ՊԵՏՐՈՍ ԴԻ ՍԱՐԳԻՍ ԳԻԼԱՆԵՆՑ

Հեղինակ

Բաժին

Թեմա

բ. Հայ առեւտրականի վերաբերմունքը դէպի Պարսկաստանի քաղաքական շարժումները

Հայ վաճառականի գործերը պէտք է շեղուէին իրանց խաղաղ ու կանոնաւոր ընթացքից, երբ արեւելքում բռնկուեց աւղանների ապստամբութիւնը ու երկար տարիներով խանգարեց Իրանի դարաւոր հանգիստը: Պարսկաստանն անզօր է հանդիսանում խեղդելու սաղմերի մէջ Միր Վայսի եւ Միր Մահմուտի խրոխտ ձեռնարկը. երկրի մի ծայրում առաջացած շարժումն աճում եւ տարածւում է ամբողջ պետութեան մէջ. հետզհետէ ոտի են կանգնում լեզգիներն ու քուրդերը, արաբ ու թաթար ցեղերն ու ցեղապետները: Օգտուելով ապստամբական այս համատարած հրդեհից, ռուս եւ տաճիկ զօրքերը շտապում են Պարսկաստան՝ իւրացնելու նրա զերծ մնացած պատառները, իսկ դրսի այս միջամտութիւնը տարտամ վիճակից հանում է Պարսկաստանի քրիստոնեայ ազգաբնակութեանը՝ վրացիներին եւ հայերին՝ եւ թեւ տալիս նրանց կենտրոնախույս քաղաքական ձգտումներին:

Անկախ Հայաստանի ուրուականն առանձին աշխոյժ է ստանում հայ մելիքների ու իւզբաշիների աւանդական իշխանութեան ստուերների տակ: Վարդագոյն ապագայի յոյսերով Ղարաբաղի հայ մելիքները եւ Աղուանից կաթողիկոս Եսային իրանց զօրքերով դուրս են գալիս վրաց Վախտանգ թագաւորի առաջնորդութեամբ դիմաւորելու ռուսների յաղթական մուտքը Պարսկաստան: Ղափանի եւ շրջակայքի հայերի մէջ սկսում է խմորուել քաղաքական մի շարժում, որ յետագայում պէտք է կենտրոնանար Դաւիթ բէկի ապստամբական դրօշի շուրջը: Կային նաեւ այլ ուղղութեամբ մտածող եւ գործող դէմքեր: Հայ ազնուականութեան շրջանում երեւացին թրքասէր հոսանքի ներկայացուցիչներ: Իսկ երկու տիրող ուղղութիւնների մէջ չէզոք դիրք էին աշխատում գրաւել Էջմիածնի հայ վանականները:

Միանգամայն հեռու մնաց քաղաքական այս անցքերից ու դէպքերից հայ առեւտրական դասը: Զուրկ ազգային-քաղաքական երազանքներից՝ նա չունէր նաեւ իրական գործունէութեան որոշ ծրագիր: Կրաւորական համակրանքներով նա յարում էր ինքնին տիրող քաղաքական-հասարակական կարգերին ու օրէնքներին, որոնց հետ շղթայուած էր իրաւական պահանջների եւ տնտեսական շահերի հազար ու մի կապերով: Եւ ի՞նչ կարող էր սպասել հայ վաճառականը ցեղային եւ գաւառական սկզբունքների տեւական յաղթանակից, եթէ ոչ քաղաքական խոշոր միութիւնների կազմալուծում եւ տնտեսական գործող կազմակերպութիւնների խանգարում եւ քայքայում միայն: Չէ՞ որ «յեղափոխական» այս շարժումն ըստ ինքեան դարերով ամբարուած յետաշարժ ոյժերի մի ժայթքում էր միայն՝ ուղղած քաղաքական-տնտեսական այն նոր կարգերի դէմ, որ սկսել էին արմատանալ Իրանի թագաւորութեան մէջ Սեֆիդեան հարստութեան տիրապետութեան ընթացքում: Իզուր չէ հայ առեւտրական Եղիա Մուշեղեանը, որը, որպէս «աճենթ, այսինքն փոխանորդ ժողովին արեւելից եւ հնդկաց վաճառականաց», նստած Պարսկաստանի վաճառաշահ քաղաքներում ուշի ուշով հետեւում էր երկրի անցքերին, տարիների ընթացքում վարած իր մասնաւոր թղթակցութիւնների մէջ սոսկումով արձանագրում ապստամբ ցեղերի ու նրանց վարիչների առաջընթացութեան փաստերը եւ ընդհակառակը՝ հիացումով նկարագրում պարսիկների յաջողութեան աննշան դէպքերն անգամ [1]: Եւ նա սիրում էր հաւատալ, թէ ճակատագիրը կը փրկէ Սեֆիների հարստութիւնը վերջնական կորստից:

Սակայն այդ յոյսերն օր աւուր սպառնում էին չքանալ անհետ: Պետական այն մեքենան, որի յուսալի նեցուկներից մէկն էր մինչ այդ հայկական կապիտալը, դադար էր տուել իր կանոնաւոր գործառութիւններին. այս մտքին պէտք է ընտելանար նոյնիսկ հայ առեւտրականի քաղաքական բարեյուսութիւնը: Հակամէտ ոյժերի եւ ազդեցութիւնների այն ժխորում, որ ստեղծուել էր երկրի մէջ շնորհիւ զինուորական-քաղաքական ուժեղ ցնցումների, հայ վաճառականը եւս պէտք է շտապէր գտնել իր գոյութիւնն ապահովող նոր յենակէտներ, յարէր տիրող հոսանքներից մէկին կամ միւսին. նա պէտք է դուրս գար քաղաքական անդորր ու անվրդով մտայնութեան ապահով շրջանակներից, որդեգրուէր նոր ազդեցութիւններից մէկին ու նրա ներշնչմամբ նետուէր կռուի դաշտ:

Պարսկահայ վաճառականների մէջ Պետրոս դի Սարգիս Գիլանենցն առաջինն էր, որ ենթարկուեց ժամանակի այդ պահանջին: Նա առաջինն էր հայ կապիտալի այն ներկայացուցիչներից, որոնք նետուեցին գործօն ազգային քաղաքականութեան գիրկը:



[1]            Տե՛ս М. Г. А. И. Д. Дъла арм., 1724, 1-ի յաւելուածների մէջ գտնուող տետրակները: