Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ԴԱՐԲԱՆԴԵԱՆ ՊԱՐՍՊԻ

Գաւառս ոտք դրած րոպէից` մեր անզուսպ հետաքրքրութիւնն ձգտում էր անհամբեր հետախուզել եւ գտնել Դարբանդեան պարսպի շարունակութեան հետքը: Շշթայաձեւ պարսպի շարունակութիւնն համարեա թէ Կախաւանի եւ Ճառի միջով մի սարի գլխից անցած է Կովկաս սարի հարաւային կողմն, իջած Ղանլու-ղոբի կոչուած ձորն: Ապա նոյն մեծ սարի հարաւային լանջերով շարունակուած անցնում է Թալայի գլխով եւ Ճառի միջով եւ ձգւում նոյն դիրքով մինչեւ Բալաքեան: Պարիսպն ուրեք-ուրեք կանգուն է, ուրեք-ուրեք կիսաւեր եւ տեղ-տեղ քանդուած, սակայն բացի գետակների անցքերից գրեթէ ամէն տեղ պարզ երեւում են շարունակութեան հետքերն եւ հիմունքներն: Չկարողանալով գտնել Թալայում ամուր տեղը, որ նշանաւոր տեղ գրաւած է պատմութեանց մէջ, դիմեցինք հայ եւ մահմետական հարիւրամեայ ծերունեաց: Միեւնոյն են սոցա պատմածներն առանց տարբերութեան. ահաւասիկ.

«Երկաթ մեծ, ամուր եւ ծանր դուռն կախուած էր Թալայի արեւելեան կողմի գետի մօտ եղած դարպասից [1], որ միշտ մնում էր փակ: Ռուսներն գալուց շատ տարիներ առաջ լազկիներն (լէկզիք) գալիս էին Դաղստանի կողմից հաւաքում հասարիցս (պարսպից) դուրս բնակող լազկիները, յարձակւում Նուխու եւ Շամախու գաւառների եւ քաղաքների վերայ, կոտորում, սպանում, թալանում եւ եսիրներ (գերիներ) տանում եւ երկիրը քանդում: Այդ ժամանակ քանդուեցան մի քանի գիւղեր, ինչպէս են Պաշինճաղ, Պապարաթմա, Քոթուկլու [2], ժողովուրդներից փախչողն փախաւ, ազատուեցաւ լեռներում, կռուողն սպանուեցաւ, ձեռք ընկնողն` եսիր տարան: Աստուած հեռու տանի այն տարիները, թշնամիս էլ, սատանան էլ տեսնան ոչ այն օրերը... Յետոյ, հա', յետոյ Շամախու եւ Նուխու խաներն միաբանելով գալիս են զօրքով եւ մեծ վնասներ տալիս հասարիցս դուրս եղած լազկիներին: Վերջից դարձեալ միաբանում են լազկիներն, բարկացած հանում երկաթը. մեծ դուռն եւ տանում մինչեւ Շամախի եւ ձգում այնտեղ [3] եւ աւելի մեծամեծ վնասներ տալիս:

Այժմ եւս կան պարսպի հիւսիսային կողմում լեկզու շատ գիւղեր:

 



[1] Տակաւին մատնացոյց են անում տեղը:

[2] Այժմ աւերակ են գիւղերս, որ վերաբերում են Խենի եւ Շաքի գաւառներին:

[3] Այժմ երկաթ դուռն գտնւում է Շամախում մահմետականաց թաղում