Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ II
ՀԱՅԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՆՐԱՆՑ ՔԱՆԱԿՆ ՈՒ ԻՐԱՒԱԿԱՆ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

Մենք նպատակ չունենք տալու մեր հեռաւոր անցեալի պատմութիւնը։ Կամեցանք միայն ընդգծել, թէ ինչ հանգամանքներ ստեղծուեցին հայութեան համար՝ օտարի տիրապետութեան շնորհիւ. կամեցանք ասել, որ հայութեան անարգել զարգացումը կանգ առաւ այդ տիրապետութեան պատճառով, որ այլեւս նրա պատմութիւնն ընթացաւ նոր տնտեսական եւ հասարակական միջավայրում։ Ի՞նչ միջավայր է դա, որ դարերից յետոյ տեսակ-տեսակ փոփոխութիւն կրելով, XIX դարի սկզբում կորցրեց իր քաղաքական գերիշխանութիւնը հայերի վրայ եւ տիրական դիրքը զիջեց ռուս պետականութեանը։ Ծանօթանանք այդ իւրայատուկ միջավայրի հետ, քննենք եւ լուսաբանենք, թէ ի՞նչ գտաւ Անդրկովկասում նուաճող պետականութիւնը։

Այժմեան Անդրկովկասն իր հայաբնակ գաւառներով միանգամից չանցաւ ռուսների ձեռքը, այլ մաս-մաս։ 1801 թ. յունուարի 18-ի հրովարտակով Վրաստանը յայտարարուեց միացրած Ռուսաստանին։ Մեր նպատակից դուրս է բացատրել, թէ ինչ հանգամանքների պատճառով Վրաստանը կորցրեց իր ստուերային անկախութիւնը։ Արձանագրում ենք միայն փաստը։ Վրաստանի յեղյեղուկ եւ անապահով կեանքի փոխարէն ռուսաց տիրապետութիւնն իր հետ բերեց հաստատ կարգ ու կանոն։ Ո՞վ աւելի օգտուեց այդ հաստատ կարգ ու կանոնից, դա ուրիշ խնդիր է, բայց յամենայն դէպս երկիրն ազատուեց ներքին անվերջ խռովութիւններից եւ արտաքին ասպատակութիւններից ու գերեվարութիւններից։ Վրաստանում միայն վրացիներ չէին ապրում, այլ եւ հայեր, որոնք բնակութիւն ունէին կամ բուն Վրաստանում, այստեղ գլխաւորապէս քաղաքներում, կամ թէ հին հայկական գաւառներում, որոնք այժմ Վրաստանին էին պատկանում եւ ռուսական տիրապետութիւնից յետոյ կոչւում էին թաթարական դիստանցիաներ. Բորչալու (Լօռի), Ղազախ, Շամշադիլ, Շորագեալ։ Այս գաւառներում հայերը գիւղի բնակիչներ էին։

Երկար պատերազմելուց յետոյ՝ 1813 թ. հոկտեմբերի12-ին Գիւլիստանի պայմանագրով Պարսկաստանը զիջեց Ռուսաստանին Շեքիի (Նուխի), Շիրուանի (Շամախի), Ղարաբաղի, Թալիշի, Բագուի, Ղուբայի եւ Դերբենտի խանութիւնները։ Իսկ Գանձակի խանութիւնը ռուսական գաւառ էր ճանաչուած դեռ 1804 թ. ։ Այս խանութիւնների մէջ հայերը նշանաւոր տեղ էին բռնում Գանձակում, Շեքիում, Շիրուանում եւ Ղարաբաղում, որպէս հայ բնագաւառներում։

Պատերազմը նորից ստիպեց Պարսկաստանին 1828 թ. փետրուարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով զիջել Ռուսաստանին Երեւանի, Նախիջեւանի խանութիւններն եւ Օրդուբաթի գաւառը։ Այս գաւառներում հայ բնիկներին միացան Պարսկաստանից եւ Թիւրքիայից ելած գաղթականներ։ Դարձեալ պատերազմը ստիպեց Թիւրքիային 1829 թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանոպօլսի պայմանագրով Ռուսաստանին զիջել Ախալցխայի փաշայութիւնը, որը բնակեցրուեց Թիւրքիայից ելած հոծ գաղթականութեամբ։

Այսպէս՝ աստիճանաբար հին հայկական գաւառներն անցան Ռուսաստանին եւ տարբեր գաւառ-խանութիւններում տիրող տարբեր կարգերին փոխարինեց ռուսական միօրինակ իշխանութիւնը։ Թէ ինչ փոփոխութիւններ մտցրեց ռուսական իշխանութիւնը, դա կը բացատրուի յետագայում։ Այժմ մեզ անհրաժեշտ է ծանօթանալ այն կարգերին, որոնք կային ռուսներից առաջ, որոնք մի չափով մնացին եւ ռուսական տիրապետութիւնից յետոյ եւ որոնց հետքերն պահպանուել են նոյնիսկ մինչեւ մեր օրերը։ Ռուսական պետականութիւնն իր նուաճումները, ինչպէս տեսանք, սկսեց Վրաստանից։ Այդտեղից էլ մենք սկսենք մեր հետազօտութիւնները։

Վրաստանը գերազանցապէս աւատական եւ ճորտատիրական երկիր էր։ Փոքրիկ երկիրն իր փոքրիկ ժողովրդով բաժանուած էր բազմաթիւ իշխանների եւ ազնուականների մէջ։ Կենտրոնական կառավարութիւնը, թագաւորի իշխանութիւնը, թոյլ էր եւ անզօր։ Աւատական իշխանները պարտաւոր էին օգնել թագաւորին նրա պատերազմական ձեռնարկութիւնների ժամանակ, բայց իրապէս դա տեղի չէր ունենում։ Արտաքին թշնամիների, պարսիկների եւ լեզգիների, յարաճուն արշաւանքների պատճառով երկիրը միշտ զգում էր իրեն վտանգի մէջ։ Այդ արտաքին վտանգն էր, որ տիրողաբար համայնակենցաղի մէջ էր պահում ճորտին եւ պարոնին, որովհետեւ ճորտութիւնն իր խայտառակ էութեամբ այնպիսի ծանր վիճակի էր յանգել, որ հազիւ թէ այլ պայմանների մէջ հանդուրժելի լինէր։ «Ճորտերն արքունի կամ տէրերի հողերի վրայ ժառանգական նստակեաց ժողովուրդ էին եւ մատուցանում էին հողատէրերին բազմաթիւ ծառայութիւններ, որոնց մէջ հնձած հացի 1 / 6 եւ շինած գինու ¼ մասն ամենանշանաւորներն էին։ Գիւղացիական հողաբաժինը հողերի համեմատական առատութեան շնորհիւ բաւական խոշոր էր։ Երեք սերունդներից բաղկացած անբաժան ապրող մեծ ընտանիքը ստանում էր սովորաբար 106 դեսեատին։ Ճորտերի առանց հողի եւ նոյնիսկ ընտանիքների անդամների զատ-զատ վաճառումն չէր արգելւում օրէնքով եւ գործադրւում էր յաճախ։ Կալուածատէրն իրաւունք ունէր պատժելու իր գիւղացիներին դրամական տուգանքներով եւ խարազանի հարուածներով։ Նրան էր պատկանում եւ դատաստանական իշխանութիւնը բոլոր յանցանքների համար, բացի նշանաւորագոյններից։ Տէրերի եւ գիւղացիների փոխ-յարաբերութիւնները կանոնաւորւում էին ոչ այնքան օրէնքով, որքան սովորութեամբ» [1] ։ Բնատնտեսական շրջան ապրող երկրում տէրն ու ճորտը հարկաւ մեծ պահանջներ չունէին։ Ազնուականները գլխաւորապէս ապրում էին գիւղերում, անաշխատ կեանք էին վարում եւ ապահովութեան մասին մտահոգում։ Ճորտն էլ իր վաստակից առատ բաժին էր հանում նրան եւ հարկը պահանջած պարագայում զինուած ուղեկցում նրան արշաւանքների մէջ։ Դրամը մեծ դեր չէր խաղում այդ միջավայրում. բնական տուրքերը հաւաքւում էին տեղն ու տեղը սպառելու համար։ Բայց եթէ տէրը դրամի պէտք էր զգում որեւ է քմահաճութիւն բաւարարելու համար, այն ժամանակ նահապետական իշխանաւորը փոխւում էր գիշատիչ ճորտատէրի։ Սովորական երեւոյթ էր այդ ժամանակաշրջանում արեւելքի շուկաները լցուած տեսնել վրացի տղայ եւ աղջիկ ստրուկներով։ Վաճառքի այդ ապրանքը ձեռք էր բերւում ոչ միայն լեզգի եւ պարսիկ գիշատիչների ջանքերով, այլ եւ վրացի կալուածատէրերի տմարդի վարմունքով, որոնք իրենց ցեղակիցներին առանց խղճի խայթ զգալու վաճառում էին գերեվաճառներին։

Վրաց իշխաններն ու ազնուականները բաժանուած էին մի քանի կարգերի. կային առաջնակարգ, երկրորդական իշխաններ (թաւադ), կային եւ առաջնակարգ, երկրորդական եւ երրորդական ազնուականներ (ազնաուր)։ Իշխաններ, ազնուականներ եւ ճորտեր ունէր նաեւ եկեղեցին, որոնք համարւում էին կաթուղիկոսի հպատակներ։ Արտօնեալ դաս էր եւ հոգեւորականութիւնը, յարգի ոչ միայն երկրի ներսում, այլ եւ դուրսը, օտար կառավարութիւնների աչքում։ Այդ արտօնեալ դասերը ոչ միայն ապրում էին ծանրանալով ժողովուրդի շլինքին, այլ եւ առաջնութեան, պատուի եւ յարգանքի անվերջ հարցեր ու վէճեր յարուցանելով՝ թշնամացած միմեանց հետ՝ բզկտում էին հարազատ երկիրն ու ժողովուրդը։ Վարի խաւի ամեն մի անձ պարտաւոր էր ճանապարհ տալ եւ պատշաճ յարգանք մատուցանել բարձր խաւերի անձերին։ Այդպէս էր Վրաստանը վրացիների համար։

Բայց Վրաստանում միայն վրացիներ չէին ապրում այլ եւ հայեր, թուրքեր, օսեր եւ հրէաներ։ Հայերը գլխաւորապէս քաղաքների բնակիչներն էին եւ մեծաւ մասամբ ճորտական դրութիւնից ազատ։ Իսկ նրանք, որոնք ապրում էին գիւղերում, թէեւ վարչական եւ դատաստանական գործերում ենթարկւում էին իրենց մելիքներին եւ թուրք աղալարներին, բայց վերջիններս ոչ հողերի սեփականատէր էին, ո՛չ էլ իրաւունք ունէին վաճառել գիւղացիներին, գնել եւ այլն։ Վրաստանում XIX դարի սկզբում ապաստան էին գտել ժողովրդի մի մասով Վարանդայի մելիք Ջումշուդ Մելիք-Շահնազարեանը եւ Գիւլիստանի մելիքներ Աբով եւ Ֆրիդոն Մելիք- Բէգլարեանները, որոնց Պաւել կայսեր հրամանով հողեր էին յատկացուած Բորչալւում եւ որոնք կառավարում էին ժողովուրդը Ղարաբաղի սովորութիւններով՝ պարտաւորուած զինուորական օգնութիւն տալու Վրաստանի թագաւորներին։ Ճորտութիւն եւ այլ ծանր պարտադիր պայմաններ հայ գիւղացիների եւ մելիքների մէջ գոյութիւն չունէր [2] ։ Այդ մելիքներն էլ՝ Ղարաբաղի վրայ ռուսական հովանաւորութեան տարածումից յետոյ (1805 թ. թողին Վրաստանը եւ իրենց ժողովրդով վերադարձան հայրենիք։ Եւ այսպէս հայերը գլխաւորապէս Վրաստանի քաղաքային բնակչութիւնն էին, նրա առեւտրական եւ արհեստաւոր ժողովուրդը։ Մի անկատար վիճակագրութիւն կազմուած 1821 թ. հոգեւոր առաջնորդների ձեռքով տալիս է մեզ Վրաստանի (Քարթալինիա եւ թաթարական դիստանցիաներ ու Գանձակի շրջան) քրիստոնեայ ժողովուրդների բնակավայրի հետեւեալ պատկերը. վեց քաղաքներում եւ 975 գիւղերում ապրում էին 34 հազար տուն քրիստոնեաներ, որոնք ըստ դաւանութեան եւ տեղի ստորաբաժանւում էին հետեւեալ կերպով [3].

ԾՈՒԽԵՐ

 

Վրացի եւ ռուս

Հայ

Ընդամենը

Թիֆլիս քաղաքում

417

2951

3348

Գորի քաղաքում

121

331

452

Անանուր քաղաքում

24

123

147

Թէլաւ քաղաքում

74

236

310

Սղնախ քաղաքում

12

377

389

Գանձակ քաղաքում

28

828

856

Ընդամենը քաղաքացիներ՝

679

4826

5502

 

Քաղաքներում ապրող ժողովրդի այս թուերը պարզորոշ ցոյց են տալիս, որ Վրաստանում քաղաքների բնակչութիւնը ճիշտ որ եղել է հայկական։ Եթէ այս թուերից հանենք Գանձակի բնակչութիւնը, որովհետեւ Վրաստանի հետ նա կապւում էր 1804 թուականից, այսինքն ռուսական տիրապետութիւնից յետոյ, եւ եթէ ի նկատի ունենանք, որ ռուսական տիրապետութեան քսան տարին այն հետեւանքն էր ունեցել, որ պատմական Վրաստանի քաղաքներում այժմ ոչ միայն ռուսներ էին բնակւում, որ անցեալում չկային, այլեւ այդտեղ նոր դրութեան շնորհիւ կենտրոնանում էր վրաց ազնւականութիւնը՝ խիստ հետամուտ պաշտօնների եւ ազդեցութեան, ապա կը տեսնենք, որ Վրաստանի անկախութեան ժամանակ իսկապէս հայերն էին այդ երկրի քաղաքների գերիշխող բնակչութիւնը։

Թիֆլիսի, Գորիի, Անանուրի, Թէլաւի, Սղնախի, Օսէթիայի, Բորչալուի, Փամբակի, Ղազախի, Շամշադիլի եւ Գանձակի գիւղական բնակչութիւնը հաւասար էր 27, 540 ծուխի, որից վրացի 20, 486 ծ., հայ 7054 ծ. [4] ։ Թուերը չափազանց պարզ են խօսում։ 7054 ծ. հայերի մեծագոյն մասը հաւանօրէն ապրում էր Գանձակի շրջանում եւ ապա Բորչալւում, Ղազախ-Շամշադիլում։ Նորից կրկնում ենք, եթէ այստեղ դուրս հանենք Գանձակի գիւղերի բնակչութիւնը, ապա բուն Վրաստանի համար կը ստանանք չափազանց չնչին թիւ։ Երիցեանը գրում է, որ «գիւղական համայնքի մօտ 12 հազար ծուխը արքունի ստրուկներ էին, մօտ տասը հազար կալուածատէրերին կամ պարոններին էին պատկանում եւ չորս հազարից աւելի համարւում էին եկեղեցեաց սեպհականութիւն (որոնց մէջ մօտ երկու հարիւր ծուխ ստրուկ էին Էջմիածնի վանքին)։ 730 ծուխ գիւղաբնակ ազնուականներից 611 տուն վրացիք էին եւ 119 ծուխ հայք»։ Այստեղ «արքունի ստրուկ» գիւղացիներին իսկապէս չի կարելի ճորտ անուանել. դրանք սոսկ պետական գիւղացիներ էին։ Հետաքրքրականն այն է, որ Էջմիածինն էլ ճորտեր ունէր Վրաստանում եւ այն էլ հայ [5] Կասկածից դուրս պիտի համարել այն, որ հայ ճորտեր կային նաեւ հայ ու վրացի ազնուականներին ենթակայ։ Բայց ինչպէս աննշան էր Էջմիածնի բաժինը, նոյնպէս աննշան էր հաւանօրէն եւ ազնուականներինը։ Հայերը գլխաւորապէս կառավարում էին հայերի միջոցով. արդ՝ աննշան էր հայ ազնուականների թիւը, աննշան պիտի լինէր եւ նրանց ստորադաս գիւղացիութիւնը։ Սակայն այստեղ դեռ չէ ասուած, թէ 119 ազնուական ընտանիքները ճորտատէր էին. նրանք միայն ազնուականներ էին, իսկ այդպիսին համարւում էին ոչ միայն վրացական իրաւունքով ճանաչուած հայերը, այլ եւ մելիքներն ու բէկերը։ Այս վերջինները Գանձակի շրջանում, Ղազախում, Շամշադիլում եւ Բորչալւում, դասային եւ կալուածային իրաւունքներով միանգամայն զանազանւում էին վրաց ազնուականութիւնից։ Ապացուցուած պիտի համարել, որ հայերը Վրաստանում, որպէս գիւղացիներ, աննշան տեղ էին բռնում։ Նրանց քանակական եւ որակական ոյժը քաղաքների մէջ էր։ Հէնց քաղաքներին էլ դիմենք։

Վրաստանի քաղաքներն այդ ժամանակաշրջանում խոշոր ամրացրած գիւղեր էին։ Այն պարապմունքները, որ մենք այժմ կապում ենք քաղաքների բնակչութեան հետ, այն է հում նիւթերի մշակումն եւ ապրանքների բաշխումն, ապա մի շարք զբաղմունքներ՝ կապուած վարչական եւ դատաստանական հիմնարկութիւնների հետ եւ այլն, նրանց մէջ սաղմնային դրութեան մէջ էին։ Այդ խոշոր գիւղերը քաղաքներ էին անուանւում, բայց նրանց բնակիչները քաղաքացուն պատշաճ պարապմունքներ չունէին, կային առեւտրականներ, արհեստաւորներ, բայց եւ խոշոր թուով երկրագործներ եւ անասնապահներ։ Վրաստանի քաղաքներն իրենց այդ կերպարանքը պահպանեցին շատ երկար։ Ռուսական տիրապետութիւնից յետոյ էլ, նոյնիսկ XIX դարու 60 թ., նրանք քաղաքներ էին համարւում գլխաւորապէս այն պատճառով, որ վարչական կենտրոններ էին եւ նրանց մէջ խմբուած վարչական հաստատութիւնները զօրքի հետ միասին կազմում էին քաղաքների կենդանի ջիղը [6] ։ Պիտի ընդունել ուրեմն, որ Վրաստանում քաղաքներն իրենց զարգացման առաջին շրջանումն էին, մի չափով նրանք կտրուել էին գիւղի տնտեսութիւնից, բայց մեծ չափով հողի անմիջական մշակումն էր հայթհայթում նրանց ապրուստը։

Վրաստանի քաղաքների բնակչութիւնը ստորաբաժանւում էր՝ վաճառականների, արհեստաւորների եւ երկրագործների։ Իհարկէ, այդ քաղաքներում ապրում էին եւ ազնուականներ ու հոգեւորականներ, բայց մենք ուշադրութիւն ենք դարձնում գլխաւորապէս այն տարրերի վրայ, որոնք անմիջապէս դեր էին խաղում տնտեսական բարիքների արտադրման, մշակման եւ բաշխման մէջ։ Վրաստանի ժողովուրդը բաժնուած էր դասային կարգերով։ Դասային ստորաբաժանումներն էլ արմատացած էին նաեւ քաղաքների բնակչութեան մէջ։ Այդ ստորաբաժանումները տեղի էին ունենում ըստ պարապմունքի. երկրագործ-քաղաքաբնակները կազմում էին առանձին հարկատուական եւ վարչական համայնք, արհեստաւորները խմբուած էին առանձին միութիւնների մէջ, ապա համախմբուած ընդհանուր համքարական վարչութեան շուրջը, որ ունէր վարչական-կարգապահական, դատաստանական եւ ֆինանսական ֆունկցիաներ. նոյնպիսի միութիւնների մէջ էին խմբուած եւ վաճառականները, որոնցից կազմուած էր եւ մոքալաքների դասը։ Մոքալաք նշանակում է քաղաքացի, բայց այդ կոչումը Վրաստանում կրում էին հին քաղաքացի տները, որոնք աւելի պատիւ ու յարգ ունէին, քան թէ մնացածները։ Նրանք մի քանի աստիճանների էին բաժանւում համեմատ այն հարկերի, որ վճարում էին կառավարութեան։

Առաջնութիւնը ժառանգական չէր. առաջնակարգ մոքալաքը, եթէ միջոցները չէին ներում նախկին աստիճանի վրայ մնալ, կարող էր ազատօրէն անցնել երկրորդ կարգի քաղաքացիների շարքը, երրորդ կարգի եւ ընդհակառակը։ Նիւթական զօրութիւնն էր այդ կարգերի կանոնաւորող օրէնքը։ «Նրանք այսինքն մոքալաքները Դ. Ա. ) վրաց թագաւորների ժամանակ մեծ յարգանք էին վայելում եւ չէին կամենում լինել ազնուականներ, թէեւ կարող էին ստանալ նոյնիսկ իշխանական կոչում։ Իշխանները սիրայօժար բարեկամանում էին նրանց հետ։ Որովհետեւ վրացիների մէջ տրամադրութիւն չկար ապրելու քաղաքներում, ապա Վախթանգ Գուրգասլան թագաւորը հրաւիրեց հայերին բնակուելու նորաշէն Թիֆլիս քաղաքում, սիրաշահելով նրանց ամեն միջոցներով։ Այդ առաջին հայ բնակիչներն էլ կոչւում էին մոքալաք։ Նրանց միացան Թամար թագուհու իշխանութեան ժամանակ Թիֆլիս վերաբնակուած հայերը։ Ահա ինչու մոքալաքների դասն այժմ էլ ( XIX դ. 30 ական թթ. Դ. Ա. ) կազմում են բացառապէս հայերը, բացի մի վրաց ընտանիքից, որն այդ դասի մէջ է ընդունուած մեր (այսինքն ռուս) կառավարութեան ժամանակ։ Միայն Գորիում կային մոքալաքներ, որոնք միշտ էլ աստիճանով ցածր են եղել թիֆլիսեցիներից. ուրիշ քաղաքներում նրանցից չի եղել։

«Մոքալաքները կարող էին գիւղացիներ ունենալ. քրէական յանցանքի համար մահուան չէին դատապարտւում, ինչպէ՛ս մնացած դասերը, այլ դրամական փրկանքով էր լուծւում պատիժը։ Իսկ երբ պարսկական շահերին աղջիկների եւ տղաների հարկ էր ուղարկւում Վրաստանից, որ կոչւում էր «արբաբ», ապա մոքալաքները՝ դրամ տալով ազատւում էին դրանից։ Նրանք առաւելապէս զբաղւում էին առեւտուրով, վճարում էին թագաւորին որոշ հարկ-մախատ, ոմանք քաղաքացիական պաշտօններ էին կատարում, բայց հազուադէպ էր նրանց մասնակցութիւնը զինուորական գործի մէջ» [7] ։ Հարկա՛ւ, ինքն ըստ ինքեան հարց է ծագում, թէ ինչո՞ւ մոքալաքները խուսափում էին ազնուականների շարքում դասուելու։ Դրա բացատրութիւնը պիտի փնտրել նրա մէջ, որ վրացի ազնուականը միեւնոյն ժամանակ բնական զինուոր էր. նա ապրում էր ժողովրդի հաշուին եւ իր գոյութիւնն արդարացնում էր նրանով, որ գիւղացիներին ընձեռում է որոշ ապահովութիւն։ Այն ինչ մոքալաքը կարող էր գիւղացիներ ունենալ եւ մոքալաք մնալով, այսինքն ազնուականութեան չձգտելով, ազատ լինել ազնուական-զինուորականի արկածալից կեանքից։ Որ մոքալաքն առհասարակ չէր արհամարհում պետական ծառայութիւնը, դա երեւում է նրանից, որ նա քաղաքացիական պաշտօններ ստանձնելը չէր մերժում։ Քաղաքացիական պաշտօնները պատմական Վրաստանում գլխաւորապէս երկրի ֆինանսների հետ էին կապուած եւ նման պաշտօնեան նաեւ պալատական էր։ Վարչութիւնը եւ դատաստանը կալուածատէրերի կամ քաղաքաբնակ միութիւնների ձեռքին էր. պետական կազմը ոչ բարդութիւն ունէր, ոչ զարգացած պաշտօնէութիւն։ Երկրի ֆինանսները նախ եւ առաջ ծառայում էին թագաւորին, նա առաջին կալուածատէրն էր, ապա միայն աւելցուկը կամ ծախսւում էր պատերազմական նպատակներով կամ վճարւում էր, որպէս հարկ Պարսկաստանին կամ Թիւրքիային, որոնցից երկիրը համարեա միշտ կախման մէջ էր։ Այստեղ արդէն մոքալարի առեւտրա-ֆինանսական եւ յաճախ էլ դիւանագիտական հմտութիւններն անհրաժեշտ էին եւ նա յարգուած էր։ Մոքալաքի արժանապատուութիւնն ու յարգը կամայական վերաբերմունքի առարկայ չէր. նա որոշւած էր օրէնքով։ Պիտի նկատել, որ Վրաստանում քրէական յանցագործութեան դէմ պետութիւնն ինքը հանդէս չէր գալիս, որպէս հաւաքական կամք եւ ոյժ. այդ կարգի յանցագործութիւնը, ինչպէս եւ քաղաքացիական դատը, կրում էր մասնաւոր իրաւական բնոյթ։ Նոյնիսկ դատապարտելի բան էր համարւում կառավարական ատեանին մատնել յանցագործին։ Թէ քրէական եւ թէ քաղաքացիական դատերն իրար մէջ վերջացնում էին սովորոյթի իրաւունքով, եթէ վրէժխնդրութեամբ չէր լուծուել հարցը, ապա հրապարակ էր գալիս փրկանքը։ Օրէնքի մէջ խօսւում էր միայն այդ փրկանքի չափի մասին։ Իհարկէ, կողմերը կարող էին դիմել եւ իշխանութեան ներկայացուցչին, բայց դա պարտադիր չէր, եւ յետոյ՝ դատավարողն այդտեղ պիտի վարձատրուէր կողմերից։ Հասկանալի է, որ ճորտատէր կալուածատէրն առանց կողմերի դիմումին եւ ցուցմունքին էլ խառնւում էր իր ստորադրեալների վէճերի եւ գործառնութիւնների մէջ։ Մեր խօսքն ազատ բնակչութեան մասին է։ Սրանց նկատմամբ պիտի ասել, որ արհեստաւորն եւ վաճառականը ամենն էլ առանձին-առանձին ունէին իրենց համքարական դատարանը։ Միայն երբ ունայն էր անցնում այդ դատարանի ջանքերը, ապա այն ժամանակ գործի դատավարութիւնը յանձնւում էր համքարների պետին, որ յաճախ միեւնոյն ժամանակ լինում էր եւ քաղաքի պետը (մելիք-մամասախլիս)։

Հիմա տեսնենք, թէ վրացական օրէնքն ի՞նչ արեան փրկանք էր ընդունում այս կամ այն դասի համար։ Վախթանգ թագաւորի օրէնքն այդ մասին հետեւեալն է սահմանում. առաջնակարգ իշխանի եւ արքեպիսկոպոսի արեան գինը հաւասար է 15, 360 ր. միտրապոլիտինը —12, 288 ր., միջին իշխանի, եպիսկոպոսի եւ առաջնակարգ իշխանի բարեկամների արեան գինը 7, 680 ր., երրորդական իշխանի եւ վարդապետի 3, 840 րուբ., առաջնակարգ ազնուականի եւ վանահօր 1, 920 ր., երկրորդական ազնուականի, աբեղայի, հարուստ առեւտրական մոքալաքի 960 ր., իսկ հասարակ աբեղայի 768 ր., երրորդական ազնուականի, քահանայի եւ երկրորդական մոքալաքի 480 րուբ., վանքական ծառայի, սարկաւագի եւ երրորդական մոքալաքի 240 ր., գիւղացու եւ չորրորդական մոքալաքի 120 ր. ։ Թուերի այս վայրէջքը ցոյց է տալիս, թէ Վրաստանում հասարակական սանդուխքի վրայ ինչ տեղ էր բռնում այս կամ այն դասը։ Եւ այստեղից էլ պարզւում է , որ առաջնակարգ եւ երկրորդական մոքալաքները նոյն իրաւունքների տէրն էին, ինչ որ երկրորդական եւ երրորդական ազնուականները։ Հարկա՛ւ, քանի որ օրէնքն այս տրամադրութիւնն ունէր, հայ մոքալաքներն աւելի եւս պիտի ամփոփուէին իրենց դասային կազմակերպութիւնների մէջ։ Եւ այդ էլ տեղի էր ունենում իրականութեան մէջ. համախմբումն սեփական շահերի շուրջը, կղզիացումն տարբեր պարապմունքների շրջանակում, մի խօսքով համքարական (ցեխային) կազմակերպութիւն թէ տնտեսական կեանքի մէջ եւ թէ օրէնքի առաջ։ Համքարական ոգին այնքան խորն էր արմատացել հայերի մէջ, որ հոգեւորականներն անգամ նրա կանոններին էին հետեւում։ Եթէ վարպետի որդին վարպետ էր, ապա քահանայի որդին էլ քահանայ էր անպայման։ Վրաստանի քաղաքաբնակ հայութիւնն այս պայմաններում էր ապրում, երբ նրանց հիւրընկալող երկիրը ռուսական նահանգ դարձաւ։

Այստեղ առանձնապէս չըպիտի խօսենք Վրաստանում բնակւող հայ ճորտ գիւղացիների մասին, նրանք վրացիների հետ հաւասար տառապում էին միեւնոյն ճորտական լծի տակ։ Մխիթարականը նա էր, որ սակաւաթիւ էին հայ ճորտերը։ Մենք արդէն քանի անգամ շեշտել ենք, որ հայ գիւղացիներ բուն Վրաստանում քիչ կային, որ նրանք գլխաւորապէս ապրում էին Բորչալւում (Լօռի), իսկ այստեղ տիրապետում էին համարեա այն կարգերը, որոնք գոյութիւն ունէին Անդրկովկասի պարսկական խանութիւններում։ Երբ կը քննենք եւ կը լուսաբանենք վերջին երկրների քաղաքացիական պայմանները, ապա դրանով բաւարարած կը լինենք եւ ընթերցողի հարցասիրութեանը։ Մեր խօսքն առ այժմ փակենք Վրաստանի հայութեան մասին։



[1]        В. Н. Иваненко, “Гражданское управленiе Закавказемъ отъ присоединенiя Грузiи до Намѣстничества Вел. Князя Михаила Николаевича”, Тифлисъ, 1901, էջ Մի բացատրութիւն։ Որովհետեւ մեր աղբիւրները, որոնք պիտի յիշուին, յաճախ կրում են, ինչպէս տեսնում է ընթերցողը հէնց առաջին օրինակից, երկար վերնագիրներ, ուստի մենք պարտ ենք համարում յայտնել, որ հետեւելու ենք այս կարգին. առաջին անգամ յիշատակել գրքի եւ հեղինակի անունն ամբողջովին, յետագայում միայն հեղինակի անունը կամ գրքի կարճ վերնագիրը եւ էջը։

[2]        Մելիքների և հայ գիւղացիների փոխ-յարաբերութիւնների մասին մենք առիթ կունենանք խօսելու յետագայում. այստեղ ընդհանուր դրութիւնն ենք շեշտում։

[3]        Ալ. Երիցեանց, «Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը և Կովկասի Հայք XIX դ. », մասն 1. Թիֆլիս, 1894 թ., էջ 139-141։

[4]        Երիցեանց, էջ 139-141։

[5]        Այդ մասին ի միջի այլոց տե՛ս «Ջամբռ» Սիմէօն կաթուղիկոսի, Վաղարշապատ, 1873, էջ 209։

[6]        Այստեղ աւելորդ չեն համարում մի քանի տեղեկութիւններ տալ Թիֆլիսի նահանգի 1865 թ. քաղաքային բնակչութեան մասին։ Թիֆլիսում հաշւում էր այդ թուականին 67, 770 բնակիչ, Գանձակում 15, 439, Սղնախում 9, 687, Թէլաւում 7, 300, Գորիում 5, 054, Դուշէթում 2, 525, ընդամենը = 107, 755, որ կազմում էր նահանգի բնակչութեան 1 / 6 (նահանգում հաշւում էր 602, 954 բնակիչ)։ Հետաքրքրական է տեսնել և այդ բնակչութեան ստորաբաժանումն ըստ դաւանանքի. հարիւր մարդուն գալիս էր Գորիում՝ ուղղափառ (այսինքն վրացի և ռուս) 54, 5, հայ-լուս. 36, 5, հայ-կաթ. 4, 4, հրէայ 4, աղանդաւոր 1, 6, Գանձակում՝ ուղղափ. 1, 6, հայ լուս. 40, մահմեդ. 58, 4, Սղնախում՝ ուղղափ. 40, հայ-լուս. 60, Թէլաւում՝ ուղղափ. 64, 4, հայ-լուս- 35, 6, Դուշէթում ուղղափ. - 68, 5, հայ-լուս. - 31, 5 Թիֆլիսում-ուղղափ. 46, 5, հայ-լուս. 41, 5, մահմ. 2, 1, հայ-կաթ. 7, 1, բողոք. 1, 7, հրէայ 0, 6, աղանդաւոր Գիւղերում հայերը կազմում էին Գորիի գաւառում 4, 8, Գանձակի 30, 2, Սղնախի 6, 5, Թիֆլիսի (Լօռի) 21, 3, Թիօնէթի 1, 2. Հայեր չեն յիշւած ոչ Թէլաւի գաւառում, ոչ լեռնային շրջանում։ (Տե՛ս “Сборникъ статистическихъ свѣдѣнiи о Кавказѣ”, т. I. Тифлисъ. 1869 г. էջ 44 եւ 46-47). Այս թուերը ցոյց են տալիս, որ 60 թթ. անգամ հայերը Վրաստանում քաղաքների ժողովուրդ էին գերազանցապէս։ Նրանք գերակշռող տարր էին Թիֆլիսում (48, 6 լուսաւորչական և կաթոլիկ միասին), այն ինչ ռուս և վրացի կազմում են 47, Սղնախում հայերի տոկոսը հասնում էր 60ի։ Հայերը գիւղացիներ էին Լօռիում եւ Գանձակում, ուր չէր հասնում վրացական ճորտատիրութեան թաթը։

[7]        “Обозрѣнiе Россiйскихъ владѣнiй за Кавказомъ”, ч. I, С. -Петербургъ, 1836 г., էջ 210-212։