 

ԺԸ.

 

Աչկո՛ւնք, ծըրարեմ ըզքեզ կըրակով՝ որ երթաս երիս.

Լեզո՛ւ, ա՛լ կտրեմ ըզքեզ սուր դանակով՝ որ ա՛լ չիխօսիս.

Սրտի՛կս, ա՛լ դանակ ածեմ, արընին մէջըն թապըլտիս.

Երբ սապռ ու համբեր չունիս, սիրոյ տէր ինչո՞ւ կու լինիս։