ՊԵՏՐՈՍ ԴԻ ՍԱՐԳԻՍ ԳԻԼԱՆԵՆՑ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՊԵՏՐՈՍ ԴԻ ՍԱՐԳԻՍ ԳԻԼԱՆԵՆՑ
(Պատմական-կենսագրական ակնարկ)

Հայոց նոր պատմութեամբ հետաքրքրւողները յիշում են անշուշտ այս մարդու անունը. Պետրոս դի Սարգիս Գիլանենցն այն իսկ անձնաւորութիւնն է, որ 1720-ական թուականների սկզբին Պարսկաստանի ժամանակակից անցքերի ու դրանց ընթացակից հայոց քաղաքական շարժման մասին օրագրի ձեւով կազմած մի ընդարձակ տեղեկագիր ուղարկեց ռուսաց քաղաքական շրջաններում ծանօթ հայ գործիչ Մինաս վարդապետին եւ Գիլանի ռուս կառավարիչ բրիգադիր Լեվաշեվին [1]:

Օրագրողի անձնաւորութեան մասին մի քանի ակնարկ գտնում ենք միայն նրա թողած պատմական յիշատակարանի վերջին հատուածում: Աւելի մօտ հասկացողութիւն են տալիս մեզ նրա մասին մեր ձեռքի տակ եղած մի քանի անտիպ գրութիւններ, որ մինչ այժմ դեռ չեն դարձել յատուկ ուսումնասիրութեան նիւթ: Գիլանենցն այստեղ դէպքերի արձանագրող չէ արդէն, այլ նրանց մէջ մասնակցող կենտրոնական դէմք. նրա անունը կապւում է այստեղ ժամանակի քաղաքական-ռազմական ձեռնարկների հետ: Թղթերի մէջ զեկուցանողը ինքը Գիլանենցը չէ այլեւս, այլ նրան գործակից մարդիկ ու նրան հովանաւորող Մինաս վարդապետը, հայոց քաղաքական շարժման մէջ նշանաւոր դէմքերից մէկը: Սակայն չը պէտք է մոռանանք եւ այն, որ այդ թղթերը մեծ մասամբ գրուած են Գիլանենցի մասնաւոր նամակների ու զեկուցագրերի հիման վրայ: Այդ տեսակետից իսկ նրանք ներկայացնում են մեզ, որպէս նրա ընդարձակ տեղեկագրի շարունակութիւնն ու ամփոփումը [2]:



[1]            «Ժամանակագրութիւն Պետրոս դի Սարգիս Գիլանենցի ջուղայեցւոց բարբառով գրած», տե՛ս «Կռունկ Հայոց Աշխարհին», 1863, էջ 81-112 եւ 181-212: Հմմտ. «Дневникъ осады Испагани Афганами, веденый Петросомъ ди Саркисъ Гиланенць. въ 1722 и 1723 годахъ. Матерiиалы для исторiи Персiи. Переводъ и объясненiя К. Патканова (Приложение къ XVII–му тому Записокъ Имп. Акад. наук, 3, pp. XXXII+57), Спб., 1870. Պատմական գրականութեան մէջ Գիլանենցին ուշադրութեան են առել՝ Г. Эзов, Снош. Пет. Вел. съ арм. народомъ. Введенiе, LXI-LXIII եւ Լէօ, Հայկական տպագրութիւն, Թիֆլիս, 1901, Բ տպ., էջ 329 եւ հետ.:

[2]            Այստեղ յիշուած գրութիւնները պահուած են Моск. Главн. Ахивъ Мин. Иностр. Дълъ. Дъла армянскiя. 1725. 1, ներքոյ («Добешенiя Армянскаго Архiерея Минаса вартапета о усилнъишей просбъ Армянскаго народа прислать къ нимъ начальника могущаго имъ руководствовать по причинъ, что главный ихъ начальникъ Петръ Сергеевъ на баталiи убитъ. »): Գործի մէջ գտնուած թղթերից կարեւոր են՝ ա. Մինաս վարդապետի 1725 թ. 1-ն փետրուարի թուակիր մի զեկուցումը ցարին (fol. 2r–3r), բ. Կուրբատօվի 1725 թ. ապրիլի 12-ի զեկուցումը արտաքին գործոց կոլլեգիային Գիլանի գործերի համար Մինաս վարդապետի Մոսկուայից Պետերբուրգ գնալու ցանկութեան մասին (fol. 4r–5r), գ. Յովհաննէս (Иванъ) անունով հայի Գիլանից Մինաս վարդապետին գրած 1725 թ. 17-ն յունուարի թուակիր նամակը (fol. 9r–13r): Այս նամակի հեղինակը, ինչպէս վկայում է Մինաս վարդապետը, եղել է Պետրոս Գիլանենցի գործակիցներից եւ նրա այն «լաւ եւ հաւատարիմ ընկերը, որին ինքն Պետրոսը վստահանում էր իր գաղտնիքները». նամակագիրն ինքը ամփոփում է իր դժբախտաբար միայն ռուսերէն թարգմանութեամբ մեզ հասած գրութիւնը այս խօսքերով. «Все вышеписанное покойникъ Петръ писалъ, а я съ того сiе пишу копiю». (fol. 12v), դ. Մինաս վարդապետի 1725 թ. 19-ն օգոստոսի թուակիր դիմումը Կատարինէ Ա կայսրուհուն (fol. 27r–28v): Վերջին թղթով Մինաս վարդապետն ընթացք է տալիս նախորդ գրութեան մէջ արուած դիմումներին: Այդ թուղթը, որի մէջ խօսք կայ նաեւ հայերի ընդհանուր քաղաքական ակնկալութիւնների մասին, զետեղում ենք սոյն յօդուածի յաւելուածում: