Խրիմեան. Կենսագրական տեսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

I

Վանի Այգեստան կոչված արուարձանում, գլխաւոր փողոցներից մինի վրա, շատ հին ժամանակներից սկսած մինչեւ այժմ էլ կայ մի տուն, որ կոչւում է Կրըմցոց տուն։ Դա մի յարկանի, աղիւսաշէն տուն է, փոքրիկ վանդակապատ պատուհաններով. նրա առջեւից հոսում է փոքրիկ առուակը եւ սնունդ տալիս շարքով տնկած ուռենիներին։

Ահա այդ տան մէջ է ծնվել, մեծացել Մկրտիչ Խրիմեան, իր մանկութեան անհոգ օրերը անցկացնելով գեղեցիկ ուռենիների տակ, կարկաչահոս առուակի մօտ։

Կրըմցոց ընտանիքը յարգված ընտանիք էր Այգեստանում, մանաւանդ Խրիմեանի հայրը եւ հօրեղբայրը։ Հօրեղբայրը, որի անունը Խաչատուր էր, մի շնորքով վարպետ էր, գործում էր կտաւ եւ հագուստի ուրիշ կտորներ. իսկ հայրը պարապում էր առեւտուրով, վաճառահանելով Վանի զանազան գործուածներ։ Նա իր ապրանքը տանում էր գլխաւորապէս Կըրիմ կամ Խրիմ, ուր յաճախ գնում գալիս էր. եւ հէնց այդ պատճառով նրանց ընտանիքը կոչվեց Կրըմցոց կամ Խրըմցոց տուն, որտեղից եւ դուրս է եկել Խրիմեան ազգանունը։

Մկրտիչ Խրիմեան ծնվել է 1820 թւին, ապրիլի 4-ին, եւ մկրտվել է իրանց թաղիս. Աստուածածին եկեղեցում։ Մկրտիչ հէնց նրա մկրտութեան անունն է։ Նրա ծննդեան տարեթիւը, ինչ ասել կուզի, քահանան չէ արձանագրել եկեղեցու մատեանում։ Ո՞վ էր տուել այն ժամանակ այդ տեսակ մատեան եւ ո՞ր քահանան էր այն ժամանակ մտածում այդ տեսակ բաների մասին։ Խրիմեանի ծննդեան տարեթիւը արձանագրել է նրա հօրեղբայրը, որը՝ հին սովորութեան համեմատ՝ տանը եղած հին Աստուածաշունչի կամ ձեռագիր Աւետարանի լուսանցքի վրա կը գրէր երեխայի ծննդեան տարին եւ օրը։

Երեսնական թւականներին Վանում ուսումնարաններ չը կային։ Գրել-կարդալը սովորեցնում էին տէրտէրը կամ տիրացուն։ Փոքրիկ Մկրտիչ տէրտէրի մօտ էլ չը գնաց։ Նա իր սկզբնական ուսումը ստացաւ հէնց տանը, հօրեղբայր Խաչատուրի մօտ, որը ոչ թէ միայն վարդպետ էր, այլ եւ վարժապետ, եւ իր մունթերին արհեստի հետ միասին սովորեցնում էր կարդալ, բարեւագիր գրել, փոխ ասել, շարական երգել։

Խաչատուրը հազւագիւտ մարդկերանցից մինն էր։ Նա, ճշմարիտ է, ուսում չէր առել, բայց ի բնէ շատ խելօք եւ ընթերցասէր էր. կարդացել էր բոլոր եկեղեցական գրքերը եւ անգիր գիտէր ամբողջ ժամասացութիւնը։ Նա մի եւ նոյն ժամանակ վերին աստիճանի առաքինի, բարեսիրտ եւ ճշմարտախօս անձն էր։

Ահա այդ առաքինի եւ բարեսիրտ մարդն եղաւ փոքրիկ Մկրտչի վարժապետը եւ դաստիարակը։ Անպսակ լինելով, ուրեմն եւ զաւակ չունենալով, նա իր ամբողջ ուշ ու միտքը դարձրեց Մկրտչի վրա, որը մի զգայուն, կրակոտ եւ ընդունակ երեխայ էր, որին հօրեղբայրը սիրում  էր իր աչքի լոյսի պէս։ Բարի հօրեղբայրը մանկութեան օրերից սովորեցրեց Մկրտչին՝ սիրել ընկերոջը, կարեկցել թշուառներին, խնամել հիւանդներին, եւ հեռու մնալ ամեն տեսակ վատ բաներից։

Տան դուռը գալիս էր աղքատ։

Մկրտիչ, աղքատին հաց, կերակուր է պէտք, ասում էր հօրեղբայրը։

Եւ Մկրտիչը մեծ ուրախութեամբ ուտեցնում, խմեցնում էր։

Գալիս էր կոյր աշուղը։

Մկրտիչ, աշուղին փայ պէտք է տալ։

Եւ Մկրտիչը մէկի տեղ երկու էր տալիս, վատի փոխարէն լաւն էր տալիս։

Հօրեղբայրը բռնում էր երեխայի ձեռքից , առաւօտ երեկոյ եկեղեցի էր տանում, սովորեցնում էր փոխ ասել, երգել, պատմում էր առաքեալների եւ սուրբերի կեանքը, ոգեւորում էր նրան Սրբազան պատմութեան հերոսների քաջագործութիւններով։

Օրինակելի երեխայ դարձաւ Մկրտիչը։ Եւ հարեւանները միշտ նրան օրինակ էին բերում, ասելով իրանց երեխաներին.

Տեսնում էք, Կրըմցոց Մկրտչին, նրա նման տղայ եղէք։

Տնային դաստիարակութեան պակասը լրացրեց Այգեստանի գեղեցիկ բնութիւնը։ Ընկեր տղաների հետ Մկրտիչը ամբողջ օրերով պտտում էր Այգեստանի գեղեցիկ տեղերը, եւ այդտեղ՝ կարկաչահոս աղբիւրների կողքին՝ ծառերի հովանու տակ, ազատ բնութեան մէջ նա սովորում էր ազատ զգալ, ազատ մտածել…

Հօրեղբայրն  առնում էր փոքրիկ Մկրտչի համար գառներ եւ գեղեցիկ խոյեր. աշխոյժ երեխան ամբողջ ժամերով՝ իր անխօս ընկերների  հետ՝ պտտում էր կանաչ դաշտերը։ Ահա՛ այդ օրերից Մկրտիչը սովորեց սիրել կենդանիներին։ Պատմում են, որ Խրիմեան իր ամբողջ կեանքի ընթացքում չէր կարողանում ներկայ լինել, երբ մորթում էին գառ կամ ոչխար։ Նա չէ կարողանում սառնասիրտ կերպով տեսնել անխօս խենդանիների արիւնը…

Հօրեղբայրը սովորեցնում էր նրան՝ աշխատել, անընդհատ աշխատել։ Տանը՝ հօրեղբոր մօտ՝ սովորում էր կտաւագործութիւն, իսկ դուրսը, Վանի գեղեցիկ այգիներում, իր մեծ եղբօր՝ Մսրխանի ղեկավարութեան ներքոյ, Մկրտիչը սովորում էր ծառեր տնկել, պատուաստել, որթ կապել, գինի շինել։ Եւ այգեպանի պարապմունքը Խրիմեանի ամենասիրած պարապմունքներից մինն է եղել միշտ։

Ահա թէ ինչ էր գրում ինքը Խրիմեան, արդէն ծերացած հասակում, իր հօրեղբայր Խաչատուրի յիշատակին։

«Յիսուն տարի կը լինի, որ մեր աշխարհէն յաւիտենական աշխարհ գնացեր ես. այլ քո անուն եւ յիշատակ մանուկ Մկրտչի հոգւոյն եւ սրտին մէջ անկեղծ պահել եմ։ Չեմ մոռնար, այլ կը յիշեմ մանկութեանս գարնան քաղցր օրերը, երբ միմիայն մանուկ Մկրտիչ քո սիրոյ ծաղիկն էր։ Սորա համար ես մոռցած էի ծնողք եւ բոլոր Խրիմեան գերդաստանի մերձաւորներ, զի քու էիր ինձ հայր, մայր, դաստիարակ, վարժապետ, խնամածու եւ այլն։ Դու մեռար, դեռ ողջ էին ծնողքս եւ երիցագոյն եղբայրս. բայց ես յայնժամ զգացի, թէ՝ սիրոյ եւ դաստիարակութեան գրկէն ողբացած եմ։ Ոչինչ մեծ ժառանգութիւն աշխարհիս հարստութենէն չը թողիր քո հոգեհատոր մանուկ Մկրտչին. ոչ ոսկի, ոչ արծաթ. այլ մի Աստուածաշունչ եւ մեր սուրբ նախնեաց մի քանի մատեաններ, զորս յաճախ  կարդալ տալով՝ ընտանի լեզուով կը բացատրէիր ինձ։ Այլ քան զամեն աւելի գործնական օրինակովդ Աւետարանի գթասիրութեան հոգին թողիր ինձ ժառանգութիւն։ Արթուն աչքով կը հսկէիր, եւ ոչ փոքրիկ պակասութիւնս կը ներէիր դու» [1] ։

Վրա հասաւ պատանեկութիւնը։ Կրակոտ, հետաքրքիր բնաւորութեան համար նեղ էր թւում  Այգեստանը։ Եւ պատանի Մկրտիչը յաճախ երթեւեկում էր հարեւան գիւղերը, վանքերը, ուխտատեղիները։ Վասպուրականի ամեն մի անկիւնը լի են վանքերով կամ վանքերի աւերակներով։ Պատանի մի առանձին բաւականութիւն էր զգում, երբ օրերով ճանապարհորդում էր շրջակայքում, ուսումնասիրելով այն ամենը, ինչ որ պատահում էր ճանապարհին։ Դեռ պատանի հասակում Մկրտիչը լաւ ծանօթ էր ոչ թէ միայն Այգեստանին շատ մօտիկ տեղերին, այլ եւ աւելի հեռու վանքերին եւ ուխտատեղիներին։ Նա յաճախ գնում էր Վարագ, Հոգւոց վանքը, Աղթամար, Լիմ, Կտուց։

  Աղթամար, Լիմ եւ Կտուց անապատները, որոնք գտնւում են Վանի ծովակի մէջ, այն ժամանակ յայտնի էին իբրեւ վանական նշանաւոր կենտրօններ՝ իրանց միաբանութիւններով, որոնց մէջ կային եկեղեցական գրականութեան քաջ ծանօթ վարդապետներ։ Խրիմեան սիրով գնում էր դրանց մօտ։ Մի առժամանակ նա մնաց Լիմ եւ Կտուց անապատներում, աշակերտեց այդտեղ, եւ ստացաւ, թէեւ միակողմանի, բայց հարուստ մտաւոր պաշար, մօտիկ ծանօթանալով եկեղեցական գրականութեան եւ գրաբար լեզուին։

Միայնակեաց վանականների կեանքը, ինչպէս երեւում է, խոր տպաւորութիւն թողեց Խրիմեանի վրա։ Նա մի տեսակ յարանքով էր վերաբերւում դէպի այն կուսակրօն վարդապետները, որոնք թողած աշխարհ, տուն-տեղ, ազգականներ եւ բարեկամներ, առանձնացել էին վանքերի մութ խուցերը, եւ գիշեր ցերեկ՝ ամենայն անձնուրացութեամբ, աղօթքներ էին կարդում եւ շարականներ երգում, որ բաց անեն «արքայութեան դռները մեղաւորների առաջ»։

Ահա այսպիսիներից մինի կեանքն էր երգում շատ տարիներ յետոյ Խրիմեան, այսպիսի խօսքերով.

«Ոչ միայն էր ընչատեաց, այլ եւ չը խնդրէր ըզկարեւորսն,

Զըրկէր զանձն ’ի պիտոյից, տայր ընկերին կարօտելոյ»։

Ո՞վ գիտէ.. գուցէ այդ ժամանակից արդէն յղացաւ երիտասարդ Մկրտչի մէջ վարդապետ լինելու ձգտումը, բայց այնպիսի վարդապէտ, որ « Զըրկէր զանձն ’ի պիտոյից, տայր ընկերին կարօտելոյ»։

Քսան, քսան հինգ տարեկան հասակում արդէն, Խրիմեան՝ իր տոկուն աշխատասիրութեամբ, ինքնակրթութեան եւ ուսումնասէր բնաւորութեան շնորհիւ՝ աւելի բան գիտէր, քան թէ կարելի էր իմանալ՝ առանց դպրոց մտած լինելու, առանց կանօնաւոր ուսման։ Նա լաւ ծանօթ էր եկեղեցական մատենագրութեան եւ հայոց հին գրականութեան, տիրապետում էր գրաբար լեզուին, քաջ ծանօթ էր Հայաստանի աշխարհագրութեան, իսկ Վասպուրականը—այնպէս էր ուսումնասիրել, ինչպէս իր հինգ մատները։

Սակայն այդ բոլորը բաւականութիւն չէր տալիս կրակոտ երիտասարդին։ Նա ուզում էր աւելի իմանալ, աւելի սովորել։

Նրա մէջ արթնացել էին այնպիսի զգացմունքներ, որոնք նրան հանգիստ չէին տալիս, երբ նա տեսնում էր իր շուրջը խաւար եւ թշուառութիւն։ Մանկութիւնից արդէն նա դաստիարակված էր իբրեւ լաւ քրիստոնեայ. քրիստոնէական զգացմունքները՝ նրան դրդում էին օգնութիւն հասնել հազարաւոր թշուառներին։ Իսկ Վասպուրականի հսկայական աւերակները, ուր երիտասարդը օրերով թափառում էր մտամոլոր եւ զգացված, եւ դրա հետ միասին ժողովորդի աղքատ, ընկած, հարստահարված վիճակը՝ վառել էին երիտասարդի մէջ հայրենասիրական այնպիսի զգացմունքներ, որոնք նրան հանգիստ չէին տալիս։

Վանը՝ նրան նեղ էր թւում. նա ուզում էր դուրս գալ, գնալ ուրիշ տեղեր եւ տեսնել թէ ի՞նչ կայ, ի՞նչ են մտածում…

Սակայն ընտանիքը հեշտութեամբ չէր ուզում բաց թողնել նրան։ Մկրտչի մայրը, որ իր աչքի լոյսի պէս սիրում էր որդուն, մի փափագ ունէր.

Մէկ իմ Մկրտրչի կանաչ-կարմիրը կապեմ, հարս բերեմ տունս. թոռս էլ տեսնեմ, նրանից յետոյ մեռնեմ էլ՝ սրտումս դարդ չի մնայ, ասում էր Կրըմցոց պառաւը։

Մեծ եղբայրը Մսրխանը միացաւ մօր հետ, եւ երկուսը միասին սկսեցին համոզել Մկրտչին, որ պսակուի։ Մկրտիչը երկար չը դիմադրեց։ Նրան նշանեցին եւ պսակեցին վանեցի Յովհաննէս Սեւիկեանի աղջկայ հետ, որից Խրիմեան ունեցաւ մի աղջիկ, Թագուհի անունով։

Ամուսնանալուց յետոյ՝ Խրիմեան երկար չը մնաց Վանում։



[1]            «Խաչի Ճառ», 1887 թ. Կ. Պօլիս։