Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՇԱՔԷ ԳԱՒԱՌ

 

Գաւառս, որ ընկած է Օրաբան, Արջկան եւ Կախաւան գետակների, Կովկասեան լեռնաշըղթայի հարաւահայեաց լանջերի եւ Զարղունի դաշտակի շարունակութեան հարաւային բերանի մէջ, ստացած է Շաքէ, Շաքէ-Ոստան, Շաքի, այժմ, ըստ ռուսական հնչման` Նուխի անունները: Բայց հարկ է յայտնել, որ Ուտի գաւառ էր կոչւում Շաքէ անունը ստանալուց շատ առաջ (Մով. Կաղ. եր. 171): Ըստ Կիր. Գանձակեցւոյ ի շարս յանուն Շաթայ հիմնուած քաղաքներից մին էր Շաքի քաղաքն (Կիր. եր. 114), որի անուամբ այնուհետեւ կոչւում է եւ իւր գաւառն:

Այժմ գաւառումս քրիստոնեայ բնակիչներով մնացած են միայն հետեւեալ շէնն եւ գիւղերն.

ա. ՄԱԼՂ շէն, շինուած դաշտակի մէջ, հողն` կիսով չափ արքունի եւ կիսով չափ բէկական. միեւնոյն տեղական բերքերն. բնակիչք նախ Արցախից գաղթած են Պաշնճաղ, ապա տեղափոխուած շէնս: Եկեղեցին` ս. Աստուածածին, շինուած անեփ աղիւսով եւ փայտով. քահանան գալիս է Աղփլաքեան գիւղից:

Ծուխ 30, ար. 84, իգ. 64, ար. ծն. 6, իգ. 4, պսակ 2, ար. ննջ. 2, իգ. 1, երկար կեանք 70:

բ. ԱՅՏԻՆ-ԲՈՒԼԱՂ գիւղ. շինուած դաշտակի հիւսիսային կողմի հիւսիսահայեաց լանջի վերայ. բարեխառն` օդն եւ կլիման եւ լաւ ջուրն. հողն` արքունի եւ բարեբեր. տեղական բերքերն` միեւնոյն. բնակչաց նախնիքն գաղթած Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից: Եկեղեցին ս. Աստուած-ածին, փայտաշէն եւ հին, քահանան միեւնոյն անձն:

Ծուխ 60 ար. 220, իգ. 172, ար. ծն. 20, իգ. 15, պսակ 8, ար. ննջ. 10, իգ. 6, երկար կեանք 100-110:

գ. ԱԼԵԱ գիւղ. շինուած դաշտակի հարաւային բերանի վերայ, օդն` բարեխառն, ջուրն` պատուական, տեղական բերքերն` նոյն. բնակիչք տեղափոխուած են Պաշնճաղից: Հողն` արքունի: Եկեղեցին` նորաշէն, ձեղունն` փայտաշէն, ս. Աստուածածին անուն, որ շինուած է բնակչաց տրօքն եւ ունի 40 րուբ. եւ այս հակիրճ արձանագրութիւնը. «1885-ին», քահանան է միեւնոյն անձն:

Ծուխ 50, ար. 154, իգ. 145, ար. ծն. 8, իգ. 7, պսակ 6, ար. ննջ. 4, իգ. 3, երկար կեանք 95-100:

դ. ԳԵՕՅԲԷԿԼՈՒ գիւղ. շինուած դաշտակի վերայ. ամրան փոքր-ինչ ծանր օդն եւ կլիման, ջուրն ոչ այնքան գովելի. բնակչաց նախնիքն նախ գաղթած Խաչենից եւ Ջրաբերդից Պաշնճաղ եւ ապա` այստեղ. հողն` բէկական եւ արդիւնաւէտ, միեւնոյն` տեղական բերքերն: Եկեղեցին` ս. Աստուածածին, որի հոգեւոր հովիւն գալիս է Գեօյ-բուլաղից:

Գիւղիս հիւսիսային կողմումն է Ղշլաղ-Քունգիւտ գիւղն, որի մէջ այժմ կան մօտ 300 տուն մահմետականացեալ հայեր, եկեղեցու աւերակ եւ հանգստարան: Մի քանի տարի առաջ գիւղիցս մահմետականացեալ հայ ոմն գնալով Գեօյ-բուլաղ գիւղն` յայտնում է Ղուկաս եւ Ղազարոս քահանաներին. «Մեր Ղշլաղ-Քունգիւտի եկեղեցու անօթներն պահուած են գետնի տակ, տեղը գիտեմ, եկէ'ք եւ հանեցէ'ք [1] »: Քահանայք գնում եւ հանում են մի արծաթեայ սաղաւարտ, մի արծաթեայ սկիհ, մի խաչ եւ մի շուրջառ: Չգիտենք ի՞նչ իրաւունքով հալել է տալիս Ղուկաս քահանան այդ թանկագին հնութիւնները-սաղաւարտը եւ սկիհը.... Չկարողացանք տեսնել գէթ ձեռաց խաչը: Միայն լսած էինք, թէ հանուած շուրջառի աղխն գտնւում է Գեօյ-բէկլու գիւղում եւ ունի արձանագրութիւն: Այս եւս չկարողացանք տեսնել:

Գեօյ-բէկլու գիւղում ծուխ 50, ար. 139, իգ. 129, ար. ծն. 6, իգ. 5, պսակ 3, ար. ննջ. 3, իգ. 2, երկար կեանք 70:

 

ՇԱՔԻ ՔԱՂԱՔ

 

Ինչպէս յայտնեցինք կանխաւ Է. դարի Բ. քառորդում քաղաքս շինուած է Շաթ խազրի անուամբ ըստ Գանձակեցուն: Պատուական է օդն, կլիման եւ ջուրն (բայց ոչ պղտորած ժամանակ) քաղաքիս, որ շինուած է Կովկասեան սարի լեռնաբազուկների մէջ մտած մի լեզուահովտի վերայ: Քաղաքի արեւմտեան կողմից, սրընթաց խոխոջում է Գիսի գետակն, որ կոչւում է Ղուրու-չայ, իսկ միջով մի այլ գետակ, որ կոչւում է Գուջանան: Միջին գետակս հայոց բնակարանները բաժանած է 2 թաղերի, որք կազմում են համարեա թէ քաղաքի ստորին մասը: Արեւելեան թաղումն է Շաքուայ գաւառների յաջորդարանն եւ մայր եկեղեցին. իսկ արեւմտեան թաղումն` պանդուխտ հայոց եկեղեցին, որ կոչւում է ղարիբականաց եկեղեցի: Մէն մի հայոց բնակարան շին-   ւած է գեղեցիկ պարտիզում, որոց մէջ կան տանձի, խնձորի, սերկեւիլի, զղեարի ծառեր եւ որթեր:

Քաղաքումս բնակում են գլխաւորաբար 3 ազգեր -հայ, սուննու եւ շիա, ռուս քաղաքապահ զօրք եւ պաշտօնական անձինք: Մեծամասնութիւնն է մահմետական տարրն:

Չկան բնիկ հայեր, այլ այժմեան բնակչաց նախնիքն գաղթած են Արցախից, Ագուլիսից եւ Խոյից: Հայք զբաղւում են վաճառականութեամբ, դերձակութեամբ, կօշկակարութեամբ, հիւսնութեամբ, մետաքսեայ ժապաւէն հիւսելու արուեստով, նպարավաճառութեամբ, եւն.:

Քաղաքումս կայ 16 շոգեշարժ գործարան, որք պատրաստում են բոժօժներից մետաքսեայ թել: Գործարաններիցս պատկանում է հայոց միայն 6-ն:

Կայ նաեւ երկսեռ 2 երկդասեան ուսումնարան: Տղայոց ուսումնարանում ուսանում են 178 աշակերտ, թոշակատու 130, ձրիավարժ 48: Իսկ ս. Մարիամեան օրիորդաց երկդասեան ուսումնարանում 112 օրիորդ, թոշակատու 75, ձրիավարժ 37: Երկսեռ ուսումնարանաց համար 2 աւագ ուսուցչաց, 5 վարժապետաց եւ 1 վարժուհու միամեայ ռոճիկ 4500 րուբլի: Մտից աղբիւրներն են.

Աշակերտաց եւ աշակերտուհեաց թոշակ.

Ուսումնարանապատկան անշարժ դրամագլխի տոկոս.

Մոմավաճառութեան արդիւնք.

Երկու եկեղեցիներից նպաստ.

Ուխտատեղեաց արդիւնք եւ

Սրբադրամ:

Արեւմտեան թաղի եկեղեցին ս. Աստուածածին, հոյակապ, պայծառ, մաքուր, մանաւանդ փառաւոր է կաթուղիկէն: Եկեղեցիս ունի 4961 ր. 87 կոպ. եւ կրում է սոյն արձանագրութիւնը. «Սկսեալ ՚ի 1808 թուէն մինչեւ ՚ի 1833 թիւն եւ աւարտեալ սուրբ Աստուածածնայ եկեղեցիս արդեամբ ղարիբականաց»: Եկեղեցուս ընդարձակ բակում ամփոփուած են պանդուխտ հայոց ննջեցեալներն, որոց մէջ է հանրահռչակ (Լազրեւ) գեներալ Յովհաննիսի հօր մարմինն, որի մահարձանի վերայ քանդակուած է.

«Հանգչիմ աստանօր Դաւիթս Լազարեանց,

Ծնունդ Արցախու երկրին քաջազանց,

Սերունդ իշխանաց Քշտաղ գաւառի,

Մելիք-Հայկազին եւ Բհաթուր-բէկի.

Պանդուխտս տարաբաղդ մտի յայս տապան,

Կարօտ դեռահաս որդւոցս սիրական,

Հեղլով զարտօսր ՚ի ծանր մահճի,

Յանձնեցի զնոսա երկնային Տեսչի:

Երեսնամեայ կենօք վախճանեցաւ ՚ի սեպ. 1823 ամի»:

Եկեղեցուս աջ ու ձախ կողմերում են երկսեռ ուսումնարաններն, նորաշէն, միայարկ եւ գեղեցիկ է օրիորդաց ս. Մարիամեան ուսումնարանն:

Իսկ արեւելեան թաղի եկեղեցին Ս. Մինաս, նոյնպէս հոյակապ, կանգնած 4 հաստ սեանց վերայ, բայց աւելի ընդարձակ եւ բարձր, որ ունի 2106 րուբ. 97 կոպ: Երկու եկեղեցիքս ունին 6 քահանայ:

Կարեւոր է յայտնել, որ քաղաքս խիստ վաճառաշահ եղած է 1860 թուականներից առաջ, մանաւանդ ամրան եւ աշնան եղանակներում: Այստեղ վաճառւում էին Շաքուայ ամբողջ գաւառների մետաքսեայ թելերն եւ Դաղստանի ամէնատեսակ շալերն: Այս պատճառաւ յաճախում էին մետաքս գնողներ Եւրոպայի ամէն կողմերից եւ շալ գնողներ Արարատեան, Թիֆլիսեան, Արցախեան նահանգներից եւ Պարսկաստանից: Բայց այժմ ընկած է Շաքի գաւառական քաղաքիս առեւտուրն եւ նսեմացած է իւր նախկին փառքից:

Քաղաքումս հայոց ծուխ 906, ար. 2200, իգ. 1763, ար. ծն. 90, իգ. 75, պսակ 40, ար. ննջ. 45, իգ. 31, երկար կեանք (հայոց մէջ) 80-90:

 

ԳԵՏՆԻ ՏԱԿԻՑ ԵԼԱԾ ՃԱՇՈՑ

 

Արդէն Կապաղակ գաւառի Ղութղաշէն աւանում լսած էինք, որ մօտակայ Նովուր-Ղշլաղ գիւղում մահմետական ոմն գտած է մի հին ճաշոց գիրք: Հետամուտ եղանք գտնել եւ տեսնել այդ հայկական թանկագին հնութիւնը: Պատմեցին, թէ գիւղացին գետինը փորելիս հանդիպեցաւ մի հին շինութեան, որի ձեղունի մօտ մի պահարանում գտաւ մի մեծ կազմուած գիրք եւ վախելով, որ յետոյ կենթարկուի խիստ հարցափորձութեան, տարաւ, յանձնեց գաւառապետի օգնական Միքայէլ-բէկ Ղազար-Բէկեանցին, իսկ Ղազար-Բէկեանցն ղրկեց Շաքի` մարմնաւոր կառավարութեան քարտուղարին:

Շաքի քաղաքումս, շնորհիւ արժ. Ս. քահանայ Տէր-Պօղոսեանցին, յաջողեցանք ձեռք բերել ճաշոցը, որ տպագրուած է ՚ի ս. Էջմիածին 1686 թուին: Բոլորովին անվնաս մնացած է ճաշոցս գետնի տակ, միայն վնասուած են խոնաւութիւնից սկզբի մի քանի թերթերի լուսանցքներն երկու մատնաչափ տեղ: Թերթերն հաստ-հաստ, տառերն խոշոր եւ գլխագրերն թռչնագիր են: Վերջին թերթի վերջին երեսի վերայ գրուած է փետրագրչով.

«Յիսուսի Քրիստոսի ծառայ Եսայի Կաթուղիկոս Աղուանից սրբոյ Աթոռոյն Գանձասարայ ի ՈՃԿ. թուիս հայոց յունվարի ԻԵ. քանզի կամէի նաւել յերկիրն Ըռուսաց եւ ըստ խնդրոյ Ըռոմանոս քեւխային զայս սուղ ինչ յիշատակարանս գծագրեցի ձեռամբ իմով ՚ի փառս Աստուծոյ, որ է օրհնեալ յաւիտեանս ամէն»:

Այս ինքնագիր տողերից վերեւ կարմիր թանաքով կնքուած է հայրապետական կնքով:    Կնքոյ անջինջ մնացեալ բառերից կարդացուեցան միայն«Աղուանից կաթուղիկոս Եսայի Ջալալեանց... »:

Արդէն յայտնի է, որ ճաշոցս տպուած է 1686-ին. Եսայի կաթուղիկոսն գրած է 1711-ին: Մեծ-Սօկութլուի եկեղ. արձանագ. ապացուցանում է, որ սաստկացած էր Հաճի-Չալապու [2] կրօնափոխական հալածանքը 1751-ին: Եթէ ընդունենք, որ ճաշոցս մնացած է գետնի տակ 1751-ին` Նովուր-Ղշլաղ գիւղի հայոց մահմետականութիւն ընդունելուց յետոյ, իսկ գտնուած է 1887-ին, ուրեմն 136 տարի ճաշոցն մնացած է գետնի տակ:

 

  Շաքի քաղաքի հանգստարանում

Այստեղ կայ ս. Հռիփսիմէ անուն, չիչ տաշուած քարով շինուած մի մատուռ, հիմնուած մի տեսարանաւոր բլրի վերայ: Հոյակապ մատուռս ունի գեղեցիկ կաթուղիկէ, սեղան եւ 2 խորհրդարան: Յայտնի չէ շինութեան տարեթիւն, այլ միայն նորոգութեան: «Ղարաբաղցի Չարղչի Մուսիս նորոգեցի սուրբ Հռիփսիմէ կուսի եկեղեցիս՚ Մուսուն եւ ծնողացն հոգուն ՌՄՁԲ (1833-ին)»:

Հանգստարանիս մուտքի աջ կողմում կայ մի նահատակի գերեզման, որի մահարձանի վերայ փորագրուած է.

«Այս է տապան Նիժ գիւղացի

Պետրոս անուն նահատակի.

Սա էր որդի քահանայի,

Օ'վ հանդիպողք տո'ւք ողորմի.

1826 ամի 13 սեպտեմբերի»:

 

Գաւառիս վանքերն եւ բերդերը

Ս. ԳԷՈՐԳ վանք, որ գտնւում է Օրաբան գետի աջ կողմում, Պտէզ (Պարտէզ) գիւղի մօտ, որի բնակիչք մահմետականացեալ հայեր են: Վանքս, որ կառուցեալ է մի սարի հարաւահայեաց ստորոտում մի հարթակի վերայ, արտաքուստ շինուած է ամբողջապէս տաշուած չիչ քարով, իսկ ներքուստ` անտաշ որձաքարով: Ամբողջապէս կանգուն է բացի տանեաց սալկախից: Ունի աւազան եւ 2 խորհրդարան, խորանի վերելակ սանտուղն շինուած է բեմի մէջ տեղից: Բայց չունի արձանագրութիւն եւ ոչ շինութեան թուական: Ուխտի համար յաճախում է մեծ բազմութիւն ոչ միայն հայերից, այլ մահմետականութիւն ընդունած հայերից: Վանքս ունեցած է եւ շրջապարիսպ եւ միաբանից սենեակներ, որոց հետքերն երեւում են որոշակի:

Տաճարիս հիւսիս-արեւելեան կողմից, մի քանի քայլ հեռի, ժայռից բղխում է մի անուշահամ եւ բազկաչափ հաստութեամբ պատուական աղբիւր: Իսկ հիւսիսային եւ արեւմտեան կողմերում ամփոփուած են միաբանից մարմիններ, սակայն անարձանագիր են տապանաքարերն:

Ս. ԳԵՂԱՐԴ վանք, որը մահմետականացեալներն անուանում են Դամիւրով, շինուած է ս. Գէորգ վանքի հիւսիս-արեւմտեան կողմի սարի մի սեռի վերայ, կոփածոյ չիչ քարով: Արտաքուստ չափելով` երկարութիւնն է 23 քայլ եւ լայնութիւնն` 13: Կանգուն մնում են միայն ամբողջ խորանն իւր վերնակամարով եւ խորհրդարաններով, հիւսիսային եւ հարաւային որմերն` կիսով չափ: Մնում է եւ աւազանն, բայց չունի արձանագրութիւն: Ուխտատեղի է եւ այս:

Օրաբանի հանդէպ, գետի աջ կողմում է Քունգիւտ գիւղն, որի հայադաւան բնակիչներն մօտ 130 տարի առաջ ընդունած են մահմետականութիւն: Գիւղիս մօտ մի բլրի վերայ դեռ մնում է եկեղեցին, որ շինուած է տաշուած չիչ քարով: Բայց քանդուած են դուռն, ձեղունի կամարն արեւմտեան կողմից եւ աւազանի տեղն: Հիւսիսային կողմի խորհրդարանի միջից ունեցած է գաղտնի դուռն, որի ետեւն է թաքուն պահարան:

Եկեղեցուս հիւսիսային կողմում կայ ընդարձակ հանգստարան, որի տապանաքարերից արձանագրութիւն ունեցողները տարած են թրքացած հայերն եւ մնում են անարձանագիր անթիւ քարեր: Բայց բարեբաղտաբար մնացած է միայն մի երկար, տաշուած, սպիտակ մահարձան, որ ունի այս արձանագրութիւնը. «Այս է հանգիստ Արզրումցի Մովսէսի որդի Իփակչի-Խօճա-Սաքարին, որ փոխեցաւ ՌՃԼԵ թվին»:

Լ. բերդն Աղուանից գտնւում է հանգստարանիս կից, 20 քայլ դէպի արեւմուտք հեռի եկեղեցու աւերակից: Պարիսպներն շինուած են կրաշաղախ ցեխով եւ անտաշ որձաքարով: Պարսպից այժմ մնում է կանգուն միայն մարդաչափ բարձրութեամբ հարաւային կողմից եւ մի կանգուն արեւելեան կողմից: Երեւում են միայն հիմունքներն մնացեալ կողմերում, քանզի քանդած եւ քարերը տարած են թրքացեալ հայերն: Պարիսպներն թէեւ չունին բուրգեր, բայց ունին սաժէնից աւելի հաստութիւն եւ խիստ ամրութիւն: Երկարութիւնն է մօտ կէս վերստ, իսկ լայնութիւնն 110-180 քայլ: Բերդիս միջում երեւում են շատ շինութեանց հետքեր: Բայց յայտնի չէ բերդիս անցեալն, պատմութիւնն եւ շինութեան տարեթիւն:

Զայզիտ գիւղի եկեղեցին. համարեա թէ գիւղն գտնւում է Օրաբանի եւ Շաքի քաղաքի միջեւ: Գիւղս բաղկացած է մօտ 461 ծուխից, որոց նախնիքն եղած են հայ: Գիւղիս գլխին մի գեղեցիկ սարահարթի վերայ շինուած է սրբատաշ չիչ քարով մի խաչաձեւ եկեղեցի: Խոնարհուած է կաթուղիկէն, արեւմտեան խաչաձեւի գլուխն, դուռն եւ խորանի ետեւի 3 լուսամուտներից 2-ն: Անքակ մնում են 2 խորհրդարաններն: Ունեցած է եւ աւազան, բայց նորոգելու ժամանակ լցրած եւ ծեփած են երեսը: Երեւի թէ նորոգող վարպետն յոյն եղած է, զի դեռ երեւում են պատերի վերայ յունաձեւ նկարներ: Հիւսիսային որմի արտաքուստ կից են 2 սենեկանման խուցեր, շինուած նոյնպէս հոյակապ, որք աւելի նման են պատուաւոր անձանց հանգստարանի: Եկեղեցու շուրջն ամփոփուած են շատ ննջեցեալներ, բայց անարձանագիր են եւ անտաշ տապանաքարերն:

 

ԳԻՍ ՎԱՆՔ [3]

 

Ըստ վկայութեան Կաղանկատուացու (եր. 8-9) այս է Աղուանից Ա. եւ մայր եկեղեցին հիմնուած Եղիշէ Առաքեալից Քրիստոսի Ա դարում: Վանքս, որ առաջ եղած է եկեղեցի, կառուցեալ է Շաքի քաղաքից վերեւ, Կովկաս սարի ստորոտում, Գիս գետակի աջ ափի վերայ: Ե դարում Ս-ն Մեսրովպ իւր աշակերտներով գալիս է այստեղ, նորոգում է եկեղեցու հաւատը եւ դաւանութիւնը, ապա ստիպեալ չարագործների երկիւղից, գետնի մէջ ամփոփում է այն արծաթեայ խաչը, որի մէջ կար կենաց փայտի մասն: Ամփոփուած տեղում նահատակւում է ս. Մեսրովպի աշակերտներից կէսն, որոց մարտիրոսութեան տեղի վերայ հաւատացեալ ոմն շինում է մի հողեայ, չորեքկուսի մատուռ, որի մէջ մի փայտեայ արկղում զետեղելով նահատակելոց մարմինները, ամփոփում է խնամքով: Ապա նոյն առաքելահիմն հին եկեղեցու տեղում հիմնարկում են եկեղեցի եւ Մեսրոպի խաչը զետեղում եկեղեցու աղիւսաշէն գմբէթի մէջ: Է. դարում Առանշահիկ ցեղից Վարազ-Պերոժ իշխան կամէնալով նորոգել հին եկեղեցին` գտնում է Մեսրովպի խաչը (Մով. Կաղ. Ա. հատ. ԻԷ. գլ. ): Աղուանից Եղիազար կաթուղիկոսն բոլոր եկեղեցական ուխտով աճապարում է Գիս, կատարում մեծահանդէս նաւակատիք եւ Մեսրովպեան խաչի կենաց փայտի մասնից փոքր-ինչ կտոր զետեղում իւր ձեռաց խաչի մէջ (Մով. Կաղ. Բ հատ. ԼԳ գլ. ): Այն օրից ցարդ մեծ ուխտատեղի է ոչ միայն շրջակայ հայոց, այլ եւ մահմետականաց համար, որք յաճախակի խռնւում են մեծ բազմութեամբ:

Մէջ բերուած պատմական հատուածներից երեւեցաւ, որ եկեղեցիս նախ Ա դարում հիմնուած էր Եղիշ-Առաքեալից. ապա Ե. դարում բարեպաշտ անձերից, եւ ապա նորոգուած է Է դարում Վարազ-Պերոժ իշխանից: Այժմ յայտնում ենք, որ վանքիս ներքին եւ արտաքին ձեւն ու ոճն արդարացնում են պատմութեան ստուգութիւնը, վասն զի արտաքուստ կիսակլորակ է տաճարիս արեւելեան կողմն, քառանկիւնի` արեւմտեան կողմն, խաչաձեւ` վերի կողմն եւ հնադարեան ձեւով շինուած` կաթուղիկէն: Այնչափ միացած է կրաշաղախ ցեխն տաշուած չիչ քարի հետ, ասես թէ ձուլուած եւ եղած է միապաղաղ քար: Միայն թէ չունի արձանագրութիւն եւ ընդարձակ մեծութիւն:

Վանքս ունի մի քանի սենեակներ, մի թթենեաց պարտէզ, նշանաւոր օդ, կլիմա եւ ջուր եւ 2273 քառակուսի սաժէն հող, որ կապալով տուած են 100 րուբլու:

Վանուցս կից է Գիս գիւղն, որի հայադաւան բնակիչք ընդունած են մահմետական կրօնը գաւառիս միւս բնակչաց հետ, նմանապէս եւ շատ մերձակայ գիւղերի բնակիչներ:

ԼԱ. բերդն Աղուանից կոչւում է Անուշ բերդ, որ գտնւում է Գիս վանքից փոքր-ինչ վերեւ, գետակի աջ կողմում: Թէեւ մեծ չէ ամրոցս, բայց ունի քարուկիր եւ հաստատուն պարիսպ եւ ամուր դիրք: Տեղ-տեղ քանդուած են պարսպի պատերից: Բայց մեծ մասամբ մնում է հարաւային պարիսպն:

  ԼԲ. բերդն Աղուանից գտնւում է Մալղ շինի մօտ, դաշտակի վերայ: Դղեակս, որի տարածութիւնն շատ մեծ չէ, ունի քարուկիր պարիսպ եւ միայն մի դուռն: Ամբողջութեամբ անքակ մնում է պարիսպներն շնորհիւ մալղցի հայոց:

Դղեկիս արեւմտեան կողմին կից կայ մի հիմնայատակ կործանուած աւերակ, որ երեւի թէ եղած է փոքր գիւղաքաղաք: Գիւղաքաղաքիս շուրջն փորուած է խոր եւ լայն խրամ, գուցէ պատերազմի ժամանակ ջրով լցնելու եւ թշնամեաց մուտքը արգելելու համար: Դղեկի դուռն բացուած է ուղղակի գիւղաքաղաքիս միջով: Այժմ հերկում են գիւղաքաղաքիս տեղը, այսուամէնայնիւ դեռ երեւում են թրծեալ աղիւսների եւ քարերի բեկորներ եւ երբեմն-երբեմն գտնում են հնադարեան դրամներ հերկուած տեղերից:

Դ. ԿԱԽԱՒԱՆ գիւղաքաղաք. 34 վերստ հեռի Շաքի քաղաքից, շինուած մի երկրալեզու հովտի վերայ, որ սահմանագլուխ է Շաքի գաւառի: Պատուական է օդն, կլիման եւ ջուրն, զարդարուած այգեստաններով եւ պարտէզներով. բնակիչք` հայ, վրացի եւ մահմետական. տեղական բերքերն ցորեն, գարի, որիզ, տանձ, խնձոր, արքայակաղին, ընկուզ եւ խաղող: Կան եւ խանութներ եւ վաճառանոցներ իբրեւ ամէնօրեայ առեւտրավայր եւ հեռագրատուն եւ փոշտ:

Հայք, որ գաղթած են Ագուլիսից, Արցախից եւ Գանձակից, զբաղւում են վաճառականութեամբ եւ ունին մի եկեղեցի ս. Աստուածածին եւ մի քահանայ: Կան եւ պանդուխտ հայեր:

Ծուխ 40, ար. 266, իգ. 116, ար. ծն. 12, իգ. 8, պսակ 4, ար. ննջ. 3, իգ. 2:

 



[1] Ջափարաւատի արժ. Դանիէլ քահանայ Տէր_Ներսիսեանն պատմեց. «Զայզիտի մահմետականացեալ հայերից ոմն մի օր գալով յայտնեց. «Պառաւ մայրս գիտէ Զայզիտի եկեղեցու անօթների թաղած տեղը. ինքը հիւանդ է, ինձ ղրկեց, որ գամ քեզ իմացնեմ, ե'կ, որ հանես, բերես»: Աճապարելով գնացինք, բայց տեսանք, որ նոր մեռած էր մայրն, վերադարձանք դատարկ»:

[2] Բացատրութիւնն յետոյ:

[3] Տեղական արտասանութեամբ կոչւում է Քիշ: