ՊԵՏՐՈՍ ԴԻ ՍԱՐԳԻՍ ԳԻԼԱՆԵՆՑ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ա. Գիլանենցի գործունէութեան սկզբնական շրջանը

Քիչ բան կարող ենք ասել Գիլանենցի կեանքի եւ գործունէութեան սկզբնական շրջանի մասին: Այն հանգամանքը, որ նա գրում է Նոր Ջուղայի բարբառով ինքնին արդէն հաւանական է կացուցանում, որ նա ծնուած եւ դաստիարակուած պէտք է լինի Սպահանի նշանաւոր արուարձանում: Ազգանունը մատնում է մեզ թերեւս նրա հեռաւոր նախորդների հայրենիքը, այն երկիրը, որ յետագայում պէտք է դառնար մեր հերոսի գործունեութեան գլխաւոր կայանը: Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի մի խաչքարի վրայ կայ յամենայն դէպս յիշատակութիւն, որ գալիս է ասելու, թէ նրա տոհմը հաստատուել էր այդտեղ դեռ ԺԷ դարում եւ եղել է մէկը գաղութի ունեւոր հայ տներից [1]: Անշուշտ ինքը Պետրոսն էլ ապրուստի կարիք չէ ունեցել անցեալում: Նրա հայրանուան եւրոպականացած ձեւը, բաւականաչափ բնորոշ յատուկ ժամանակի ու շրջանի համար, վկայում է, թէ 1723 թուին նա արդէն աշխարհ տեսած մարդ էր, ունեւոր վաճառական: «Նրա գրելու ձեւից իսկ, նկատում է Ք. Պատկանեանը, երեւում է, որ հեղինակը գրագէտ մարդ է, փորձուած, թէեւ չէ ստացել առանձին կրթութիւն: Այն հանգամանքը, որ նա յաճախ գործ է ածում ռուսերէն վերստ (верста), չին (чинъ), վօլնա (вольный), սուխարի (сухари) եւ այլն բառերը, ապացուցանում է, որ նա եղել է Ռուսաստանում, եթէ չընդունենք, որ ռուսերէն բառերի գործածութիւնը այն ժամանակ սովորական էր պարսկահայերի մէջ» [2]: Պատկանեանի բերած բառերի գործածութիւնը օրագրի մէջ կարելի կը լինէր իհարկէ վերագրել նաեւ Գիլանում ապրող ռուս զինուորականների եւ պաշտօնեաների ազդեցութեանը, որոնց հետ հեղինակը մօտ եւ անմիջական շփման մէջ էր գտնւում: Որ սակայն Գիլանենցը մինչ այդ եղել է Ռուսաստանում եւ նոյն իսկ Արեւմտեան Եւրոպայում՝ դրա համար կան անմիջական տուեալներ: 1716 թուին հանդիպում ենք նրան Ամստերդամում ժամանակի խոշոր հայ դէմքերից մէկի՝ Ղուկաս Վանանդեցու շրջանում. Վանանդեցու այդ թուին լոյս տեսած «Պատկերասէր պատկերատեաց»-ի խորագրի տակ կարդում ենք՝ «Նուիրագրեալ՝ եւ Տեառնագրեալ Ջուղայեցի Գիլանէնց ի Տ[է]ր հանգուցեալ Սարգսի որդւոյ Պետրոսին»: Դժբախտաբար Վանանդեցու այդ գիրքը յիշատակարան չունի, եւ մենք դժուարանում ենք ասել, թէ ինչո՛ւ կամ ի՞նչպէս է Գիլանենցն արժանացել նշանաւոր տպագրչի այդ ուշադրութեանը. բայց թէ յիրաւի Գիլանենցն այդ ժամանակ հետաքրքրւում էր հայ գրքի վիճակով ու ըստ երեւոյթին նաեւ մեկենաս էր հանդիսանում նրա տպագրութեան՝ եզրակացնել կարող ենք Ամստերդամից գրած նրա մի նամակից, որ նոյն տարին նա ուղղել է Ռուսաստանի նուիրակ Ջուղայեցի Յովակիմ արքեպիսկոպոսին [3]. ահա եւ նրա տողերը՝

 

Գերապայծառ Տ[եառն]ն իմոյ Յօվագիմ եպիսկոպոսիդ.

Յատ լիցի վեիդ որ տ[է]ր Եղիսէիցն խնդրեցի որ հր[ա]մնցդ գրի որ լազաթ առես. վարպետ Ղուկասին ծեռացայգիր նարեկն ու մին լավ գիրք որ մեր վարդայպետ[ա]ց քշտին մաղբուլ լինի տաս էս գիր բերող թեօդօրօ վէլքսին որ աղարկէ բանդիս ձեռն որ տեղս մին գիրք ամ պասմ[ա]յ անում էն գրքին պէտք այ. կը խնդրեմ որ մաթլապիս կատարումն տաս եւ թողութիւն առես որ քանի քալմէս վռազ գրեցի. շալահ (իշալլահ?) ա[ստուա]ծ նասիպութ[իւն] մին էլ հր[ա]մնցդ ոտն համբուրեմ, ուրախ լեր ոխչ ի տէր: Եղեւ ամմսրդմ թիվն 1716 6/17 յուլիսի.

փոքր ծ[ա]ռ[ա]յ ոտից հող չնչին

Պետրոս Գիլանենց

 

Թւում է թէ Գիլանենցի ակնարկած գիրքը լոյս չէ տեսել ամենեւին: 1717 թուին Ղուկաս Վանանդեցու տպարանից դուրս եկաւ Ամստերդամի վերջին հայերէն հրատարակութիւնը՝ «Կարճառօտ ժամագիրք ի մի վայր ժողովեալ ի պէտս Հայոց վաճառականաց» վերնագրով, մի գործ, որ անշուշտ ոչինչ չունի Գիլանենցին հետաքրքրող աշխատութեան հետ: Նոյն թուին մեռնում է Ղուկասը, դրա հետ ի միասին ընդ միշտ փակւում է նրա տպարանի գործունէութիւնն Ամստերդամում [4]:

Թէ ո՞ւր դիմեց այնուհետեւ Գիլանենցը, չը գիտենք: Հազիւ թէ տպագրական գործը բերած լինէր նրան Եւրոպա, հաւանական էլ չէ, որ նոյն գործը երկար պահած լինի նրան այնտեղ: Ամստերդամում նա անշուշտ երթեւեկող մարդ էր. այստեղ գալիս էր նա առեւտրական գործերով. «զրայ մենք սովդագար անք ելել ալիշ վէրիշի տէր», խոստովանում է տարիներ յետոյ Գիլանենցը [5]. նա մէկն էր ըստ երեւոյթին այն խոշոր հայ առեւտրականներից, որոնք Ամստերդամ էին բերում Գիլանի մետաքսը եւ՝ փոխանակելով այն հոլլանդական գործուածքների հետ՝ վաճառքի էին հանում այս ապրանքները Պարսկաստանի շուկաներում: Եւ երեւի առեւտրական այս ճանապարհորդութիւնների ժամանակ էլ նա ծանօթացաւ Մոսկուայում Մինաս վարդապետի հետ ու սրա միջոցով՝ նաեւ ռուսների հայկական քաղաքականութեանը:



[1]            Այդ խաչքարի վրայ կարդացւում է՝ «Սուրբ խաչս յիշատակէ գ[ի]լ[ա]նց Աւետիկն, թիվն ռճի: Յ[ի]շ[ա]տ[ա]կէ սուրբ եկ[եղե]ց[ոյս]ս գ[ի]լ[ա]նց (Գիլանէնց) Աւետիկին՝ եւ կողակցաց Մարաթին՝ Ասլիջանին՝ եւ որդի Յակոբջանին». Տե՛ս Յար. Տէր-Յովհանեան, Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան, Նոր Ջուղա, 1881, Բ, էջ 6:

[2]            «Дневникъ и. т. д. ». առաջաբան, էջ XXIX-XXX.

[3]            М. Г. А. М. И. Д. Дъла арм. 1720 окт. 31. 3, fol. 109 r.

[4]            Ղուկաս Վանանդեցու մահուան մասին Ռուսաստանի նուիրակ Յովակիմ արքեպիսկոպոսին տեղեկութիւն էր տուել Գիլանենցի նամակում յիշատակուած Ամստերդամի Եղիսէ հայ քահանան. ահա թէ ինչ խօսքերով է պատասխանում վերջինիս Յովակիմ արքեպիսկոպոսը. «գրեալ էիր վ[ա]ս[ն] Ղուկասին խղճութե[ան] վաղճանելն. գիտացիր նախ Թաթէոս երէցն. թէ զինչ էր գործեալ լուսահոգի Ոսկան վարդապետին հետ. առաւ հատուցումն որ առ[ա]նց խոստովանութեան եւ հաղորդութեան վճարեաց զկեանն իւր. նմանապէս դա զինչ էր գործեալ Թօմայ վրդ ։ պտին հետ ըստ իւր առմանցն առաւ եւ դա» (անդ, fol. 36): Բացասական որակում Ղուկասի անձնաւորութեան այստեղ մեզ առաջին անգամն է հանդիպում:

[5]            «Ժամանակագրութիւն», 133, էջ 211: