Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍՏՈՐԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ

 

ԱՐԱՇ ԳԱՒԱՌ

 

Գաւառս, որ ընկած է Կոկիսոն գետակի, Բօզ-դաղի հարաւահայեաց լանջերի եւ Կուր գետի մէջ, ստացած է Հաբանդ, Հաբանք, Աղբերդ, Աղ-դաշ, այժմ` Արաշ անունները: Ամէնամեծ մասամբ թրքաբնակ է գաւառս, որի մէջ կան միայն հայոց հետեւեալ գիւղերն.

ա. ԽԱՆԱՒԱՏ գիւղ. շինուած Արջկան գետակի աջ ափի մօտ, Աղուանից դաշտից Բօզ-դաղի ծոցն մտած մի լեզուահովտի վերայ: Ամրան ծանր է օդն եւ կլիման. բայց ոչ այնքան վնասակար, հողն արքունի եւ արդիւնաւէտ, տեղական բերքերն` ցորեն, գարի, կորեկ, որիզ, բամբակ, մետաքս, խաղող, թուզ, նուռն, թութ, ծիրան, դամոն, սալոր, կեռաս եւն: Բնակիչք գաղթած են Խաչեն գաւառի Խանապատ գիւղիցն եւ Արաշի Խալդան գիւղից: Եկեղեցին ս. Աստուածածին, որ ունի մի քահանայ:

Ծուխ 40, ար. 106, իգ. 91, ար. ծն. 6, իգ. 5, պսակ 2, ար. ննջ. 3, իգ. 2, երկար կեանք 70-75:

բ. Քանդակ [1] գիւղ. հիմնուած Կուր գետի ձախ ափի վերայ, Աղուանից դաշտի սրածայր վերջացած տեղի մօտ, ամրան ծանր օդն եւ կլիման, բայց պատուական ջուրն, որ է Կուր գետն: Հողն արքունի եւ բարեբեր, բայց ամրան սակաւ ցանքսերի ջուրն, որ գալիս է Արջկան գետակից, տեղական բերքերն` միեւնոյն: Բնակիչք` բնիկ տեղացի, աշխատասէր եւ քաջ որսորդ: Եկեղեցին ս. Աստուածածին, նոր կառուցեալ, ձեղունն փայտաշէն, որի քահանան գալիս է Հաւարիկ գիւղից: Եկեղեցուս բակում կայ հին հանգստարան, որի մէջ է հետեւեալ արձանագրութիւնը կրող տապանաքարն. «այս է տապան Մելիք-Մելքումին, որ էր որդի Չալապօվին. Օվ ոք կարդա, դա ողորմի, 1840 նմի»

  Հարկ է յայտնել, որ ո'չ սորա նախնիքն մէլիք եղած են եւ ո'չ սորա յետագաներն, մելիքութիւնն սկսուած է իրանից եւ մեռած իւր հետ: Պատմում են թէ, սա մելիքութիւնը ստացած է Նուխու խանիցն իբր վարձատրութիւն իւր նշանաւոր քաջութեանց: Այսպէս է մելիք-Մելքումի ծագումը. Չալապի, որից ծնուած է Առաքելն եւ Առաքելիցս` Մելիք-Մելքումն: Վերջինս 1826-ին ռուս-պարսկական պատերազմում մեծ ծառայութիւններ արած է ռուսաց, վասնորոյ այժմ սորա յետագաներն կոչւում են անհարկատու բէկեր եւ բէկզատաներ:

Գիւղումս մի տան մէջ գտնուած գրչագիր աւետարանի յիշատակարանից բարւօք համարեցի ընդօրինակել հետեւեալը.

«ՌՅԻԱ (Փրկչական), յորում թուականս հայոց էր ՉԿԸ էր, գրեցաւ սայ (սա) ՚ի մայրաքաղաքիս, որ կոչի Նախիջեւան մեծ նահապետին Նոյի շինեալ ձեռամբ տունս իւր, կատարեցաւ սայ ընդ հովանեաւ սուրբ Սարգսի զաւրավարին ձեռամբ Յովսէբայ անարժան ծառայի նորայ»): Երկրորդ կազմող Տէր-Ոսկանն յայտնում է, թէ աւետարանս եղած է արծաթապատ կազմով եւ ոսկեզօծեալ: Իսկ Վլաս վարդապետն յայտնում է, թէ գողերն կոտրած եւ տարած են ոսկեզօծ արծաթապատը, իսկ ինքն (Վլաս վարդապետն երրորդ անգամ) կազմած է ՌՃԻԶ-ին Նախավկայի Ս. Ստեփաննոս վանքում (Երասխի աջ կողմում եղած Ս. Ստեփ. վանքում):

Ծուխ 120, ար. 433, իգ. 392, ար. ծն. 31, իգ. 28, պսակ 15, ար. ննջ. 8, իգ. 5, երկար կեանք 80 տարի:

գ. ՀԱՒԱՐԻԿ գիւղ. կէս ժամու ճանապարհ ցած է Քանդակից, նոյնպէս շինուած Կուր գետի ափի վերայ, միեւնոյն օդն եւ ջուրն եւ տեղական բերքերն եւ արքունի հողն, բնակիչք բնիկ, բացի 10 տնից, որ գաղթած են Արցախից: Եկեղեցին Ս. Աստուածածին, նորաշէն, հոյակապ, շինուած հասարակութեան տրօքն, որ ունի մի քահանայ:

Ծուխ 112, ար. 391, իգ. 361, ար. ծն. 25, իգ. 16, պսակ 12, ար. ննջ. 8, իգ. 6, երկար կեանք 80 տարի:

դ. ՄԱԶՐՂՈՒ գիւղ. նոյն չափով ցած է Հաւարիկից, ամէնայն ինչ միեւնոյն, միայն գիւղն վերստաչափ հեռի է Կուր գետից, ժողովուրդն բնիկ, գործօն եւ քաջ որսորդ: Եկեղեցին Ս. Եղիշէ, հողաշէն, քահանան գալիս է Խանաւատից:

Ծուխ 47, ար. 161, իգ. 143, ար. ծն. 13, իգ. 11, պսակ 8, ար. ննջ. 3, իգ. 2, երկար կեանք 75 տարի:

Ուխտատեղի Ս. Եղիշէ մատուռն.

Կուր գետի ձախ ափում, մոշայ [2] ծառերի մէջ շինուած է ուխտատեղիս: Ի նախնեաց հետէ արդէն եղած է մատուռս, բայց մի քանի տասնեակ տարիներ առաջ ՚ի հիմանց նորոգուած է, որ ունի այս արձանագրութիւնը. «1867 թուին սկսեալ ՚ի նոր շինութիւն փոքրագոյն մատուրի վերայ Սուրբ Աւագ նշանի, որ է շինողն Մազրղուեցի Յօվսէփի որդի Բաղրամ, Շիրին, Գասբար որդի Խուշուդ եւ Մազրղու ժողովուրդ Աստուած օրհնի, որ մեզ օգնեցին: Գրեցի Տէր Խաչատուր, ով կարդացող ողորմի ասա'»: Երկու խնդրի մասին թէեւ շատ հարցափորձեցինք, սակայն չստացանք գոհացուցիչ պատասխան:

ա) Ինչ պատճառաւ հասարակութիւնն անուանում է մատուռը Ս. Եղիշէ, իսկ արձանագրութիւնն` ս. Աւագ նշան:

բ) Քանի որ մազրղուեցւոց բարբառն խառնուրդ է Խոյի եւ զոկերի լեզուներից, ինչպէս բնիկ տեղացի են համարում զիրենք եւ նախնեաց նախնիքները:

Ե. ԱՐԱՇ կամ ԷՐՄԱՆԻ-բազար գիւղ, շինուած դաշտի հիւսիսային կողման մօտ, Արջկան գետակի ձախ ափի վերայ, արքունի ճանապարհի մօտ, կից Արաշ թրքաբնակ գիւղին: Միեւնոյն են օդն եւ կլիման եւ տեղական բերքերն, միայն նշանաւոր են գիւղիս եւ շրջակայից սեխն, ձմերուկն, սոխն, սխտորն, վարունկն եւ պատլիջան, տանձն, խնձորն եւ ընկուզն: Հողն կիսով չափ արքունի եւ կիսով չափ բէկական եւ աւելի արդիւնաւէտ: Բնակչաց բարբառն խառնուրդ է Արցախի, զոկերի եւ Խոյի բարբառներից. բայց ծերունիք վկայում են, թէ փոխադրուած են այստեղ Խալդան գիւղից, որի աւերակն հեռի չէ գիւղիցս:

Գիւղիս եկեղեցին է այժմ այն նշանաւոր հնութիւնն, որի մասին ասում է աւանդութիւնն, թէ հիմնուած է Եղիշ-առաքելից: 1830 թուականներում լուսահոգի Բաղդասար մետրապոլիտ Ջալալեանն հոգ տանելով հաւաքագրել տուած էր Արցախի, Շամախու եւ Շաքուայ վանօրէից արձանագրութիւնները, որք տպագրուած են բազմաշխատ Շահխաթունեանցի Բ. հատ. եր. 356-382: Հաւաքագրողն Ուրեկայ տաճար է անուանում եկեղեցիս, հետեւելով Կաղանկատուացուն (եր. 9-10), որ գրում է, թէ Եղիշէ Առաքեալի մասունքներն գտնելուց յետոյ` Ուռեկան գիւղացի Ստեփաննոս անուն քահանայ ոմն Առաքեալի գլուխը յափշտակելով փախաւ եւ տարաւ ամփոփեց իւր գիւղում: Տաճարիս շինութեան արձանագրութիւնն. [3]

  «՚Ի քահանայապետութեան Տէր Ստեփաննոսին (Աղուանից), զշինող եկեղեցւոյս զտէր Յովհաննէս յիշեցեք ՚ի Քրիստոս նաեւ զծնողսն եւ զեղբարն իւր ՉԻԸ (1279) թուին»:

Գաւթի արձանագրութիւն կրող քարն թէեւ ընկած է իւր տեղից, սակայն պահուած է բարեբաղդաբար, բայց խիստ դժուարաւ է կարդացւում խառն փորուած լինելու պատճառաւ: Կասկածելով, որ սխալ կը լինի մեր ընդօրինակութիւնն, վասն որոյ թողինք ուղիղ ընդօրինակողներին, այստեղ մէջ բերելով տպագրեալի օրինակը.

«Յաշխարհակալ տէրութեան Ապաղայ խանին եւ ՚ի հայրապետութեան տէր Ստեփաննոսին. եւ ՚ի պարոնութեան Նորադինին եւ Սրաջադինին եւ Գուրզադինին ես տէր Յովհաննէս շինեցի զգաւիթս յիշատակ ինձ եւ եղբարց եւ ծնողաց իմոց ՉԼԳ (1284) թվին»:

Աւազանի որմի վերայ, գաւթում մի խաչարձանի վերայ քանդակուած է. «Խաչս Պարխաս Խուպիճանին»:

Եկեղեցին եւ գաւիթն շինուած են տաշուած չիչ քարով, սալկախներն ամբողջապէս հնադարեան խաչքարեր են, շարուած արտաքուստ որմերի վերին եզերքներով: Ամէնայն ուրբաթ գիւղումս լինում է օրավաճառ:

Ծուխ 35 [4], ար. 103, իգ. 74, ար. ծն. 8, իգ. 6, պսակ 4, ար. ննջ. 3, իգ. 3, երկար կեանք 70:

  զ. ՆԵՄԻԹԱՊԱՏ գիւղ. մօտ գիւղին, ամէնայն ինչ միեւնոյն. բնակչաց լեզուն` Էրմանի-բազարի եւ միւս յիշեալ գիւղերի բարբառների նման` խառնուրդ Խաչենի եւ Ջոկերի լեզուից: Եկեղեցին Ս. Աստուածածին, վերնամասն` փայտաշէն: Ծուխ 69, ար. 222, իգ. 202, ար. ծն. 18, իգ. 16, պսակ 8, ար. ննջ. 8, իգ. 7, երկար կեանք 65-70 տարի:

 

ԱՂ-ԴԱՇ ԳԻՒՂԱՔԱՂԱՔ

Ընդհանրապէս մահմետական են գիւղաքաղաքիս բնակիչներն, որ շինուած է Դուրկան գետակի աջ կողմում, Աղուանից դաշտի վերի կողման մօտ: Գիւղաքաղաքս համարուած է գաւառիս գաւառագլուխն, ուր կան հեռագրատուն, փոշտ, արքունի դատարան, գաւառապետ, բժիշկ, հիւանդանոց եւ օրավաճառ շուկայ, որ տեղի է ունենում ամէն կիւրակէ օրեր: Այգիներով եւ պարտէզներով ամբողջապէս ծածկուած է գիւղաքաղաքս, բայց ամրան ծանր է օդն եւ անախորժ գետաջուրն, վասն որոյ եւ անպակաս դողի եւ ջերմի հիւանդութիւնն: Այս տեղի օրավաճառն աւելի բազմամարդ է լինում, քան ամէն տեղի օրավաճառներն, զի կետրոն լինելով խռնւում են ամէն կողմերից, մինչեւ անգամ Արցախի ստորին գաւառներից բազմաթիւ յաճախորդներ:

Տարուան երեք եղանակի արտադրած պտուղները եւ բերքերը կարելի է տեսնել այստեղ կոյտ-կոյտ դիզուած խանութների առաջ, որք են թութ, կեռաս, դամոն, տանձ, խնձոր, թուզ, խաղող, դեղձ, ծիրան, սեւկեւիլ, անուշ եւ քաղցամախց [5], նուռն, վարունկ, ձմերուկ, սեխ, պաթլիջան, արքայակաղին, ընկուզ, շագանակ, զղեար, խոռնիկ եւն. ցորեն, գարի, որիզ, բրինձ, ոսպ, լուբիա, մաշ, սիսեռ, ոլոռն, բակլայ, խաշխաշ, գազար, սոխ, սխտոր, գետնախնձոր, ճակնդեղ, բողկ: Բաց յայսցանէ նախիրներով` կով, երինջ, արջառ, եզն, գոմէշ, գոմշակով, հօտերով արու ոչխար եւ այծ, վերջապէս ձի, ջորի, աւանակ, ուղտ, գորգ, կարպետ, մափռաշ, խուրջին, մետաքսաթել, բամբակ, բուրդ, ուղտեբուրդ, սամուր, աղուեսնի, արջենի, գայլենի, ընձենի եւն: Այստեղ վաճառւում են եւ մեծ քանակութեամբ մատուտակ, որ տեղական բարբառով կոչւում է բիան: Ահա Աղուանից երկրի բերքերն են այս ամէնն:

Գիւղաքաղաքումս բնակում են եւ շատ պանդուխտ հայեր, եկած Արցախից, Գանձակից, Շաքուից եւ Շամախուց, որք զբաղում են վաճառականութեամբ, առեւտրով, դերձակութեամբ, հիւսնութեամբ, որմնահիւսնութեամբ, սեղանաւորութեամբ, կօշկակարութեամբ, մանրավաճառութեամբ եւ պաշտօնական (արքունի) ծառայութեամբ: Հարկ է յայտնել, որ գիւղաքաղաքիս շէնքերի ամէնապատուական մասն պատկանում է հայոց, մանաւանդ Շուշեցի Գանջեցեանց եղբարց, որք այստեղ կառուցած են երկյարկ (կրաշաղախ ցեխով եւ թրծեալ աղիւսով) ընդարձակ իջեւան, որի գետնայարկն ծառայում է իբր վաճառանոց եւ վերնայարկն` պատուաւոր անձանց բնակարան:

Հայք չունին եկեղեցի: Դեռ 2 տարի առաջ պ. Կարապետ Գանջեցեանցն մտադիր էր իւր սեպհական հողերից մի յարմար տեղի վերայ կառուցանել իւր ծախքով միջակ մեծութեամբ եկեղեցի եւ քահանայի համար սենեակներ, որպէսզի ապահովէր հոգեւոր հովուի գոյութիւնը: Անբախտաբար վաղահաս մահն խափանում է մտադրութիւնը, բայց ազգասէր հանգուցեալն մահից առաջ կտակում է 10 000 ր. իւր բարի նպատակը ՚ի կատար ածելու:

Գաւառիս վերայ հաշուելու է եւ Գեօգ-չայ նոր քաղաքը, որի մասին գրած ենք կանխաւ:

Ի վերջոյ կարեւոր է յայտնել, որ այստեղ կան անգլիացի եւ յոյն ընկերութեանց անդամներ, որք գնում են մատուտակի արմատներ, իսկ Գանձակի, Լաքի եւ Ուջանի երկաթուղու կայարանների մօտ գործարաններ, որոց մէջ պատրաստելով մատուտակի հեղուկները, ղրկում են արտասահման:

 

ԱՒԵՐԱԿ ԲԵՐԴԱՏԵՂԻ

ԼԳ. բերդն Աղուանից գտնւում է Դուրկան գետակի աջ կողմի վերայ Բօզ-դաղ սարի ընդհատուած տեղի դաշտաբերանում: Բաւական ընդարձակ է բերդիս ծաւալն, որ շինուած է եղել կրաշաղախ ցեխով եւ թրծեալ աղիւսով, որի հաստութիւնն է չորս մատնաչափ, լայնութիւնն` քլաչափ եւ երկարութիւնն` թզաչափ: Մերձաբնակ մահմետականներն քանդած եւ տարած են պարիսպների աղիւսներն, բայց ամբողջապէս նշմարւում են հիմքերի հետքերն երեք կողմերից բացի գետակի կողմից. քանզի Դուրկանն եւս քանդած եւ տարած է յորդած ժամանակներում իւր բաժինը: Բերդատեղուս տարածութեան վերայ նշմարւում են շատ շինութեանց հետքեր, վասն որոյ կարծում ենք, որ բերդաքաղաք եղած է այս: Բերդիս լեռնակողմերում կան շատ սպիտակ հողեր, որք ունին աղի նման աղիական զօրութիւն: Սուրբ եւ անսուրբ կենդանիներն կանաչ խոտով յագենալուց յետոյ` ամէն օր սովորաբար գալիս են լիզում եւ ուտում աղի հողերը: Գաւառիս շատ տեղերում, մանաւանդ բերդիս մերձակայ լեռներում առատ են աղանման հողեր, կենդանեաց կերած եւ լիզած տեղերն այնքան խոր ընկած են, ասես թէ բնական հողայրեր են: Հաւանական է երեւում մեզ, որ այս յատկութիւնից առնուած լինի Աղ-բերդ գաւառ անունս: Բայց թէ Աղ-բերդ եղած է եւ բերդիս անունն. չգիտենք հաւաստեաւ:

Մի քանի տարիներ առաջ մի քանի լէկզիներ փորում են բերդաքաղաքիս մէջ խազնա-թէա-փա կոչուած բլուրը, հանում բաւական հին արծաթ դրամներ, դատարկ թողնում 2 կարասները, որոց մէջ եղած են դրամներն, եւ անհետանում: Բայց յայսցանէ մօտ անցեալում, Ղարախանեան Սարգիս բէկի եւ հանգուցեալ Շոլկովնիկեանցի առուն փորելու ժամանակ, որ անցնում է բերդիս միջով, մշակ լէկզիներն գտնում են մի ահագին կարաս, լիքն թանձրացեալ գինով: Բայց առա՜նց կանխաւ իմաց տալու Սարգիս-բէկին, թափում են լէկզիներն թանձրացեալ նիւթը, որի պատճառաւ սաստիկ զայրանում է նոյն բէկն` լսելուց յետոյ:

Բերդիս ստորոտում կայ մի ծերունազարդ կաղամախի ծառ, որից փոքր-ինչ ներքեւ եւ Հայոց հանգստարան, որ ծածկուած է փշալի թուփերով: Իսկ բերդիս արեւմտեան կողմում արաբական հանգստարան:

ԼԴ. բերդն Աղուանից գտնւում է Արաշ եւ Նեմիթապատ գիւղերի մէջ: Հողեայ ամրոցս չունի ընդարձակ մեծութիւն, բայց ունի ամրութիւն: Շրջապատում փորուած են խիստ լայն եւ խորագոյն խրամներ եւ ելած հողերն դիզուած են խրամների ներսի եզերքներով, որով ստացած է ծովում բարձրացած կղզեկի դիրք: Կասկածելի ժամանակներում ջրով լցրած են խրամները, երեւի թէ ունեցած է եւ շարժական կամուրջ: Ազգի հնութիւնները սիրող հայ ոմն գնած է բերդս ոմն մահմետականից, ուր հերկում եւ ցանում է ցորեն: Պատմում են, թէ ակոսած ժամանակներում գտնւում են սովորականից շատ հաստ, կարծր եւ կոպիտ կարասներ եւ խեցեղէն անօթներ:

ԼԵ. ամրոցն Աղուանից, որ կոչւում է այժմ Շիլեան, գտնւում է Արաշից վերեւ, Արջկան գետակի ձախ կողմում, Շիլեան անուն թրքաբնակ գիւղի մօտ: Ամրոցս ամէն մասամբ յար եւ նման է ԼԴ. բերդին. տարբերութիւնն եւ եթ այն է, որ երկար ժամանակ ակոսուելով լցուած են խրամներն եւ վերստին հաւասարւում է եզերքների հողերի հարթութեանց:

Ահաւասիկ այսչափ են գաւառիս հայ բնակիչներն: Բայց եթէ ամբողջ գաւառիս տարածութիւնը բաժանենք 10 մաս, հողի 1 մասի բնակիչք հայ են միայն, իսկ 9 մասինն` մահմետական:

 

ՔԱՂԱԴԱՇՏ  ԳԱՒԱՌ

Գաւառս, որ ընկած է Աղ-սու եւ Կոկիսոն գետակների, դաշտաբերանի եւ Կուր գետի մէջ, ստացած է Քաղա, Քաղադաշտ, Բաղաեատ, այժմ` Բարկիւշատ անունը: Բացի երկաթուղու կայարաններում եղած պանդուխտ եւ մասնաւոր հայերից, ամէնեւին չկան գաւառումս հայ բնակիչներ: Ընդարձակ գաւառս ծայրից ծայր լի է մահմետական բնակիչներով:

 

Գաւառիս բերդերն

ԼԶ. բերդն Աղուանից, որ գտնւում է երկաթուղու Ուջար կոչուած կայարանի մօտ, շինուած է տորոնագոյն տաշուած քարով եւ կրաշաղախ ցեխով: Ամրոցս շատ մեծ չէ, բայց ունի գեղեցիկ եւ ամուր շինուածք, ինչպէս յայտնի է արտաքին երեւոյթներից: Բայց հետզհետէ քանդում եւ տանում են քարերից

ԼԷ. բերդն Աղուանից, կոչւում է Խազնա-դաղ [6] (Գանձասար), գտնւում է Աղ-սու աւանի արեւմտեան կողմում: Գարդման գետակն, ընդունելով իւր աջ ու ձախ կողմերից զանազան վտակներ, այստեղ բաժանուած է 2 ճիւղի, որք հոսում են բերդիս արեւելեան եւ արեւմտեան եզերքներով եւ կրկին միանում բերդիս ստորոտում: Կատարեալ կղզի ձեւացած է ամրոցս` Աղուանից դաշտի հիւսիսային վերջացած տեղում: Դարերի ընթացքում գետակս յորդած ժամանակ, փոխելով իւր գնացքը, արեւելեան կողմից բացած է ուրիշ խորագոյն խրամներ եւս, այնպէս որ երեւում են 4 կղզի ձեւացած բերդեր: Արեւելեան կողմից համարելով 4-ն է Խազնա-Դաղն, որի երկու կողմերով այժմ հոսում է սրընթաց գետակն: Բերդիս երկարութիւնն ընկած է գետառաջների ընթացքի համեմատ, իսկ լայնութիւնն` գետաբաժնից գետաբաժին: Ջրերի դարաւոր հոսանքներն հե-տըզհետէ խորացնելով յատակները` բերդի շրջապատը ձեւացրած են բարձրագոյն վիհեր: Բերդի միջից տեղ-տեղ բացուած են դէպի ջրերն նեքնուղիներ. երեւի թէ ջուր առնելու, զի ջուր չկայ բերդում:

Բոլորովին հարթ է բերդիս մակերեւոյթն, որը այժմ հերկում են մահմետականներն: Բայց տակաւին նշմարւում են բնակարանների ստորերկրեայ մասերն, որք շինուած են գետաքարով եւ եփած հաստ եւ մեծ-մեծ աղիւսով: Մի քանի տարիներ առաջ մի քանի մահմետականներ բերդիցս գտած են շատ արծաթ հին դրամներ:

Բերդիցս շատ հեռի չէ այն հողաբերդն, որի մէջ Նադր-Շահն բնակեցրած էր հայերը Շամախին կործանելուց յետոյ, որի մասին գրած ենք արդէն Շամախի քաղաքի նկարագրութեան մէջ:

 



[1] Աղուանից Ես. կաթ. (եր. 23), գրած է, թէ Ճառի եւ Կախաւանի կողմի լեկզիների գլխաւորն _Ալի_սոլդան, որ Շահի հրամանաւն նստած էր, ապստամբեցաւ եւ գերեվարեց Շաքուայ Պաշնճաղ, Մումպարաք, Չարղաթլու եւ Քանդակ գիւղերի բնակիչները:

[2] Տաճկերէն Իլղըն աղաջի: Բայց այնքան հաստ_հաստ եւ բարձր են այս ծառերն, որոց նմանը տեսած չենք բնաւ ուրիշ տեղերում: Մինչդեռ թուփեր են Տաճկաստանում եւ Պարսկաստանում մեր տեսածներն, իսկ ծառեր են Կուր գետի եզերքում բուսածներն:

[3] Տես նաեւ Շահխաթ. նոյն հատ. եր. 378:

[4] 15_ն բնիկ, իսկ մնացեալն եկած Խալթանից:

[5] Բառ գաւառական, որ նշանակում է բաղադրեալ քաղցրից եւ թթուից, տաճկերէն` մարխոշ:

[6] Ասում են աւանդաբար, թէ բերդումս պահուած են Աղուանից թագաւորների եւ իշխանների գանձն: