Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ II
ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀՈՂԻ ՇՈՒՐՋԸ
(Ազնուականութիւն եւ գիւղացինութիւն)

Ռուսական ազդեցութիւնը հասարակական կեանքի մէջ սկսուեց տարածուել Վրաստանից։ Այդ երկիրը հողի շուրջը ստեղծած իր փոխ-յարաբերութիւններով շատ նման էր Ռուսաստանին։ Աւելին. ճորտական դրութիւնը Վրաստանում աւելի ծանր էր եւ դժնդակ, քան թէ Ռուսաստանում։ Եւ հէնց որ այդ դժբախտ երկիրն անցաւ նուաճողների ձեռքը՝ վրաց ազնուականութիւնը սկսեց մոլեգնօրէն հետապնդել իր իրաւունքներին ու արտօնութիւններին։ Երկրի նոր տէրերն ազնուականութեան առաջ բացին փառասիրական հեռանկարներ. նրա անդամները կարող էին դիրքի, աստիճանների, կենսաթոշակների եւ անունի տէր դառնալ քաղաքական եւ զինուորական ծառայութիւնների մէջ։ Դրա համար պահանջւում էր ուսման տէր լինել. ծագումն արդէն ինքնին հարթում էր դժուարութիւնների խոշորագոյն մասը։ Ազնուականները նոր դրութեան առաւելութիւններն ու բարիքները վայելելու համար սկսեցին թողնել իրենց գիւղական օջաղներն եւ կենտրոնանալ քաղաքներում։ Այդ հանգամանքն ունեցաւ այն հետեւանքը, որ վրաց ազնուականութեան ապրուստի եւ վայելքի պահանջները մեծացան, իսկ բաւարարողը պիտի լինէր գիւղացիութիւնը։ Հարկա՛ւ, անհնար բան էր պահպանել հին նահապետականութիւնը եւ անվերջ քամել ու մզել գիւղացիներին։ Այլեւս խորանում էր դասերին բաժնող անջրպետը։ Վրաց ազնուականութիւնը գնաց իր դասային նեղ շահերի գծով. նա աւելացրեց իր շահագործման չափը, նրա պահանջկոտութիւնը սահման չունէր։ Իսկ ռուսական իշխանութիւնն իր կազմ ու պատրաստ ռազմական ոյժով պահանջած դէպքում կանգնում էր նրա թիկունքին եւ զգացնել տալիս կալուածատիրոջ անհերքելի կշիռը։ Այսպիսով վրաց անկախութեան կորուստը չէր խախտում հին արտօնեալ դասի ազնուականութեան դիրքը։ Ընդհակառակը, նոր կենտրոնական իշխանութիւնը, որ աւելի էր ուժեղ, գալիս էր այն ամրացնելու եւ դնելու հաստատ հիմքերի վրայ։ Ազնուական լինելը նշանակում էր նոր տիրապետութեան օրով յարգանք, իրաւունք՝ տեղ բռնելու պետական մեխանիզմի մէջ, որ ամբողջովին բաղկացած էր ազնուականներից, ապա արտօնութիւն՝ մարդկանցով բնակեցրած կալուածների տէր լինելու եւ այլն։ Զարմանալի չէ, որ ռուսների տիրապետութիւնն առաջացրեց ազնուականութիւն ձեռք բերելու մի համաճարակ։ Վրաստանի ամեն-մի աչքաբաց բնակիչ տառապում էր ազնուական դառնալու մարմաջից։ Սկսուեց տարածուել վաւերագրեր կեղծելու, նորերը հնարելու ախտը։ Ամբողջ կազմակերպութիւններ էին ստեղծւում դրա շուրջը, կազմակերպութիւններ, որ կեղծում ու վաճառում էին ազնուականութեան արտօնագրեր։ Իսկ պաշտօնական ատեանները լցւում էին այդ նորելուկ ազնուականների պահանջներով։ Եւ չըկարծէք թէ կեղծարարները մանր աֆերիստներ էին։ Ո՛չ։ Գործի ղեկը յաճախ գտնւում էր անուանի իշխանների ձեռքում։ Ժամանակի թելադրանքն էր այդպէս։

Ազնուականութիւնը եւ ճորտերը Վրաստանում գիւղական դասեր էին։ Հայերն այդ դասերի մէջ աննշան տեղ էին բռնում։ Նրանք կենտրոնացած էին Վրաստանի քաղաքներում, ուր ճորտեր կային, բայց ճորտութիւն չկար։ Բուն Վրաստանից դուրս՝ հայերն ապրում էին այդ թագաւորութեան պատկանող թրքական համարուած գաւառներում՝ Բորչալւում եւ Ղազախում։ Այստեղի տիրող դասն էր թուրք աղալարութիւնը եւ հայ մելիքութիւնը։ Դրանց եւ գիւղացիութեան փոխ-յարաբերութիւնների հետ մենք ծանօթացանք այս աշխատութեան առաջին մասում։ Ռուսական տիրապետութիւնն եկաւ հաստատ, գրաւոր օրէնքների վերածելու հին, սովորոյթի վրայ խարսխուած յարաբերութիւնները։ Պիտի ասել, որ ճորտատիրական Վրաստանի մերձաւորութիւնը հրահրում էր աղալարներին եւ մելիքներին նմանուելու վրաց ազնուականութեան։ Նրանք լոկ վարչական անձեր էին, բայց ձգտում էին կալուածատէր եւ ճորտատէր դառնալու։ Վրաց պետութեան թուլութիւնն այդ կողմից խիստ նպաստաւոր էր։ Ռուսական տիրապետութեան օրերից, երբ ազնուական լինելը վիթխարի բարիք էր, աղալարներն ու մելիքները չէին կարող բաւականանալ հին արտօնութիւններով։ Նրանք ձգտում էին ամրացնելու իրենց արտօնեալ կացութիւնը, յարատեւ դարձնելու իրենց տիրապետութիւնը։ Ռուսական իշխանութիւնն ընդառաջ գնաց այդ ձգտումներին եւ 1818 թ. հրատարակեց աղալարներին վերաբերեալ կանոնները [1] ։

Աղալարը (կամ մելիքը) ժողովրդի պետն է, որ ապրում է իրեն կառավարելու շնորհած գիւղում։ Նա գիւղի բարի վարք ու բարքի եւ կարգի պահպանողն է։ Նա խրախուսում է բնակիչներին պարապելու երկրագործութեամբ եւ շերամապահութեամբ եւ առհասարակ այն բոլոր աշխատանքներով, որոնք կարող են լաւացնել նրանց դրութիւնը։ Նա պաշտպանում է գիւղը արտասահմանից խուժած կամ ուրիշ կարգի գիշատիչներից, հալածում է նրանց իր ազգականների եւ հպատակ մարդկանց զինեալ ոյժով։ Նա պատասխանատու է գիւղի ոստիկանական կարգապահութեան համար եւ իշխանութեանն է յանձնում ապաստան գտած աւազակներին եւ փախստականներին։ Պատերազմի միջոցին նա հաւաքում է հարկաւոր մարդկանց եւ իշխանութեան պահանջով գնում է կռուի։ Նա անաչառ դատաքննում է պահանջները, վէճերն եւ մանր յանցանքները, ինչպէս՝ գողութիւն, վէրք պատճառելը եւ հրամայում է անմիջապէս բաւարարել, իսկ ծանր յանցանքների դէպքում, ինչպէս կողոպուտ, աւազակութիւն, սպանութիւն եւ այլն, տեղեկացնում է գլխաւոր կառավարական պրիստաւին։ Հասարակական կարգը խանգարողներին, ծոյլերին, անբարոյականներին, ծառայութեան եւ հարկատւութեան մէջ թերացողներին նա՝ առաջներում գործադրուող դրամական տուգանքի փոխարէն՝ ենթարկում է մարմնական պատժի։ Աղալարի հիւանդութեան կամ բացակայութեան ժամանակ նրա պարտաւորութիւններն անցնում են իր նշանակած ազգականին։ Գողերին եւ աւազակներին հովանաւորելու, գիշատիչներին չըհալածելու եւ դէպի հպատակներն ունեցած անարդար եւ դաժան վերաբերմունքի համար աղալարը ենթարկւում է նկատողութեան կամ զրկւում է պաշտօնից։ Այդպիսի պարագայում նրա իրաւունքների մէջ հաստատւում է ազգականներից մէկը։ Նոր աղալարին ընտրում է գլխաւոր պրիստաւը, իսկ հաստատում Վրաստանի կուսակալը։ Իր ծառայութեան համար աղալարը բնակչութիւնից ստանում է հացի եւ դրամի տուրք, որ հաւաքւում է տանուտէրի միջոցով եւ պետական հարկերի հետ՝ կազմելով դրանց 1 / 10 ։ Ամեն ծուխ իր գութանով եւ արօրով մի օր հերկում է աղալարի, մի օր էլ նրա բոլոր ազգականների համար։ Հունձը եւ հացի տեղաւորելը նոյնպէս բնակիչների պարտականութիւնն է։ Բնակիչները կառուցանում են աղալարի համար անհրաժեշտ շինութիւնները, գրաստ են տալիս նրա տեղափոխութիւնների ժամանակ։ Նաեւ տալիս են յատուկ ցուցակներով ծառայ։ Պատերազմի աւարից աղալարը ստանում է 1 / 10 ։ Ուրիշ բան աղալարին բնակիչները պարտաւոր չեն տալու։ Բայց դատապարտելի չի համարւում, այլ խրախուսանքի արժանի, եթէ ամուսնութեան ժամանակ կամ նոր տարուն ինքնայօժար ընծաներ մատուցեն նրան։ Չտուողներն իշխանութեան աչքում վատ համարում պիտի ունենան։

Ամեն գիւղ իր միջից ընտրում է տանուտէր եւ մի քանի տասնապետներ (եսաուլ)։ Ոստիկանական ծառայութեան մէջ նրանք ենթարկւում են աղալարին, իսկ հարկաբաշխութեան, բնական ծառայութիւնների, աղալարին օգնելու աշխատանքի մէջ գործում են համայնքի որոշումների համեմատ, ազատելով հարկից ու ծառայութիւններից աղալարի ազգականներին եւ հոգեւորականներին։

Ռուսական տիրապետութեան արշալոյսին այս կարգերը ստեղծուեցին գիւղական ժողովրդի համար։ Հայ եւ թուրք գիւղացին դրուեցին աղալարի կամ մելիքի խնամակալութեան տակ։ Նրանց անաշխատ գոյութիւնը ճանաչուեց օրինաւոր։ Ռուսներն այդպէս վարուեցին ոչ միայն Բորչալւում եւ Ղազախում, այլ եւ հետզհետէ նուաճած բոլոր հայ-թուրքական գաւառներում։ Խանական իշխանութիւնը վերացուեց, բայց խանական պաշտօնեաները մնացին իրենց տեղը։ Խանի տեղը բռնեց ռուս պաշտօնեան, որը յենւում էր նոյն մահալ-նայիբների վրայ։ Նոր իշխանաւորն իր կարգադրութիւններով յետ չէր մնում խանից։ Ժողովուրդը կողոպտւում եւ կեղեքւում էր։ Երկրի հողային սեփականութիւնն անարգել անցնում էր շատ ու քիչ դիրք եւ կարողութիւն ունեցող անհատների ձեռքը, որոնք մի չտեսնուած եռանդով հետամուտ էին լինում դասուելու բէկերի եւ մելիքների շարքում։ Եւ այդ շարժումը դիմադրութիւն չէր գտնում։ Ռուսներն այն համոզմունքին էին, որ հայ մելիքներն ու թուրք բէկերը ռուս եւ վրացի ազնուական դասն էին ներկայացնում խանութիւններում։ Ապա շնորհիւ այն հանգամանքի, որ ռուս պաշտօնեան չէր կարող անմիջական հաղորդակցութեան մէջ մտնել ժողովրդի հետ, որովհետեւ անտեղեակ էր նրա լեզուին ու բարքին, բարուոք էր դատւում ստորին վարչական կազմը թողնել հինը, ժողովուրդը կառավարել տեղական մարդկանցով։ Իսկ ո՞վքեր էին տեղական մարդիկ. բէկերն ու մելիքները։ Նրանք պարզ տեսնում էին, որ իրենց տիրապետութիւնը ժամանակաւոր է։ Նրանք գիտէին, որ իրենց արտօնութիւնները կապուած են վարչական եւ դատական ծառայութիւնների հետ։ Արդ՝ վաղ թէ ուշ այդ ծառայութիւնների համար հրապարակ պիտի կոչուէին նոր մարդիկ, այն էլ նոր պայմաններով։ Բնական տուրքերին եւ ծառայութիւններին պիտի փոխարինէր ռոճիկը։ Դրանով պիտի խզուէր այն կապը, որը հոգի եւ մարդկանց նկատմամբ նրանց արտաքուստ իրաւատէր էր դարձնում։ Միւս կողմից նրանք իրազեկ էին Վրաստանի հողային պայմաններին։ Երկրի նոր տէրերն էլ այդ կարգերն ունէին տանը, բուն Ռուսաստանում, եւ իրենց վարչական քայլերի մէջ առաջնորդւում էին ճորտատիրական հասարակութեան պատշաճ հասկացողութիւններով։ Այս բոլորից յետոյ դժուար չէր խելամուտ լինելու ժամանակի թելադրանքին։ Եւ ահա թուրք բէկերն ու հայ մելիքները սկսեցին մտահոգել ամրացնելու իրենց իշխանութեան յարատեւութիւնը։ Քաղաքականապէս դա անհնարին էր. մնում էր տնտեսական ճանապարհը։ Ժողովրդի կառավարութիւնն իրենց ձեռքին էր, իրենք էլ սովոր հարստահարութեան։ Կարողութիւն ձեռք բերելու մի ուղին դա էր։ Միւսը հողերի սեփականացման եւ գրաւման միջոցն էր, մանաւանդ, որ ռուս իշխանութիւնը չէր արգելում, այլ նոյն իսկ կալուածներ ընծայելով պատուաստում էր նոր սկզբունք, հողերի մասնաւոր սեփականութեան սկզբունքը։ Կրկնում ենք, այդ բոլորը չէր լինի, եթէ ռուսները տեղեակ լինէին երկրի նախկին կարգերին եւ անմիջապէս իրենց ձեռքն առնէին վարչութեան մանրամասները։ Բացի այդ կարեւոր էր, որ նուաճողն առաջնորդուէր ռամկավար սկզբունքներով, մի բան որ նոյնպէս գոյութիւն չունէր։ Եւ ստեղծուեց այն դրութիւնը, որ ռուսական ոյժով եւ հեղինակութեամբ իրենց սաղմնային վիճակի մէջ նիրհած յարաբերութիւնները մի երկու տասնեակ տարիների ընթացքում գունաւորուեցին, միս եւ արիւն ստացան, կերպարանաւորուեցին եւ դարձան հասարակական կեանքին թափ տուող հանգամանքներ։ Բայց ժողովուրդը, նոյն իսկ թուրք ժողովուրդը ռուսներից այդ չէր սպասում։ Ռուսների հետ նա կապում էր այլ ակընկալութիւններ, այն որ նրանք՝ վերացնելով խանական բռնակալութիւնը՝ պիտի թեթեւացնէին ժողովրդի կացութիւնը։ Ահա ինչ էին գրում Նուխիի բնակիչները Վրաստանի կուսակալին. «Եթէ ծովերը թանաք դառնան, ծառերը գրիչ, իսկ մարդիկ գրագիրներ, էլի անկարելի կը լինի նկարագրել այն վիրաւորանքներն ու անկարգութիւնները, որ մեզ պատճառել են խոյեցիները» (Նուխուայ խանը ծագումով Պարսկաստանի Խոյ քաղաքից էր) [2] ։ Բայց խոյեցիները վերացան, իսկ նրանց տեղը բազմեց բէկական դասը։ Թէ ի՞նչ շահատակութիւններով նա կաղապարուեց՝ այդ մասին արժէ քիչ երկար խօսել։

Բէկական դասի շահատակութիւնների գլխաւոր վայրերը Գանձակի, Շեքիի, Շիրուանի եւ մանաւանդ Ղարաբաղի նախկին խանութիւններն էին։ Հողերի յափշտակութիւնն այս մուսուլմանական համարուած շրջանում սկսուեց դեռ խաների ժամանակ։ Պէտք է ասել, որ բէկերին կալուածատէր դառնալու առաջին օրինակը տուեց հայազգի իշխ. Մադաթեանը։ Այդ մարդը, որ, ինչպէս ասում են, մի հասարակ գիւղացու որդի էր, իր զինւորական տաղանդի շնորհիւ մեծ ազդեցութիւն ունէր Կովկասի կուսակալ Երմոլովի վրայ եւ այդ ժամանակաշրջանում հայ-թուրքական նահանգի շրջանային կառավարիչն էր։ Նա դրդեց, աւելի ճիշտը սպառնալիքներով համոզեց Ղարաբաղի Մեհտի-Ղուլի խանին, շնորհելու իրեն մի շարք գիւղեր, իբր թէ դրանք առաջ Մադաթեանի նախնիքների տոհմական ժառանգութիւնն են եղել եւ անիրաւացի կերպով խլուել են Իբրահիմ խանի (Մեհտի-Ղուլի խանի հայրը) կողմից եւ այժմ նոր խանը յօժարաբար վերադարձնում է այն։ Պէտք էր այդ բանն օրինական դարձնել ռուս կառավարութեան աչքում եւ ահա Մադաթեանը սկսեց փաստաբանել, թէ հայ-թուրքական նահանգում հողը խաների եւ բէկերի մասնաւոր սեփականութիւնն է, թէ գիւղացիները նրանց ճորտերն են եւ այլն [3] ։ Ռուսաց կառավարութիւնը ճանաչեց Մադաթեանի, այդ «մոլի ընչասէրի» (Պասկեվիչի արտայայտութիւնը) իրաւունքը գիւղեր եւ գիւղացիներ ունենալու։ Խանի նուէրը հաստատուեց նրա վրայ։ Օրինակը վարակիչ էր եւ ամեն ոք ձգտում էր կալուածների եւ գիւղացիների տէր դառնալ։ Ժամանակակից հետազօտողները զարմանքով են խօսում այդ մասին։

«Մեհտի-Ղուլի խանի Պարսկաստան անցնելուց յետոյ, - գրում է Զուբարեօվը, - Վրաստանի գլխաւոր կառավարչի կողմից Ղարաբաղ էին ուղարկուել իսկական պետ. խորհրդական Մոգիլեւսկին եւ գնդապետ Երմոլովը, որպէս զի ցուցակագրեն Ղարաբաղի գիւղերը եւ պարզեն խանի եկամուտները։ Բէկերն՝ օգտուելով ռուս կառավարութեան անգիտութիւնից եւ իշխան Մադաթեանի օրինակից՝ ցուցակագրութեան ժամանակ սեփականութիւն են ցոյց տալիս իրենց երբէք չըպատկանած գիւղերը, իսկ Ղարաբաղը ցուցակագրող պաշտօնեաները՝ չըքննելով նրանց ապացոյցները, վստահանալով միայն նրանց խօսքերին՝ այդ գիւղերը գրել են նրանց վրայ։ Եւ այդ անհիմն ցուցակագրումը մինչեւ այժմ բէկերի համար իրաւունք է ծառայում անշարժ կալուածներ ունենալու։ Այս ցուցակագրումից յետոյ Ղարաբաղի զինուորա-շրջանային իշխանութիւնը եւ կոմենդանտները, համարելով իրենց լիազօր տիրապետողներ, բաժանում էին գանձարանի բաժին մնացած գիւղերը ոչ միայն իրենց բէկ սիրելիներին, այլ նոյնիսկ թարգմաններին, եսաուլներին, վաճառականներին եւ մնացած ռամիկներին, որոնք միջոցներ էին գտնում շահելու նրանց բարեացակամութիւնը։ Արքունի գիւղերի առանց բարձր իշխանութեան գիտութեան բաժանումը կատարւում է եւ այժմ։ Այդ չարիքն այնպէս է զօրացել, որ այժմ Ղարաբաղում շատ քիչ թուով արքունի գիւղեր են մնացել [4] ։

Չարիքի առաջն առնելու համար Զուբարեօվն առաջարկում է յատուկ յանձնաժողով կազմել քննելու թէ բէկերի դասային իրաւունքները եւ թէ նրանց պահանջները հողի վերաբերմամբ։ Նա աւելացնում է, որ բէկերի կալուածային վաւերագրերը պիտի քննուեն խիստ մեծ զգուշութեամբ, «որովհետեւ խանի Պարսկաստան փախչելուց յետոյ կնիքը մնացել է նրա սիրելի Րուստեմ-բէկի մօտ, որը դէպքից օգտուելով պարգեւագրերով գիւղեր է բաժանել թէ իրեն, թէ իր ազգականներին եւ թէ ուրիշ բէկերի, սակայն այդ թղթերը կեղծած են այնպիսի կոպտութեամբ, որ պարգեւագրի տարեթիւը թղթի շինուած տարուց կանուխ է դրուած»։ Սակայն ռուս վարչութիւնը չկամեցաւ կամ թէ չկարողացաւ չարիքն իր բնում խեղդել։ Նա, ինչպէս տեսանք, 1818 թ. Բորչալուի եւ Ղազախի թուրք աղալարներին համարեայ թէ կալուածատէր էր ճանաչել, որոշելով, որ գիւղացիները հատուցանեն ոչ միայն տասանորդ բնական բերքերից, այլ եւ հպատակուեն նրանց, որպէս պետական ոստիկանական եւ դատաստանական պաշտօնեաների։ Բէկերին երկրի մի մասում ժողովրդի գլխին խնամակալ կարգելով՝ նա ցոյց էր տուել ազնուականի իր խտրական ոգին։ Այդ նոյնը կրկնեց եւ մնացած հայ-թուրքական գաւառներում։ Աչք գոցելով երկրի կողոպուտի վրայ, նա ժողովրդին բզկտելու տուեց անաշխատ կեանքով ապրող բէկերին։

Ռուսական վարչութիւնը հողերի յափշտակման խնդրում լոկ հանդիսատեսի դերով չէր բաւականանում։ Յիշեցինք արդէն Զուբարեօվի վկայութիւնը, թէ ինչ սխրագործութիւններ էին կատարում զինուորա-շրջանային պետերն եւ կոմենդանտները։ Սակայն նոյն այդ ուղիովն էր ընթանում եւ երկրի գլխաւոր կառավարիչը, կուսակալը։ Երմոլովի միջնորդութեամբ հաստատուեց Մադաթեանի ստացած ընծայաբերութիւնը։ Այդ նոյն Երմոլովը միջնորդում էր Կայսեր առաջ, որ նա Գիւլիստանի նախկին մելիքութեան (այժմ Ջիւանջիրի եւ Գանձակի գաւառների մէջ) 24 գիւղերը շնորհէ Մելիք-Բէգլարեաններին, թէեւ ինքը փաստերի հիման վրայ եկել էր այն եզրակացութեան, որ Ղարաբաղում հողերի մասնաւոր սեփականութիւն չի եղել եւ որ մասնաւորապէս Մելիք-Բէգլարեաններն այդ բանը հաստատող ոչ մի վաւերագիր չունեն [5] ։ Երմոլովն այդ միջոցի նպատակայարմարութիւնը պատճառաբանում է նրանով, որ «կոպիտ ժողովուրդը» (խօսքը հարկաւ բէկերի մասին է Դ. Ա. ) առիթ չի ունենալ տրտնջալու, թէ ռուսները չեն յարգում երկրի սովորութիւնները եւ որ դրանով կարելի է սիրաշահել կառավարութեան հաւատարիմ ծառաներին։ Սիրաշահելու այդ ձգտումն այնքան էր արմատացել ռուս իշխանաւորների մէջ, որ նա խոշոր չափով արտայայտուեց եւ պարսկական պատերազմից յետոյ։

Պատերազմից առաջ թուրք բէկերի խոշոր մասը դաւաճանեց ռուսներին եւ անցաւ պարսիկների կողմը։ Ղարաբաղում նրանք կոտորեցին նոյն իսկ ռուսական զինուորների մի գումարտակ։ Ռուսական իշխանութիւնը յարքունիս գրաւեց դաւաճանների կալուածները։ Պարսկաստանի պարտութիւնից յետոյ թէ փախած խաները եւ թէ բէկերը ներում խնդրեցին։ Եւ նրանք ոչ միայն ներման արժանացան, այլ եւ յետ ստացան իրենց յափշտակովի կալուածները։ Յիշեալ Զուբարեօվն այդ մասին խօսում է խորին վրդովմունքով [6] ։ Նա պարզ ասում է, որ նահանգի կառավարիչ իշխ. Աբխազովը կաշառք է վերցրել թուրքմենական մի աշխէտ մտրուկ եւ այժմ ջանում է բարձր իշխանութեանը համոզել վերադարձնելու դաւաճան Րուստէմ-բէկին 25 հազար րուբլի տարեկան եկամուտ բերող գիւղերը։ «Եթէ դաւաճան Րուստէմ-բէկը, ասում է նա, երկու ամիս պատերազմին մասնակցելու համար ստացել է մայիորի աստիճան, ս. Աննայի երկրորդ կարգի շքանշան, իսկ այժմ էլ ձգտում է տիրանալ 25 հազար եկամուտ բերող գիւղերին, ապա ի՞նչ պիտի տալ ռուսական զինուորին, որն անցել է Սողանլուղը կամ Բալկանները եւ դողահար է արել Ասիան եւ Թիւրքիայի մայրաքաղաքը»։ Նա յիշում է նաեւ, որ Րուստէմ-բէկի գիւղերում սրտաճաք սպասում են նրա վերադարձին, որ այդ թշուառների շահերն ոչ ոք չի պաշտպանում։

Զուբարեօվը մռայլ էջեր է նուիրում մանաւանդ հայ գիւղացիների դրութեան [7] ։ Թուրք բէկերը, ասում է նա, գազանաբար են վարւում հայերի հետ. անգթաբար ծեծում են նրանց, խլում են ամեն գոյք, ծանր տուգանքներ են վերցնում։ Ծանր է մանաւանդ Պարսկաստանից գաղթած հայերի դրութիւնը։ Նրանց թոյլ չեն տալիս բարձրանալու հովասուն սարալանջերը, իսկ Ղարաբաղի ջերմ ու տենդ ունեցող տափաստանում նրանք մահանում են անխնայ։ Ջերմն առաջացրել է այնպիսի կոտորած, որ երեք ամսուայ ընթացքում մեռել է գաղթականների 1 / 3, 1. 012 հոգի։ Թուրքերը թալանում են նրանց ապրանքը, ոտի տակ տալիս ցանքսերը։ Գանգատն ու բողոքը մնում է անհետեւանք։ Զուբարեօվը յիշում է, որ տեղական վարչութիւնը խէթ աչքով է նայում հայերին. հալածում է եւ նեղութիւններ պատճառում նրանց։ Նա մանրամասն պատմում է այն դէպքը, որին ինքն է ականատես եղել Վարանդայի Կաղարծի գիւղում։ Գալիս է այդտեղ մահալի նայիբ մելիք Խուդադադը եւ սկսում իր չարագործութիւնները. արբեցութիւն է անում, կաշառք պոկում, ծեծում, բռնաբարում մի հայուհու, ընդդիմանում մի ամուսնութեան եւ պահանջում, որ հարսն առաջին գիշերը իրեն պատկանի եւ այլն եւ այլն։ Այդ նոյնն անում են նրա գրագիրն ու ծառաները։ Զուբարեօվն ուշադրութիւն է դարձնում այն հանգամանքի վրայ, որ Շուշիում զօրքը տեղաւորուած է հայերի տներում, որ այդ ծառայութիւնից ազատ են ոչ միայն թուրք բէկերն, այլ եւ թուրք հասարակ ժողովուրդը, այն ինչ ըստ օրէնքի ազատ պիտի համարուի միայն գիտնական դասը։

Այս բոլորը չափազանցութիւն չէ։ Հողերի կողոպուտը, ժողովրդի հարստահարութիւնն այնպիսի չափեր էր ընդունել, որ 30-ական թուականներին լուրջ կերպով զբաղեցնում էր Պասկեւիչին։ Այդ ժամանակ էլ Ղարաբաղի նախկին խանից, Մեհտի-Ղուլիից, նա ստացաւ մտերմական նամակ, որով խանը խնդրում էր վերադարձնել իրեն գոնէ ցմահ խանական իշխանութիւնը եւ դրա դիմաց խոստանում էր իսպառ ոչնչացնել նորելուկ կալուածատէրերին։ Պասկեւիչը պատասխանեց, որ ռուսական հաստատ օրէնքը չի կարող փոփոխուել ըստ քմահաճոյքի եւ որ ռուսները չեն կամենալ վիրաւորել հաւատարիմ հպատակներին [8] ։ Այս գրագրութիւնն ինքնին փառաւոր ապացոյց է, թէ ինչ արժէք ունէին բէկերի դասային եւ հողատիրական պահանջները եւ որքան հիմնաւոր էին նրանք։

Այսպէս թէ այնպէս հողի մասնաւոր սեփականութեան սկզբունքն ընդունուած էր։ Բէկերը ճանաչուած էին ժողովրդի վարիչները եւ նրանք ամրացնում էին իրենց տնտեսական դրութիւնը։

1845 թ. Մեհտի-Ղուլի խանը նորից փորձեց ռուս իշխանութեան ուշադրութիւնը հրաւիրելու Ղարաբաղի կողոպուտի վրայ։ Խանական իշխանութիւնից զրկուած այդ փոքրիկ բռնակալը տեսնում էր, որ ինքը կառավարութեան աչքում հաւասարեցրուած է մնացած բէկերին եւ վերջիններս էլ առանձնապէս գլուխ չեն թեքում իրենց նախկին տիրոջ առաջ։ Խռոված իր նախկին արբանեակներից՝ նա գրում էր բարձր իշխանութեանը, որ ինքը շատերին կալուածներ չի բաժանել, որ նրանք այդ կալուածներին տիրացել են կեղծ թղթերով եւ այլն։ Պրուժանովսկին Մեհտի-Ղուլիի այդ գրութեան պատճառով տուած իր զեկուցման մէջ ասում է, որ նախկին խանն իրաւացի է իր պնդումների մէջ, որ կեղծ վաւերագրերով ամբողջ Ղարաբաղն անցել է բէկերի ձեռքը, այն բէկերի, որոնք 1826-1827 թ. թ. դաւաճանեցին ռուսներին, իսկ այսօր՝ ներում ստացած՝ կալուածների տէր են եւ հարստահարում են հաւատարիմ հայ ժողովրդին եւ որ, վերջապէս, ինքը Մեհտի-Ղուլին իր ազգականներով նոյնպէս ապօրինաբար տիրացել է շատ հողերի։ Պրուժանովսկին իր զեկուցման մէջ մատնանշում է մի ապշեցուցիչ հանգամանքի վրայ։ Նա ասում է, որ այժմ խան ու բէկերը կեղծ պարգեւագրերով չեն դրստում իրենց գործերը, այլ ռուսական դատարանի միջոցով, օրինական ճանապարհով։ Եթէ մէկն ուզում է տիրել իր կալուածի սահմանակից հողամասին, պատմում է նա, ապա համաձայնութիւն է կապում հարեւանի հետ եւ վէճ բանում դատարանում, վէճ վկաներով, քննութիւններով եւ այլն։ Երկար ու բարակ դատավարութիւնից յետոյ մէկը յօժարակամ զիջում է միւսին եւ այդ հանգամանքն էլ աւելի է ամրացնում միւս կողմի դիրքը։ Դատարանը ճանաչում է հողամասը նրա սեփականութիւն։ Ոչնչից սեփականատէր դարձածը, իհարկէ, չի մոռանում բաժին հանել իր շինծու հակառակորդին [9] ։

Հողերի յափշտակումը միայն Ղարաբաղում չէր տեղի ունենում։ Դա ընդհանրացած երեւոյթ էր բոլոր հայ-թուրքական գաւառներում։

Երեւանի եւ Նախիջեւանի խանութիւններին տիրելու ժամանակ ռուսներն արդէն բաւականաչափ ծանօթ էին Անդրկովկասի հողային պայմաններին եւ այս հանգամանքն ունեցաւ իր նպաստաւոր հետեւանքները։ Տեղական բէկերը նոյնպէս կամեցան դիմել յափշտակումների եւ աւելի բարձր ցոյց տալ իրենց եկամուտների չափերը։ Օրինակ, Նախիջեւանի Էքսան-խանը կամենում էր՝ խաբելով նորակազմ ռուս վարչութիւնը՝ միւլքը, այսինքն միւլքադարի բաժինն ընդունել տալ բերքի 1 / 5 [10] ։ Սակայն նա որոշ չափով անյաջողութեան հանդիպեց։ Երեւանի սարդարի վեզիր Միրզա-Իսմայիլը թողել էր մանրամասն ցուցակներ, որոնք պարզում էին միւլքադարների եւ թիուլիստների հողային իրաւունքները։ Զաւթելու հնար չէր մնում։ Ռուսական իշխանութիւնը սրբագործեց հին կարգը։ Դեռ աւելին. միւլքադարներին նա ժառանգական հողատէր ճանաչեց եւ առաջուայ 3 / 30 եկամուտին աւելացրեց եւ 1 / 30 ։ Թիուլիստների համար որոշուեց եկամուտների նոր չափ բնական բերքի 1 / 5 ։ Այսպիսով նրանք զրկուեցին գանձարանի եկամուտների եւ բնական մի շարք ծառայութիւնների իրաւունքներից։ Հարկա՛ւ, այդ հանգամանքն առանց բողոքների չանցաւ, սակայն Պասկեւիչը չզիջեց։ Ռուսներն այնքան էին ուժեղացել Անդրկովկասում, որ մի քանի տասնեակ արտօնեալների դժգոհութիւնը կարող էին ուշադրութեան չառնել։ Երեւանի առումից յետոյ կալուածական սեփականութեան ձգտեց եւ հայոց եկեղեցին յանձին Ներսէս Աշտարակեցու։ Պասկեւիչը չզիջեց եւ այստեղ։ Նա թշնամացաւ Ներսէսի հետ եւ իր հակառակութեան դրդապատճառներից մէկը համարում էր Ներսէսի ձգտումը տիրանալու անշարժ կալուածների։ Էջմիածնի կալուածային իրաւունքը 1836 թ. ճանաչուեց միայն նրա 5 գիւղերի նկատմամբ։ Ներսէսի մնացած կալուածային պահանջները չբաւարարուեցին։

Թիւրքմէնչայի եւ Ադրիանապօլսի հաշտութիւններից յետոյ ռուսական Անդրկովկասը մտաւ կայուն սահմանների մէջ։ Պատերազմական գործողութիւնները խանգարում էին երկրի բարեկարգութեան գործին։ Երբ այլեւս դադարել էր նուաճողական քաղաքականութիւնը, անյետաձգելի պահանջ էր զբաղուել նուաճած երկրների բարեկարգութեան եւ շինութեան խնդիրներով։ Այստեղ ռուս իշխանութիւնն աւելի շատ մտահոգեց արտօնեալ դասի բէկութեան հողային եւ դասային իրաւունքներով։ Մի պատահական հանգամանք եկաւ արագացնելու այդ մտահոգութիւնը։

Նիկոլայ I Կայսրը1837 թ. այցելեց Կովկաս։ Ղազախի հայ գիւղացիները նրան գանգատ մատուցին այն իմաստով, թէ իրենք առաջ կողոպտւում էին թուրք աղալարներից, իսկ հիմա տանջւում են նրանց կառավարութեան տակ [11] ։ Ղազախեցիների դիմումն արժանացաւ ուշադրութեան։ Նրանց մասին ռուսական իշխանութիւնը լաւ համարում ունէր, քանի որ պարսկական եւ թիւրքական պատերազմների ժամանակ այդ գիւղացիները Մանուչարեան Գրիգոր արքեպիսկոպոսի առաջնորդութեամբ սաստել էին երկդիմի եւ տատանուող աղալարներին եւ կամաւոր խմբերով մասնակցել պատերազմներին։ Հայերի կատարած ծառայութիւնների փոխարէն դեռ Երմոլովն էր խոստացել ազատել նրանց աղալարների իշխանութիւնից եւ կախումից։ Այժմ Երմոլովի խոստումն իրականացաւ Կայսեր հրամանով։ Ղազախի հայերն ընդմիշտ ազատուեցին թուրք աղալարների կախումից։

Հայերի գանգատը խթան դարձաւ հրապարակի վրայ դնելու Անդրկովկասեան բէկութեան եւ գիւղացիութեան փոխ-յարաբերութիւնների հարցը։ Սենատոր Հանին հրամայուեց ուսումնասիրել Անդրկովկասի կացութիւնը եւ մշակել նոր վարչական ու դատաստանական հաստատութիւնների ծրագիր։ Հանը, լաւ թէ վատ, փութկոտութեամբ կատարեց իր վրայ դրած պարտականութիւնը։ Նրա ծրագրի աչքի ընկնող կողմերից մէկն այն էր, որ աղալարներն ու բէկերն ընդմիշտ հրաժարեցնւում էին վարչական գործերից։ Հանը հաշուեց, որ միայն թուրքական համարուած գաւառներում (Շեքի, Ղարաբաղ, Շիրուան) 248 հազար արական սեռին պատկանող բնակչութեան մէջ 10. 750 բէկ եւ մելիք կայ, որոնց կերակրում են 83 հազար շինականներ՝ չվճարելով գանձարանին եւ ոչ մի կոպէկ [12] ։ Հանը եւ նրա հետ կուսակալ Գոլովինն արդարացի էին գտնում իսպառ հեռացնել վարչական գործերից այդ բէկերին եւ մելիքներին։ Բացառութիւն ընդունւում էր միայն խալիսէի իրաւունքով սեփականատէրերի եւ տոհմական բէկերի համար, որոնք հասոյթի առանձին հրովարտակներ ունէին։ Երեւանի թիուլիստների եւ միւլքադարների մասին Հանն այն կարծիքին էր, որ առաջինները վայելում են պետութեան ժամանակաւոր շնորհը, իսկ վերջինները ժառանգական սեփականատէրեր են։ Դժուար բան չէր իրագործել Հանի առաջարկած րեֆորմը, սակայն կառավարութեանը մտազբաղութիւն էր պատճառում այն հանգամանքը, որ ձրիակերութեան եւ անաշխատ կեանքի սովոր բէկութիւնը կարող էր պատուհաս դառնալ երկրի գլխին, քանի որ անընդունակ լինելով որեւէ արդիւնաւէտ կեանքի՝ նա պիտի պարապէր գողութեամբ եւ աւազակութեամբ։ Այդ չարիքից խուսափելու համար սկզբունքով որոշուեց բէկերին թոշակ կապել գանձարանից։

Հանի ծրագրի իրագործումը սկսուեց 1840 թուականից։ 1841 թ. մայիսի 28-ին բարձրագոյն բարեհաճութիւն ստացուեց պաշտօններից հեռացնելու Ղազախի եւ Բորչալուի աղալարներին։ 11 հայ գիւղերից աղալարներն ու մելիքները հեռացրուած էին դեռ 1840 թ. ։ Նոր կարգադրութեան ենթարկւում էին 59 աղալար եւ նրանց ազգականների 170 ընտանիքները։ Նրանց կախումից ազատւում էին 102 թուրքական գիւղեր 15. 245 ծուխ բնակչութեամբ։ Աղալարների եկամուտն ընդունուեց համազօր 26. 889 րուբլու։ Այդ գումարը նրանք ցմահ պիտի ստանային պետական գանձարանից, որ իր հերթին պետական հարկի հետ գանձւում էր գիւղացիներից։

1841 թ. մարտի 24-ին Անդրկովկասի Գլխաւոր Վարչութեան Խորհուրդը որոշեց աղալարների համար սպասուող օրէնքը տարածել եւ մնացած բէկութեան վրայ։ Գլխաւոր Վարչութեան Խորհուրդն այն համոզմունքին էր, որ բէկերը խաների ժամանակ եղել են վարչական անձինք, որ նրանք կալուածատէրեր չեն, որ ժողովրդի եւ պետութեան շահերը պահանջում են նրանց իսպառ հեռացումը վարչական ասպարէզից։ Միեւնոյն ժամանակ ընդունուեց, որ անհրաժեշտ է բէկերին վարձատրել թոշակներով։ Եւ դրա հիմքը պիտի կազմէր նրանց եկամուտների արժէքը։

Աղալարներին հեռացնելու փաստն եւ բէկերին սպառնացող վտանգը ոտքի հանեց Անդրկովկասի այդ արտօնեալ դասին։ Բէկերն սկսեցին յուզուել, աղմկել եւ բարդութիւններ յարուցանել։ Բէկերի ցուցարարութիւնն ընդունեց այնպիսի չափեր, որ Կովկաս եկաւ իշխ. Չերնըշովը, Կովկասեան Կոմիտետի նախագահը [13] ։ Չերնըշովը կարգադրեց բէկերին թողնել իրենց հին իրաւունքների եւ դրութեան մէջ, իսկ աղալարների ապահովութեան համար նոր միջոցներ փնտրել [14] ։

1842 թ. Թիֆլիսում կազմուեցին երեք յանձնաժողով։ Մէկի զբաղմունքների առարկան էր որոշել բէկերի իրաւունքները։ Միւս երկուսը զբաղուած էին աղալարների իրաւունքների ճշտման, նրանց քանակի որոշման եւ ապահովացման խնդիրներով։ Այդ յանձնաժողովներն եկան այն եզրակացութեան, որ 1) Բէկերը իրենց ձեռքին գտնուող բնակեցրած կալուածների ժառանգական տէրերն են, որ 2) աղալարներն այդ իրաւունքը չունին, սակայն գիւղերի ժառանգական կառավարիչներ լինելով՝ որոշ եկամուտների իրաւատէր են եւ որ 3) ռուսական օրէնսդրութեան մէջ եղած ճորտական կարգը գոյութիւն չի ունեցել թուրքական գաւառներում։ Այս կէտերն էլ պիտի կազմէին աղալարական-բէկական ծրագրող օրէնքի հիմունքները։ Յանձնաժողովները գտնում էին, որ հնարաւոր է բէկերին եւ աղալարներին իրաւահաւասար ճանաչել, որովհետեւ ժողովրդի մէջ նրանք օգտւում են միեւնոյն առաւելութիւններով եւ իրաւունքներով։ Այսպիսով բէկերի եւ աղալարների ինքնապաշտպանութիւնն առանց հետեւանքի չըմնաց։ Նրանց ձայնը լսուեց։ Եւ այնտեղ, ուր մի քանի տարի առաջ բացառւում էր նրանց կալուածատիրական իրաւունքները, այժմ հրապարակով ճանաչւում էր այն։ Ոյժի գոյութիւնը եւ երեւան գալն այսքան փոփոխական էր դարձնում օրէնքի նժարը։ Բէկական-աղալարական հարցն այս դրութեան մէջ էր, երբ Կովկասի համար Փոխարքայ նշանակուեց իշխ. Վորոնցովը։

Իշխ. Վորոնցովն իր փոխարքայութեան առաջին օրերում իսկ խորին ուշադրութիւն դարձրեց բէկական-աղալարական հարցին։ Նիկոլայ I նրան հրահանգել էր լուծել այդ հարցը։ Հարցի լուծման եղանակն էլ համարեայ թէ թելադրել էր նրան, ասելով, որ աղալարների հողերի գրաւումը սխալ միջոց է եղել եւ որ պէտք է հողերը վերադարձնել նրանց [15] ։ Վորոնցովը առաջարկեց իր օգնական գեներալ Լադինսկուն զեկուցում ներկայացնել հարցի մասին։ Լադինսկին 1845 թ. յունիսի 6-ին ներկայացրեց իր պատրաստած զեկուցումը։ Նրա կարծիքով աղալարներն ու բէկերն ըստ էութեան իրենց վարչութեանը յանձնուած գիւղերում ժառանգական կալուածատէրեր են եղել։ Նրանք իբր թէ ունեցել են վրաց կալուածատէրերի իրաւունքները, միայն ժառանգական սեփականութեան սկզբունքն անվիճելի չի եղել։ Եւ դա այն պատճառով, որ իսլամն արգելում է ստրկութիւնը։ Ապա դրան չի նպաստել եւ պետական կարգը, պահանջելով, որ պետութեան գլխի եւ գիւղի կառավարչի փոփոխումով՝ փոփոխուին եւ արտօնագրերը։ Այդ երկու հանգամանքները, որ բնորոշ են մուսուլման պետական իրաւունքի համար, յատուկ չեն եղել թուրք բէկական դասին։ Երմոլովը շփոթել է իրար հետ իրաւունքի տրամադրութիւնները եւ իրականութիւնը։ Նա ըստ քմահաճոյքի սահմանափակում էր աղալարների հողատիրական իրաւունքները, նրանց պաշտօնից հեռացնում էր տեղի-անտեղի եւ նորերն էր կարգում։ Աղալարները խոնարհւում էին ոյժի առաջ, բայց չէին դադարում տրտնջալ եւ սպասել, որ կառավարութիւնը պիտի ճանաչէ իրենց իրաւունքները։ Հանը եւ Գոլովինն աւելի հեռուն գնացին։ Նրանք ձեռնամուխ եղան գրաւել նաեւ բէկերի հողերը եւ հեռացնել նրանց գիւղերի կառավարութիւնից։ Այդ բոլորը, փաստաբանում է Լադինսկին, եղել է իրերի անճանաչողութեան արգասիք։ Պէտք է վերականգնել խանգարած արդարութիւնը։ Եւ որովհետեւ դարեւոր փորձը ցոյց է տալիս, որ մուսուլման ամբոխն աւելի հեշտ է կառավարել իր իսկ տէրերի ձեռքով, ապա անհրաժեշտ է, որ աղալարների եւ բէկերի լիակատար եւ ժառանգական սեփականութիւն ճանաչուին այն բոլոր անբնակ եւ բնակեցրած հողերը, որոնք ռուսների Անդրկովկասին տիրելու ժամանակ վաւերագրերով կամ փաստական տիրապետութեամբ նրանց ձեռքին են եղել։ Լադինսկին բացառութիւն ընդունում է միայն այն բէկերի համար, որոնց հողերը գրաւուել են յանցանքի պատճառով։ Գիւղացիների իրաւական կացութեան համար նա առաջարկում է ճանաչել նրանց պետական, բայց թողնել այն կախման մէջ դէպի բէկերը, որ գոյութիւն է ունեցել։ Ունենալով այս տեսակէտը՝ Լադինսկին գտնում է, որ աղալարներին էլ պէտք է վերադարձնել նախկին գիւղերը, իսկ նրանց ազգականներին հող յատկացնել այդ գիւղերում։ Իսկ ռուս իշխանութեան ժամանակ կալուածատէր դարձած աղալարների եւ բէկերի համար նա առաջարկում է ճանաչել նրանց իրաւունքը ժամանակաւորապէս, այն է մինչեւ նրանց մահը։ Բէկերի, մելիքների եւ աղալարների անձնական իրաւունքների համար իրաւացի է գտնում, որ խանական ծագում ունեցողներին տրուի իշխանական տիտղոս, իսկ մնացածները ճանաչուին ռուս ազնուականութեան իրաւունքներով օժտուած, պարտադիր դարձնելով նրանց համար պետական ծառայութիւնը [16] ։

Համաձայնելով Լադինսկու զեկուցման հիմնական կէտերի հետ՝ Վորոնցովը բէկութեան շահերի ջերմ պաշտպանը հանդիսացաւ։ Նա սկսեց Պետերբուրգի իշխանութեան առջեւ փաստաբանել, որ բէկութիւնը ռուս ազնուականութեան արտօնութիւններն ունեցող մի դաս է եւ որ պէտք է օրէնսդրական միջոցով որոշել գիւղացիութեան եւ այդ դասի փոխ-յարաբերութիւնները։ Իսկ վերջին պարագան նա սահմանաւորում էր այնպիսի շրջանակների մէջ, որ մինչ այդ ազատ գիւղացիների կացութիւնը փոխւում էր կէս-ճորտականի։

Վորոնցովի ծրագիրը Պետերբուրգում թեթեւ դիմադրութեան եւ առարկութիւնների հանդիպեց։ Դիմադրում եւ առարկում էին ներքին գործերի նախարար կոմս Բլուդովը, արդարադատութեան նախ. կոմս Պանինը եւ պետական կայքերի նախ. կոմս Կիսելեօվը։ Խիստ հետաքրքրական է ծանօթանալ նախարարների տեսակէտների հետ։

Ներքին գործերի նախարար Բլուդովն այն կարծիքին էր, որ Վորոնցովի ծրագիրն անարդարացի է հէնց իր հիմքերի մէջ, որովհետեւ նա բնակչութեան մի դասակարգը զոհ է բերում միւսին։ Այն հանգամանքը, որ գիւղացիներն անտրտունջ մինչեւ օրս տարել են բէկերի լուծը, դեռ բարոյական իրաւունք չի տալիս նուիրագործելու այդ կարգը։ Գիւղացիների խոնարհութեան գաղտնիքը պիտի փնտրել ոչ թէ դէպի բէկերն ունեցած պարտաւորութիւնների թեթեւութեան մէջ, այլ նրանց խեղճութեան։ Նրանք, այդ օրինակելի հպատակները, արժանի են աւելի մեծ ուշադրութեան եւ կարեկցութեան։ Գիւղացիների կախումը բէկերից, առարկում է Բլուդովը, ճորտական չէ եղել անցեալում։ Դրան ապացոյց կարող է ծառայել այն փաստը, որ Ղազախի հայ գիւղացիները՝ պետութեան ցոյց տուած հաւատարմութեան համար՝ առանց բարդութիւնների ազատուեցին թուրք աղալարներից։ Վորոնցովի ծրագիրը ստեղծում է ծանր յարաբերութիւններ, որովհետեւ եղած տարբեր սովորութիւնները փոխարինում է դրական օրէնքի։ Բլուդովը դէմ չէ, որ բէկերին եւ աղալարներին հողեր յատկացնուին։ Նա միայն գտնում է, որ դա բացարձակ եւ անխտիր մի միջոց չպիտի լինի։ Հողեր պիտի շնորհել նրանց, որոնց հաւատարմութիւնը եւ ծառայութիւնները խրախուսանքի արժանի են։ Եւ որովհետեւ նոյնիսկ Վորոնցովի խոստովանութեամբ բէկերին եւ աղալարներին կալուածներ յատկացնելը բարձրագոյն մի շնորհ է, ապա այդ շնորհն անտես չպիտի անէ եւ ժողովրդին. պէտք է թեթեւացնել գիւղացիների դրութիւնը եւ ազատութիւն չտալ բէկերի շահադիտական ձգտումներին։ Միեւնոյն ժամանակ աչքաթող չպիտի անել եւ մի այլ հանգամանք։ Վորոնցովը ծրագրում է բէկերի սեփականութիւն ճանաչել եւ ռուս կառավարութեան շնորհած հողերը։ Ինչպէս հասկանալ կառավարութիւն խօսքը։ Եթէ դա հասկացւում է բարձրագոյն կառավարութեան իմաստով, ապա պիտի ասել, որ նրա արած շնորհների քանակը չափազանց աննշան է։ Եթէ կառավարութեան շնորհն է հասկացւում եւ տեղական կոմենդանտների ու շրջանային կառավարիչների անհաշիւ արած հողաբաժանութիւնը, ապա այդ մասին պիտի պարզ շեշտել։ Եւ յետոյ անհրաժեշտ է, որ բէկերին եւ աղալարներին անցնող գիւղացիներն իրենց հարկային պարտականութիւնների եւ ծառայութիւնների մէջ հաւասար լինին պետական գիւղացիներին։ Այդ հանգամանքի բացակայութիւնը, ասում է Բլուդովը, կունենայ այն հետեւանքը, որ գիւղացիների մի հատուածը պարզ կը տեսնի, թէ ինքը դրուած է աւելի վատթար պայմանների մէջ։

Արդարադատութեան նախարար Պանինն իր առարկութիւնները պատճառաբանում է այսպէս. պէտք է խուսափել յանկարծակի յեղաշրջումներից. եթէ կառավարութիւնն անարդարութիւն է գործել գրաւելով աղալարների հողերը, ապա պիտի թողնել, որ նրանք իրենց իրաւունքները հաստատեն օրինական ճանապարհով, դատարանի միջոցով։ Կառավարութեան վարկը ամենեւին չի կոտրուիլ, եթէ այդ ճանապարհով վերահաստատուի ոտնահարուած արդարութիւնը։ Ապա չպէտք է մոռացութեան տալ ամենագլխաւորը։ Բոլոր լուսաւոր երկիրներում կառավարութիւնն աշխատում է բարձրացնել ժողովրդի նիւթական եւ բարոյական կացութիւնը, ժողովրդի, որը կազմում է հարստութեան աղբիւրն եւ պետական ոյժի հիմքը։ Վորոնցովն առաջարկում է անել դրա հակառակը։ Առժամանակ ազատելով գիւղացիներին աղալարների շահատակութիւններից եւ նորից վերադարձնելով նրանց նախկին վիճակին, կառավարութիւնն արտօնեալ դասի համար դուռն է բանում գանձելու կորցրածը, որ նշանակում է դժգոհութիւններ յարուցանել ժողովրդի մէջ։ «Հետեւաբար, վերջացնում է Պանինը, կառավարութիւնը մօտենալով ժողովրդի վրայ ազդեցութիւն ունեցող մի դասի, այդ ազդեցութիւնն իր համար վնասակար կը դարձնի, եթէ ըստ հնարաւորութեան եւ արդարութեան չըսահմանափակէ գիւղացիների անձնական ծառայութեան եւ տուրքերի չափը»։

Պետական կայքերի նախարար Կիսելեօվի տեսակէտը հետեւեալն է. վերադարձնելով գրաւած հողերն աղալարներին, բէկերին եւ մելիքներին կամ նրանց վրայ հաստատելով այսօրուայ նրանց ձեռքին եղածը կառավարութիւնը գիւղացիներին դնում է ճորտական դրութեան մէջ առանց ի նկատի ունենալու մի կարեւոր հանգամանք. արդեօք այդ գիւղացիները ո՞ր ժամանակից են հաստատուել բէկական համարուած հողերի վրայ։ Եթէ դա նոր օրերի բան է, ապա պիտի ընդունել, որ գիտակցաբար ազատ գիւղացիները ճորտութեան են տրւում բէկերին եւ, վերջապէս, այն էլ փաստ է, որ ճորտ չեն եղել նաեւ բնիկները, քանի որ մահմեդական աշխարհում ճորտութիւն գոյութիւն չի ունեցել։ Միւս կողմից կառավարութիւնը գնում է ապօրինի ճանապարհով, որովհետեւ յատուկ օրէնք կայ, որ մի անգամ արդէն ճորտութիւնից ազատուած գիւղացուն արգելւում է նորից ճորտական կախման մէջ դնել։ Ապա անտրամաբանական է գիւղացիներին համարել պետական եւ զրկել նրանց այդ կարգի հպատակների օրէնքով ճանաչուած իրաւունքներից, որոնք բացասում են կախման վիճակը։ Կիսելեօվն արծարծում է նաեւ այն միտքը, որ մահմեդական բէկերի նկատմամբ անթոյլատրելի է քրիստոնեայ գիւղացիների անձնական ծառայութիւնները, որ բէկերին գիւղերում պիտի վերապահել միայն հսկողի իրաւունք, իսկ դատն ու դատաստանն անհրաժեշտ է թողնել գիւղական ընտրեալների ձեռքին, որ գիւղացիների համար ազատ պիտի լինի տեղափոխութիւնը, մի պայմանով, որ նախօրէն ստանան քաղաքի կամ արքունի գիւղի համաձայնութիւնը նրանց ընդունելու իրենց մէջ եւ կատարեն որոշեալ պարտաւորութիւնները դէպի բէկը, որ, վերջապէս, կառավարութիւնը կանոն պիտի դարձնէ գրաւելու դաւաճան բէկերի կալուածները։

Նախարարների այդ առարկութիւններին Վորոնցովն առաջադրում էր հետեւեալ սկզբունքը. «Եթէ այդ նախարարներն իրազեկ լինէին Ասիայի բարքերին, գրում էր նա Չերնըշեօվին, նրանց բողոքը այդպէս բացարձակ եւ խիստ չէր լինի։ Ամենուրեք, ուր ժողովուրդը քաղաքացիական ստորին աստիճանի վրայ է, կառավարութեան համար անհամեմատ դժուար է ներգործել ամբողջական մասսայի վրայ, այն ինչ դա հեշտ է մի դասի միջոցով, որն աւելի լուսաւոր է եւ հետեւաբար աւելի ազդեցիկ։ Այստեղ երկրի քաղաքական կացութեան շնորհիւ դժուարութիւնն աւելի շօշափելի է, ուստի ոչ միայն չպէտք է ոտնձգութիւն անել դէպի բարձր դասի իրաւունքները, այլ եւ անհրաժեշտ է բոլոր միջոցներով պաշտպանել եւ հաստատել, որովհետեւ միայն ազնուապետական սկզբունքը կարող է յաղթահարել այն ռամկավար ուղղութիւնը, որ զարգացել է եւ այնպէս խոր արմատներ գցել Դաղստանում եւ որի դէմ, ցաւելով պիտի ասել, մինչ օրս զէնքից բացի ուրիշ պատուար չի հակադրուել»։ Կայսեր նա գրում էր. «Պէտք է վերադարձնել աղալարներին եւ բէկերին այն հողերը, որոնք սխալմամբ եւ մեծ վնասով մեզ համար, խլուել են նրանցից։ Ձեր կամքից է կախուած, Ամենաողորմած Թագաւոր, վերջ դնել այն յուզումնալից դրութեանը, որի մէջ ահա քանի տարիներ է գտնւում են մուսուլմանական հարուստ գաւառները։ Ձեզնից է կախուած շնորհ անել Ձեր հպատակների մի նշանաւոր թուին եւ զգացնել տալ Ձեր մեծահոգութիւնը»։

Հասկանալի է, որ քանի երկրի քաղաքական կացութիւնը պահանջում էր, որ ազնուապետական սկզբունքը յաղթանակէ, քանի որ հէնց այդ սկզբունքն էր տիրում բուն Ռուսաստանում, հասկանալի է, որ հայ եւ թուրք գիւղացին քաւութեան նոխազ պիտի դառնային։ 1846 թ. դեկտեմբերի 6-ի հրովարտակն եկաւ հռչակելու այդ սկզբունքի յաղթանակը։

1846 թ. դեկտեմբերի 6-ի հրովարտակը դարձաւ թուրք բարձր դասի եւ հայ մելիքների հողային իրաւունքների խարտիան։ Ի՞նչ էր տալիս նա այդ դասին։ Ի նշան առանձին արքայական ողորմածութեան եւ բարեհաճութեան դէպի խաները, բէկերը, աղալարները, առհասարակ դէպի Անդրկովկասի ամբողջ թուրքական բարձր դասը, ինչպէս եւ դէպի հայ մելիքները, ցանկանալով նրանց վիճակը դնել ամուր հիմքերի վրայ եւ հնարաւորութիւն տալ նրանց օգտակար լինելու կառավարութեանը, հրամայւում էր. 1) Անկախ այն հողերից որոնք ի բարձուստ շնորհուել են խաներին, բէկերին, մելիքներին եւ այլ անձերի առանձին ծառայութիւնների եւ քաջագործութիւնների համար, նրանց ժառանգական սեփականութիւնը համարել եւ այն հողերը, որոնք թուրքական գաւառների Ռուսաստանի հետ միացման ժամանակ եղել են այդ անձերի տոհմերի տիրապետութեան տակ եւ այժմ էլ անվիճելիօրէն գտնւում են նրանց ձեռքին։ 2) Այն հողերը, բնակեցրած կամ անբնակ, որոնք 1840 թ. վարչական կարգով գրաւուել են որոշ տէրերից, վերադարձնել այդ անձերին կամ նրանց ժառանգներին։ 3) Վրաստանի նախկին թուրքական դիստանցիաների աղալարներին վերադարձնել այն բնակեցրած կամ անբնակ հողերը, որոնք առաջ եղել են նրանց ձեռքին եւ գրաւուել են 1841 թ. ։ 4) Վերադարձնելով 2 եւ 3 կէտերում յիշած անձերին նախկին իրենց կալուածները՝ ճանաչել այն, որպէս ժառանգական սեփականութիւն, եւ դադարեցնել կենսաթոշակների վճարումը։ 5) Յանցանքների պատճառով գրաւած հողերն առանց բարձրագոյն թոյլատւութեան չվերադարձնել ոչ յանցաւոր տէրերին եւ ոչ էլ նրանց ժառանգներին։ 6) Բէկերին եւ մելիքներին ռուսական տիրապետութեան ժամանակ ցկեանս շնորհած հողերի համար առանձին առաջադրութիւն անել [17], թէ այդ անձերից ո՞վ իր ծառայութիւնների դիմաց արժանի է ժառանգաբար ստանալու շնորհած հողը եւ ո՞վ ժամանակաւոր, իսկ թէ նման հողերը մինչեւ օրս չեն գրաւուել եւ անցել են պարգեւատրած անձերի ժառանգներին, ապա այն ճանաչել, որպէս նրանց սեփականութիւն։ 7) Յիշեալ դասերին շնորհած հողերի վրայ ապրող շինականներին թողնել իրենց բնակավայրերում՝ ճանաչելով նրանց պետական գիւղացիներ։ Զանազան րայեաթ, ռաշպար, խալիսէ, նուքէր եւ այլ կոչումների փոխարէն այդ շինականներին անուանել միւլքադար թաբիղի։ 8) Այս շինականները պարտաւոր են հողատիրոջ համար՝ նրա հողերից օգտուելու փոխարէն՝ զանազան ծառայութիւններ կատարել։ Անկախ սրանից հողատիրոջն է վերապահւում գիւղերի բարեկարգութեան հսկողութիւնը եւ ոստիկանական կառավարութիւնը։ 9) Ներկայ հրովարտակով ժառանգաբար կալուածատէրերին անցնող հողերն իրենց բոլոր արդիւնատեղիներով կազմում են նրանց լիակատար սեփականութիւնը, որն ընդհանուր օրէնքների հիման վրայ կարող են կարգադրել ըստ ցանկութեան։ Այս հողերը կարող են անցնել ժառանգաբար, ընծայուել, վաճառուել, սակայն մի պայմանով, որ ստացող անձը պատկանի Անդրկովկասի բարձր դասին կամ պետական օրէնքներով իրաւունք ունենայ տիրելու բնակեցրած կալուածների։ Հողերի նոր ձեռք անցնելը չի փոփոխում շինականների դէպի հողատէրն ունեցած հին կարգը։ 10) Հողատէրերը կալուածների բաժանման խնդրում կարող են ղեկավարուել թէ պետական օրէնքներով, թէ շարիաթով եւ թէ տեղական սովորոյթով։ 11) Շարիաթը կամ սովորոյթն այն ժամանակ են օրէնքի ոյժ ստանում, եթէ նրանով ղեկավարուելու համաձայնութիւն տալիս են բոլոր ժառանգները։ Հողաբաժնութիւնը այս դէպքում կատարւում է միջնորդների ձեռքով, որոնց որոշումը վերջնական է։ 12) Հողերի պատկանելիութեան շուրջը ծագած վէճերը (հողատէրերի մէջ կամ հողատէրի եւ գանձարանի) քննւում են ընդհանուր հիմունքներով դատական ատեաններում։

Որոշելով այս կերպ խաների, բէկերի, աղալարների եւ մելիքների հողատիրութեան գլխաւոր հիմքերը՝ ի նշան առանձին բարեհաճութեան դէպի այդ դասը՝ հրամայւում էր զբաղուել եւ նրանց անձնական իրաւունքների խնդրով, առաջնորդուելով ռուս ազնուականութեան շնորհած իրաւունքների ոգով։ Ապա հաստատ համոզմունք էր յայտնւում, որ Անդրկովկասի բարձր դասը, այժմ ապահովուած գոյութեան միջոցներով, պահանջի դէպքում հանդէս կը գայ անձնուիրաբար կատարելու այն պարտականութիւնները, որոնք կը դրուեն նրա վրայ։

Հրովարտակի 8-րդ կէտը, ինչպէս տեսանք, շեշտում էր, որ շինականները պարտաւոր են հողերից օգտուելու փոխարէն զանազան ծառայութիւններ մատուցանել հողատէրերին։ Մնում էր որոշել այդ երկու դասերի փոխ-յարաբերութիւններն եւ հաստատ օրէնքի վերածել։ Այդ արեց 1847 թ. օրէնսդրութիւնը։ 1847 թ. ապրիլի 20-ին հրատարակուեց օրէնք Շամախիի նահանգի (այժմ Բագուի եւ Գանձակի նահանգներ) բէկերի եւ գիւղացիների փոխ-յարաբերութիւնների մասին։ Օրէնքի բովանդակութիւնն այս էր. բէկը 15 տարեկանից բարձր հասակ ունեցող իւրաքանչիւր արական սեռին պատկանող գիւղացու պարտաւոր էր յատկացնել երկրագործութեան, անասնապահութեան եւ պարտիզպանութեան համար հինգ դեսեատին հող։ Դրա դիմաց գիւղացին նրան տալիս էր. մալջէհաթ կամ բահրա՝ բոլոր գիւղատնտեսական բերքերից 1 / 10, որն եւ պարտաւոր էր իր միջոցներով փոխադրել բէկի բնակած վայրը, եթէ նա գտնւում էր 50 վերստից ոչ հեռու եւ միեւնոյն գաւառում։ Մալջէհաթի վտանգման դէպքում պատասխանատուն գիւղացին էր։ Այդ պատասխանատւութիւնից նա կարող էր ազատուել այն դէպքում, եթէ հաստատէր, որ վտանգումը տեղի է ունեցել անկախ նրա կամքից։ Բէկը եւ գիւղացին կարող էին ինքնայօժար պայման կապել եւ իրարու օժանդակութեամբ գիւղատնտեսութեամբ պարապուել։ Այս պարագայում բէկի բաժինը չէր կարող բարձր լինել բերքի 1 / 5 -ից, բացառութեամբ այգիների, պարտէզների, բրնձադաշտերի եւ շերամի։ Վերջին կարգի արդիւնաբերական ձեռնարկութիւններից նա կարող էր պահանջել մինչեւ 1 / 3 -ը։ Գիւղացին պարտաւոր է տալ ծառայ։ Տասն ընտանիքից բէկին տրւում է մէկ տղամարդ-ծառայ, տասնեւհինգ ընտանիքից մէկ աղախին։ Ծառայ առաւելապէս տրւում է այն ընտանիքներից, որոնք սեփական տնտեսութիւն չունեն։ Իսկ եթէ այդ չկայ, ապա շատուոր ընտանիքներից, որոնց տնտեսութիւնը չի կարող քայքայուել մի անդամի բացակայութեան պատճառով։ Ծառան տրւում է հերթով։ Հերթի, հասակի եւ մարմնական պակասութիւնների խնդիրները պիտի որոշուի տեղական իշխանութեան կողմից։ Խստօրէն արգելւում է՝ ծառայ տալ մի ընտանիքից մէկ հոգուց աւելի, տղամարդ ծառայ վերցնել 20 տարեկանից ցածր եւ առհասարակ մուսուլմաններին ունենալ քրիստոնեայ ծառայ եւ աղախին, իսկ քրիստոնեաներին մուսուլման։ Ծառան տրւում է մէկ տարով։ Փոխադարձ համաձայնութեամբ կարելի է երկարել ժամանակամիջոցը։ Ծառան եւ աղախինը պարտաւոր են հպատակուել տիրոջ օրինաւոր պահանջներին եւ կատարել նրա տան ու դաշտի աշխատանքները։ Ծառան տիրոջից ստանում է հագուստ եւ ճաշ։ Նրա տունը ազատ է բէկական մնացած ծառայութիւններից։ Արքունի հարկերը նրա տան փոխարէն վճարում է կալուածատէրը։

Գիւղական ընտանիքը պարտաւոր է տարին 18 օր իր անասուններով եւ գործիքներով մէկ աշխատաւոր տալ բանելու բէկի համար, այն է՝ վեց օր հերկելու, ցանելու, հնձելու, կալսելու եւ հաւաքելու համար, վեց օր կալուածատիրոջ տեղափոխութեան (կալուածից-կալուած կամ տափաստանից-սարը), երեք օր մանր ծառայութիւնների համար, ինչպէս՝ փայտ բերել, խոտ հարել եւ այլն, երեք օր էլ տուն շինելու, արդիւնատեղիներ հիմնելու, բակ ու այգի ցանկապատելու համար։ Փոխադարձ համաձայնութեամբ կարելի է աշխատանքի օրերը դասաւորել այլ յարմարութեամբ։ Կալուածատէրն աշխատողին իրաւունք ունի մի նուագում բանեցնել միայն մի օր, բացառութեամբ տեղափոխութեան համար պահանջուած օրերի։ Աշխատանքի օրերը կարելի է փոխարինել դրամական տուրքով եւ այն գնահատել փոխադարձ համաձայնութեամբ, սակայն ոչ բարձր 20 կոպ. օրը։

Գիւղական ամբողջ համայնքը տարին երկու օր պարտաւոր է էվրէզ անել, այսինքն ողջ համայնքով աշխատել բէկի տնտեսութեան մէջ, հնձել, կալսել, հաւաքել եւ այլն։ Առուների, կամուրջների, ճանապարհների եւ այլ հանրօգուտ հաստատութիւնների շինութիւնը նոյնպէս կատարւում է էվրէզով։ Ջրի հսկիչները, ջուարները, իրենց վարձը ստանում են բնակչութիւնից։

Տեղական սովորութիւնների համաձայն վաչկատունները պարտաւոր են կալուածատիրոջը չոպբաշի տալ, այսինքն վճար ձմերային եւ ամարային արօտատեղիների համար։ Այն վաչկատունները, որոնք վարելահողեր եւ այգետեղեր չունին եւ միայն անասնապահութեամբ են զբաղւում, վճարում են կալուածատիրոջը տարեկան 4 ր. իւրաքանչիւր ընտանիքից։ Բացի այդ նրանք վճարում են եւ չոպրաշի։

Կալուածատէրն իրաւունք ունի ներկայ օրէնքի տրամադրութեամբ պահանջել շինականից անթերի կատարելու իր պարտաւորութիւնները։ Շինականն իր հերթին պարտաւոր է կատարել նրա պահանջը եւ ցոյց տալ դէպի նա խոնարհութիւն եւ հպատակութիւն։ Կալուածատէրը եւ շինականը իրաւունք ունեն փոխադարձ համաձայնութեամբ առանձին պայման կապել, որով շինականը մշակութեան համար ստանում է հողաբաժին ընդունուած չափից աւելի։ Պայմանը պիտի լինի գրաւոր եւ այն կարելի է լուծել ժամանակամիջոցը լրանալուց յետոյ։ Այդպիսի պայմանները ճշտութեամբ պիտի պահպանուին կալուածատիրոջ եւ շինականի կողմից։ Կալուածատէրը հսկում է շինականների խաղաղութեան, վայելչութեան եւ բարոյականութեան վրայ։ Նրանց իրար հետ ունեցած բոլոր վէճերը, փոխադարձ անբաւականութիւնները եւ պահանջները, այլ եւ մանր յանցանքները, որոնք չեն ստանում քրէական պատիժ, քննւում են եւ բաւարարւում շինականներից ընտրուած պաշտօնեաների ձեռքով, բայց կալուածատիրոջ հսկողութեան ներքոյ եւ նրա վաւերացումով։ Կալուածատէրը շինականների հետ միասին իշխանութեան առաջ պատասխանատու է կալուածի շրջագծում պատահած անկարգութիւնների, կողոպուտների, գողութիւնների եւ սպանութիւնների համար։ Այս պատճառով նա պարտաւոր է հսկել, որ շինականները չզբաղուին դատապարտելի պարապմունքներով, ապաստան չտան գողերին, չպահեն գողացած առարկաներ եւ ապրանք, չընդունեն փախստականներին, թափառականներին եւ կասկածելի մարդկանց։ Կողոպուտի մէջ մասնակցած եւ դատարանով դատապարտուած կալուածատէրը պատժից բացի նաեւ զրկւում է կալուածից, որ անցնում է նրա ժառանգներին։ Եթէ կալուածատէրը դաւադրութիւն է կազմում բարձրագոյն իշխանութեան դէմ, դաւաճանում է պետութեանը կամ թէ փախչում է արտասահման, նրա ամբողջ կայքը գրաււում է յօգուտ գանձարանի։ Գողերին եւ աւազակներին հալածելու կամ հետապնդելու համար կալուածատէրը լիակատար իրաւունք ունի իր հողի վրայ ապրողներից հաւաքել կարեւոր քանակով զինեալ մարդիկ։ Հարեւան կալուածատէրը, եթէ ստանում է դիմում, պարտաւոր է օգնութեան հասնել։ Թերացողը պատժւում է։ Գիւղական տանուտէրերն ընտրւում են համայնքների կողմից։ Իշխանութիւնը նրանց հաստատում է նախօրէն հարցնելով կալուածատիրոջ կարծիքն եւ համաձայնութիւնը։ Երեք տարուայ ընթացքում շինականները կարող են տեղափոխութեան դիմել ըստ հին սովորութիւնների։ Այդ ժամանակամիջոցն անցնելուց յետոյ իւրաքանչիւր տեղափոխութիւն թոյլատրւում է միայն Փոխարքայի կողմից։ Կալուածատէրը չպէտք է դժուարութիւններ յարուցանէ, երբ շինականն այգի է տնկում, ջրաղաց կամ այլ արդիւնատեղիներ է շինում կամ թէ մշակում է օգտակար համարուած բոյսեր։ Նա կարող է իշխանութեան առաջ միջնորդել շինականների համար, պաշտպանել նրանց արդարացի գանգատները եւ պահանջները։ Տեղական իշխանութեան սեպուհ պարտականութիւնն է հսկել այս օրէնքի անթերի իրագործման վրայ։ Կարիք եղած դէպքում օրէնքի լուսաբանութիւնը վերապահւում է Կովկասի Փոխարքային։

1847 թ. դեկտեմբերի 28-ին հրատարակուեց օրէնք Վրաստանի նախկին թուրքական համարուած գաւառների աղալարների եւ գիւղացիների փոխ-յարաբերութիւնների մասին։ Այստեղ գլխաւոր տարբերութիւնը ապրիլի 20-ի օրէնքից այն էր, որ գիւղացիներն աղալարի համար պիտի աշխատէին տարեկան ութ օր եւ յետոյ ազատ էին աղախին տալուց։ Մալջէհաթ, ծառայ եւ էվրէզ միեւնոյնն էր, ինչ որ արտօնւում էր նախորդ օրէնքով։

1851 թ. յունիսի 8-ին համանման օրէնք հրատարակուեց Երեւանի նահանգի եւ Ախալցխայի գաւառի համար։ Այդ օրէնքով հողի սեփականատէր էին ճանաչւում Երեւանի նահանգի միւլքադարները, տոհմական թիուլիստները, Գէօքչա գաւառակի աղալարները, քրդական ցեղապետները, եթէ նրանց յաջողուէր նստակեցութեան ընտելացնել իրենց վաչկատուն ցեղակիցներին, ապա Ախալցխայի տափի կամ չիֆթլիկի իրաւունքով օգտուող, այսինքն հողի տնօրինման լիակատար իրաւունք ունեցող բէկերը եւ այն անձերը, որոնց հողային իրաւունքը բղխում էր կասրիաթից, այսինքն գոյացել էր պարզ առ ու ծախսից։ Գիւղացիները հողաբաժին են ստանում տեղական պայմանների համեմատ. որոշ պարտադիր չափ գոյութիւն չունի։ Միւլքադարը, առհասարակ օրէնքի տրամադրութեանը ենթարկուող սեփականատէրը, պարտաւոր է բնակիչների աճման համեմատ նրանց բաժին հանել իր հողերից։ Գիւղացիները հողից օգտուելու համար հատուցանում են բնական եւ դրամական տուրքերը։ Երեւանի նահանգում բնական տուրքի չափը հաւասար է բերքի 4 / 30 -ին։ Ախալցխայի գաւառում 1 / 10 -ին։ Այս գաւառում տոհմական բէկերը մինչեւ 1854 թ. շարունակում են ստանալ բերքի 1 / 5 [18] ։ Գիւղացիները պարտաւոր են աշխատել միւլքադարի տնտեսութեան մէջ։ Երեւանի նահանգում աշխատանքի օրերի թիւը հաւասար է մի տարում ութի, Ախալցխայում վեցի։ Էվրէզն երկու օր։ Գիւղացիները միւլքադարին դրամական տուրք են տալիս 3 փութ ցորենի սերմ առնող այգու, պարտէզի կամ բոստանի դիմաց տարեկան 80 կ. ։ Քրդական ցեղապետները ստանում են 4 ր. իւրաքանչիւր ընտանիքից, իսկ ցեղի նստակեաց դառնալուց յետոյ նրանք անցնում են միւլքադարական իրաւունքի։ Երեւանի եւ Ախալցխայի կալուածատէրերի վարչական իրաւունքները, նրանց եւ գիւղացիների փոխադարձ յարաբերութիւնները որոշւում են 1847 թ. ապրիլի 20-ի եւ դեկտեմբերի 28-ի օրէնքներով։

1846-1851 թ. թ. օրէնսդրութեան լաւագոյն լուսաբանութիւնը նրա մերկ բովանդակութիւնն է, որ մենք պատմեցինք։ Բէկին, աղալարին եւ միւլքադարին արտօնւում էր ապրելու ոչ միայն գիւղացիների վաստակով, այլ եւ լինելու նրանց խնամակալը, իշխանաւորը եւ դատաւորը։ Դա եղաւ այն միջոցը, որով կառավարութիւնը վերջ դրաւ հայ-թուրքական գաւառների հողային երերուն կարգերին։ Եւ այնտեղ, ուր ո՛չ կայուն հողային մասնաւոր սեփականութիւն կար, ո՛չ ճորտային դրութիւն, նա ստեղծեց եւ մէկը եւ միւսը։

Հրատարակած օրէնքներն ի կատար ածուեցին։ Ամենուրեք թագաւորեց կէս-ճորտական կացութիւն։ Գործնականի մէջ օրէնքի մի երկու կէտը կամ չիրագործուեց կամ յայտարարուեց լիովին անիրագործելի։ Անկատար մնացած կէտն այն էր, որ բէկերը 5-դեսատինական հողաբաժիններ չտուին գիւղացիներին։ Այդ կէտը շատ տեղ կարող էր բէկերին հողազուրկ անել, ուստի եւ կառավարութիւնը խստապահանջ չէր այդ մասին։ Աւելին։ Երեւանի եւ Ախալցխայի համար ուշ հրատարակած օրէնքը պահանջ չի պարունակում գիւղացիական հողաբաժնի մասին։ Խնդիրը թողնուած է լուծելու ըստ տեղական պայմանների եւ այս պարագայում մտահոգուած է լոկ միւլքադարի շահի համար։ Միւլքադարների շահն էլ մտահոգուեց այնպիսի եղանակով, որ 1870 թ. շինական բարենորոգումից առաջ Երեւանի նահանգի կալուածատիրական գիւղացիների մի խոշոր մասը դեռ եւս հողազուրկ էր։ Այսպէս՝ ամբողջ նահանգում կային 302 միւլքադարական գիւղեր (Երեւանի գաւառում 69, Էջմիածնի գ. 103, Նախիջեւանի գ. 119 եւ Նոր-Բայազէդի գ. 11)։ Միւլքադարները բաղկացած էին 385 ընտանիքից, իսկ նրանց գիւղերում բնակւում էին 12. 310 ծուխ գիւղացիներ՝ 45. 241 արական շնչով։ Նոր-Բայազէդի գաւառում հողազուրկ գիւղացիներ չըկային։ Երեւանի գաւառում բոլոր գիւղացիները տնատեղեր ունէին, բայց նրանց 1 / 3 դեռ հողաբաժին չէր ստացել։ Էջմիածնի գաւառում հողազուրկ գիւղացիների թիւը հասնում էր 800 հոգու։ Նրանք գտնւում էին բոլոր գիւղերում։ Նախիջեւանի գաւառի հողազուրկ ընտանիքների թիւը 400 էր։ Շնորհիւ իրենց հողազրկութեան, այդ գիւղացիները կախում չունէին կալուածատէրերից [19] ։

Նոր օրէնսդրութեան լիովին անիրագործելի կէտն աղախին տալու պահանջն էր։ Անդրկովկասցին երբէք տեսած չէր, որ իր աղջիկը կամ կինը պարտաւոր լինի ծառայութեան գնալու բէկի տունը։ Վերջինս էլ երբէք նման պահանջներ առաջադրած չէր։ Օրէնքի այդ կէտը մի անակնկալ էր թէ գիւղացու եւ թէ բէկի համար, մի անակնկալ, որ կարող էր խիստ բարդութիւններ առաջացնել։ Այդ հանգամանքն ի նկատի առնելով Շամախիի նահանգապետն իր իսկ իրաւունքով հրաժարուեց կիրառել օրէնքի այդ կէտը։ Բէկերն էլ այնքան նոր բան էին ստանում, որ այդ մասին ծանր ու թեթեւ խնդիրներ չըյարուցեցին։ Դժգոհ էին միայն խաների եւ հռչակուած տոհմական բէկերի շառաւիղները, որոնք անիրաւացի էին գտնում իրենց հաւասարեցումը կասկածելի ծագում ունեցող բէկերի եւ աղալարների հետ։ Նրանք գտնում էին, որ երկրի խառնակ դրութեան եւ ռուս կառավարիչների սխալների շնորհիւ հանդէս եկած նորելուկ ազնուականներին չըպէտք էր քաջալերել եւ բարձրացնել։ Դժգոհների շարքումն էր եւ Ղարաբաղի ամբողջ բէկութիւնը։ Այս հատուածը տրտնջում էր այն պատճառով, որ իբրեւ թէ բէկերը զրկւում են գիւղացիների մի շարք տուրքերից եւ ձրի ծառայութիւններից [20] ։

Նոր օրէնքների հրատարակումից յետոյ 1854 թ. Անդրկովկասի ամբողջ գիւղացիութիւնը ստորաբաժանւում էր հետեւեալ կարգերի [21].

 

 

Թիֆլիսի նահան.

Շամախիի նահան.

Երեւանի նահան.

Քութայիսի նահան.

Սեփականատէր կամ պետական հողերի վրայ ապրող գիւղացիներ (ծուխեր)

20. 177

61. 948

20. 067

8. 914

Կալուածատէրերի կամ եկեղեցու հողի վրայ

4. 753

2. 022

Աղալարական

7. 645

Բէկական

22. 924

1. 132

Ժամանակաւոր թիուլատէրերի

945

Էջմիածնի վանքի (թիուլ)

752

Միւլքադարական

9. 140

Քաղաքային հողերի վրայ

97

199

1

 

Այս աղիւսակից տեսնում ենք, որ հայ-թուրքական գաւառներում կախման դրութեան մէջ եղած գիւղացիների քանակը հաւասար է 42. 538 ծուխի։ Եթէ ընդունենք, որ այդ նահապետական ժամանակներում ծուխը չէր կարող պակաս լինել 8-10 հոգուց, ապա պիտի ունենաք մօտ 400 հազար գիւղացիներ, որոնք պարտաւորուած էին կրել կէս-ճորտական լուծը եւ կերակրել աղալարներին, բէկերին եւ միւլքադարներին։

Այժմ մի հարց տանք։ Արդեօք Անդրկովկասի քաղաքացիական կեանքն որեւ է դրական բան շահե՞ց նոր կարգերից։ Ո՛չ։ Քաղաքական նկատումներով գուրգուրուած հայ եւ թուրք բէկերից կուլտուրական արիստոկրատիա չստեղծուեց, այլ պորտաբոյծ հացկատակների մի դաս, որ ապրելով անաշխատ կեանքով՝ դեռ գալիս էր երկրի քաղաքացիական կեանքը լցնելու աղմուկներով, արկածներով եւ ոճիրներով։ Թուրք եւ հայ բէկերը ժողովրդի գլխին պատուհաս դարձան։ Նրանք ամենեւին չէին մտահոգում ոչ օրինակելի տնտեսութեան եւ ոչ օրինակելի քաղացիական վարք ու բարքի մասին։ Նրանց արհեստն էր որս, առեւանգում, կողոպուտ եւ աւազակների ու գողերի հովանաւորութիւն։ Նեղն ընկած տեղը նրանք պաշտպաններ ունէին յանձին իրենց ազգակից պաշտօնեաների եւ, վերջապէս, նիւթական ապահովութիւնը նրանց թեւ ու թիկունք էր տալիս այնքան էլ չմտահոգելու «իգիթութեան» հետեւանքների մասին։ Ժողովուրդը հեծում էր բէկութեան բռնաւոր կարգերի տակ։ Նա դիմազուրկ էր դառնում արտօնեալների շնորհիւ։ Անվերջ պահանջների տարափը նրան յուսահատեցնում էր։ Մի չափազանց բնորոշ դէպք ցոյց է տալիս, թէ որքան ծանր էր բէկութեան շահագործող բազուկը։ 1865 թ. Էջմիածնի գաւառի հայ Շահրիար գիւղի բնակիչների մի մասը ռուսադաւանութիւն է ընդունում։ Այդ կրօնափոխութիւնը չէր բղխում գիւղացիների հոգեկան ապրումներից։ Ո՛չ։ Այդ միջոցով նրանք կամենում էին ազատուել իրենց հոգէառ կալուածատիրոջից։ Եւ ազատուեցին էլ։ Կառավարութիւնը նրանց տեղափոխեց եւ նոր հողաբաժին տուաւ։ Քառասնական թուականների վերջում նման շարժում տեղի էր ունեցել եւ Նախիջեւանի գաւառի Եարմջա գիւղում [22] ։ Առհասարակ Երեւանի նահանգի հայ գիւղացին այդ ճանապարհով է ցանկացել լայնացնել իր ապրուստի աղբիւրը, հողը։ Այս երեւոյթներն աչք ծակող ապացոյցներ են, որ կալուածատէրերի շահատակութիւններն իրենց նիւթական հարուածների հետ առաջացնում էին բացարձակ անբարոյացում ու մտաւոր այլասերում։

1861 թ. փետրուարի 19-ին Ռուսաստանում վերացած հռչակուեց ճորտատիրութեան անարգ ինստիտուտը։ Նոր դրութիւնը չէր կարող անտես անել Կովկասը։ Այստեղ գիւղացիական բարենորոգումը սկսուեց Վրաստանից։ Եւ երբ 1867 թ. Վրաստանում վերջացան նոր օրէնքի տարածման աշխատութիւնները, ուշադրութիւն դարձրուեց հայ-թուրքական գաւառների վրայ։ Սակայն պիտի ասել, որ կառավարութիւնը դեռ 1861 թ. դեկտեմբերի 13-ին առանձին օրէնքով աղալարներին զրկել էր ոստիկանական պաշտօններից։ Վերյիշենք, որ 1847 թ. դեկտեմբերի 20-ի օրէնքով Բորչալուի եւ Ղազաղի աղալարները կազմում էին գիւղացիների անմիջական վարչա-դատաստանական իշխանութիւնը։ Նրանք պիտի կարգ ու վայելչութիւն պահպանէին, հալածէին աւազակներին ու գողերին, բարեկարգէին ճանապարհները, հսկէին գիւղական պաշտօնեաների ուղիղ գործավարութեան վրայ։ Սակայն նրանք չարդարացրին իրենց վրայ դրած յոյսերը։ Աղալարներն իրենք էին զբաղւում դատապարտելի պարապմունքներով։ Նրանք գիւղական հաստատութիւնները դարձրին կաշառակերութեան եւ բռնութեան վայրեր։ Ժողովրդի համբերութիւնը հատաւ։ Նա սկսեց յուզուել եւ բողոքել։ Կառավարութիւնը բարուոք համարեց աղալարներին ընդմիշտ հեռացնել պաշտօններից եւ գիւղական պաշտօնեաներին անկախ հռչակել նրանց իրաւասութիւնից։

1865 թ. հրատարակուեց շինական հասարակութեան վերաբերեալ օրէնքը, որով բէկերը ընդհանրապէս զրկուեցին գիւղական վարչական-դատաստանական իրաւունքներից։ Շինական հասարակութիւնը դարձաւ դասային ինքնավար կազմակերպութիւն, որի մասին մեր խօսքը կը լինի յետագայում։

1866 թ. ապրիլի16-ին Փոխարքայից հաստատուած մի առանձին յանձնաժողով սկսեց զբաղուել հայ-թուրքական գաւառների բէկերի եւ գիւղացիների փոխադարձ պարտաւորութիւնների բարենորոգման հարցով։ Այդ յանձնաժողովի զբաղմունքների հետեւանքն եղաւ1870 թ. մայիսի 14-ի օրէնքը։ Օրէնքի բովանդակութեան հետ մենք կը ծանօթանանք քիչ յետոյ։ Այժմ ասենք, որ վաթսունական թուականներին կառավարութիւնը սկսեց լուրջ զբաղուել եւ հայ ու թուրք բարձր դասի տոհմերի ճշտման խնդրով։ Ինքնակոչ բէկերի թիւը չափազանց բազմացել էր։ Անյետաձգելի կարիք էր զգացւում ջոկել եւ պարզել նրանց պնդումների իրաւացիութիւնը։ 1864 թ. մայիսի 29-ին անհրաժեշտ դատուեց ժամանակաւոր բէկական կոչուած յանձնաժողովներ կազմել Թիֆլիսում, Բագւում, Երեւանում եւ Շուշիում ու նրանց զբաղմունքների նիւթը դարձնել բէկական դասի պատկանելիութեան եւ քանակական հարցերը։ 1865 թ. հոկտեմբերի 25-ին բացուեց Թիֆլիսի յանձնաժողովը Բորչալուի, Ղազախի, Շամշադիլի, Սարտաչալայի, Ախալցխայի եւ Գանձակի գաւառների համար եւ Երեւանինը՝ Երեւանի նահանգի համար։ 1867 թ. երկու յանձնաժողովները վերջացրին իրենց պարապմունքները։ Թիֆլիսի յանձնաժողովը քննել էր 340 տոհմերի իրաւունքները եւ նրանցից 184 ճանաչել պատկանող բարձր դասին։ 156 տոհմերի համար բաւարար հաստատութիւններ չէր գտնուել։ Նրանց առաջարկուել էր իրենց բարձր դասի պատկանելիութեան իրաւացիութիւնը հաստատել ընդհանուր հիմունքներով, այն է պետական օրէնքներով եւ դատավարութեամբ։ Երեւանի յանձնաժողովը քննել էր 586 տոհմերի իրաւունքներ։ 282 տոհմերի իրաւունքները ճանաչուել էին, իսկ 304 տոհմեր ստացել էին մերժում։ Նրանց նոյնպէս առաջարկուել էր իրենց իրաւունքների համար մտահոգել ընդհանուր հիմունքներով։ Շուշիի յանձնաժողովը սկսեց իր աշխատանքները 1869 թ., իսկ Բագուինը 1871 թ. [23] ։ Մեր բերած այս թուերից պարզ է, որ բէկ ճանաչուելու տենչը հիւանդագին բնաւորութիւն էր ստացել։ Ազնուականի յարգը, բացառիկ դիրքն այնքան գրաւչութիւն ունէր, որ կարողանում էր հարիւրաւոր տոհմերի հրահրել ներելի եւ աններելի միջոցներով ձգտել դուրս գալու հարկատուի արհամարհուած կաշուից։

Այժմ անցնենք1870 թ. մայիսի 14-ի օրէնքի լուսաբանութեան եւ քննութեան։

1847 թ. օրէնքով կալուածատէրը պարտաւոր էր 15 տարեկանից բարձր հասակ ունեցող իւրաքանչիւր արու գիւղացու 5 դեսեատին մշակութեան համար յարմար հողաբաժին յատկացնել։ Նոր օրէնքը կալուածատիրոջը թոյլատրում էր յետ վերցնել գիւղացիներից հողի աւելցուկը, եթէ նրանց բաժինը մարդագլուխ 5 դեսեատնից աւել է, իսկ պակաս եղած դէպքում լրացնել այդ չափը, սակայն մի պայմանով, որ բէկի ձեռքին յամենայն դէպս մնայ բոլոր յարմար հողերի 1 / 3, որպէս անձեռնմխելի սեփականութիւն։ Բէկն այլեւս պարտաւոր չէր ժողովրդի աճման համեմատ նոր հողաբաժիններ յատկացնել իր բաժին հողերից։ Ապա գիւղացիներն ազատւում էին ծառայ տալուց եւ բէկի համար համայնքով կամ ընտանիքով աշխատելուց։ Դրա փոխարէն նրանք պարտաւորւում էին հատուցանել որոշ դրամական տուրք. Բագուի եւ Գանձակի նահանգներում 30 կոպէկ շինականների յարմար հողի իւրաքանչիւր դեսեատնից, Գանձակի նահանգի Ղազախի գաւառում, Թիֆլիսի նահանգի Թիֆլիսի եւ Ախալցխայի գաւառներում 15 կոպ. ։ Յատկապէս մելիքապատկան Շուլավէր գիւղից 10 կոպ. ։ Երեւանի նահանգի միւլքադարական գիւղերից դրամական տուրք որոշուած էր՝ 80 կոպ. երեք փութ ցորենի սերմ բովանդակող պարտէզներից եւ բոստաններից, 1 ր. 20 կ. նոյն տարածութիւնն ունեցող այգիներից։ Բահրան կամ մալջէհաթը մնում էին հին չափերով. բէրքի 1 / 10 Բագուի եւ Գանձակի նահանգներում ու Թիֆլիսի եւ Ախալցխայի գաւառներում , 4 / 30 Երեւանի նահանգում։

Մալջէհաթի անվտանգ գանձումի համար պատասխանատու էր ճանաչւում գիւղացին։ Կալուածատիրոջ հասանելիք տուրքերը գանձւում էին պետական հարկերին համազօր եղանակով։ Տեղական իշխանութիւնները գիւղական թէ բարձր պարտաւոր էին այդ խնդրում խիստ աջակցութիւն ցոյց տալ նրան։ Գիւղացին պարտաւոր էր բէկին հասանելիք բերքը տանել նրա բնակած տեղը։ Օրէնքի այդ տրամադրութիւնը որոշ մանրամասնութիւններ էր ճանաչում տարածութեան եւ սովորոյթային իրաւունքի տեսակէտից։ Գիւղացին կարող էր իր հողաբաժինը զիջել միայն համագիւղացուն։ Անժառանգ հողաբաժինն անցնում էր համայնքին։ Եթէ վերջինս հրաժարուէր, ապա այն կցւում էր կալուածատիրոջ բաժնին։ Տնատեղ, պարտէզ եւ այգի կարելի էր զիջել ամեն մարդու։ Գիւղացիները կարող էին իրենց հողաբաժինն արտագնել համայնքով կամ ջոկ-ջոկ ընտանիքներով։ Կալուածատիրոջ համաձայնութիւնը այդ գործառնութեան անհրաժեշտ պայմաններից մէկն էր։ Մի ծուխը կարող էր արտագնել ոչ աւել 15 դեսեատնից եւ ոչ-պակաս դեսեատնից։ Անտառներից, ջրից եւ արօտատեղիներից օգտուելը մնում էր հին կարգով, այսինքն տեղական սովորոյթով։

Գիւղացիների եւ բէկերի փոխադարձ յարաբերութիւնների վրայ հսկողն էր հաշտարար միջնորդը։ Վերջինիս ձեռքով իւրաքանչիւր գիւղի համար պիտի կազմուէր առանձին կանոնագիր (уставная грамота), որի մէջ պիտի յիշուէին, թէ շինականների հողաբաժինների տարածութիւնը, սահմանները եւ թէ նրանց պարտաւորութիւնները։

Նոր օրէնքը գիւղացիներին վերջնականապէս չէր ազատագրում բէկերի կախումից։ Նա նոյնիսկ որպէս օրէնք, ունէր չափազանց խոցելի կէտեր։ Օրինակ, շինականի 5 դես. հողաբաժին ստանալու իրաւունքը չէր բացասւում, սակայն դա սահմանափակուած էր մի պայմանով, որ այնուամենայնիւ կալուածատիրոջն էր վերապահում յարմար հողերի 1 / 3 -ը։ Հարկա՛ւ դա մի սահմանափակում էր, որ փոքր կալուածներում գիւղացուն հնարաւորութիւն չէր տալիս վայելելու իր իրաւունքը. նա չէր կարող յուսալ ստանալու 5 դես. հողամաս։ Այդպէս էլ եղաւ շատ գիւղերում։

Ինքն ըստ ինքեան հասկանալի է, որ բէկն այլեւս իրաւունք չունէր խառնուելու գիւղական համայնքի ներքին գործերին. նա այդ համայնքի անդամը չէր համարւում եւ չէր էլ օժտուած որեւ է առանձին իշխանութեամբ։ Սակայն նրա նիւթական ուժը եւ տարիների արտօնեալ դիրքն ունէին իրենց առանձին արժէքն ու հմայքը։ Եւ յետոյ օրէնքը մի հարուածով չէր լուծում բէկի եւ գիւղացու փոխ-յարաբերութիւնների հանգոյցը։ Հողերի արտագնումը մնում էր անպարտադիր։ Իսկ դա նշանակում էր ձգձգել խնդիրը եւ բէկական տուրքերի հատուցման հետ խոնարհեցնել գիւղացուն եւ բարձրացնել բէկին։ Ապա անորոշութեան մէջ էին մի շարք ուրիշ հարցեր. օրինակ, ի՞նչ ընթացք պիտի ստանար անտառներից օգտուելու հանգամանքը, ի՞նչպէս պիտի վերջանար ընդհանուր արօտատեղիի խնդիրը։ Վերջնական ազատագրման հարցն այսպիսով մնում էր առկախ. գիւղացին էլի պահւում էր կախման դրութեան մէջ, նա մնում էր նոյն երկիւղած եւ շահագործումի ենթակայ արարածը։ Եւ դա պարզորոշ արտայայտուեց այն ժամանակ, երբ սկսուեց օրէնքի գործադրութիւնը եւ կանոնագրերի կազմումը։

Կովկասեան մի բարձր պաշտօնեայ (Կովկասի կառավարչապետի խորհրդի անդամ Կուչայեվը) վկայում է, թէ շնորհիւ աչառու, կաշառակեր հաշտարար միջնորդների բէկերն ամենուրեք բաժին վերցրին լաւ եւ արգաւանդ հողերը, իսկ գիւղացիներին մնաց առապար, աւազոտ եւ անբերրի տեղերը։ Նա յիշում է, թէ ինչպէս հաշտարար Դ. Վ. շնորհիւ հայ-Պարիս գիւղը (Մելիք-Բէգլարեանների կալուածք Գանձակի նահանգում) ստացաւ «անջուր եւ անյարմար» հողաբաժին, ապա ասում է, որ Դ. Վ. ի պէս պաշտօնեաներ էին Բ. -գօն, Ր. եւ միւսները, որոնք յօգուտ կալուածատէրերի նոյնիսկ թղթեր կեղծեցին։ Կուչայեվը շեշտում է, որ նման զեղծումներ եղան Ջիւանշիրի, Գանձակի, Նուխիի, Ղազախի եւ այլ գաւառներում [24] ։ Ուրեմն, խնդիրն օրէնքի հրատարակման մէջ չէր, այլեւ խոշոր չափով նրա գործադրողների եւ գործադրման մէջ [25] ։ Իսկ այստեղ թղթի վրայ ազատագրուած գիւղացին նորից կորցնում էր իրականութեան մէջ։

Մեր մէջ առհասարակ արմատացած է այն կարծիքը, որ հայ գիւղացին շատ քիչ տեղ է ենթակայ կալուածատէրերին եւ նրա կախումը հողատէրերից մի թեթեւ եւ աննշան հանգամանք է։ Այդ կարծիքը սխալ է հիմնովին։ Մենք կամենում ենք թուերով եւ փաստերով ցոյց տալ, որ հայ գիւղացիութեան մի խոշոր հատուածը միշտ էլ տառապել է արտօնեալ դասի պահանջների տակ եւ որ այդ հանգամանքն ունեցել է խիստ անբարոյացնող հետեւանքներ։

1872 թ. նոր օրէնքին ենթակայ հաշւում էր Գանձակի, Բագուի, Երեւանի եւ Թիֆլիսի հայ-թուրքական գաւառներում 44. 388 ծուխ 158. 192 արական հոգով [26] ։ Այստեղ յիշուած գիւղացիութիւնն ամբողջովին հայկական չէր. նրա խոշորագոյն մասը թուրքեր էին։ Ինչպէս գերակշռող տեղ էր բռնում թուրք բէկութիւնը, նոյնպէս թուական գերակշռութիւնը պատկանում էր թուրք գիւղացիներին։ Սրանով մենք չենք ասում, թէ ամեն ազգի բէկութիւն իրենից կախեալ ունի միայն իր ազգի գիւղացիութեան մի մասը։ Ո՛չ։ Կան հայ բէկեր, որ ունին թուրք գիւղացիներ, բայց աւելի եւս շատ կան թուրք բէկեր, որ հայ գիւղացիների տէր են։ Հայ եւ թուրք ժողովուրդների յարաբերութիւնների մէջ այս հանգամանքն անպայման որոշ դեր է խաղում, բայց այժմ խօսքը դրա մասին չէ։ Արդեօք քա՞նի հայ գիւղեր կան, որոնց հողերը բէկապատկան են, ահա մեզ զբաղեցնող հարցը։ Այդ մասին թուեր ունենք1886 թուականի համար։1886 թուականի ծխական ցուցակներից կազմած վիճակագրութիւնը բէկապատկան, առհասարակ կալուածատիրական հայ գիւղացիների մասին տալիս է հետեւեալ տեղեկութիւնները [27].

 

Գիւղերի քանակը

Ծուխ

Երկսեռ հոգի

Թիֆլիսի նահանգում

 

 

 

Թիֆլիսի գաւառ

26

737

4. 755

Ախալցխայի գաւառ

7

140

1. 608

Բորչալուի գաւառ

28

1. 456

13. 343

Գորիի գաւառ

19

814

4. 734

Դուշէթի գաւառ

9

274

1. 567

Թիօնէթի գաւառ

1

50

147

Ախալքալաքի գաւառ [28]

19

1. 256

11. 684

Ընդամենը

109

4. 727

37. 838 [29]

Երեւանի նահանգում

 

 

 

Երեւանի գաւառ

13

910

5. 873

Նոր-Բայազէդի գաւառ

2

188

1. 398

Սուրմալուի գաւառ

7

568

4. 257

Շարուրի գաւառ

6

320

2. 376

Էջմիածնի գաւառ

11

1. 682

11. 137

Նախիջեւանի գաւառ [30]

50

3. 105

24. 256

Ընդամենը

89

6. 773

49. 297

Գանձակի նահանգում

 

 

 

Գանձակի գաւառ

13

698

5. 402

Արէշի գաւառ

7

501

2. 535

Ջեբրայիլի գաւառ

17

867

6. 522

Ջիւանշիրի գաւառ

18

1. 048

8. 165

Զանգեզուրի գաւառ

35

2. 819

22. 987

Նուխիի գաւառ

7

444

2. 509

Շուշիի գաւառ

67

5. 022

35. 940

Ընդամենը

164

11. 399

84. 060 [31]

Բագուի նահանգում

 

 

 

Գէօկչայի գաւառ

5

400

2. 224

Շամախիի գաւառ

13

680

3. 764

Ընդամենը

18

1. 080

5. 988

Չորս նահանգներում

380

23. 979

177. 183

 

Այսպիսով դուրս է գալիս, որ Անդրկովկասի չորս նահանգներում կան 380 բէկապատկան (մի քանիսը վանքապատկան) գիւղեր, բաղկացած 23. 979 ծուխերից եւ 177. 183 հոգուց [32] ։1886 թուականին Անդրկովկասի հայ գիւղական բնակչութիւնն ընդհանրապէս եղել է հետեւեալ քանակի՝

 

Ո՞ր նահանգում

Քա՞նի ծուխ

Քա՞նի հոգի

Որոնցից

Մելիքներ

Հոգեւոր

Թիֆլիսի նահանգում

16. 444

122. 614

28

1. 800

Քութայիսի նահանգում [33]

1. 083

5. 085

Երեւանի նահանգում

41. 467

335. 759

6

6. 283

Գանձակի նահանգում

29. 735

229. 558

3. 420

5. 665

Բագուի նահանգում

4. 185

25. 712

284

Կարսի շրջան

3. 926

34. 014

Չերնոմորի շրջան

206

967

Ընդամենը

97. 046

753. 709

3. 454

14. 032

 

Ուրեմն ամբողջ Անդրկովկասում հայ գիւղական բնակչութիւն եղել է 97. 046 ծուխ, 753. 709 հոգի, որոնցից մելիքական ծագում ունեցող՝ 3. 454 հոգի, իսկ հոգեւորական 14. 032 հոգի։ Հայ արտօնեալները միասին կազմում են 17. 486 հ., սակայն դա իրականութեանը համապատասխանղ թիւ չըպիտի լինի. նախ որ որոշ շրջանների համար (օր. Կարսի) նոյնիսկ չեն յիշուած հոգեւորականներ, իսկ ասել թէ Կարսի գիւղերում հայ հոգեւորականներ չեն եղել, դա սխալ կը լինի միանգամայն։ Ապա պիտի ի նկատի առնել, որ վիճակագրութիւնն առանձնացրել է միայն հայ մելիքներին, իսկ հայ ազնուականներին հաշուել է ընդհանուր, բոլոր ազգերի ազնուական դասի հետ (օր. Վրաստանում)։ Ուրեմն այստեղ էլ պակաս է հաշուած հայ արտօնեալների թիւը։ Թէ ազնուական (մելիք եւ ընդհանրապէս) եւ թէ հոգեւորական (այստեղ եւ հոգեւորականների սերունդը՝ տոհմական պատուաւոր քաղաքացիները) պիտի ընդունել ոչ պակաս 25 հազարից։ Եւ եթէ այդ 25 հազարը հանենք ընդհանուր գիւղական բնակչութեան գումարից (753 հազար 25 հազար) կունենանք զուտ գիւղացիներ 728 հազար։ Ահա այդ քանակից 177 հազարն եղել է բէկական եւ կալուածատիրական։ Չմոռանանք ասել, որ մելիքներ եւ հոգեւորականներ մտնում են նաեւ բէկական գիւղաբնակչութեան գումարի մէջ, մելիքներն ամբողջովին 3. 454 հոգի, հոգեւորականներն անյայտ քանակով, սակայն երկու կարգի ատօնեալներն էլ 7 հազարից չըպիտի անցած լինին, այնպէս որ զուտ բէկական գիւղացիներ մնում են 170 հազար։ Արդ՝ հայ գիւղացիութեան ո՞ր տոկոսն է կազմում այդ քանակը։ Մօտաւորապէս 24%։ Ուրեմն պիտի ընդունել, որ հայ գիւղացիութեան 24% կամ 170 հազար մարդ կախման մէջ է եղել բէկերից եւ ազնուականներից։

Թէ բէկութիւնն ի՞նչ մթնոլորդ է ստեղծում գիւղում այդ մասին բերում ենք մի երկու վկայութիւն։ Ալ. Երիցեանցն իր Ղազախի գաւառի ուսումնասիրութեան մէջ ամենաանպաստ կարծիքն է յայտնում նրանց մասին [34] ։ Նա գրում է, որ գաւառի մանր ոստիկանական պաշտօնեաները պատկանում են աղալարների դասին։ Եթէ նրանցից մէկը գիւղ է գնում գործով, ապա իր հետ վերցնում է ծանօթ եւ ազգական ջահէլներին եւ գիւղացիների հաշուին գիւղը խրախճանի վայր դարձնում։ «Այդ ստահակ հիւրերը, ընկնելով իշխանութեան աչքից հեռու որեւ է խուլ անկիւն, պահանջում են ոչխար, իւղ, գինի եւ օղի, ծեծում են գիւղական ներկայացուցիչներին, անձամբ դատ են տեսնում թերացողների հետ, սպառնում են Սիբիրով եւ տաժանակիր աշխատանքով եւ գիւղական շատ ընտանիքներ ստիպուած են լինում լացել եւ թողութիւն աղերսել։ Որքան աննշան է իշխանութեան այդպիսի ներկայացուցչի դիրքը, այնքան աներես են նրա պահանջները, անչափաւոր են նրա ցանկութիւնները, այնքան նա ստահակ է եւ անհանգիստ։ Նա դուրս է գալիս գիւղից հայհոյանքները եւ սպառնալիքները բերանին, նախօրէն էլ լցնելով խուրջինը գարիով ձիու եւ պաշարով իր համար»։

Ազգագրող պ. Լալայեանը Գանձակի հայ բէկերի մասին վկայում է հետեւեալը. «Թէպէտ ո՛չ դատաւոր, բայց որպէս գիւղի ամենաազդեցիկ եւ հեղինակաւոր մարդիկ, դատ են կտրում, կամ գիւղական դատաւորների եւ տանուտիրոջ վրայ ճնշում գործելով՝ դատը իրենց կամեցածի պէս վճռել տալիս։ Գիւղացիները այս բէկերին գիւղական պաշտօնեաներից աւելի խելացի եւ աւելի հեղինակաւոր անձնաւորութիւն համարելով, սիրով նրանց են դիմում վերջացնելու իրենց դատը։ (Մտածեցէ՛ք՝ «սիրով նրանց են դիմում» Դ. Ա. Պատահում են դէպքեր, երբ բէկի ախոռը մի երկու օր իբրեւ բանտ է ծառայում յանցաւորին։ Թէպէտ այդ բէկերը գիւղական պաշտօնեաների ո՛չ նշանակող եւ ո՛չ հաստատող են, սակայն նրանց ընտրութեան եւ հաստատութեան խնդրում բաւական մեծ դեր են խաղում եւ հաստատութիւնից յետոյ էլ միշտ կախման դրութեան մէջ են պահում նրանց։ Եւ այս՝ որովհետեւ այդ պաշտօնեաները նախ որ միշտ քաղցրացնում են իրենց բերանները բէկերի տանը, նրանց հետ ուտել խմելով (ժողովրդի հաշուին Դ. Ա), երկրորդ՝ միշտ յոյս ունին նրանցից շահուելու (չըլինի՞ թէ նրանց հալալ վաստակից Դ. Ա. ), երրորդ՝ գիտեն, որ դրանք ոստիկանի եւ գաւառապետի հետ մօտիկ յարաբերութիւն ունենալով, կարող են վնասել իրենց եւ կամ յայտնել իրենց կատարած զեղծումների մասին (ա՜յ թէ ինչ Դ. Ա. Նոյն կախման դրութեան մէջ է քահանան, որ պաշտօն է մատուցանում իրենց, բէկերի եւ կամ որոնց նախնեաց շինած եկեղեցում (ո՞վ է տնտղել բէկերի ձեռքերի կոշտերը Դ. Ա. Սրա ընտրութիւնն էլ եթէ ոչ բոլորովին, գոնէ մեծ մասամբ կախուած է բէկերից. բաւական է, որ սրանք մի քանի անգամ գովեն քահանացուին եւ ժողովուրդը անմիջապէս նրան կընտրէ, առաջնորդն էլ չի մերժիլ բէկերի միջամտութիւնը, որովհետեւ շատ բաներում նրանք կարող են օգտաւէտ լինել թէ եկեղեցիներ շինելիս կամ վերանորոգելիս եւ թէ ժողովրդական մի որեւ է աղէտի ժամանակ [35] ։ Բէկական ազդեցութեան մասին եղած այս վկայութիւնները գեղեցիկ բացատրում են այն հանգամանքը, թէ ինչո՛ւ է հայ գիւղացիութիւնը դիմազուրկ եւ կամազուրկ մի հօտ դարձել։ Տասնեակ տարիների կէս-ճորտական փոխ-յարաբերութիւնները կարող էին միայն այդ հետեւանքին հասցնել։

Խօսելով հողի շուրջը ստեղծուած փոխ-յարաբերութիւնների մասին մենք մոռացութեան չենք տալիս այն, որ հայ գիւղացիութեան խոշորագոյն մասն իրաւապէս ազատ է եղել կալուածատէրերի հպատակութիւնից։ Բայց ձեւականօրէն ազատ լինել կալուածատէրերի կախումից, այդ դեռ չի նշանակում ազատ լինել եւ փաստօրէն։ Ահա այդ փաստական ազատութիւնն ըստ մեծի մասին գոյութիւն չունէր։ Նախ այն պատճառով, որ պետական վարչական կազմը միանգամայն բէկական-ազնուական էր։ Ռուսների Անդրկովկասի նուաճումից սկսած՝ տասնեակ տարիներ շարունակ բէկութիւնն էր, որ իր ձեռքին ունէր բոլոր վարչական եւ դատաստանական պաշտօնները։ Տեղ-տեղ այդ պաշտօնների հետ կցորդուած էր եւ հողատիրական իրաւունքը, սակայն առանց դրան էլ, լոկ պետական պաշտօնեայի իրաւունքով, բէկութիւնը մի ահռելի ոյժ էր, որ իր հեղինակութեամբ եւ զօրութեամբ ճնշում էր գիւղացիութեան ինքնագործունէութիւնն ու ձեռներէցութիւնը։ Մեր վերի բերած փաստերը, եղած օրէնսդրութիւնների պատմութիւնը այդ են ապացուցանում։ Անհերքելի իրողութիւն է, որ գիւղացիութիւնը, բէկական թէ արքունի, տասնեակ տարիներ գալարուել է բէկ-պաշտօնեայի դիմազուրկ դարձնող լծի տակ։

Մի այլ հանգամանք աւելի է նպաստել գիւղացիութեան ըստրկացման։ Դա կապալի գոյութիւնն է։ Անդրկովկասի արտօնեալ դասը ոչ միայն հանգամանքների բերումով հողատէր դարձաւ, այլ եւ իր ձեռքը հաւաքեց հողերի լայն տարածութիւն, հողերի լաւագոյն եւ բերրի մասը։ Մենք արդէն տեսանք, որ 1870 թ. օրէնքի գործադրման ժամանակ ինչպիսի զեղծումներ արին հաշտարար միջնորդները։ Գիւղացիներին բաժին ընկաւ հողերի վատ մասը։ Սակայն հողի կողմից աւելի ապահով դրութեան մէջ չէին նաեւ արքունի գիւղացիները։ Երկու կարգի գիւղացիներն էլ բէկական եւ արքունի ստիպուած էին կապալով գտնել իրենց ապրուստի համար անհրաժեշտ հողաբաժինները։ Դա մի դրութիւն էր, որ ազատ համարուած գիւղացուն յօժարեցնում էր հպատակուել բէկին, որովհետեւ կապալով հող կարելի էր վերցնել միայն նրանից։ Միւս կողմից էլ դա էր պատճառը, որ Անդրկովկասի հողատէր դասը չէր մտահոգում որեւ է տնտեսական նորմուծութեան եւ առաջադիմութեան մասին. նա բարձր կապալավարձով եւ գիւղացիութեան քաղցի գնով կարողանում էր անաշխատ եւ լիառատ կեանք վարել։

Նախորդ դարի 80-ական թուականներում եղած ուսումնասիրութիւնները [36] ցոյց են տալիս բոլոր գաւառներում կախման գոյութիւն։ Մի երկու փաստ, որ մեր պնդումն անհիմն չերեւայ։ Ղազախի գաւառի համար Ալ. Երիցեանը յիշում է, որ 1884-1885 թ. թ այդ գաւառի մի մասի երկու թուրք եւ 16 հայ գիւղերը կապալով վերցրած ունէին աղալարների եւ մելիքների հողերը։ Ձմերային արօտատեղիի համար այդ 18 գիւղերը վճարում էին հողատէրերին 3. 000 րուբլի [37]. Ջիւանշիրի գաւառի համար նրա ուսումնասիրողը . Ե. Խան-Աղեան) յիշում է մի շարք գիւղեր, որոնց բնակիչներն առանց կապալի չեն կարող հայթայթել իրենց ապրուստը։ Այսպէս՝ հայ արքունի Գիւլեաթաղ գիւղը կապալով հող է վերցնում կալուածատէր Վիլիբէկովից եւ վճարում հունձի 1 / 3 -ը։ Ջանեաթաղ գիւղը նոյն Վիլիբեկովից տալիս ¼-ը։ Կուսապատը կալուածատէր Փիրումեանին տալիս է 180 չուալ (1. 260 փ. ) ցորեն, հերկում է նրա համար 15 դես. դաշտ եւ նորոգում է ջրի առուն։ Մադաղիս գիւղը վճարում է Ջամալ-աղային հունձի ½-ը։ Նոյն Մադաղիսը վճարում է Մելիք-Բէգլարեանին հունձի 1 / 3 . ստանալով կալուածատիրոջից սերմի մի մասը եւ այլն։ Այդ գաւառի միջին գօտիի 21 գիւղերն ամեն տարի կապալով վերցնում են 1. 924 դեսեատին հող [38] ։ Այս տեղեկութիւնները ցոյց են տալիս, որ կապալով հող տալն աւելի ձեռնտու է, քան թէ կախման մէջ գիւղացիներ ունենալը։ Այն ժամանակ, երբ հողատէրը կապալից ստանում է հունձի ½, 1 / 3, ¼, եւ այլն, պարտադիր կախման մէջ եղած գիւղացին նրան հատուցանում է հունձի 1 / 10 -ը։ Եւ նկատի ունեցէք. այստեղ յիշուած կապալի միջոցին են դիմում միայն արքունի գիւղերը։ Մի փաստ, որ ապացուցանում է, թէ կարելի է ձեւականօրէն ազատ լինել բէկական կախումից, իսկ իրականութեան մէջ զգալ այդ կախման ողջ ծանրութիւնը։

Այսպիսով պիտի ընդունել, որ հողի շուրջը ստեղծուած փոխ-յարաբերութիւնները ճնշիչ էին ոչ միայն բէկապատկան գիւղերի շինականների, այլ եւ ընդհանրապէս ամբողջ Ադրկովկասի գիւղացիութեան համար։ Այդ ճնշիչ պայմանները բղխում էին նախ բէկութեան վարչութեան մէջ խաղացած դերից, ապա նրա ձեռքում կենտրոնացած հողային հարստութիւնից։

Այս աշխատութեան «Յարաբերութիւնները հողի շուրջը» գլխում մենք գլխաւորապէս խօսեցինք այն տնտեսական եւ հասարակական փոխ-յարաբերութիւնների մասին, որ ստեղծուեց ազնուական դասի առաջնութեան յայտարարութեամբ եւ պաշտպանութեամբ։ Տեսանք արդէն, որ հայ գիւղացիութեան 24% ստորադրուեց ազնուական դասին։ Նշանակում է, որ մեր գիւղացիութեան 76% (1886 թ. վիճակագրութեամբ 551 հազար երկսեռ հոգի) մնաց արքունի, այսինքն հողային հարցում ճանաչուեց կախեալ բացառապէս պետութիւնից։ Իհարկէ, արքունի հողերի վրայ նստած գիւղացիութիւնը իր կացութեամբ որոշ չափով պիտի զանազանուէր կալուածատիրական գիւղացիութիւնից, քանի որ պետութիւնը, իբրեւ ընդհանրական կալուածատէր, չէր կարող տոգորուած լինել մասնաւոր կալուածատիրոջ մտայնութեամբ, բայց այստեղ էլ խօսում էր ամբողջ պետական սիստեմը, որ գիտէր խնամակալել գիւղացուն եւ նրա ուսերին բարձել հարկերի ծանրութիւնը։ Մեր աշխատութեան այս մասում մենք չըպիտի խօսենք արքունի գիւղացիութեան հողային վիճակի մասին, մանաւանդ որ հողի խիստ անձկութիւն դեռ չէր նկատւում 70-ական թուականներից առաջ։ Սակայն անհրաժեշտ ենք դատում, որ ընթերցողը մօտաւոր պատկերացում ունենայ այն դասային կառավարութեան մասին, որին ենթարկուեց Անդրկովկասի գիւղացիութիւնը ռուսական տիրապետութիւնից յետոյ։

Գիւղացին Ռուսաստանում, թէ ներքին նահանգներում եւ թէ ծայրագաւառներում, ապրում է եւ գործում դասային կազմակերպութեան շրջանակներում։ Իր իրաւունքներով նա պետութեան մէջ հաւասար չէ միւս դասերին (ազնուականութեան, հոգեւորականութեան եւ այլն)։ Նրա համար էլ ստեղծուած են կառավարական յատուկ մարմիններ։ Այդ մարմինների ստորին միաւորը ներքին Ռուսաստանում գիւղախումբն է (վօլօստ)։ Գիւղացիութեան վերաբերեալ օրէնքների մէջ ասուած է. «Գիւղացիները տնտեսական գործերի համար կազմում են գիւղական հասարակութիւններ, իսկ մերձաւորագոյն կառավարչութեան եւ դատաստանի համար միանում են գիւղախմբի մէջ»։ (Ներքին Ռուսաստանում այս օրէնքը հիմք է առել 1861 թ. փետրուարի 19-ին, երբ վերացրուած հռչակուեց ճորտական վիճակը)։ Օրէնքը այստեղ պարզ ասում է, որ գիւղական հասարակութիւնը տնտեսական միաւոր է այսինքն մի կազմակերպութիւն, որ իրաւազօր է կարգաւորելու գիւղական համայնքին վերաբերեալ տնտեսական խնդիրները։ Որպէս գիւղացիական վարչական ստորին միաւոր՝ օրէնքը ճանաչում է գիւղախումբը, որը կարող է ամփոփել իր մէջ մի խոշոր գիւղական հասարակութիւն կամ մի քանի մանր գիւղեր։ Ներքին Ռուսաստանում գիւղախումբը ունի իր գիւղախմբային տանուտէրը եւ դատաւորները, գիւղական հասարակութիւնները ունին իրենց աւագները (ստարօստա)։ Բոլոր վարչական գործերը կենտրոնանում են գիւղախմբի ժողովի (սխօդ) եւ նրանից ընտրուած տանուտէրի ձեռքում։ Գիւղախմբային ժողովն էլ կազմուած է ոչ բոլոր տնատէր գիւղացիներից, այլ ընտրուած ներկայացուցիչներից, ըստ որում տասը տունը (ծուխ) տալիս է մի ներկայացուցիչ։

Իսկ ի՞նչ կարգեր ստեղծուեցին Անդրկովկասի գիւղում։ Այստեղ գիւղական վարչական կարգերի մասին օրէնք հրատարակուեց 1865 թ. եւ գործավարութիւնը՝ իբրեւ թէ դրուեց պարզ պայմանների մէջ. չըկար ներքին Ռուսաստանի երկաստիճան գիւղական կազմակերպութիւնը գիւղական հասարակութիւնը՝ իբրեւ տնտեսական միաւոր եւ գիւղախումբը՝ իբրեւ ստորին վարչական միաւոր։ Անդրկովկասում գոյութիւն ստացաւ միմիայն գիւղական հասարակութիւնը, որը իր մէջ ամփոփում էր ե՛ւ տնտեսական միաւորի գործառնութիւնները ե՛ւ վարչական։ Այդպէս էր ըստ օրէնքի, բայց այդպէս չըմնաց իրականութեան մէջ։ Գիւղացիական օրէնսդրութեան որոշ կէտերը թոյլ են տալիս, որ մի գիւղական հասարակութեան մէջ մտնեն իրարից ոչ հեռու գտնուող մանր գիւղերը, գիւղական գաղութները (отселки եւ այլն)։ Եւ ահա օրէնքի այս կէտերը հնարաւորութիւն տուին Անդրկովկասի նահանգապետներին, իրենց իսկ իրաւունքով եւ եղած օրէնքի ոգուն հակառակ, ստեղծել նոյն վիճակը, ինչ գոյութիւն ունէր ներքին Ռուսաստանում, սակայն այն զանազանութեամբ, որ Անդրկովկասի գիւղախումբը կրում է շինական հասարակութիւն կոչումը, իսկ մի գիւղի շրջանակներում ամփոփուած շինական հասարակութեանը, ընդհանուրից տարբերելու համար, կպցրուել է «մասնաւոր հասարակութիւն» յորջորջումը։ Այսպիսով ըստ էութեան Անդրկովկասը ստացաւ այն, ինչ ներքին Ռուսաստանը։ Զանազանութիւնը կոչումների եւ երկրորդական կարգերի մէջ էր։ Մեզ մօտ, օրինակ, շինական հասարակութիւնը ունի իր ընդհանուր տանուտէրը, իսկ այդ հասարակութեան անդամ-գիւղերը տանուտէրի օգնականներ (փոխարէն ռուսական ստարօստա-աւագների)։ Ճարպիկ տանուտէրեր, հմուտ գրագիրներ եւ վայելուչ դիւանատներ ունենալու համար՝ Անդրկովկասի նահանգապետները իրենց նախաձեռնութեամբ կարողացան փոփոխել շինական հասարակութիւնների ծաւալը, խոշոր վարչական շինական միաւորներ ստեղծել, որ նրանք կարող լինեն կրելու յիշեալ պաշտօնեաների եւ հաստատութեան ծախքերը։

Զանազանութիւնը մեր շինական հասարակութեան եւ ռուսական գիւղախմբի մէջ այն է, որ մեզ մօտ շիական ժողով-սխօդը բաղկացած է բոլոր ցուցակագրուած ծխերի ներկայացուցիչներից, այսինքն մի քանի հարիւր, անգամ հազար մարդկանցից, այն ինչ ռուսական գիւղախմբի ժողովին մասնակցում են ընտրուած ներկայացուցիչներ։ Շինական ժողովը մեզ մօտ դառնում է անկարգ եւ աղմկող բազմութեան մի հաւաքում, երբ մանաւանդ քննւում է մի կարեւոր խնդիր եւ լարուած են գիւղական կուսակցութիւնների կրքերը։ Հարկա՛ւ, այս անմիջական ներկայացուցչութիւնը արդիւնաւէտութիւն չի ցոյց տալիս։ Նրա որոշումները միշտ առիթ են տուել գանգատների ու տրտունջների։ Եւ դա հասկանալի է. շնորհիւ մասնակցելու իրաւունք ունեցողների շատութեան, որ նշանակում է, թէ բացակայողների քանակը յաճախ գերազանցում է ներկայ եղողներին՝ շինական ժողովները դառնում են հլու կամակատար գիւղական ուժեղ խմբերի ձեռքում։ Վերջիններս հնարաւորութիւն են ստանում շինական ժողովի անունից կայացնել որոշումներ, իսկ օրէնքով պահանջուած ստորագրութիւնները հաւաքել՝ թուղթ պտըտցնելով գիւղերում եւ անհատապէս ազդեցութիւն գործադրելով ճնշուած շինականների վրայ։

1865 թ. օրէնսդրութեամբ՝ շինական ժողովը, որ բաղկացած է բոլոր տնատէրերից եւ ղեկավարւում է տանուտէրի ձեռքով, իրաւասութիւն ունի ընտրել գիւղական պաշտօնեաներ, որոշումներ կայացնել հեռացնելու համայնքից վնասակար եւ արատաւոր անդամներին, նշանակել խնամակալներ եւ հոգաբարձուներ, քննել նրանց գործունէութիւնը, վերահասու լինել ընտանեկան բաժանումներին, կարգադրել հասարակական հողերը, խորհրդակցել հասարակութեան կարիքների մասին, զբաղուել արքունի եւ այլ տուրքերի բաշխման գործով եւ այլն։ Շինական ժողովի որոշումը օրինաւոր է, երբ հարցը քննուել է տանուտէրի ներկայութեամբ եւ ընդունուել տնատէրերի մեծամասնութեան կողմից (պահանջւում է ձայների կէսից աւելին)։ Հասարակ գործերը որոշւում են ձայների հասարակ մեծամասնութեամբ, իսկ կարեւոր դէպքերում (արատաւոր անդամի հեռացում, հասարակական դրամագլխի գործադրում եւ այլն) պահանջւում է ձայների 2 / 3 -ը։ Տանուտէրի վրայ դրուած են ոչ միայն հասարակական, այլ եւ ոստիկանական պարտականութիւններ։ Շինական դատարանը զբաղւում է գիւղացիների մանր վէճերով ու գանգատներով։ Նրանց վերջնական որոշմանը ենթարկւում են այն վէճերը, որոնց արժէքը չի անցնում 100 րուբլուց, սակայն վիճողների համաձայնութեամբ շինական դատարանը կարող է ձեռնամուխ լինել քննելու նաեւ աւելի արժէքաւոր գործեր։ Եթէ քննուող գործին մասնակից է այնպիսի կողմը, որ անդամ չէ շինական հասարակութեան, ապա կողմերից մէկի պահանջով գործը կարող է անցնել ընդհանուր դատաստանական հաստատութիւնները։ Շինական դատարանը ունի նաեւ պատիժների իրաւունք. տուգանք՝ մինչեւ 3 ր., բանտ՝ մինչեւ 7 օր եւ հասարակական աշխատանքի հարկադրում՝ մինչեւ 6 օր։ Շինական պաշտօնեաները ընտրւում են երեք տարով, պիտի հասարակական անարատութիւն ունենան եւ 25 տարեկանից բարձր հասակ։ Նրանք իրենց պաշտօններում հաստատւում են նահանգապետի կողմից։ Բարձր իշխանութիւնը արտօնուած է անհրաժեշտ դէպքերում չըդիմել տանուտէրերի ընտրութեան, այլ նշանակել նրանց (հարկա՛ւ, իբրեւ պատիժ)։

1865 թ. օրէնսդրութեամբ շինական հասարակութիւնը ճանաչուեց իբրեւ նեղ դասային կազմակերպութիւն։ Գիւղերում ապրող արտօնեալները (ազնուականներ եւ հոգեւորականներ) դուրս մնացին այդ կազմակերպութիւնից, թէեւ օգտւում էին նրա ընձեռած բարեմասնութիւններից։ Չէ ո՞ր ճանապարհները շինւում էին բոլորի համար, ջրի հոգսը նոյնպէս բոլորի համար էր, վերջապէս, շինական պաշտօնեաները գործ էին կատարում եւ արտօնեալների համար, հոգում էին նրանց ապահովութիւնը եւ այլն։ Բայց չընայած այս հանգամանքներին՝ շինական կազմակերպութիւնը համադասային բնոյթ չունէր եւ նրա իրաւասութիւնից դուրս էին մնում ունեւոր տարրերը, որ կարող էին իրենց մասնակցութեամբ նիւթապէս նրան դարձնել զօրաւոր, ուրեմն եւ ընդունակ արդիւնաւէտ հասարակական գործառնութիւնների։ Այս պարագայում խօսում էր պետութեան ազնուական էութիւնը, որ խտրական ոգի էր մտցնում նաեւ շինական կազմակերպութեան մէջ, չըթոյլատրելով տեղական շահերի ու խնդիրների շուրջը իրար հանդիպելու եւ միասին աշխատանքի կանգնելու արտօնեալին եւ ոչ-արտօնեալին։ Շինական կազմակերպութեան մի վիրաւոր կողմն էլ այն էր, որ նրա գլխաւոր ընտրովի պաշտօնեան (տանուտէրը) նաեւ ոստիկանական ստորին գործակալ էր։ Եւ այդ հանգամանքը իրաւունքի ու պատուարժանութեան տեղ չէր թողնում տանուտէրի համար։ Նա այլեւս գաւառական իշխանութեան հլու կամակատարը պիտի դառնար, որ հնարաւորութիւն ունենար հաստատ վարել իր պաշտօնը եւ զերծ մնալ զանազան «որոգայթներից»։ Այսպիսով կարելի է ասել, որ շինական դասային ինքնավարութիւնը մի մարզարան չէր, ուր բնակիչը ինքնագործ քաղաքացի էր դառնում։ Նա ընդհակառակը խնամակալութեան մթնոլորդում շնչող հաստատութիւն էր, որ դիմազուրկ էր դարձնում իր անդամներին եւ ներշնչում էր նրանց երկիւղած ու խոնարհ գտնուել արտօնեալների դիմաց։

Այժմ մեզ մնում է եզրափակել մեր դիտողութիւնները եւ ըստ կարելւոյն պատասխանել մի հարցի. ի՞նչ գոյն են տուել մեր հասարակական զարգացմանը հայ գիւղացին եւ հայ բէկը։ Հայ գիւղացու հասարակական դերի մասին երկար կարիք չկայ խօսելու։ Մենք տեսանք, որ նա զոհ էր արտօնեալ դասի ձեռքին, որ տասնեակ տարիներ ճնշւում էր նրա ինքնագործունէութիւնը։ Հասարակական այդ խաւը՝ առհասարակ ընդունակ չէ կազմակերպուած եւ նախամտածուած շարժումների, մանաւանդ երբ դեռ ապրում է յետամնաց պայմաններում։ Հայ գիւղացիութիւնը, որ ազգի խոշորագոյն եւ ճնշող մեծամասնութիւնն էր կազմում, իր պասսիւ, համբերող, յարմարուող գոյութեան շնորհիւ՝ առաջացրեց մեր հասարակական կեանքում այն գործելակերպը, թէ հասարակական գործի կատարումը չի պահանջում ժողովրդի մասնակցութեան անհրաժեշտութիւնը։ Դա արտօնեալ եւ տիրող դասերին հնարաւորութիւն էր տալիս պաշտպանելու իրենց սեփական շահերը, ձեւականօրէն մնալով ժողովրդի բարեկամների եւ ծառաների դերում։ Դա մի գործելակերպ էր, որ յորջորջւում էր իբրեւ հասարակական տքնութիւն ժողովրդի համար առանց ժողովրդի մասնակցութեան, իբրեւ նոյնիսկ գերագոյն քաղաքագիտութիւն, սակայն որ գալիս էր խնամակալելու ժողովրդին, նրան դարձնելու հեղինակութեան գերի եւ անզօր սեփական ոյժերով տնօրինելու իր իսկ գործերը։

Իսկ ի՞նչ գոյն էր տալիս մեր հասարակական կեանքին հայ ազնուականութիւնը։

Հայ ազնուականութիւնը այդ պիտի շեշտել իր քանակով աննշան մեծութիւն է եղել։ Մենք տեսանք, որ պարսկական տիրապետութեան ժամանակ այդ աննշան խաւն ապրում էր մակարդուած ժողովրդի հետ։ Ճիշտ է, նա ապրում էր ժողովրդի հաշուին եւ դա մի հանգամանք էր, որ չէր կարող ճեղք չառաջացնել նրա եւ ժողովրդի միջեւ, սակայն արտաքին օտարազգուց բղխած ճնշումները գալիս էին կոծկելու այդ ճեղքը։ Պարսկական տիրապետութեան ժամանակ հայ արտօնեալն այդպիսին էր առաւելապէս հայ ժողովրդի աչքում։ Թուրք արտօնեալի հետ համեմատած նա մի առանձին բարձր դիրք չունէր։ Նրան համբերում էին, բայց նա ճանաչուած մեծութիւն չէր։ Նա մեծութիւն էր այն չափով, որ չափով իր հետ կապուած ունէր ժողովրդի համակրանքը։ Դրութիւնը փոխուեց, երբ Անդրկովկասին տիրացաւ Ռուսաստանը։ Երկրի նոր տէրը խտրութեան ոգին մերժեց։ Թուրք բէկը եւ հայ մելիքը ճանաչուեցին իրաւահաւասար։ Ճիշտ է, թուրք բէկութիւնն իր ոյժի շնորհիւ եւ քաղաքական նկատումներով աւելի էր արժանանում ուշադրութեան եւ գուրգուրանքի, սակայն հիմնական խնդիրներում իրաւահաւասարութեան սկզբունքը չէր խախտւում։ Ռուսական տիրապետութեան հետ հայ ազնուականութեան համար հնարաւորութիւն ստեղծուեց առաջադիմելու պետական ասպարէզում։ Միւս կողմից նա ազատուեց մի ծանր մտահոգութիւնից. նրա արտօնութիւններին վերից, կառավարութեան կողմից, վտանգ չէր սպառնում, ապա ժողովրդի համակրանքը եւ ձեռնտւութիւնը դադարում էր լինել այն անհրաժեշտ պայմանը, որ նրան բարձրացնում էր տիրողի աչքում։ Ընդհակառակը, նոր տիրող ոյժը թեւ ու թիկունք էր տալիս նրան անգիտանալ ժողովրդի կարծիքը։ Նա ի հաշիւ ժողովրդի ամրացրեց իր տնտեսական պատուանդանը։ Մենք այդ տեսանք նախընթաց էջերից։ Երկրի նոր կարգերի հետ համընթաց սկսեց բացուել հին կոծկուած ճեղքը։ Հայ ազնուականութիւնն իրեն, որպէս հասարակական խաւի, սահմանագծեց մնացած ժողովրդից։ Սակայն նա քանակով աննշան էր, ապա կուլտուրապէս ստոր աստիճանի վրայ կանգնած։ Եւ որքան էլ արտաքին ու ներքին հանգամանքները նպաստաւոր էին, այնուամենայնիւ այդ պայմաններն արգելառիթ հանդիսացան, որ նա հրապարակ գայ, պահանջներ առաջադրէ կամ ազդեցութիւն գործէ, որպէս կազմակերպուած ինքնաճանաչ ոյժ։ Նրա ոյժը իր խաւի մէջ չէր ամփոփուած, այլ բղխում էր պետական ձեռնտւութիւնից։ Միւս կողմից բուն հայկական կեանքը չափազանց ճղճիմ եւ անհրապոյր էր, այդտեղ «զինաբաղխութեան ասպարէզ» չկար, ինչպէս արտայայտւում էր Ստ. Նազարեանցը։ Եւ դա պատճառներից մէկն էր, որ չէր հրահրում հայ ազնուականների համախմբուելու եւ իրենց դասային դրօշմը դնելու հայ կեանքի վրայ։ Բայց եթէ դրութիւնն այնպէս էր, որ հայ ազնուականութիւնը, կազմակերպուած ոյժի չգոյութեան պատճառով, իր կամքը չէր կարողանում թելադրել հայ հասարակական կեանքին, դա դեռ չէր նշանակում թէ այդ չէին անում կամ անկարող էին անել նրա առանձին ներկայացուցիչները։ Ոչ։ Հայ ազնուականութիւնից տոհմեր եւ անհատներ իրենց կամքն էին թելադրում հայ հասարակական գործերում։ Եւ նրանց ձայնն այնքան էր լսելի լինում, որքան բարձր էր լինում նրանց դիրքը կառավարութեան աչքում։ Բայց այդպիսի մի ազդեցութիւն չէր բղխում հայ ազնուականութեան հաւաքական կամքից։ Դա մի երեւոյթ էր, որ հայ ազնուականն իր ծագումն եւ դիրքը շահագործում էր առաջ մղելու ռուս կառավարութեան հայեցակէտը։ Եւ լուռ ընդունւում էր, որ այդ հայեցակէտը միանգամայն համապատասխան է հայերի շահերին եւ ձեռնտու նրանց բարգաւաճմանը։ Այսպիսով ոչ թէ հայ ազնուականութիւնն ամբողջովին, այլ նրա ընտրեալ մասը, նրա ականաւոր ներկայացուցիչները գործիք էին դառնում պետութեան ձեռքում եւ այնքան, որքան նրանք միջամտում էին ազգային գործերին ապա կատարում էին իրենց վրայ դրած պարտականութիւնները, իբրեւ ջատագովութիւն կառավարական տեսակէտների, նպատակների եւ այլն։ Իսկ այդ նպատակները կայանում էին մի ազնուական-ոստիկանական պետութեան ձգտումների մէջ ջլատել ամեն-մի ինքնագործունէութիւն, ամեն-մի հաւաքական աշխատանք, լինի դա ազգային թէ դասակարգային հողի վրայ։ Այստեղից պարզ է, որ նման տեսակի ազգային գործերով հետաքրքրուող հայ ազնուականը մեր միջավայրում ստեղծում էր ազնուական գաղափարականութեան մթնոլորդը։ Եւ դա այնքան էր յաջողւում, որքան դիմադրութիւն չէր գտնում հայ ժողովրդի մնացած խաւերի կողմից, որոնք ընկղմուած էին խոր թմրութեան մէջ, անտարբեր էին դէպի հասարակական գործերը եւ պատրաստ ընթանալու հեղինակաւոր տոհմի կամ անձի ցուցմունքներով։ Առանց այս դիտողութիւնների դժուար է հասկանալ այն երեւոյթը, որ հայ ազգի քանակով աննշան ազնուականութիւնը կարողացել է նախորդ դարի գոնէ առաջին կիսում իր դրօշմը դնել մեր հասարակական կեանքի վրայ։

Յիշատակենք մի քանի փաստեր, որոնք աւելի կը լուսաբանեն մեր դատողութիւնները։

XIX դարու առաջին կիսում հայ մտածող մարդկանց հայեացքները ուղղուած էին Լազարեանների վրայ։ Այդ ճարպիկ վաճառականները լաւ էին ըմբռնել եւ դասաւորել քաղաքականութեան կապը նիւթական բարգաւաճման ու շահաստացութեան հետ։ Տեսնելով որ XVIII դարի Ռուսաստանում ազդեցիկ խօսքը պատկանում է ազնուականներին՝ նրանք հայոց կաթուղիկոսի վկայականով իրենց ազնուական ճանաչել տուին։ Ապա նրանք դարձան Էջմիածնի ներկայացուցիչը եւ իրենց ձեռքը հաւաքեցին հայկական դիմումների գործը։ Ռուսական արքունիքում, գոնէ XVIII դարի վերջում, Լազարեաններն Արեւելքի նկատմամբ կատարում էին իրազեկ մարդկանց դեր. հայ եկեղեցականներից, մելիքներից եւ վաճառականներից նրանք տեղեկութիւններ էին ստանում եւ հաղորդում նուաճողական ձգտումներով տարուած ռուս կառավարութեանը։ Աչքաբաց հայերը նրանց ճանաչում էին որպէս բարեխօսներ ազգի համար. նրանց առաջարկները, դիմումները կատարւում էին առանց առարկութեան։ Մի խօսքով հայերի քաղաքական տհասութեան պատճառով Լազարեանները դարձել էին նրանց ուղղութիւն տուողը, ղեկավարողը։ Նրանց այս կարգի գործունէութիւնը հայերի մէջ ծնեցնում էր անիրագործելի ակնկալութիւններ. Հայաստանի անկախութեան վերականգնումն եւ այլն։ Հայերի տքնութիւնը նպաստեց միայն մի բանի Անդրկովկասի նուաճմանը ռուսների ձեռքով։ Սակայն նրանց ենթարկումը Լազարեաններին վերջիններիս համար անդրադառնում էր որպէս պատիւ, նիւթական փարթամութիւն։ Կառավարութիւնը չէր անգիտանում նրանց մատուցած ծառայութիւնները։ Իրենք Լազարեաններն էլ լաւ էին հասկանում, թէ ովքեր են եւ ինչ են անում։ Մի բնորոշ փաստ նրանց ազգասիրական գործունէութիւնից։ Վերջին ռուս-պարսկական պատերազմից յետոյ նպատակայարմար դատուեց գաղթեցնել պարսկահայերին եւ նրանցով բնակեցնել նոր սահմանագլուխը։ Այդ մտադրութեան իրագործումը յանձնուեց գնդապետ Լազար Լազարեանին։ Վերջինիս յաջողուեց տեղահան հանել 40, 000 հայերի եւ ուղղել նրանց ռուսական նոր երկիրը։ Գաղթականներին տրուեց ամեն մի խոստում. առատ եւ բերրի հող, ազատութիւն հարկերից եւ այլն։ Մենք տեսանք, թէ ինչպէս այդ գաղթականներից մարաղեցիները կոտորւում էին Ղարաբաղի տափաստանում։ Սակայն մենակ մարաղեցիներին չվիճակուեց քամել դառնութեան բաժակը։ Գաղթական պարսկահայերի մի նշանաւոր մասը մահացաւ սովից եւ անյարմարութիւններից։ Իսկ դա այնքան էլ մտահոգութիւն չէր պատճառում հայ քաղաքագէտներին եւ մասնաւորապէս Լազարեանին։ Այդ անձը համարում էր իր վրայ դրած պարտաւորութիւնը սրբութեամբ կատարած։ Նա գրագրութեան մէջ էր Պասկեւիչի հետ եւ նրանից պարգեւ էր պահանջում իր անձին։ Զարմանալին այն էր, որ Լազարեանը հաւատացնում էր նրան, թէ հայերը գաղթել են Լազարեան տոհմի ազդեցութեան եւ հրաւէրի շնորհիւ, որ նրանց հմայքն է գաղթականներին տեղահան անողը եւ ոչ թէ ռուսների ազդեցութիւնը։ Պասկեւիչն քննութիւն նշանակեց այդ մասին։ Լազարեանը ոչինչ չստացաւ, նրա ինքնագովութիւնը հերքուեց քծնող պաշտօնեաների բերանով, սակայն մերկ փաստը մնում է, որ հայերի «բարերարները» գիտէին օգուտ քաղել իրենց ծառայութիւններից, գիտէին ում հարկն է յիշեցնել այդ մասին։ Եւ նրանց բարձրացումը հայ մտածողների դիմազրկութիւնն էր նշանակում։ Լազարեանների աննշան բարեգործութիւնը, որ հայերի քաղաքական տհասութեան շահագործման փոխարէն մատուցանւում էր ազգին, մի հասարակական մղձաւանջ էր։ Այդ հանգամանքը ճնշում էր բոլորի գիտակցութիւնը։ Հայ գործիչներն ազգի փրկութիւնը սպասում էին Լազարեաններից կամ նման բարերարներից։ Լազարեան տոհմի ուրախութիւնը ժպիտ էր քաղում առաջաւոր հայերից։ Նրանց վիշտը արձագանք էր գտնում նոյն հայերի մէջ։ Դարձեալ մի բնորոշ փաստ։ Վախճանւում է Խաչ. Լազարեանի մանուկ Յովհաննէս որդին։ Բոլոր հայ եկեղեցիներում հոգեհանգիստներ են կատարւում։ Ցաւակցական ուղերձներ եւ նամակներ են յղւում սգաւոր հօրը։ Ժամանակի հայ թերթը Գաբրիէլ քահ. Պատկանեանի «Արարատը» նոյնպէս ողբում է այդ մասին [39] ։ Խմբագրի որդին, բանաստեղծ Ռաֆայէլ Պատկանեանը մի գրաբառ ոտանաւորի մէջ մանուկ Լազարեանի մահը համարում է՝ կսկիծ, դառնալից բօթ, լաց եւ սուգ։ Հայկ ու Արամին նա դուրս է բերում գերեզմաններից եւ նրանց բերանով սգում ազգային մեծ կորուստը։ Այդ նոյն համարում Գր. Շաղինեանց՝ ծանուցանելով խմբագրին այդ մահուան մասին՝ գրում է. «Բօթալի լուրս այս դրոշմեցի ի թերթս «Արարատայ», որպէս շարժառիթ, որոյ աղագաւ Աւագ եւ Փոքր Մասիս՝ բազում արտասուաց առուս հանդերձեալ են հեղուլ յայսմ հետէ, ցորքան Ազգ Հայոց կայ ի վերայ աշխարհի»։ Մի՞թէ կարելի է աւելի խղճալի դրութիւն երեւակայել, քան այն, որ ստեղծել էին հռչակուած Լազարեանները։ Նրանց համար խանգարում էին հայ դիւցազների նինջը, նրանց համար արտասուել էին տալիս աւագ ու փոքր Մասիսներին։ Լազարեանները մի տուն էին, բայց այսքան ազդեցութեան տէր։ Եթէ հայ ազնուական դասը գոյութիւն չունենար անգամ նրանք մենակ բաւական էին մի դասի գործ կատարելու համար։

Մի ուրիշ հայ ազնուական, որ եկաւ ասուպի պէս, բայց չափազանց նշանակալից հետք թողեց։ Մենք ակնարկում ենք իշխ. Մադաթեանին։ Այդ մարդը մի չափով հռչակուեց հայ կամաւորների անձնուէր ջանքերով։ Իսկ ի՞նչ շահեց նրանից Ղարաբաղը։ Ճորտութիւն։ Նա եղաւ հողերի կողոպտելու առաջին օրինակ տուողը։ Ազատ վարանդեցուն նա դրաւ ճորտական դրութեան մէջ։ Իր ճորտական փաստաբանութեան մէջ այնքան առաջ գնաց, որ տասնեակ տարիներ Վարանդայից հեռացած եւ Նուխիի մէջ հաստատուած հայերին նորից վերադարձնել տուաւ նախկին ծննդավայրը եւ հպատակեցրեց իրեն, որպէս ճորտատէր կալուածատիրոջ [40] ։

Յիշենք այստեղ Բեհբուտեաններին։ Ներսէս Աշտարակեցին նրանց հպատակութիւնից յամառ պայքարով միայն ազատեց Թիֆլիսի հոգեւորականներին։ Այդ տոհմի ներկայացուցիչ Վ. Բեհբուտեանն էր, որ հլու գործիք դարձաւ Պասկեւիչի ձեռքին։ Նա յաջողեցրեց Յովհաննէս Կարբեցու կաթուղիկոսութիւնը։ Շահագործելով իր հայկական ծագումը եւ պաշտօնական դիրքը՝ նա Էջմիածնի աթոռի վրայ մի չափազանց փափուկ շրջանում բազմեցրեց ապիկար, ապաշնորհ, երկչոտ եւ տգէտ Կարբեցուն։

Մենք չենք երկարեցնում նման փաստեր բերելով։ Մեծ ու փոքր Լազարեան, Մադաթեան եւ Բեհբուտեան էին այդ բոլոր Արղութեանները, Մելիք-Բէգլարեանները, Լորիս-Մելիքեանները եւ այլն եւ այլն։ Կառավարական հայեացակէտի մարդիկ՝ նրանք այն ժամանակ էին հայութիւն անում, երբ անհրաժեշտ էր դատւում մի որոշ ցանկութեամբ կարգադրելու այս կամ այն ազգային գործը։ Նրանք օտար ազդեցութիւնների հաղորդիչներ էին եւ իրենց օրինակով ուղղում էին առաջաւոր հայերի հասարակական կարծիքը։ Թուով աննշան՝ նրանք կատարում էին մի արտօնեալ դասի գործ եւ ստեղծում էին այդ դասի շահերին համապատասխան մթնոլորդ։ Հետաքրքրական մանրամասնութիւն։ 1854 թ. փոխարքայ Վորոնցովը հեռանալով Կովկասից թողնում է իր տեղապահին մի հրահանգ, որի մէջ յիշելով հայ ազդեցիկ եւ ականաւոր ազնուականներին՝ նրանց անուանում է միանգամայն ռուսացած եւ խիստ պիտանի կառավարութեան նպատակներին ծառայելու համար [41] ։

Ազնուական կառավարութիւնն առհասարակ եւ հայ ազնուականները մասնաւորապէս նախորդ դարի 60-ական թ. թ. մեր միջավայրին այնպիսի գոյն էին տուել, որ հայ վաճառականն անգամ մտահոգում էր ազնուական եւ աստիճանաւոր սերունդի համար։ «Վաճառական» թերթն այդ մասին հետեւեալ խորհրդածութիւններն է անում. «Էն վաղ էր, որ արհեստները եւ վաճառականութիւնը չէին պատւում, ինչպէս պէտք էր եւ վաճառականը իր անպատւութիւնը իր որդկերանցից վերացնելու համար աշխատում էր ուսում տալ իր որդուն եւ աստիճանաւոր շինել իր գործից հեռացնելով եւ իրանից խորթացնելով նրան։ Ամենից լաւերը եւ հարուստները թողնում էին վաճառականութիւնը, փոքրերը եւ խեղճերը անդադար փոխւում էին եւ էդպէսով գործը յետ էր մնում եւ բոլորովին չէր պատահում տեսնել որեւիցէ առեւտրական տան 100 տարով շարունակ գործունէութիւնը։ Բայց հիմի, երբ որ վաճառականների համար պատրաստուած է մէկ արժանաւոր վարձատրութիւն պատուաւոր քաղաքացութիւնը եւ կառավարութիւնը իր կողմից ամեն միջոց գործ է դնում առեւտրական զօրութիւնը յարգելու եւ պատուելու, յայտնի բան է վաղուցուան բաները չեն կրկնուիլ։ Պատուաւոր քաղաքացին էնքան տեղը պատուած է, ինչպէս եւ աստիճանաւորը [42] ։ Այստեղից պարզ է, որ ազնուականութեան առանձնաշնորհեալ եւ բացառիկ դիրքը գրաւիչ էր նաեւ վաճառականութեան համար, որ այդ դասի ներկայացուցիչները բուռն ձգտում ունէին ընդունուելու արտօնեալների շարքում։ Այդ երեւոյթը պէտք է որ չափազանց ցայտուն լինի եղած, որովհետեւ Վորոնցովն իր վերը յիշած հրահանգի մէջ խորհուրդ է տալիս տեղապահին հայերի ազնուական դառնալու ձգտումներին ներհակել։ Նա ասում է, որ ազնուականի գլխաւոր իրաւունքը ճորտեր ունենալու մէջն է։ Եթէ հայերն ունենան այդ իրաւունքը, ապա վրաց ազնուականութեան հողերն ու ճորտերը կարճ ժամանակում նրանց ձեռքը կանցնեն, քանի որ հայի շահասիրութեան դէմ պարզ վրացին անկարող է մաքառել։

      Ի՞նչ են ապացուցանում այս փաստերը։ Որ ազնուականութեան ազդեցութիւնը մեր ուսումնասիրութեան ենթակայ շրջանում խիստ ուժեղ էր։ Այնքան ուժեղ, որ անցեալով շնչող այդ դասը իր գաղափարականութեամբ վարակում էր եւ ծայր տուող բուրժուազիային։ Թէեւ հայ ազնուականութիւնը, որպէս զուտ հայկական դաս, աննշան էր իր քանակով, բայց նա համապետական նոյն գերիշխող դասի մի հատուածն էր եւ որպէս այդպիսին, ուղղակի կամ անուղղակի ներգործութեամբ աւատական ոգի էր ներարկում հայ մթնոլորդին։ Եւ այդ մթնոլորդի վերածնութեան պահանջ առաջադրողը իր հակառակորդների բանակում պիտի նշմարէր նաեւ հայ ազնուականի դէմքը։



[1]        Иваненко, էջ 120-121։

[2]        Акты, т. VI а, N 1084, отъ января 1818 г.

[3]        Акты, т. VI а, N 1078 եւ 1081 отъ января 1817 г.

[4]        Акты, т. VII, N 411, отъ 20 апрѣля 1830 г.

[5]        Акты, т. VI а, Всеподданѣйшiй рапортъ ген. Ермолова, отъ 7 сентября 1824 г. N 231.

[6]        Актъ, т. VII а, N 413,   отъ 10 iюня 1830 г.

[7]        Акты, т. VII, N 411 եւ 413, ապա նաեւ N 412 (գնդապետ Միկլաշեւսկու յայտարարութիւնը Պասկեւիչին)։

[8]        Иваненко, էջ 216։

[9]        Акты, т. X, N 295, Докладъ Генеральнаго штаба кап. Пружановскаго по доносу ген-м. Мехти-Кули-хана, что многiя въ Карабагѣ незаконно владѣютъ землями, отъ 4 марта 1845 г., N 17.

[10]       Шопенъ, էջ 928։

[11]       Иваненко, էջ 338։

[12]       Иваненко, էջ 342-343, Сводъ матерiаловъ и пр., т. I, ч. II, М. Н. Кучаевъ “Поземельное устройство госуд. кр. водворенныхъ на владѣльческихъ земляхъ въ Закавк. губернiяхъ”, էջ 7-8։

 

[13]       Կովկասեան Կոմիտետն այն գլխաւոր վարչական հաստատութիւնն էր, որ Պետերբուրգից ուղղութիւն էր տալիս Կովկասի իշխանութեան գործառնութիւններին։

[14]       Մեր այս աշխատութիւնը իբրեւ ձեռագիր պատրաստ էր եւ նրա մի մասն էլ տպագրուած «Նոր Հոսանք» ամսագրի 1914 թ. NN-ում, երբ լոյս տեսաւ հայ վաստակաւոր պատմաբան Լէօի նոր աշխատութիւնը՝ «Պատմութիւն Ղարաբաղի Հայոց թեմական հոգեւոր դպրոցի» (Թիֆլիս 1915 թ. Լէօն իր այդ աշխատութեան սկզբում ի միջի այլոց խօսում է նաեւ Ղարաբաղի հասարակական դասակարգերի մասին եւ հաղորդում է հետեւեալ ուշագրաւ տեղեկութիւնները. «1842 թուականի ամառը աղէտալի եղաւ Ղարաբաղի հայ գիւղացիութեան համար։ Ըստ երեւոյթին, թուրք բէկերի թելադրութեամբ էր, որ լուր տարածուեց ամեն տեղ թէ պարսից զօրքերը մտել են Ղարաբաղ։ Սարսափահար հայ ազգաբնակութիւնը, թողնելով իր արտերը, իր գոյքի մեծ մասը, աճապարեց ապաստան գտնել իր համար։ Մի մասը փախաւ մտաւ Շուշի բերդը, մի մասն էլ լեռների ամրութիւնները քաշուեց։ Շուտով յայտնի դարձաւ թէ լուրը սուտ էր, բայց հարուածն արդէն իջել էր գիւղացու տնտեսութեան վրայ» (էջ78)։

          Ահա այսպէս էր պատասխանում բէկութիւնը իր դէմ պատրաստուող օրէնսդրական հարուածին։ Մի հետաքրքրական քաղուածք էլ բերինք Լէօի աշխատութիւնից, իբրեւ նմուշ այն պայմանների, որ ստեղծուել էր բէկերի եւ գիւղացիների միջեւ. «1842 թուին իրենց կալուածատէր գնդապետ Զաֆար-Ղուլի աղայի դէմ ծառանում են Բանազօր գիւղի (այժմեան Կարեագինի գաւառում) բնակիչները։ Նրանք պահանջում էին թեթեւացնել հողատերութեան պայմանները։ Գիւղի քահանայ Մինաս Միրզաբէկեանը, ժողովրդի վճիռը կատարելով, փիլոն ծածկած ներկայացնում է Ջաֆար-Ղուլի աղային, բայց սա կատաղած՝ հրամայում է իր ծառաներին վերցնել փիլոնը եւ գցել շան վրայ, իսկ քահանայի հետ եղած գիւղացիներին հրամայում է երկրպագել փիլոն ծածկած շանը». (էջ 79)

          Հարկ չըկայ այս չափազանց պարզ պատկերին նոր ներկեր աւելացնել։

[15]       Իշխ. Վորոնցովի ժամանակի հողային քաղաքականութեան հետ ծանօթանալու համար մատնացոյց ենք անում հետեւեալ աղբիւրները՝ Иваненко, էջ 351-356, Кучаевъ, էջ 9-20, Акты, т. X, էջ VII եւ VIII, ապա N 15 եւ այլն։ Նոյնպէս ժամանակի օրէնսդրութիւնը, որ կարելի է, որպէս յաւելուած, գտնել Сводъ матерiаловъ по изученiю экон. быта госуд. кр. Зак. края գրքի I հատորում։

 

[16]       Երմոլովը Վորոնցովին գրած մի նամակի մէջ ասում է, որ Լադինսկին «լրտես լինելու չափ» ստոր մարդ է։ Նա գտնում է, որ Վորոնցովը խաբեբայութեան զոհ է դարձել, լսելով Լադինսկուն եւ այլն (Акты, т. X, յառաջաբան)։

[17]       Խօսքը վերաբերում է Կովկասի Փոխարքային։

[18]       Այս բացառութիւնը կարօտ է բացատրութեան։ 1844 թ. յունուարի 24-ին Անդրկովկասի կուսակալ Նեյգարտը հրատարակել էր Ախալցխայի նախկին փաշայութեան բնակիչների համար հարկային նոր կարգադրութիւն։ Այդ արուած էր 10 տարուայ ժամանակամիջոցի համար։ Նեյգարտը արտօնում էր տոհմական բէկերին 10 տարի շարունակել ստանալու բահրա 1 / 5 ։ 1854 թ. լրանում էր այդ արտօնութիւնը։

[19]       Семенъ Эсадзе, "Историческая записка объ управленiи Кавказомъ", Тифлисъ 1907, т. I, էջ 559։

[20]       Ղարաբաղի բէկութեան յիշած տուրքերի եւ ծառայութիւնների մասին տես ներկայ աշխատութեան 70-71 -րդ էջերը։

[21]       Иваненко, էջ 387։

[22]       Сводъ матерiаловъ и пр. т. II, С. П. Зелинскiй, "Племенной составъ, религiя и происхожденiе Государственныхъ крестянъ", էջ 35-36. Տե՛ս նաեւ Акты, т. XII.

[23]       Отчетъ по Главному Управленiю Намѣстника Кавказскаго 1862-1872 г., Тифлисъ, 1873 г., էջ 3-4. Մեր այս աղբիւրը տեղեկութիւններ չի պարունակում Շուշիի եւ Բագուի յանձնաժողովների յետագայ գործունէութեան մասին։ Մեզ մատչելի ուրիշ աղբիւրներում էլ դժբախտաբար այդ յանձնաժողովների արածի մասին տեղեկութիւններ չգտանք։

[24]       Матерiалы для изученiя экон. быта госуд. кр. Закавк. края, т. I, Тифлисъ, 1885 г., էջ 461-469։

[25]       1870 թ. մայիսի 14-ի օրէնքից յետոյ հայ եւ թուրք գիւղացիները հաշւում էին կախեալ դրութեան մէջ։ Քառասուն երկար ու ձիգ տարիներ հայ ու թուրք գիւղացին իրենց վաստակից բաժին հանեցին բէկին, լուռ եւ մունջ տարան նրա իշխանաւորի քմահաճոյքները եւ երբէք չբողոքեցին։ Դա համարուեց նշան այն բանի, որ նրանց շլինքին փաթաթած բեռը չափազանց թեթեւ է։ Սակայն մոռացուեց մի հանգամանք, որ բեռը որքան էլ թեթեւ լինի, անուամենայնիւ բեռն է եւ ծանր մանաւանդ այն պատճառով, որ օտարի կողմից է դրուած։ Հայ եւ թուրք գիւղացիների դժբախտութիւնը նրանց տգիտութեան մէջ էր եւ ոչ թէ նրանց բարուոք վիճակի։ Նրանք՝ տգէտ, չքաւոր եւ դիմազուրկ, զրկուած էին բողոքելու կարողութիւնից։ Նրանք այդ ուղղութեամբ քայլ չարին նոյնիսկ 1905-1906 թուականներին, երբ Վրաստանն ամբողջովին ալեկոծւում էր գիւղացիական շարժումից։ Այդ տարիներում հայ եւ թուրք գիւղացիները զբաղուած էին փոխադարձ ծուատման գործով։ Պէտք էր որ Ռուսաստանն ապրէր խիստ ներքին ճգնաժամ, պէտք էր որ հազար ու մի անցուդարձեր տեղի ունենային, ժողովրդական շարժման մակընթացութիւնը տեղի տար յետադիմական հոսանքին, վերջապէս, հաւաքուէր երրորդ Պետական Դուման, որ հրապարակ գար Կովկասեան գիւղացիների եւ կալուածատէրերի պարտադիր յարաբերութիւնների վերացման հարցը։ Խնդիրն այդ իմաստով 1908 թ. դեկտեմբերին յարուցեց երրորդ Պետ. Դում. սոցիալ-դէմոկրատիական խմբակը մի մշակուած օրինագծով։ Սոց. -դէմ. խմբակը Պետ. Դումային ներկայացրած իր բացատրական զեկուցագրի մէջ յայտնում էր այն միտքը, թէ կովկասեան գիւղացիները մեղաւոր չեն, որ 40 տարուայ ընթացքում չեն կարողացել արտագնել իրենց հողերը, թէ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ պետական գանձարանը զլացել է օգնութեան գալու առանց այն էլ չքաւոր գիւղացիներին, որ հողերի յետ գնումը պարտադիր չէ նկատուել գիւղացու համար, այլ ձգուած է եղել նրա ազատ կամքին եւ կալուածատիրոջ համաձայնութեանը եւ թէ, վերջապէս, գիւղացիները 40 տարի բահրա վճարելով մի քանի անգամ հատուցել են հողերի արժէքը, ուստի եւ պէտք է միանգամից վերացած համարել, առանց որեւ է նոր վճարի, գիւղացու եւ կալուածատիրոջ պարտադիր յարաբերութիւնները ու հողերը ճանաչել գիւղացիների ազատ սեփականութիւն։ Հարկա՛ւ, ոչ կառավարութիւնը եւ ոչ երրորդ Պետ. Դում. մեծամասնութիւնը չէին կարող ընդունել ձախակողմեանների օրինագծի բովանդակութիւնը։ Դուման՝ մերժելով սոց. -դէմ. տեսակէտը՝ ընդունեց կառավարութեան ներկայացրած օրինագիծը, որ Պետ. խորհրդի քննութեան բովից անցնելուց յետոյ, օրէնք դարձաւ 1912 թ. դեկտեմբերի 20-ին։ Ի՞նչ է այդ օրէնքի բովանդակութիւնը։ 1913 թ. յունուարի 1-ից դադարում են այն բոլոր պարտադիր յարաբերութիւնները, որ կան Թիֆլիսի, Քութայիսի, Գանձակի, Երեւանի եւ Բագուի նահանգների գիւղացիների եւ կալուածատէրերի միջեւ։ Բնական բերքերի եւ դրամական տուրքերի վճարման փոխարէն գիւղացիներն անցնում են փրկանքի վճարի (на выкупные платежи), իսկ նրանց բնակած տնատեղերը, այգիները, վարելահողերն ու խոտահարքերը դառնում են սեփականութիւն։ Այդ կարգի անշարժ կայքերը գիւղացիներին են անցնում կանոնագրերի (уставные грамоты) մէջ եղած չափերով ու սահմաններով, իսկ եթէ հողերի փաստական տիրապետութեան քանակը չի համապատասխանում կանոնագրի տուեալներին, ապա արտագնման մէջ է մտնում մշտական եւ փաստական, ոչ կապալով վերցրած, հողաբաժինը։ Փրկանքը հաշւում է հետեւեալ կերպով. եթէ գիւղացիները կալուածատիրոջը վճարում են միմիայն դրամական տուրք, ապա նա ենթարկւում է կապիտալիզացիայի 6%-ից, այսինքն կալուածատիրոջը վճարւում է այնպիսի մի դրամագլուխ, որ նա տարեկան 6%-ից այնքան շահ բերէ, որքան տուրք էին վճարում գիւղացիները։ Իսկ եթէ կալուածատէրը գիւղացիներից ստանում է տուրք բնական բերքերով, ապա արտագնման անցնող հողերը գնահատւում են այն չափերով, որ որոշուած է օրէնքի մէջ։ Հողերի գինն էլ որոշուած է հետեւեալ կարգով. վերցրուած է 1910 թ. մի դեսեատինի ընդհանուր եկամուտը եւ բաժանած երկու մասի. դա այն պատճառով, որ երկդաշտեան տնտեսութեան շնորհիւ հողը մի տարին ցանւում է, միւս տարին հանգստանում։ Ապա ստացուած քանորդը նորից բաժանած է երկու մասի այն հաշուով, թէ բերքի գինը վաթսունական թուականների հետ համեմատած բարձրացել է երկու անգամ։ Այս գործողութիւններից ստացուած արդիւնքը համարւում է հողի գինը։ Հողերը գնահատւում են վաթսունական թուականների գնով այն պատճառով, որ գիւղացիների ազատագրումը տեղի է ունեցել այդ ժամանակ եւ եթէ մինչեւ օրս չի փակուել հողի հարցը, ապա դրա մէջ գիւղացին ամենեւին մեղաւոր չէ։ Որովհետեւ 60 թ. թ. Անդրկովկասի շատ վայրերում բամբակ չի եղել ցանուելիս, իսկ այժմ այդ վայրերում միայն այդ բոյսն է մշակւում, որովհետեւ այդ հանգամանքը այժմ բարձրացնում է հողերի գինը, ապա 60 թ. թ. համար, որպէս եկամուտի աղբիւր՝ ընդունուել է ցորենը։ Խոտահարքերի եւ այգիների եկամուտը չի բաժանւում չորս մասի, այլ միայն երկու, որովհետեւ նրանք բերք են տալիս ամեն տարի։ Ջրարբի, անջրդի, լեռնային եւ դաշտային հողերը գնահատուած են տարբեր գներով։ Բոլոր գաւառների եւ հողերի տեսակների համար առանձին-առանձին կազմուած եւ ընդունուած են գների աղիւսակներ։ Գիւղացիներին անցնող հողերի արժէքը կալուածատէրերը ստանում են պետական գանձարանից։ Այնուհետեւ գիւղացիները տոկոսներով հանդերձ այդ գումարները մաս-մաս վճարում են գանձարանին։ Նրանք կարող են փրկանքի վճարման համար ժամանակամիջոց խնդրել 56, 41 կամ 28 տարի։ Առաջին դէպքում փրկանքի տոկոսը լինելու է կոպ. րուբլուց, երկրորդ դէպքում 5 կոպ., երրորդ դէպքում 6 կոպ. ։ Կալուածատէրերն իրենց հասանելիք դրամը ստանում են այն ժամանակ, երբ հաշտարար միջնորդն ու հարկային տեսուչը ճշտում եւ որոշում են նրանց եւ գիւղացիների փոխադարձ պահանջները, հողի քանակը, սահմաններն եւ այդ մասին հաստատ թուղթ կազմում։ Կալուածատէրն իրեն հասանելիք գումարի յետաձգման համար ստանում է 4½%։ Հինգ նահանգների գիւղացիների վճարելի փրկանքը հաշւում է 24 միլ. րուբլի, որից 7 միլ. ընկնում է վրացիների վրայ, 17 միլ. հայերի եւ թուրքերի։

          Այս է 1912 թ. դեկտեմբերի 20-ի օրէնքի բովանդակութիւնը։

[26]       Отчетъ по Главному Управленiю Намѣстника 1862-1872 г. г. էջ 28։

[27]       Վիճակագրութիւն պարունակող գիրքը կոչւում է. Сводъ статистическихъ данныхъ о населенiи Закавказскаго края, извлеченныхъ изъ посемейныхъ списковъ 1886 г. Изданъ по распоряженiю Главноначальствующаго Гражданскою частью на Кавказѣ Закавказскимъ Статистическимъ Комитетомъ, Тифлисъ, 1893 г. Մենք այս գրքի մէջ ցրուած տեղեկութիւնները համախմբել ենք եւ կազմել բնագրի աղիւսակները։

[28]       Сводъ-ը Ախալցխայի եւ Ախալքալաքի գաւառների մասին կալուածատիրական հայ գիւղ չի մատնանշում, թէեւ այդ գաւառներում նրանք գոյութիւն ունեն։ Այդ երկու գաւառների կալուածատիրական գիւղերի մասին մենք տեղեկութիւններ ստացանք մասնաւոր աղբիւրներից։ Ախալքալաքի մասին մեզ տեղեկութիւններ է հաղորդել պ. Սալլիւմեան, որին եւ մենք շնորհակալութիւն ենք յայտնում այստեղ։ Այդ տեղեկութիւնները նա քաղել է հետեւեալ գրքից. "Сборникъ статистическихъ свѣдѣнiй о частномъ землевладѣнiи въ Тиф. и Кутаисской губ. " изд. Тифлисскаго Дворянскаго Депутатскаго собранiя подъ редакцiей Ф. Г. Гогичайшвили.

[29]       37. 838 հոգով չի սպառւում Թիֆլիսի նահանգի կալուածատիրական գիւղացիների քանակը։ Աչքի ընկնող չափով այդ կարգի գիւղացիներ ապրում են նաեւ Սղնախի եւ Թելաւի գաւառներում, ապրում են խառն վրացիների հետ եւ այնպիսի գիւղերում, ուր կան թէ մասնաւոր-սեփականատէր գիւղացիներ։ Թէ խիզաններ եւ թէ ժամանակաւոր-պարտադիր։ Այնպէս որ այս գաւառների համար անհնար է ջոկել հայ կալուածատիրական գիւղացիների թիւը։

[30]       Տարօրինակ կերպով Сводъ-ը տեղեկութիւններ չի տալիս նաեւ Նախիջեւանի գաւառի մասին, թէեւ այդ գաւառում ակնյայտնի իրողութիւն է մասնաւոր կալուածատիրութեան գոյութիւնը։ Մասնաւոր աղբիւրների հաղորդած տեղեկութիւնների միջոցով եւ В. Г. հեղինակի "Статистическое описанiе Нахичеванской провинцiи", С. П. Б., 1833 г. գրքոյկի տուեալներով մենք Նախիջեւանի հայ բէկապատկան (մասամբ կամ ամբողջովին) գիւղերի թիւն որոշեցինք 50։

[31]       Լուսաւոր բացառութիւն։ Գանձակի նահանգի Ղազախի գաւառը կալուածատիրական հայ գիւղ չի ճանաչում։ Այդ երեւոյթն իր բացատրութիւնն ունի։ Նախորդ դարի 20-ական թուականների ռուս-պարսկական եւ ռուս-թիւրքական պատերազմների ժամանակ Ղազախի հայ գիւղացիները Մանուչարեան եպիսկոպոսի առաջնորդութեամբ գնահատելի ծառայութիւններ մատուցին ռուս իշխանութեանը։ Դրա համար նրանք նախ ստացան կուսակալ Երմոլովի խոստումն ազատագրելու նրանց թուրք աղալարների լծից, ապա այդ խոստումն իրագործուեց Նիկոլայ I Կայսեր հրամանով՝ նրա Անդրկովկաս այցելած ժամանակ, 1837 թուականին։

[32]       Մակար եպ. Բարխուդարեանն իր «Աղուանից երկիր եւ դրացիք» (Թիֆլիս, 1893) եւ «Արցախ» (Բագու, 1895) գրքերում՝ նախորդ դարի 90-ական թուականներին՝ Բագուի նահանգում եւ Գանձակի նահանգի մի մասում հաշւում է 151 բէկապատկան եւ վանքապատկան հայ գիւղեր, բաղկացած 11 հազար ծուխից եւ 75 հազար երկսեռ բնակիչներից։ (Այդ թուերը ստացւում են ի մի գումարելով նրա տուած ցրիւ տեղեկութիւնները)։

[33]       1886 թուականին Բաթումի շրջանը հաշւում էր Քութայիսի վարչական միաւորի մէջ։

[34]       Матерiалы   и проч. т. I, ч. II, Тифлисъ, 1886 г., А. Д. Ерицовъ “Эконом. быть госуд. кр. Казахск. уѣзд. , էջ 208։

[35]       Ե. Լալայեան, «Գանձակի գաւառ», հ. I, Թիֆլիս, 1900 թ., էջ 55-56։

[36]       Մեր խօսքը Տիխէյեվի յանձնաժողովի մասին է։ Այդ յանձնաժողովի հաւաքած տեղեկութիւններից (Матерiалы и пр. եւ Сводъ матерiаловъ и пр. ), ինչպէս տեսնում է ընթերցողը, մենք շատ ենք օգտւում։

[37]       Матерiалы и пр., т. I, ч. II, էջ 147-148։

[38]       Матерiалы и пр., т. VI, ч. II, էջ 386-387։

[39]       «Արարատ», Ա. տարի, 16, 1850 թ., Լազարեանների դիմազուրկ դարձնող ազդեցութիւնն աւելի քան ցոլում է հետեւեալ գրքերից. 1) «Յիշատակարան կենաց եւ գործոց մեծանուն պայազատաց Լազարեան տոհմի», հեղինակ Մսեր Մսերեանց. Մոսկուա, 1856 թ. եւ 2) «Յիշատակարան բազմերախտ հոգաբարձուի Յովհաննու Լազարեանց», Մոսկուա, 1859 թ. ։ Այս ներբող-գրքերը մի-մի ապացոյց են մեր գլխակորոյս եւ ստրուկ անցեալի։

[40]       Акты, т. VI а, NN 1078 եւ 1081.  

[41]       Акты, т. X, N 71.  

[42]       «Վաճառական», N 23 ―1866 թ. ։