Ի ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆ ԱՐԻՍՏՈՏԷԼԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա

1 [1] Ընդ այսոսիկ հանդերձ աստուծով եւ առաջիկայ պրակք

ՊՐԱԿՔ ԺԴ

2 «Ամենայն նախադասութիւն կամ ի գոլոյն է, եւ կամ ի հարկէ գոլոյն, եւ կամ ի մարթելոյն»։ 3 Եաւթներորդ գլուխ՝ զի՞նչ է կարգ հակադարձութեանցն. որոց այսպէս եւ ըստ այսմ աւրինակի [2] ճանաչի կարգ [3] ։ 4 Նախադասեաց զգոլն յառաջ քան զհարկաւորն եւ զմարթն, որպէս զառանց յեղանակի, այնոցիկ՝ որք յեղանակի ենն [4]. իսկ զհարկաւորն քան զմարթն. վասն զի միշտ եւ նոյնպէս ունի ըստ հակադարձութեանցն գոլումն։ 5 Դարձեալ ի հակադարձութիւնս այսոցիկ [5] յառաջագոյն դասեաց զընդհանուր բացասութիւն քան զընդհանուր ստորասութիւն. ոչ միայն զի հակադարձի, եւ առ ինքն հակադարձի, այլ եւ զի պիտանի է հակադարձութիւն նորա այլոցն հակադարձութեանց։ 6 Իսկ զընդհանուր ստորասութիւն յառաջագոյն դասեաց քան զմասնական ստորասութիւն. թէպէտ եւ զնա պարտ էր յառաջագոյն դասել. ոչ [6] որպէս առ ինքն հակադարձելով, այլ որպէս հանուր քան զմասնական։ 7 [7] Իսկ զմասնական ստորասութիւն յառաջագոյն դասեաց քան զմասնական բացասութիւն. վասն զի մասնական բացասութիւն ամենեւին ոչ հակադարձի [8] ի վերայ գոլոյն եւ հարկաւոր [9] յեղանակին։ 8 Ընդ որս եւ է եաւթներորդ [10] գլուխն։

9 Ութերորդ գլուխ՝ տարակուսանք ոմանք։ 10 Նախ՝ եթէ զիա՞րդ ասես, ով Արիստոտէլ, եթէ ընդհանուր բացասութիւն առ ինքն հակադարձի. քանզի ի բազում իրս ոչ այդպէս գտանեմք. որգոն՝ զի թէ ոչ մի դդում զդանակ հատանէ, եւ ոչ մի դանակ զդդումն հատանէ. եւ եթէ ոչ որմ ի ցցում է, եւ ոչ ցից յորմում է. եւ եթէ ոչ մի կարաս ի գինւոջ, եւ ոչ մի գինի ի կարասում։ 11 Արդ այսոքիկ ամենայն [11] հակադարձութիւնք բացասութիւնք գոն առ ինքն հակադարձելոյ, եւ պարտ էր ճշմարտակցել, սակայն ոչ ճշմարտակցին։ 12 Այսք երեք տարակուսանք, որոց մի լուծումն է այս, եթէ ոչ է ողջաբար բոլոր ստորոգիցելոյն [12]. քանզի պարտ էր ասել այսպէս, ոչ մի դդում զդանակ հատանէ, եւ ոչ մի ինչ՝ որ զդանակն հատանէ՝ դդում է. այլ կամ խարտոց է, եւ կամ այլ ինչ այսպիսի։ 13 Եւ դարձեալ՝ վասն զի եւ ոչ մի որմ ի ցցում է, եւ ոչ ինչ որ ի ցցում է՝ որմ է, այլ չուան է, եւ կամ պարան. եւ վասն զի ոչ մի կարաս ի գինւոջ, եւ ոչ ինչ որ ի գինւոջ՝ կարաս է, այլ հատիճ, եւ կամ թին է։

14 Բայց տարակուսի [13] եւ այլ տարակուսանս. եթէ վասն զի ոչ կենդանին՝ ոչ մարդ, ոչ մարդն՝ ոչ կենդանի, ձի եւ կամ եզն։ 15 Այլ տարակուսանք, եթէ վասն զի ոչ մի գոյացութիւն ի սպիտակումն, այն ինչ եւ ոչ մի սպիտակ ի գոյացութեանն. եւ ո՞ւմ արդեաւք ստորոգեսցի սպիտակն [14], եւ կամ յորո՞ւմ [15] ենթակայցէ, եթէ ոչ ի գոյացութիւնս [16] ։

16 Երրորդ տարակուսութիւնս այսպէս. որ ոչ է ի տեղւոջ՝ ոչ կայ, եւ ոչ կացեալն՝ ոչ է ի տեղւոջ։ 17 Եւ զիա՞րդ է այս ճշմարիտ, եթէ հանդիպի գնալով։ 18 Լուծումն այսոցիկ մի։ 19 Առաջնոյն, եթէ ոչ է պարտ զուրացականն ի հակադարձութիւն առմերձիլ ի նենթակայումն եւ ընդհանուր կիտացն [17] պատշաճելով. քանզի յորժամ ուրացութիւն ունին, եւ ենթակայն եւ ստորոգեալն [18], պարտ է զերկուս ուրացութիւնս ստորոգելում առմերձիլ։ 20 Որգոն՝ ոչ կենդանին՝ ոչ մարդ, իսկ ոչ մարդն՝ ոչ կենդանի. քանզի ուրացութիւնք զմիմեանս ի բաց բառնալով՝ մի ստորասութիւն առնեն. ոչ ոչ կենդանի, այլ կենդանի։ 21 [19] Դարձեալ, որ ոչ է ի տեղւոջ, ոչ կայ, եւ որ ոչն կայ՝ [20] ոչ ի տեղւոջ է. եւ դարձեալ՝ ոչ մի գոյացութիւն յորակումն, այս արդէն իսկ սուտ. քանզի է յորակումն գոյացութիւն, թէպէտ եւ բնազանցաբար։ 22 Քանզի երկակի է ստորոգութիւն, մին ըստ բնութեան, իսկ միւսն բնազանցաբար [21] ։ 23 Ըստ բնութեան, յորժամ հանուրքն մասնականացն, եւ պատահմունք գոյացութեանց ստորոգին։ 24 Իսկ բնազանցաբար՝ յորժամ մասնականքն ընդհանուրցն, եւ գոյացութիւնք պատահմանցն ստորոգին։

25 Բայց [22] տարակուսին եւ առ ընդհանրումն ստորասութիւն այսպէս. եթէ զիա՞րդ ասի ընդհանուր ստորասութիւն առ մասնական ստորասութիւն հակադարձիլ. քանզի եթէ այս ճշմարիտ՝ տարակուսեսցի ոք արդեաւք այսպէս։ 26 Եթէ վասն [23] զի ամենայն որ կին գոյ՝ կոյս էր, եւ ոք կոյս գոլով՝ կին էր. եւ վասն զի ամենայն աւագ՝ մանուկ էր, եւ ոք մանուկ՝ աւագ էր։ 27 Լուծումն սորա [24], թէ եւ ոչ աստ ողջաբար առաւ ստորոգելովն ի հակադարձիլն. [25] Ամենայն կին կոյս էր. քանզի պարտ էր այսպէս հակադարձել [26]. ամենայն կին կոյս էր, եւ ոք [27] կոյս գոլով յառաջն՝ կին է. եւ ամենայն աւագ՝ մանուկ էր, եւ ոք [28] մանուկ գոլով յառաջն՝ աւագ է։

28 Տարակուսին եւ այլ տարակուսանս այսպէս. եթէ զիա՞րդ ասէ, եթէ մասնական բացասութիւն ոչ հակադարձի [29] ոչ առ ինքն եւ ոչ առ այլ, զի [30] ոչ հակադարձի առ հանուր ստորասութիւն, որպէս ընդհանուր ստորասութիւն առ մասնական ստորասութիւն. որգոն՝ որպէս յորժամ ասէ [31] ոք, ոչ [32] ամենայն կենդանի՝ մարդ, ամենայն մարդ՝ կենդանի։ 29 Լուծումն [33] այսորիկ. եթէ ոչ մնաց նոյն որակ. քանզի ոմն յառաջարկութեանցդ ստորասական է, իսկ ոմն բացասական, զոր ոչ պարտ է ունել պարզ հակադարձութեան. քանզի որակ միշտ զնոյն պահէ, բայց միայն զկարգ սահմանացն փոխէ։



[1]    ABC վերնագիր չիք. լուսանցքում՝ ԺԴ, DE Ընդ այսոսիկ առաջիկայ պրակք

[2]    AB օրինակում

[3]    A կարգքն

[4]    A յեղանակաւ ենն, C յեղանակենն, D յեղանակ ենն, E յեղանակ են

[5]    BEF յայսոցիկ

[6]    AB չիք ոչ

[7]    ACF իսկ զստորասութիւն. չիք զմասնական

[8]    CE չհակադարձի

[9]    B հարկաւոր է

[10]   DE եւթն

[11]   E յամենայն

[12]   A ստորոգելոցն, CDE ստորոգիլոյն

[13]   A տարակուսին

[14]   A ստորոգեսցես զսպիտակն

[15]   B յորս

[16]   AF ի գոյացութեանս

[17]   A կիտակացն

[18]   BCDEF ստորոգելովն

[19]   CDE դարձեալ, ոչ ի տեղւոջն

[20]   ADE ոչ ոչ ի տեղւոջ է

[21]   DE բնազանց

[22]   AE տարակուսեն եւ առ ընթանուր

[23]   E զի յամենայն կին գոյ կոյս

[24]   CDF նորա

[25]   ABCDE չիք ամենայն կին կոյս էր

[26]   E հակադարձուցանել

[27]   A եւ ոչ ոք

[28]   A եւ ոչ ոք

[29]   ACDE չհակադարձի

[30]   B ոչ հակադարձ է ընդհանուր

[31]   A ասեմք

[32]   ABD չիք ոչ

[33]   A ձեռ. ընդհատւում է. ընկել է վերջին թերթը: